|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Արեւմուտքը եւ, մասնավորապես, Եվրոպայի խորհուրդը Հայաստանի առջեւ դրել են ժողովրդավարական բարեփոխումների պահանջներ: Դրանք հիմնականում 4-ն են. ա/ ազատ արձակել քաղաքական պատճառներով ձերբակալվածներին, բ/ ապահովել ցույցերի եւ երթերի ազատությունը, գ/ անկախ հետաքննություն անցկացնել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ, դ/ վերացնել իշխանության վերահսկողությունը հեռուստաեթերի նկատմամբ: Այդ պահանջներից ոչ մեկն առայժմ չի կատարվել՝ չնայած երեկ հենց այդ հարցով նախագահի նստավայրում խորհրդակցություն էր հրավիրվել: Հնարավո՞ր է արդյոք այդ «բարեշրջությունների» իրականացումը: Միանշանակ՝ այո: Արդյոք հղի՞ են դրանք իշխանափոխության վտանգով: Վստահ եմ, որ՝ ոչ:
Փորձենք դիտարկել այդ պահանջների «վտանգավորությունը» հենց իշխանության տեսակետից: 1. Եթե վաղը, ենթադրենք, Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը եւ մի շարք այլ քաղաքական գործիչներ, որոնք հաստատ որեւէ հանցագործություն չեն կատարել, դուրս գան բանտերից, հավանական չէ, որ նույն օրը նրանք նստեն տանկերն ու ԲՏՌ-ները եւ քշեն ուղիղ նախագահական պալատի վրա: 2. Եթե վաղը Ազատության հրապարակում ընդդիմությունը հանրահավաք անի եւ պահանջի իշխանության «անհապաղ հրաժարականը» (17 տարում նման պահանջ քանի՞ անգամ է ներկայացվել), դա չի նշանակում, որ իշխանությունը պարտադրված կլինի հրաժարական տալ: 3. Եթե հասարակության վստահությունը վայելող որեւէ մարմին (որոնց շարքին, անշուշտ, ոստիկանությունն եւ դատախազությունը չեն պատկանում) հայտարարի՝ ահա ա՛յս մարդիկ տրոլեյբուսներ են շրջել եւ խանութներ թալանել, ահա ա՛յս մարդիկ սպանվել են ա՛յս հանգամանքներում, դա չի նպաստի իրավիճակի ապակայունացմանը, ճիշտ հակառակը: 4. Եթե հեռուստաընկերություններն իրենց լրատվական թողարկումներում, օրինակ՝ այսօրվա ընդդիմության կոնգրեսը լուսաբանելիս, ղեկավարվեն լրագրության մասնագիտական կանոններով եւ ցույց տան այն, ինչ կա, ոչ թե «համր» կադրերի տակ թույն թափեն ընդդիմության վրա, նման մոտեցումը միայն կբարձրացնի այդ հեռուստաընկերությունների հեղինակությունը:
Մի խոսքով, ժողովրդավարական «բարեշրջությունները», որոնք մեզանից ակնկալում է Արեւմուտքը, այս իշխանություններին որեւէ վնաս չեն հասցնի: Ավելին՝ նրանց համար առավել վտանգավոր կլինի, եթե ամեն ինչ մնա, ինչպես որ կա: Տրամաբանությունը պարզ է. Հայաստանը կանգնած է սոցիալական ցնցումների եզրին՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն այս տարվա ընթացքում էապես բարձրանալու են: Չտեսնել դա եւ առաջվա պես խաբել, թե գնաճը կազմել է, ասենք, 2,34% կամ նման այլ անհեթեթ թվեր «կրակել», պարզապես թեթեւամտություն է: Անհրաժեշտ է տարերային սոցիալական ըմբոստությունը տեղավորել քաղաքական, համակարգային հունի մեջ: Հենց այդպիսին է ներկայիս ընդդիմությունը: Շարունակելով մղել նրան դեպի քաղաքական լուսանցք՝ իշխանությունը կարող է վաղ թե ուշ բախվել իսկապես ծայրահեղական ուժերի հետ: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
|
 |
|
 |
ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ - Aravot.am
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇԱՀԵՐ ԵՎ ԽԱՂԵՐ - Aravot.am
ՈՎ ԷՐ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԽՈՍՏԱՑԵԼ - Aravot.am
ՀԱԿ-ն ընդդեմ «Հ1»-ի - Aravot.am
ՄԻԱՅՆ ՀԿԿ-Ն ՆՇԵՑ - Aravot.am
ԵՐԹՈՒՂԱԳԾԵՐԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԵՆ ԺԱՌԱՆԳԱԲԱՐ - Aravot.am
«Արմավիան»՝ միջազգային բորսայում - Aravot.am
«Պատրաստ ենք համագործակցության» - Aravot.am
«ՍՏԱԺԱՎՈՐ» ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ - Aravot.am
Կրթամշակութային խճանկար - Aravot.am
«ՈՐՏԵ՞Ղ Է ՑՈԼԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ» - Aravot.am
ՊԱՏԱՀԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ - Aravot.am
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ - Aravot.am
ԶԼՄ-ների միջեւ առաջնության հրավերք - Aravot.am
| 2008-05-02 |
| ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ |
| |

«Այս իշխանությունները ոչնչով չեն տարբերվում Հայաստանի նախորդ 10 տարիների իշխանություններից, եւ մենք շարունակում ենք ապրել զինվորաոստիկանական պետությունում՝ ոչ լեգիտիմ նախագահով»,- հետեւելով այս օրերին ընթացող դատավարություններին՝ «Ա1+»-ի ներկայացմամբ, այս եզրահանգումն է արել Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Ներկա լինելով «Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը իրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություն հրահրելու եւ կազմակերպելու առթիվ» Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ընթացող դատավարություններին՝ իրավապաշտպանը համոզվել է. «Իշխանությունները ժամանակ են ձգում՝ երկրում ստեղծված մթնոլորտը մեղմելու եւ Եվրոպայի առաջ լավ երեւալու համար: Այսինքն՝ մի գնդակով փորձում են 2 նապաստակ որսալ»: Միքայել Դանիելյանը վստահ է, որ իշխանությունները «համաներման նման մի բան կհայտարարեն, ազատ կարձակեն ազատազրկվածներին: Կարծում եմ, որ դա պետք է տեղի ունենա մինչեւ հունիս, այն պարզ պատճառով, որ ԵԽԽՎ-ն այդ ժամկետն է նշել Հայաստանին վերաբերող բանաձեւի մեջ, սակայն այդ ամենը ձեւական բնույթ է կրելու, եւ Հայաստանում տեռորն ու բռնատիրությունը շարունակվելու են»: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-02 |
| ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇԱՀԵՐ ԵՎ ԽԱՂԵՐ |
| |
Անկախության հռչակումից հետո անդամագրվելով եվրոպական տարբեր կառույցներին, վավերացնելով Եվրոպայում գործող մի շարք պայմանագրեր՝ Հայաստանն ընտրեց այդ ապրելակերպը, բնականաբար, իր վրա պարտավորություն վերցնելով կյանքի տարբեր բնագավառները համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:
Այս համատեքստում վերլուծելով Հայաստանի եվրաինտեգրման անցած տասը տարիները՝ պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Վահան Շիրխանյանը մեղադրում է եվրոպական կառույցներին Հայաստանի պարտավորությունների կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողություն չիրականացնելու, ավելին՝ իրենց թերացումներում Հայաստանի իշխանություններին աջակցելու, խրախուսելու մեջ. «Եվրախորհրդին անդամագրվելուց հետո Հայաստանում անց են կացվել 2 նախագահական, 2 ԱԺ ընտրություններ, մեկ Սահմանադրական հանրաքվե: Բոլորը եղել են հիմնովին կեղծված: Բայց դրանց հաջորդել են ջերմ շնորհավորանքները: Միամտություն է կարծել, թե եվրոպական կառույցները պատշաճ տեղեկացված չեն: Ուրեմն, շատ լավ գիտենալով, որ ընտրությունները Հայաստանում ուղեկցվել են համատարած ընտրակաշառքով, հետապնդումներով, բռնություններով, քվեների թալանով՝ այնուամենայնիվ, շնորհավորում եւ լեգիտիմացնում էին ռեժիմին»: Մեր զրուցակիցը համարում է, որ՝ «Սա աչքակապություն է, երկակի ստանդարտների ուղղակի կիրառում՝ մի երկրում քվեներ գողանալ թույլ չենք տա, մյուսում՝ թույլ կտանք, իսկ երրորդում կխրախուսենք, որ ամեն կերպ պահպանի իշխանությունը: Մարտի 1-ը ցնցեց աշխարհին, իսկ իրենք ասում են՝ «ենթադրյալ քաղբանտարկյալներ...»: Այսպիսի կառույցների հետ մենք պայծառ ապագայի՝ ինչպես իրենք են ներկայացնում, հասնել չենք կարող»: Անգլիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների նման վարքագիծը մեր զրուցակիցն այսպես է բացատրում. «Միայն սեփական ազգային շահերի հետապնդումով, որոնց ավելի հեշտ է հասնել, եթե այստեղ թույլ եւ ոչ լեգիտիմ, այսինքն՝ մանիպուլյացիաների ենթակա իշխանություն լինի»:
«Առավոտի» դիտարկմանը՝ մեղադրում ենք այլոց, սակայն արդյոք մենք ցանկացել ենք ժողովրդավար լինել, եվրոպացիներն է՞լ խանգարել են, Վ. Շիրխանյանը պատասխանում է. «Այո, նրանք խրախուսել են իշխանությունների կեցվածքը՝ արեք ինչպես ուզում եք, եթե մնացիք՝ մենք ձեզ կպաշտպանենք: Իսկ ժողովուրդը միշտ արդար է քվեարկել, նույնիսկ այն ժամանակ, երբ չի ունեցել ընդգծված լիդեր: Ժողովուրդը միշտ քվեարկել է այս իշխանությունների դեմ: Այլ բան է, որ մենք պետք է տարանջատենք եվրաքաղաքակրթությունը, որը համաշխարհային արժեք է, այսօրվա եվրաէլիտայի վարած քաղաքականությունից, որի առաջին զոհը ինքը Եվրոպան է»: Այն, որ շատ գործիչներ 2008 թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ ընդունած ԵԽԽՎ բանաձեւը որակում են «բավականին կոշտ», մեր զրուցակցի մոտ թերահավատություն է առաջացնում. «Մնում է շնորհակալություն հայտնել ԵԽԽՎ-ին, որ չնկատեց 2003–ի, 2004-ի ապրիլին կալանավորված քաղբանտարկյալներին, իսկ այսօր աչքերը բացեց: ԵԱՀԿ առաջին զեկույցն էլ ինձ չի զարմացնում։ Ընտրությունները իրոք ընթացել են Հայաստանի համար նրանց սահմանած ստանդարտներով, ինչի արդյունքում պետք է ձեւավորվեր մաքսիմալ կառավարվող իշխանություն։ Եվրաինտեգրացումը Հայաստանում տեղի է ունեցել Հայաստանի իրականության հետ ոչ մի կապ չունեցող, օտար կլիշեներով, եւ մենք այսօր ունենք հակաժողովրդավարական, հակաշուկայական, հակասահմանադրական, վայրագ լիբերալիզմի երկիր։ Արժե՞ արդյոք սրա համար նրանց շնորհակալություն հայտնել»:
«Առավոտի» դիտարկմանը՝ ազատական տնտեսության հիմքերը Հայաստանում դրվեցին առաջին նախագահի օրոք, ում նախագահական ընտրություններում սատարեց ու շարունակում է սատարել ՍԴՀԿ-ն, Վահան Շիրխանյանը պատասխանեց. «Առաջին նախագահի ժամանակ տեղի ունեցավ հողի սեփականաշնորհում, որը հնարավորինս արդար եւ ճշմարիտ ճանապարհով եղավ: Այնուհետեւ սեփականաշնորհվեցին մանր օբյեկտները: Ամենալուրջ ու վայրագ սեփականաշնորհումը իրականացվել է Ռոբերտ Քոչարյանից սկսած՝ կապի, ոսկու համակարգեր, կոնյակի գործարան, էլեկտրացանցեր, հսկա գործարաններ»: |
| |
| ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-02 |
| ՈՎ ԷՐ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԽՈՍՏԱՑԵԼ |
| |
Համենայնդեպս, երեք «կոալիցիոն» թեկնածուների նախընտրական ծրագրերում նման բան չկա
Մայիսի 1-ից կառավարությունը դադարեցրել է բնական գազի վարձավճարների սուբսիդավորումը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Արդյունքում՝ ֆիզիկական անձինք գազի մեկ խորանարդ մետրի դիմաց 59 դրամի փոխարեն կվճարեն 84 դրամ: Ակնհայտ է, որ սուբսիդավորման դադարեցումը կբերի մի շարք ապրանքատեսակների ու ծառայությունների գների թանկացում, մասնավորապես կավելանա ուղեվարձը: Կոալիցիոն կառավարություն ձեւավորած չորս քաղաքական ուժերի՝ ՀՀ նախագահի բոլոր երեք թեկնածուների (ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն հանդես էին գալիս մեկ միասնական թեկնածու Սերժ Սարգսյանով) նախընտրական ծրագրերում միայն բարի խոստումներ են եւ ոչ մի խոսք չկա այս կամ այն ապրանքի, էլեկտրաէներգիայի, գազի եւ այլնի գների բարձրացման մասին: Այսինքն՝ նախագահի թեկնածուներից ոչ մեկը իր ընտրողներին չէր «խոստացել», որ իր ընտրվելու դեպքում մեր երկրում կտրուկ կբարձրանա, ասենք, գազի, էլեկտրաէներգիայի կամ շաքարավազի գինը: Տիգրան Սարգսյանի կառավարությունը դեռ նոր-նոր է սկսում իր ծրագրի իրականացման առաջին քայլերը, իսկ հասարակության տարբեր սոցիալական շերտերն արդեն շատ կոնկրետ զգում են գների բարձրացումից բխող բոլոր դժվարությունները: Եվ այս իրավիճակում բոլոր այն մարդիկ, ովքեր մինչ այժմ իրենց հեռու են պահել քաղաքական հավաքներից, երբեք ակտիվ ընդդիմադիր չեն եղել, «ոչ Լեւոնով են հիացած եւ ոչ էլ Սերժով» եւ գլուխները կախ վաստակել են իրենց օրվա հացը, այսօր շատ ավելի վրդովված են, քան «լեւոնական» ցանկացած ակտիվիստ:
Երեկ ստիպված էի մի քանի անգամ օգտվել տաքսի ծառայություններից եւ ամեն անգամ, հերթական ավտոմեքենան նստելիս, վարորդն անմիջապես սկսում էր խոսել գազի գնի բարձրացումից. «Լավ, սրա վերջը ի՞նչ է լինելու: Գազի գինը բարձրացավ, էլ ոչ մեկը տաքսի չի նստի, երթուղայինների գներն էլ են բարձրանալու, բա մարդիկ ո՞նց են ապրելու»,- տաքսու վարորդն ակնհայտորեն հուսահատության մեջ էր եւ կարծում էր, որ լրագրողը կարող է իր դարդին դարման անել: Մեկն էլ թե՝ «ինչքան որ հաշվիչը ցույց կտա՝ հեչ, կրկնակի եմ վերցնելու, որովհետեւ գազն առաջվանից 80 տոկոսով թանկ եմ գնել, ձեռք է տալիս՝ նստի, չէ՝ «Առաջ Հայաստան»: Մյուսն էլ թե՝ «Էս ինչի՞ միտինգ չեն անում»: Ռեպլիկիս, թե «մի անգամ արեցին՝ չտեսա՞ք ինչ ստացվեց», ասաց. «Չէ, էդ Լեւոնի համար էր, ասում եմ՝ էս գների բարձրացման համար ինչո՞ւ ոչ մեկը միտինգ չի կազմակերպում, ես կգնամ, մեր ամբողջ տաքսու ծառայությունը կգա, այսպես ապրել հնարավոր չէ, էդ վերեւներում գիտե՞ն, որ վիճակը վատ է»: Ինձ վրա պատասխանատվություն չվերցրի ասելու, որ երեւի գիտեն, կամ՝ գների բարձրացումը նույն այդ «վերեւներն» իրենց անձնական գրպանի վրա չեն էլ զգալու: Որոշեցի խմբագրություն հասնելուն պես կրկին ուշադիր ընթերցել նախագահի դաշնակցական, օրինացերկրական եւ հանրապետական+բհկական թեկնածուների նախընտրական ծրագրերը, արդյոք նախընտրական իրենց ժողովրդահաճո ելույթներում հնչեցրած խոստումներում որեւէ խոսք չկա՞ ընտրություններից հետո գների բարձրացման մասին, գուցե կա, բայց մենք չե՞նք նկատել:
Սկսենք Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից: Այն վերնագրված է «Երկրորդ սերնդի բարեփոխումների ծրագիր», բաղկացած է 6 գլխից, յուրաքանչյուրն ունի խիստ պարտավորեցնող վերնագիր, օրինակ՝ «Միասնությունը, որպես երկրորդ սերնդի բարեփոխումների հիմնական նախադրյալ», կամ՝ «Արժանավայել կյանքի ապահովում» եւ այն: Ըստ ամենայնի, գներին եւ կենսամակարդակին վերաբերող խոստումները պետք է լինեին հենց այս բաժնում, սակայն այստեղ եւ այլ բաժիններում նույնպես միայն խոստումներ են, օրինակ այսպիսի. «Ստեղծվելու են նպաստավոր պայմաններ՝ մարդկանց աշխատանքով ապահովելու համար: Աշխատանքը պետք է որոնի մարդուն, ինչը նշանակում է՝ ունենալ արդյունավետ աշխատաշուկա, որը կբացահայտի կառուցվածքային գործազրկության խնդիրը: Սա հնարավորություն կտա իրականացնել նպատակային վերապատրաստման ծրագրեր՝ մարդկանց հմտությունները եւ մասնագիտացումը աշխատատեղերին համապատասխանեցնելու նպատակով»: Նաեւ այսպիսի խոստում կա. «Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի վերջնականապես հաղթահարվեն գործազրկությունն ու աղքատությունը, որպեսզի օր առաջ բարելավվի հասարակ մարդու կյանքը (իմ ծանոթ տաքսու վարորդները բառի լավ իմաստով հասարակ մարդիկ էին, բայց վստահեցնում էին, որ իրենց կյանքը գնալով վատանում է- Մ. Ե.), որպեսզի մեր երկիրը դառնա ավելի անվտանգ, որպեսզի մենք ապրենք ուժեղ ժողովրդավարական պետությունում եւ ունենանք արդար հասարակություն»:
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրում եւս ոչ մի տող չկա գների բարձրացման մասին, սակայն կա որոշ երանգ այն մասին, թե ինչն է խանգարում էներգետիկայի ոլորտի զարգացումներին. «Չարաշահումները եւ ստվերայնությունը, հակասոցիալական գնային քաղաքականությունը, էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիայի բացակայությունը»:
Դաշնակցական Վահան Հովհաննիսյանի ծրագրում էլ «գերխնդիր» է համարվել հետեւյալը. «Բացառել կամ նվազեցնել բոլոր ուղղություններով իրականացվող քաղաքականությունների բացասական սոցիալական հետեւանքները, ինչպես նաեւ ձեւավորել մարդու եւ քաղաքացու սոցիալական իրավունքների ամբողջական իրացման համակարգ»:
Կառավարության նոր ծրագրում եւս շատ որոնեցինք եւ գների բարձրացման մասին որեւէ «խոստում» չգտանք: Եվ ինչքան էլ պետության ներկայացուցիչները պնդեն, թե «ոչ թե գազի գինն է բարձրացել, այլ սուբսիդիաներն են վերացել», միեւնույն է՝ դրանք ընդամենը խոսքեր են: Իմ ծանոթ տաքսիստներից մեկը երեկ այսպիսի զուգահեռ անցկացրեց. «Թող Սերժ Սարգսյանը գա, թանկացած գներով «գազ զապրավկա» անի, տեսնեմ, թե էդ թանկացած գազով ո՞նց է «Առաջ Հայաստան» գնալու»: |
| |
| ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-02 |
| ՀԱԿ-ն ընդդեմ «Հ1»-ի |
| |
Իշխանականների հավաքներն է՞լ են սահմանադրական կարգի խախտմամբ եւ բռնի ուժով իշխանության զավթմամբ ավարտվում:
Երեւանի քաղաքապետարանը օրերս մերժել է Հայաստանի առաջադիմական կուսակցության՝ մայիսի 8-ին եւ 12-ին բողոքի ակցիաներ կազմակերպելու հայտը: Չնայած մերժմանը, ՀԱԿ-ն օգտվելով օրենքի այն տարրից, որ մինչեւ 100 հոգանոց ակցիաները կարող են առանց իրազեկման կայանալ, մայիսի 8-ին, ժամը 13-ին, իրենց բողոքով կհավաքվի Ռադիոտան մոտ, իսկ մայիսի 12-ին, ժամը 13-ին՝ ՀՀ-ում Եվրախորհրդի ներկայացուցչության: ՀԱԿ-ը բողոքի ակցիաներ է նախատեսում ընդդեմ Հանրային հեռուստաընկերության, որը համառորեն չի լուսաբանում այս կուսակցության գործունեությունը՝ չնայած այն բանին, որ ի պատասխան կուսակցության դիմումների, Հանրայինում մի քանի անգամ գրավոր խոստացել են առաջիկայում լուսաբանել առաջադիմականների գործունեությունը: Բացի այդ, ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը նամակով դիմել է ՀՀ-ում ԵԽ ներկայացուցչության ղեկավար Բոյանա Ուրումովային՝ ծանուցելով, որ իր ղեկավարած կուսակցությունն արդեն երկար ժամանակ «զրկված է մեր երկրում որեւէ հրապարակային խոսք հնչեցնելու հնարավորությունից»: «Հատկապես այն պահից, երբ կուսակցությունը սկսեց քննադատել բոլոր պատասխանատուներին՝ մեր երկրում տեղի ունեցող բազմաթիվ բացասական երեւույթների կապակցությամբ, երբ պահանջատիրություն սկսեց դրսեւորել պետական կառույցների հանդեպ ու փորձ արեց միավորել հասարակական որոշ խմբերի՝ միասնական հանրային կամք արտահայտելու նպատակով, մանավանդ պետական, ինչպես նաեւ այլ հեռուստաընկերությունները եւ բազմաթիվ թերթեր կտրուկ հրաժարվեցին լուսաբանել ՀԱԿ գործունեությունը»,- պարզաբանված է նամակում: Փաստելով, որ սա չի տեղավորվում նաեւ ՀՀ-ի՝ ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների շրջանակներում, Տ. Ուրիխանյանը տիկին Ուրումովային խնդրում է ԵԽ-ի անունից նպաստել մեր երկրում ժողովրդավարության կայացման համար կարեւոր տարրի՝ խոսքի ազատության հաստատման գործին՝ փաստորեն ջուր լցնելով «լեւոնականների» ջրաղացին:
Ի դեպ, Տ. Ուրիխանյանը դիմում է ներկայացրել նաեւ «Կայունություն» պետականության աջակցման հասարակական կազմակերպությունների միության խորհրդի անդամներին՝ հրաժարվելով խորհրդի նախագահի պաշտոնից, ավելին, նա իր ղեկավարած «Երեւանի օժանդակ օրինապահ ջոկատներ» հ/կ-ով դուրս է գալիս նաեւ «Կայունություն» միավորումից: Հետաքրքիրն այն է, որ մի քանի տարի առաջ, երբ ստեղծվում էր «Կայունությունը», համառորեն լուրեր էին պտտվում, որ այն իշխանական հ/կ-ների միավորում է, իշխանության կողմից ֆինանսավորվող կառույց, որը ծառայելու է իշխանական նախաձեռնություններին «ուռա» գոռալու գործին: Հիշեցնենք, որ կառույցին անդամակցում էին իշխանական մտավորականներ Ռազմիկ Դավոյանը, Արամայիս Սահակյանը եւ այլք, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի խնամին՝ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը: Իր հրաժարականի տեքստում «սերժական» Տիգրան Ուրիխանյանը գրում է. «Աննպատակահարմար եմ գտնում ծավալել կեղծ գործունեություն՝ ազնիվ պոռթկումով եւ բարի ցանկություններով միավորված բազմաթիվ հ/կ-ների կողմից ստեղծված այդ միավորման մեջ: Ինձ համար ընդունելի չէ այն, որ մի շարք անհատներ եւ հ/կ-ներ, մանավանդ նախընտրական շրջանում, բազմաթիվ անգամ հանդես էին գալիս «Կայունության» անունից, որեւէ կապ չունենալով այդ միավորման հետ: Ակնհայտորեն նկատվում էր ինչ-որ շահագրգռություն, որի շրջանակներում գրեթե բոլոր լրատվամիջոցները շրջանառում էին իբր «Կայունության» նախաձեռնությունները, որոնց առթիվ չեն կայացվել օրինական որոշումներ»: |
| |
| ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-02 |
| ՄԻԱՅՆ ՀԿԿ-Ն ՆՇԵՑ |
| |
Երեկ՝ աշխատավորների միջազգային օրը, Հայաստանում նշեց միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, թեեւ կառավարական տոնացույցով մայիսի 1-ը նաեւ ոչ աշխատանքային էր: Հետխորհրդային շրջանում կոմկուսն այս օրը միշտ էլ համեստ է նշում՝ երթ մայրաքաղաքի գլխավոր փողոցներով նվագախմբի ուղեկցությամբ, ծաղիկներ են դնում Ալ. Մյասնիկյանի եւ Ստ. Շահումյանի արձանների եւ Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանի ու անմար կրակի մոտ: Երեկ կոմունիստները միայն ծաղիկներ դրեցին Ստեփան Շահումյանի արձանի մոտ եւ մեկուկես ժամանոց սակավաթիվ հանրահավաք արեցին այդ հրապարակում: Տարածքում ծփում էին Սովետական Հայաստանի եւ ՀԿԿ-ի դրոշները: Այս համեստությունը ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը բացատրեց այսպես. «ՀԿԿ կենտկոմի բյուրոն չէր կարող անտեսել, որ երկու ամիս առաջ անմեղ արյուն է թափվել Մյասնիկյանի արձանի մոտ. այսօր այդ մասով անցնել մայիսմեկյան տոնակատարությամբ՝ նվագախմբով, կեցցեներով եւ ուռաներո՞վ... Այդ պատճառով էլ մենք շրջաններից մեր կուսակիցներին չենք բերել, նախընտրեցինք համեստ հանրահավաք: Մենք եղել ենք ժողովրդի հետ եւ կմնանք նրա հետ: Ես ցավակցում եմ բոլոր զոհերի ընտանիքներին»: Հանրահավաքը սկսելուց առաջ կոմունիստները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը: Իսկ հանրահավաքում քննադատական խոսքեր հնչեցին եւ իշխանությունների, եւ արմատական ընդդիմության նկատմամբ, խոսվեց սպասվելիք թանկացումների, գործազրկության, արտագաղթի մասին: Ռուբեն Թովմասյանը նաեւ ժողովրդին չհուսահատվելու կոչ արեց եւ խոստացավ, որ կգա այն ժամանակը, երբ Հայաստանում կրկին կհաղթի սոցիալիստական գաղափարախոսությունը, իշխանության կգա կոմկուսը ու մարդը նորից արժանապատիվ կյանքով կապրի: Իշխանությունների մայիսմեկյան միակ պատրաստությունը ՀԿԿ-ի հանրահավաքին ոստիկանների ներկայությունն էր՝ մեր ընթերցողին հայտնի ոստիկանության ծանր հրետանի Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ: «Արտոնված-չարտոնված բոլոր միջոցառումներին մենք պարտավոր ենք լինել»,- «Առավոտի» հարցին պատասխանեց նա, իսկ ընկերոջ հետ կատակեց՝ «էս իմ տոնն ա, ես էլ նախկին կուսակցական եմ եղել»: Ի դեպ, հանրահավաքում հասարակական կարգ պաշտպանող մեկ տասնյակից ավելի ոստիկաններից բացի, «Կոնգրես» հյուրանոցի մոտակայքում եւս տասից ավելի ոստիկաններ «դարանակալել էին» «ՌԱՖ» մակնիշի մեքենայում: |
| |
| Ն. Գ. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-02 |
| ԵՐԹՈՒՂԱԳԾԵՐԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԵՆ ԺԱՌԱՆԳԱԲԱՐ |
| |
Հայաստանում ուղեւորափոխադրումների համար անցկացվող մրցույթների մասնակիցներից մեկը պնդում են, որ մրցույթները ձեւական բնույթ են կրում, ու դրանց հաղթողները կամ օլիգարխներն են, կամ՝ նախկին գծատերերը:
Հայաստանում ուղեւորափոխադրումներն իրականացնում են մատների վրա հաշված ընկերություններ, ու չնայած այս կամ այն երթուղու սպասարկման համար պարբերաբար հայտարարվող մրցույթներին, կարելի է ասել, որ գծատերերը չեն փոխվում ու շատ հաճախ առանց համապատասխանելու պահանջվող չափանիշներին, այս կամ այն երթուղին ուղղակի «ժառանգաբար» տնօրինում են:
Արդեն 4-րդ տարին է՝ Ստեփանավանում գործող «Անդավ» ՍՊԸ-ն մասնակցում է ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար հայտարարվող միջմարզային եւ միջպետական մրցույթների, սակայն որեւէ անգամ հաղթող չի ճանաչվել: ՍՊԸ-ի հիմնադիր-սեփականատեր Անուշավան Նիկողոսյանի հավաստմամբ, իրենք մշտապես ներկայացրել են մրցույթի համար պահանջվող բոլոր փաստաթղթերն ու համապատասխանել են պարտադիր պահանջներին: Ա. Նիկողոսյանի խոսքերով. «Երթուղի սպասարկելու համար առաջնահերթ պայմանը հանրապետական կամ օլիգարխ լինելն է, այլապես հանձնաժողովից զավեշտալի ու անհեթեթ հիմնավորումներով մերժում ես ստանում»:
Դեռեւս 2004-ին «Անդավ» ՍՊԸ-ն մասնակցության հայտ է ներկայացրել Կուրթան-Երեւան թիվ 440 երթուղու սպասարկման համար հայտարարված մրցույթին, սակայն նրա հայտը մերժվել է՝ իբրեւ թե համապատասխան փաստաթղթեր չունենալու պատճառաբանությամբ: Մրցույթը շահել է «Արսմաշ-Ավտո» ընկերությունը, որն, ըստ Ա. Նիկողոսյանի, Կուրթանում անգամ միկրոավտոբուսների հավաքակայան չի ունեցել, ինչը հանձնաժողովի կողմից մրցույթի մասնակցության պարտադիր պայման է: Նույն թվականին «Անդավը» բոլոր փաստաթղթերը ներկայացրել է նաեւ Ստեփանավան-Թբիլիսի միջպետական մրցույթին մասնակցելու համար: Այս անգամ էլ երթուղու սպասարկման իրավունքը հանձնաժողովը տվել է «Վանթով» կազմակերպությանը:Նշենք, որ մինչ այսօր այս երթուղին այդպես էլ չի շահագործվել: Ներկայումս այն սպասարկվում է միայն վրացական կողմից:
Հաջորդ տարի՝ 2005-ին «Անդավ» ՍՊԸ-ն մասնակցել է Ստեփանավան-Երեւան թիվ 411 երթուղին սպասարկելու համար՝ տրանսպորտի եւ կապի նախարարության հայտարարած մրցույթին: Նույն մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել նաեւ «Մ.Գ. Հաուզինգ» ընկերությունը, որն էլ հաղթող է ճանաչվել: Այս երթուղին համարվում է ամենաեկամտաբերներից մեկը, քանի որ մշտապես ծանրաբեռնված է, ուղեվարձն էլ արժե 2 հազար դրամ: Նշենք նաեւ, որ բացի Երեւան-Բերդ թիվ 658, Բերդ-Երեւան թիվ 659 եւ միջքաղաքային այլ երթուղիներից, վերոնշյալ ընկերությունը մայրաքաղաքում սպասարկում է նաեւ թիվ 41, 81, 91, 95, 102 միկրոավտոբուսային եւ թիվ 26, 32 եւ 10 ավտոբուսային երթուղիները:
2007-ին «Անդավ» ՍՊԸ-ն մասնակցել է Մեծավան-Երեւան թիվ 420 միկրոավտոբուսային երթուղու սպասարկման համար հայտարարված մրցույթին, սակայն կրկին դուրս է մնացել: Մրցույթը շահել է նախկինում այս գիծը սպասարկող «Տիգրան» ՍՊԸ-ն: Ընդ որում, ըստ Ա. Նիկողոսյանի, «Տիգրան» ՍՊԸ-ի արտադրական բազան՝ որտեղ կայանում են միկրոավտոբուսները եւ որտեղ երթուղի դուրս գալուց առաջ կատարվում է դրանց տեխզննումը, գտնվում է ոչ թե, ինչպես կարգն է, Մեծավանում, այլ Երեւանում, սակայն նախարարության մրցութային հանձնաժողովը, չգիտես ինչու, այս հանգամանքի վրա աչք է փակել: Ստացվում է, որ երթուղի դուրս գալուց առաջ տեխզննում անցնելու համար միկրոավտոբուսները պետք է հասնեն Երեւան, հետո վերադառնան Մեծավան եւ ապա մտնեն երթուղի: Ինչ վերաբերում է վարորդների բուժզննմանը, ապա, ըստ Ա. Նիկողոսյանի, «Տիգրան» ՍՊԸ-ն այն պարզապես աչքաթող է արել:
«Անդավ» ՍՊԸ-ի սեփականատիրոջ խոսքերով. «Այս ոլորտում արդարության եւ ազատ մրցակցության մասին խոսելն ավելորդ է, քանի որ բոլոր հայտարարված մրցույթները ձեւական բնույթ են կրում»: Ա. Նիկողոսյանի կարծիքով, հենց ներկայիս օլիգարխ գծատերերին էլ աջակցելու համար է, որ նախորդ տարի կառավարությունը փոփոխություն կատարեց 2001-ին ընդունած «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումների իրականացման համար կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգում», քանի որ հանվել է, ասենք, արտադրական բազա ունենալու կետը, որը տարիներ շարունակ պարտադիր պայման է եղել, սակայն գծատերերից շատ քչերն են ապահովել:
«Անդավ» ՍՊԸ-ի սեփականատիրոջ բողոքի առնչությամբ մոտ 10 օր առաջ գրավոր դիմեցինք տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Չնայած 2 օր առաջ նախարարության տրանսպորտային տեսչության պետ Արշակ Պետրոսյանն «Առավոտին» վստահեցրեց, որ հարցերի պատասխանն արդեն պատրաստ է, սակայն երեկվա դրությամբ նախարարությունից մեր հարցերի պատասխանն այդպես էլ չստացանք:
Նշենք նաեւ, որ, մեր տեղեկություններով, «Մ.Գ. Հաուզինգը» պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, հանրապետական Մելիք Գասպարյանին, «Տիգրան» ՍՊԸ-ն՝ պատգամավոր Հարություն Կարագյոզյանին (Կարամելի Հարութ), իսկ «Արսմաշ Ավտոն»՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ «Բոգո» մականունով հարազատներից մեկին: |
| |
| ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-02 |
| «Արմավիան»՝ միջազգային բորսայում |
| |
Ընկերությունը պատրաստվում է դուրս գալ տեղական եւ միջազգային՝ Լոնդոնյան ֆոնդային բորսա:
Այդ մասին հայտնեց «Արմավիայի» նորանշանակ կոմերցիոն տնօրեն Ժյուլեն Դյուֆուրը: Նրա խոսքերով՝ ընկերությանը նման առաջարկ է արել «Միջազգային ֆինանսական խումբը», որն ընդգրկված է Համաշխարհային բանկի կազմում: «Ծանոթանալով «Արմավիայի» գործունեությանը, չնայած որոշ թերություններին, այնուամենայնիվ, ընկերությունը աչքի է ընկնում թափանցիկությամբ եւ կորպորատիվ կառավարման արդյունավետությամբ, ուստի այն կարող է տեղական շուկայում IPO դուրս գալ, այսինքն՝ հայաստանյան ֆոնդային բորսայում իր բաժնետոմսերն ազատ վաճառել: Սակայն, եթե ընկերության ղեկավարները որոշեն դուրս գալ IPO, ես կարծում եմ, որ տեղական բորսայում դա անելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ ընկերությունը պարբերաբար միջազգային աուդիտ է անցնում, ինչն էլ նրան իրավունք եւ հնարավորություն է տալիս դուրս գալ միջազգային բորսա, մասնավորապես՝ լոնդոնյան»,- նշեց Ժ. Դյուֆուրը:
Պարոն Դյուֆուրի կարծիքով՝ «Արմավիան» վերջին 3 տարիներին բավականին մեծ շրջանառություն է ունեցել: «Սակայն, եթե խոսվում է շրջանառության աճի մասին, պետք է նշել, որ զուգահեռաբար աճում են նաեւ ընկերության ծախսերը: Օրինակ, թանկացել են ավիավառելիքը, օդանավակայանային այլ ծառայությունները եւ այլն: Աճել են ուղեւորների ծառայությունների համար նախատեսված նավիգացիոն, ինքնաթիռներ գնելու համար լիզինգային ծախսերը»,- «Առավոտին» վստահեցրին «Արմավիայից»:
Նշենք, որ ընկերությունը շուրջ 30 ուղղություններով չվերթներ է իրականացնում ԱՊՀ եւ եվրոպական երկրներ: Իսկ Երեւան-Լոս Անջելես-Երեւան ուղերթը Դյուսելդորֆ քաղաքով մեծ քանակությամբ ուղեւորներ եւ ֆինանսական հոսքեր կապահովի, բացի այդ, «Էյր Բեռլինի» հետ պայմանագիրը թույլ կտա ուղեւորներին մատչելի գներով այցելել եվրոպական շատ երկրներ: «Արմավիան» մուտք է գործել նաեւ բալթյան եւ սկանդինավյան երկրներ՝ շնորհիվ Երեւան-Ռիգա-Երեւան չվերթի: Ընկերությունը վստահեցնում է, որ շուտով «Արմավիայում» կներդրվեն եվրոպական ստանդարտներին համապատասխան էլեկտրոնային տոմսեր:
Ըստ «Արմավիայի» պատասխանատուների, այս ոլորտի ներքին շուկայում բավականին լուրջ մրցակցություն կա:
Անդրադառնալով ավիատոմսերի՝ «Արմավիայի» կողմից գների զսպմանը, ընկերությունից վստահեցրին, որ դա արվում է ոչ թե ավիատոմսերի վաճառքով զբաղվող գործակալությունների կամ ավիաընկերությունների շարքային ներկայացուցիչների մակարդակով, այլ՝ ավելի բարձր մակարդակով:
Խոսելով Հայաստանի մասին, Ժյուլեն Դյուֆուրն ասաց, որ հիացած է Հայաստանով եւ հայ ժողովրդով. «Հայաստանն իր ավանդույթներով եւ կոլորիտով հրաշալի երկիր է: Չնայած ես առաջին անգամ եմ այստեղ, բայց իմ տպավորություններն այնքան վառ են, որ ինձ բոլորովին էլ օտար չեմ զգում»: |
| |
| Սեփ. լր. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-02 |
| «Պատրաստ ենք համագործակցության» |
| |
Ըստ Նահատակ ազգերի դաշինքի համանախագահ Ավետիս Քալաջյանի, չնայած իրենց պատրաստակամությանը, ՀՀ ԱԳՆ-ն Ցեղասպանության ճանաչման համար միայն իր պոտենցիալն է օգտագործում:
Նահատակ ազգերի միջազգային դաշինքի համանախագահ, «Հայոց հաղթական ուղի» հ/կ-ի ղեկավար Ավետիս Քալաջյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշեց, որ Հայաստանն իր ոչ բոլոր ջանքերն է գործադրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար, փաստելով, որ Ցեղասպանության հարցը կուսակցությունների կողմից մշտապես շահարկվում է: «Նախագահական ընտրությունների ժամանակ «ցեղասպանություն» տերմինը դարձել էր յուրաքանչյուր թեկնածուի ծրագրի բաղկացուցիչ մաս: Իհարկե, կան կուսակցություններ, որոնք տարիներ ի վեր աշխատում են այս ուղղությամբ, ինչպես, օրինակ, ՀՅԴ-ն: Շատերն էլ խղճուկ ձեւով ու գաղափարներով են հանդես գալիս, ինչ-ինչ արտահայտություններ են հնչեցնում, բայց ժողովուրդը հո տեսնո՞ւմ է, թե ում համար են այդ գաղափարները դառնում գործ եւ ով է դրանք շահարկում: Ինչ վերաբերում է մեր պետությանն՝ ընդհանրապես, Հայ դատի հասկացություն չի որդեգրվել մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ: Մենք Թուրքիայի հետ ընդունել ենք սահմաններ բացելու շուրջ բանակցելու սկզբունքը՝ առանց նախապայմանների: Եվ եթե սահմանները բացվեն, մեր թույլ դիրքերից կկարողանա՞նք Թուրքիային ստիպել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,- նշեց մեր զրուցակիցը:
Ա. Քալաջյանը կարծում է, որ նույնիսկ սահմանի բացման դեպքում պետք է բոյկոտել թուրքական ապրանքատեսակը. «Մեր դաշինքը, իմ ընկերները, սփյուռքահայերը երբեք թուրքական ապրանք չենք գնում: Էլի շատերը կան, որ գտնվելով սոցիալապես անապահով պայմաններում՝ թուրքական ոչինչ չեն գնում, բայց կան նաեւ մարդիկ, ովքեր ասում են, թե առանց դրանց ապրելն անհնար է, որովհետեւ թուրքականը էժան է, իրենց հնարավորությունները՝ սուղ: Ցավոք, անկախ Հայաստանի ժողովուրդը «սրսկված» է այն գաղափարախոսությամբ, որ առանց թուրքական ապրանքի՝ հայերը կյանք չունեն»: Ա. Քալաջյանը հայտնեց, որ իրենց նորաստեղծ դաշինքը պատրաստ է համագործակցել մեր երկրի արտաքին գերատեսչության հետ. «Միշտ պատրաստ ենք համագործակցության, բայց իրենք կարծես հակում ունեն սխալ կամ ճիշտ, բավարար կամ անբավարար ձեւով ամեն ինչ միայն իրենցով անելու: Ես կապեր ունեմ ցեղասպանված ազգերի գերագույն ղեկավարների հետ՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ դրսում: Ախր այդ կապերը կարող են պետք գալ»: Ըստ Ա. Քալաջյանի, Նահատակ ազգերի միջազգային դաշինքի խնդիրն է՝ աշխարհին տեղեկացնել ոչ միայն հայոց, այլեւ 70 այլ ազգերի ցեղասպանությունների մասին. «Թուրքերը գերագույն չարիք են: ԵՄ-ն լռելով՝ նպաստում է նորանոր ցեղասպանությունների... Հայոց ցեղասպանությունն ամեն օր շարունակվում է, ամեն պահի, օրինակ, երբ թուրքերը հայկական հուշակոթողներից քանդում են թեկուզ մի քար: Չնայած հայկական հուշակոթող անվանելն արդեն իսկ սխալ է, որովհետեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում հուշակոթող չի մնացել, պարզապես մի քանի եկեղեցի կա պահպանված՝ այն էլ վերածված մզկիթների»:
Նրա խոսքով, չնայած իշխանությունները բազմիցս խոսեցին Սփյուռքի նախարարություն ստեղծելու մասին, սակայն «տեսնելով, որ Սփյուռքն ազատատենչ ոգի ունի ու հնարավոր է, որ այդ նախարարությունը վերածվի ընդդիմության, անմիջապես այն ստեղծելու ծրագիրն արգելափակեց»: Ա. Քալաջյանը անդրադարձավ նաեւ մարտյան հայտնի դեպքերին, ասելով, որ մարտի 1-ը ժողովրդական ապստամբություն էր՝ բառի լայն իմաստով, բայց «մարտի 1-ը չպետք է համեմատել ապրիլի 24-ի հետ... Ժողովուրդը գնաց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւից, շատերը նույնիսկ չհավատալով: Նա ճակատային արմատական միակ ընդդիմադիրն էր, իսկ իշխանություններն իրենց պոռթկումներն արտահայտելու համար դուրս եկան տերպետրոսյանական քաղաքական ուժերի դեմ: Արգելեցին, չթողեցին հանրահավաք անցկացնել, մարդիկ էլ ապրիլի 24-ին դուրս եկան ցույցի, չնայած գուցե գիտակցելով, որ դա սխալ է, որովհետեւ ապրիլի 24-ը պետք է մնա ոչ թե որպես բողոքի, այլ սգո օր»: |
| |
| ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-02 |
| «ՍՏԱԺԱՎՈՐ» ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ |
| |
«Հանցագործը» գտնվել է, մնում է «տուժողին» ու «վկաներին» գտնեն
ՀՀ քաղաքացի, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ներսես Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը բավականին հետաքրքրիր պատմություն ունի: Նախաքննությունը շարունակվում է, նրա նկատմամբ 2007թ. նոյեմբերի 13-ից խափանման միջոց է ընտրվել կալանքը: Կալանքի ժամկետը կլրանա մայիսի 13-ին: Ուշադրության արժանի է այն, որ խափանման միջոց ընտրելիս Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նիստը դռնփակ է տեղի ունեցել: Միջնորդությունն էլ ներկայացրել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժինը:
«Առավոտի» տեղեկություններն այս գործի հետ կապված՝ խիստ սահմանափակ են, քանի որ նախաքննությունն իրականացնող մարմինը գաղտնիություն է պահպանում, իսկ դատարանը դռնփակ նիստ է անում: Թովմասյանի պատմությունը հետաքրքիր է նրանով, որ մարդը պատահաբար է իմացել, որ հետախուզվել է, այն էլ 7 տարի: Փաստորեն, ունեցել է 7 տարվա հետախուզման «ստաժ»: Թովմասյանը մեղադրվում է ՌԴ Ռոստովի մարզի Բոկովսկի կայարանի «Ֆենիքս» սրճարանում «տուժող» Յուրի Ստրուկովի հետ վիճաբանելու, սուր կտրող գործիքով (հետագայում պիտի պարզվի՝ բրելոկով) նրան մարմնական վնասվածք հասցնելու համար: Իրականում, Թովմասյանը, իրոք, այդ ժամանակաշրջանում եղել է Ռոստովում, արտագնա աշխատանքի էր մեկնել, սակայն նա նախաքննության մարմնին հայտնել է, թե տուժողին չի ճանաչում, նրանից տեղեկություն չունի եւ չի ընդունում իրեն մեղսագրվածը:
Այս պատմության ընթացքը եղել է այն, որ Թովմասյանը եկել է Հայաստան՝ առանց տեղյակ լինելու, որ իր նկատմամբ 2001թ.-ին քրեական գործ է հարուցվել: 2006-ին նա դիմել է անձնագրային բաժին՝ ՌԴ մեկնելու համար անձնագրի ժամկետը երկարացնելու: Ըստ մեր տեղեկությունների, Թովմասյանին տարել են ոստիկանության քաղաքային վարչություն, ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին:
Սակայն տարօրինակ է, եթե Թովմասյանն իմանար իր նկատմամբ հետախուզման եւ հետապնդման մասին, տարիներ շարունակ քայլեր կձեռնարկեր հետապնդումից խուսափելու համար: Ինչը չի արել: Նրան բերման են ենթարկել Արաբկիրի տարածքում գտնվող այն տնից, ուր 7 տարի բոլորի աչքի առաջ ապրել է նա, որեւէ անգամ պատասխանատվության չի կանչվել կամ գործ չի ունեցել իրավապահ մարմինների հետ: ՀՀ իրավապահ մարմիններին հայտնի է եղել Թովմասյանի գտնվելու վայրը:
Այս տարիների ընթացքում պարզվել է, որ 2001-ին ՌԴ -ում հարուցված քրեական գործի նյութերը 2007-ին են ուղարկվել Հայաստան (նրանք էլ են Հայաստանի արդարադատական մարմինների նման «օպերատիվ» աշխատում- Ռ. Մ.): Նախ՝ գլխավոր դատախազություն, տարածքային դատախազություն ու ապա՝ Քանաքեռ-Զեյթուն ոստիկանության բաժին:
Ընդհանուր իրավասության դատարանը մարտին քննելով խափանման միջոցի ընտրման հարցը, գտել է, որ ոստիկանների միջնորդությունը պետք է բավարարել, քանի որ այն «օրինական է, ճիշտ եւ հիմնավորված»: Ի դեպ, մեր տեղեկություններով, մի դռնփակ նիստ էլ տեղի է ունեցել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում եւ դարձյալ կալանավորման «ճշտությունը» հիմնավոր է համարվել: 49-ամյա Ն. Թովմասյանն ունի 2 երեխա:
ՌԴ հոդվածով նախատեսված 2-8 տարվա պատիժը նույն հանցագործության համար Հայաստանում նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում:
Կալանավորման 6 ամիսների ընթացքում Թովմասյանին հարցաքննել են 1 անգամ, ոչ «տուժողն» է գալիս Ռուսաստանից, որպեսզի ցուցմունք տա, ոչ էլ հայ «վկաները»: |
| |
| Ռ. Մ. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-02 |
| Կրթամշակութային խճանկար |
| |
Ակադեմիկոսն ու նախագահը հանդիպեցին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 30-ի երեկոյան այցելել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին: Նախագահը նշել է, որ նախորդ շաբաթ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում խոսվել է գիտության վիճակի մասին, սակայն մի բան է պաշտոնական քննարկումը, բոլորովին այլ բան՝ մտերմիկ շփումը: Նախագահն ասել է նաեւ, որ ինքն, անշուշտ, որոշակի խորհուրդների կարիք ու նաեւ հարցեր ունի: «Գիտության ոլորտում խնդիրներ ունենք եւ պիտք է հասկանանք՝ ինչպես դրանք հաղթահարենք»,- ընդգծել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ կարեւորում է անվանի գիտնականի կարծիքը:
Ըստ նախագահականի լրատվականից ստացված հաղորդագրության, Ս. Համբարձումյանն ու Ս. Սարգսյանը թեյի սեղանի շուրջ խոսել են գիտության, կրթության համակարգի բարեփոխումների մասին, համակարծիք եղել, որ այժմ ամենամեծ խնդիրը գիտության, կրթության եւ, ընդհանրապես, մշակույթի վարկը պահպանել կարողանալն է: Նրանց համոզմամբ, քանի որ համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական հրամայականը ինտելեկտի, գիտելիքի վրա հիմնված հասարակության ձեւավորումն է, ուրեմն պետք է ստեղծել արդյունավետ, մրցունակ, ժամանակի պահանջներին համապատասխան գիտական եւ կրթական համակարգ:
Ընդունելություն եւ համերգ՝ ԱՄՆ դեսպանատանը
Ապրիլի 30-ին ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը «Միջազգային այցելու» եւ Ամերիկագիտության ինստիտուտների շրջանավարտների համար ընդունելություն էր կազմակերպել: Հյուրերը հնարավորություն ունեցան ոչ միայն միմյանց հետ շփվելու, այլեւ ունկնդրելու հայաստանյան «Արտասաքս» սաքսոֆոնահարների քառյակի բարձրակարգ կատարումները: Երեւանում նմանատիպ քառյակ ստեղծելու առաջին նախաձեռնությունը (1991-1992) Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանինն էր: Այն երկար կյանք չունեցավ՝ ինչ-ինչ պատճառներով: 2000թ.-ին խմբի անդամներից սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը իր երիտասարդ գործընկերներից նոր քառյակ կազմեց, որն ակտիվ գործում էր՝ մինչեւ խմբի անդամների զինծառայության մեկնելը: 5-6 տարվա ընդմիջումից հետո սաքսոֆոնահարների քառյակը, որոշակի փոփոխություններով, վերամիավորվեց «Արտասաքս» անվանումով եւ առաջին անգամ երաժշտասեր հասարակայնությանը ներկայացավ այս տարվա փետրվարին:
«Pink Floyd»-ի խոզուկը
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի «Coachella Valley Arts and Music Festival» փառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ այն մարդը, ով կգտնի «Pink Floyd» ռոք-խմբի կիթառահար Ռոջեր Ուոթերսի կորցրած փչովի խոզուկը, կստանա ոչ միայն $10000, այլեւ փառատոնին ցմահ անվճար մասնակցելու իրավունք: Ըստ «Ռիա-Նովոստիի», 1977-ին խմբի թողարկած «Animals» ալբոմի եւ «Pigs on the Wing» երգի կատարման կարեւոր ատրիբուտն ու թալիսմանը համարվող խոզուկը, անցյալ կիրակի կայացած փառատոնի ժամանակ պատահաբար արձակվել ու օդ է բարձրացել: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ խոզուկը «թռչում» է: Մի անգամ էլ Անգլիայում ֆոտոսեսիայի ժամանակ է այն «փախել» ու գտնվել, որից հետո նրա նկարը դարձել է ռոք-խմբի հերթական ալբոմի շապիկը:
Նշենք, որ Ուոթերսը «Pink Floyd»-ի երգերի հեղինակն ու բաս-կիթառահարն է եղել 1965-1985թթ.: Նրա երգերից շատերը հիթ են դարձել, ինչպես «Mother»-ը, «Shine On You Crazy Diamond»-ը, «Have a Cigar»-ը «Dark Side of the Moon»-ը:
Ինչ վերաբերում է «Coachella» փառատոնին, այն հեղինակավորներից է: Անցյալ տարի փառատոնն ունեցել է 186 հազար այցելու եւ $16,2 մլն շահույթ:
Գերգիեւի հոբելյանը
Այսօր՝ իր ծննդյան 55-ամյակի օրը, ՌԴ ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւը Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում գալա-համերգ է կազմակերպել՝ համաշխարհային մեծության աստղերի մասնակցությամբ: Իր ղեկավարությամբ Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ հանդես կգան հանրահայտ երաժիշտներ, ջութակահար Վադիմ Ռեպինը եւ ալտահար Յուրի Բաշմետը, օպերային երգիչներ Աննա Նետրեբկոն եւ Օլգա Բորոդինան: Ողջ հասույթը կուղղվի Վլադիկավկազի հանրակրթության եւ երաժշտական կրթության ոլորտի կարիքներին:
Վ. Գերգիեւը ծնունդով Վլադիկավկազից է:
Պատկերասրահը կվերաբացվի
Այս տարի լրանում է Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղի հիմնադրման 35-ամյակը: «Լինսի» հիմնադրամի կողմից իրականացված վերանորոգումից հետո, մասնաճյուղը մայիսի 4-ին վերաբացում է իր դռները: Այնտեղ գործող մշտական ցուցադրությունը պատկերասրահի ֆոնդերից համալրվել է եւս 20 ստեղծագործություններով:
Ներկայացված է XX դարի հայկական կերպարվեստը՝ դարասկզբից մինչեւ մեր օրերը, ընդգրկելով նաեւ սփյուռքահայ արվեստագետների գործեր:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահի 12 մասնաճյուղերից Ջերմուկինը սկսել է գործել 1973-ից՝ կառավարության հատուկ որոշմամբ, ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի նախաձեռնությամբ:
Ջերմուկի պատկերասրահի մշտական ցուցադրությունում ներկայացված են Մ. Սարյանի, Մ. Աբեղյանի, Խ. Եսայանի, Գ. Գրիգորյանի եւ այլոց գործերը, ինչպես նաեւ մեր ժամանակակիցների ստեղծագործությունները: |
| |
| Պատրաստեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-02 |
| «ՈՐՏԵ՞Ղ Է ՑՈԼԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ» |
| |
Ինչպես հայտնի ֆիլմի հերոսի դեպքում, այս հարցը հասունացել է նաեւ Ազգային օպերային թատրոնի «անհետացած» գլխավոր դիրիժորի պարագայում:
Մինչ երկրի իշխանությունները եւ մշակույթի նախարարությունը մտմտում են Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի կառավարման սկզբունքների մշակման, գեղարվեստական ղեկավար-տնօրեն հաստիքների միավորման եւ էլի որոշ «նորամուծությունների» մասին, այդ թատրոնում հերթական սկանդալային իրավիճակ է հասունանում: Արդեն մեկ ամսից ավելի է, թատրոնի երաժշտական ղեկավարը՝ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, մեծանուն երգչուհի Ելենա Օբրազցովայի հրավերով հայտնվել է վերջինիս ղեկավարած Սանկտ Պետերբուրգի Փոքր երաժշտական թատրոնում՝ իր հետագա կարիերայի հարցերը լուծելու նպատակով: Այս տեղեկատվությունը «Առավոտը» ստացել է թատրոնի արտիստներից:
Իհարկե, յուրաքանչյուր արվեստագետ իրավունք ունի լուծելու սեփական ստեղծագործական ճակատագիրը: Բայց այս դեպքում խոսքը վերաբերում է Օպերային թատրոնում առաջին դեմք հանդիսացող պաշտոնյա երաժշտին: «Մեր թատրոնի խաղացանկը, բեմադրական, երաժշտական նկարագիրը ոչ թե հեռու են բավարար լինելուց, այլ որեւէ առնչություն չունեն բարձր երաժշտական մշակույթի հետ: Երաժշտական ղեկավարի երկարատեւ բացակայությունը, թատրոնում կառավարման թույլ սկզբունքների գոյությունը պարտադրում են անհանգստության ձայն բարձրացնել եւ իսկապես հարցնել՝ յո՞ երթաս, օպերային թատրոն»,- նեղսրտեց «Առավոտի» հետ զրուցած արտիստներից մեկը:
Անհանգստացած արվեստագետները հիշեցնելով, որ Կարեն Դուրգարյանը շուրջ 7 տարի թատրոնում զբաղեցնում է երաժշտական ղեկավարի պաշտոնը, հայտնեցին, որ, օրինակ, Վալերի Գերգիեւի նման հանճարեղ դիրիժորին 5 տարի Մարիինյան թատրոնում շարքային դիրիժոր աշխատելուց հետո միայն վստահեցին նույն թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Նույնն էր նաեւ մեր իրականությունում, երբ Ազգային օպերային թատրոնում գլխավորն էր ճանաչված դիրիժոր Կոնստանտին Սարաջեւը, Միքայել Թավրիզյանի նման տաղանդավոր երաժիշտը մի քանի տարի աշխատեց իբրեւ դիրիժոր, եւ միայն 1940-ին, երբ Սարաջեւը նշանակվեց Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտոր, դրանից հետո Թավրիզյանը ստանձնեց գլխավոր դիրիժորի պաշտոնը: Մեր զրուցակիցներից հետաքրքրվեցինք, եթե Դուրգարյանը «աշխատանք ճարի» Սանկտ Պետերբուրգում, ո՞ւմ են պատկերացնում նրա պաշտոնում: Ստացանք հետեւյալ պատասխանը. «Օպերային թատրոնում, բացի գլխավոր դիրիժորից, աշխատում են եւս 6-ը՝ Յուրի Դավթյան, Վիլեն Չարչօղլյան, Ռուբեն Ասատրյան, Կարեն Լավչյան եւ այլք, եվրոպաներում ունենք բարձրակարգ դիրիժորներ ու վստահ ենք՝ հայրենիք հրավիրվելու դեպքում նրանք մեկ րոպե անգամ չեն վարանի...: Ինչ վերաբերում է Դուրգարյանին, մենք նրան տեսնում ենք ավելի շատ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ, քանի որ օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի համար 5-6 տարին քիչ է ծանոթանալու ու մարսելու թատրոնի բոլոր ստեղծագործական օղակների աշխատանքը: Ժամանակին կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը, երբ թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի ականջին ընդամենը փսփսացել էր Դուրգարյանի անունը՝ իբրեւ խոստումնալից, բայց ոչ պատրաստ՝ ստանձնելու օպերային թատրոնի երաժշտական ղեկավարի պաշտոնը, Գրիգորյանը շտապել էր «վերեւներին տալու» Դուրգարյանի անունը: Թեեւ պետք է ասել, որ այս դիրիժորը վերջին տարիներին բավականին աճել է»:
«Առավոտը» օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանից էլ ստացավ հետեւյալ պարզաբանումը. «Ինքս ողջունում եմ ցանկացած արվեստագետի, այս դեպքում՝ Դուրգարյանի հաջողությունները: Այո, նա իսկապես գտնվում է Սանկտ Պետերբուրգում եւ կարծում եմ, որ բոլորս պետք է ուրախ լինենք այդ փաստի առիթով, որովհետեւ նրան հրավիրել է, ոչ ավել-ոչ պակաս՝ Ելենա Օբրազցովան, Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրության աշխատանքները վարելու նպատակով: Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ նրա բացակայությունը որոշ առումներով բացասաբար է անդրադառնում թատրոնի աշխատանքներին...»: |
| |
| Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-02 |
| ՊԱՏԱՀԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ |
| |
Հիմա երբ շրջվում եմ ու նայում անցնող եւ ուշ աշնան երամի պես անդարձ հեռացող օրերիս ապրած, չեմ կարողանում հաստատեմ ինձ համար, թե ո՞ր մեծ ուսուցչի աշակերտը եղա եւ ո՞ւմ ուսուցիչը եղա ես, ի՞նչ սովորեցի եւ ի՞նչ սովորեցրի: Երբ ինձ էլ էր հետաքրքիր, թե բացի սովորելուց՝ ի՞նչ կարող եմ սովորեցնել, շրջվում եմ ու տեսնում թելի նման բարակ մի արահետ ընդամենը, որը մեզ հայտնի անհայտից սկսվելով՝ հեռանում է մի այլ անհայտություն, ուր հրաժեշտ ես տալիս թվացյալ կատարելությանը՝ շնչառությունդ պահելով ավելի մեծ կատարելության համար, որտեղ անվերջ հետապնդող անորոշությունը, անկատարությունը քո կյանքի անհրաժեշտ մասն է կազմում, երբ դու, արեւի լույսից ու ջրից հետո, քո դիմաց տեսնում ես մարդուն, որի մանկության ամենահին հիշողությունը, ինչպես քո հիշողությունը, երդիկից ընկած արեւի ճառագայթը բռնելու հուսահատ ցանկությունն է եղել...Տեսնում ես մարդուն եւ չես ուզում վիճել, կռվել նրա հետ, որովհետեւ կռվի մեջ հանկարծ կճանաչես նրան, եւ ցանկանում ես կյանքդ ապրել դիմացինիդ չճանաչելով, քանի որ շատ իմացողը դուրս է մտերմությունից, ընկերությունից եւ չի սիրում մարդուն, այսինքն նաեւ՝ քեզ ու ինքն իրեն: Ու թերեւս այդտեղ է գաղտնիքը, որ մարդը բարեկիրթ խոսքի, շարժուձեւերի միջոցով ամեն ինչ անում է, որ թաքցնի իրեն, իր ներաշխարհը մնա չճանաչված, որը զարմանալիորեն անհասկանալի ինքնապաշտպանության ձեւ է, թերեւս բնազդ: Այնինչ, մեր կյանքի օրերը, ինչպես աշնանային տերեւաթափ, հեռանում են մեզնից, անէանում այնտեղ, որտեղից եկել են՝ մեզ իրար դիմաց թողնելով աշնանային անտառի ազնիվ մերկությամբ: Երբ ծառը հստակ տեսնում է ծառին, երբ գետի ջրերը զուլալվում, ներանձնանում են՝ ոչինչ չթաքցնելով երկնքից ու ձկներից: Եվ հիմա մտածում եմ, թե գուցե իմ մեծ ուսուցիչը եղել է արեւի ճառագայթը, որը այդպես էլ չկարողացա բռնել, ջուրը, որին այդպես էլ չճանաչեցի, այսինքն թե՝ չեղա նաեւ ոչ ոքի ուսուցիչը... Ու շարունակ, պահելով շունչս մի այլ վերերկրային կատարելության համար՝ չհասա իմ Ուսուցիչ-ծառի պարզ կատարելությանը եւ չկարողացա բացահայտել ինձ ուրիշների համար՝ մնալով փակ ու չհասկացված, ու չհամարձակվեցի բացահայտել նաեւ ուրիշներին ինձ համար՝ վախենալով նրանց մեջ պատահաբար ինձ հանդիպել... |
| |
| ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-02 |
| ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ |
| |
Ինչ-որ բան, կարծես, չի ստացվում
Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնության հիմնական մրցաշարն այսօր հատում է եզրագիծը: Երեկ մինչեւ ուշ երեկո մասնակիցները խաղատախտակների առջեւ հարաբերություններն էին որոշում 10-րդ տուրում: Իսկ իններորդում մեր տղաներից հաջողության հասան միայն Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը: Կարեն Ասրյանը վաստակեց կես միավոր, իսկ Աշոտ Անաստասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Քոթանջյանն ու Դմիտրի Հարությունյանը պարտություն կրեցին: Նախավերջին տուրից առաջ հայաստանցի շախմատիստներից լավագույն ցուցանիշն ուներ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որը 6,5 միավորով ընթանում էր 15-րդ տեղում: Տղամարդկանց մրցապայքարին մասնակցող 337 շախմատիստների ցուցակում առաջին հարյուրյակի մեջ էին նաեւ. 45. Գաբրիել Սարգսյան՝ 6,0 միավոր, 69. Կարեն Ասրյան՝ 5,5:
Կանանց պայքարում հերթական հաղթանակը տարավ Լիլիթ Մկրտչյանը եւ վաստակած միավորներով հավասարվելով ոչ-ոքի խաղացած Էլինա Դանիելյանին՝ մրցաշարային աղյուսակում լրացուցիչ գործակիցներով շրջանցեց նրան՝ հանգրվանելով 11-րդ հորիզոնականում: Էլինան ինը տուրից հետո 14-րդն էր: Մեկական միավոր վաստակելով՝ իրենց դիրքերը որոշ չափով բարելավեցին Լիլիթ Գալոյանն ու Նելլի Աղինյանը: Նրանք, համապատասխանաբար, 5,5 եւ 5,0 միավորով 43-րդ եւ 65-րդ տեղերում էին:
Վերջին հնարավորությունը
Այսօր Վարշավայում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարը, որտեղ մեր հանրապետությունից ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է ընձեռվել Միհրան Ջաբուրյանին՝ 55 կգ քաշային կարգ, Մարտին Բերբերյանին՝ 60, Ռուսլան Կոկաեւին՝ 74, Էդգար Ենոքյանին՝ 96 եւ Ռուսլան Բասիեւին՝ 120:
Այս մրցաշարում վարկանիշ ձեռք բերելու համար նրանցից յուրաքանչյուրից պահանջվում է իրենց քաշային կարգերում տեղ զբաղեցնել առաջին եռյակում, ընդ որում, նվազագույնը՝ մաքուր երրորդ տեղով:
Երեկ Ջաբուրյանի եւ Կոկաեւի համար կշեռքի օրն էր, որը հաջող անցնելու դեպքում նրանք մրցագորգ էին մտնելու այսօր: Իսկ Բերբերյանը, Ենոքյանը եւ Բասիեւը պայքարի մեջ կներգրավվեն վաղը:
10 ամենահարուստ ֆուտբոլիստները
«France Football Magazine» հանդեսը հրապարակել է տարեկան ամենից շատ եկամուտ ունեցող տասը ֆուտբոլիստների ցուցակը, որի բացարձակ առաջատարը երրորդ տարին անընդմեջ դարձել է Դեւիդ Բեքհեմը: Այս տարի նրա վաստակն ավելացել է 82%-ով եւ կազմել 31 միլիոն եվրո: Տասնյակում ըստ հերթականության ընդգրկվել են.
1. Դեւիդ Բեքհեմ 31 մլն եվրո
«Լոս Անջելես Գելեքսի»
2. Ռոնալդինյո 24,1 «Բարսելոնա»
3. Լիոնել Մեսսի 23 «Բարսելոնա»
4. Կրիշտիանու Ռոնալդու 19,5 «Մանչեսթեր Յունայթեդ»
5. Տյերի Անրի 16,8 «Բարսելոնա»
6. Ջոն Տերրի 13,9 «Չելսի»
7. Միխայել Բալլակ 13,8 «Չելսի»
8. Ռոնալդո 13,4 «Միլան»
9. Կակա 12,9 «Միլան»
10. Սթիվեն Ջերարդ 11,8 «Լիվերպուլ» |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-02 |
| ԶԼՄ-ների միջեւ առաջնության հրավերք |
| |
«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍելլ» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 2-րդ առաջնությունը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ: Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է.
1. Մինչեւ մայիսի 20-ը «Առավոտ» օրաթերթ (հասցեն՝ Արշակունյաց 2, 15-րդ հարկ, հեռախոս՝ 58-64-26, (093)84-08-07, (091)13-08-07) ներկայացնել լրատվամիջոցի պաշտոնական բլանկի վրա լրացված եւ ղեկավարի ստորագրությամբ ու կլոր կնիքով հաստատված հայտ (մասնակցի անուն-ազգանունը, զբաղեցրած պաշտոնը):
2. Մասնակիցների հաշվառումը եւ վիճակահանությունը կկատարվի ժամը 10.00-ից մինչեւ 10.45-ը: Ուշացողները մրցմանը չեն մասնակցի:
2. Լրատվամիջոցի ղեկավարը պատասխանատվություն է կրում հայտավորված անձանց իսկության համար: Ցանկացած խախտման մասին կհրապարակվի լրատվամիջոցներում:
3. Առաջնությանը մասնակցել կթույլատրվի միայն տվյալ լրատվամիջոցի վկայագիր ունեցող անձանց՝ անկախ հայտում նրա անվան առկայությունից:
4. Այն անձինք, ովքեր, անկախ վաղեմության ժամկետից, զբաղվել են թենիսով, ունեն մարզական կարգ, հաճախել են սեղանի թենիսի որեւէ սեկցիայի պարապմունքների, մրցմանը մասնակցելու իրավունք չեն ստանա: Այդ նպատակով տեղում ստեղծված հանձնաժողովի կայացրած որոշումը վերջնական կլինի:
5. Խաղասեղաններին մոտենալ թույլատրվելու է միայն մարզազգեստով եւ մարզակոշիկներով ներկայացած մասնակիցներին:
6. Լրատվամիջոցները կարող են մարզադահլիճում տեղադրել իրենց գովազդային պաստառները, ինչի մասին պետք է մինչեւ առաջնության նախորդ օրը տեղյակ պահեն կազմակերպիչներին:
7. Ցանկացած լրատվամիջոց կարող է սահմանել իր մրցանակը՝ նախապես տեղեկացնելով կազմակերպիչներին եւ նշելով անվանակարգը:
8. Առաջնությունը հնարավորինս լայնորեն լուսաբանելը ցանկալի է: |
| |
| Կազմկոմիտե |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +32 | +16 |
| Շիրակ | +22 | +6 |
| Արարատ | +33 | +15 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել