Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի դեպքերը և մենք

Հունվար 21,2018 12:00

Թրամփի ընտրվելով՝ աշխարհում շատ փոփոխություններ տեղի ունեցան: Կարծում ենք՝ առաջիկայում ավելի շատ տեղի կունենան: Ամենաերևացողն Իրանում տեղի ունեցած ընդդիմության ակտիվացումն է: ԱՄՆ նախագահի ընտրությունների ընթացքում կարծիք կար, որ Թրամփը Ռուսաստանի «մարդն» է, և էդպես կարծողներն էդ կարծիքը հաստատող բազմաթիվ փաստեր էին հրապարակում: Այնքան ասացին, որ ռուսներն էլ մի պահ հավատացին, որ Թրամփն իրենցն է: Բայց ժամանակը ցույց տվեց, որ Թրամփն անկանխատեսելի նախագահ է:

Փորձառու քաղաքագետները պնդում են, որ ով էլ լինի ԱՄՆ նախագահը, առաջնորդվելու է ԱՄՆ-ի շահերով: Հակված ենք կարծելու, որ Թրամփի դեպքում էլ է այդպես, բայց շատ հնարավոր է, որ ԱՄՆ տարբեր նախագահներ ԱՄՆ շահերը տարբեր կերպ են պատկերացնում: Համենայնդեպս, Թրամփը կարծես թե չի թաքցնում, որ ինքն ԱՄՆ շահերը միանգամայն այլ կերպ է պատկերացնում, քան, ասենք, Օբաման: Բոլոր դեպքերում ԱՄՆ նախորդ նախագահները Թրամփի համեմատ շատ ավելի կանխատեսելի էին: Հատկապես Ռուսաստանի և երկու Կորեաների հետ հարաբերություններում: Նաև՝ Իրանի առումով էին առավել կանխատեսելի:

Ասում են, որ Իրանի ընդդիմության գործողությունները ղեկավարվել են Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կողմից: Ասում են նաև, որ Իրանի ընդդիմությանը Միացյալ Նահանգներից են ուղղորդում: Բայց Իրանի նախկին նախագահն անհամեմատ ավելի հակաամերիկյան կողմնորոշում ու դիրքորոշում ուներ, քան Իրանի ներկայիս ղեկավար Հասան Ռոհանին: Ուրեմն ի՞նչ է Իրանից ու Իրանի իշխանություններից պահանջում Միացյալ Նահանգները: Փաստորեն, կոնկրետ ոչինչ: Եթե վաղը վերստին Ահմադինեջադը նախագահ դառնա, վերջինիս դեմ էլ գործողություններ կձեռնարկվեն ու կծավալվեն:

Այսինքն՝ այնուամենայնիվ, քաղաքականության մեջ կան հավերժական թշնամիներ: Եթե ոչ հավերժական, ապա չափազանց երկարաժամկետ: Էս դեպքերում դրանք ԱՄՆ-ն ու Իրանն են: Բայց էս օրերին որոշ իրանագետներ ու թուրքագետներ կարծիք հայտնեցին ու հերքեցին Իրանում տեղի ունեցող ընդդիմադիր շարժման ամերիկյան ծագումը: Ավելին. նրանցից մեկը նույնիսկ կարծիք հայտնեց, որ Իրանում սկսված ընդդիմադիր շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի ու Չինաստանի կողմից: Սա ևս կարծիք է: Ընդ որում՝ միանգամայն բնական ու տրամաբանական կարծիք, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Իրանի ներկայիս ղեկավարն ավելի դեմոկրատ ու արևմտամետ է, քան Ահմադինեջադը: Համեմատաբար: Բայց պիտի հաշվի առնենք նաև, որ քաղաքականության մեջ, մանավանդ արտաքին քաղաքականության մեջ անտրամաբանական և հակատրամաբանական երևույթներ էլ են հաճախ պատահում, և եթե հանկարծ պարզվի, որ էս դեպքում Թրամփը ևս Ռուսաստանի ու Չինաստանի հետ է, առանձնապես չպիտի զարմանանք:

Իրանում տեղի ունեցող այս վերջին իրադարձությունների մեջ այսքան չէինք խորանա, եթե Իրանը մեր մերձավոր հարևանը չլիներ: Ընդ որում՝ բառի բուն իմաստով մերձավոր: Այսինքն՝ ինչքան Իրանում իրավիճակը կայուն ու հանգիստ լինի, այնքան մեզ համար լավ: Ցավոք սրտի, դա մեզնից շատ քիչ է կախված և, ընդհակառակը, մեծապես կախված է Իրանում անկայունություն հրահրողներից:

Պետությունների նախկին ու ներկայիս ղեկավարներն իրարից տարբեր են և երբեմն՝ չափազանց տարբեր, բայց ինչքան էլ Ահմադինեջադն ու Ռոհանին իրարից տարբեր լինեն, ավելի տարբեր չեն կարող լինել, քան Թրամփն ու Օբաման:

Մեր իրանագետներն ու թուրքագետները նաև նշում են, որ Իրանի դեպքերին նաև Ադրբեջանն է խառը: Զարմանալի կլիներ, որ խառը չլիներ: Եթե Ադրբեջանը խառն է, ուրեմն կոնկրետ շահ ունի: Եվ եթե կոնկրետ շահ ունի, բնականաբար էդ շահը նաև հակահայկական բնույթ ու էություն ունի: Եվ եթե Ադրբեջանը խառն է, ուրեմն մենք էլ պիտի խառնվենք: Չգիտեմ՝ ոնց պիտի խառնվենք, բայց որ պիտի խառնվենք՝ դա անհրաժեշտ է, որովհետև Իրանը մեր տարածաշրջանում միակ պետությունն է, որի հետ Հայաստանը, մանավանդ էս վերջին տասնամյակներում, որևէ տարաձայնություն չի ունեցել: Ոչ Ղարաբաղյան հարցում և ոչ էլ ընդհանրապես: Ավելին. թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական շատ հարցերում մենք Իրանի հետ կապված բազմաթիվ ակնկալիքներ ունենք, և եթե հանկարծ Իրանում պրոադրբեջանական ուժերը գան իշխանության, մենք կզրկվենք մեր թերևս ամենահուսալի հարևանից ու դաշնակցից: Աստված չանի, իհարկե, որ նման բան տեղի ունենա, և նման իրավիճակում հայտնվենք: Եվ որպեսզի նման բան տեղի չունենա, ձեռքներս ծալած նստելու իրավունք չունենք: Մենք էլ մեր հնարավորությունների չափով պիտի խառնվենք: Թե ինչպես՝ դա արդեն մեր արտաքին գործերով զբաղվող գերատեսչությունը, քաղաքագետներն ու քաղաքական գործիչները պիտի որոշեն:

Կրոնն ու հավատքը երբևէ հայերի ու իրանցիների միջև թշնամության պատճառ չեն հանդիսացել: Նույնը կարելի է ասել նաև հայերի ու արաբների պարագայում: Ավելին. Ցեղասպանությունից հետո հատկապես Սիրիայում արաբներն ապաստան են տվել անապաստան հայերին:

Կարճ ասած, իրանցիների ու հայերի, արաբների ու հայերի միջև ոչ միայն թշնամություն չկա, այլև, կարելի է ասել, կա բարեկամություն: Մեր համեստ կարծիքով՝ դա պայմանավորված է նաև մեր ու իրենց դարավոր մշակույթով, ինչը չես ասի թուրքերի ու ադրբեջանցիների կապակցությամբ:

Ես չեմ հանդիպել որևէ հայի, ով ուրախանար վերջին տարիներին Սիրիայում տիրող վիճակից: Նաև վստահ եմ, որ աշխարհում որևէ հայ չի ուրախանա վերջին օրերին Իրանում բռնկված խժդժություններից:

Բայց չուրախանալը քիչ է: Պետք է մեր հնարավորության չափով և մեր հնարավորության սահմաններում նպաստենք, որ Իրանում իրավիճակը խաղաղվի:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

20.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031