02/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

«Վատ քայլերի» պատրվակը
 

«Կովկասում, մասնավորապես՝ Ադրբեջանում եւ որոշ առումով նաեւ Հայաստանում, լուրջ անելիքներ ունենք, որպեսզի այդ երկրները ինչ-որ չափով համապատասխանեն ժողովրդավարության այն չափանիշներին, որոնց ժամանակին հավատարիմ են եղել»: Ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը, երկուշաբթի օրը, դիմելով «Խաղաղության կորպուս» կազմակերպության ղեկավարներին, այսպիսի մտահոգություն է արտահայտել ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Նա կարծիք է հայտնել, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի զարգացմանը խոչընդոտող գլխավոր գործոնը Lեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: «Lեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված կացության պատճառով քաղաքական առաջնորդները երբեմն ոչ այնքան դրական, «վատ քայլերի» են դիմում եւ այդ հակամարտության առկայությամբ էլ արդարացնում են իրենց քայլերը: Ես հաճախ եմ ասում նրանց, որ եթե Lեռնային Ղարաբաղի հարցը չլուծվի, ապա այդ պետություններն ավելի ու ավելի հետ կմնան hարեւաններից, քանի որ տարածաշրջանը շարունակում է զարգանալ»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Կասկած չկա, որ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի այս հայտարարությունը լրջորեն կվրդովի Ադրբեջանի եւ Հայաստանի «ազգակենտրոն» մտածողությամբ համակված շրջանակներին: Այդ շրջանակները, որոնք, որպես կանոն, արտահայտում են իշխող վարչակարգերի դիրքորոշումները (վերջիններիս ազատելով պաշտոնական խողովակներով հակազդելու հետ կապված բազում անհարմարություններից), անմիջապես շրջանառության մեջ կդնեն «Վաշինգթոնի հերթական ինտերվենցիայի», «ամերիկյան տիպի ժողովրդավարության արտահանման» եւ «մեր ինքնության նկատմամբ կատարվող կոպիտ ոտնձգության» մասին շատ հայտնի պոստուլատներ: Պետք է խոստովանենք, սակայն, որ դրանից Քոնդոլիզա Ռայսի վերոհիշյալ հայտարարության արդիականությունն ամենեւին էլ չի նվազի:

Ավելին, կարելի է ասել, որ ԱՄՆ պետքարտուղարն այս անգամ ճիշտ նշանակետին է խփել: Ռայսը ղարաբաղյան խնդրին մոտեցել է ոչ թե աշխարհաքաղաքական ինչ-ինչ, երբեմն՝ դժվար ըմբռնելի չափանիշներով, այլ տվել է շատ պարզ, սովորական մարդկանց համար հոգեհարազատ գնահատական: Պրոբլեմի հիմքում նա դրել է մարդու իրավունքների խնդիրը:

Ադրբեջանում եւ Հայաստանում ընդունված պրակտիկա է. ընտրությունների կեղծումների եւ առհասարակ՝ իշխանությունների կամայականությունների դեմ ընդվզողներին անմիջապես մեղադրում են «թշնամու ջրաղացին ջուր լցնելու», «անկայունություն հրահրելու» եւ «դավաճանության» մեջ: Հենց այդպիսի մեղադրանքներին էլ, ինչպես հայտնի է, հետեւում են Ռայսի նշած «վատ քայլերը»:

 
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԸ՝ 200 ԴՐԱՄՈ՞Վ - Aravot.am «ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՈՒԺԵՂ ԵՐԵՎԱԼ» - Aravot.am ԿՎԱԶԻԻՆԴՈՒՍՏՐԻԱԼԻՑ ԴԵՊԻ ՊՈՍՏՄՈԴԵՌՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ - Aravot.am Կոսովոն ինքնին նախադեպ է - Aravot.am «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՌԱՋԱՐԿԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ - Aravot.am ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ «ԼԵՎՈՆԱԿԱ՞Ն» ԳՅՈՒՂԵՐԸ - Aravot.am Հատել են բիզնեսի համար - Aravot.am Լեզվակռվի վերաճած բանավեճ - Aravot.am ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՑՆՑԵԼ Է ՆՈՐՔԸ - Aravot.am Պայքար «փուչիկների» դեմ - Aravot.am Դատախազությունը փախցրեց վկաներին - Aravot.am ՀԵՐԹԱԿԱՆ «ԿԱԴԱՍՏՐԻ ԳՈՐԾԸ» - Aravot.am ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ՍՊԻՏԱԿՈՒՄ - Aravot.am «ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐԸ ԼԻՐԻԿԱԿԱՆ ԵՆ» - Aravot.am ԽՈՍՏԱՑԱՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ - Aravot.am
Քաղաքականություն
ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԸ՝ 200 ԴՐԱՄՈ՞Վ
 

Երեւանի որոշ տրանսպորտային ընկերություններ հայտարարել են մայիսի 1-ից ուղեւորավարձի բարձրացման մասին: Այդ մասին երեկ ԱԺ-ում հայտարարեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Ըստ նրա՝ այդ բարձրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մայիսի 1-ից կառավարությունը դադարեցնում է բնական գազի ներքին գների սուբսիդավորումը: Հանրապետության ավտոտրանսպորտի մեծ մասն աշխատում է գազով: Տրանսպորտային ընկերությունները հայտարարում են, որ «չեն տեղավորվում գործող սակագնի մեջ»: Նախարարի հավաստմամբ, այդ հարցը քննարկվում է կառավարական շրջանակներում: «Արմինֆո»-ի տվյալներով՝ երթուղային տաքսիների ուղեվարձը կարող է կրկնապատկվել:

 

«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՈՒԺԵՂ ԵՐԵՎԱԼ»
 

«Առավոտի» հեռակա հարցազրույցը ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի հետ՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:

- Իշխանությունները մի կողմից խոսում են ԵԽԽՎ բանաձեւով սահմանված պարտավորությունները կատարելու մասին, մյուս կողմից՝ երկարացնում «վտանգավոր» գործիչների կալանքի ժամկետը, մյուսներին էլ փորձում են «կոտրել»: Այս ամենին ձեր գնահատականը ո՞րն է:

- Ես կարծում եմ, որ հիմա իշխանությունն ինքը չգիտի, թե ինչ անի: Մի կողմից՝ Շարժումը չի դադարում. Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ այլոց ճնշումները շարունակվում են, մյուս կողմից՝ փորձ է արվում ցույց տալու, որ իրենք (իշխանությունը- խմբ.) իրավիճակը լրիվ վերահսկում են եւ որեւէ խնդիր չունեն: Զգացվում է իշխանական ճամբարի խառնաշփոթությունը. երկրի տնտեսական վիճակը վատանում է, ապրանքների գները թանկանում են, ժողովրդական դժգոհությունը չի նվազում: Իշխանությունը կանգնած է երկընտրանքի առաջ. կամ բռնապետության փորձ, որի ավարտը, ինչպես ասել եմ, Հայաստանը կդարձնի «իզգոյ»՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով, կամ էլ երկխոսություն իրական ընդդիմության հետ: ԵԽԽՎ-ի հայտնի բանաձեւից հետո (2008թ. ապրիլի 17-ի թիվ 14/16 բանաձեւը) միանգամայն ակնհայտ է, որ փետրվարի 19-ի ընտրություններից հետո ձերբակալված բոլոր քաղաքական ու հասարակական գործիչները քաղբանտարկյալներ են, որքան էլ իշխանությունը փորձի նրանց կպցնել Քրեական օրենսգրքի հոդվածներ: Համոզված եմ, որ շատ «դատավճիռներ» բողոքարկվելու են Եվրոդատարանում եւ, կասկած չունեմ, որ դրանց ճնշող մասը բավարարվելու է: Այդժամ պատասխան են տալու բոլորը, իսկ տույժերի ու տուգանքների մուծումը իրականացվելու է պետական բյուջեի հաշվին: Եվ հեռու չէ այն օրը, երբ պետությունը իր կրած վնասների փոխհատուցումն է պահանջելու (ռեգրեսիվ հայց) այսօրվա կնիք դնողներից: «Վտանգավոր» գործիչների կալանքի ժամկետի երկարացումը ոչ այլ ինչ է, քան թույլ իշխանության՝ ուժեղ երեւալու ցանկություն:

- Երկխոսության մասին ամեն առիթով եւ առանց առիթի հայտարարող իշխանությունները ամեն կերպ խոչընդոտում են ոչ միայն քաղաքական, այլեւ հասարակական ցանկացած նախաձեռնություն: Ո՞րն է տրամաբանությունը:

- Տրամաբանությո՞ւն: Ի՞նչ տրամաբանություն: Հիշո՞ւմ եք Գորբաչովին: Նա միշտ խոսում էր երկխոսության մասին եւ փորձում էր ռեալ քայլեր անել, ստեղծել հանձնաժողովներ եւ այլն: Մինչեւ երբ... Մինչեւ քայքայեց ԽՍՀՄ-ը եւ կորցրեց ռեալ իշխանությունը: Չհաշվել սեփական ուժերը, կորցնել իրավիճակը գնահատելու կարողությունները, հավատացած լինել քաղաքական հարցերը ուժով լուծելու հնարավորությանը, չհասկանալ, չընդունել արտաքին մարտահրավերները՝ լիդերի հավակնություն ունեցող քաղաքական գործչի համար մեծ դժբախտություն է: Ահա այստեղից էլ բխում են անտրամաբանական քայլերը: Սրան էլ ավելացնենք հայկական՝ «ոչ մի պրոբլեմ չունենք, շեֆ ջան» կարգախոսը, եւ անտրամաբանական քայլերի ամբողջ հիմքը կուրվագծվի:

- Կառավարությունը ձեւավորված է. կոալիցիայում նոր կուսակցություններ չկան, նոր դեմքեր գրեթե չկան: Սա այս իրավիճակում որքանո՞վ կարող է լավագույն լուծում լինել:

- Իսկ լուծում չի տրվել: Ես կարծում եմ՝ դուք էլ եք նկատում, որ այսօր կատարվում են կես քայլեր: Սա գործելակերպ է: Ռ. Քոչարյանը բոլոր հարցերը փորձում էր լուծել պարտիական՝ «չթույլատրել, արգելել» սկզբունքով, այսինքն՝ ուժով: Ս. Սարգսյանը ցայսօր արմատական որեւէ բարեփոխում չի կատարել: Սա իրողություն է, եւ սրան չհամաձայնողը դժվար թե որեւէ պատճառաբանված փաստ բերի: Հակառակ դեպքում, նա պետք է փորձի ապացուցել, որ հնարավոր է երկխոսություն՝ ուժի դիրքերից խոսող իշխանության եւ անազատության մեջ գտնվող ընդդիմության միջեւ:

- Քաղաքական նկատառումներով ձերբակալվածներից ավելի քան 30-ը հացադուլ հայտարարեց, մի մասը դեռեւս հացադուլի մեջ է: Ինչո՞ւ չմիացաք բողոքի այս ակցիային, մեկուսարանում որեւէ կերպ պայքարել չարժե՞:

- Իմ պայքարը մի րոպե անգամ չի դադարել: Ուղղակի կան պայքարի տարբեր հանգրվաններ: Սկզբում ես ցանկացա, որ թե՛ իրավապահները, թե՛ «քաղաքական» ղեկավարները իրավամբ տեսնեն, որ որեւէ մեկը որեւէ բանից չի վախենում, անգամ՝ նստելուց: Հետո սկսվեց իմ պայքարը իրավական դաշտում, երբ ես առաջարկեցի քննել իմ ամբողջ գործունեությունը եւ ինձ ներկայացնել որեւէ անօրինական գործողություն կամ դրա վերաբերյալ փաստ: Չկոտրվելը եւս քաղաքական պայքարի շատ կարեւոր հատկանիշ է: Հացադուլը պայքարի ծայրահեղ միջոց է, եւ եթե դրա կարիքը զգամ, ապա կդիմեմ նաեւ այդ քայլին:

- Ո՞րն է լինելու ձեր առաջին քայլը ազատության մեջ հայտնվելուց հետո:

- Ծաղիկներ դնել Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ՝ ի նշան մարտի 1-ի զոհերի հիշատակի, եւ հանդիպել ձեզ...

 

ԿՎԱԶԻԻՆԴՈՒՍՏՐԻԱԼԻՑ ԴԵՊԻ ՊՈՍՏՄՈԴԵՌՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
 

Նաեւ այսպիսին է կառավարության 2008-2012 թթ. ծրագիրը, որին երեկ ԱԺ-ն հավանություն տվեց 88 կողմ եւ «Ժառանգության» 3 դեմ ձայներով:

Ամեն անգամ, երբ կառավարությունը խորհրդարան է ներկայացնում իր ծրագիրը կամ հաջորդ տարվա բյուջեն՝ ծավալվում է յուրօրինակ մրցություն, թե ինչ ածականներով պիտի բնութագրվի այն: Մեջբերենք մի քանի բնորոշումներ, որոնց արժանացավ նոր կառավարության քառամյա ծրագիրը: Մեծ մասն այն ուղղակի անվանում էին «հավակնոտ»: Իսկ «Ժառանգություն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ես այս ծրագիրն անվանել եմ այսպես. եվրոծրագիր՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավական, ասիական վատթարագույն իրավակիրառման դաշտ ունեցող երկրի համար»։ «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր՝ Ստեփան Սաֆարյանն ասաց. «Ծրագրի առաջին մասը երբ ուսումնասիրում եմ՝ տպավորություն է ստեղծվում, որ այն կառավարության մարդակենտրոն ծրագիր է՝ ամեն ինչ մարդու համար, բոլոր պայմանները, նրա ազատությունները: Երբ անցնում ենք տարբեր բաժիններով՝ ծրագիրը վերածվում է կառավարակենտրոնի»:

Սակայն բոլորին անցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, որը նախ անուն դրեց Տիգրան Սարգսյանի կառավարությանը. «Ներկայիս վարչապետի կառավարությունը եկեք կոչենք բեկման, հույսի եւ ակնկալիքի կառավարություն», իսկ հետո էլ ասաց, թե ներկայացվել է «կվազիինդուստրիալ հասարակությունից դեպի պոստինդուստրիալ, պոստմոդեռն կամ տեղեկատվական հասարակության թռիչքաձեւ զարգացման ծրագիր»: Ավելի՛ն. հետեւելով վարչապետի օրինակին, որը նախօրեին իր խոսքը համեմում էր Ներսես Շնորհալիից եւ Դեկարտից մեջբերումներով՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Ուզում եմ ելույթս ավարտել չինացի փիլիսոփա Լաո Ցզիի խոսքերով. «Լավագույն կառավարությունն այն է, լավագույն իշխանությունն այն է, որի կառավարումը չի զգացվում»: Դժվար է գուշակել, թե այս բարձր ինտելեկտուալ մաղթանքներից ու բնորոշումներից ինչ հասկացավ պատգամավորների հատկապես մականունավոր հատվածը:

Ի դեպ, «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանն իր ելույթում Տիգրան Սարգսյանին ասաց. «Եթե որեւէ ճնշում լինի ձեզ վրա այն մարդկանց կողմից, որոնց անվանում են «հեղինակություն», ապա պատրաստ ենք ձեզ պաշտպանել»: Ու թեեւ Ստեփան Սաֆարյանը խմբակցության անունից պատճառաբանեց, որ լինելով համակարգային փոփոխության կողմնակից ուժ՝ չեն կարող այսպիսի ծրագրին կողմ քվեարկել, այսուհանդերձ՝ «Ժառանգությունը» կառավարությանը հաջողություն մաղթեց եւ հայտնեց բացթողումները միասին շտկելու պատրաստակամություն: Փոխադարձ ռեւերանսը հետեւեց վարչապետի կողմից, որը քննարկումների ավարտին շնորհակալություն հայտնեց «Ժառանգությանը» բարոյական աջակցության համար:

Կառավարության ծրագիրն առիթ դարձավ, որ առաջին հրապարակային կսմիթներն արձանագրվեն նորաստեղծ կոալիցիայի միջեւ: «Օրինաց երկիր» խմբակցության անդամներն անընդհատ շեշտում էին, թե կառավարության ծրագրում գրեթե ամբողջությամբ ընդգրկված են Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրի հիմնարար դրույթները: ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն էլ հայտնեց, թե իրենց ոչ բոլոր առաջարկներն են ընդունվել: Ի վերջո՝ ներկայացնելով ՀՀԿ-ի տեսակետը, պատգամավոր Արտակ Դավթյանն ասաց. «Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այո ասելով ներկայացված ծրագրին՝ կոչ է անում իր կոալիցիոն գործընկերներին զերծ մնալ կուսակցամոլությունից»:

Նաեւ կոալիցիայի շարքերից հնչեց քննադատություն ծրագրի հասցեին: Այս կապակցությամբ փոքր-ինչ ավելի ծավալուն մեջբերում անենք ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթից. «Ես այն համոզումն ունեի եւ ունեմ, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները կհարկադրեն շատ իրողությունների նկատմամբ վերանայել մեր մոտեցումներն ու վերաբերմունքը, առավել լրջորեն ու խորությամբ վերաբերվել պետական մեքենայի բոլոր օղակներին, արժեւորել նրանց իրական պատասխանատվությունն ու դերակատարությունը: Վերջին 2 ամիսների մեր բոլոր վերլուծություններում ինչո՞ւ եւ ի՞նչ անելու որոնումների մեջ գրեթե բոլորս միակարծիք էինք, որ մեր հասարակությունը բարոյահոգեբանական խորը ճգնաժամ է ապրում, եւ դարձյալ որպես վերջին դեպքերի տխուր դաս՝ փաստեցինք, որ հասարակության, հատկապես երիտասարդության շրջանում ազգային, քաղաքացիական, մշակութային կրթության լուրջ բաց ունենք: Այս օրերին հնչեցին մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնող իրական մտավորականների կարծիքներ, որոնց գնահատականը նույնն էր՝ մշակույթի նկատմամբ լուսանցքային քաղաքականությունը հանգեցրեց ազգային արժեհամակարգի խեղաթյուրմանն ու անկմանը»: Սակայն ըստ Լիլիթ Գալստյանի, ինչպես 2007-ի բյուջեի, այնպես էլ կառավարության այս ծրագրի դեպքում՝ «մշակույթի ոլորտը հայտնվել է որբի վիճակում»: Եվ անդրադառնալով ծրագրի այն դրույթին, ըստ որի՝ մշակութային համագործակցության շրջագծում նախատեսվում է Հայաստանը դարձնել Եվրամիության մշակութային տարածաշրջանային կենտրոն, ՀՅԴ պատգամավորը հարցեր ուղղեց. «Բայց ինչո՞վ ենք դառնում մշակութային տարածաշրջանային կենտրոն՝ աղբի մեջ թաղված Երեւանո՞վ, պատմական հուշարձանների անմխիթար վիճակո՞վ, մարզերում մշակութային կյանքի եւ օջախների անհուսալի վիճակո՞վ, թե՞ բյուջեում մշակույթին հատկացված չնչին գումարներով»:

Եզրափակիչ ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանը պատգամավորներին հավաստիացրեց, որ այս կառավարությունն իսկապես եկել է իրականացնելու փոփոխություններ, ու նաեւ՝ «Մեր խոսքերի եւ գործերի մեջ դուք չեք հայտնաբերելու տարբերություն»:

 Հ. Գ. Կառավարության ծրագրի, ինչպես նաեւ դրան նախորդած մի շարք օրինագծերի քվեարկություններին մասնակցում էր տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար, ՕԵԿ-ական Գուրգեն Սարգսյանը: Փաստը արձանագրեցին նիստը լուսաբանող լրագրողները, սակայն երբ փորձեցին նախարարից ստանալ մեկնաբանություն՝ նա կտրականապես ժխտեց: Ավելի ուշ «Առավոտին» ՕԵԿ-ից հայտնեցին, թե քվեարկության այդ կոճակն անջատված է եղել:

 

Կոսովոն ինքնին նախադեպ է
 

Գտնում է Արթուր Աղաբեկյանը եւ բացատրում, թե ինչու՝ եթե առկա է ինքնորոշման իրավունքի հարցը:

ԱԺ պաշտպանության, ՆԳ, Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արթուր Աղաբեկյանը Կոսովոյում հանդիպումներ է ունեցել Կոսովոյի նախագահի, վարչապետի եւ այլ պաշտոնյաների հետ եւ վերջիններիս է փոխանցել իր նամակ-շնորհավորանքը՝ Կոսովոյի անկախացման կապակցությամբ: Նամակում ասված է. «Ծնունդով լինելով հայկական Լեռնային Ղարաբաղից եւ որպես ամենուրեք հայ ժողովրդի իրավունքների պաշտպան 117-ամյա Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, պարոն նախագահ, շնորհավորում եմ ձեր պետության անկախության հռչակումն ու միջազգային ճանաչումը: Անկախ Կոսովոն հույս է ներշնչում իմ հայրենի Արցախի ժողովրդին, որը 1991-ից պայքարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար»:

Մեզ հետ զրույցում պարոն Աղաբեկյանն ասաց, որ ինքը հանդիպումներ է ունեցել նաեւ Կոսովոյի վարչապետի, ԵԱՀԿ առաքելության ղեկավար, դեսպան Թիմ Կուլդիմանի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի եւ այլ պաշտոնյաների հետ: «Կոյֆորի» (Կոսովոյում խաղաղապահ զորքերի-խմբ.) հրամանատարության հետ հանդիպման ժամանակ հրամանատարությանը հետաքրքրել են Ադրբեջանի եւ Վրաստանի որոշումները՝ Կոսովոյից իրենց ստորաբաժանումների դուրսբերման կապակցությամբ:

Արթուր Աղաբեկյանը ասաց. «Իհարկե, «Կոյֆորի» հրամանատարությունը փորձում էր այդ փաստերը չքաղաքականացնել, բայց պատասխաններից ակնհայտ երեւում էր, որ այդ երկու երկրներն էլ չեն հանդուրժում Կոսովոյի անկախացումը եւ այդ պատճառով են իրենց ստորաբաժանումները հանել Կոսովոյից»: Արթուր Աղաբեկյանը հանդիպումներ է ունեցել նաեւ հայ զինծառայողների հետ, որոնք խաղաղապահ առաքելությամբ գտնվում են Կոսովոյում:

Արթուր Աղաբեկյանի դիտարկմամբ, մոտակա 5 տարիներին ուղղակի անհնարին է լինելու խաղաղապահ զորքերի դուրսբերումը Կոսովոյից, որովհետեւ «Կոսովոյում այս զորքերի գտնվելը բխում է նաեւ Կոսովոյի ժողովրդի շահերից: Հերիք է անգամ ակնարկ լինի ՆԱՏՕ-ն ներկայացնող ուժերի դուրսբերման մասին, այն անմիջապես դառնում է Կոսովոյի բնակչության քննարկման առարկան, եւ բոլոր գյուղերից, քաղաքներից՝ հասարակական կազմակերպություններն անմիջապես դիմում են հրամանատարությանը եւ անընդունելի են համարում խաղաղապահ զորքերի դուրսբերումը»:

Խնդրեցինք ուղղակի զուգահեռ անցկացնել Ղարաբաղի ու Կոսովոյի հիմնախնդիրների միջեւ եւ ասել՝ Կոսովոյի ճանաչումը կարո՞ղ է որեւէ կերպ առնչվել Ղարաբաղի ինքնորոշման ճանաչման հետ: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Կոսովոյի ճանաչման օրերին շատերը հայտարարեցին, որ այն նախադեպ չի կարող լինել այլ դեպքերի համար: Սակայն, ըստ պարոն Աղաբեկյանի. «Կհայտարարեն՝ չեն հայտարարի, կցանկանան՝ չեն ցանկանա, Կոսովոն նախադեպ է, այն իմաստով, որ այնտեղ եւս դրված է ինքնորոշման իրավունքի հարցը: Եվ եթե առկա է ինքնորոշման իրավունքի հարց, ուրեմն առկա է նախադեպ»:

 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՌԱՋԱՐԿԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
 

«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ՄԱԱ-ում ասաց, թե իշխանությունը պետք է կատարի այն առաջարկները, որոնք ներկայացված են ԵԽԽՎ բանաձեւի մեջ, եւ ընդգծեց ընդդիմությանը երկրի կառավարման գործում մասնակցության իրավական երաշխիքների անհրաժեշտությունը. «Պետք է պատասխանատվության վերաբաշխում կատարվի Ազգային ժողովում: Եվ ես չեմ խոսում տվյալ դեպքում «Ժառանգության» մասին կամ այսօրվա մասին: Ընդհանուր առմամբ, թե՛ ԱԺ օրակարգի երաշխավորված սահմանման, թե՛ հանձնաժողովներում եւ ղեկավարության մեջ պատասխանատու պաշտոնների ստանձնման առումով եւ մնացած այլ որոշումների կայացման մեխանիզմներն իրականացնելու տեսակետից՝ ընդդիմությունը պետք է ունենա էական մասնակցություն, հանձնառություն ԱԺ-ից ներս»: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ սպասում են իշխանության քայլին, եթե այն ուշացավ՝ մայիսի 10-ից հետո «Ժառանգությունը» կներկայացնի սեփական կոնկրետ առաջարկները, թե ինչ է ակնկալում մինչեւ ԵԽԽՎ հունիսի նստաշրջան. «Հարցն այն մասին չէ, որ պաշտոնի առաջարկ պետք է լինի, մենք էլ պիտի ընդունենք, թե չընդունենք: Մենք առաջարկելու ենք համալիր գործողությունների, բարեփոխումների ծրագիր, փաթեթ, որը գործելու է ոչ միայն այսօրվա ԱԺ-ում, այլեւ ընդհանրապես հետագա բոլոր խորհրդարաններում, անկախ նրանից, թե ո՛վ է իշխանություն եւ ո՛վ է ընդդիմություն: Սա կարող է դժվար լինել, որովհետեւ շատ հուզականացված է, բեւեռացված է, կանխորոշված է գրեթե յուրաքանչյուրի մոտեցումն այդ հարցում, բայց անհրաժեշտ է, որ մենք գտնենք այդ ներքին բանաձեւը, որպեսզի այդ պատասխանատվության ստանձնումը լինի ոչ թե մի պաշտոնի միջոցով, այլ լինի բովանդակային եւ վերաբերի ամբողջ ընդդիմությանը»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիքի է այն հանձնաժողովի մասին, որը ստեղծել է Սերժ Սարգսյանը՝ ԵԽԽՎ բանաձեւի առաջարկների կատարման նպատակով, եւ պրն Հովհաննիսյանն ասաց. «Որոշ, չեմ ասում, շահերի բախում կա, բայց կա որոշ հակասություն, որովհետեւ այդտեղ մասնակիցները նաեւ որոշ չափով սուբյեկտն են այդ բանաձեւի պահանջների: Դրա համար ես չեմ համարում, որ լուծումը կգտնվի այդ աշխատանքային խմբի միջոցով»:

 

ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ «ԼԵՎՈՆԱԿԱ՞Ն» ԳՅՈՒՂԵՐԸ
 

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահեցնում է, որ մարտի 1-ի դեպքերից հետո ներդրողները մտքները չեն փոխել, ընդդիմադիր գյուղերի գյուղապետերն ինքնակամ են հրաժարական տվել, ստուգումներն էլ «սրբազան» պարտականություն են, ոչ թե հետապնդում:

- Պարոն Ղահրամանյան, վերջերս Ձեր նախաձեռնությամբ ԱՊՀ երկրներում ապրող ծնունդով արմավիրցի գործարարները հրավիրվեցին մարզ եւ նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց մարզում ներդրումներ անել: Մարտիմեկյան հայտնի դեպքերից հետո գործարարներն իրենց միտքը չե՞ն փոխել:

- Այդ հարցը որեւէ առնչություն չունի մարտիմեկյան իրադարձությունների հետ: Վախի մթնոլորտ ես չեմ զգացել: Մշտական կապի մեջ ենք ներդրումներ անող գործարարների հետ, օրերս էլ հանդիպում ունեցա Յարոսլավլի հայ համայնքի ղեկավարի հետ: Այդ հանդիպումների արդյունքում այս տարի մարզից շուրջ 4 հազար տոննա պոմիդոր են մթերելու, այնպես որ՝ որեւէ խնդիր չի առաջացել:

- Լուրեր կան, որ ձեր մարզի որոշ գյուղապետեր հայտնվել են «սեւ ցուցակում», ինչ է թե՝ նախագահական ընտրություններում այդ գյուղերում ձայների մեծամասնությունը եղել է հօգուտ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ որ այդ համայնքների գյուղապետարաններում վերջերս Արմավիրի մարզպետարանի կողմից կատարվող ստուգումները, ինչպես նաեւ Արշալույսի գյուղապետի հրաժարականը պայմանավորված են հենց այդ փաստով:

- Դրանք ճիշտ լուրեր չեն: Ինձ համար գոյություն չունի լավ կամ վատ գյուղապետ, ինձ համար կան լավ կամ վատ աշխատողներ: Այսքան չարչարվում, տանջվում ենք, որ րոպե առաջ ազգաբնակչության խնդիրներին լուծում տանք, իսկ շատ գյուղապետեր դեռեւս աշխատում են հին մեթոդներով: Այսինքն, այն պարտականությունները, որ գյուղապետի վրա են դրված՝ հողի, գույքահարկի հավաքագրումը, պիտի սրբորեն կատարեն: Պիտի գիտակցեն, որ հողի եւ գույքահարկի ամբողջ հասույթը գյուղի կարիքների համար է ծախսվելու: Պետությունն իր պարտականությունը՝ սուբսիդիան, 100%-ով կատարում է, բայց գյուղապետերը հենց այստեղ լավ ու վատ են անում եւ իրենց հարազատներից հարկերը չեն հավաքում: Մեր կողմից դա էլ է ուսումնասիրվելու, քանի որ գյուղացիները պիտի հավասար պայմաններում գտնվեն: ՏԻՄ ընտրություններ են գալիս եւ շատ գյուղապետեր վատամարդ չլինելու համար չեն ցանկանում իրենց պարտականությունները լիարժեք կատարել: Այժմ էլ ստուգումների հարցն են շահարկում, ասեմ, որ դա մեր քմահաճույքով չի արվում: Սահմանված կարգով բոլոր համայնքները պիտի ստուգվեն: Դա մեր սրբազան պարտականություններից է, եւ չի կարելի այն կապել ընտրությունների հետ: Ինչ վերաբերում է Արշալույսի գյուղապետին, ապա նա իր հրաժարականի մասին անձամբ է դիմում գրել, ես այստեղ ոչ մի կապ չունեմ: Այդ քայլը բացատրել է իր առողջական խնդիրներով, անցյալ տարի նա սրտի բարդ վիրահատության է ենթարկվել, կառավարությունն էլ հարգել է նրա դիմումը:

- Մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ միջազգային կառույցները կոշտ հայտարարություններ արեցին ու անգամ սպառնացին Հայաստանին զրկել «Հազարամյակի մարտահրավերներից», որի միջոցներով իրականացվում է մարզերի զարգացման ծրագիրը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե այդ ծրագիրը սառեցվի, կառավարությունը ֆինանսավորման այլ աղբյուրներ կգտնի: Արմավիրի մարզպետարանը կարո՞ղ է այլ միջոցներ հայթայթել:

- Ինչ վերաբերում է «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի սառեցմանը, ես կարծում եմ, որ դա 2 պետությունների քաղաքական աշխատանքների եւ քաղաքական հարաբերությունների արդյունք է: Սակայն չեմ կարծում, որ ծրագիրը կսառեցվի: Եթե նույնիսկ սառեցվի էլ, գտնում եմ, որ ՀՀ բյուջեն այդ ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունն ունի, իսկ մարզում աշխատանքները ֆինանսավորվում են պետբյուջեի միջոցներից:

- Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից 105 լրագրողի շրջանում անցկացված հարցման արդյունքում 2007-ին դուք ճանաչվել եք միակ փակ աշխատող մարզպետը: Արդյո՞ք դժվար է լրատվամիջոցների հետ շփվելը:

- Ինձ համար տարօրինակ է այդ մոտեցումը, մենք որեւէ լրագրողի առաջ որեւէ բան չենք փակել: Կա՞ այդպիսի լրագրող, որ եկել է այստեղ ու ինֆորմացիա չի ստացել: Համենայնդեպս, ես չգիտեմ նման լրագրողի: Մեր դռները միշտ բաց են:

- Մարզում ինչպե՞ս են ընթանում գարնանային գյուղատնտեսական աշխատանքները, արմավիրցիները դժգոհում են, որ իրենց՝ օրենքով նախատեսված 500 կգ-ից մոտ 100 կգ է պարարտանյութ հասել: Մնացածը գյուղացիները ստիպված թանկ գներով են ձեռք բերել:

- Մեր մարզը միակն է հանրապետությունում, որ կառավարության տրամադրած պարարտանյութն ամբողջությամբ վերցրել է, բայց պահանջարկն ավելին է, քան տրամադրվածը, քանի որ տարեցտարի մշակվող հողատարածքներն ավելանում են: 2006-ի համեմատ, 2007-ին մարզում լուրջ առաջընթաց կա: Անցյալ տարի միայն 105 հազար տոննա խաղող ենք ունեցել, 348 հազար տոննայից ավելի բոստանային կուլտուրաներ: Այս տարի էլ խաղողի բերքը սպասվածից ավելի ենք ունենալու, ծիրանի բերքն էլ է լավ: Սերժ Սարգսյանը, երբ ընտրվելուց հետո մեր մարզում հանդիպեց թռչնաբույծների հետ, հանձնարարություն տվեց գյուղնախարարին եւ ինձ՝ մարզում եգիպտացորեն ցանել: Արդեն 500 հա ցանքատարածության սերմը ներկրել ենք, անվճար տրվել է գյուղացիներին, բոլոր գյուղապետերին այդ մասին տեղյակ պահել էինք: Թռչնաբույծները պատրաստ են ստացված ամբողջ բերքը գյուղացուց գնել:

 

Հատել են բիզնեսի համար
 

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ Ռիմա Ավանեսյանի 20 տարվա այգին 20 րոպեում ոչնչացրել են:

Կնոջ պատմելով, օրը ցերեկով մի քանի անծանոթ մարդիկ, առանց իրեն տեղյակ պահելու, ներխուժել են պարտեզ ու անխնա կտրատել պտղատու 6 հաստաբուն ծառ. «Այդ մարդիկ առիթից օգտվել են, որ ես զավակներ չունեմ եւ միայնակ թոշակառու եմ, հետեւաբար չեմ կարող իրենց դեմ պայքարել: Որդիներիս կորցնելուց հետո այս այգին իմ միակ մխիթարանքն է: Զբաղվում եմ, հող եմ մշակում եւ ինչ-որ չափով վիշտս թեթեւացնում եմ»:

Ռ. Ավանեսյանը տարիներ առաջ գաղթել է Ադրբեջանից: Նրա 2 զավակներին գաղթի ժամանակ սպանել են, ամուսինն էլ վերջերս է մահացել: Նրա ներկայացմամբ՝ 20 տարի առաջ Բյուրեղավանի քաղաքային իշխանությունները, որպես տուժած, իրեն՝ բնակարանին կից մոտ 80 մետր հողատարածք ու մի քանի տնկիներ են հատկացրել: Սակայն կնոջը հողի համար որեւէ փաստաթուղթ չեն տվել: Նրա խոսքերով. «Էդքան տուժել եմ, ուրեմն ինձ մի փոքր հողակտո՞ր էլ չի հասնում»:

Բյուրեղավանցիների վստահեցմամբ՝ այդ հատվածը շատ հարմար է սպասարկման եւ առեւտրի կետեր բացելու համար, քանի որ գլխավոր ճանապարհի եզրին է, մարդկանց անցուդարձն էլ շատ է:

«Քաղաքում բոլորն ասում են, որ քաղաքապետն այդ հատվածն այգիներից մաքրում է, որպեսզի խանութներ բացի կամ էլ վաճառի: Մեր շենքի մոտ մի քիչ կանաչ տարածք կա, է՞դ էլ են ուզում վերացնել: Շրջակայքում գազի լցակայաններ են ու խանութներ, օդ չկա շնչելու, ամբողջ օրը գազ ենք շնչում: Այդ ծառերը գոնե մի քիչ թթվածին են տալիս»,- «Առավոտին» դժգոհեցին քաղաքի մի խումբ բնակիչներ: Նրանց հասած լուրերի համաձայն, ծառերի «սպանդը» կազմակերպել է Բյուրեղավանի քաղաքապետ Շավարշ Սեդրակյանի քրոջ որդին՝ առանց բնակիչներին տեղյակ պահելու: Ռ. Ավանեսյանը Բյուրեղավանի քաղաքապետարանից ճշտել է, որ այդ հատվածում օրինական հողհատկացում չի եղել, հետեւաբար ծառերը կտրվել են ապօրինաբար. «Հարեւաններից մեկի այգին էլ էին վերցրել, բայց իրեն զգուշացրել էին, ոչ թե իմ այգու նման հինգ րոպեում 6 հատ ծառ կտրել ու փախել են»: Նշենք, որ տիկին Ռիման միակ տուժողը չէ, Բյուրեղավանի այդ հատվածում էլի մի քանի բնակիչների այգիներ են ոչնչացվել եւ տեղում խանութներ կառուցվել:

Այս բողոքի առնչությամբ մի քանի օր շարունակ «Առավոտը» փորձեց պարզաբանում ստանալ Բյուրեղավանի քաղաքապետարանի պատասխանատուներից, սակայն որեւէ պաշտոնյայի հետ հնարավոր չեղավ հեռախոսով կապվել, քանի որ քաղաքապետարանի բոլոր հեռախոսները պարտքի պատճառով անջատված էին: Բյուրեղավանի քաղաքապետ Շավարշ Սեդրակյանի բջջային հեռախոսը նույնպես երեկ ողջ օրվա ընթացքում չէր պատասխանում:

«Առավոտը» պատրաստ է տպագրել նաեւ քաղաքապետարանի պատասխանը:

 

Լեզվակռվի վերաճած բանավեճ
 

Երիտասարդ կուսակցականների ոճը դա է

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը, ՀՀՇ երիտթեւի ղեկավար Կարեն Կարապետյանը եւ ՀՅԴ երիտասարդական միության նախագահ Իշխան Սաղաթելյանը, թեման՝ հայ-թուրքական հարաբերությունները:

Ի. Սաղաթելյանի խոսքերով, ամեն տարի ապրիլի 24-ին, այրելով Թուրքիայի դրոշը, այդկերպ արտահայտում են իրենց վերաբերմունքը. «Վառել ենք ու դեռ վառելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ընդունել Հայոց ցեղասպանությունը»: ՀՀՇ-ական Կ. Կարապետյանն անդրադառնալով դեպի Ծիծեռնակաբերդ ընդդիմության երթին, ասաց, որ այդ ակցիան ինքնաբուխ երթ էր, որի կազմակերպիչը ՀՀՇ-ն չէր. «Ժողովուրդն էր հավաքվել ու նման ակցիա կազմակերպել: Դա էլ իր պատճառներն ունի՝ իշխանություններն այն աստիճան են սահմանափակել խոսքի ազատությունը, օրենքով արգելել հանրահավաքները, որ ժողովրդին առիթ է պետք, որ ներկայիս իշխանությունների հանդեպ դժգոհություններն ինչ-որ կերպ արտահայտի: Խոսում ենք Ցեղասպանության մասին, թե ինչպես են թուրքերը հայերին բնաջնջել ու քիչ է խոսվում մարտի 1-ի մասին, երբ ՀՀ իշխանությունները որդեգրեցին սեփական ազգաբնակչության բնաջնջման ճանապարհը: 10 հոգի սպանվեց ոստիկանների կողմից, ու դա նույնպես կարելի է տեղավորել ցեղասպանություն հասկացության շրջանակներում»: Ի. Սաղաթելյանը լուրջ վիրավորանք համարելով Կ. Կարապետյանի կողմից մարտի 1-ն ու ապրիլի 24-ը միմյանց հետ համեմատելը, ասաց, որ չպետք է ՀՀ իշխանություններին համեմատել թշնամիների հետ: Մ. Հարությունյանի համոզմամբ էլ, դեռ խոսքի ազատության մակարդակը բարձր չէ, սակայն նոր իշխանությունները սկսել են քայլեր անել այդ ուղղությամբ. «Երբ Սերժ Սարգսյանն ընտրվեց, հաջորդ օրվանից «Հայլուրը» սկսեց ցույց տալ ընդդիմության ցույցերը: Չէ՞ որ սա էլ է չափանիշ»: Այս առիթով ՀՀՇ երիտթեւի ղեկավարը նշեց. «Սերժ Սարգսյանը չի ընտրվել, նա դարձել է նախագահ՝ հսկայական ընտրակեղծիքների, վստահված անձանց ծեծելու եւ մարտի 1-ին մարդկանց սպանելու միջոցով: Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա ստացվում է, որ երբ նա դարձավ նախագահ, լուծեց իր հարցը, հետո նոր՝ «Հ1»-ին ողորմածաբար թույլ տվեց լուսաբանել ընդդիմության հանրահավաքները»:

Մ. Հարությունյանը, մեջբերելով Սենեկայի խոսքերը, թե բարոյականության մասին հաճախ խոսում են անբարոյականները, Կ. Կարապետյանին ասաց. «Ես քեզ չեմ մեղադրում, բայց ուզում եմ հիշես, որ քո ավագ սերնդի ներկայացուցիչները Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ նույն «Հ1»-ի աշխատակիցներին ծեծ ու ջարդով էին հանում շենքից ու մեծից փոքր տանում էին կալանավայրեր: Խոսում եք խոսքի ազատության մասին, իսկ ինչո՞ւ ձեր լիդերներին մտերմիկ զրույցների ժամանակ չեք հարցնում՝ ինչո՞ւ էին ժամանակին փակում «Հայլուրը», ինչո՞ւ էին դաշնակցությանը կալանավորում, գրասենյակները ջարդուփշուր անում, փաստաթղթերն այրում»: Ի պատասխան՝ Կ. Կարապետյանը պատասխանեց. «Լավ են արել» ու հավելեց. «Մենուա ջան, վաղը քո խոսքերը եթերով կհնչեն, դու լավ տղու համբավ ձեռք կբերես, աշխատավարձդ էլ կբարձրացնեն: Բայց մի անգամ քաջություն ունեցիր դատապարտել, չէ՞ որ դու էլ ես լրագրող: Մարտի 1-ին Սերժ Սարգսյանը 10 հոգու սպանում է, դու դեռ մե՞զ ես մեղադրում»: «Ես հիմա էլ եմ լավ տղա ու աշխատավարձով էլ չեմ ապրում, ես բիզնեսով եմ ապրում: Դու քո ցույցերի կադրերը տես՝ թե ոնց ես քարերը նետում ոստիկանների վրա»,- զայրացավ Մ. Հարությունյանը:

Քննարկելով հայ-թուրքական հարաբերությունները, «լավ տղա բիզնեսմենը» կարծիք հայտնեց. «Երբ տեսնում ես ՆԱՏՕ-ի կազմում ինչ հզոր է Թուրքիան, հասկանում ես, որ պետք է մեղմ քաղաքականություն որդեգրես նրա հանդեպ»: Ի. Սաղաթելյանի կարծիքով, Թուրքիան չի փոխվել. «Նրանք, ովքեր ասում են՝ նստենք ու զրուցենք, թող հիշեն Հրանտ Դինքին, Գուրգեն Մարգարյանին, 1915 թիվը, օրեցօր ոչնչացող մշակութային արժեքները»:

«Առավոտի» դիտարկմանը, թե Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը յուրաքանչյուր կուսակցություն յուրովի է շահարկում՝ հանուն իր կուսակցական նպատակների ու շահերի, ՀՀՇ երիտթեւի ղեկավարը համաձայնեց՝ ասելով. «Կարծում եմ, այո»: Մեր մյուս հարցին էլ, թե որքանով է նորմալ ապրիլի 24-ին զոհերի հիշատակի երթի ժամանակ քաղաքական հայտարարություններ անել ու կոչեր վանկարկել, կրել պաստառներ, ըստ որոնց 2008թ. մարտի 1-ի եւ 1915թ. ապրիլի 24-ի եղելությունները համարժեք են, Կ. Կարապետյանը պատասխանեց. «Ապրիլի 24-ը մեր կուսակցությունը չի շահարկել: Երթի դրդիչները իշխանություններն են: Թող չսահմանափակեն մարդկանց իրավունքները, թող թույլատրեն մարդկանց հանրահավաք անցկացնել, մարդիկ էլ իրենց բողոքն այդ միջոցով կարտահայտեն, իսկ ապրիլի 24-ին էլ նման երթ չէր լինի: Ի դեպ, երբ մտել ենք Ծիծեռնակաբերդ, որեւէ մեկը ոչ մի բառ չի վանկարկել, ու ոչ մի պաստառ էլ չի եղել»:

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՑՆՑԵԼ Է ՆՈՐՔԸ
 

Ապրիլի 6-ին «Նորք» հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ստացվեց հաղորդում, որ իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Վաղարշակ Ոսկանյանի դիակը:

ՀՀ ոստիկանության պաշտոնական տեղեկության համաձայն, «օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը Նորքի 5-րդ փողոցում 1983թ. ծնվ. Արազ Բ.-ն, 1978թ. ծնվ. Սուրեն Ծ.-ն, 1979թ. ծնվ. Ռաֆիկ Բ.-ն եւ 1984թ. ծնվ. Վարազդատ Ա.-ն անհիմն վիճաբանել ու ծեծի են ենթարկել 1972թ. ծնվ. Հայկ Մ.-ին, Խաչատուր Ա.-ին, Վարդան Լ.-ին, Վ. Ոսկանյանին: Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»:

Վաղարշակ Ոսկանյանի մահվան վկայականում նշված է, որ նա մահացել է «գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարումից, գանգուղեղային փակ բութ վնասվածքից»:

Ի՞նչ է տեղի ունեցել ապրիլի 6-ի գիշերվա ժ.12-ի սահմաններում:

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ Վաղարշակ Ոսկանյանի կինն ասաց, որ ամուսինը, որը վարորդ է աշխատում տուրիստական կազմակերպություններից մեկում, այդ ժամին հորեղբոր փեսայի հետ դուրս է գալիս՝ ինչ-որ մեկից անձնագիր վերցնելու: Նորքի նշված հատվածում նրանք տեսնում են մոտ 20 երիտասարդների, որոնցից «քեֆը լավ» մեկը գարեջրի շիշը նետում է նրանց մեքենայի ուղղությամբ: Երիտասարդների մեջ Վ. Ոսկանյանի հարազատները ճանաչում են ԱԺ հանգուցյալ պատգամավոր Արմենակ Արմենակյանի որդուն՝ Վարազդատին («Վարոյին», որը փախուստի մեջ է), ՆԳ ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի փեսային՝ «Ռաֆուլիկին» (նույնպես փախուստի մեջ է), թաղային հեղինակություններ «Արազիկին», «Գոջոյին»: Սկսվում է քաշքշոց: Նորքեցիների վկայմամբ, վեճը հրահրած «կողմը» սպասում էր մեկ այլ «հրոսակախմբի», իսկ տարօրինակ զուգադիպությամբ նրանց «անհանգստացրել» էին Վ. Ոսկանյանի հետ եղած 4 անձինք: Հրահրիչների մեջ կային ոգելից օգտագործած անձինք էլ:

Իրարից ներողություն չխնդրելու հետեւանքն այն է լինում, որ ծեծի են ենթարկվում Ոսկանյանի կողքին գտնվողները, ապա Վաղարշակը, որը ծնոտին ստանում է ուժեղ հարված: Ոսկանյանի կնոջ պատմելով, ամուսնու վնասվածքները հիմնականում գլխին էին, դեմքին: Իսկ դիահերձարանից բերելիս փակ էին նրա ձեռքերը: «Ամուսինս թշնամի չուներ: Լրիվ անմեղ զոհվել է: Խմիչքի նկատմամբ ընդհանրապես սեր չուներ: Հալալ քրտինքով աշխատող մարդ էր: Հազիվ էինք ծերը- ծերին հասցնում մեր երկու անչափահաս երեխաներին պահելու համար»:

Երեկվա դրությամբ, այս գործով, ըստ հարազատների, որեւէ մեկը «բռնված» չէր, երիտասարդի կյանքը խլածներից շատերը ազատորեն ման են գալիս տարածքում: Նրանք գիտեն, թե հատկապես ո՛ւմ հարվածից սպանվեց անմեղ երիտասարդը:

Հ. Գ. Երեկ ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից տեղեկացանք, որ կալանավորվել է Արազ Բալագյոզյանը, որն ընդունել է, թե ինքն է հարվածել Ոսկանյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով:

 

Պայքար «փուչիկների» դեմ
 

Գիտության պետական կոմիտեի նախագահը արժեք ներկայացնող գիտնականներին կտարանջատի «կեղծերից»

Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա խոսեց ՀՀ գիտության ներկա վիճակի եւ զարգացման հեռանկարների մասին: «Խորհրդային տարիներին Հայաստանը համարվում էր գիտական հանրապետություն: Այդ տարիներին գիտությունը բավականին լուրջ ֆինանսավորում ուներ՝ մոտ 400 մլն դոլարի չափով, գումարած ռազմական գիտությանը հատկացվող գումարները: ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ-ի համար մեծ խնդիրներ առաջացան: Գիտության ասպարեզում այլեւս կենտրոնական ֆինանսավորում գոյություն չուներ, Հայաստանում եղավ ծանր երկրաշարժ, ղարաբաղյան պատերազմը, ուստի 1990-ականներին Հայաստանը հայտնվեց ահավոր վիճակում: Անկումը շարունակվեց մինչեւ 1996-1997-ը... Գիտական ասպարեզում առաջընթաց ունենալու համար հարկ է մտնել համաշխարհային գիտական հանրություն, ինտեգրվել եվրոպական եւ համաշխարհային գիտության ընտանիք»,- ասաց Ս. Հարությունյանը: Նա նշեց, թե արդեն 4 ամիս գործող գիտական կոմիտեն պիտի բարեփոխումներ կատարի՝ մշակելով խաղի նոր կանոններ եւ ռազմավարական ծրագիր: Կկատարվի գիտական հիմնարկների անձնագրավորում, կվերանայվեն աստիճանաշնորհման, ֆինանսավորման համակարգերը: Կոմիտեի ստեղծման անհրաժեշտության մասին ղեկավարն ասաց. «Գիտության տարբեր ճյուղային պատկանելության հիմնարկներ կան՝ ակադեմիան եւ բուհական գիտությունը: Խորհրդային ժամանակներից եկած այս տարանջատվածությունը շատ է խանգարում: Փոքր երկրներում նման բեւեռացումը՝ բուհ, ակադեմիա եւ ճյուղային նախարարություններ, լուրջ հաջողություններ բերել չի կարող»:

Իսկ միջազգային համագործակցության մասին պարոն Հարությունյանը հայտնեց. «Ցավոք, ՀՀ-ում մինչեւ հիմա բացակայել է համաֆինանսավորման տարբերակը, համագործակցությունը մի շարք միջազգային կառույցների հետ, որոնք գիտական ֆինանսավորմամբ են զբաղվում: Այսինքն՝ երբ պետությունը տալիս է գումարների մի մասը, մյուսը՝ միջազգային կառույցները: Մեր երկրում դրամաշնորհները մինչեւ հիմա անձնական կապերով են տրվել, մինչդեռ այդ հարցում պետական մոտեցում է անհրաժեշտ»:

ԳԱԱ հաշվետու ժողովին կոմիտեի եւ իր հասցեին հնչած քննադատությունների մասին Ս. Հարությունյանն «Առավոտին» ասաց. «Դրանց լուրջ չեմ վերաբերվում: Կոմիտեն ձեւավորվել է մի քանի ամիս առաջ, ուստի որոշ ակադեմիկոսների այն որակումները, թե այն ղեկավարում է համալսարանական կոռումպացված մաֆիան, առնվազն ծիծաղելի է: Կոռումպացված բառը օգտագործելիս պիտի նայել մարդու կենսագրությունը: Կարող եք հետաքրքրվել, թե ինչպիսին եմ եղել ես ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ԵՊՀ պրոռեկտոր եղած ժամանակ եւ Իտալիայի Ֆլորենցիայի համալսարանում աշխատելու տարիներին: Կոմիտեում կա 43 հաստիք, որից ընդամենը 4 մարդ է համալսարանից՝ ես եմ, վարորդս, օգնականս եւ վարչության պետերից մեկը»: «Առավոտի» դիտարկմանը, որ օրերս ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին ՀՀ նախագահը վերջ դրեց կոմիտեի ավելորդության մասին տրտունջներին, արդյո՞ք առիթից օգտվելով կոմիտեի նախագահը չի ճնշի իր համար ոչ ցանկալի գիտնականներին, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Որեւէ մեկին ճնշելու ցանկություն չունեմ: Ընդհակառակը, այն գիտնականներին, որոնք լուրջ արժեք են ներկայացնում՝ օգնելու եմ, իսկ նրանց դեմն առնելու եմ, ովքեր փուչիկ են»:

 

Դատախազությունը փախցրեց վկաներին
 

Երեկ միանգամից ութ վկա տարբեր պատրվակներով հրաժարվել էր ներկայանալ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի ու Պետրոս Մակեյանի դատավարությանը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շոթա Սաղաթելյանի, Աշոտ Զաքարյանի եւ Պետրոս Մակեյանի դատը: Նրանք մեղադրվում են Գյումրիի թիվ 34/06 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները «սպառնալիքներով ու հայհոյանքներով խոչընդոտելու՝ շուրջբոլորը վախ եւ անվստահություն սերմանելու» մեղադրանքով: Նախորդ նիստին երկու վկայի համարձակ, անկեղծ խոստովանության շնորհիվ դատավարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել հանրապետությունով մեկ, եւ այդպես շարունակվելու դեպքում դատարանը ստիպված կլիներ ընդունել ամբաստանյալների անմեղությունը: Հավանաբար այդ օրվա խայտառակությունը էժան չէր նստել մեղադրող կողմի վրա, եւ նեղն ընկած դատախազությունը երեկ դիմել էր փրկարար հնարքի՝ վկաներին թույլ չէր տվել դատարան ներկայանալ: Դատը սկսվելուն պես դատավոր Վահե Խալաթյանն ընթերցեց վկաների դիմումները: Նրանցից մի քանիսը գրել էին, որ «դատարանը չի կարող ապահովել իրենց անվտանգությունը՝ այնտեղ հավաքված անքաղաքավարի ամբոխից, որն իրենց ենթարկում է հոգեբանական ճնշումների, վիրավորանքների», մի քանիսը «ընտանեկան խնդիրներ ունեին», մեկը վատառողջ էր, իսկ մեկ ուրիշը «լքել էր հանրապետությունը»:

Չնայած ժողովրդի «ամոթ, ամոթ» վանկարկելուն՝ դատախազ Արմեն Բոշնաղյանը վատ չզգաց դատավարության հետաձգման գույժը հայտնելուց: Ըստ նրա՝ առանց վկաների դատ չի լինում, եւ դատախազությունն ինքը կհրապարակի հանրապետությունից բացակայողների նախնական ցուցմունքները, որոնք էլ հիմք կընդունվեն: Այս հայտարարությունը չափազանց զայրացրեց փաստաբան Հովիկ Արսենյանին. «Ինձ համար այս պատմությունը շատ տհաճ է, երեկ ինձ հայտնի դարձավ, որ վկաներ չեն լինելու: Սա կազմակերպված էր, հասկանալի է, բայց դուք պարտավոր էիք նրանց ներկայությունն ապահովել, պահանջեք տեղեկանքներ ներկայացնել, թե բացակայողները որտե՞ղ են, եւ ինչպե՞ս է, որ վկաները, դատարանում ներկա չլինելով, դահլիճում հավաքվածներին անքաղաքավարի ամբոխ են անվանում»: Հաջորդեց Պետրոս Մակեյանի ու Շոթա Սաղաթելյանի դժգոհությունը. «Վեց-յոթ հոգի ինչպե՞ս միանգամից որոշեցին դատին չներկայանալ, սա նախապատրաստված է հանցագործ ձեւով: Տեսաք, որ գործը փլուզվում է, այս սցենա՞րը կազմակերպեցիք, այդ դեպքում փոխեք մեր խափանման միջոցը, միգուցե վկաները երբեք էլ Հայաստան չգան, մենք ընդմիշտ կալանավորվա՞ծ ենք մնալու»: Մակեյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը միջնորդեց փոխել ամբաստանյալների խափանման միջոցը՝ ազատ արձակել, մեկ անգամ եւս հիշեցնելով իր պաշտպանյալի կենսագրությունը՝ Արթիկի շրջկոմի նախագահ, Շիրակի փոխմարզպետը լինելը: Ֆրանսիայի Ժանդարմների բարձրագույն դպրոցում զինվորական կրթություն ստացած Աշոտ Զաքարյանի մասին խոսելիս նրա փաստաբան Միշա Զաքարյանը եւ Հովիկ Արսենյանը կարծիք հայտնեցին. «Նա քայլող լեգենդներից մեկն է, ու մենք՝ ես, դուք, բարոյական իրավունք չունենք նրա հետ այսպես վարվելու: Մի՛ մասնակցեք արդարադատության սպանդին»:

Չնայած դահլիճի՝ «Հիմա՛, հիմա՛, որոշո՛ւմ, որոշո՛ւմ» վանկարկումներին՝ դատարանը չբավարարեց փաստաբանների միջնորդությունը, ասելով, որ այն կքննարկեն հաջորդ նիստին: Հովիկ Արսենյանը դարձյալ զայրացավ. «Հասկանալի է, սպասում եք քաղաքական հանձնարարության, բայց մենք միջնորդություն ենք ներկայացրել, որոշում կայացրեք»: Դատավորը ժողովրդի ճնշման տակ հինգ րոպե շարունակ չգիտեր՝ ինչ պատասխաներ, այնուամենայնիվ, ուժերը հավաքեց, կարմրելով հայտարարեց դատը մեկ շաբաթով հետաձգելու մասին ու մի կերպ փախավ դահլիճից:

 

ՀԵՐԹԱԿԱՆ «ԿԱԴԱՍՏՐԻ ԳՈՐԾԸ»
 

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ խաբեությամբ պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու եւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքի առթիվ: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից 2008թ. մարտի 14-ին ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Արաբկիր» տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի առաջատար մասնագետ Արմինե Չոբանյանը, նույն ստորաբաժանման գրանցման բաժնի պետի տեղակալ Վրեժ Ամիրխանյանը, գրանցման բաժնի պետ Հրաչ Թորոսյանը եւ ստորաբաժանման ղեկավար Ստյոպա Շահբազյանը, անձնական շահագրգռությունից ելնելով, կատարել են պաշտոնեական կեղծիք եւ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես՝ Ա. Չոբանյանը եւ Վ. Ամիրխանյանը կազմել ու գրանցման բաժնի պետ Հ. Թորոսյանին եւ ղեկավար Ս. Շահբազյանին են ներկայացրել կեղծ փաստաթղթեր՝ գրավի պայմանագրով արգելանքի տակ գտնվող Երեւանի Ադոնցի փողոցի 17/4 շենքի թիվ 20 բնակարանի վերաբերյալ 2005թ. հոկտեմբերի 25-ի թիվ 203632 ու 2006թ. փետրվարի 23-ի թիվ 220105 միասնական տեղեկանքներ, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, չեն նշել բնակարանն արգելանքի տակ գտնվելու մասին, իսկ Հ. Թորոսյանը եւ Ս. Շահբազյանը ստորագրել են այդ տեղեկանքները, կնքել դրանք, որից հետո տեղեկանքները տրամադրվել են Հասմիկ Ամիրխանյանին ու Զարվարդ Հարությունյանին: Հ. Ամիրխանյանը, օգտագործելով ակնհայտ կեղծ փաստաթղթերը, հիշյալ բնակարանը օտարել է եւ խաբեությամբ խուսափել գրավի պայմանագրով նախատեսված ու 2003թ. նոյեմբերի 26-ի թիվ ԿԵԳԲԱԾ-1 պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը փոխանցված 17.296.17 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտավորությունը կատարելուց, որի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող էական վնաս: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօրի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել), 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիք) եւ 325-րդի 1-ին (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մասերի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար:

 

ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ՍՊԻՏԱԿՈՒՄ
 

Սպիտակ քաղաքում գնալով թեժանում է նախընտրական պայքարը: Ինչպես տեղեկացրել էր «Առավոտը», նախընտրական քարոզարշավի առաջին օրը իր տան բակում հրդեհվել էր թեկնածու Գագիկ Սահակյանին սատարող Ալիկ Սարգսյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհի հեղինակը դեռեւս չի բացահայտվել: Ապրիլի 27-ին ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքապետի թեկնածուներ՝ ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանի եւ ԲՀԿ-ական Արտյոմ Մակարյանի կողմնակիցների միջեւ: Ըստ «Առավոտի» աղբյուրի, մինչ ծեծկռտուքը Վանիկ Ասատրյանի հորեղբայր Արշալույս Ասատրյանը ճանապարհին հանդիպելով Արտյոմ Մակարյանի շտաբի գործավարուհուն, նրանից պահանջել է բացել պայուսակը, որպեսզի ինքը ստուգի՝ այնտեղ կա՞ն անձնագրեր, թե՝ ոչ, քանի որ ինքը լուրեր է լսել, թե ԲՀԿ-ի շտաբը անձնագրեր է հավաքում: Գործավարուհին հրաժարվել է կատարել Ասատրյանի պահանջը: Այնուհետեւ, ըստ մեր աղբյուրի, Արտյոմ Մակարյանի շտաբի աշխատակցուհի Կարինեի տուն են «այցելել» Արարատ Ավետիսյանը՝ Վանիկ Ասատրյանի քեռու տղան եւ ԲՇՏ-ի աշխատակից ոմն Սոս, եւ տանտիրուհուց հաշիվ պահանջել, թե ինչու են անձնագրեր հավաքում: «Հյուրերի» զրույցին միջամտել է Կարինեի ամուսինը, որը երկրորդ կարգի հաշմանդամ է եւ պահանջել ազատել իր տունը: «Հյուրերը», սակայն, քաշքշել են նրան եւ վայր գցել: Կարինեն անմիջապես զանգել է շտաբ, որտեղից եկած մարդիկ նախ պահանջել են ազատել տունը, սակայն դիմադրության հանդիպելով՝ ծեծել են անկոչ հյուրերին եւ իրենց հետ տարել Վոլոդյա Ավետիսյանի ավտոմեքենան, այն կանգնեցրել իրենց շտաբի բակում եւ սպասել, թե ով է գալու մեքենայի հետեւից: Այդ համարձակը եղել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վահե Ղոչիկյանը՝ քաղաքի ոստիկանության բաժնի պետ Սերգո Ավետիսյանի փեսան: Վահեն նույնպես ծեծի է ենթարկվել: Վանիկ Ասատրյանի շտաբը դիմել է ոստիկանություն: Հարցին, թե ինչո՞ւ են իր թիմակիցները գնացել Արտյոմ Մակարյանի շտաբի աշխատակցի տուն, Ասատրյանն ասաց. «Իմ մարդիկ այդ թաղամաս էին գնացել ինժեների տուն՝՝ շինարարական գործերով, նրանք էլ ճանապարհին բռնել-ծեծել են այդ մարդկանց եւ տարել ավտոմեքենան: Սա իրենց կողմից սարքված սադրանք է, որը կբացահայտեն իրավապահները»: Փորձեցինք լսել նաեւ Արտյոմ Մակարյանին, սակայն շտաբից մեզ ասացին, որ թեկնածուն ընտրողների հետ հանդիպման է եւ չի կարող պատասխանել մեր հարցերին:

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐԸ ԼԻՐԻԿԱԿԱՆ ԵՆ»
 

Ըստ պարուսույց Կարեն Միքայելյանի՝ մեր ռազմի պարերն էլ կարող են ողջ աշխարհով տարածվել

Ժամանակակից պարերի ուսուցումը մեր իրականությունում սկսվեց 1980-ականների վերջին: Այսօր արդեն Հայաստանում գործում են հարյուրավոր նման պարային խմբեր: Դրան զուգահեռ չեն դադարում խոսակցություններն այն մասին, թե այդ ոլորտի պարուսույցներից շատերը պրոֆեսիոնալներ չեն: Նկատենք, որ պարարվեստի ուսումնարանն էլ չունի ժամանակակից պարերի բաժին: Հանդիպեցինք Հայաստանում առաջիններից ասպարեզ ելած «Արայի դանս շոու» խմբի գեղարվեստական ղեկավար Կարեն Միքայելյանի հետ: Նա խոստովանեց, որ մինչեւ հիմա համապատասխան գրականություն ստանում էր դրսից, ու այս տարվա ընթացքում լույս կտեսնի իր հեղինակած «Ժամանակակից պարերի ուսուցման մեթոդիկան»:

Մեր զրուցակիցը նախ պարզաբանեց, որ ժամանակակից պարարվեստը ընդգրկում է սոցիալական ուղղվածության շուրջ 50 պարաոճ: Դրանցից յուրաքանչյուրն իր երկրի ֆոլկլորային պարն է, որը ժամանակի ընթացքում զարգացում ապրելով՝ դուրս է եկել տվյալ երկրի սահմաններից. «Փողոցային մրցույթներում կատարվող ժամանակակից պարերից շատերը այսօր ընդգրկված են նաեւ «Գրեմմիի» անվանակարգերում»:

Կ. Միքայելյանը օրինակ բերեց հիփ-հոփ պարաոճը. «Սա աֆրո-ամերիկացիների ֆոլկն է: Աֆրոամերիկացիները, բնակվելով Ամերիկայի աղքատ թաղամասերում, մասնավորապես՝ Բրոնքսում, իրենց բողոքի ձայնը վերին ատյաններին հասցնելու համար ընտրել են երգի ու պարի սինթեզը՝ ռեփային տարբերակը ուղեկցելով պարային յուրօրինակ շարժումներով: 1960-ականներից հիփ-հոփը զարգանալով ձեռք է բերել երեք ուղղվածություն՝ պար, գրաֆիտի (նկարազարդումներ պատերին) եւ DJ-արվեստ»:

Մեր զրուցակիցը համաձայնեց, որ այսօր ժամանակակից պարարվեստի ոլորտում պրոֆեսիոնալ պարուսույցները չեն գերակշռում, նաեւ հայտնեց, որ Հայաստանում դեռեւս 80-ականներին ժամանակակից պարերի «ներմուծողը» հայ պարարվեստի երախտավոր Հովսեփ Շամամյանն էր, ինքն էլ ուսանել է վերջինիս սանի՝ Կարո Կիրակոսյանի ղեկավարությամբ:

«2007թ.-ից Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում ուսուցանվում են սոցիալ ուղղվածության պարեր՝ պատրաստելով պարուսույցներ: Իսկ մինչ այդ, դասավանդվում էին նաեւ պատմակենցաղային (այսինքն՝ պալատական պարեր՝ պոլոնեզ, մազուրկա, գավոտ եւ այլն), ինչպես նաեւ լատինամերիկյան (ռամբա, սամբա, չա-չա-չա եւ այլն) պարեր»,- ասաց պարուսույցը: Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է մեր ազգային պարերն էլ երբեւէ միջազգային ճանաչման արժանանան: Կ. Միքայելյանը պատասխանեց. «Լատինամերիկյան պարերը, օրինակ՝ արգենտինյան տանգոն կամ կարիբյան ավազանի պարերը՝ սալսան, մերենգեն եւ մյուսները, այսօր ողջ աշխարհն է պարում: Չեմ բացառում, որ մի օր էլ, օրինակ, մեր քոչարին նման պատվի արժանանա: Ճապոնիայի պարային ակումբներից մեկում ճապոնացի պարուսույցը արդեն տարիներ շարունակ ուսուցանում է հայկական քոչարին: Հայկական պարերը կարելի է սովորել նաեւ Իսպանիայում եւ Ֆրանսիայում: Ի դեպ, մեր պարերը լիրիկական են, ոչ թե բողոքական: Ունենք ծիսական, ռազմի, անգամ սգո պարեր... Պարտադիր չէ, որ պարի լեզվով միայն բողոք արտահայտվի: Անձամբ ես կուզեի, հասկանալի պատճառով, որ աշխարհով մեկ տարածվեն հատկապես մեր ռազմի պարերը»:

 

ԽՈՍՏԱՑԱՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
 

Առաջին թեթեւագույն քաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ավարտեց IBF-ի չեմպիոն, ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի հետ գոտիների միացման համար օգոստոսին Լաս Վեգասում կայանալիք մենամարտի նախապատրաստության առաջին փուլը, որն անցկացնում էր Երեւանում եւ այսօր վաղ առավոտյան մեկնեց Ավստրալիա:

Հայաստանում գտնվելու այս մեկ ամսվա ընթացքում Վիկը քրտնաջան մարզվելուց բացի, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել իր երկրպագուների հետ:

Վերջինը կայացավ երեկ՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը Վախթանգին մաղթեց միայն հաղթանակ. «Օգոստոսի 2-ին բոլորս քեզ հետ ենք լինելու եւ հեռուստացույցի առջեւ նստած՝ մեր ուժը տալու ենք քեզ: Քո հաղթանակին չենք կասկածում ու անհամբեր սպասում ենք վերադարձիդ՝ առայժմ կրկին երկու գոտիներով: Այս ընթացքում մենք մեր ինստիտուտի օլիմպիական թանգարանում, որտեղ իրենց արժանի տեղն ունեն օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանը, Ալբերտ Ազարյանը, Վլադիմիր Ենգիբարյանը, Յուրի Վարդանյանը, կստեղծենք Վիկ Դարչինյանի անկյունը: Մենք մի անակնկալ էլ ենք պատրաստել քեզ համար: Գիտենք, որ ավարտել ես Վանաձորի մանկավարժական ինստիտուտը: Դրա համար էլ կոլեկտիվը որոշել է այս տարի քեզ ընդունել մեր ինստիտուտ: Քեզ նման ուսանող ունենալը մենք պատիվ ենք համարում»:

Որպես թանգարանի՝ իրեն հատկացվելիք անկյան առաջին ցուցանմուշ, Վիկն ինստիտուտին նվիրեց իր ձեռնոցները, որոնցով վերջին շրջանում նախապատրաստվել է չեմպիոնական գոտեմարտերին:

Հանդիպման ավարտին «Առավոտը» հրաժեշտի հարցազրույց անցկացրեց Վախթանգ Դարչինյանի հետ:

- Առաջին անգամ էիր չեմպիոնական մենամարտին նախապատրաստվում հայրենիքում: Գո՞հ ես հայաստանյան քո մարզումներից: Դրանք ծառայեցի՞ն իրենց նպատակին:

- Այո: Սա նախապատրաստությանս առաջին փուլն էր եւ որոշել էի այն նվիրել տեխնիկայիս վերականգնմանը: Մտադիր էի մարզվել սիրողական բռնցքամարտում իմ առաջին ու միակ մարզչի՝ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ, որին պարտական եմ իմ բոլոր հաջողությունների համար: Ցավոք, նա առողջության հետ կապված ժամանակավոր խնդիրներ ունեցավ եւ չկարողացավ լիարժեքորեն օգնել ինձ: Բայց մարզվեցի Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ ու շատ գոհ եմ: Լավ է, որ Հայաստանում բարձրակարգ մարզիչներ կան:

- Կիրիլովի հետ մարտը սկզբում նշան ակված էր հուլիսի 6-ին: Հիմա այն մեկ ամսով հետաձգվել է: Դա քո պլանները չխախտե՞ց:

- Որոշ չափով՝ այո: Մարզումներս ծրագրել էի այնպես, որպեսզի հենց այդ օրը գտնվեմ լավագույն մարզավիճակում: Երբ տեղեկացա նոր ժամկետի մասին, վերջին օրերին մարզումներիս հագեցածությունը նվազեցրի: Հիմա կմեկնեմ Ավստրալիա ու մի երկու շաբաթից կվերսկսեմ, արդեն շեշտը դնելով ֆիզիկականի եւ ուժայինի վրա: Այնպես որ, օգոստոսի 2-ին խնդիրներ չեն լինի:

- Առաջնահերթ խնդիրդ հայտնի է՝ հաղթել Կիրիլովին: Իսկ դրանից հետո ի՞նչ մտադրություններ ունես:

- Միավորել ինձ համար նոր քաշային կարգի բոլոր գոտիները եւ դառնալ բացարձակ չեմպիոն: Իսկ ամենագլխավոր նպատակս Նոնիտո Դոնեյրին հաղթելն է, որից, իմ մեղավորությամբ, պրոֆեսիոնալ բռնցքամարտում կրել եմ մարզական կարիերայիս մեջ միակ պարտությունս:

- Մեկնելուց առաջ ասելիք ունե՞ս:

- Ամեն բան լավ կլինի: Սպասենք մինչեւ օգոստոսի 2-ը: Ջերմ բարեւներս հատկապես «Առավոտ» օրաթերթին: Ձեր ջերմ վերաբերմունքը միշտ ոգեւորում է ինձ:

Հանդիպման արարողության ժամանակ նորվեգացի մեծ մարդասեր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի հայաստանյան հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը հայկական սպորտում ունեցած ավանդի եւ ծավալած բարեգործական մեծ աշխատանքի համար Վախթանգ Դարչինյանին շնորհեց «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալ:

 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+32+16 
 Շիրակ+22+6 
 Արարատ+33+15
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ