ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք չորրորդ

Գլուխ հինգերորդ

ՄՈՌԱՆԱԼb ԲԱԽՏՈՅԻՆ

- Ամեն դեպքում, էրեխին խնդրենք՝ թող էդ երգը մի հատ էլ երգի,- ասաց Ռոլանդը:

- Բադրջանով բանով, չէ՞,- ոգեւորվեց Գուգոն:

- Հա,- ասաց Ռոլանդը.- իրա սաղ թաշախուստով:

- Բայց բադրիջանը հանելու պահին թող էս անգամ Դանիկիչի անունը տա,- ասաց Լեոնիդը:

- Դանիկի՞չն ով ա,- զարմացավ Գուգոն:

- Ռոլանդը,- ասաց Լեոնիդը:- Մի անգամ էլ Ռոլանդի տարբերակով փորձենք. միգուցե ավելի լավ ստացվի:

- Վայ թե դու էլ ես նեղացել, Միխայլովիչ ջան,- ժպտաց Գուգոն:- Որ էրեխեն թազադան երգի, կասեմ՝ թող բադրջանը հանելուց լափ էլ ի՛մ անունը տա: Ախր անունը հեչ կապ չունի, Միխայլովիչ ջան:

- Հասկանալի է,- ասաց Լեոնիդը.- անունը միանգամայն հարաբերական է:

- Անունը լրիվ հարաբերական ա,- փռթկացրեց Ռոլանդը.- փաստորեն, տղեդ իրա էս երգով Էյնշտեյնի հարաբերականության տեսության հերն անիծել ա, Գուգո ջան:

- Ես էդ ասածդ բարդ բաները չեմ հասկանում, Ռոլանդ ջան,- ասաց Գուգոն.- ես հասարակ արհեստավոր մարդ եմ:

- Արհեստավոր ես, բայց լավ էլ արվեստ ես հասկանում,- ասաց Ռոլանդը:

- Արվեստ չէ, բայց երգերից որոշ չափով հասկանում եմ,- ասաց Գուգոն:

- Ինձ թվում է՝ էդ կոմպոզիցիայի մեջ քո մատն էլ է խառը, Գուրգեն,- ասաց Լեոնիդը:

- Ի՞նչ կոմպոզիցիա,- զարմացավ Գուգոն:

- Բադրջանի հաշվով ա ասում,- ասաց Ռոլանդը:

- Բադրջանի հաշվով ի՞նչ ա ասում,- հարցրեց Գուգոն:

- Ասում ա՝ էդ բադրջանի գաղափարը վայ թե դու ես էրեխին տվել,- բացատրեց Ռոլանդը:

- Ճիշտն ասե՞մ,- ժպտաց Գուգոն:

- Ասա,- ասաց Ռոլանդը:

- Ճիշտը որ ասեմ՝ էդ բադրջանի գաղափարը լրիվ իմ բստրածն ա,- խոստովանեց Գուգոն:

- Ճիշտն ասած, իմ մտքով էլ անցավ, որ էդ բադրջանի մոմենտն էրեխի խելքի բանը չի,- ասաց Ռոլանդը:

- Բայց էդ երգի եղանակն ու խոսքերն էրեխեն լրիվ ինքնուրույն ա հնարել,- ասաց Գուգոն.- թե սուտ եմ ասում՝ շան տղա ըլնեմ:

- Իզուր ես երդվում. հավատում ենք,- ասաց Լեոնիդը:

- Շատ ուժեղ երաժշտություն ա գրել,- ասաց Ռոլանդը:

- Հա,- ասաց Գուգոն.- լակոտը շատ ուժեղ սլուխ ունի:

- Զգացվում է,- ասաց Լեոնիդը:

- Մեր էս կողքի հարեւանի հարսը դաշնամուրի գծով ա ավարտել,- ասաց Գուգոն.- ինքը որ էրեխին լսեց, ասեց՝ շատ ուժեղ սլուխ ունի:

- Էդ բադրջանով երգը լսե՞ց,- հարցրեց Ռոլանդը:

- Չէ. սավսեմ ուրիշ բան երգեց,- ասաց Գուգոն.- հարսի մոտ էս բադրջանը հոմ չէի՞ երգացնի, ա՛յ Ռոլանդ:

- Բադրջանը սավսեմ ուրիշ երգ ա,- ասաց Ռոլանդը:

- Հի՛-հի՛-հի՛,- ծիծաղեց Գուգոն:

- Խի՞ ես ծիծաղում,- ասաց Ռոլանդը.- ես լրիվ լուրջ եմ ասում:

- Ա՛յ Ռոլանդ, դու ախր էդ բադրջանի տեսարանը հեչ չես էլ տեսել,- շարունակեց ծիծաղել Գուգոն:

- Չեմ տեսել, բայց լրիվ պատկերացնում եմ,- ասաց Ռոլանդը:

- Իմ պատմելով ես պատկերացնում,- ասաց Գուգոն.- բայց որ սեփական աչքովդ ես տենում՝ սավսեմ ուրիշ ա:

- Էրեխեն հո չփախա՞վ. կխնդրենք՝ մի հատ էլ բադրջանով կերգի,- ասաց Ռոլանդը:

- Երգելը կերգի, բայց իմ պատմելուց հետո արդեն էն հետաքրքրությունը չի ըլնի, որ պիտի առաջի անգամից ըլներ,- բացատրեց Գուգոն:

- Շատ ուժեղ կոմպոզիցիա էր,- ասաց Լեոնիդը:

- Լակոտը կոմպոզիցիայի հերն անիծեց,- ասաց Գուգոն.- լրիվ, փաստորեն, անսպասելիությունը փոզմիշ արեց:

- Կանչի՛, Գուգո ջան,- ասաց Ռոլանդը.- էրեխին կանչի՝ թող մի հատ էլ բադրջանով երգի:

- Կանչե՞մ,- Լեոնիդին նայեց Գուգոն:

- Այո՛, իհարկե,- ասաց Լեոնիդը:

- Համիկ ջան, Աշոտ ջան, մի հատ էրեխին ձեն տվեք՝ թող գա,- իր աշակերտներին խնդրեց Գուգոն:

Համիկն ու Աշոտը գնացին եւ քիչ անց Վարազդատի հետ վերադարձան:

- Ձեն տուր՝ թող հոպարն էլ գա,- Վարոյին ասաց Գուգոն:

- Հոպարը գնաց,- ասաց Վարոն:

- Ո՞ւր գնաց,- տեղից վեր թռավ Գուգոն:

- Նստեց տաքսի՝ գնաց,- ասաց Վարոն:

- Ի՞նչ տաքսի,- ապշեց Գուգոն:

- Էս մեր վիրեւի հարեւանի տուն տաքսիով մարդ էր էկել,- բացատրեց Վարոն.- որ էդ մարդը տաքսուց իջավ, ու տաքսին կռուգ տվեց, հոպարը նստավ էդ տաքսին ու գնաց:

- Ի՞նչ տաքսի էր,- կարկամեց Գուգոն:

- Դեղին գույնի,- ասաց Վարոն.- էն որ վրեն շախմատ ա նկարած ըլնում:

- Էդ մարդը լրիվ ա գժվե՞լ,- ասաց Գուգոն:

- Եղբայրդ ձեզ հետ՝ էստեղ չի՞ ապրում,- հարցրեց Լեոնիդը:

- Չէ,- Գուգոյի փոխարեն պատասխանեց Վարոն.- իրանք Բանգլադեշ են մնում:

- Էդ Բախտիարից չէր,- ասաց Ռոլանդը.- ինքը դժվար թե առանց զգուշացնելու գնար:

- Փաստը մնում ա փաստ, որ գնացել ա,- ասաց Գուգոն ու ավելացրեց.- ինքն ըտենց մունդառ խասյաթ ունի. մի բանից որ նեղանում ա, մեկ էլ տեսար՝ հանկարծակի թողում ու էթում ա:

- Հիմա ինքը նեղացա՞ծ էր,- հարցրեց Լեոնիդը:

- Հալբաթ,- ասաց Գուգոն.- որ նեղացած չըլներ՝ խի՞ պիտի առանց ծպտուն հանելու նստեր էդ տաքսին ու էթար:

- Բայց ինչի՞ց նեղացավ,- հարցրեց Ռոլանդը:

- Երեւի էդ երգից,- հոգոց հանեց Գուգոն:

- Էդ երգից խի՞ պիտի նեղանար,- զարմացավ Ռոլանդը:

- Իրա նեղանալը որ բռնում ա՝ էլ պատճառ ման չի գալի,- ասաց Գուգոն:

- Ե՛ս պիտի էդ եգից նեղանայի, բայց չեմ նեղացել,- ծիծաղեց Լեոնիդը:

- Ինքը երեւի մտածեց՝ դու նեղացել ես, դրա համար ինքն էլ նեղացավ,- բացատրեց Գուգոն:

- Ինքն էլ է՞ր էդ երգն առաջին անգամ լսում,- հարցրեց Ռոլանդը:

- Հա,- ասաց Գուգոն:- Որ էս վարիանտից նեղացել ա, պատկերացնում եմ՝ բադրջանով վարիանտից ոնց կնեղանար:

- Դժվար թե էդ երգից նեղացած ըլնի,- ասաց Ռոլանդը.- կարող ա՞ ուրիշ բանից ա նեղացել:

- Հարուր տոկոսով եմ ասում, Ռոլա՛նդ ջան,- ասաց Գուգոն.- ես մենակ մեռնելուս օրը չեմ իմանում:

- Ախր էդ երգի մեջ հեչ իրա անունն էլ չկար,- ասաց Ռոլանդը:

- Կապ չունի,- ասաց Գուգոն:- Ես իրա սֆաթից արդեն գլխի էի, որ նեղացել ա: Որ իրա անունն էդ երգի մեջ ըլներ, երեւի էդքան չնեղանար՝ ինչքան որ ձեր անունների համար նեղացավ: Ինքը երեւի մտածեց՝ Միխայլովիչը նեղացել ա, դրա համար ինքն է՛լ նեղացավ:

- Համոզվա՞ծ ես,- հարցրեց Լեոնիդը:

- Ես մենակ մեռնելուս օրը չգիտեմ, Միխայլովիչ ջան,- ասաց Գուգոն:- Ինքը հաստատ մտածեց, որ դու նեղացել ես:

- Բայց ես նեղացածության որեւէ նշան ցույց չեմ տվել,- զարմացավ Լեոնիդը:

- Բայց նեղացե՞լ ես,- խորամանկ ժպտաց Ռոլանդը.- ճի՛շտն ասա, Միխայլիչ:

- Ճիշտն ասած, սկզբում անակնկալի եկա, բայց հետո մտածեցի ու հասկացա, որ իրականում շատ լուրջ ու արժեքավոր կոմպոզիցիա է,- ասաց Լեոնիդը:

- Գուգո ջան, կյանքում չհավատաս, որ Միխայլիչն իսկական արվեստից նեղանա,- ասաց Ռոլանդը:

- Դանիկիչը ճիշտ է ասում,- ասաց Լեոնիդը:

- Իսկական արվեստը զոհեր ա պահանջում,- ասաց Ռոլանդը:

- Հիմի ի՞նչ եք ասում. էրեխին ասե՞մ՝ մի հատ էլ երգի,- հարցրեց Գուգոն:

- Չէ,- ասաց Լեոնիդը.- մենք երեւի արդեն շարժվենք:

- Ո՞ւր,- զարմացավ Գուգոն:

- Գործեր կան,- ասաց Լեոնիդը:

- Բա նոր ասում էիք՝ ոչ մի գործ չունեք,- ասաց Գուգոն:

- Միխայլիչը շատ զբաղված մարդ ա, Գուգո ջան,- ասաց Ռոլանդը.- էսքան էլ որ հետներս նստեց՝ էդ արդեն շատ մեծ բան էր: Համ էլ՝ որ Բախտիարը գնաց, մեր մնալն արդեն մի տեսակ է՛ն չի:

- Բախտոյի էթալն ի՞նչ կապ ունի,- հարցրեց Գուգոն:- Բախտոյին մոռանանք. գնաց՝ գնաց, Աստված իրա հետ:

- Ի՛նքն էր մեզ հրավիրել,- ասաց Ռոլանդը:

- Ինքը ձեզ հրավիրել ա, բայց ինքը թողեց գնաց,- ասաց Գուգոն.- որ ճիշտն ուզում ես իմանաս՝ ինքը շատ սխալ բան արեց, Ռոլանդ ջան: Ճիշտ ա, ինքը մեծ ախպերս ա, գլխիս վրեն տեղ ունի, բայց ճիշտը մնում ա ճիշտ:

- Մի հատ էլ էս օջախի կենացը խմենք ու վեր կենանք,- ասաց Ռոլանդը:

- Էս խորովածին էլ փաստորեն ձեռ չտվիք,- նեղսրտեց Գուգոն:

- Լավ էլ կերանք,- ասաց Ռոլանդը:

- Լավ կերանք ու լավ էլ խմեցինք,- ասաց Լեոնիդը:- Ե՛վ խորովածն էր ընտիր, ե՛ւ գինին:

- Չտեսնված գինի էր,-- ասացի ես:

- Էս օջախի դռները ձեր առաջ միշտ բաց են,- ասաց Գուգոն:

- Օջախիդ կենացը, Գուրգեն ջան,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Լեոնիդը:- Երեխային էլ մեծ ապագա եմ ցանկանում:

- Ձեզանո՛վ, Միխայլովիչ ջան,- ասաց Գուգոն:

- Մեզանից ինչ որ կախված ա՝ կանենք, Գուգո ջան,- ասաց Ռոլանդը.- մենակ թե՝ Միխայլիչի պոչը պիտի պինդ բռնենք, որ չփախնի:

- Բա էղա՞վ, Դանիկիչ,- ասաց Լեոնիդը:

- Միխայլովիչը փախնող տղա չի,- ասաց Գուգոն:

- Հաստատ չես կարա ասես, Գուգո ջան,- ասաց Ռոլանդը.- մեկ էլ տեսար՝ փախավ:

- Ո՞ւր պիտի փախնի,- անհանգստացավ Գուգոն:

- Իրան Ռուսաստանի տարբեր թատրոններից մի գլուխ հրավիրում են, Գուգո՛ ջան,- ասաց Ռոլանդը.- մեկ էլ տեսար՝ թքեց ու գնաց:

- Էրեւանից լավ տեղ պիտի գնա՞,- ասաց Գուգոն:

- Արվեստագետի ու մանավանդ դերասանի համար լավ տեղն է՛ն տեղն ա, որտեղ իրան գնահատում են,- բացատրեց Ռոլանդը:

- Խի ըստեղ Միխայլովիչին չեն գնահատո՞ւմ,- հարցրեց Գուգոն:

- Գնահատելը գնահատում են, բայց կարային ավելի լավ գնահատեին,- ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- ընե՛նց չեն գնահատում՝ ոնց որ պետքն ա:

- Աստված թող մեր Միխայլովիչին ամենամեծ բարձրունքներին արժանացնի,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Գուգոն:

- Օջախի՛ կենացն է, Գուրգեն ջան,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Լեոնիդն ու ավելացրեց.- Աստված թող ավելի՛ շենացնի քո օջախը:

- Աստված իրանը կանի, Միխայլովիչ ջան,- ասաց Գուգոն.- դու է՛ն ասա՝ էրեխի հարցը ո՞նց ա ըլնելու:

- Էրեխի հարցը կարաս հաշվես էղած,- ասաց Ռոլանդը:

- Ռոլանդ ջան, ես ուզում եմ, որ քու էդ ասածը Միխայլովիչն իրա բերանով ասի,- ասաց Գուգոն:

- Ասելը պոզովպոչով ա՞ ըլնում,- ասաց Ռոլանդը.- ինքն արդեն, փաստորեն, մի քանի անգամ խոստացավ:

- Թող հիմի մի անգամ էլ վերջնական խոստանա ու վերջ,- աղերսանքով Լեոնիդին նայեց Գուգոն:

- Երեխայի համար իզուր ես այդքան անհանգստանում, Գուրգեն ջան,- ասաց Լեոնիդը.- ես համոզված եմ, որ մեր Վարազդատը նույնիսկ իր ուժերով կարող է ընդունվել:

- Բայց որ կողքից քոմագ անող ըլնի՝ էդ սավսեմ ուրիշ ա, Միխայլովիչ ջան,- ասաց Գուգոն:

- Ամեն ինչ լավ կլինի,- ժպտաց Լեոնիդը:

- Ուզում ես ասես՝ խոսք ե՞ս տալի,- շարունակեց աղերսանքով Լեոնիդին նայել Գուգոն:

- Խոսք տալը պոզովպոչով ա՞ ըլնում, ա՛յ Գուգո,- ասաց Ռոլանդը:

- Ես ուզում եմ, որ Միխայլովիչն իրա բերանով ասի,- թախանձեց Գուգոն:

- Կարող ես համարել, որ խոստացել եմ,- ժպտաց Լեոնիդը:

- Թող Աստված քու մեկը հազար անի, Միխայլովիչ ջան,- ցնծաց Գուգոն:

- Վեր կենա՞նք, Միխայլիչ,- Լեոնիդին նայեց Ռոլանդը:

- Գուրգենը չի թողնում իր օջախի կենացը խմենք ու նոր վեր կենանք,- ասաց Լեոնիդը:

- Խմենք,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- օջախիդ կենացը, Գուգո ջան, միշտ ըսենց լավ առիթներով հանդիպենք:

- Օջախիդ կենացը, Գուգո ջան,- բաժակս Գուգոյի բաժակին խփելով՝ ասացի ես ու խմեցի:

- Օջախիդ կենացը, Գուրգեն ջան, ինչպես նաեւ՝ մեր Վարազդատի կենացը. ես համոզված եմ, որ մի քանի տարի հետո մեր Վարազդատի անունը հանրապետությունով մեկ թնդալու է,- հանդիսավոր ասաց Լեոնիդն ու խմեց:

- Լավ գինի ա, չէ՞, Միխայլիչ,- հարցրեց Ռոլանդը:

- Լավն է՛ն խոսքը չի, Դանիկիչ,- ասաց Լեոնիդը.- իսկական մեռոն է:

- Մի շիշ էս գինուց լցնեմ՝ հետներդ կտանե՞ք,- հարցրեց Գուգոն:

- Մերսի, Գուգո ջան,- ժպտաց Ռոլանդը.- էդ աշտարակցու տեղը մենք է՛լ գիտենք:

- Էս օջախի դուռը ձեր առաջ միշտ բաց ա, Ռոլանդ ջան,- ասաց Գուգոն ու ավելացրեց.- դուք մենակ Բախտոյի միջոցով մի օր առաջ ինձ իմաց արեք, որ գալու եք:

- Բախտոն երեւի շատ փիս էր նեղացել,- ասաց Ռոլանդը.- թե չէ՝ ինչի՞ պիտի առանց մեզ հաջողություն ասելու գնար:

- Ինքը խռովող ա, ճիշտ ա, բայց երկար խռով պահող չի,- ասաց Գուգոն.- մի քանի օրից հաստատ կհայտնվի: Ինչքան չըլնի՝ փոքր ախպերն եմ:

- Այո,- ասաց Լեոնիդը.- մեծերը պարտավոր են մեծահոգի ու ներողամիտ լինել:

- Ճիշտ ես ասում, Միխայլովիչ ջան,- համաձայնվեց Գուգոն:

- Իսկական մեծերը միշտ էլ մեծահոգի են, Գուգո ջան,- ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- մեր Միխայլովիչը քեզ օրինակ:

- Ճիշտ ես ասում, Ռոլանդ ջան,- հաստատեց Գուգոն:

- Ես ի՞նչ մեծ,- զարմացավ Լեոնիդը:

- Ես քեզ տարիքի իմաստով չեմ մեծ ասում, Միխայլիչ ջան,- ասաց Ռոլանդը.- որպես դերասան ես մեծ:

- Ճիշտ ա ասում, Միխայլովիչ ջան,- վրա տվեց Գուգոն.- որպես դերասան ես մեծ:

- Դո՞ւ ինչ գիտես, ա՛յ Գուրգեն,- զարմացավ Լեոնիդը.- իմ ներկայացումները տեսե՞լ ես:

- Տենալը չեմ տեսել, բայց որ մեր Ռոլանդ ախպերն ասում ա՝ պարտավոր եմ հավատամ,- ասաց Գուգոն:

- Մինչեւ սեփական աչքովդ չտեսնես՝ մի՛ հավատա,- ասաց Լեոնիդը:

- Սեփական աչքովս ո՞նց տենամ, Միխայլովիչ ջան,- ասաց Գուգոն:

- Հրավիրատոմս կուղարկեմ՝ Վարազդատի հետ կգաք,- ասաց Լեոնիդը:

- Հա,- ասաց Ռոլանդը.- սրանից հետո էրեխեն շուտ-շուտ պիտի թատրոն գնա. ապագա դերասան ա, չէ՞:

- Ճիշտը որ ասեմ՝ իրան ոչ մի անգամ թատրոն տարած չկամ,- ասաց Գուգոն:

- Սրանից հետո կտանես,- ասաց Ռոլանդը:

- Ձերը ո՞ր թատրոնն ա, Միխայլովիչ ջան,- հարցրեց Գուգոն:

- Ստանիսլավսկու,- ասաց Լեոնիդը:

- Ռուսակա՞ն,- հարցրեց Գուգոն:

- Հա,- ասաց Ռոլանդը.- կինո «Մոսկվայի» դեմի թատրոնն ա:

- Սպորտկոմիտեի կողքն ա, չէ՞,- հարցրեց Գուգոն:

- Հա,- ասաց Ռոլանդը.- տեղը լավ էլ գիտես:

- Էդ սպորտկոմիտեի ռեմոնտի սաղ գաջի գործը մենք ենք արել,- ասաց Գուգոն:- Մենակ վատն էն ա, որ Միխայլովիչենց էդ թատրոնը ռուսական ա. էն իմաստով ա վատ, որ ո՛չ ես եմ մարդավարի ռուսերեն հասկանում, ո՛չ էլ երեւի էրեխեն:

- Ես ռուսերեն հասկանում եմ, պա՛պ,- ասաց Վարազդատը:

- Հա՞,- տղայի գլուխը շոյեց Գուգոն:

- Հա,- ասաց Վարոն.- ռուսերենս չորս ա:

- Ռուսերենն էնքան էլ կարեւոր չի,- ասաց Ռոլանդը.- կարեւորը դերասանների խաղն ա ու բեմադրությունը:

- Հա՞,- զարմացավ Գուգոն:

- Դանիկիչը ճիշտ է ասում,- ասաց Լեոնիդը.- վրացիները որ վրացերեն Բրեխտ են խաղում, վրացերեն չիմացողը լրիվ հասկանում է:

- Ստուրուայի բեմադրությունն ե՞ս ասում, Միխայլիչ,- հարցրեց Ռոլանդը:

- Ընդհանրապես եմ ասում,- ասաց Լեոնիդը.- Լոուրենս Օլիվյեի Ռիչարդն էլ եմ ծայրեծայր հասկանում, չնայած անգլերեն ոչ մի բառ չգիտեմ:

- Բարդ բաներ եք խոսում,- ասաց Գուգոն.- մենք ինչքա՜ն հացուպանիր պիտի ուտենք, որ ձեր էս խոսացածները հասկանանք: Արվեստագետները սավսեմ ուրիշ մարդիկ են, դրա համար էլ ուզում եմ, որ էրեխեն արվեստագետ դառնա, ոչ թե՝ իմ պես բանվոր:

- Դու բանվոր չես, արհեստավոր ես,- ասաց Ռոլանդը.- դրանք տարբեր բաներ են:

- Նույն զիբիլն են, Ռոլանդ ջան,- ասաց Գուգոն:

- Որ ճիշտն ուզում ես իմանաս՝ արհեստավորի գործն էլ ա արվեստ,- ասաց Ռոլանդը:

- Դու էլ հոմ չասիր,- ժպտաց Գուգոն:

- Դանիկիչը ճիշտ է ասում,- ասաց Լեոնիդը:- Ես ավելին կասեմ. արհեստավորներ կան, որ ավելի՛ արվեստագետ են, քան՝ որոշ արվեստագետներ:

- Էդ ասածդ սվաղչիներին էլ ա՞ վերաբերվում, Միխայլիչ,- ծիծաղեց Գուգոն:

- Առաջին հերթին հենց սվաղչիներին ա վերաբերում,- ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- մանավանդ քո՛ արած սվաղն ա իսկական արվեստ:

- Իմ արած սվաղը ե՞րբ ես տեսել, ա՛յ Ռոլանդ,- զարմացավ Գուգոն:

- Պարտադիր չի, որ տեսած ըլնեմ,- ասաց Ռոլանդը.- սաղ աշխարհն ա քո սվաղի մակարդակից խոսում:

- Ուստա Գուգոն ընենց փարդախ ա քաշում՝ ոնց որ իսկական հայելի,- սեղանի ծայրից ասաց Համիկը:

- Տունը գաջի-բանի գործ չունե՞ս, Միխայլովիչ ջան,- հարցրեց Գուգոն:

- Չէ, Գուրգեն ջան,- ժպտաց Լեոնիդը:

- Տեսեք, Ռոլանդ ջան, ես միշտ պատրաստ եմ,- ասաց Գուգոն:

- Մենք է՛լ ենք միշտ պատրաստ,- ասաց Համիկը:

- Քեզ էլ ա վերաբերվում, Արմեն ջան,- ինձ նայեց Գուգոն, այնուհետեւ Ռոլանդին հարցրեց.- մեր Արմենն էլ ա՞ արվեստագետ:

- Էն էլ ի՜նչ արվեստագետ ա,- ժպտաց Ռոլանդը:

- Էլի դերասա՞ն,- հարցրեց Գուգոն:

- Ավելի բեթար,- ասաց Ռոլանդը:

- Ավելի բեթարը ո՞րն ա,- զարմացավ Գուգոն:

- Բանաստեղծ,- ասաց Ռոլանդը:

- Ասել էիր՝ մոռացել էի,- ասաց Գուգոն.- էս Բախտոն հիշողությունս հետը տարավ:

- Ոնց որ դու գաջ ես քաշում, Արմոն էլ էդ մակարդակի բանաստեղծություն ա գրում,- ասաց Ռոլանդը:

- Բանաստեղծությունը ոտանավորն ա, չէ՞,- հարցրեց Գուգոն:

- Հա,- ասաց Ռոլանդը:- Մեր Արմոն էլ իրա՛ գործի վարպետն ա. ընենց փարդախ ա քաշում՝ հայելուց բեշբեթար:

- Դու էլ ե՞ս իրանց կողմերից, Արմո՛ ջան,- հարցրեց Գուգոն:

- Իրանց կողմերը ո՞րն ա,- հարցրի ես:

- Սասունցի,- ասաց Գուգոն:

- Չէ,- ասացի ես.- ձե՛ր կողմերից եմ:

- Ախտեցի՞,- ոգեւորվեց Գուգոն:

- Սարիթաղցի,- ասացի ես:

- Հաստա՞տ,- ժպտաց Գուգոն.- Սարի թաղի տղա ե՞ս:

- Համարյա,- ասացի ես.- Մետաքսի տղա եմ:

- Աղասին ճանաչո՞ւմ ես,- հարցրեց Գուգոն.- էն որ մի վախտ սվաղ էր անում:

- Աղասը դուռդռան հարեւանս ա,- ասացի ես:

- Ինքը ինձնից հազար գլուխ ուժեղ արհեստավոր էր, բայց իրա կյանքը սխալ դասավորեց,- ասաց Գուգոն:

- Մի քանի տարի նստեց,- ասացի ես:

- Լրիվ իզուր տեղը,- ասաց Գուգոն:

- Ինչ-որ կռվի մեջ էր ընկել,- ասացի ես:

- Ինքը մի քիչ կռվազան ա, ճիշտ ա, բայց սիրտը շատ ա մաքուր,- ասաց Գուգոն:

- Հա,- ասացի ես.- շատ լավ մարդ ա:

- Ուղղակի արժող-չարժողի հետ որ խմում ա՝ է՛դ ա վատը,- ասաց Գուգոն:- Իրա էդ խմելն ա, փաստորեն, իրա տունը քանդում:

- Հա,- ասացի ես:

- Մի բան որ ասեմ՝ հո չե՞ս նեղանա, Արմեն ջան,- ինձ հարցրեց Գուգոն:

- Ասա՛,- ասացի ես:

- Բայց դու արվեստագետի հեչ նման չես,- ասաց Գուգոն:

- Բա ինչի՞ եմ նման,- ժպտացի ես:

- Նորմալ մարդու,- ասաց Գուգոն.- ոնց որ լրիվ նորմալ մարդ ըլնես:

- Ա՛յ Գուգո, էդ ասածիցդ ոչ թե Արմենը պիտի նեղանա, այլ՝ Միխայլիչն ու ես,- ասաց Ռոլանդը.- քո ասածից ստացվում ա, որ ես ու Միխայլիչը նորմալ մարդ չենք:

- Ես Միխայլովիչի ու քու հաշվով ոչ մի բան չեմ ասել, Ռոլանդ ջան,- արդարացավ Գուգոն.- ես մենակ Արմենի հաշվով եմ ասել:

- Ըտենց մի էրկու բան էլ որ ասես՝ էրեխիդ գործը լրիվ փոզմիշ կանես, Գուգո ջան,- ծիծաղեց Ռոլանդը:

- Բայց ի՞նչ վատ բան եմ ասել, Ռոլանդ ջան,- նեղսրտեց Գուգոն:

- Քու ասածից դուս ա գալի, որ Արմոն նորմալ մարդ ա, ես ու Միխայլիչը՝ աննորմալ,- ծիծաղեց Ռոլանդը:

- Ես ըտենց բան չեմ ասել, Ռոլանդ ջան,- շիվարեց Գուգոն.- փաստորեն, դու իմ ասածը փոխում ես:

- Ես կասեի՝ նենգափոխում է,- ժպտաց Լեոնիդը:

- Ես ոչ թե քո ասածը փոխում եմ, այլ քո ասածը բացատրում եմ,- ծիծաղեց Ռոլանդն ու ավելացրեց.- Միխայլիչը կարող ա էդ ասածիցդ նեղանա ու էրեխի գործը չանի:

- Հա՞,- Լեոնիդին խեղճ-խեղճ նայեց Գուգոն:

- Ա՛յ Գուրգեն, չես տեսնո՞ւմ, որ Ռոլանդը կատակ է անում,- ասաց Լեոնիդը.- հոգուդ հետ է խաղում:

- Հա՞,- Ռոլանդին նայեց Գուգոն:

- Շուտկա,- ասաց Լեոնիդը:

- Ես արդեն ձեր հանաքն ու լուրջն իրարից չեմ ջոկում,- ասաց Գուգոն.- արվեստագետների լեզուն հեչ չեմ հասկանում:

- Բայց Արմենի լեզուն հասկանում ես, չէ՞,- ծիծաղեց Ռոլանդը:

- Խեղճը ե՞րբ ա խոսում, որ հասկանամ կամ չհասկանամ,- ասաց Գուգոն:

- Բա նորմալ մարդը կարա՞ր էսքան վախտ սուս մնար,- ասաց Ռոլանդը:

- Երեւի քչախոս ա,- ասաց Գուգոն:

- Հեչ էլ քչախոս չի,- ասաց Ռոլանդը.- ուղղակի ականջները սրած մեզ ա լսում, որ հետո վրեքս ոտանավոր գրի:

- Էս մեր խոսակցությունից դժվար թե ոտանավոր ստացվի,- ասաց Գուգոն:

- Ինքը ամեն ինչից էլ ոտանավոր ստանում ա,- ասաց Ռոլանդը: