Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրոք, կա նման ցանկություն». Վահրամ Բաղդասարյանը՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելու մասին

Փետրվար 12,2018 13:35

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին՝ ՀՅԴ-ն ռեյտինգային ընտրակարգի դեմ է եւ ուզում է այն հանել Ընտրական օրենսգրքից, դուք այդ հարցը ձեր կոալիցիոն գործընկերոջ հետ քննարկե՞լ եք եւ ի՞նչ համաձայնության եք եկել: Նա պատասխանեց, որ բազմիցս այդ հարցը քննարկել են ՀՅԴ-ի հետ. «90-ականներին նրանք այդ պնդումն անում են եւ դա իրենց դիրքորոշումն է, իրենց քաղաքական մոտեցումն է, որը մենք հարգում ենք: 2017-ի ընտրություններից առաջ էլ այդ հարցը բարձրացվեց, ՀՅԴ-ն պնդում էր այդ տարբերակը, սակայն մենք բանակցությունների արդյունքում եկանք այն համոզման, որ այսօրվա իրավիճակով ռեյտինգային համակարգը արդարացված է, եւ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի: Իսկ ինչ մնում է հիմա նորից իրենք պնդում են դա, մենքն դեռ քննարկում չենք կազմակերպել»:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այս պահին իրենք նպատակահարմար են գտնում Ընտրական օրենսգրքից այդ կետը չհանել, որովհետեւ միանգամից այդպիսի թռիչքային քայլեր կատարելը կարող է վտանգավոր լինել: Նա ասաց, որ տարեցտարի մեծամասնական համակարգը կրճատվում է, նախապատվություն են տալիս համամասնականին, առանց այն էլ 2017-ին հեղափոխական քայլ են արել՝ ռեյտինգային համակարգը բերելով ու հիմա պետք է այնպես անեն, որ ներդաշնակ լինի, փոփոխությունները պետք է այնպես անեն, որ ցնցումներ չլինեն. «Այսօր եթե մենք այդ համակարգին միանգամից անցնենք, կարող է ունենանք մարզեր, որոնք ընդհանրապես ԱԺ-ում ներկայացված չլինեն»:

Լրագրողները Վահրամ Բաղդասարյանին հարցրեցին՝ Արմեն Աշոտյանը «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասաց, որ վարչապետի պաշտոնում տեսնում է Սերժ Սարգսյանին եւ պատրաստ է նրան առաջարկել վարչապետի պաշտոնում՝ ՀՀԿ-ի կողմից խնդրա՞նք է փաստորեն լինելու, որ Սերժ Սարգսյանը զբաղեցնի այդ պաշտոնը եւ դա չի՞ հակասում Սերժ Սարգսյանի հայտարարություններին, որ ինքը չի հավակնում պաշտոնների: Նա պատասխանեց. «Խնդրանքներով կամ հավակնություններով վարչապետ չեն լինում: Կա այդ տրամադրվածությունը, իհարկե, թեկնածության առումով: Իհարկե, մենք չենք անդրադարձել դեռ այդ հարցին, երբ քննարկումները կկազմակերպենք, յուրաքանչյուր ոք, ով ՀՀԿ անդամ է, առավել եւս՝ խորհրդի անդամ, պարտավոր է ենթարկվելու քաղաքական ուժի որոշումներին: Երբ որ մենք կկազմակերպենք քննարկումները, կկայացնենք որոշում, այդ հարցին կանդրադառնանք: Դրանք ցանկություններ են, եւ իրոք, կա նման ցանկություն: Բավականին լրջանում է այդ հարցը, որովհետեւ մոտենում են օրերը: Յուրաքանչյուրը կարտահայտի իր ցանկությունը, քննարկումների արդյունքում ՀՀԿ-ն կկայացնի իր որոշումը, մի շտապեք: Մենք պատրաստվում ենք նախագահի ընտրություններին»:

Հարցին, բացի Սերժ Սարգսյանից, էլի կա՞ որեւէ անձ, որի հետ կապված ցանկություններ կան՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Առայժմ որեւէ անձի շուրջ քննարկում չի կազմակերպվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728