Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից փողերի լվացումն ու կոռուպցիոն գործընթացները` ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի «թոփ» թեմա

Սեպտեմբեր 09,2017 16:00

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցում ամրագրվել է
«Ադրբեջանի կողմից փողերի լվացման գործընթացները» ձեւակերպումը

Հոկտեմբերի 9-ին Ստրասբուրգում մեկնարկելիք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի գլխավոր թեմաներից մեկը կլինի Ադրբեջանի պարտավորությունների մասին զեկույցը:

Երեկ Փարիզում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը հաստատեց այդ զեկույցը: Հանձնաժողովի նիստում ծավալված քննարկման ընթացքում խստացվեցին փաստաթղթում տեղ գտած որոշ ձեւակերպումներ:

«Առավոտը» Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մասնակցած ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեց` մասնավորապես ի՞նչ խստացումներ եւ նոր դրույթներ են տեղ գտել զեկույցում, տիկին Նաղդալյանը տեղեկացրեց. «Համազեկուցողներ ավստրիացի Ստեֆան Շենախի եւ ռումինացի Ցեզար Ֆլորին Պրեդայի ներկայացված զեկույցում` որպես մոնիտորինգի տակ գտնվող երկիր, խոսվում է Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների մասին: Հնչեցին նաեւ իրարամերժ կարծիքներ: Թերեւս կարեւորն այն է, ինչպես հոլանդացի պատվիրակ Թինի Կոքսն ասաց, որ սրանք այն պարտավորություններն ու հանձնառություններն են, որ ամեն երկիր կամովին ստանձնում է ԵԽ-ին անդամակցելիս: Սակայն դրանց կատարումը, ըստ պատվիրակի, Ադրբեջանի պարագայում մնացել է երազանքի տեսքով»:

Հերմինե Նաղդալյանի բնորոշմամբ` զեկույցը բավականին քննադատական է, թեեւ կարծիքներ են հնչել նաեւ, որ այդ զեկույցում բավականին փափուկ ու դիվանագիտորեն են մտքեր արտահայտված:

Զեկույցում անդրադարձ է կատարվում Ադրբեջանում գոյություն ունեցող խնդիրներին գրեթե բոլոր ոլորտներում. իշխանության թեւերի տարանջատման խնդիր, խորհրդարանի դերակատարություն, գործադիր իշխանության հաշվետվողականություն, որը բավականին ցածր մակարդակի վրա է, արդարադատության համակարգ, որը հեռու է անկախ ու անկողմնակալ լինելուց, դատական մարմինների անկախություն, Եվրոպական դատարանի վճիռների կատարում, քրեական օրենսդրության կամայական օգտագործում` որպես տարակարծություն ունեցողների կարծիքների սահմանափակման միջոց: Բավականին մանրամասն ներկայացված են այն բոլոր ճնշումները, որոնք կան ԶԼՄ-ների նկատմամբ:

Նշենք նաեւ, որ մեկ շաբաթ հետո համազեկուցողները կրկին այցելելու են Ադրբեջան, որից հետո զեկույցը կլրացվի, ինչն էլ քվեարկության կդրվի հոկտեմբերյան նստաշրջանին:
Տիկին Նաղդալյանը փաստեց, որ զեկույցի մեմորանդումը` փաստագրական նյութերը, որոնք ստացել են զեկուցողները, այս անգամ պատրաստվել է շատ ավելի բազմակողմանիորեն, այն լուրջ փաստագրական տեղեկատվական նյութով հագեցած է: Բայց նաեւ պնդումներ են եղել, որ բանաձեւում ամրագրված լինեն ճնշումների ենթարկված իրավապաշտպանների եւ լրագրողների անունները:

Տեղեկացնենք նաեւ, որ մինչեւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի մեկնարկը Ադրբեջանին քննադատող եւս մեկ զեկույց է ներկայացված` իրավական հարցերի հանձնաժողովում: Այն վերնագրված է «Ադրբեջանի նախագահություն. ինչ հետեւանքներ կան»: Տիկին Նաղդալյանի ներկայացմամբ` դժգոհություններն Ադրբեջանի հասցեին դեռ կային նրա նախագահության տարում` 2.5 տարի առաջ, երբ հարց էր բարձրանում` ինչպե՞ս կարող է նման երկիր ստանձնել նախագահությունը: Բայց ըստ կարգի` Ադրբեջանին տրվեց այդ հնարավորությունը, ու նաեւ ժամանակին որոշում կայացվեց, որ Ադրբեջանին նախագահությունից հետո մեկ տարի է տրվում բոլոր այդ փոփոխությունները կատարելու համար: Այդ ժամանակ էլ նախաձեռնություն եղավ պատրաստելու եւս մեկ զեկույց Ադրբեջանի վերաբերյալ: Տիկին Նաղդալյանն ասաց, որ այդ զեկույցի քննարկումը միտումնավոր ձգձգվել է, հիմա զուգահեռաբար երկու զեկույց է ներկայացված, ուստի մեկից մյուս վրա են գցում: Այս զեկույցում նաեւ կետ է մտցվել Ադրբեջանում կոռուպցիոն գործընթացների հետ կապված:

Տիկին Նաղդալյանը զրույցի ավարտին ընդգծեց նաեւ, որ երկու զեկույցներում էլ կա Ադրբեջանում փողերի լվացման վերաբերյալ դրույթը, որը մոտավորապես ձեւակերպված է այսպես. «Ադրբեջանում վերջին մի քանի տարիների ընթացքում փողերի լվացման լայնամասշտաբ գործընթացներ են կատարվում, որոնք նպատակ ունեն ազդեցություն գործել ԵԽԽՎ պատվիրակների եւ զեկուցողների վրա, որպեսզի արգելակեն Ադրբեջանի նկատմամբ քննադատությունը»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

08.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930