Լրահոս
Օրվա լրահոսը

Համբերել, մինչեւ կայանա Պուտին-Թրամփ հանդիպումը

Մարտ 16,2018 12:00

«Մեզ ոչ ոք չէր ուզում լսել։ Հիմա գոնե լսեք»-ի
հասցեատերն անպայման կարձագանքի

Մարտի 18-ին Ռուսաստանում նախագահական ընտրություններ են կայանալու: Ռուսաստանում քարոզարշավի ամենաթեժ օրերն են՝ չնայած կանխատեսելի արդյունքին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին ուղերձներ է հղում մեկը մյուսի հետեւից: Նա լիովին անկեղծ էր, երբ հորդորեց. «Մեզ ոչ ոք չէր ուզում լսել։ Հիմա գոնե լսեք»:

ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգի զարգացման ծրագրին ի պատասխան՝ Ռուսաստանը ստեղծել է նոր միջուկային հրթիռներ, որոնք ի զորու են շրջանցել ամերիկյան հակահրթիռային համակարգը, ասաց ՌԴ նախագահը Դաշնային ժողովին իր ամենամյա ուղերձի ընթացքում՝ ցուցադրելով նոր հրթիռների փորձարկումների տեսահոլովակները եւ վստահեցնելով, որ ցուցադրվածը դեռ ամբողջ նոր սպառազինությունը չէ. «Ռուսական բանակն է՛լ ավելին ունի»:

Ըստ էության դիմելով ԱՄՆ-ին՝ նա ասաց. «Մեզ ոչ ոք չէր ուզում լսել։ Հիմա գոնե լսեք: Եթե Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ որեւէ միջուկային զենք կիրառվի, փոքր կամ միջին, կամ որեւէ այլ հեռահարության զենք, մենք դա դիտելու ենք որպես հարձակում մեր երկրի վրա եւ անհապաղ պատասխան ենք տալու»: Իհարկե, ՌԴ նախագահը նշեց նաեւ, որ Ռուսաստանը չի ցանկանում հարձակվել որեւէ երկրի վրա, պատրաստ է հավասարը հավասարի հետ համագործակցության, եւ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը «այսօր էլ Ռուսաստանի գործընկերներն են»:

Ռուսաստանցի հայտնի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հեղինակած «Աշխարհակարգ 2018» ֆիլմը եւս ուղերձների շարք էր Արեւմուտքին: Միջուկային զենքի վերաբերյալ Պուտինը ֆիլմում հստակեցնում է, որ Ռուսաստանը երբեք միջուկային զենք չի կիրառել՝ ի տարբերություն ԱՄՆ-ի, սակայն եթե լինի Ռուսաստանը ոչնչացնելու վտանգ, Մոսկվան, իհարկե, միջուկային զենք կկիրառի՝ հասկանալով, որ դա «կարող է կործանիչ լինել ամբողջ աշխարհի համար»: «Իսկ մեր ինչի՞ն է պետք աշխարհն առանց Ռուսաստանի»,- ասում է նա: Այնուամենայնիվ, Պուտինը հստակեցնում է, որ ՌԴ-ն կարող է միջուկային զենքը կիրառել միայն որպես պատասխան հարված։ Այնուհետեւ Պուտինն ընդգծում է, որ չի հիասթափվել Դոնալդ Թրամփիցգ «Խնդիրը Թրամփը չէ, խնդիրը համակարգն է», ու հավելում. «Նրա հետ կարելի է համաձայնության գալ, ես տեսնում եմ, որ նրա հետ կարելի է ինչ-որ փոխզիջումներ գտնել»։ Ապա Պուտինը խոսում է ԵՄ-ի հետ երկրի հարաբերությունների մասին՝ նշելով, որ ՌԴ-ն ԵՄ-ի «ամենաանկեղծ գործընկերն է», մինչդեռ «ԵՄ երկրները ինքնուրույն որոշումներ չեն կարողանում կայացնել»:

Իսկ ահա NBC-ին տված հարցազրույցում Պուտինն արձանագրում է. «ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի կողմից փոխադարձ մեղադրանքները ճանապարհ են դեպի «ոչ մի տեղ»: «Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնավարման ժամկետն է, սակայն նա շուտ է սովորում եւ շատ լավ հասկանում է, որ այն մակարդակում, որ երկու երկրները գտնվում են, միմյանց փոխադարձ մեղադրելը «ճանապարհ է դեպի ոչ մի տեղ»,- ասում է Պուտինը:
Իհարկե, որ Պուտինը անկեղծ է, երբ ասում է, որ կցանկանար կանխել Խորհրդային Միության փլուզումը: Բայց միաժամանակ նա մատնացույց է անում այսօրվա Ռուսաստանի խնդիրները՝ հետամնացությունը, ստեղծագործական հզորության ապահովման անհրաժեշտության մասին է խոսում:

Պուտինի կողմից Արեւմուտքին ուժի ցուցադրումը ամենեւին էլ քարոզչական հնարք չէ, նա իսկապես այդ նպատակը հետապնդում է եւ վաղուց էր հետապնդում: Բայց այս ամենի հետ միասին ակնհայտ է, որ Ռուսաստանի ազդեցության մեծացման ջանքերի հետ միասին Պուտինի թիվ մեկ նպատակը, եթե չասենք՝ ամենաառաջնային խնդիրը, Միացյալ Նահանգների հետ հաշտվելն է:

Որքան էլ Ռուսաստանից նախկին Խորհրդային Միության հանրապետությունների նկատմամբ խանդ դրսեւորվի այդ պետություններ Արեւմուտքի «ներթափանցումների» համար, Ռուսաստանն էլ իր հերթին, հենց ինքը՝ Պուտինն է ձգտում Արեւմուտքի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, կարգավորել հարաբերությունները, մոտավորապես գլխում այս հարցի պատասխանը փնտրելով՝ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ է պատրաստվում հանդիպել, խոսել ու բանակցել, իսկ ինչո՞ւ ոչ՝ իր հետ:

Մի օր Պուտին-Թրամփ հանդիպում էլ կկայանա, ու «մեզ ոչ ոք չէր ուզում լսել։ Հիմա գոնե լսեք»-ի հասցեատերն անպայման կարձագանքի: Հարցն այն է, թե ե՞րբ: Որքա՞ն կարող է ձգվել Պուտին-Թրամփ կազմակերպումը: Կախված հնարավոր ձգձգվող ժամկետներից՝ կարեւոր է, թե ինչպես են իրենց դրսեւորելու Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գործընկերները:
Այս առումով Հայաստանի համար քիչ թե շատ շահեկան վիճակ է: Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն առայժմ արդյունավետ համագործակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում եւ գոնե ակնհայտ տարաձայնություններ չունեն խաղաղ բանակցությունների անցկացման անհրաժեշտության առումով, ավելին՝ հրապարակային նշվում է, որ միջնորդները հանդես են գալիս միասնական, նրանք շարունակում են համատեղ հայտարարություններ տարածել, աշխատում են միասին, այցելում են տարածաշրջան, հանդիպումներ են կազմակերպում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Հետեւաբար Հայաստանի ու Արցախի շահերից չի բխում Ռուսաստան-ԱՄՆ լարվածության մեծացումը, առճակատումը, որովհետեւ դա առաջին հերթին կարող է անդրադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վրա, որը փորձում է զերծ պահել Ալիեւին նոր պատերազմական գործողություններից ու սադրանքներից: Պատկերացնել անգամ սարսափելի է, թե ինչ կարող է պատահել, եթե ՌԴ-ԱՄՆ առճակատումն այն աստիճանի հասնի, ու մի օր պարզվի, որ Մոսկվան ու Վաշինգտոնը ԼՂ խնդրի շուրջ խաղաղ բանակցությունների շարունակման անհրաժեշտության հարցով չեն էլ անհանգստանում կամ օրինակ՝ ժամանակ չունեն Արցախի շուրջ հնարավոր իրադարձությունների մասին անգամ մտածելու:

Իսկ պաշտոնական Երեւանին մնում է բացառապես մեկ բան. թե՛ Մոսկվայի, թե՛ Վաշինգտոնի հետ հարաբերությունները հավասարակշռության մեջ պահել՝ մինչեւ կայանա Պուտին-Թրամփ հանդիպումը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 15.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031