Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական խանդն ու ադրբեջանական ատելությունն ընդդեմ ՀՀ ինքնիշխանության

Սեպտեմբեր 02,2017 12:00

Ո՞ւմ է խանգարում իրենից հետաքրքրություն ներկայացնող ու ամրության ձգտող Հայաստանը

Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտնի ծավալուն հարցազրույցից հատկապես մի հատված իրարանցում է առաջացրել: Ի՞նչ էր ասել Ռիչարդ Միլսը. «Հայաստանը լավ աշխատանք է տանում՝ հավասարակշռելով հարաբերությունները իր բոլոր հարեւանների՝ ներառյալ Ռուսաստանի, Իրանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ: Հայաստան գալուն պես իմ դիրքորոշումը հստակ է եղել՝ ԱՄՆ-ը Հայաստանի հետ իր հարաբերությունները երբեք չի դիտարկել որպես «զրո» արդյունքով մի խաղ, այսինքն՝ մեր հարաբերությունները պետք է ավելի ամուր, խորը լինեն, սակայն այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները պետք է վատանան: Դա երբեք չի եղել ԱՄՆ կառավարության նպատակը, եւ չեմ կարծում, որ դա Հայաստանի կառավարության նպատակն է: Բայց պետք է հստակ լինեմ՝ պարզորոշ ասել ենք, որ մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է ինքնիշխան որոշումներ կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, եւ վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետեւելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ: Կարծում եմ՝ լավ օրինակ ունենք Հայաստանի ունակության առումով՝ հավասարակշռելու իր շահերը եւ աշխատելու Միացյալ Նահանգների հետ: Դա Հայաստանի մասնակցությունն էր Վրաստանում կայացած ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր» զորավարժություններին, որոնք այս օգոստոսի սկզբին էին: Հայաստանը պետք է հպարտ լինի, որ ՀԱՊԿ միակ անդամն էր, որ մասնակցեց այդ զորավարժություններին եւ շատ կարեւոր ներդրում ունեցավ՝ ապահովելով բժշկական ծառայությունը, որը սպասարկում էր մասնակից բոլոր երկրներին: Դա օգնեց Հայաստանի զինված ուժերին, այդ զորավարժություններին ու Եվրոպայում անվտանգության ապահովմանը»:

Իսկ հարցին` ԱՄՆ-ի պատժամիջոցները ինչ-որ կերպ կարո՞ղ են անդրադառնալ հայ օլիգարխների վրա, դեսպանը պատասխանեց. «Կարծում եմ՝ հարցը պետք է լիներ՝ հայ օլիգարխները ի՞նչ ազդեցություն ունեն Հայաստանի զարգացման վրա: Սա մի հարց է, որի մասին Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը պետք է մտածեն: ԱՄՆ պատժամիջոցները, որոնք Կոնգրեսը ընդունեց, ուղղված են Ռուսաստանի դեմ եւ թիրախավորում են Ռուսաստանի տնտեսության որոշակի հատվածներ ու անհատների: Դեռ վաղ է հետեւություն անել, թե այդ պատժամիջոցներն ինչ ազդեցություն կունենան Ռուսաստանի նկատմամբ, սակայն գիտեմ, որ ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը՝ վստահ լինելու, որ պատժամիջոցները կհասնեն իրենց նպատակին: Մենք նպատակ չունենք, որպեսզի այդ պատժամիջոցները ազդեն Հայաստանի տնտեսության կամ Հայաստանում մեր գործընկերների վրա»:

Արդեն անդրադարձել ենք Հայաստանի շուրջ վերջերս նկատվող կասկածելի «ուշադրության» որոշակի նոպաներին: Ռուսաստանից ու Ադրբեջանից հետեւողականորեն Հայաստանը Ռուսաստանի թշնամի ներկայացնելու կամ Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի վերաբերյալ «դժգոհությունների» ու «մտահոգությունների» պակաս վերջերս չի նկատվում:

Հետաքրքիր է, որ այդ տրամադրություններն ի հայտ եկան Հայաստան-Իրան հարաբերություններում զարգացման նոր ազդակների, հայ-չինական, հայ-իսրայելական շփումների եւ, իհարկե, ՆԱՏՕ-ի երկու զորավարժություններին Հայաստանի մասնակցությունից հետո: Ի դեպ, նկատենք, որ սեպտեմբերի 3-11-ը Ախալցխայի մոտ՝ Օրֆոլո ռազմական զորավարժարանում կսկսվեն ԱՄՆ-ի եւ Վրաստանի կողմից կազմակերպվող Agile Spirit 2017 ռազմական զորավարժությունները: Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության՝ զորավարժություններին կմասնակցեն Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Բուլղարիան, Լատվիան, Ռումինիան: Զորավարժությունները կներառեն դաշտային եւ շտաբային փուլեր. դրանց նպատակն է ընդլայնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում, ինչպես նաեւ փոխգործակցությունն ԱՄՆ-ի եւ այլ գործընկեր երկրների միջեւ: Agile Spirit զորավարժությունները՝ սկսած 2011թ-ից, անցկացվում են ամեն տարի Վրաստանում, դրանց սկզբում մասնակցում էին՝ ԱՄՆ-ը եւ Վրաստանը, այնուհետեւ 2015-ից միացան այլ երկրներ:

Եթե անգամ իշխանական մակարդակում դժգոհություններ չարտահայտվեն, պարզ է, որ ռուսական կողմից «խանդի տեսարաններ» կլինեն` փորձագիտական, քաղաքագիտական շրջանակներից: Բոլորովին անսպասելի չէ, որ այս ֆոնին հենց ռուսաստանցի փորձագետներն են ադրբեջանական կայքերում սկսել չբացառել, որ «Եվրամիությունը կարող է հետաձգել փաստաթղթի ստորագրումը Հայաստանի հետ»:

Փաստորեն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ռուսական խանդն ու ադրբեջանական ատելությունը միաձուլվել են ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Ու դա ունի իր պատճառները: Ռուս-ադրբեջանական շահերին համահունչ է թույլ, ոչ վճռական, Ղարաբաղյան բանակցություններում անվստահ հայկական իշխանությունների առկայություն:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ներկայացրել է մի դիրքորոշում, որն արտահայտում է ընդամենը Վաշինգտոնի պատկերացումները: Նրանք ընդամենը ցանկանում են համոզված լինել, որ Հայաստանը կարող է ինքնիշխան որոշումներ կայացնել` տնտեսական, քաղաքական մոդելի ընտրության հարցում:

Իսկ մի՞թե ՀՀ քաղաքացիները դա չեն ցանկանում… Մի՞թե այս տարիների ընթացքում մենք չենք դժգոհել, ընդդիմացել Հայաստանի ոչ բավարար ձայնի, դիրքի ու ազդեցության բացակայության տարբեր առիթներով:

Հետեւաբար ո՞ւմ է խանգարում ամրության ձգտող Հայաստանը… Սա հռետորական հարց չէ, բոլորի համար էլ պարզ է պատասխանը, պարզապես ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունը նենգափոխելու պատրաստակամ անհատները կսկսեն այս ամենը շրջել հօգուտ սեփական համոզմունքների, իսկ արդյունքը կլինի սա. «տեսեք, Արեւմուտքը մեծացրել է ազդեցությունը Հայաստանի վրա», «ահա, Արեւմուտքը երկրորդ Ուկրաինա է տենչում Հայաստանում», «չի կարելի թույլ տալ, որ արեւմտյան գործիչները «թունավորեն» Հայաստանը» եւ այլն…

Սա առավել քան պարզունակ ու վաղուց բոլորին ձանձրացրած թատրոն է, պարզապես պետք է կարողանալ ընկալել «անհանգստացնողների» ու «մտահոգվողների» իրական դրդապատճառներն ու եզրակացություններ անել:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 01.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930