Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Ոչ պոռնկություն են քարոզում, ոչ էրոտիկա» (տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2017 12:53

«Ինչ-որ անհասկանալի բան է կատարվում. պարոն Բագրատյանը որոշել է օրիգինալ երևալ, պատերազմ է հայտարարում հայոց լեզվին, հետո առաքելական եկեղեցուն, հիմա տեսնենք՝ հաջորդը ո՞րն է լինելու», – խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառմանը: Հրանտ Բագրատյանը մեղադրել է Առաքելական եկեղեցուն առ այն, որ վերջինս երկու անգամ խանգարել է հայկական պետականության կայացմանը:

«Դեպի սուրբ երրորդություն, դեպի մեր Հիսուս Քրիստոս տանող ամենաճշմարիտ ճանապարհը Հայ առաքելական եկեղեցին է»,- արձանագրում է առաքելական եկեղեցու հետեւորդ Էդուարդ Շարմազանովը։

Իսկ նախկին վարչապետի այն դիտարկմանը, որ Հայ եկեղեցին կամավոր երկու անգամ կործանել է տվել հայոց պետությունը, հակադարձում է. «428 թվականին եթե հայ իշխանների հոգևոր ու աշխարհիկ դասի մեջ եղել է մի կառույց, որը դեմ է եղել պետության կործանմանը, որը ամեն ինչ արել է պետությունը պահպանվի և դիմել է իշխաններին, դա եղել է սուրբ Սահակ կաթողիկոսը»։ Ըստ նրա, եկեղեցին ժողովրդի հետ միասին պայքարել է, իսկ ահա Ավարայրի ճակատամարտում գլխավորել է պայքարը։ «428-ից 652 թվականներին, որևէ արտաքին սպառնալիք չունենալով, մենք պետություն ենք կորցրել։ Սա կատարյալ անգրագիտություն է։ Արդեն 387 թվականին Հայաստանը բաժանվել է Պարսկաստանի և Հռոմի միջև, իսկ 591 թվականին Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Եվ ամենակարևորը՝ ի տարբերություն շատ եկեղեցիների, մեր եկեղեցին և եղել է հայ ընտանիքի, և հայ հավատքի կրող, և փոխարինել է հայ պետությունը, մեր եկեղեցին եղել է գիտության, մտքի, կրթության օջախ։ Մեզ մոտ զարգացել է գիտությունը։ Ես չեմ հասկանում սրա իմաստը։ Սա կատարյալ անգրագիտություն է։ Եթե նպատակ ունի սեպ խրել պետության և եկեղեցու միջև, չի ստացվի։ Եկեղեցին որևէ կապ չունի մեր պետության կործանման հետ», – ասաց Էդուարդ Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Հրանտ Բագրատյանը նպատակ ունի սեպ խրել եկեղեցու եւ պետության միջեւ: Ինքն էլ ասում է`չի ստացվելու. «Չի կարելի այդ բոլշևիկյան ու կոմունիստական կեղծ մտածելակերպով այսօր գալ ու մեկնաբանել հայոց պատմությունը: Ի՞նչ եք ուզում եկեղեցուց: Ձեռքներդ հեռու պահեք եկեղեցուց, ազգն ու եկեղեցին միասնական են»:

Լրագրողների դիտարկումներին, որ երկրում ներդրումներ չկան, զարգացում չկա, բայց անընդհատ եկեղեցիներ են կառուցվում, ԱԺ փոխխոսնակը հակադարձեց. «Ես կողմ եմ եկեղեցիներին, որովհետև եկեղեցին միակ վայրն է, որտեղ մարդը մտնում է ու ստանում դրական էներգիա: Աստծունը` Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին: Ասենք, մեր երկրի պրոբլեմների համար եկեղեցինե՞րն են մեղավոր: Ամենաճիշտ ներդրումը եկեղեցի կառուցելն է»: Լրագրողները նկատեցին, որ եկեղեցի կառուցելով կարծես պաշտոնյաները մեղքերն են քավում: «Մեղքերը միայն Աստծո մոտ են քավում, ոչ թե եկեղեցի կառուցելով: Իսկ ո՞վ մեղավոր չէ»,- պատասխանեց բանախոսը: Ինչ մնում է եկեղեցի կառուցելու փոխարեն տնտեսության մեջ ներդրումներ անելուն, նա ասաց. «Եկեղեցի կառուցելը չի կարելի հակադրել տնտեսության զարգացմանը: Եվ ձեռքներդ հեռու պահեք հայ եկեղեցուց»:

Մեկ այլ դիտարկման էլ, որ ըստ Սահմանադրության՝ եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից, բայց այսօր մուտք է գործել բանակ ու դպրոց, ԱԺ փոխխոսնակը հակադարձեց. «Լավ է արել, բա ի՞նչ պետք ա անի: Բա կարո՞ղ է աղանդավորական շարժումներն անեն: Եկեղեցին մեր սուրբ եկեղեցին է, և պետք ա եկեղեցու ժամերն ավելացնեն դպրոցներում: Ու ոչ միայն դպրոցում, բուհում էլ, ձեր շրջապատում էլ: Ոչ պոռնկություն են քարոզում, ոչ էրոտիկա: Եկեղեցին պետք ա քարոզի ու շատ ճիշտ է, որ բանակում «Հայր մեր»-ով են սկսում: Պիտի պառլամենտում էլ, ամեն տեղ էլ մենք կարողանանք ունենալ այդ հոգեւոր զարթոնքը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տ. Պարթև վրդ. Բարսեղյան says:

    Շատ ճիշտ է նկատում Պրն. Շարմազանովը: Պրն. Բագրատյանը, ըստ հերթականության, թիրախավորում է ազգային մեր սրբությունները (լեզու, Եկեղեցի) և փորձում իր անհեթեթ և միայն իրեն հասկանալի մեկնաբանություններով ու դիտարկումներով վարկաբեկել մեր սրբազան արժեքները:
    Այդ երկու սյուները` Մայրենի լեզու և Մայր Եկեղեցի, ճիշտ այն գլխավոր, սուրբ և նվիրական նպատակներն են եղել և մնում հայ ժողովրդի համար, որոնք իրագործվել են ամեն գնով, երբ աշխարհի որևէ մասում հաստատվել են հայեր, և հատկապես Ցեղասպանությունից հետո: Այսօրվա սփյուռքյան կյանքի հենքը հենց այդ երկու սյուներն են, որոնք փորձում է պիտակավորել Պրն. Բագրատյանը:
    Մնում է սպասել, ինչպես Պրն. Շարմազանովն է դիպուկ նկատում, Պրն. Բագրատյանի հաջորդ հարձակման փորձին, որը տրամաբանորեն պետք է լինի հայ ընտանիքը: Բոլորովին չպետք է զարմանալ, եթե հաջորդիվ Պրն. Բագրատյանը առաջարկի օրինականացնել միասեռականների ամուսնությունը` հայ ավանդական ընտանիքի մոդելը պատճառաբանելով որպես Հայաստանի տնտեսության զարգացման խոչընդոտ:
    Այնպիսի տպավորություն է, որ Պրն. Բագրատյանը, պատգամավորական գործունեության ավարտից հետո, ուշադրության պակաս է զգում և փորձում այն լրացնել մեր ժողովրդի սրբությունների հանդեպ ներկայացնելով նման անհեթեթ և անհիմն մեղադրանքներ: Իբրև ՀՀ նախկին բարձր պաշտոնյա շատ լավ կլիներ, որ հասարակության ուշադրությունը նա իր վրա սևեռեր խելամիտ և ազգանպատ առաջարկներով:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930