Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճատեւ պոռթկում Մոսկվայից

Սեպտեմբեր 14,2017 12:00

Սկիզբը` այստեղ

Փոխգործակցության ընդլայնման հեռանկարներ ու հնարավորություններ

Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով պաշտոնական այցով մեկնեց Պեկին, որտեղ այցելության առաջին իսկ օրը Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվեց «Պոլի գրուպ» ընկերությունում, որը պաշտպանական, էներգետիկ եւ հանքարդյունաբերության, անշարժ գույքի եւ մշակույթի ոլորտներում մասնագիտացած ընկերություններից խոշորագույններից է Չինաստանում: «Վերջին տարիներին ընկերությունը հսկայական առաջընթաց է գրանցել նաեւ ռազմարդյունաբերության ոլորտում՝ սպառազինության համաշխարհային շուկա ներմուծելով տարբեր զինատեսակներ, որոնք հաջողությամբ մրցակցում են ավանդաբար այդ շուկայում առաջնային դիրքեր զբաղեցնող երկրների համանման արտադրանքի հետ։ Ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով երկու ժողովուրդների ավանդական եւ բարեկամական հարաբերությունները, պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ քննարկումները պաշտպանական ոլորտում փոխշահավետ համագործակցության հեռանկարների եւ հնարավորությունների շուրջ»,- ասվում էր ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանին։ Հայ-չինական բանակցությունների ընթացքում «կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է մեծացնել ջանքերը պաշտպանական ոլորտում հայ-չինական փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ, առավել եւս, որ դրա համար անհրաժեշտ ներուժն առկա է։ Համաձայնություն է ձեռք բերվել ինտենսիվացնել փոխադարձ շփումները։ Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին տարիներ շարունակ Հայաստանի պաշտպանական ոլորտին անհատույց օգնություն տրամադրելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարի գնահատմամբ՝ դա հայ-չինական բարեկամական հարաբերությունների վկայություններից մեկն է։ Հանդիպման ավարտին ստորագրվել է հերթական` 10 միլիոն յուանի օգնության տրամադրման համաձայնագիրը»,- նշվում է ՊՆ-ի հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 5-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Սյույ Ցիլյանի հետ (խորհրդի նախագահը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինն է)։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է այցի ընթացքում կայացած բանակցությունների մանրամասները՝ նախանշելով պաշտպանական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներն ու հնարավորությունները։ «Հայաստանն ու Չինաստանը վաղուց եւ արդյունավետ համագործակցում են բազմաթիվ ուղղություններով, այդ թվում նաեւ պաշտպանական հարցերում։ Մասնավորապես՝ ակտիվ փոխգործակցություն է ծավալված ռազմական կրթության եւ հումանիտար ոլորտներում։ Բայց ժամանակակից մարտահրավերները պարտադրում են առավել խորացնել համագործակցությունը՝ միասնական ուժերով դրանց դիմակայելու համար։ Հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակի վկայություններից մեկը փոխադարձ հավասարակշռված դիրքորոշումն է երկու երկրների համար կարեւոր եւ զգայուն հարցերում։ Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության հարցում Չինաստանի հետեւողական եւ կառուցողական դիրքորոշման համար»։ Կողմերը համակարծիք են եղել, որ հայ-չինական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, որի իրացման ուղղությամբ անհրաժեշտ է ջանքեր գործադրել. «Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահի գնահատմամբ՝ Հայաստանը Չինաստանի համար վստահելի եւ անկեղծ բարեկամ ու գործընկեր է։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցությունն առավել խորացնելու հարցում»։

Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հյուրընկալվել է Չինաստանի Շանսի նահանգում։ Շուրջ 35 միլիոն բնակչություն ունեցող նահանգի վարչական կենտրոն Սիանում կայացել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդաազատագրական բանակի Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու բարեկամ երկրների փոխգործակցությունը դինամիկ կերպով կզարգանա նաեւ պաշտպանական ոլորտում։ Չինական կողմն, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան նոր խթան կհանդիսանա այդ գործում։

Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցը Պեկին ակնհայտորեն պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարների եւ հնարավորությունների քննարկումն է եղել: Դրականորեն պետք է արձանագրել, որ Հայաստանը պաշտպանական ոլորտում դիվերսիֆիկացման փորձ է անում: Ռազմական գործակցությունը Հայաստանի եւ Չինաստանի միջեւ նկատելի է, որ ունի խորացման հեռանկարներ:

Մի հեռացված հոդվածի պատմություն

Թե ինչ աստիճանի կարեւորության էր Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան՝ կարելի է դատել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ամենաազդեցիկ լրատվական ծառայության` «ՌԻԱ Նովոստի»-ի կայքում տեղ գտած, այնուհետեւ հեռացված մի հոդվածից, որը վերնագրված էր այսպես. «Չինաստան՝ զենքի ետեւից. ռուսական «Սմերչը» եւ «Իսկանդերը» արդեն չեն բավարարում Հայաստանին»:

Ռուսաստանյան իշխանական քարոզչամեքենայի միջոցով բացասական եւ հեգնական շեշտադրումներով հոդվածում հստակ պաշտոնական Երեւանին հասկացնում էին, որ Մոսկվային դուր չեն եկել պաշտոնական Երեւանի քայլերը, եւ ՌԴ-ն հավանություն չի տալիս անվտանգության ոլորտում Հայաստանի համագործակցությանը այլ պետությունների հետ: Հոդվածագիրը տարակուսանք էր հայտնում, թե Ռուսաստանը մի շարք պայմանագրեր է կնքել Հայաստանի հետ զենքի մատակարարման մասին, ընդամենը երկու տարի առաջ է ստորագրվել վարկային համաձայնագիրը՝ 200 մլն դոլարի չափով ռազմամթերք տրամադրելու մասին, Ռուսաստանը հայկական կողմին մատակարարել է «Իսկանդեր», «Սմերչ», ՏՕՍ 1-Ա «Սոլնցեպյոկ», «ԻԳԼԱ-C» համակարգեր եւ մի շարք այլ զինատեսակներ:

Ու այսքանից հետո Հայաստանը համարձակվում է բանակցե՞լ չինացիների հետ կամ խոսել Չինաստանից զենք գնելու հնարավորության մասի՞ն…

Ավելին` ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն ավելի հեռուն էր գնացել՝ կարծիք հայտնելով, թե Հայաստանը ոչ թե ցանկանում է զենք գնել Չինաստանից, այլ «ցուցադրական շանտաժ» է անում Ռուսաստանին, որպեսզի իջեցնի Ռուսաստանի կողմից մատակարարվող սպառազինության գինը: Այսինքն՝ պաշտոնական Երեւանը նման քայլերով, Խրամչիխինի համոզմամբ, հիշեցնում է Ռուսաստանին, որ վերջինս զենքի միակ մատակարարը չէ աշխարհում, ուստի կարելի է իջեցնել զենքի գինը:

Մեկ ուրիշ փորձագետ` Կոնստանտին Մակիենկոն էլ եզրահանգումներ է անում, թե Հայաստանը Չինաստանին չի հետաքրքրում ցածր գնողունակության պատճառով, չինացիները պրագմատիկ մարդիկ են, քանի որ փող հաշվել գիտեն, եւ կասկած է հայտնում, թե հազիվ թե գործարք տեղի ունենա Հայաստանի եւ Չինաստանի միջեւ: Հետո հիշեցնում են, որ չինական զենքերը նման են ռուսականին, եւ դրանք տեխնիկական սպասարկման անհրաժեշտություն ունեն:

Ի՞նչ է մնում Հայաստանին, եթե ոչ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը

Մոսկվայի կողմից 200 մլն դոլարի գործարքի մասին պարբերաբար հիշեցումները, «դեմքին խփելն» արդեն անտանելի են դառնում: Դրա մասին ռուսական կողմից հիշեցնում են, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի հակառակորդ Ադրբեջանի հետ Մոսկվան բազմամիլիարդանոց «բիզնես» ունի, եւ ի դեպ, որի «արդյունքը» եղավ այն, որ «երես առած» Ալիեւը անցյալ տարի ապրիլին համարեց, որ կարող է պատերազմ էլ սկսել:

Մոսկվայի խանդը, թերեւս, պայմանավորված է նրանով, Ռուսաստան-Չինաստան դաշինքն էլ իրականություն չդարձավ, ինչի մասին ոչ վաղ անցյալում երազում էին Ռուսաստանում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ի՞նչ է մնում, եթե ոչ տարբեր ոլորտներում դիվերսիֆիկացման ձգտելը, մանավանդ պաշտպանական ոլորտում…

Եթե ամփոփենք հայ-չինական վերջին բանակցությունները, ապա պետք է արձանագրել, որ ռազմարդյունաբերության հսկա համարվող Չինաստանի հետ, որը համաշխարհային անվտանգության մի հիմնասյուն է, հարաբերություններում ունենք կոնկրետ ձեռքբերումներ. չինական կողմը Հայաստանի պաշտպանական ոլորտին անհատույց օգնություն է տրամադրել, հայ-չինական վերջին բանակցություններում ստորագրվել է հերթական` 10 միլիոն յուանի օգնության տրամադրման համաձայնագիր:

Ինչ-որ առումով միանգամայն բնական է, որ Ռուսաստանին, իհարկե նաեւ Ադրբեջանին այս կամ հեռանկարային այլ ծրագրերը հայ-չինական հարաբերություններում կարող են նյարդայնացնել: Մնում է հուսալ, որ հայ-չինական վերջին բանակցությունները բացասական ազդեցություն չեն ունենա Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ավելի բարձր` իշխանական փոխհարաբերությունների վրա: Այդ ժամանակ միայն կարելի է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի»-ում թունոտ հոդվածը սխալմունք համարել եւ ընդունել, թե այն բոլորովին պատահական էր հայտնվել ռուսաստանյան ազդեցիկ այդ գործակալության կայքում: Փաստը, որ հոդվածը հեռացվել է կայքից, հույս է ներշնչում, որ Մոսկվայում գիտակցել են, որ իրավիճակն անհարկի սրելու կարիք չկա:

Սկիզբը` այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 13.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930