Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինյան Ռուսաստանն ընդունելի և անընդունելի բոլոր միջոցներով ձգտում է «ռուսական լուծում» տալ մխացող հակամարտությանը». «Իրատես»

Նոյեմբեր 14,2017 12:03
erjanik abgaryan

Հայաստանի արտաքին հեռանկարների, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ «Իրատեսը» զրուցեց 1990-1999 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի պատգամավոր ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ:

-Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելու: Փաստորեն, կրկին «և-և»-ի քաղաքականությու՞նն է կարևորվում:

-ԵՄ-ի հետ համաձայնագիրն «անպայման» կնքելու այն վստահեցումը, որ կատարում են ՀՀ իշխանական շրջանակները, մակերեսային դիտարկմամբ կարող է տպավորություն առաջացնել, որ շարունակվելու է Օսկանյանի «քոմփլեմենտար» քաղաքականությունը կամ Ձեր ասած «և-և»-ը: Այնինչ Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, իրականում ստիպողաբար հայտնվել է փոխադարձ շահերը չհարգող և թերզարգացած պետությունների արհեստական մի կազմավորման մեջ, որտեղ թելադրողը նախահարձակ Ռուսաստանն է: Մի բանում վստահ եմ` Մոսկվան միջազգային հարթության վրա Հայաստանին չի թողնի որևէ ինքնուրույն քայլ կատարել, եթե նույնիսկ այդ համաձայնագրում չլինի որևէ բան, որն առնչվում է ռուսական շահերին: Ինչպես երեկ, այնպես էլ վաղը Հայաստանի իշխանությունների «քաղաքականությունը» ոչ մի առնչություն չի ունեցել և չի ունենա բացառապես սեփական երկրի և ժողովրդի պետական շահերով ղեկավարվող քաղաքականության հետ:

-Շատ են քննադատություններ հնչում ԵԱՏՄ-ի անդամակցության շուրջ, անգամ խորհրդարանական ընդդիմությունը այդ միությունից դուրս գալու նախագիծ դրեց շրջանառության մեջ: Իշխանությունն էլ փաստեց, որ տնտեսական արդյունքներն այդքան կարճ ժամանակում տեսանելի չեն կարող լինել, իսկ անվտանգության առումով ԵԱՏՄ-ն անհրաժեշտություն է: Ի վերջո, արտաքին քաղաքականության ո՞ր կուրսը կարող է հաջողություն բերել Հայաստանին:

-Այո, նույնիսկ իշխանության վերին էշելոնում գտնվողներից շատերը ոչ պաշտոնական զրույցներում դեմ են արտահայտվել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին: Ի դեպ, ԵԱՏՄ-ի փաստաթղթային բազան զգալիորեն զիջում է մինչ այդ կազմակերպություն մտնելը Հայաստանում գործող հարկային ու մաքսային օրենսդրական բազայի զարգացածությանը: Հայաստանի իշխանությունն իր այդ քայլն արդարացնելու համար նախ հնչեցրեց այն միտքը, թե մեկ տարին բավարար չէ, որ տեսանելի դառնան ԵԱՏՄ-ի անդամակցության հետ կապված «նվաճումները», իսկ ահա վերջերս սկսեց թմբկահարել ինչ-որ տոկոսային թվեր, որոնք «ապացուցում» են, թե իբր դրանք Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության մեջ «դրական» փոփոխությունների են բերելու: Նախ` նշենք, որ իրականում տնտեսավարմանն ուղղված յուրաքանչյուր դրական քայլ առավելագույնը վեց ամսվա ընթացքում տեսանելի է դառնում երկրի բնակչությանը, թեկուզ այդ բնակչությունն իր նյութական վիճակի վրա դա դեռ որևէ կերպ չի զգում: Իսկ արդեն մեկ տարի անց տեսանելի է դառնում որոշ իրական առաջադիմություն, որի արդյունքում հնարավոր է դառնում, թեկուզ նվազագույն չափով, բյուջեում որոշակի հավելյալ գումար մուտքագրել:

Ինչ վերաբերում է վերոհիշյալ տոկոսային թվերին, ապա դրանք հիմնականում արտացոլում են հայ-ռուսական սովորական երկկողմ ապրանքաշրջանառությունը, որը, ավելի կամ պակաս, կար նախկինում և այսօր էլ իրականանում է՝ որևէ լուրջ հետևանքի չհանգեցնելով: Բայց… ինչպես լուրջ հիմքեր չունենք հավատալու հայաստանյան համապետական ընտրությունների և վիճակագրության թվերին, այնպես էլ հավատ չենք կարող ընծայել ԵԱՏՄ-ի անդամակցությունից հետո Հայաստանի տնտեսական առաջադիմության մասին իշխանությունների հնչեցրած վերջին տվյալներին: Ես չեմ հավատում ԵԱՏՄ-ի ապագային ոչ միայն Ռուսաստանի տնտեսական ու գիտատեխնիկական հետամնաց կարողությունների, այլև իր հարևան բոլոր ժողովուրդների նկատմամբ վերջինիս նախահարձակ պահանջատիրության, համաշխարհային ժողովրդավարական արժեքները քամահրելու և ողջ աշխարհին հակադրվելու մշտական կեցվածքի առումով: Ես չեմ հավատում Հայաստանում հնչող այն «հաղթական ճիչերին», թե իբր ԵԱՏՄ մտնելուց հետո Հայաստանի տնտեսությունը դուրս է գալիս իր համարյա տասնամյակ տևող ճգնաժամից: Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելուն, կարծում եմ, այդ մասին վաղաժամ է որևէ կարգի հաստատական պնդում կատարելը:

Իսկ երկրի անվտանգության պատճառաբանությամբ ԵԱՏՄ մտնելն ուղղակի խայտառակություն է: Արտառոցն այն է, որ հայերի ուղեղներում մեխի նման գամել են այն համոզմունքը, թե իբր ռուսները հայերի և Հայաստանի միակ ու անփոխարինելի «փրկիչն» ու «բարեկամն» են: Վերջին ենթահարցը ցույց է տալիս, որ մենք, մեղմ ասած, լավ չենք պատկերացնում մեր երկրի հետագա գոյության հիմքերը: Անկախ երկիր ունեցող ժողովուրդը պարտավոր է իր ղեկավարությունից պահանջել, որ վերջինս իր ներքին և արտաքին քաղաքականությունը ենթակայացնի և ձևավորի բացառապես երկրի պետական և ազգային իրական շահերի պահանջների հիման վրա: Այս դեպքում եթե դրվում է մասնավորապես անվտանգության հարց, ապա արագությունների մեծացման և ժամանակի ու տարածության կրճատման այս դարում իրական և վստահելի դաշնակիցներ գտնելն էլ ավելի հեշտ է: Չպետք է մոռանալ, որ դաշնակցի ընտրությունը կատարվում է ո՛չ թե զոհի տառապյալ ու վախվորած կերպարանք ընդունելով, կամ դիմացինի նկատմամբ սիրուց հալումաշ լինող կուրտիզանուհու հավատարմության հավաստիքներ տալով, կամ էլ դիվանագիտական արարողակարգային ռևերանսների հարթակում պահանջված ձևեր թափելով, այլ, ի շարս այլոց, միջազգային իրողությունների ու հանգամանքների հաշվառման և փոխադարձ իրական շահերի ու ձգտումների համընկնման թվաբանական հաշվարկով: Այս գործում ևս կեղծ ու պատիր և իր դարն արդեն վաղուց անցած ավանդապաշտությունը վնասակար է: Չերկարացնեմ, ներկայումս ես գրում եմ «Անվտանգության մասին» վերնագրով մի ընդարձակ հոդված, որը կշարունակի նաև այս հարցի պատասխանը: Թե դա երբ կվերջացնեմ, ինձ էլ դեռ հայտնի չէ:

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930