Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Արմեն Սարգսյանի հետ գրկախառնությունների եւ քննադատությունների մասին

Փետրվար 12,2018 12:27

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին փոխանցեցին, որ իրենց խմբակցության անդամների հանդիպումը ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ քննադատության արժանացավ, մասնավորապես, այդ գրկախառնությունների տեսարանն էր հետաքրքիր: Փաշինյանը բացատրեց. «Արմեն Սարգսյանը, տեսնելով Արամ Սարգսյանին, գրկախառնվել է, որովհետեւ նրանք 20 տարվա եւ ավելի անձնական շփումներ եւ հարաբերություններ ունեն, ընդ որում՝ ընտանիքներով: Եվ դա ոչ մի կապ չունի քաղաքական հարաբերությունների հետ: Է՞լ ինչ լուսանկարներ կային»:

Հարցին՝ Արմեն Սարգսյանը հնարավո՞ր է ինչ-որ բան փոխի մի երկրում, որտեղ բոլոր օրենքները «կարվում» են ապագա վարչապետի համար, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի, ինչի մասին երեկ «Ազատություն» ռ/կ-ով հայտարարեց նաեւ Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանը պատասխանեց. «Նախագահի լիազորությունները արարողակարգային են: Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, ինքը այնպիսի հայտարարություններ է անում, որից կարելի է մեկնաբանել, որ ինքը չի պատրաստվում մարիոնետ լինել նախագահի պաշտոնում: Այդպիսի շեշտադրումներ արվել են նաեւ մեզ հետ հանդիպման ընթացքում: Իսկ թե ինչպիսին կլինի իրականությունը՝ կապրենք, կտեսնենք: Մեր դիրքորոշումը չի փոխվել, ամեն ինչ հայտարարվել է»:

Հարցին՝ դուք ասում եք, որ բոլոր լծակները ապագա վարչապետի ձեռքում են հայտնվում, դա մտահոգիչ է, բայց սահմանադրական փոփոխությունների ժամանակ ձեր կուսակցությունը հայտարարում էր, որ այդ փոփոխությունը կեղծ օրակարգ է ու ըստ էության չպայքարեցիք էլ, ոչ էլ քննարկումներին ներգրավեցիք, այս սցենարը ձեզ համար կանխատեսելի՞ չէր՝ Փաշինյանը պատասխանեց. «Սցենարը, իհարկե, կանխատեսելի էր: Այն, ինչ այն ժամանակ ասել եմ Սահմանադրության վերաբերյալ, ասում եմ նաեւ հիմա: Շատ լավ կլինի, որ եթե 2-3 տարի առաջվա տեքստերին հղում է արվում, լավ կլինի ծանոթանալ դրանց բովանդակությանը: Ես ասում էի, որ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կախված չէ Սահմանադրությունից, կախված է նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի է թույլ տալիս, որ նա վերարտադրվի: Ես այսօր էլ եմ նույն բանն ասում: Տվեք ինձ Սահմանադրության ցանկացած տեքստ, որտեղ ամենամեծ լիազորություններն են տրված ում ասես եւ մյուս կողմից ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ, ովքեր ոչ են ասում այդ նախատեսվող պրոցեսին, եւ ես ձեզ կտամ ապացույցը 2015-ին առաջ քաշված թեզի: Ինչի՞ մասին է խոսքը: Նույնիսկ իմ ելույթները կարող եք բացել, նայել, ես ասել եմ՝ այո, Սերժ Սարգսյանի վերարտադրության խնդիրը կա, բայց այդ վերարտադրությունը հիմա չի լուծվում, դա լուծվելու է 2018-ի ապրիլին, քանի՞ քաղաքացի կա, որ պատրաստ է այդ վերարտադրության դեմ պայքարել, սրանից է կախված մնացած ամեն ինչ: Երբ որ պարզվում է, թե ՀՀ քանի քաղաքացի կա, որ նրա դեմ կարող է պայքարել, այն ժամանակ ամեն ինչ ընկնում է իր տեղը»:

Փաշինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը չի հավակնում պաշտոնի ու հանրության այն հատվածի համար, որոնք հավատացել են 2014-ին այդ հայտարարությանը, հիմա իրավիճակը փոխվել է: Նաեւ խորհրդարանական ընտրությունների համատեքստում է, ըստ նրա, իրավիճակը փոխվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728