Երբ ես գրեցի հայաստանյան եթերում ավագանու ընտրությունների լուսաբանման մասին, ընթերցողներից մեկն ինձ կշտամբեց՝ խայտառակ ընտրություններ են անցել, իսկ դուք անդրադառնում եք ինչ-որ հեռուստաընկերությունների: Փորձեմ բացատրել, թե ինչու եմ ես այդ խնդիրը կարեւորում, եւ այդ նպատակով սկզբից վերաշարադրեմ այն, ինչ արդեն գրվել է մեր թերթի հունիսի 1-ի համարում:
Թիվ 7/25 տեղամասում Բոկո մականունով քրեական հեղինակությունը ահաբեկում էր Կոնգրեսի վստահված անձին՝ ստիպելով նրան դուրս գալ տեղամասից: Պարզ է, որ Բոկոյի առաջ խնդիր էր դրված ապահովել անարգել լցոնումները: Երբ «Առավոտի» թղթակից Նելլի Գրիգորյանը սկսեց ահաբեկելու այդ պրոցեսը լուսանկարել՝ Բոկոն հարձակվեց մեր լրագրողի վրա եւ խլեց տեսախցիկը, որն այնուհետեւ «թաղի տղերքը» վերադարձրին, սակայն առանց համապատասխան «չիպի»: Այդ դեպքով, որքան ինձ հայտնի է, ոչ մի իրավապահ մարմին չի հետաքրքրվում: Ավելին՝ միանգամայն կանխատեսելի է, որ Բոկոյին իր հերոսական աշխատանքի համար շուտով «կպարգեւատրեն»՝ հնարավորություն տալով որեւէ «օբյեկտ աշխատեցնելու»: Հիշո՞ւմ եք Բանգլադեշի Համոյին:
Թիվ 8/20 տեղամասում «Առավոտի» թղթակիցներ Լուսինե Խաչատրյանի եւ Լուսինե Շահբազյանի աչքի առաջ տեղամաս ներխուժեցին մի խումբ սափրագլուխներ ու լցոնեցին մի քանի կապոց քվեաթերթիկներ: «Օպերացիան» իրականացվում էր հանձնաժողովի «նախագահի տեղակալ Գեւորգ» ներկայացած «ապերոյի» գլխավորությամբ, որը բռնությամբ փորձում էր դուրս հանել մեր լրագրողներին, իսկ հանձնաժողովի նախագահ Արամայիս Բաբայանն իրեն դրել էր, թող ներվի ասել, ռետինե խողովակի տեղ: Այդ փաստով էլ համապատասխան ատյաններից ոչ մեկը չի զբաղվել:
Մի շարք լրատվամիջոցներ արձանագրել են եւս մի քանի տասնյակ նման դեպքեր (իրականում դրանք, իհարկե, ավելի շատ էին): Դե, հիմա պատկերացրեք, որ ընտրությունների օրը մեզ նման աշխատեին Երեւանում եթեր ունեցող 17 հեռուստաընկերությունները, եւ նրանցից յուրաքանչյուրը ընտրությունների օրը պատրաստեր այդպիսի 3-4 ռեպորտաժ: Ընտրակեղծիքները, հավանաբար, դրանով չէին կանխվի, բայց նախ՝ կեղծարարների գործը շատ կդժվարանար. իշխանությանը ծառայող ոչ բոլոր «օտմորոզոկները» կհամարձակվեին հարձակվել լրագրողների տեսախցիկների եւ ֆոտոխցիկների վրա: Եվ ամենակարեւորը. հասարակությունն ավելի հստակ պատկերացում կունենար, թե ինչպես են իրականում անցել ընտրությունները, եւ որքան խորն է ռեալ արդյունքների եւ պաշտոնական թվերի միջեւ անդունդը:
Ահա թե ինչու ես ազատ մամուլի խնդիրը ամենեւին երկրորդական չեմ համարում: Պարտադիր չէ լինել «ընդդիմադիր լրատվամիջոց» (չեմ էլ հասկանում, թե դա ինչ է նշանակում): Պարտադիր չէ կրկնել բարձրագոչ կարգախոսները: Միանգամայն բավարար է արձանագրել այն, ինչ տեղի է ունեցել: |
Մուտք Գրանցվել