Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոպանչիների» թիվը կավելանա (Տեսանյութ)

Հուլիս 15,2017 11:55

«Տարին նպաստավոր է»,- սա Եվրասիական փորձագիտական ակումբի կանխատեսումն է ընթացիկ տարվա համար`թե գլոբալ առումով, թե Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների: Այն հիմնված է պաշտոնական թվերի, միջազգային տարբեր կառույցների վերլուծությունների եւ կանխատեսումների վրա: Եվրասիական փորձագիտական ակումբն ամփոփել է Հայաստանի տնտեսությունը 2017- հունվար-մայիս ամիսներին` ԵԱՏՄ-ի անդամակցության համատեքստում: Ակումբն այս ամփոփումներն անում է արդեն երկրորդ տարին`կիսամյակների եւ տարեկան կտրվածքով: Այս տարին դրական զարգացումներ է խոստանում, քանի որ նավթի եւ հումքային մետաղների գները կայունացել են, ինչը ՌԴ-ին եւ ՀՀ-ի մյուս հիմնական գործընկերներին`ունենալ զարգացման համարձակ ծրագրեր:

Արամ Սաֆարյան

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանն Aravot.am-ի հետ զրույցում բնավ էլ պատահական չի համարում, որ ՌԴ ԿԲ նախագահն օրերս հայտարարեց, որ ՌԴ-ն մտել է զարգացման նոր շրջափուլ: «Սա նշանակում է, որ 2017-ին միջազգային վարկային կազմակերպությունների լավատեսական կանխատեսումների հիման վրա ՌԴ-ն կունենա 1-2 ՀՆԱ-ի աճ, տարեցտարի կավելանա այդ թիվը` հնարավորություն տալով մոտակա 2-3 տարիների ընթացքում դուրս գալ լուրջ զարգացման ծրագրերի վրա»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով` սա լավատեսական ծրագիրն է, որին սկսել են դավանել ՌԴ-ի տնտեսագետները եւ քաղաքատնտեսները:

«Մեր երկրի պարագայում, արդեն երկրորդ տարին է, հինգ ամիսների կտրվածքով արձանագրում ենք արտահանման աճ: Սա շատ կարեւոր ցուցանիշ է, քանի որ պատրաստի արտադրանքի արտահանումը բնորոշելու է մեր տնտեսության ընդհանուր բովանդակությունը եւ մեր կենսամակարդակի աճի հնարավորությունը: Այսօր մենք տեսնում ենք, որ պատրաստի արտադրանքի աճը դեպի ՌԴ աճում է երկնիշ թվերով: Ես պնդում եմ, որ ՌԴ պատրաստի արտադրանքի աճի համար մենք դեռ էլի տեղ ունենք եւ մոտակա տարիներին`2018, 2019, 2020 թվականների համար եթե կարողանանք բավարարել տեխնիկական, ֆիտոսանիտարական եւ մյուս պահանջները, որոնք այդքան էլ անհաղթահարելի չեն հայ տնտեսվարողների համար, ապա մեր պատրաստի արտադրանքի աճը շարունակական է լինելու»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ՌԴ-ի նկատմամբ մինչեւ 2018 թվականը եվրոպական պատժամիջոցները շարունակվելու են, որեւէ կանխատեսումներ չկա, որ պատժամիջոցների պատերազմը ՌԴ-ի եւ Եվրոպայի միջեւ մինչեւ 2020-ականները կդադարի: Իսկ դա նշանակում է, որ Արեւելքում եւ Հարավում ՌԴ-ի գործընկերներ Թուրքիան, Եգիպտոսը, Չինաստանը, Իրանը եւ այլն, որոնք ՌԴ-ի սննդամթերքի, լայն սպառման ապրանքների ներկրողներ են, արտադրանքի ծավալները մեծացնելու են` փորձելով տեղ գտնել ռուսական շուկայում:

«Մեր տնտեսությունը շատ համեստ է, բայց վերջին երկու տարիների ընթացքում խոհեմություն եւ արագաշարժություն դրսեւորելով`ռուսաստանյան գործընկերների հետ աշխատելու փորձը, ԵԱՏՄ անդամակցությունը եւ այլ հանգամանքներ օգտագործելով, մենք կարողացել ենք շատ կայուն տեղ գտնել ՌԴ-ի եվրոպական մասի շուկաներում»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ այս ամենից ուրախանալու բան չկա, սա իրականում մեզ անհրաժեշտ է`առաջանցիկ տնտեսական զարգացման համար, ինչը ենթադրում է մինչեւ 7 տոկոս տնտեսական աճ`ԵԱՏՄ-ում:

«Ընդհանուր լավատեսական ֆոնը կա, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի՞ն կլինի մեր բանկային, վարչահրամայական համակարգը, կազմակերպվածությունը, ռուսական պետական մեքենայի հետ աշխատանքը եւ այլն, ինչը թույլ կտա թղթի վրա գրված առավելություններն իրական առավելություն դարձնել: Լարվածությունը միջազգային շուկաներում մեծանում է, որովհետեւ մրցակցությունն է մեծանում: 50 երկիր ԵԱՏՄ-ի հետ բանակցում է ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, ՀՆԱ-ի մեր բաժինը 0,1 տասնորդական թիվ է կազմում: Նախագահ Պուտինը վերջերս հայտարարեց, որ հրավիրում է ԵԱՏՄ անդամ երկրներին ՌԴ-ի պետգնումների համակարգից օգտվելու համար: ՌԴ պետգնումների համակարգը գնահատվում է 300 միլիարդ դոլար: Դրա 0,1 տոկոսը 300 միլիոն դոլար է կազմում: Եթե մեզ հասնի մեր 0, 1 տոկոսը, մենք 300 միլիոնի աճ ենք ունենալու մեր տնտեսությունում: Բայց դրա համար աշխատել է պետք: Մեզ մեղադրում են, որ լավատեսական կանխատեսումներ ենք անում, որոնք չեն իրականանում, իսկ ես հարցն այս կերպ եմ դնում`արդյոք մեր վարչական, բիզնես, բանկային միջավայրն անում է այն, ինչ կարող է անել հանուն տնտեսության եւ ժողովրդի վիճակի բարելավման եւ արդյունք չի ստանում»:

Մանրամասները` տեսանյութում

Միաժամանակ, Արամ Սաֆարյանը կարծում է`լրջորեն պետք է մտածենք ՌԴ եւ ԵԱՏՄ շուկաներում մեր աշխատողների շահերը պաշտպանելու, երաշխավորելու եւ ապահովելու մասին եւ դա մեր արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից պետք է լինի. «Սկսած վարորդական իրավունքից, փաթեթների, լրացումով, պայմանագրերի կնքումով, սոցիալական փաթեթների տրամադրմամբ»:

Նա փաստում է`տրանսֆերտների ծավալը նկատելիորեն ավելանում է եւ քանի ՌԴ-ի տնտեսությունը զարգանա`աշխատուժի պահանջարկը մեծանալու է: Ուստի, ըստ նրա, Հայաստանից ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնողների թիվը պետք է մեծանա եւ ոչ միայն ՌԴ, այլ նաեւ Ղազախստան, քանի որ մինչեւ 2015 թվականը`ղազախական արժույթի փլուզումը, ՀՀ-ն տարեկան 40 հազար աշխատուժ է ունեցել Ղազախստանում:

Արամ Սաֆարյանը կարծում է, որ հատուկ պետք է ուշադրություն դարձնել նրան, որ գյուղատնտեսական մթերքների եւ վերամշակող արտադրանքի ծավալներն աճում են եւ դա հույս է տալիս, որ այդ ոլորտների համար ՌԴ-ից կարող ենք լուրջ ներդրումներ ներգրավել: «Սամվել Կարապետյանը ստեղծել է ներդրումային ընկերություն`300 միլիոն դոլար կապիտալով: Դա այն գումարն է, որը մեր տնտեսությունը հուլիս-նոյեմբերին չստացավ եւ ներդրումային քաղցի պատճառով քանդվեցին ՀՆԱ-ի սպասվող դրական ցուցանիշները: Եթե այս տարի ներդրումների այդ ծավալն ապահովվի, մոտակա տարիներին էլ Հայաստանը գրավիչ ներդրումների դաշտ դառնա, մենք կարող ենք լրջորեն խոսել 7 տոկոս տնտեսական աճի`ապահովելով արտահանման 30-35 տոկոս»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31