Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ամենամեծ սպառնալիքը արտաքին մարտահրավերները չեն»

Օգոստոս 23,2017 12:00

Մեր զրուցակիցն է Արցախի Հանրապետական կուսակցության համանախագահ, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը

– Պարոն Օհանջանյան, Բակո Սահակյանը, թեեւ նախկին Սահմանադրությամբ նախատեսված երկու ժամկետով արդեն պաշտոնավարել էր, սակայն երրորդ անգամ առաջադրվեց եւ հուլիսի 19-ին ընտրվեց Արցախի նախագահի պաշտոնում: Այս փաստը բավական մեկնաբանությունների տեղիք տվեց, մասնավորապես, խոսվում էր, որ այդ քայլը Արցախի համար ժողովրդավարացման գործընթացից հետքայլ էր` միջազգային իրավունքի տեսանկյունից, եւ առհասարակ` Արցախի միջազգային դիրքն ամրապնդելու, միջազգային ճանաչման առումով, դա կարող է բացասաբար անդրադառնալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ քննադատությունները:

– Վերջին ժամանակներում, հատկապես հայկական ԶԼՄ-ների տարբեր փորձագետների եւ իրավապաշտպանների շուրթերից, շատ է խոսվել եւ խոսվում Բակո Սահակյանի երրորդ ժամկետով` Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու ոչ ժողովրդավարական լինելու թեմայի մասին: Այդ մարդկանց փաստարկները հետեւյալն են, որ այդպիսի քայլը հակասում է ժողովրդավարության չափանիշներին, միջազգային պրակտիկային, միջազգային իրավունքի նորմերին եւ միջազգային ասպարեզում բացասական ազդեցություն կթողնի Արցախի վարկանիշի վրա, որի հետեւանքով կբարդանա մեր երկրի միջազգային ճանաչման գործընթացը:

Որպես առաջիններից մեկը, ով սահմանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժողովրդավարության սկզբունքների զարգացման գործընթացը, ժողովրդավարության հիմնադրման ասպարեզում եւ քաղաքացիական հասարակությունում հանդիսանում է փորձագետ ոչ միայն մեր երկրում, այլեւ միջազգային ասպարեզում՝ ուզում եմ բոլոր նրանց, ովքեր այդքան եռանդուն իրենց մտահոգությունն են արտահայտում այդ առիթով, հիշեցնել մի անվիճելի փաստ. միջազգային իրավունքի ոչ մի փաստաթղթում չի գտնվի մի այնպիսի դրույթ, որտեղ ասված լինի, թե պետության ղեկավարի ընտրությունը երրորդ եւ ավելի ժամկետով հակասում է միջազգային իրավունքին եւ գնահատվում է որպես ոչ ժողովրդավարական քայլ:

Իրականում դեմոկրատիան ժամանակակից աշխարհում առաջին հերթին ընդունվում է գործնականում մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության պրիզմայով, կառավարման եւ որոշումների կայացման հարցերում երկրի քաղաքացիների մասնակցության մակարդակով, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ակտիվության միջոցով, որոնք վերաբերում են երկրի կենսապահովմանը եւ անվտանգությանն այնպիսի ինստիտուտներով, որոնցով ժողովուրդը լիազորել է հասարակությանն ու իշխանությանը: Այս համատեքստում հարկ է նշել, որ Արցախում ժողովրդավարության մակարդակը չի զիջում աշխարհի զարգացած ժողովրդավարություններին: Ավելին՝ քաղաքացիական հասարակությունը մեծ ազդեցություն ունի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների վրա ավելի, քան աշխարհի ցանկացած այլ վայրերում, եւ հենց դա է երկրի ժողովրդավարության հիմնական ցուցանիշը:

Նոր Սահմանադրության նախագիծն Արցախում ժողովրդի եւ փորձագիտական հանրության կողմից քննարկվել է եւ ապահովվել է երկրի հասարակության, քաղաքական ու հասարակական կազմակերպությունների աննախադեպ մասնակցությունը: Յուրաքանչյուրն ունեցել է առաջարկության հնարավորություն` Արցախի նոր Սահմանադրության նախագծի վերջնական տարբերակի ձեւավորման համար: Արդյունքում՝ հավասարակշռված փաստաթուղթը ներկայացվել է ժողովրդի դատին, որն էլ ազատ հանրաքվեի մթնոլորտում քվեարկվեց բացարձակ մեծամասնության կողմից` նոր բարեփոխումների օգտին, որով առաջարկվեց Արցախի նախագահի լիազորությունները երկարաձգել մինչեւ 2020 թվականը:

Ես արդեն ասել եմ, որ ժողովրդավարությունը ժողովրդի կամքի իրագործումն է գործնականում: Մեր ժողովրդի կամքի եւ ժողովրդավարության նորմերի համաձայն՝ հանրաքվեի արդյունքը ստացել է իր գործնական իրականացումը: Կցանկանայի նաեւ նշել, որ շատ երկրներում, այսպես կոչված՝ զարգացած ժողովրդավարություններում, առաջնորդները կառավարում են մեկ տասնյակից ավելի, ու դա նորմալ է ընդունվում, քանի որ դա չի խախտում այդ երկրների հիմնական օրենքը: Այնպես որ, Արցախի հիմնական օրենքի քննադատության բոլոր նախանձախնդիր կողմնակիցներին կառաջարկեի ավելի շատ զբաղվել մեր երկրի անվտանգության ամրապնդման հարցերով, հասարակության մեջ բացասական երեւույթներով եւ բոլոր քաղաքացիների հետ միասին սեփական ներդրումն ունենալ մեր Հայրենիքի բարգավաճման գործում, որը հանդիսանում է ամբողջ հայության առաջին պատմական ռեւանշի արտահայտությունն ընդդեմ պատմական անարդարության եւ միջազգային իրավունքի անտարբերության:

Այսօր Արցախը հանդիսանում է այդ ռեւանշի մարմնավորումը եւ Բակո Սահակյանը, մյուս առաջնորդներն ու քաղաքացիները միասին ունեցել են զգալի ներդրում մեր երկրի զարգացման եւ ապահով գոյության գործում:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչման մակարդակի նվազման վտանգին, ուզում եմ նկատել, որ այսօր միջազգային իրավունքի փլուզման եւ միջազգային հանրության անօգնականության պայմաններում` կարգավորել որեւէ լուրջ միջազգային խնդիր (դա երեւում է Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, Եմենի օրինակով …), Արցախի միջազգային ճանաչումն, իմ կարծիքով, դադարում է մեր երկրի համար օրակարգում հիմնական լինել: Մեզ համար հիմնականը երկրի քաղաքացիների անվտանգության ապահովումն ու իշխանություն-ժողովուրդ հարաբերությունների ներդաշնակեցումն է, որ շատ ավելի կարեւոր է, քան Արցախի միջազգային ճանաչումը:

– Պարոն Օհանջանյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են մինչեւ այս տարվա ավարտը Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպել: Մյուս կողմից, ակնհայտ է, որ միջնորդները փորձում են կանխել ռազմական հնարավոր գործողությունների բռնկումը: Հայկական կողմի պահանջը` սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ, միջնորդները օրակարգում են պահում, վերջերս դրանց կիրառման անհրաժեշտության մասին կրկին խոսեց ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, ինչը ուրախալի փաստ է: Ձեր կարծիքով, ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի համար որո՞նք են առաջնահերթ հարցերը` Ղարաբաղյան բանակցային գործընթացն ի շահ հայկական կողմի տանելու նպատակով:

– Ապրիլյան պատերազմը փոխել է Արցախյան հիմնախնդրի լուծման եւ այդ պրոցեսում միջազգային միջկառավարական կազմակերպությունների ու միջազգային միջնորդների մասնակցության հանդեպ մեր վերաբերմունքը: Եթե նախկինում մենք միամտաբար ենթադրում էինք, որ եթե, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ են ընթանում հակամարտության կարգավորման ուղղությամբ, եւ միջազգային հանրությունն ընդունակ է հակամարտության ապասառեցման դեպքում ընդունել գործուն մեխանիզմներ` ռազմական սցենարների կանխարգելման ուղղությամբ, ապա ապրիլից հետո միջազգային կազմակերպությունների հնարավորությունների մասին մեր պատրանքներն անհետացան: Դա նաեւ վերաբերում է ե՛ւ բանակցային գործընթացին, ե՛ւ հրադադարի ռեժիմի խախտումների վերահսկման մեխանիզմներին:

Իհարկե, ցանկալի կլիներ, որ միջազգային միջպետական ինստիտուտները կարողանային հասնել զինադադարի խախտումների միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառմանը, որպեսզի կարողանային արդյունավետորեն կանխել նման խախտումները: Բայց ես չեմ հավատում, որ Ադրբեջանը միջազգային կազմակերպություններին թույլ կտա դա արդյունավետորեն կատարել: Այս համատեքստում ոչ մի դրական ակնկալիք չունեմ Ալիեւի եւ Սարգսյանի հանդիպումից: Մենք պետք է հասկանանք մեկ բան՝ Արցախի խաղաղությունը կախված է մեր բանակի մարտունակությունից, որը վերջին տարում դարձել է անճանաչելի` ահռելի ուժ ցանկացած թշնամու համար:

Դրա հետ մեկտեղ՝ այսօր հայկական ղեկավարությունը դեկլարատիվ հայտարարություններից պետք է ողջ հայկական բանակի ռազմական կարողությունների հարցում անցնի գործնական քայլերի: Սեղմ ժամկետներում բանակն ամբողջ հայ ժողովրդի համար պետք է դառնա ժամանակակից այն բաղադրիչը, որ կստիպի մեր թշնամուն հաշվի նստել ազատ, ինքնիշխան Արցախ պետության գոյության հետ եւ ճանաչել այն: Ներկա պայմաններում, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, ես չեմ գտնում, որ բանակցային գործընթացը կարող է բերել խնդրի լուծման, առավել եւս, երբ հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը զրկված է որեւէ նախաձեռնությունից եւ գործնականում ոչինչ չի անում Արցախի միջազգային ճանաչման հարցում: Բանակցությունները պետք է ընթանան Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ճանաչման շուրջ: Այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ նման քայլի գնալ: Հետեւաբար, խնդրի լուծումը մեր ձեռքերում է, դա մեր ուժեղ բանակի, մեր բարգավաճման եւ արտաքին ճնշումներին չենթարկվող իշխանության ձեռքերում է:

– Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում լարվածությունը սրվում է: Տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն առանձին են սկսելու աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Դա ինչպե՞ս կանդրադառնա ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա, այստեղ սպառնալիքներ չե՞ք տեսնում հայկական կողմի համար:

– Ակնհայտ է, որ ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Ռուսաստանն ունեն իրենց սեփական օրակարգը հարավկովկասյան տարածաշրջանում, եւ միանգամայն բնական է, որ յուրաքանչյուր գերտերություն եւ տարածաշրջանային խաղացող ունի իր առանձին նպատակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ: Հայաստանն ու Արցախը պետք է ձեւավորեն իրենց վերաբերմունքն ու պահվածքը յուրաքանչյուր գերտերություն եւ տարածաշրջանային խաղացողի հանդեպ այնպես, որպեսզի այդ տերությունների հարաբերություններում հատուկ գերակայությունները Ադրբեջանի հետ չխանգարեն ինչպես մեր երկրների զարգացմանը, այնպես էլ մեր ժողովրդի անվտանգությանը: Դրա համար միշտ պետք է ապավինել սեփական ուժերին, զարգացնել տնտեսությունը եւ մեր երկրների ժողովրդավարական ինստիտուտները եւ դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը:

Հայաստանի ամենամեծ սպառնալիքը արտաքին մարտահրավերները չեն, այդ թվում նաեւ նրանք, որոնց մասին դուք հիշատակեցիք, այլ` կոռուպցիայի այլանդակ զարգացումն է, համատարած քավոր-սանիկ-բարեկամությունը, սոցիալական եւ իրավական արդարության բացակայությունը, որ հասարակության մեջ արթնացնում է հուսահատ տրամադրություններ եւ հանգեցնում Հայաստանից զանգվածային արտագաղթի: Եվ այս ամենը ոչ այլ ինչ է, քան համակարգային փոփոխությունների բացակայության ցուցանիշ: Եվ այս ամենի մեջ մեղավոր է Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը, որն առավելապես հետաքրքրված է երկրի ներկայիս վիճակի պահպանմամբ եւ սեփական իշխանության երկարաձգմամբ: Այս ամենը բացասաբար է անդրադառնում Հայաստանի կենսագործունեության բոլոր ոլորտների վրա, որը չի կարող չանդրադառնալ նաեւ ողջ հայության տարբեր հատվածների զարգացման վրա:

– Առաջնագծում իրավիճակն ինչպե՞ս կգնահատեք, պատերազմի հավանականությունը որքան մեծ է այսօր եւ Ադրբեջանում տիրող վիճակն ընդհանուր առմամբ:

– Գտնում եմ, որ 2016թ. ապրիլին պատերազմը չի ավարտվել, այն անցել է թաքնված փուլի՝ ամբողջ ճակատային գծով պարբերական սրացումներով: Այս իրավիճակը կշարունակվի նաեւ հետագայում: Ակնհայտ է մեկ բան. հակառակորդը տեղյակ է մեր հզորության, ջախջախիչ հարված հասցնելու եւ ցանկացած ռազմական խնդիրներ լուծելու հնարավորությունների մասին` նաեւ ընդհուպ մինչեւ Ադրբեջանի տարածքի խորքերը, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա: Մեր ժողովրդի անվտանգությունը` մեր հետագա նվաճումների գրավականն է, ուստի մեր բանակի պատրաստվածությունն ու համալրումը ժամանակակից զինատեսակներով պետք է դառնա Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի յուրաքանչյուր հայի քաղաքացիական պարտքը:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 22.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031