Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւյան ռեժիմն ու կոռուպցիոն հերթական սկանդալը

Սեպտեմբեր 08,2017 12:00

Սկիզբը` այստեղ

«Ռոսօբորոնէքսպորտ»-ն ու ադրբեջանական էլիտան

Բրիտանական հեղինակավոր The Guardian-ում հրապարակված` «Ադրբեջանական լվացքատուն» հետաքննության հոդվածը բացահայտեց Ադրբեջանի իշխող էլիտայի կողմից 2.9 մլրդ դոլարի գաղտնի սխեմայի իրականացման մասին, եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու եւ գումարներ «լվանալու» բազմաթիվ դեպքերի մասին, որոնք իրականացվել էին բրիտանական ոչ թափանցիկ ընկերությունների միջոցով: Սա փաստացի Ադրբեջանի կողմից միջազգային լոբբինգի մի մաս է` կանխելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված քննադատությունը եւ նպաստելու այդ երկրի դրական «իմիջի» ձեւավորմանը։

Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետաքննությամբ զբաղվող կենտրոնի` OCCRP-ի բացահայտած փաստերով պարզվել է, որ Ադրբեջանի իշխող էլիտայի գաղտնի «սեւ դրամարկղը» նախատեսված է եղել ոչ միայն եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու եւ շքեղ իրեր ձեռք բերելու համար, այլեւ այլ մութ գործարքների համար: Պարզվում է, «սեւ դրամարկղ»-ում վճարում է կատարել «Ռոսօբորոնէքսպորտ»-ը՝ արտասահմանում ռազմատեխնիկայի վաճառքի ռուսական մոնոպոլիստը: Ուսումնասիրվել են 2012-2014թթ. տվյալներ, որոնց համաձայն` Մեծ Բրիտանիայի ընկերությունները գրանցված են եղել ադրբեջանական կեղծ անուններով: Կազմակերպությունները սպասարկվել են դանիական բանկերից մեկի էստոնական մասնաճյուղում:

Ինչպես արդեն նշել ենք, գումարների շարժի մասին տվյալները ստացել են Berlingske թերթի դանիացի լրագրողները, իսկ ավելի ուշ հետաքննությանը միացել են գերմանական, բրիտանական, ֆրանսիական եւ բուլղարական պարբերականները: Գումարների մեծ մասն անցել է ադրբեջանական բանկերի հաշվին: Խոշոր դոնորներից է եղել (1,4 միլիարդ) International Bank of Azerbaijan-ը, որն ավելի ուշ սնանկ հայտարարվեց:

Պարզվում է՝ 2012թ. «Ռոսօբորոնէքսպորտը» մոտ 29 միլիոն դոլար է փոխանցել ադրբեջանական ընկերություններից մեկի հաշվին: Առնվազն 1,8 միլիոն դոլար «Ռոսօբորոնէքսպորտը» փոխանցել է ընկերության, որն, ըստ «Պանամական փաստաթղթերի», պատկանում է Օրհան Էյուբովին՝ Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովի որդուն: «Ռոսօբորոնէքսպորտի» գումարները փոխանցվել են նաեւ մեկ այլ օֆշորային ընկերության, որը միջնորդ է հանդիսացել Ադրբեջան ռուսական ցեմենտի վաճառքում: Գնորդը եղել է հոլդինգ, որը պատկանում է Արիֆ Փաշաեւին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աներոջը, այժմ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հորը: Ի դեպ, «Ռոսօբորոնէքսպորտը» հրաժարվել է մեկնաբանել, թե որն է եղել վճարումների իրական պատճառը:

2012-2013թթ. բրիտանական ֆիկտիվ ընկերությունը Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովին եւ նրա որդուն՝ Եվրոպայի խորհրդում երկրի դեսպան Էմին Էյուբովին, ամերիկյան լավագույն հիվանդանոցներից մեկում բուժման համար 12 հազար դոլար է փոխանցել: Իսկ 2013թ. հունվարին Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Հասիմովը բրիտանական ընկերությունից 18 հազար դոլար է ստացել «ԱՄՆ-ում կրթական ուղեւորության համար»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարն ու Ադրբեջանի «դրական» իմիջը

«Ադրբեջանական լվացքատուն» սխեմայով հետաքննությամբ պարզել է, որ բրիտանական ընկերություններից վճարումներ է ստացել նաեւ Կալին Միտրեւը, որն անցյալ տարի նշանակվել է Լոնդոնում տեղակայված Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի խորհրդի անդամ: Իսկ Միտրեւի կինը բուլղարացի քաղաքական գործիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան է: Մասնավորապես, 2013թ. հոկտեմբերի 25-ին Միտրեւի հաշվին Polux Management-ի կողմից փոխանցվել է 20 հազար եվրո: Գումարը փոխանցվել է իբր «կառավարչական ծառայությունների» համար: Գումարը ստանալուց երեք օր առաջ Միտրեւի կինն անցկացնում էր ֆոտոցուցահանդես՝ «Ադրբեջան. հանդուրժողականության տարածություն»:

Ադրբեջանի իշխանությունները հսկայական գումարներ են ծախսում նման միջոցառումների վրա՝ մեղմելու համար մարդու իրավունքների ոտնահարումների համար արեւմտյան երկրներից եկող քննադատությունները: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան քիչ չի օգնել Ադրբեջանի իշխանություններին երկրի համար դրական հեղինակություն ձեւավորելու հարցում: Օրինակ՝ 2010թ. Ադրբեջանի առաջին տիկին, այժմ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան պարգեւատրվեց Մոցարտի շքանշանով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն պարգեւը հանձնեց հենց Իրինա Բոկովան: Նրա ամուսինը՝ Կալին Միտրեւը, Ադրբեջանից փողերի լվացմամբ զբաղվող արհեստական գրանցված բրիտանական ընկերություններից 2012-2014թթ. ստացել է, ընդհանուր առմամբ 425 հազար եվրո: Միտրեւի խոսքով՝ ինքն այդ գումարները ստացել է ադրբեջանական ընկերություններին ցուցաբերած խորհրդատվական ծառայությունների համար:

Մեծ գումարներ են փոխանցվել նաեւ լոբբիստական գործունեության համար: 2014թ. Լոնդոնում CNN-ի նախկին պրոդյուսեր Էքարտ Սագերը բրիտանական ընկերություններից ստացել է մոտ 2 մլն եվրո՝ Ադրբեջանի կառավարությանը եւ նրա հայացքները քարոզելու համար: Սագերը որեւէ մեկնաբանություն այս կապակցությամբ չի տվել: Ադրբեջանի իշխանությունների եւս մեկ շահառու եղել է Անգլո-ադրբեջանական հանրության անդամ Ջովդաթ Գուլիեւը, որն, ընդհանուր առմամբ, ստացել է շուրջ 400 հազար ֆունտ: Ինքը՝ Գուլիեւը, նույնպես չի մեկնաբանել: Գանձապահները հետաքննությունն ամբողջությամբ չեն կարողացել պարզել՝ որտեղից են գալիս այդ գումարները:

Նշենք, որ պաշտոնական Բաքուն սեպտեմբերի 5-ին հանդես եկավ ծիծաղելի արձագանքով: Փողերի լվացման փաստերը Ադրբեջանը ոչ ավել, ոչ պակաս համարում է Ջորջ Սորոսի եւ հայկական լոբբիի «կեղտոտ համագործակցության» արդյունք: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ո՛չ Ադրբեջանի նախագահը, ո՛չ նրա ընտանիքի անդամները որեւէ առնչություն չունեն այդ հոդվածներում հնչեցրած մեղադրանքների հետ: «Մեզ հայտնի է, որ դրա ետեւում կանգնած են Ադրբեջանի եւ նրա ղեկավարության դեմ հանդես եկող Ջորջ Սորոսը եւ նրա համախոհները, որոնք միջազգային հանրության մեջ արժանիորեն խաբեբաների, խարդախների եւ կեղծարարների համբավ են վայելում: Այսօր Ջորջ Սորոսի կեղտոտ գործերը պետք է լուրջ քննության ենթարկվեն: Նրա հետ համագործակցող հայկական լոբբին կեղտոտ արշավ է վարում Ադրբեջանի նախագահի եւ նրա ընտանիքի անդամների դեմ: Սակայն, չնայած այդ փորձերին, դրանք ոչ մի արդյունք չեն տալիս:

Միայն այն փաստը, որ Guardian-ում տպագրված հոդվածի հեղինակներից մեկը ազգությամբ հայ Դինա Նահապետյանցն է, եւս մեկ անգամ ապացուցում է, որ այդ ստոր մեղադրանքները նույնպես այն հերթական կեղտոտ գործողություններից են, որին դիմում է համաշխարհային հայությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Transparency International-ը պահանջում է հետաքննել Ալիեւների կոռուպցիոն գործունեությունը եւ պատժել ներգրավված անձանց

Միջազգային հակակոռուպցիոն Transparency International կազմակերպությունը կոչ է արել հետաքննել Ադրբեջանի կողմից եվրոպացի գործիչներին կաշառելու փաստերը եւ պատժել բոլոր այն անձանց ու կազմակերպություններին, ովքեր ներգրավված են եղել այդ գործում: Կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ այն բանից հետո, երբ Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետաքննությամբ զբաղվող կենտրոնի անդամները հրապարակել են նոր հետաքննության արդյունքներն Ադրբեջանի իշխող էլիտայի կողմից Եվրոպայում հակաօրինական գործունեության վերաբերյալ, որոնց արդյունքում հետաքննություն իրականացրած վեց երկրի (Չեխիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն եւ ԱՄՆ) լրագրողները պարզել էին, որ Ալիեւների ընտանիքը երկու տարի շարունակ տնօրինել է 2,9 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին` ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար:

«Շոկային է տեսնել, որ հարգված այնպիսի հաստատություններում, ինչպիսին է ԵԽԽՎ-ն, որոշ քաղաքական գործիչներ վաճառքի են հանվում եւ գումարի դիմաց փակում են աչքերը կաշառակերության ու մարդու իրավունքների խախտումների դիմաց: Նրանք պետք է պատժվեն, եւ մենք ճնշում կգործադրենք իշխանությունների վրա, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն: Պատմությունն այստեղ չի ավարտվում»,- հայտարարել է Transparency International-ի ղեկավար Ժոզե Ուգազը: Նրա խոսքով՝ հետաքննությունը ցույց է տալիս, որ անգամ այն երկրներում, որտեղ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցված, ինչպես Դանիայում է, վերահսկող մարմինները ձախողում են գումարների լվացման դեմ օրենքի կիրառումը:

Transparency International-ի հայտարարության մեջ նշվում է, որ իրենք սեպտեմբերի 7-ին կոռուպցիայի հետաքննությամբ զբաղվող ԵԽԽՎ հատուկ խմբին են ներկայացնելու ապացույցներ՝ պահանջելով դեպքի լիարժեք ու թափանցիկ հետաքննության իրականացում:

Որոշ լրագրողների՝ բնակարաններ, որոշների՝ բանտախցեր

Բրիտանական The Guardian-ում հրապարակված իրավամբ սկանդալային հոդվածը միակը չէր, որ ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների իրական դեմքը: Իր խմբագրականում ամերիկյան The Washington Post-ը անդրադարձել է որոշ այլ ուշագրավ փաստերի: Հուլիսի 22-ին՝ Ադրբեջանում «Մամուլի ազգային օրը», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 255 բնակարան է նվիրել լրագրողներին` «հիմնավորելով» արարքն այսպես` «խոսքի ազատությունն Ադրբեջանում ապահովված է»: Այս թեմային իր խմբագրականում անդրադարձել է ամերիկյան The Washington Post-ը:

Թեեւ Ադրբեջանի առաջնորդը խոսում է ազատության մասին, բայց իրեն պահում է բռնակալի պես, գրում է թերթը` հավելելով, որ Ալիեւի իշխանության օրոք շարունակական պատժիչ արշավ է ընթանում այլախոհ գիտնականների, իրավապաշտպանների եւ լրագրողների նկատմամբ: Դրանցից մեկը Խադիջի Իսմայիլովան է՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցը, որը խիզախ հետաքննությամբ բացահայտել էր Ալիեւների ընտանիքի անդամների թաքնված հարստությունը եւ այլ ճշմարտություններ: Դրա պատճառով Իսմայիլովան հայտնվեց բանտում եւ ազատ արձակվեց 18 ամիս անց՝ 2016թ. մայիսին: Ի պատասխան բնակարանների բաշխման՝ Իսմայիլովան գովեստի խոսքեր էր հնչեցրել նրանց հասցեին, ովքեր «հաղթահարել են իրենց ցանկությունները եւ որպես կաշառք բնակարաններ չեն ստացել»: Պարոն Ալիեւը, որն իշխանությունը ժառանգել է հորից՝ նավթով հարուստ նախկին խորհրդային հանրապետության առաջնորդից, կառավարում է ուժով եւ պարգեւատրում է նրանց, ովքեր իրեն հավատարիմ են՝ շարունակում է թերթը եւ մատնացույց անում Ադրբեջանի վերջին անկախ լրատվական գործակալության՝ «Թուրանի» տնօրեն Մեհման Ալիեւի կալանավորման փաստը: «Ոչ ոք չպետք է խաբվի ո՛չ մամուլի ազատության մասին նախագահի գեղեցիկ խոսքերով, ոչ էլ լրագրողներին կաշառելու նրա փորձով: Ճշմարտությունը չի կարող բանտարկվել կամ կաշառվել»,- եզրափակում է թերթը:

Սկիզբը` այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 07.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930