Լրահոս
Օրվա լրահոսը

Բալկանյան հարցի եվրոպական վերջաբանը եւ նրա հայկական չափումը

Փետրվար 20,2018 22:00

Եվրոպական միությունում վեց ամսով նախագահությունը ստանձնած ԵՄ նորաթուխ անդամ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի Հայաստան կատարած չափազանց կարեւոր եւ հաջողված այցը նոր առիթ ստեղծեց վերաիմաստավորելու ոչ միայն հայ-բուլղարական հարաբերությունները, որոնք ինչ-որ տեղ նաեւ համատեղ մարտական ուղի են հիշեցնում, այլեւ Հայաստանի տեղը եւ նշանակությունը Եվրոպական քաղաքականության համար, եւ հակառակը:

Հատկապես ուշագրավ է, որ այցը համընկավ Եվրոպայում Արեւմտյան Բալկանների եվրաինտեգրման շուրջ թեժացած բանավեճի հետ: Փետրվարի 6-ին ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ ԵՄ-ն նախապատրաստել է նոր լայնամասշտաբ ընդլայնման ծրագիր՝ ուղղված Արեւմտյան Բալկանների՝ ԵՄ-ին դեռ չանդամակցող վեց երկրներին: Դրանք են Սերբիան, Չեռնոգորիան, Կոսովոն, Բոսնիան եւ Հերցեգովինան, Մակեդոնիան եւ Ալբանիան: Նա ասաց, որ 2025 թվականին միացյալ Եվրոպան կարող է ընդունել իր կազմի մեջ այդ վեցյակից մեկին, եւ «դա շրջադարձային պահ, որոշում պետք է դառնա ի շահ Եվրոպայի ապագայի»:

Գաղտնիք չէ, որ սա Եվրոպայի ամենազգայուն տարածաշրջանն է, որը դարերով եղել է նրա «փորատակի վառոդի տակառը» եւ արդեն անցյալում մնացած կայսրությունների մշտական բախման թատերաբեմը, որտեղ երկու Բալկանյան պատերազմներից հետո ատրճանակի մեկ կրակոցը հանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմի: Իսկ թե ինչ եղավ ԽՍՀՄ եւ Հարավսլավիայի փլուզումից հետո եւ արդյունքում՝ դրա ականատեսը եղավ նաեւ մեր սերունդը:

Ռումեն Ռադեւի այցը համընկավ նաեւ Եվրոպայում թեժացած բանավեճի հետ մի այլ շատ կարեւոր թեմայով՝ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այն Ռուսաստանի, որը չի թաքցնում իր մտադրությունը՝ վերջ տալ Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Սառը պատերազմի արդյունքում ձեւավորված աշխարհակարգին, այն Ռուսաստանի, որը փաստորեն արդեն իսկ սանձազերծել է Առաջին համաշխարհային հիբրիդային պատերազմը եւ իր բոլոր ռեսուրսները մոբիլիզացրել իր «հաղթական» նպատակին հասնելու համար:

Իսկ ինչի՞ մասին են բանավիճում Եվրոպայում: Նախ՝ նրանք բանավիճում են, թե արդյո՞ք 2025 թվականն այն իրատեսական ժամկետն է, երբ Բալկանյան վեցյակը կկատարի իր «տնային աշխատանքը» եւ պատրաստ կլինի անդամակցելու Եվրոպական միությանը, թե՞ ոչ: Պետք է խոստովանել, որ Եվրոպան հաճելիորեն զարմացրեց այս անգամ՝ ռազմավարական կարեւորության հարցում իր առաջ նախանշելով բավականին երկարաժամկետ «հորիզոն», ինչը ԽՍՀՄ փլուզումից հետո ձեւավորված «ավանդույթի» պարագայում, երբ քաղաքական որոշումների տրամաբանությունը ոչ այնքան քաղաքական եւ ռազմավարական է, որքան բյուրոկրատական եւ հաշվապահական, պետք է որակել «քայլ առաջ»՝ փոխառելով եվրոպական քաղաքական լեքսիկոնը, բայցեւ իրավամբ արժանին մատուցելով Բրյուսելին եւ մի շարք ազգային կառավարությունների, առաջին հերթին՝ Բեռլինին եւ Վիեննային: Սակայն կան եւ առարկողներ, որոնք դա համարում են «ոչ իրատեսական», հետեւաբար խոսակցությունները Բալկանյան վեցյակի եվրոպական ապագայի վերաբերյալ ժամանակավրեպ են, գուցեեւ անիմաստ:
Սակայն ի՞նչ են նրանք առաջարկում: Եվ ի՞նչ կապ ունենք այս ամենի հետ մենք՝ Հայաստանը եւ հայերս:


Եվրոպայի սրտից՝ Վիեննայից ընդամենը 400 կիլոմետրի վրա է գտնվում Եվրոպայի, բայց քաղաքական Եվրոպայից եւ ՆԱՏՕ-ից ֆորմալ առումով դուրս մնացած ամենախնդրահարույց պետությունը՝ Բոսնիան եւ Հերցեգովինան, իսկ Բալկանյան վեցյակի առաջատար եւ «կամերտոն» Սերբիան սահմանակից է ԵՄ անդամ Խորվաթիային, Հունգարիային, Ռումինիային եւ Բուլղարիային, որոնք նաեւ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ են, ինչպես եւ ՆԱՏՕ-ի անդամ է Չեռնոգորիան: ՆԱՏՕ-ի անդամ է նաեւ արմատական բարեփոխումների ուղին բռնած Ալբանիան: Իսկ առկախված Եվրոպայում, բայց Եվրոպայից դեռ «դուրս» են օրերս իր 10-ամյակը նշած Կոսովոն եւ Մակեդոնիան:
Պատմականորեն կանխորոշված է, որ քաղաքական Եվրոպան գալու է ամբողջացնելու աշխարհագրական Եվրոպան մի քաղաքակրթական-քաղաքական ամբողջականության մեջ: Համենայնդեպս, 1945 թվականից սկսած՝ դա այդպես է, իսկ որ դա այդպես է՝ ցույց տվեցին նաեւ այն գործընթացները, որոնք տեղի ունեցան ԽՍՀՄ փլուզումից հետո՝ արդեն Եվրոպայի արեւելյան մասում, որը ներկայումս համարվում է այլեւս Կենտրոնական, իսկ Արեւելյանը արդեն մենք ենք՝ հետխորհրդային եվրոպական երկրները, այդ թվում՝ մենք, Հայաստանը:

Սակայն ակնհայտ է, որ դա մեկ օրվա կամ տարվա բան չէ, գործընթացը փուլային է՝ պայմանավորված ռազմավարական նշանակության քաղաքական փոփոխություններով: Պարզ է նաեւ, որ մինչեւ իր տրամաբանական ավարտին Բալկանյան հարցը չհասցրած սեփական «փորատակում», Արեւելքում ունենալով այս ամենի գոյաբանական սպառնալիք Ռուսաստան եւ այս ամենը պարբերաբար ապականող, մերժող եւ անարգող Թուրքիա, հազիվ թե Եվրոպայի ռեսուրսը եւ կամքը բավարարի, որպեսզի իր աշխարհագրական արեւելքի եվրոպացի հարեւանների հարցերի լուծմանն ընդհուպ մոտենա, որքան էլ որ դա հիասթափություն եւ մտահոգություն չառաջացնի Թբիլիսիում, Կիեւում եւ Քիշնեւում, իսկ Երեւանում դիտարկվի որպես անորոշ ապագայի հեռանկար:

Սա մարտահրավեր է, սա չհաղթահարված մարտահրավեր է, որը ուղեկցում է եւ դեռ կուղեկցի մեզ առաջիկա տարիներին: Սա ուղեկցում է եւ կուղեկցի նաեւ ԵՄ-ում նախագահող Բուլղարիային, որը դատապարտված է մնալու քաղաքական Եվրոպայի պերիֆերիա, քանի դեռ Արեւմտյան Բալկանների եվրոպականացման հարցը լուծված չէ:
Հարեւանությամբ ունենալով ավելի անկանխատեսելի դարձող Թուրքիա, խնդիրների ներքո կքած Հունաստան, անորոշության մեջ գտնվող Մակեդոնիա եւ Սերբիա, իսկ հյուսիսում՝ համանման ներքին խնդիրներ ունեցող Ռումինիա, եւ ելք ունենալով դեպի Սեւ ծով, որի անվտանգությունը ՆԱՏՕ-ի ռազմավարական առաջնահերթություն է հայտարարված, Սոֆիան, այնուամենայնիվ, ունենալով գլխավերեւում Հյուսիսատլանտյյան պայմանագրի 5-րդ հոդվածի «հովանոցը», ոչ միայն վստահորեն առաջ է նայում՝ հավակնոտ օրակարգ առաջարկելով ԵՄ-ում իր նախագահության վեցամսյակի համար, այլեւ դրսեւորում է ուղղակի պատմական հեռատեսություն: Դրա վկայությունն է այն արժանապատիվ քաղաքականությունը, որը վարում է Բուլղարիան իր հարեւանների հետ՝ ձգտելով կարգավորել բոլոր պատմական կնճիռները եւ թյուրիմացությունները, նորմալացնելու հարաբերությունները Սերբիայի, Հունաստանի հետ, հատկապես՝ Մակեդոնիայի, որտեղ գրեթե նույն լեզվով են խոսում, բայց լեզուն կոչվում է մակեդոներեն: Մյուս կողմից՝ զգուշավորություն, բարի կամք, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ կոշտություն, երբ խոսքը վերաբերում է Թուրքիային, որը վերջին տարիներին բազմաթիվ փորձեր է արել միջամտելու Բուլղարիայի ներքին գործերին:

Եվ Բուլղարիան, լինելով գուցե ամենաշահագրգիռ երկիրը Բալկանյան վեցյակի եվրաինտեգրման հարցում, դրանում տեսնում է նաեւ ի՛ր պատմական շանսն ամբողջացնելու հնարավորությունը: Այս իմաստով Բուլղարիայի պետական այցը Հայաստան ցույց է տալիս Սոֆիայի պատրաստակամությունն ուժերի ներածի չափով նաեւ ձեւավորելու, ուրվագծելու սեփական Կովկասյան քաղաքականությունը, որտեղ շատ կարեւոր դեր է վերապահված Հայաստանին: Իսկ այն սրտագին մթնոլորտը, որն ուղեկցում էր պետական այցն այդ օրերին, լավագույն վկայությունն է այն բանի, որ Սոֆիան եւ Երեւանը շատ բան ընկալում եւ իրար հասկանում են նույնիսկ «առանց խոսքի»:
Բայց Երեւանին պետք է պարզ դառնա, որ Հայաստանը եւ Վրաստանը, հակառակ կողմից, նույնպես պետք է ձեւավորեն եւ ուրվագծեն իրե՛նց Բալկանյան քաղաքականությունը, լինելով ամենաշահագրգիռը նրանում, որպեսզի Բալկանյան վեցյակը որքան հնարավոր է շուտ մաս կազմի միացյալ Եվրոպային, քանզի միայն դրանից հետո քաղաքական Եվրոպայի «ձեռքերը» կհասնեն մեզ: Այդ իմաստով Բուլղարիան, ինչպես տեսնում ենք, պատրաստ է հարթակ դառնալ Հայաստանի, նաեւ Վրաստանի Բալկանյան քաղաքականության համար: Սա նոր չափում է հաղորդում ոչ միայն Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերություններին, այլեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ նոր, չափազանց կարեւոր ուղղություն ուրվագծում Հայաստանի արտաքին քաղաքականության համար:

…30 տարի առաջ այս օրը՝ 1988-ի փետրվարի 20-ին, ԽՍՀՄ-ը ցնցվեց առաջին բազմահազարանոց հանրահավաքից Երեւանում: Նախախնամությամբ էր տրված, որ այդ օրը սկիզբ դներ թե՛ Չարիքի կայսրության կործանմանը, թե՛ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անկախացմանը: Սակայն այդ օրվա եւ դրանից հետո անցած ուղու խորհուրդը ընկալված, իմաստավորված եւ իրականացված կարող ենք համարել, երբ հաղթահարված կլինեն մեծ ու փոքր, սեւ եւ սպիտակ հորդաներից եկող սպառնալիքները, երբ Հայաստանը, Արցախը եւ մեր տարածաշրջանը՝ Հարավարեւելյան Եվրոպան, նույնպես կդառնան քաղաքական Եվրոպայի մաս: Իսկ մինչ այդ դեռ աշխատել, պայքարել եւ պաշտպանվել է պետք՝ աչքի առաջ ունենալով դարից ավելի ձգվող Բալկանյան հարցը, որի եվրոպական վերջաբանի ականատեսն ենք դառնալու պատմականորեն մոտ ապագայում:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

20.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728