Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրին քարտը»՝ առանց «ղումարի»

Օգոստոս 05,2017 10:00

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը՝ խստացնել «գրին քարտի», այսինքն՝ իր երկրում օրինական ապրելու իրավունքի տրամադրումը, ինձ թվում է, տրամաբանական է, եւ հուսով եմ՝ կհաստատվի Կոնգրեսի կողմից: Այս հարցում Թրամփն իրավացի է՝ «գրին քարտը» չի կարող տրվել պատահականորեն, վիճակախաղով, եւ լավ է, որ այդ տեսակի «ղումարբազության» գայթակղությունից զերծ կմնան, մասնավորապես, մեր համաքաղաքացիները:

Ես գիտեմ, որ Սիլիկոնի հովտում ապրում եւ աշխատում են մի քանի տասնյակ մեր քաղաքացիներ: Նրանք երիտասարդ են, կրթված, բնականաբար, տիրապետում են անգլերենի, դրան գումարած՝ չեն հրաժարվում մեր քաղաքացիությունից, պահպանում են կապը հայրենիքի հետ, պատրաստ են Հայաստանին օգնել եւ օգնում են (ոչ թե փողով, այլ իրենց գիտելիքներով, ինտելեկտով, որն ավելի թանկ է), մտահոգված են մեր իրավիճակով, բայց իրենց մտահոգությունն արտահայտում են զուսպ եւ կոռեկտ: Այդ մարդիկ, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ապրող այդ տիպի հազարավոր հայաստանցիներ, «գրին քարտի» խնդիր երբեք չեն ունենա:

Իսկ հիմա պատկերացրեք մեկ այլ հայաստանցու՝ մոտավորապես իմ տարիքի, որը «գրին քարտ» է շահել կամ կարողացել է խաբել ամերիկյան իմիգրացիոն իշխանություններին՝ համոզելով նրանց, որ նա, օրինակ, միասեռական է, եւ նրան Հայաստանում հետապնդում են: Նա ապրում է ամերիկյան կառավարության, այսինքն՝ հարկատուների տված գործազրկության նպաստով, անգլերեն չգիտի, եւ դա նրան պետք էլ չի. ներքնաշապիկը հագին` ամբողջ օրը նստած է Լոսի՝ նրբատախտակից սարքած իր «բարաքի» բակում, «նարդի է գլորում»՝ բարձրաձայն միացրած «ռաբիս» երաժշտության ներքո: Երկու-երեք բաժակ օղի կամ վիսկի խմելուց հետո նա իրեն «ազգային գործիչ» է զգում եւ «քֆուր-քյաֆար» է կապում նախկին հայրենիքի հասցեին, վերջում էլ ավելացնելով՝ «եթե էդ երկիրը դզվի, ես հետ կգամ»: Էլ ի՞նչ «ազգային գործիչ», եթե նման դատարկ խոստում չհնչեցնի:

Միացյալ Նահանգների կառավարությունն իրավունք ունի՞ նմաններին իր երկիր չթողնելու: Ինձ թվում է՝ լիակատար: Իհարկե, ում մտքին կա Հայաստանից գնալը, միեւնույն է՝ կգնա: Բայց Ռուսաստանում, օրինակ, շատ ավելի քիչ է հավանականությունը, որ այդ տեսակի «պերսոնաժին» որեւէ նպաստ կտան կամ կընդունեն նրան որպես «հալածյալ»: Նա ստիպված կլինի ինչ-որ աշխատանք գտնել: Բացի այդ, Ռուսաստանում նա հնարավորություն չի ունենա «ազգային գործիչ» ձեւանալու եւ քաղաքակիրթ երկրի «բարձունքներից» մեզ խելք սովորեցնելու:

Մի խոսքով, այս անգամ Թրամփի որոշումը, կարծում եմ, միանգամայն արդար էր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ forbes.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Դե իրանց շահերը լավ գիտեն.
    Բայց ստեղ ուրիշ հարցա, մենքել մեր հայաստանցի հարկատուներիս շահը պիտի պաշտպանենք.
    Հիմա ինչ ստացվում մեր հարկատուներիս հաշվին մարդիկ ուսում են ստանում գնում են ու ոչ մի հարկ Հայաստանին չեն վճարում, կարողա որպես բարի կամքի դրսևորում ինչ-որ բան անեն կամ չանեն.
    Նույն ԱՄՆ-ի քաղաքացին անկախ նրանիցա որտեղա աշխատում ԱՄՆ-ին պիտի հարկեր վճարի.
    Հայաստաննել պիտի նման օրենքներ ունենա, Հայաստանի ցանկացած քաղաքացի անկախ նրանից սիլիկոնային հովտումա աշխատում, թե Կրասնայարսկում պիտի հարկեր վճարի բյուջե.

    Հիմա լրիվ ան արադար վիճակա, ասենք ուսուցիչը իրա չնչին աշխատավարձից 10նյակ տրիներ հարկերա վճարում, իսկ Հայաստանի հաշվին այսպես ասած մարդ դառած ու հըիմա սիլիկոնային հովտում աշխատող Հայաստանի քաղաքացին մի անգամ գալիսա մի հատ անկապ լեցկիայա կարդում գնում էտ համարվում մեծագույն հայրենասիրություն ու աջակցություն մայր հայրենիքին.

    • Աոտ says:

      Աշոտ ջան, հավատա, ես պատրաստ եմ Հայաստանում հարկ վճարել։Հերն էլ անիծած, թե 90 տոկոսը կուտեն։ Հարցը նրանում է, որ դրա համար միջպետական համաձայնագիր է պետք, իակ Հայաստանի պետական չարչիները քյաշ փողից էն կողմ բան չեն հասկանում։ Եթե ԱՄՆ-ի հետ հարկերի փոխադարձ վճարման համաձայնագիր կնքվի – համարյա բոլոր ամերիկահայերը կձգտեն ՀՀ քաղաքացի դառնալ, որպեսզի իրենց հարկերը զգալիորեն քչանան։ Խոսքը մոտավորապես տարեկան միլիարդ դոլարի մասին ա։

    • Zaven says:

      Ամեն երեխա, ապրելով Հայաստանում, պետտուրք է վճարում իր ծախսածի մոտ 40 տոկոսի չափով (ԱԱՀ,մաքսազերծում,իրացնողի եւ ներկրողի կամ արտադրողի եկամտահարկ) այսինքն եթե երեխայի համար ծախսվում է 50 000 դրամ՝մոտ 20 000ը գնում է պետտուրք,իսկ պետությունը երեխայի համար դպրոցին փոխանցում է ,եթե չեմ սխալվում 2000 դրամ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031