Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան քաղաքական-հասարակական վերնախավը փորձում է առավելագույնս ազատվել Ռուսաստանի հետ կապերից. Քսենիա Կիրիլովա

Օգոստոս 12,2017 15:00

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված՝ ՌԴ, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի օրինագծի, Պուտինի եւ Թրամփի փոխհարաբերությունների եւ ԱՄՆ ներքաղաքական կյանքի հիմնախնդիրների մասին «Առավոտ» թերթը զրուցեց ներկայումս Սան-Ֆրանցիսկոյում բնակվող հայտնի ռուսաստանցի լրագրող, հրապարակախոս Քսենիա Կիրիլովայի հետ:

 – Տիկին Կիրիլովա, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կազդեն նոր պատժամիջոցները Ռուսաստանի վրա:

– Առաջին հերթին պետք է շեշտել, որ հնարավոր է, սրանք հենց այն պատժամիջոցներն են, որոնք լուրջ հարված կհասցնեն Կրեմլի տնտեսությանը: Փորձագետների մեծ մասը միաձայն պնդում են, որ այս պատժամիջոցները կարող են խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազատարների շինարարությանը: Բացի դրանից, Ռուսաստանն այժմ ակտիվորեն զբաղված է նավթի արդյունահանմամբ Արկտիկայում, եւ այդ նպատակով նորագույն տեխնոլոգիաներ է ձեռք բերում ամերիկյան եւ կանադական ընկերություններից: Պատժամիջոցները ենթադրում են նաեւ արգելք ա՛յդ տեխնոլոգիաների փոխանցման համար: Երկրորդը. բացի տնտեսական կորուստներից, պաշտոնական Կրեմլը կունենա նաեւ «իմիջային» կորուստներ, քանզի Ռուսաստանը հայտնվում է այն նույն «չարիքի առանցքում», որում գտնվում են Իրանը եւ Հյուսիսային Կորեան:

Երրորդը. այդ պատժամիջոցները ցույց են տալիս, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ տեղի են ունեցել որոշակի տեղաշարժեր, այն է՝ ամերիկյան իսթեբլիշմենթի վճռականությունը` դիմագրավել ռուսական սպառնալիքին ի հեճուկս Թրամփի՝ Պուտինի հետ մերձենալու բոլոր փորձերին: Մենք տեսնում ենք, որ Թրամփն այդ բոլոր փորձերով հանդերձ՝ ստիպված էր ստորագրել այդ օրինագիծը, չնայած, չէր էլ թաքցնում իր դժկամությունն այդ կապակցությամբ, եւ նույնիսկ այդ օրենքն անվանեց հակասահմանադրական: ԱՄՆ միասնությունն ընդդեմ Ռուսաստանի` չափազանց ակնհայտ էր:

– ԱՄՆ օրենսդիրներն, ինչպես գիտենք, հետաքննություն են անցկացնում, կապված Ռուսաստանի՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների միջամտության հետ: Դուք շփվում եք լրագրողների հետ, որոնք անկախ հետաքննություններ են անցկացնում: Ի՞նչ կարելի է փաստել այդ առիթով:

– Կրեմլն իրոք՝ իր ամբողջ ուժերով օգնել է Թրամփին, դա ուղղակի ակնհայտ է դառնում, երբ նայում ես Թրամփի հաղթանակի համար ռուսական իշխանությունների գործողությունների օգուտների եւ վնասների հարաբերակցությանը: Օրինակ. Մոսկվայի կողմից կազմակերպված հաքերային գրոհներն ուղղված էին միայն ընդդեմ դեմոկրատների. Մոսկովյան քարոզիչները գնացին նույնիսկ միջուկային շանտաժի, հայտարարելով, որ Քլինթոնի հաղթանակի դեպքում միջուկային պատերազմն անխուսափելի կլինի: Ռուսական քարոզչությունը նույնպես «առաջ էր տանում» Թրամփի թեկնածությունը, իսկ նա, իր հերթին՝ ակտիվորեն ընկալում եւ ընդունում էր ռուսական օգնությունը: Նա ամեն օր գովաբանում էր Պուտինին, հիանում նրանով եւ առաջ տանում նրա օրակարգը, նույնիսկ երբ դա հակասում էր ամերիկյան շահերին: Հիշենք նրա կոչը ռուս ցանցահեններին՝ գտնե՛լ Քլինթոնի «պակասող նամակները»: Այն ժամանակ դեռ չէին հրապարակվել ռուսական իշխանությունների հետ Թրամփի երեխաների եւ թիմակիցների կողմից տարվող բանակցությունների փաստերը, սակայն, նրանց գործողությունների ներդաշնակությունը արդեն ակնհայտ էր:

Ընտրություններից անմիջապես հետո Թրամփն իր քննադատությունը հորդեց սեփական հատուկ ծառայությունների վրա, ժխտելով նրանց եզրակացությունները ԱՄՆ քաղաքականությանը ռուսական միջամտության վերաբերյալ, եւ հավատալով թշնամաբար տրամադրված կառավարությանն ավելի, քան սեփական հետախուզությանը: Այսինքն, նա առաջ էր տանում Պուտինի շահերն ընդդեմ իր իսկ երկրի՝ ընդդեմ ԱՄՆ-ի: Դա մի նախադեպը չունեցող իրադարձություն է Միացյալ Նահանգների պատմության մեջ: Այնուհետեւ Թրամփի ցասումը հասավ նաեւ մամուլին. նա նրանց անվանեց «ժողովրդի թշնամիներ»: Հիշեցնեմ, որ նման կարգի խոսքեր իրեն թույլ չէր տալիս նույնիսկ Պուտինը:

– Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ ԱՄՆ-ում ընթացող հետաքննությունը Թրամփը բազմիցս անվանել է շինծու եւ ստորացուցիչ…

– Այնուամենայնիվ, նրա այդ հիսթերիաներն ու կադրային որոշումներն ուղղակիորեն շաղկապվում են այդ հետաքննության որոշակի փուլերի հետ: Հիշենք Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ, FBI) տնօրեն Ջեյմս Քոմիի հեռացումը պաշտոնից, Մայքլ Ֆլիննի վերաբերյալ հետաքննության դադարեցման փորձերը, Սպիտակ տանը տիրող ներկայիս խառնաշփոթը: Ազդեցիկ ամերիկացի փորձագետները նշում են, որ գործող գլխավոր դատախազ Սեյշընսից ձերբազատվելու Թրամփի փորձերը կապված են նրա հետ, որ ռուս դեսպանի հետ նրա բանակցությունների փաստի հրապարակումից հետո նա պարտավորություն է ստանձնել չմիջամտել հետաքննության ընթացքին: Ակնհայտ է, որ Թրամփին անհրաժեշտ է մեկն, ով ընդունակ է միջամտել քննության ընթացքին, որին նա այդպես ակտիվորեն փորձում է խոչընդոտել: Սակայն, ԱՄՆ- եւ Ռուսաստանի միջեւ գլխավոր տարբերությունն այն է, որ այստեղ այդքան էլ հեշտ չէ ջարդել անկախ իրավապահ համակարգը եւ ազատ մամուլը: Չնայած թե ՀԴԲ-ի, թե լրագրողների հասցեին Թրամփի բազմաթիվ սպառնալիքներին՝ այդ հետաքննությունը շարունակվում է:

– Մի անգամ Թրամփը գրել է. «Ինձ հիանալի սատարում են, բացառությամբ որոշ հանրապետական «առաջնորդների»…»: Ինչպիսի՞ն են իրականում Թրամփի եւ հանրապետականների փոխհարաբերությունները:

– Եթե խոսենք հենց առաջնորդների մասին, ապա ինձ հասնում է որոշակի ներքին տեղեկատվություն որոշ հանրապետական կոնգրեսականների օգնականներից կամ նախկին օգնականներից, ըստ որի՝ իրեն ղեկավարն իրականում «ավելի շատ է ատում Թրամփին, քան դա ցույց է տալիս»: Նրանք հայտնում են, որ կուսակցության մեջ սուր պայքար է գնում Թրամփին սատարելը շարունակելու հարցի շուրջ: Սակայն, կարեւոր է հասկանալ, որ չնայած նրանց անձնական վերաբերմունքին ամերիկյան նախագահի նկատմամբ, հանրապետականների ջախջախիչ մեծամասնությունը որոշեց օգտվել նրա ամբոխավարությունից, որպեսզի գան իշխանության եւ իրականացնեն սեփական օրակարգը` չխորշելով նույնիսկ թշնամի պետության օգնությունից:

Սակայն, ինչպես դա պատմության մեջ հաճախ պատահում է, հանրապետականներն իրենք ընկան սեփական թակարդը: Խաղադրույք կատարելով թրամփյան ամբոխավարության վրա, նրանք հաշվի չառան, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Բանն այն է, որ Թրամփի ամբողջ քարոզչությունը հիմնված է ստի վրա, իրականության մշտական աղավաղման վրա (այսպես կոչված՝ «այլընտրանքային փաստերի» վրա), իր ցանկացած քննադատի զրպարտելու, մարդկանց վիրավորելու, կոնսպիրոլոգիական տեսությունների եւ հակառակորդին հրեշացնելու վրա, ավելի պարզ ասած՝ ատելության վրա: Արդյունքում՝ հանրապետականների «առանցքային» ընտրազանգվածը ներկայումս կազմում է բնակչության այն 36-38 տոկոսը, որն արդեն իմունիտետ է ձեռք բերել ցանկացած փաստի նկատմամբ, եւ պաշտպանում են Թրամփին, ինչ էլ նա անի:

Հանրապետականները երբեմն ինձ խոստովանում են, որ իրենք էլ չգիտեն, թե ինչ անել այդ մարդկանց հետ: Ի դեպ, դա շատ է հիշեցնում ռուսական իշխանությունների շփոթվածությունը 2014-ին, երբ որոշակի փուլում նրանք վախենում էին, որ իրենք իսկ չեն կարողանա վերահսկել Գիրկինի եւ Մոտոռոլայի մոլեռանդ հետեւորդներին:

Ընդգծեմ, որ այժմ խոսքը ոչ բոլոր մարդկանց մասին է, ովքեր քվեարկել են Թրամփի օգտին: Նրանց մեջ քիչ չեն նաեւ այնպիսինները, որոնք դա արել են միայն տնտեսական շարժառիթներով, եւ տվյալ պահին հեռու են քաղաքականությունից: Ես հետեւում եմ հենց պրոթրամփյան քարոզիչներին, նրանց, ովքեր պաշտպանում եւ արդարացնում են նրա այսօրվա արարքները եւ կանոնավոր կերպով տարածում ռուս քարզիչներին հանգույն զրպարտությունն ամերիկյան ինստիտուտների, հետախուզության, իրավապահ համակարգի, դատարանների, ԶԼՄ-ների եւ հետաքննությունը վարող առանձին անձանց հասցեին:

Ընդ որում, այպիսի թրամփիստներն ամբողջությամբ կրկնում են ռուսական քարոզչության ավանդույթները. սկզբից գնում է սուտը, փաստերի լիակատար մերժումը «նրանք այստեղ չկան» ոճով: Իսկ այն մարդկանց վրա, ովքեր մերկացնում են սուտը, լինեն դա լրագրողներ, ամերիկյան հատուկ ծառայություններ կամ Թրամփի եւ նրա շրջապատի արարքների ականատեսներ՝ ուղղվում են զրպարտանքի ալիքները: Քարոզիչները պնդում են, որ այս ամենը՝ «ֆեյք-նյուզ» է` վճարված Սորոսի կողմից (համեմատենք ռուսականի հետ՝ «վճարված է ԿՀՎ-ի կողմից»), դեմոկրատներ եւ լիբերալներ, դրա համար էլ նրանք ատում են Ամերիրկան, նույնիսկ այն, որ Թրամփին քննադատողները թաքնված պուտինիստներ են: Այնուհետեւ, ապացույցների ծանրության ներքո, Թրամփն ու նրա խմբակիցները ստիպված են խոստովանել, որ իրենց դեմ ուղղված մեղադրանքներն արդարացված են, սակայն դա նրանց չի հուզում, եւ իրենց նախկին մեղադրանքների համար նրանք որեւէ կերպով ներողություն չեն հայցում: Սա կրկին շատ նման է Ռուսաստանին, որտեղ ռուսական զորքերի ներկայությունը Ղրիմում ի սկզբանե մոլեռանդորեն ժխտվում էր, հետո ընդունվում որպես ակնհայտ մի բան, եւ հասարակության մեջ դա որեւէ դիսոնանս չի առաջացնում:

Իսկ ինչպիսի՞ շարժառիթներով են առաջնորդվում նրանք, ովքեր քարոզում են Թրամփի օգտին:

– «Թրամփիստներն» օգտագործում են հերյուրանքների բոլոր այն տեսակները, որոնք կիրառում է նաեւ ռուսական քարոզչությունը: Դրանք են՝ անձի համբավի ուղղակի սեւացումը, նրա հասցեին չհիմնավորված մեղադրանքները: Կարճ ասած՝ ուղիղ սուտ՝ ուղղված անհատի հասցեին: Սովորաբար, ԱՄՆ-ում նման վերաբերմունքի են արժանանում իրական հեղինակություն ունեցողները, ինչպիսիք են Ջեյմս Քոմին եւ Ռոբերտ Մյուլլերը (իմիջիայլոց, այդպիսի հանրապետականների հարձակումները Քոմիի եւ Մյուլլերի վրա տեղի ունեցան ռուսական լրատվամիջոցների հարձակումներին զուգահեռ, եւ դրանք սատարեց Ջուլիան Ասսանժը): Դա եւ ատելություն է, եւ անձանց  այնպիսի քաղաքական հայացքների վերագրում, որոնք նրանք իրականում չեն հետապնդում, օրինակ, հետեւյալ կլիշեն, որ` «Թրամփի դեմ հանդես եկողները «ձախականներ» են, սոցիալիստներ են եւ այլն, նրանք հայրենասեր չեն» եւ այլն:

Ես ինքս էլ տեսնում եմ ցածր մակարդակի այնպիսի քարոզիչների, երբ նրանք  առանձնակի համակրանք չեն տածում Թրամփի հանդեպ, բայց կիսում են նրա ատելությունը դեմոկրատների հանդեպ: Նրանցից որոշները շատ լավ իմացել են Թրամփի եւ Ռուսաստանի կապերի մասին, բայց գիտակցաբար գնացել են ճշմարտության դեմ, որպեսզի հնարավորություն ունենան նվաստացնելու եւ հալածելու միայն նրանց, ովքեր իրենց դուր չեն գալիս: Նման մարդիկ Թրամփին աջակցում են հիմնականում այն պատճառով, որ վերջինս նրանց հնարավորություն է տվել թունավորել ու պախարակել այն մարդկանց, որոնց ատում են: Ընդ որում, հերյուրանքն ուղղվում է ինչպես անհատների, այնպես էլ հասարակության մի ամբողջ խմբերի եւ առանձին նահանգների հասցեին: Եվ նորից, սա շատ նման է ռուսական անսկզբունք դրվածքին՝ «մենք պատրաստ ենք սպանել ուրիշներին, եթե դա մեզ ձեռնտու է»:

Անկեղծ ասած, ինձ համար դա իսկական դավաճանության է նման: Ես անձնական փորձ ունեմ առ այն, որ հրաժարվել եմ ամեն ինչից՝ այն ամենից, ինչին հասել եմ, ինչը թանկ, հարազատ եւ սիրելի է ինձ համար, որովհետեւ չէի կարող ճշմարտությանը դեմ գնալ: Հանուն իմ ընտրության` ստիպված էի հրաժարվել սեփական երկրից, զոհաբերել անգամ անձնական անվտանգությունս: Մինչդեռ հանրապետականները, անգամ նրանք, ովքեր գիտակցում են, թե ինչ վնաս է բերում Թրամփն ԱՄՆին, վախենում են հանդել գալ Թրամփի ստի դեմ, թեեւ այդ դեպքում հարվածի տակ չեն դնի ոչ իրենց կյանքը, ոչ ազատությունը, ոչ ունեցվածքը: Նրանք պատրաստ չեն հրաժարվել Թրամփից միայն հանուն նրա այն 36 տոկոս հետեւորդների, որոնց հենց իրենք են ստեղծել իրենց սեփական քարոզչության միջոցով:

Մյուս կողմից, չնայած այն հանգամանքին, որ նրանք ներկայում պատրաստ չեն ամբողջությամբ հրաժարվել Թրամփից, քանի որ վախենում են կորցնել նրա կողմնակիցների աջակցությունը, փորձում են զսպել Թրամփի հնարքները(выходки): Կարեւոր է հասկանալ, որ եթե անգամ հանրապետական վերնախավի մեծամասնությունն աջակցում է Թրամփին, ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը նրա դեմ է տրամադրված: Հետեւաբար, նրանք չեն սիրում Հանրապետական կուսակցությանը, որը Թրամփին իշխանության բերեց:

Այդ պատճառով էլ Պուտինի կողմից Թրամփին ամբողջությամբ աջակցելու փաստը, որն այնքան ակնհայտ է դրսեւորվում, առաջնահերթ հանրապետականներին է հարվածում: ԱՄՆ-ում հանրապետականներին արդեն անվանում են «Պուտինի կուսակցություն», «հակաամերիկյան կուսակցություն», «դավաճաններ», իսկ Թրամփն իր արարքներով եւ արտահայտություններով ամեն անգամ հաստատում է այդ մեղադրանքները: Շատ հանրապետականներ, թեեւ չեն սիրում Թրամփին, բայց փորձում են պահպանել դեմքը, ցույց տալ, որ այլ պետությանը թույլ չեն տա խառնվել սեփական երկրի ընտրություններին, որ իրականում գնված չեն Պուտինի կողմից: Նրանց համար սա դառնում է քաղաքական գոյատեւման միջոց: Նրանք հասկանում են, որ Թրամփի եւ Ռուսաստանի հարաբերությունների «ստվերը» հենց իրենց վրա է ընկնում: Այդ իսկ պատճառով թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների մոտ անձնական շարժառիթ է առաջանում, որպեսզի պատժեն Ռուսաստանին:

-Իսկ ինչպե՞ս կանդրադառնա այս իրավիճակը ԱՄՆ ներքին կյանքի վրա:

-ԱՄՆ-ում այս իրավիճակը հանդիսանում է պարարտ հող՝ ներքին ցնցումների համար: Պայքարելով Ռուսաստանի հետ իր կապերի առնչությամբ իրականացվող հետաքննության դեմ՝ Թրամփը փորձում է չեզոքացնել անկախ լրատվամիջոցները, դատարանները, իրավապահ համակարգը: Նրա կողմից տարածվող սուտն ու ատելությունը վնաս է հասցնում Ամերիկային ոչ միայն նրանով, որ ծայրահեղորեն պառակտեց առանց այն էլ պառակտված ամերիկյան հասարակությունը, այլեւ նրանով, որ բերում է «թրամփյան փոքրամասնության» բարոյական դեգրադացմանը, նրանց աչքերում բարձրացնելով աննորմալ վարքը նորմայի աստիճանի: Այս հիմնախնդիրը կարող է շարունակվել տասնամյակներ:

Իհարկե, մեծ վնաս է հասցվում նաեւ ԱՄՆ ազգային անվտանգությանը եւ միջազգային հարթակներում ԱՄՆ վարկանիշին: Ինչպես իրավացիորեն նկատել է Յուրի Ֆելշտինսկին, Թրամփը մինչ օրս Պուտինի մասին ոչ մի վատ բառ չի ասել, անգամ չի արձագանքել այն փաստին, որ 700 դիվանագետներ Պուտինի որոշմամբ լքեցին Ռուսաստանը: Այս ամենն, ինչ կատարվում է՝ Ամերիկայի պատմության մեջ նախադեպը չունեցող ստորացում է:

Մյուս կողմից, ԱՄն արտաքին քաղաքականության համատեքստում, ինչպես իրավացիորեն ընդգծում են Անդրեյ Պիոնտկովսկին եւ Լիլիա Շեվցովան, Կրեմլի «հաղթանակը» հանգեցրեց արտաքին քաղաքական պարտության, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, թե հանրապետականները եւ թե դեմոկրատները Մոսկվայի դեմ անձնապես են տրամադրված: Դեմոկրատները նեղացած են Ռուսաստանից, քանի որ վերջինս իշխանության բերեց իրենց հակառակորդ Թրամփին, իսկ հանրապետականներն ատում են Ռուսաստանին, քանի որ վերջինս հարվածում է նրանց իմիջին: Ուստի նրանք փորձում են հեռու մնալ Ռուսաստանի հետ կապերի փաստից: Դրանով է բացատրվում կոնգրեսականների այն ցնցող միասնականությունը, որը նրանք դրսեւորեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ընդունելիս: Եվ, ըստ ամենայնի, դա միակը չի լինի ձեռնարկվելիք միջոցներից:

Բացի այդ, պետք չէ մոռանալ այն մասին, որ Պենտագոնը գլխավորում է գեներալ Ջեյմս Մեթիսը, որը եւս Մոսկվայի դեմ է տրամադրված, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ի ռազմական գործակցությունն այն հետխորհրդային երկրների հետ, որոնք փորձում են ազատվել ռուսական ազդեցությունից, զարգացում կապրի: Պարադոքսալ է, բայց հնարավոր է, որ ԱՄՆ-ի ներքաղաքական բարդ իրավիճակը դրականորեն կարող է ազդել հետխորհրդային որոշ երկրների վրա:

– Կրկին դառնանք հետաքննությանը: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Ռուսաստանի միջամտությունն ԱՄՆ կյանքին սահմանափակվելու է միայն ընտրություններով:

-Ամենեւին: Ռուսաստանը շարունակում է միջամտել ԱՄՆ քաղաքականությանը: Սխալ է կարծել, թե Ռուսաստանը միջամտել է մեկ անգամ եւ դրանով կանգ կառնի: Ինձ որոշ տեղեկություններ են հասնում, որ առանձին ռուս օլիգարխներ սպառնում են անկախ ԶԼՄ-ներին կամ փորձում պայմանավորվել վերջիններիս հետ՝ պահանջելով դադարեցնել լրագրողական հետաքննությունները: Ինչպես ասել եմ, ռուսական եւ թրամփյան քարոզչությունն իրար համահունչ են գործում, ընդհուպ մինչեւ այն, որ անգամ ռուս հռետորները մոսկովյան թոք-շոուների ժամանակ հայտարարում են, որ «Թրամփին նեղացնել թույլ չեն տա», իսկ ռուս «թրոլները» տվյալ ժամանակահատվածում ուժեղացրել են ճնշումը հանրապետականների վրա, պահանջելով նրանցից սատարել Թրամփին:

Այսինքն, Թրամփն ամբողջ ուժով ձգտում է խանգարել հետաքննությանը, իսկ ռուսական մաֆիան իր հերթին փորձում է նույնն անել: Հիշենք, թե քանի մութ մնացած մահացու դեպքեր են կապված այդ հետաքննության կամ Թրամփի դոսյեի հետ: Այդ հետաննքությամբ վտանգավոր է զբաղվելը, անգամ եթե ԱՄՆ-ում ես ապրում: Այնպես որ, նոր «սառը պատերազմը» չի ավարտվել, այլ, կարելի է ասել, տեղափոխվել է ԱՄՆ-ի սահմաններից ներս: Բոլորին է պարզ, որ Պուտինը միջամտելու  է նաեւ հաջորդ՝ 2018թ. ընտրությունների ժամանակ, իսկ Թրամփը չի խոչընդոտելու նրան: Իսկ թե ինչո՞վ կավարտվի այս դիմակայությունը՝ դեռեւս հայտնի չէ:

 

Լուիզա Սուքիասյան

«Առավոտ»

11.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031