Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում անհանգիստ են Հայաստանով

Օգոստոս 31,2017 12:00

Սկիզբը` այստեղ

Խաղաղապահ ուժերի հարց չի քննարկվել

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակիցների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով բազեականների հարցերին, անդրադարձել է օգոստոսի 23-ին Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը եւ վստահեցրել է, որ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը:

Նա նախ նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ տարին մի քանի անգամ ավելի ազատ ռեժիմով հանդիպումների ավանդույթ է ձեւավորվել, եւ այդ հանդիպումների ընթացքում քննարկվում է հայ- ռուսական հարաբերությունների բազմաբովանդակ օրակարգը, եւ Սոչիի հանդիպումը դրանցից մեկն էր: «Մենք ոչ միայն խաղաղապահ ուժերի մասով քննարկում չենք անցկացրել, այլ, ընդհանրապես քննարկում չենք անցկացրել: Ես մի քանի բառով ուղղակի ներկայացրել եմ իրավիճակը, որ այսօր տիրում է շփման գծում, եւ ասել եմ իմ պատկերացումը մեր հարեւանի մտադրությունների հետ կապված: Ընդամենը: Ուրիշ որեւէ այդպիսի հարց չենք քննարկել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը։

Սարգսյան-Պուտին հանդիպման հետ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության կապի մասին հարցին նա պատասխանել է, որ այդ երկու իրադարձությունների միջեւ կապը քիչ հավանական է համարում, մանավանդ, որ ամերիկացի նախորդ համանախագահողն էլ պաշտոնաթողությունից հետո նույնպես ավելի ազատ կարգավիճակով էր կարծիք հայտնել բանակցությունների վերաբերյալ: «Հոգլանդը թողնում է իր աշխատանքը եւ մի օր իր եզրակացությունը շատ ավելի ազատ կարգավիճակով պետք է հայտներ, որովհետեւ մի բան է լինել գործող համանախագահ, մեկ այլ բան է, երբ պաշտոնաթող է: Եթե հիշում եք՝ նախորդն էլ էր այդպես: Ընդհանրապես, այդպիսի ավանդույթ է ձեւավորվել, որովհետեւ այդ դեպքում նրա խոսքերը չեն պարտավորեցնում՝ վաղը, մյուս օրը նա բանակցությունների չի մասնակցելու, որպեսզի կողմերից մեկը նրա խոսքերին հղում չանի, չասի՝ դու այսպես ասացիր: Ինչ վերաբերում է Հոգլանդի ասածներին, ապա ինձ համար, իհարկե, բացարձակապես նորություն չէ: Բայց շատ-շատերի համար, կարծում եմ, ապացույց է այն բանի, որ նախկինում սխալ էին մեկնաբանում մեր դիրքորոշումն ու մեր հանդիպումները: Այս մասին բազմիցս խոսել են համանախագահ երկրների ղեկավարները, եւ ընդհանուր առմամբ այդ դրույթներն առաջ են քաշվել արդեն 10 տարուց ավելի է: Դա ընդամենը ընդհանրական մոտեցում է: Որպեսզի այդ դրույթներն իրագործվեն, օրերով, շաբաթներով, ամիսներով պետք է փաստաթղթավորել, որովհետեւ յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր ստորակետ այդ փաստաթղթում շատ մեծ նշանակություն ունի»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Սոչիի հանդիպման ու Ռիչարդ Հոգլանդի ելույթի կապը՝ որպես Վաշինգտոն-Մոսկվա իրար հակադիր գործընթացներ դիտարկելը, թերեւս, իսկապես չափազանցություն է:
Սակայն կա մի հանգամանք, որին այլեւս ուշադրություն չդարձնել չի ստացվում: Դա հետեւյալ հարցն է՝ ի՞նչ մթնոլորտում հանդիպեցին Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Սոչիում:

Սարգսյան-Պուտին հանդիպման ֆոնը

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Ռուսաստանից ԼՂ խնդրով ինչ-որ «քամիներ» են փչում, ու վստահաբար՝ ոչ պատահական: Մի օր ռուսաստանյան «Ռեգնում»-ում հրապարակում է ի հայտ գալիս ուշագրավ «նրբերանգներով», թե՝ «Մոսկվան պետք է երկխոսություն սկսի ԼՂ խնդրով՝ Ռուսաստան-Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ ֆորմատով»: Քիչ անց ՌԴ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նախագահ Գենադի Զյուգանովն է որոշում ԼՂ կարգավորման թեմային անդրադառնալ՝ շեշտելով, որ «առանց Ռուսաստանի Կովկասում երբեք չի լինի ո՛չ խաղաղություն, ո՛չ հանգիստ», ու ցույց է տալիս լուծումը. առաջարկում է ԼՂ հիմնահարցի լուծման խորհրդային տարբերակը՝ «կիրառելով տարբեր ժողովուրդների համակեցության խորհրդային փորձը»։

Ադրբեջանական կայքերի չմարող «աստղ» Սերգեյ Մարկովն էլ շարունակում է այդ երկրի ԶԼՄ-ների վերջին ամիսներին բարձրացրած հիստերիկային համահունչ խոսել: Արդեն տեւական ժամանակ Ադրբեջանի իշխանությունների տոտալ վերահսկողության տակ գտնող կայքերը ուղղորդված մեկ թեզ են առաջ տանում՝ «Հայաստանը դավաճանում է Ռուսաստանին», «Հայաստանում հակառուսական տրամադրություններ են» եւ այլն: Ահա, այդ գծին հավատարիմ հանդես է գալիս Մարկովը, որը խոսում է Հայաստանում հակառուսական տրամադրությունների մասին, նույնիսկ «ահազանգում», թե «Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի համար թշնամի պետություն, ինչպես Ուկրաինան է»:

Ռուսաստանյան եթերում էլ տարբեր փորձագետներ ահազանգում են արդեն, թե «Հայաստանում հակառուսական տրամադրությունները մոտ են ծայրահեղ կետին հասնելուն», որ ՌԴ իշխանությունները բավարար աշխատանք չեն տանում իրենց դաշնակից երկրների հասարակությունների հետ, ինչը, ըստ նրանց՝ «հիանալի կերպով անում է Արեւմուտքը», «Հայաստանը Ուկրաինայի ճանապարհով է ընթանում», «Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ ընդլայնել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ» եւ այլն: Մոսկովյան Политком.ru  լրատվական-վերլուծական կայքում քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը եւս վերջերս «Декоммунизация: made in Armenia» ծավալուն հոդվածում Ռուսաստանի իշխանություններին առաջարկել էր աշխատել Հայաստանի հասարակության հետ:

Այսքանին կարելի էր հանգիստ վերաբերվել, բայց, ինչպես երեւում է, թեման լրջանում է, հատկապես ԼՂ խնդրի ուղղությամբ: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին Մոսկվայում կհանդիպեն, տեղեկացրեց «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր-Վահրամ քահանա Մելիքյանին: «Նախնական տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ Մոսկվայում: Նրանք քննարկելու են Ղարաբաղյան հակամարտությանն ու տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր»,- ասել է Տեր-Վահրամը: Հանդիպումը կազմակերպվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ:

Սոչիում Սարգսյան-Պուտին հանդիպմանը որ Ղարաբաղյան խնդրի քննարկում չի եղել, դա նշանակում է, որ թերեւս պաշտոնական Երեւանը պահպանում է իր դիրքորոշումն ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների մասով, եւ հայկական կողմից Պուտինը որեւէ նոր բան լսելու կարիք չուներ: Բայց, փաստորեն, Մոսկվան ԼՂ խնդրով եւ ԼՂ կարգավորման շրջանակներում որոշակի աշխատանք, այնուամենայնիվ, տանում է: Ի դեպ, այդ աշխատանքն, ինչպես երեւում է, «ընդգրկուն» է, եթե հաշվի առնենք սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումը:

Օրեր առաջ ադրբեջանական կայքերից մեկն էլ հղում կատարելով Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցության տարածած հաղորդագրությանը՝ կուսակցության Բարձրագույն խորհրդի անդամ, Ռուսաստանի Պետդումայի կրթության եւ գիտության կոմիտեի փոխնախագահ Բորիս Չեռնիշովին, հայտնում էր, թե այդ կուսակցությունը մտադիր է մոտ ապագայում Մոսկվայում նախաձեռնել չճանաչված հանրապետությունների իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների համագումար: Կարելի է ենթադրել, թե «ժողովրդական դիվանագիտության» գաղափարն ինչու է դուր եկել ալիեւյան ռեժիմի լրատվամիջոցներին: Բայց դա չէ կարեւորը:

Ժիրինովսկուն, իհարկե, շատերը, լուրջ չեն համարում, բայց անհերքելի է, որ նա պուտինյան Ռուսաստանի ջատագով է եւ իր անլրջությամբ էլ ներկայացնում է այսօրվա Ռուսաստանի շահը, որը նույն կերպ պատկերացնում են նրանից ավելի լուրջ համարվող ռուսաստանցի գործիչներ, պարզապես այլ կերպ են մատուցում: Ի դեպ, հարկ է հիշեցնել, թե ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի վերաբերյալ ինչ դիրքորոշում ուներ Ժիրինովսկին. «Թքած Հայաստանի վրա: Ո՞ւմ է պետք Հայաստանը: Այնտեղ պարբերաբար ելույթներ կլինեն: Փոքր երկիր, լեռների մեջ, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, ոչ մի հեռանկար, ոչ մի տնտեսություն: Այնտեղ արդեն միլիոն հայ է մնացել: Իսկ ողջ աշխարհում նրանք 6 միլիոն են: Բոլորը փախել են. Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ: Այնտեղ ապրելու տեղ չկա, լեռներ են»,- ասել էր նա Life.ru հեռուստաալիքին տված հարցազրույցում: Լրագրողի դիտարկմանը, թե «այնտեղ մեր ռազմակայանն է տեղակայված, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ինչպե՞ս կարելի է թքած ունենալ ռազմավարական դաշնակցի վրա», Ժիրինովսկին պատասխանել էր. «Այ, որ թքեն մեզ վրա, ռազմակայանը կհանենք: Ծնկաչոք կխնդրեն, որ ռազմակայանը վերադարձնենք: Այդ ռազմակայանը նրանց փրկությունն է: Հակառակ դեպքում թուրքերն ու ադրբեջանցիները նրանց կջնջեն երկու կողմից: Ուստի Հայաստանի մասին կարիք չկա անհանգստանալու: Նրանք մեզնից չեն հրաժարվի, քանի որ այդ դեպքում նրանց վերջը կգա»:

Եթե Ժիրինովսկին իսկապես Մոսկվայում շրջանառության մեջ է դրել ԼՂ կարգավորման գործընթացի շրջանակներում «ժողովրդական դիվանագիտության» ձեւաչափի ստեղծման գաղափար, ապա պետք է պարզել, թե ովքե՞ր են լինելու դրա հայ մասնակիցները:

Սկիզբը` այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 30.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նաիրի Ուրարտացի says:

    Նախ Բազեն չի կարող համահայկական երիտասարդական հավաք անվանվել: Մտածեք,եթե ունակ եք մտածելու, կհասկանաք:
    Երկրորդ, Պուտինն ու Սերժիկը լինելով Սովետական պետության անվտանգությունն ապահովելու
    կոչված կառույցի՝ ԿԳԲ -ի աշխատողներ, լավ գիտեն, որ իրենց կառույցը, մեղմ ասած, այնքան էլ
    լավ չապահովեց ՍՍՀՄ-ի անվտանգությունը, և այն քանդվեց:
    Հարց՝ Ինչպես են հանդուրժում իրենց երկրի ղեկը պետության հանդեպ տարրական պարտականության մեջ թերացող անձերին թե Ռուսատանի քաղաքացիները, թե՝ Հայաստանի
    քաղաքացիները: Արդյոք վստահում ու հանդուրժում են, ահա հարցերի հարցը: Վտագված է
    թե Ռուսատանը, թե Հայաստանը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031