ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք երկրորդ

Գլուխ երեսունմեկերորդ

ՌԵՍՏՈՐԱՆ «ՍԵՎԱՆ»

Մենք արդեն Կոմայգուց դուրս էինք եկել, եւ Լիզան Թամրազյանին հարցրեց.

- «Սեւան» ռեստորանը որտե՞ղ է:

- Հրե՛ն,- «Սեւան» հյուրանոցի շենքը ցույց տվեց Թամրազյանը:- Իզուր էլ էսքան երկար-բարակ ձեր կարծիքն եմ հարցնում: Գնացի՛նք։

- Գնացինք,- Լիզային ասացի ես:

- Գնանք,- ասաց Լիզան:- Ես այսօրվանից սկսում եմ ենթարկվել տղամարդկանց:

- Ի՛նձ ասա, որ դեղնակտուցների հետ լեզու եմ թրջում,- քայլերն արագացնելով՝ ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- հետեւեք ի՛նձ:

- Փաստորեն, ձեզ ծախսի տակ ենք գցում, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան, երբ արդեն մտել էինք ռեստորան:

- Արդեն ուշ է,- ասաց Թամրազյանը.- էդ մասին շո՛ւտ պիտի մտածեիք:

- Չցանկացա՛ Աստծո կամքին հակառակ գնալ,- ասաց Լիզան:

- Ի՞նչ Աստծո կամք,- զարմացավ Թամրազյանը:

- Աստված կամենում է, որ ես այսօր ռեստորան գնամ,- ասաց Լիզան:

- Էս արձակուրդների ընթացքում շատ ես մեծամտացել, Լի՛զըչկա,- ասաց Թամրազյանը:

- Ի՞նչ իմաստով եմ մեծամտացել,- հարցրեց Լիզան:

- Քեզ ինչո՞ւ է թվում, որ Աստված էս ռեստորանը հատկապես քե՛զ է կամեցել եւ ո՛չ թե՝ ինձ ու Արմենին:

- Որովհետեւ, ի տարբերություն ձեզ, ես այսօր առաջին անգամ եմ ռեստորան ոտք դնում,- ասաց Լիզան:

- Հաստա՞տ,- զարմացավ Թամրազյանը:

- Հաստա՛տ,- ասաց Լիզան.- սա առաջին դեպքն է:

- Եթե Սրապն ընդունվելուդ մաղարիչն աներ, սա երկրորդ դեպքը կլիներ:

- Ճիշտ եք ասում,- ասաց Լիզան:

- Սրապն ո՞վ ա,- հարցրի Լիզային:

- Պապաս,- ասաց Լիզան:

- Քրոջդ մաղարիչն է՛լ չարեց,- ասաց Թամրազյանը:- Մի գլուխ խոստանում է, բայց չի անում:

- Դուք էլ խոստացաք ամառային արձակուրդներին մեր գյուղ գալ, բայց չեկաք,- ասաց Լիզան:

- Անցած լինի,- ասաց Թամրազյանը:

- Արդեն ես է՛լ եմ անհարմար զգում,- ասաց Լիզան:

- Ինչի՞ համար ես անհարմար զգում,- հարցրեց Թամրազյանը:

- Էդ մաղարիչի համար,- կմկմաց Լիզան:

- Կատակ եմ անում,- ասաց Թամրազյանը:

- Ամեն կատակի մեջ որոշ ճշմարտություն կա,- ասաց Լիզան.- մանավանդ՝ ա՛յս կատակի մեջ:

- Արձակուրդների ընթացքում ահագին հասունացել ես, Լի՛զըչկա,- ասաց Թամրազյանը:

- Մեծանում ենք, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան:

- Շատ արագ ես մեծանում,- ինձ նայելով՝ Լիզային ասաց Թամրազյանը:- Որ ընդունվեցիր՝ մի մատ երեխա էիր: Շատ արագ մեծացար:

- Կյա՛նքն է ստիպում,- ասաց Լիզան:

Թամրազյանի ցուցումով մենք տեղավորվեցինք պատի տակի սեղանի շուրջ, բայց ահագին ժամանակ մեզ ոչ ոք չէր մոտենում, եւ երբ Լիզան ասաց՝ «կյանքն է ստիպում», նվագախմբի երիտասարդ երգիչը զլեց՝ «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»:

- Շատ հաճելի տեղ է,- ասաց Լիզան:- Երգիչն էլ բավականին լավ է երգում:

- Ոչ թե բավականին, այլ՝ բավական,- ասաց Թամրազյանը.- երգիչը բավական լավ է երգում:

- Երգիչը բավական լավ է երգում,- կրկնեց Լիզան:

- Վհատվելու չէ՝ վերջ կունենան,- շարունակեց երգիչը:

- Բարեւ ձեզ, ընկե՛ր Թամրազյան,- մեր սեղանին մոտենալով՝ ժպտաց սեւ կոստյումով բարձրահասակ տղամարդը:

- Բարեւ, Գուրգե՛ն: Էս մեզ թթու ե՞ք դրել,- ասաց Թամրազյանը:- Ինչո՞ւ մեր սեղանին ոչ ոք չի մոտենում:

- Զանգել եմ, պրոֆեսոր ջան. հես ա շեֆը գալիս ա,- ասաց բարձրահասակը:

- Ի՞նչ շեֆ,- զարմացավ Թամրազյանը:- Էլի չեք թողնելո՞ւ մի կտոր հալալ հաց ուտենք:

- Շեֆն ասել ա՝ որ կարեւոր մարդիկ գան, զանգեմ՝ իրան իմաց տամ,- ասաց Գուրգենը:

- Ոնց որ հասկանում եմ՝ էլի մեր մի կտոր հացը հարամ եք անելու,- ասաց Թամրազյանը:

- Էդ ե՞րբ ենք հարամ արել, պրոֆեսո՛ր ջան,- խեղճացավ Գուրգենը:

- Շեֆիդ կանչել ես՝ էլի մեր փոխարեն սեղանի հաշիվն իր վրա է վերցնելու,- տեղից վեր կենալով՝ ասաց Թամրազյանն ու մեզ նայելով՝ ավելացրեց.- գնացի՛նք, էրեխե՛ք:

- Ո՞ւր եք գնում, ընկե՛ր Թամրազյան,- սարսափահար մեզ նայեց բարձրահասակը.- շեֆը հենց հիմա գալու ա. որ իմանա ձեզ նեղացրել եմ՝ ինձ հենց տեղում գործից կազատի:

- Բայց դու մեզ չես նեղացրել,- ասաց Թամրազյանը:- Շե՛ֆդ է ամեն անգամ մեզ նեղացնում:

- Կապ չունի,- ասաց Գուրգենը.- կուժնուկուլեն ի՛մ գլխին ա ջարդվելու. ե՛ս եմ մեղավոր դուս գալու:

- Որ էդպես է, կսպասենք ինքը գա՝ հետո նոր կգնանք,- ասաց Թամրազյանը:

- Թեկուզ ըտենց,- ասաց բարձրահասակը.- մենակ թե չմտածի՝ ե՛ս եմ ձեզ նեղացրել:

- Դե լավ, էրեխե՛ք, նստեք՝ մինչեւ սրանց շեֆը գա,- ասաց Թամրազյանը.- Գուրգենին հարվածի տակ չդնենք:

- Հա, շա՜տ եմ խնդրում,- աղաչեց բարձրահասակը, եւ հենց այդ պահին ռեստորանի դահլիճ մտավ ու արագ քայլերով մեզ մոտեցավ կարճահասակ, չափազանց գեր ու ճաղատ մի տղամարդ:

- Բարո՛վ տեսանք, պրոֆեսոր ջան,- Թամրազյանին գրկելով՝ ասաց կարճահասակը:

- Բարեւ, Սամսո՛ն,- չոր տոնով ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- արդեն գնում էինք:

- Ո՞ւր էիք գնում,- ապշահար մեզ նայեց կարճահասակը:

- «Արարատի» պադվալ,- ասաց Թամրազյանը:

- Կարող ա՞ նեղացրել են,- բարձրահասակին խիստ նայեց Սամսոնը:- Պրոֆեսորին նեղացնող ա՞ էղել, Գուգո՛:

- Այստեղ միայն մի հոգի կարող է ինձ նեղացնել,- ասաց Թամրազյանը:

- Էդ մի հոգին ո՞վ ա,- նորից Գուրգենին նայեց Սամսոնը:

- Դո՛ւ,- ասաց Թամրազյանը:

- Ե՞ս,- ապշեց Սամսոնը:

- Հենց դո՛ւ,- ասաց Թամրազյանը:

- Ի՞նչ իմաստով ես ասում, պրոֆեսո՛ր ջան,- հարցրեց Սամսոնը:

- Անցած անգամ չթողեցիր հաշիվը փակենք,- ասաց Թամրազյանը:

- Էս անգամ է՛լ չեմ թողելու ,- ինքնավստահ ասաց Սամսոնը:

- Դրա համար էլ գնո՛ւմ ենք,- տեղից վեր կենալով՝ ասաց Թամրազյանը.- գնացի՛նք, էրեխե՛ք ջան:

- Մենակ դիակիս վրայո՛վ,- Թամրազյանի դեմը փակեց Սամսոնը:

- Չեմ հասկանում,- ասաց Թամրազյանը.- զոռով ստիպում ես, որ քո ռեստորանո՞ւմ հաց ուտենք:

- Ավելի լավ ա՝ էս դանակը սիրտս կոխես,- ափսեիս մոտ դրված դանակը վերցրեց ու Թամրազյանին մեկնեց Սամսոնը:

- Այսինքն, էսօր թողնելո՞ւ ես մարդավարի ու հալալ հաց ուտենք,- հարցրեց Թամրազյանը:

- Ի՞նչ իմաստով ես ասում, պրոֆեսո՛ր ջան,- խեղճացավ Սամսոնը:

- Է՛ն իմաստով եմ ասում, որ էսօր մեր հաշիվներին չպիտի՛ խառնվես,- ասաց Թամրազյանը.- էսօր մե՛նք ենք մեր հաշիվը փակելու:

- Անհնարին բան ես ասում, Թամրազյա՛ն ջան,- ասաց Սամսոնը.- Սամսոնը մեռած ա՞, որ պրոֆեսորն էս տերիտորիայում հաշիվ փակի:

- Եթե անհնարին բան եմ ասում, ուրեմն՝ գնացի՛նք,- ասաց Թամրազյանը.- գնացի՛նք, էրեխե՛ք ջան:

- Ո՞ւր եք գնում,- ցնցվեց Սամսոնը:

- «Արարատի» պադվալ,- ասաց Թամրազյանը:

- Սպանում ես, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Սամսոնը.- փաստորեն, անդանակ մորթում ես:

- Մեղավորը ե՛ս եմ,- ասաց Թամրազյանը:

- Դո՞ւ խի ես մեղավոր, պրոֆեսո՛ր ջան.- դու ո՞նց կարաս մեղավոր ըլնես,- ասաց Սամսոնը:

- Ես էն վերջին դեպքից հետո պարզապես իրավունք չունեի ոտքս էս ռեստորան դնել,- ասաց Թամրազյանը:

- Չեմ հասկանում, պրոֆեսո՛ր ջան. ո՞ր դեպքի մասին ա խոսքը,- հարցրեց Սամսոնը:

- Էն՝ որ չթողեցիր հաշիվը փակեմ,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- ուղղակի՝ հետս Սփյուռքից հյուրեր կային, դրա համա՛ր հետդ բազար չարեցի:

- Ի՞նչ բազար, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Սամսոնը.- ես ո՞վ եմ, որ հետդ բազար անեմ:

- Չերկարացնենք,- ասաց Թամրազյանը.- եթե չես ուզում, որ հենց էս պահին վեր կենանք ու գնանք, մատուցողուհիներից մեկին ուղարկիր՝ մարդավարի պատվեր տանք:

- Ո՞ր մատուցողուհուն ես ուզում, պրոֆեսո՛ր ջան,- ուրախացավ Սամսոնը:

- Ամենասիրունի՛ն,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- ես այսօր ուզում եմ մեր երիտասարդներին ոնց որ պետքն է՝ պատիվ տալ:

- Էս մեր ջահելներն էլ ե՞ն հյուր,- Լիզային նայելով՝ հարցրեց Սամսոնը:

- Այո, ասաց Թամրազյանը.- իմ հարգարժան հյուրերն են:

- Իրանք էլ ե՞ն Սփյուռքից,- դարձյալ Լիզային նայելով՝ հարցրեց Սամսոնը:

- Ի՞նչ է, նման չե՞նք,- հարցրեց Լիզան:

- Ով որ Թամրազյանի հետ իմ էս օբյեկտը ոտ ա դնում, իմ գլխի վրա տեղ ունի, աղջի՛կ ջան,- ասաց Սամսոնը:

- Սա քո օբյեկտը չի,- ասաց Թամրազյանը.- սա պետական օբյեկտ է, եւ դու էլ հաճախորդներիդ վրա ճնշում գործադրելու իրավունք չունես:

- Էղա՛վ, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Սամսոնը.- հես ա Նորային կուղարկեմ՝ ձեզանով կզբաղվի:

- Ուղարկի՛ր,- ասաց Թամրազյանը:

- Ամեն ինչ քո ուզածո՛վ կըլնի, սրտի՛դ մեռնեմ,- ասաց Սամսոնն ու գնաց դեպի ռեստորանի խոհանոցը:

- Էս մարդու ձեռքը կրակն եմ ընկել,- ասաց Թամրազյանը:

- Ինքը տնօրե՞նն է,- հարցրեց Լիզան:

- Հա,- ասաց Թամրազյանը:- Երկու տարի առաջ էս մարդու աղջկան բանասիրական ընդունեցի ու ձեռը կրակն եմ ընկել:

- Աղջիկն ո՞վ է,- հարցրեց Լիզան:

- Քեզանից մի կուրս բարձր է,- ասաց Թամրազյանը.- եթե չեմ սխալվում՝ անունն Անահիտ է:

- Եթե իմ իմացած Անահիտն է՝ շատ գեղեցիկ աղջիկ է,- ասաց Լիզան:

- Հա,- ասաց Թամրազյանը:- Զարմանում եմ՝ ո՞նց է էս գաճաճից էդ բոյբուսաթով աղջիկն առաջացել:

- Երեւի կնոջն է նման,- ասաց Լիզան:

- Երեւի: Կնոջը չեմ տեսել,- ասաց Թամրազյանը:

- Էս տեսակ մարդիկ իրենց կանանց էնպես են թաքցնում, որ հանկարծ որեւէ մեկը չտեսնի,- ասաց Լիզան:

- Կյանքից ահագին հասկանում ես, Լի՛զըչկա,- ժպտաց Թամրազյանը:

- Անահիտից է՛լ է զգացվում, որ հարուստ ծնողների աղջիկ է,- ասաց Լիզան:

- Հա,- ասաց Թամրազյանը.- հարուստ որ չլիներ, ո՞նց ամեն անգամ իմ փոխարեն հաշիվ կփակեր:

- Մեծ բան չի,- ասաց Լիզան.- ձեր արած լավությունը շատ ավելի մեծ է:

- Ինքն է՛լ է երեւի քեզ պես մտածում, բայց եթե էս տեմպերով շարունակի իմ փոխարեն հաշիվ փակել, աղջկա կրթությունն իր վրա ահավոր թանկ կնստի,- ասաց Թամրազյանը:

- Եղա՛ծ տեղից է ծախսում,- ասաց Լիզան.- որ չունենա՝ ո՞նց կծախսի:

- Ի՛ր իրավունքն է. ինչքան ուզում է՝ թող ծախսի,- ասաց Թամրազյանը.- միայն թե՝ թող ծախսի է՛ն մարդկանց վրա, որոնք իրենից էդ ծախսն ակնկալում են:

- Ինքն էդ ձեւով փորձում է ձեր լավության տակից դուրս գալ,- ասաց Լիզան:

- Ես էլ ամեն մեկի լավության տակ չեմ ուզում մտնել,- ասաց Թամրազյանը:

- Որտեղի՞ց եք իրար ճանաչում,- հարցրեց Լիզան:

- Անհիշելի ժամանակներից էս ռեստորանում խմում ենք,- ասաց Թամրազյանը:- Պարույրի ու Վահագի հետ միշտ էստեղ էինք գալիս:

- Ո՞ր Պարույրի,- հարցրեց Լիզան:

- Սեւակի՛,- ասաց Թամրազյանը:- Պարույր Սեւակի ու Վահագն Դավթյանի հետ էստեղ մի քանի տոննա խմած կլինենք:

- Մի քանի տոննա ի՞նչ,- հարցրեց Լիզան:

- Ամեն ինչ,- ասաց Թամրազյանը:- Էն ժամանակ է՛լ էր տնօրենն էս Սամսոնը:

- Էն ժամանակ էլ է՞ր ինքը ձեր փոխարեն հաշիվ փակում,- հարցրեց Լիզան:

- Հա,- ասաց Թամրազյանը.- էդպիսի դեպքեր էն ժամանակ է՛լ են եղել:

- Ուրեմն՝ անշահախնդիր մարդ է,- ասաց Լիզան.- էն ժամանակ հո իր աղջկան համալսարան չէի՞ք ընդունել:

- Էն ժամանակ ինքը Պարույրի՛ պատվին էր հաշիվ փակում, ա՛յ խելոք,- ժպտաց Թամրազյանը.- էն ժամանակ Պարույրն արդեն հանրահայտ էր:

- Հիմա էլ դո՛ւք եք հանրահայտ,- ասաց Լիզան:

- Համա թե շողոքորթն ես, հա՜,- ծիծաղեց Թամրազյանը:

- Փաստորեն, դուք էլ մե՛ր փոխարեն եք հաշիվ փակում, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան:

- Եթե իր աղջկան համալսարան ընդունած չլինեի, ինչքան ուզում էր՝ թող հաշիվ փակեր,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- բայց որ աղջկա հանգամանքը կա, մի տեսակ տգեղ է:

- Մարդուն պետք է հնարավորություն տաք, որպեսզի իր երախտագիտությունն արտահայտի,- ասաց Լիզան:

- Շատ ես լեզվիդ տալիս,- ասաց Թամրազյանը:- Արդեն երկու տարի է՝ Սրապին էդ հնարավորությունը տվել եմ, բայց իր երախտագիտությունը ոչ մի կերպ չի արտահայտում:

- Հա,- ասաց Լիզան:

- Սրապն ո՞վ ա,- նորից հարց րի ես:

- Պապաս,- ասաց Լիզան:- Փաստորեն, ընկեր Թամրազյանն իր արած լավությունը երեսով է տալիս:

- Ի՞նչ լավություն,- հարցրեց Թամրազյանը:

- Որ ինձ ու քրոջս համալսարան եք ընդունել,- կարմրեց Լիզան:

- Կատակ եմ անում, ա՛յ բալա,- ասաց Թամրազյանը:- Հիմա երկուսդ էլ գերազանցիկ եք, չէ՞:

- Այո,- ասաց Լիզան:

- Դա նշանակում է, որ երկուսդ էլ ինքնուրույն եք ընդունվել,- ասաց Թամրազյանը:- Դուք ի՞նչ մեղք ունեք, որ ձեր հոր ընկերն եմ:

- Բայց պատմության քննությունից առաջ իմ հաշվով բարեխոսել էիք,- ասաց Լիզան:

- Պատմության դասախոսն ինձ ասաց, որ փայլուն ես պատասխանել,- ասաց Թամրազյանը:

- Սո՛ւտ է ասել,- ասաց Լիզան:- Եթե իրեն ասած չլինեիք, հաստատ պատմությունից կտրվելու էի:

- Էդ թեման փակենք. հանաք արինք՝ անցավ,- ասաց Թամրազյանը՝ տեսնելով մեզ մոտեցող սիրունատես կնոջը:

- Բարեւ, պրոֆեսո՛ր ջան,- մեր սեղանին մոտենալով՝ ժպտաց կինը:

- Բարեւ, Նորա՛ ջան,- ժպտաց Թամրազյանը.- մեռանք քեզ սպասելով:

- Լսում եմ ձեզ, ընկե՛ր Թամրազյան,- ասաց կինը:

- Դու իմ մենյուն անգիր գիտես, Նորա՛ ջան,- ասաց Թամրազյանը:- Սկզբում խորովածն ես բերում, հետո նոր՝ իշխանը:

- Օղի ե՞ք խմելու,- հարցրեց Նորան:

- Ինչպես միշտ,- ասաց Թամրազյանն ու մեզ հարցրեց.- դո՞ւք ինչ եք խմելու, էրեխե՛ք:

- Ես է՛լ օղի կխմեմ,- ասացի ես:

- Ես է՛լ,- ասաց Լիզան:

- Իսկ միգուցե կոնյա՞կ,- հարցրեց Թամրազյանը:

- Օղի,- ասացի ես:

- Միայն օղի,- ժպտաց Լիզան:

- Օղին ու զակուսկեղենը կբերեմ՝ մինչեւ խորովածը լինի,- ասաց Նորան ու թեթեւասահ հեռացավ:

Քիչ անց մեր սեղանին դարձյալ մոտեցավ տնօրենն ու հարցրեց.

- Ամեն ինչ նորմա՞լ ա, պրոֆեսո՛ր ջան

- Նորմալն ու աննորմալը քեզնից է կախված,- ասաց Թամրազյանը.- եթե մեզ հանգիստ թողնես՝ ամեն ինչ նորմալ կլինի:

- Ո՛չ մի անհանգստացնել, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Սամսոնը:

- Հաշիվը ճիշտ ժամանակին կներկայացնեք, որ հետո էլի անհարմար վիճակում չհայտնվենք,- ասաց Թամրազյանը:

- Ամեն ինչ քո ասածո՛վ կըլնի, Թամրազյա՛ն ջան,- ասաց Սամսոնը:

- Տես, հա՛, Սամսո՛ն տղա, էսօր առանձնահատուկ օր է. տրամադրություններս չփչացնես: Ուզո՞ւմ ես՝ հետներս նստիր, բայց՝ մեր հաշվին,- ասաց Թամրազյանը:

- Չէ,- ժպտաց Սամսոնը.- փի՛ս կսովորեմ:

- Բա դու ո՞նց ես մեզ փիս սովորեցնում,- ասաց Թամրազյանը:

- Անցած ըլնի, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Սամսոնը:

- Հույս ունեմ, որ էդպիսի բան այլեւս չի կրկնվի,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- հետներս չես նստո՞ւմ:

- Չէ. ձեզ չխանգարեմ,- ասաց Սամսոնը:

- Եթե ավելորդ քայլեր չանես՝ մեզ չես խանգարի,- ասաց Թամրազյանը:

- Գործեր ունեմ, գնա՛մ: Ձ եզ բարի ախորժակ,- ասաց Սամսոնն ու գնաց:

- Այսօր ի՞նչ առումով է առանձնահատուկ օր, ընկե՛ր Թամրազյան,- հարցրեց Լիզան:

- Մի քանի առումներով,- ասաց Թամրազյանը.- նախ՝ ընկերոջս աղջկա հետ առաջին անգամ սեղան եմ նստում:

- Հետո՞,- հարցրեց Լիզան:

- Երկրորդ. ընկերոջս աղջիկը կյանքում առաջին անգամ է ռեստորան ոտք դնում,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- եւ երրորդ՝ ընկերոջս աղջիկն իր ընկերոջ հետ է: Այսուհանդերձ, չորրորդ հանգամանքն է՛լ կա:

- Ի՞նչ չորրորդ հանգամանք,- հարցրեց Լիզան:

- Ես այսօր թատրոն էի գնացել,- ասաց Թամրազյանը:

- Ի՞նչ թատրոն,- զարմացավ Լիզան:

- Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն,- ասաց Թամրազյանը.- ինձ որ տեսաք՝ թատրոնից էի դուրս գալիս:

- Թատրոնն այդքան շո՞ւտ ավարտվեց,- զարմացավ Լիզան.- մենք որ իրար տեսանք՝ լույս-լույս էր:

- Մինչեւ վերջ չմնացի,- ասաց Թամրազյանը:- Մինչեւ ընդմիջում հազիվ դիմացա. շա՜տ անհամ ներկայացում էր:

- Ի՞նչ ներկայացում էր,- հարցրի ես:

- Որ ասեմ վերնագիրն էլ չիմացա՝ կհավատա՞ք: Պրեմիերա էր: Դերասաններից մեկն էր հրավիրել. ինքն է՛լ էր խաղում:

- Ինչի՞ մասին էր,- հարցրեց Լիզան:

- Էդ է՛լ չհասկացա: Ինչ-որ արտասահմանյան պիես էր, բայց մերոնք ահավոր էին խաղում:

- Ձեզ հրավիրողն էլ է՞ր վատ խաղում,- հարցրեց Լիզան:

- Ինձ հրավիրողն ամենավա՛տն էր խաղում,- ասաց Թամրազյանը:

- Ձեզ ո՞վ էր հրավիրել,- հարցրի ես:

- Կարեւոր չի: Կարեւորն այն է, որ հաջողությամբ ճողոպրեցի: Էդպես էլ չհասկացա՝ էդ պիե՞սն էր անհամ, թե՞ մերոնց արած բեմադրությունը,- ասաց Թամրազյանը:

- Երեւի ընդմիջումից հետո դեպքերը զարգանային,- ասաց Լիզան:

- Զարգանալու տեղ հեչ չուներ: Իբր էդ անհաջող ներկայացումը քիչ էր, ընդմիջմանն էլ ավելի անհաջող մի մարդու հանդիպեցի,- ասաց Թամրազյանը:

- Ո՞ւմ հանդիպեցիք,- հարցրեց Լիզան:

- Համալսարանի դասախոսներից է,- ասաց Թամրազյանը:

- Ես ճանաչո՞ւմ եմ,- հարցրեց Լիզան:

- Չէ,- ասաց Թամրազյանը:- Աստված չանի՝ ճանաչես: Մեր ֆակուլտետի հետ կապ չունի: Էդ մարդն արդեն մի տարի է՝ ինձ հարյուր ռուբլի էր պարտք: Մի օր ուզել էր՝ տվել էի, ու արդեն մի տարուց ավելի է՝ չէր վերադարձնում:

- Երեւի չի ունեցել,- ասաց Լիզան:

- Ինքը շատ կուզեր, որ ես է՛լ էդպես կարծեի,- ասաց Թամրազյանը.- երեւի հենց էդ նպատակով էլ չէր վերադարձնում:

- Ի՞նչ նպատակով,- հարցրեց Լիզան:

- Որ ես է՛լ քեզ պես մտածեմ՝ փող չունի,- ասաց Թամրազյանը:- Բայց էս մի տարվա ընթացքում էդ մարդը ո՛չ միայն չափազանց թանկանոց կահույք է գնել, այլեւ՝ նոփ-նոր ավտոմեքենա: Ինքը մեր համալսարանի ամենախոշոր շնաձկներից է: Ժամանակին իր շնորհի՛վ է կաշառքը համալսարան մուտք գործել:

- Բա պարտքը չվերադարձնելն ինչպե՞ս եք բացատրում,- հարցրեց Լիզան:

- Արդեն բացատրեցի,- ասաց Թամրազյանը:- Երեւի ուշացնում էր, որ ես է՛լ մտածեի՝ թե փող չունի: Բայց ես հիմար չեմ, որ էդպիսի բան մտածեի: Մի խոսքով, թատրոնի ընդմիջման ժամանակ էդ հարյուր ռուբլին վերադարձրեց: Որ կնոջ հետ չլիներ՝ էդ հարյուրանոցը կշպրտեի երեսին:

- Հետո՞,- հարցրեց Լիզան:

- Էդ հարյուրանոցը վերցրի, թատրոնից դուրս եկա ու հենց աստիճանների մոտ ձեզ հանդիպեցի: Եթե ձեզ հանդիպած չլինեի, միեւնույն է, տղերքից մեկնումեկին զանգելու էի ու էլի ռեստորան էի գալու, որովհետեւ արդեն որոշել էի, որ էս փողը մեր տուն չպիտի՛ մտնի:

- Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու եք ուզում անպայման անձա՛մբ հաշիվը փակել,- ասաց Լիզան:

- Անկախ ամեն ինչից՝ Սամսոնն արդեն համը հանում է,- ասաց Թամրազյանը:

- Առավե՛լ եւս,- ասաց Լիզան:

- Ես էս հարյուր ռուբլու վրա վաղուց խաչ էի քաշել. մտածում էի, որ եթե երբեւէ վերադարձնի՝ կշպրտեմ երեսին:

- Փաստորեն չշպրտեցիք,- ասաց Լիզան:

- Հա,- ասաց Թամրազյանը:- Կինը հետն էր: Փողը հանգիստ վերցրի ու դրի գրպանս:

- Ու թատրոնից դուրս եկաք,- ասաց Լիզան:

- Հա,- ասաց Թամրազյանը:

- Ու թատրոնի աստիճանների մոտ հանդիպեցիք մեզ,- ասաց Լիզան:

- Հա,- ասաց Թամրազյանը:

- Շատ հետաքրքիր պատմություն է,- ասաց Լիզան:

- Դրա ի՞նչն է հետաքրքիր. շատ նողկալի պատմություն է,- ասաց Թամրազյանը:

- Փաստորեն, այսօր առավոտից ամեն ինչ այնպես է դասավորվել, որ ես կյանքումս առաջին անգամ ռեստորան ոտք դնեմ,- ժպտաց Լիզան:

- Եթե այդպես է, ուրեմն՝ ամեն ինչ Աստծուց է,- ասաց Թամրազյանը:

- Եթե, իհարկե, Աստված ռեստորանների վրա իշխանություն ունի,- ասաց Լիզան:

- Աստծո իշխանությունն ամենուր է,- ասաց Թամրազյանը:

- Իսկ ինձ թվում էր՝ ռեստորանները սատանայի իշխանության տակ են,- ասաց Լիզան՝ նայելով մեր սեղանին մոտեցող գեղանի ու կրքահարույց Նորային:

- Բարի ախորժակ,- ասաց Նորան՝ մատուցարանը մեր սեղանին դնելով ու այնուհետեւ սեղանին շարելով օղու շիշն ու թեթեւ ուտեստները:

- Մեզ հետ մի բաժակ չե՞ս խմի, Նորա՛ ջան,- առաջարկեց Թամրազյանը:

- Շնորհակալություն, ընկե՛ր Թամրազյան. աշխատանքի մեջ եմ,- ժպտաց Նորան:

- Մի բաժակն ի՞նչ պիտի անի,- ասաց Թամրազյանը:

- Մի ուրիշ անգամ, պրոֆեսո՛ր ջան,- մեր բաժակները լցնելով՝ ասաց Նորան:

- Սամսոնը գնա՞ց, թե՞ դեռ էստեղ է,- հարցրեց Թամրազյանը:

- Իրա կաբինետում ա. կանչե՞մ,- հարցրեց Նորան:

- Չէ,- ասաց Թամրազյանը.- իրենից հազիվ ենք պրծել:

- Ձեզ բարի ախորժակ,- նորից ասաց Նորան ու գնաց: