Լրահոս
Օրվա լրահոսը

Լիսաբոնի սխալը Բրյուսելում չի կրկնվի

Նոյեմբեր 16,2017 12:00

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ մեծացել է հավանականությունը, որ նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի:

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստանն ու ԵՄ-ն ծրագրում են ստորագրել Հայաստանի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Շաբաթներ առաջ որոշակի անհանգստությունների մասին տեղեկություններ շրջանառվեցին թե՛ համաձայնագրի ստորագրման, թե՛ գագաթնաժողովի հռչակագրում Հայաստանի համար ոչ այնքան բարենպաստ ձեւակերպումների տեղ գտնելու հավանականության վերաբերյալ: Այս մասին հոկտեմբերի 17-ին «Առավոտ»-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Դավիթ Շահնազարյանը:

Երեկ «Առավոտ»-ի հետ զրույցում Դավիթ Շահնազարյանը նշեց, որ հիմա շատ ավելի լավատես է, քան շաբաթներ առաջ. «Մեծացել է հավանականությունը, որ նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի, հուսանք, որ այդ օրը կստորագրվի, եթե ոչ այդ օրը, ապա գուցեեւ ավելի ուշ: Կարծես թե, քաղաքական խնդիրներ չկան, խոչընդոտները կարելի է համարել տեխնիկական: Ռուսաստանի կողմից էլ այս պահին որեւէ խոչընդոտ գոյություն չունի»:

Նա նկատեց, որ վերջին շաբաթներին բավական ակտիվ ու հետեւողական աշխատանք է տարվել Հայաստանի կողմից ԵՄ անդամ երկրների հետ. «Թե՛ ՀՀ արտգործնախարարության, թե՛ խորհրդարանական դիվանագիտության ջանքերով հնարավոր է դարձել շոշափելի արդյունքների հասնել, մասնավորապես, դրական էր վերջերս «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված բանաձեւը»: Նա հավելեց նաեւ, որ Կիեւում, բացի «Եվրանեսթ» ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության արձանագրած նշյալ ձեռքբերումից, կարեւոր էր արդյունավետ աշխատանքը հայ-ուկրաինական ոչ այնքան հարթ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: «Սա կարեւոր է՝ հաշվի առնելով Ուկրաինայի ազդեցությունը ԵՄ կառույցներում»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Ինչ վերաբերում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված բանաձեւին, ապա հիշեցնենք, որ ըստ հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի՝ դա կարեւոր ու հայանպաստ քաղաքական փաստաթուղթ է, եւ միաձայն ընդունված ուղերձում Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու բովանդակային բանակցություններ վերսկսել ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտի համապատասխան։ «Ազատությանը» տված հարցազրույցում Արմեն Աշոտյանն ասել էր, որ «այս ուղերձով հայկական պատվիրակությանը նախեւառաջ հաջողվեց Ղարաբաղյան հարցը տարբերակել գոյություն ունեցող այլ հակամարտություններից»։

Պարոն Շահնազարյանը շեշտեց, որ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի նախագծում հայկական դիվանագիտության կողմից էական աշխատանք է տարվում՝ թե՛ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության, թե՛ խորհրդարանի իշխանական կուսակցությունների եւ ընդդիմադիր դաշինքների, թե՛ հասարակական սեկտորի եւ թե՛ փորձագիտական հանրության կողմից:

Իսկ ի՞նչ պետք է անել այդ դեպքում, եթե Բրյուսելի գագաթնաժողովում, այնուամենայնիվ, չփոփոխվի հռչակագրի ներկայիս նախագիծը եւ տեղ գտնի միայն երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը՝ որպես բոլոր հակամարտությունների կարգավորման հիմք՝ հարցրինք Դավիթ Շահնազարյանին: Մեր զրուցակիցը նկատեց. «Ի տարբերություն 2015թ. Ռիգայի գագաթնաժողովում ընդունված հռչակագրի՝ հիմա այս ձեւակերպումը հայտնվել է Կատալոնիայում հայտնի զարգացումների արդյունքում՝ հաշվի առնելով ԵՄ անդամ երկրների վերաբերմունքը այդ գործընթացների հանդեպ: Եթե հռչակագրում մնա միայն երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը՝ որպես կարգավորման միակ հիմք բոլոր հակամարտությունների համար, ապա վստահ եմ, որ չի կրկնվի 1996թ. Լիսաբոնի գագաթնաժողովի սխալը՝ բանավեճ սկսել՝ հակադրելով տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները: Պետք է գագաթնաժողովում հարց բարձրացնել, որ ԵՄ անդամ երկրները հերթական անգամ պաշտպանեն ԵԱՀԿ Մինսկին խմբի համանախագահների ձեւաչափը եւ սատարեն նրանց ջանքերն ու մոտեցումները, եւ այստեղ շատ ակտիվ պետք է գործի նաեւ Ֆրանսիան՝ ԵՄ առանցքային անդամ երկրներից մեկը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն է: Այնուամենայնիվ, շատ հստակ պետք է հասկանալ, որ ԵՄ անդամ 28 երկրների հետ ստորագրվող ՀՀ-ԵՄ համաձայնագիրն անժամկետ է եւ ունի շատ ավելի բարձր կարգավիճակ, քան գագաթնաժողովի մերթընդմերթ փոփոխվող հռչակագրերը: Ավելին՝ նույնիսկ հռչակագրի դրույթների պահպանման դեպքում ՀՀ-ԵՄ հռչակագրից ակնհայտ է դառնում, որ այդ ձեւակերպումը չի վերաբերում ԼՂ հակամարտությանը»:

Դավիթ Շահնազարյանը կարեւորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրումը. «Ինչպես հայտնի է, Ադրբեջանը եւս սկսել է ԵՄ-ի հետ բանակցություններ նման փաստաթուղթ ստորագրելու շուրջ, թեեւ գործընթացը բավական բարդ է՝ կապված Ադրբեջանում ներքին իրավիճակի հետ՝ մարդու իրավունքների, մամուլի ազատության եւ ժողովրդավարական այլ սկզբունքների պաշտպանության հարցում այդ երկրում տիրող վիճակով: Հետեւաբար չափազանց կարեւոր է, որպեսզի Հայաստանն առաջ անցնի Ադրբեջանից, որովհետեւ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը չի կարողանալու խուսափել ԼՂ հակամարտության վերաբերյալ այն ձեւակերպումներից, որոնք ամրագրված են ՀՀ-ԵՄ համաձայնագրում: Դրական հանգամանք է, որ այս հարցում Հայաստանն Ադրբեջանից առաջ է անցել, եւ համաձայնագրի ստորագրումը խիստ կարեւոր է Հայաստանի անվտանգության համար՝ հաշվի առնելով համաձայնագրում ԼՂ հարցով ձեւակերպումները»:

Անդրադառնալով Ռուսաստանի փորձագիտական շրջանակներից ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման առնչությամբ երբեմն հնչող խանդոտ մեկնաբանություններին՝ Դավիթ Շահնազարյանը նկատեց. «Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրի ստորագրումը որեւէ կերպ չի հակասում թե՛ հայ-ռուսական հարաբերություններին, թե՛ Հայաստանի պարտավորություններին ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում: Հակադրել ու փորձել հակասություններ գտնել այս դաշտում կոպիտ սխալ է, չկան նման հակասություններ»:

Պարոն Շահնազարյանի գնահատմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջերս բավական ակտիվություն է ցուցաբերում, ինչը ըստ նրա՝ խիստ դրական է: «Հատկապես կշեշտեի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Իսրայել: Այդ այցին նախորդել էր ամիսներ առաջ Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի՝ Երեւան կատարած այցը, որի ընթացքում ընդգծվեց, որ հայ-իսրայելական հարաբերություններում «ճեղքում է գրանցվել»: Այժմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրավերով Հայաստանի արտաքին գործերի նախարարը մեկնեց Իսրայել: Այս քայլերը վկայում են այն մասին, որ նշանակալի գործընթացներ են իրականացվում թե՛ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, թե՛ անվտանգությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: Հուսով եմ, որ Հայաստանը կշարունակի նրբորեն գործել՝ պահպանելով բազմակողմանի հարաբերությունները հարեւան Իրանի հետ՝ միաժամանակ զարգացնելով հարաբերությունները Իսրայելի հետ»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 15.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930