 |
 |
|
| 17/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Թվում է, թե մեր իշխանությունը եւ մասնավորապես՝ ոստիկանությունը դեռ վերջնականապես չեն որոշել, թե ինչ է նշանակում «հասարակական կարգ» եւ ումից պետք է այն պաշտպանել: Օրինակ, նրանց համար առայժմ պարզ չէ, թե երբ եւ ինչպես է պետք քայլել Հյուսիսային պողոտայում, որպեսզի դա լինի, այսպես ասած, «օրինական քայլվածք», ու երբ է այդ քայլվածքը դուրս գալիս օրենքի սահմաններից: Որպես օրինակ վերցնենք թեկուզ ինձ. օրերս անցնում էի այդ պողոտայով՝ որեւէ քաղաքական նպատակ չհետապնդելով: Դեռ ավելին՝ հեղափոխական երիտասարդների նկատմամբ առանձնապես ջերմ զգացմունքներ չունենալով: Եթե ուզում եք, հակիրճ ասեմ, թե ինչու. «ժողովրդավարական իդեալներ» ունենալու տեսակետից նրանց մոտ ամեն ինչ կարգին է, իսկ ահա գիտելիքների, կրթության ու, առավել եւս, դաստիարակության առումով, մեղմ ասած, դեռեւս աշխատելու տեղ կա: Բոլոր դեպքերում նրանք ինձ չեն խանգարում՝ ինչ ուզում են, թող վանկարկեն: Քայլում եմ ես, ուրեւմն, Հյուսիսային պողոտայով, ու հանկարծ գետնի տակից «բուսնում են» հակառակ ճամբարի երիտասարդներ, որոնց ես ավելի քիչ եմ հավանում, որովհետեւ գլխներին կարմիր բերետներ կան: Եվ այդ տղաները սկսում են ինձ բացատրել՝ «էստեղ չի կարելի», «էն կողմ գնա», «էնդեղով անցի»: Նորից եմ ասում՝ մի հատ կողմնորոշվեք՝ կա՞ն արդյոք մեր մայրաքաղաքում անցորդների համար ինչ-ինչ արգելված գոտիներ, ու ինչպես եւ երբ են դրանք առաջանում:
Բայց եկեք զուտ տեսականորեն ենթադրենք, որ ոստիկանների գործողություններն օրինական են: Եթե այդպես է, եթե ոստիկաններն ամաչելու բան չունեն եւ պարտավոր են բռնություն կիրառել զբոսանքի դուրս եկած մարդկանց հանդեպ, ապա ինչո՞ւ են նրանք խոչընդոտում այդ «փայլուն օպերացիաների» նկարահանմանը՝ հարձակվելով լրագրողների վրա:
10 տարի առաջ ես ընկերոջս հետ Լոնդոնում պատահաբար հայտնվել էի Դաունինդ սթրիթ 10-ի մոտակայքում: Վարչապետի նստավայրից մի 10 մետր հեռավորության վրա ասիական արտաքինով մոտ 20-30 երիտասարդներ ինչ-որ բանի դեմ բողոքում էին՝ անհայտ լեզվով կարգախոսներ վանկարկելով: Երբ երիտասարդներն անցան որոշակի գծած սահմանը, ոստիկանները նրանց բավականին կոպիտ ձեւով հետ վերադարձրին՝ ուշադրություն չդարձնելով այդ ամենը նկարահանող տեսախցիկներին, նաեւ՝ մեր ֆոտոխցիկներին: Ավելի ճիշտ, նրանք աչքի պոչով տեսնում էին տեսախցիկները, եւ դրանց առկայությունը, իմ տպավորությամբ, ստիպում էր ոստիկաններին ավելի «ջանասեր» լինել: Երբ միջադեպն ավարտվեց, մոտեցանք ոստիկաններին, ներկայացանք ու խնդրեցինք մեզ հետ լուսանկարվել: «O, journalists», - ժպտացին երկու մետրանոց տղաները ու իսկույն նկարահանվելու համար դիրք ընդունեցին: Բրիտանացի ցանկացած ոստիկան գիտի, որ լրագրողը կոնֆլիկտի կողմ չի՝ նա իրադարձությունը արձանագրողն է: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՄԻՏՔ |
|
|
 |
|
 |
| 2009-04-11 |
| ՀՅԴ-Ն ՉԻ ԾԱՓԱՀԱՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ |
| |

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ ԱԺ ճեպազրույցում գնահատելով ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի գործունեությունը՝ ասաց. «Ծափահարելու առանձնապես պատճառներ չկան: Կարծում եմ, որ այս 1 տարվա մեջ կարելի էր շատ ավելիին հասնել, քան հաջողվել է։ Մյուս կողմից՝ ամենակարեւոր նվաճումը, այնուամենայնիվ, առկա է՝ դա երկրում վերահաստատված ներքին կայունությունն է»: Առկա դժվարություններն էլ Վահան Հովհաննիսյանը բաժանեց երկու մասի, որից մեկը ճգնաժամն է, իսկ երկրորդը՝ Ադրբեջանի, Թուրքիայի ճնշման ավելացումը. «Այս ամենը օբյեկտիվ դժվարություններ են ստեղծում մեզ համար: Բայց ակնհայտ է, որ կան նաեւ սուբյեկտիվ դժվարություններ, որոնք կարելի է կապել ժողովրդավարությունը, որպես հասկացություն, տարբեր կերպ ընկալելու հանգամանքով: Գաղտնիք չէ, որ տարբեր քաղաքական ուժեր ժողովրդավարության տակ տարբեր բաներ են հասկանում: Բնական է, որ այս տարաձայնությունները՝ ժողովրդավարության էության եւ զարգացման ուղիների մասին, կան նաեւ կոալիցիայի մեջ»: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| ՈՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ՉԼԻՆԵՆ «ՄՇՏԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ» ՄԵՋ |
| |
Մեկնաբանություններ Հյուսիսային պողոտայում կատարվածին
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Ռադիոլուրին» պարզաբանելով, թե ինչու է արգելվում քաղաքացիների մուտքը Հյուսիսային պողոտա՝ ասել էր, թե ստացվել են դիմումներ մասնավորապես «Ecco» եւ «Guess» խանութների, նաեւ՝ «Հին Երեւան Հոլդինգ» ՍՊԸ տնօրեններից, որոնք նշում են. «Հյուսիսային պողոտայում եւ հարակից տարածքներում տեղի են ունենում քաղաքացիների տեւական կուտակումներ, որոնք խանգարում են շրջապատի բնակչության հանգիստը, առեւտրային կետերի հաճախորդների անդորրը, նրանց պահում մշտական լարվածության մեջ»: Ըստ Սայաթ Շիրինյանի, այս դիմումներից հետո՝ «Հյուսիսային պողոտայում կուտակված քաղաքացիները հրավիրվել են ոստիկանություն, այդ թվում նաեւ Լեւոն Զուրաբյանը: Եվ նրանց պարզաբանվել է, որ Հյուսիսային պողոտայում կուտակումներ չառաջացնեն, չխանգարեն քաղաքացիների հանգիստը»: Բացի այն, որ քաղաքական զբոսանքների մասնակիցները խախտում են խանութներում անդորր վայելող հաճախորդներին` ՀՀ ոստիկանապետի խոսնակը մի փաստարկ էլ էր նշել. «Այսքան ժամանակ էդ մարդիկ առեւտուր չեն կարողանում կազմակերպել ու ֆինանսական մեծ կորուստներ են կրում»: Միջանկյալ նկատենք, որ եթե «Ecco» եւ «Guess» խանութներում պահպանվեն նույն չպատճառաբանված բարձր գները՝ նրանց առեւտրին չի կարողանա նպաստել ոչ միայն ոստիկանությունը, այլ նաեւ բանակը: Լրագրողի ենթադրությանը, թե այլեւս չի՞ թույլատրվում հավաքվել Հյուսիսային պողոտայում՝ Սայաթ Շիրինյանն այսպես էր արձագանքել. «Դուք ճիշտ հասկացաք»:
Երեկ ճեպազրույցների ընթացքում խորհրդարանական ուժերից «Առավոտը» հետաքրքրվում էր՝ գուցե Հայաստանում դեռեւս պահպանվո՞ւմ է արտակարգ դրությունը, որի ժամանակ էին արգելված կուտակումները եւ 3 հոգուց ավելի խմբերով հավաքվելը: Նախ մեջբերենք այն պատասխանը, որը տարբերվում էր մնացած բոլորից: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց. «Որեւէ նման իրավիճակ երկրում չկա, դրա պատճառն էլ չկա: Իսկ ինչ է կատարվել Հյուսիսային պողոտայում կամ Երեւանի այլ հատվածներում՝ ճիշտն ասած, այդ մասին ձեզնից եմ հիմա տեղեկանում: Չեմ կարծում, որ դա այնքա՜ն հասարակական եւ քաղաքական աղմուկ է հանել, որ հայտնի դառած լիներ բոլորին»: Նրա կողքին նստած ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրացրեց. «Ցանկացած դեպքում՝ լինի Հյուսիսային պողոտայում կամ Հայաստանի այլ տարածքում, ազատ շարժն ու խոսքի ազատ արտահայտումը սահմանափակելը բնականաբար դատապարտելի է: Այլ խնդիր է, թե յուրաքանչյուր դեպքում ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել»:
Կատարվածին տեղյակ էր նաեւ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը. «Երեկ այդ մասին իմացել եմ եւ դատապարտում եմ նման մոտեցումները, որովհետեւ եթե մարդկանց կուտակումներ են, չգիտեմ, խաղաղ ցույցեր են, խաղաղ միտինգներ կամ իրենց համար հանգիստ կանգնած են եւ որեւէ կարգ չեն խախտել՝ ինչի՞ համար կարող են մարդկանց ձերբակալել կամ բռնել։ Ես ուղղակի դատապարտում եմ նման մոտեցումը՝ ով ուզում է լինի»:
Բնականաբար, կատարվածին ամենալավատեղյակը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր, որն ասաց. «Ոստիկանությունը գործում է ոչ թե օրենքի սահմաններում, այլ օրենքից դուրս, եւ մարդկանց կուտակումներ թույլ չտալու կամ այնտեղ զբոսնելն արգելելու վերաբերյալ բոլոր մեկնաբանություններն անհիմն են ու ապօրինի: Ես ականատես եմ եղել, թե ինչպես ապրիլի 8-ին 10 մարդ բերման է ենթարկվել Կենտրոնի ոստիկանական բաժանմունք. նրանցից 6-ը կանայք էին, 4-ը՝ տղամարդ, որոնցից մեկը նաեւ անչափահաս էր: Որեւիցե հիմնավորում, որեւիցե օրինական պահանջ նրանց ներկայացված չի եղել: Փաստաթղթերը չեն կազմվել օրենքի սահմաններում, եւ նրանք փաստացի 3 ժամ գտնվել են ոստիկանական բաժանմունքում ապօրինի անազատության մեջ»:
Տեղի ունեցածի վերաբերյալ մտահոգություն արտահայտեց նաեւ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Մասնավորապես ինձ համար շատ անհասկանալի էր Դավիթ Ջալալյանի հետ կապված միջադեպը, որովհետեւ այդ տղային ես ճանաչում եմ եւ ուղղակի չեմ կարող պատկերացնել, որ նա կարող է անկարգությունների մասնակից լինել կամ անկարգություններ արած լինել: Արմեն Աշոտյանը հանձնաժողովի անունից զրուցել է ոստիկանապետի հետ՝ մասնավորապես Դավիթի հետ կապված միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար, ոստիկանապետի պատասխանը եղել է, որ թյուրիմացություն կա, քանի որ Դավիթը գնացել է Կենտրոնի ոստիկանություն եւ գրել, որ իրեն ոչ մեկը չի վնասել եւ այլն: Այդուհանդերձ, ես փորձելու եմ ավելի մանրակրկիտ տեղեկանալ, թե իրականում ինչ է եղել: Մի բան հստակ է՝ եթե մարդիկ որեւէ օրենք չեն խախտել, ապա նրանք պետք է իրավունք ունենան ազատ կազմակերպել ցույցեր՝ օրենքի սահմաններում»:
Ինչպես միշտ՝ ինքնատիպ էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որն «Ա1+»-ի թղթակցի հանդեպ բռնարարքի կապակցությամբ բառացի ասաց. «Մեզ մոտ արդեն դարձել է լրագրող հասկացողությունը շառից, փորձանքից հեռու մնալ: Լրագրողը ամեն ինչ կարող է անել՝ նույնիսկ որոգայթներ լարել, բայց հասարակությունը կամ մարդիկ պիտի անպայման հեռու փախչեն լրագրողից: Զանգվածային միջոցառումները պետք է շատ կոռեկտ կատարվեն: Գոնե եթե իշխանությունների դեմ է ուղղված լինում՝ ոստիկանի համազգեստը պետք է հարգել: Ինչքան համեստ լինեն իրենց խնդիրները առաջադրելուց, այնքան էլ կշահի մեր պետությունը»: |
| |
| ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| «ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԹՇՆԱՄԱՆՔԸ ԲԱՑԱՌԵԼ» |
| |
Ասում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ տարի անց եւս եւ առաջարկում է մեր օգնությամբ քանդել անհանդուրժողականության պատերը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում յուրաքանչյուր լրատվամիջոց մեկ հարց տալու իրավունք ուներ: «Առավոտը» ՀՀ նախագահին դիմեց հետեւյալ հարցով. «Դուք ձեր ելույթներում խոսում էիք մեր միջեւ չհասկացվածության պատի վերացման, հասարակական հանդուրժողականության, համերաշխության եւ այլնի մասին: Պարոն Սարգսյան, դուք արդեն մեկ տարի այս երկրի նախագահն եք, մեկ տարվա ընթացքում, անձամբ ձեր կարծիքով, ձեզ հաջողվե՞լ է քանդել այդ անհանդուրժողականության պատը, եթե չի հաջողվել, ինչո՞ւ: Դո՞ւք չուզեցիք, թե՞ ձեզ խանգարեցին, ո՞վ խանգարեց, ինչո՞ւ, ինչպե՞ս»: Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Գիտեք, երբ որ ես ասում էի, որ պետք է այդ պատը քանդել, բնականաբար, ես նկատի ունեի, եւ բոլորդ էլ շատ լավ գիտակցում էիք, որ ես նկատի ունեի մեր մտածելակերպի փոփոխությունը: Կարծում եմ, որ մենք ինչ-որ հատված առաջ ենք շարժվել, կարծում եմ, որ ձեր թերթի օրինակով, օրինակ, մենք կարողացել ենք ցույց տալ ուրիշներին, որ այս կյանքը, այս աշխարհը միայն սեւ ու սպիտակի միջեւ չի բաժանված: Ձեր թերթը ամիսը մեկ, երկու անգամ արդեն օբյեկտիվ, իմ կարծիքով, նյութ է տպագրում: Իհարկե, դու համաձայն չես, վստահ եմ, ձեր թերթի խմբագրակազմը համաձայն չի, բայց տեսնո՞ւմ ես ինչպիսի բարյացակամ ենք արդեն իրար այս բանն ասում: Այսինքն՝ սա նշանակում է, որ մենք որոշակի հաջողության արդեն հասել ենք, եւ, կարծում եմ, դեռեւս շատ շուտ է խոսել, որ մեր հասարակության մեջ քանդելու պատեր չկան, շատ կան: Եվ ո՛չ ճգնաժամը, ո՛չ քաղաքական լարվածությունը երբեք չպիտի պատճառ բերենք եւ ասենք, որ մեզ խանգարեցին: Չեմ կարծում, հրապարակայնորեն ասելով, թե ով կամ ինչը խանգարեց, մենք դրանով նպաստում ենք պատը քանդելուն, ընդհակառակը, կարծում եմ, դրանով այդ պատի վրա մի բան էլ է ավելացվում: Եթե նկատել եք, այս մեկ տարվա ընթացքում ես որեւէ մեկին չեմ վիրավորել, որեւէ մեկին չեմ ծաղրել, իհարկե, համարժեք պատասխան չեմ ստացել, եւ ամեն օր կարելի է հակառակի ականատեսը լինել։ Բայց կարծում եմ, եթե որեւէ մեկը իր վրա վերցրել է այդպիսի պատեր քանդելու առաքելություն, ապա նա ինքն անձնական օրինակով պետք է դա ցույց տա: Ես ուզում եմ, իրոք, այդ պատերը քանդել, եւ նաեւ ձեր օժանդակությամբ մենք քանդելու ենք այդ պատերը»:
Ասուլիսի ընթացքում հնչեցին հարցեր ամենատարբեր բաների մասին՝ տնտեսական, արտաքին քաղաքականությանը վերաբերող, ներքաղաքական եւ այլն: Մայիսի 31-ի ընտրությունների մասին հարցերին պատասխանելով՝ նախագահը նկատեց. «Կարծում եմ՝ Երեւան քաղաքի ավագանու ընտրություններն անցնելու են՝ ինչպես այլ ընտրություններ, կարծում եմ, փուլեր չեն լինելու, նորմալ քաղաքի ընտրություններ են լինելու»: Ասաց նաեւ, որ ընտրությունը պրոցես է, եւ որպեսզի այն ընթանա օրինականության շրջանակներում, բոլորը պետք է դրան պատրաստ լինեն, պատրաստ լինեն ընդունելու ցանկացած արդյունք. «Բոլորս պետք է գնանք ընտրությունների, որպեսզի լուծենք այդ ընտրությունների կոնկրետ հարցը՝ ընտրենք ավագանի եւ այնուհետեւ Երեւանի քաղաքապետ եւ ոչ թե գնանք ընտրությունների, որպեսզի այլոց փնովենք, ոչ թե գնանք ընտրությունների, որպեսզի այլ նպատակներ հետապնդենք»: Ասաց, որ սա քաղաքական գործընթաց է, եւ մասնակցող քաղաքական ուժերը մեծ ցանկություն ունեն մեկ անգամ եւս հանրությանը ցույց տալու եւ իրենք եւս համոզվելու, թե ինչպիսի հեղինակություն եւ կշիռ ունեն հասարակության մեջ: Կոչ արեց այս ընտրություններում եւ ընդհանրապես՝ բացառել թշնամանքը: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ ընդդիմությունը գնալու է բացառապես սահմանադրական ճանապարհով, ասաց. «Շատ լավ եմ վերաբերվում, շատ խոհեմ մոտեցում է, բայց ափսոս, որ այդ հայտարարությունը չհնչեց 2008 թվականի փետրվարի 20-ին»: ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորելու Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշման մասին ասաց. «Ես ՀՀ ցանկացած քաղաքացու որոշմանը վերաբերվում եմ նորմալ, որպես ՀՀ նախագահ»: Բացառեց Երեւանի ավագանու ընտրություններից հետո մարտի 1-ի կրկնությունը. «Այո, բացառում եմ, բացառում եմ, եւ կարծում եմ, որ ինչպես որոշ թերթեր են գրում, «հունիսի 1» չի լինելու, ավելի ճիշտ՝ լինելու է, բայց լինելու է նորմալ օր, ոչ թե ողբերգական իրադարձություններով լի օր: Ես կարծում եմ, որ վերջին նախագահական ընտրությունների եւ հետընտրական պրոցեսների ողջ ծանրությունը միայն իշխանության համար չէր, դա բոլորի համար էր, եւ երբ իմ խոսքի սկզբում ասացի, որ պետականությունը եւ հասարակությունը ավելի են հասունացել, ես նաեւ սա նկատի ունեի: Վստահ եմ, որ այդպիսի իրադարձություններ տեղի չեն ունենալու, ինչքան էլ լարվածություն լինի, մենք հաղթահարելու ենք այդ լարվածությունը: Իհարկե, մեզ համար շատ դյուրին կլինի, եթե մենք՝ իշխանություններս, վայելենք այ, այստեղ հավաքված լրատվամիջոցների բարի կամքը (ասուլիսին հրավիրված չէին «Հետքը», «ՀԺ»-ն, «ՉԻ»-ն, «Հայքը» «Տարեգիրը», «Ժամանակ Երեւանը»- Մ. Ե.)»:
Հարցին՝ ինչո՞ւ մարտի 1-ի դեպքերից հետո որեւէ ոստիկանի որեւէ մեղադրանք չի առաջադրվել, Սերժ Սարգսյանը, հիշեցնելով, որ ժամանակին ինքն ասել էր, թե մարտի 1-ի իրադարձությունների այդպիսի ընթացքի համար մեղավոր են բոլորը, ասաց. «Բոլոր ասելով՝ ես նկատի ունեի նաեւ, անշուշտ, ոստիկանական ուժերը: Բայց պիտի հաշվի առնենք, որ այս ընդհանրական հասկացությունը՝ մեղավոր, թե անմեղ՝ քրեական օրենսգրքի տերմին չէ, քրեական օրենսգիրքը կոնկրետություն է սիրում: Եվ այդ կոնկրետությունն այսօր չկա»: Ասաց նաեւ, որ ոստիկանության, իշխանության մեղքն այն էր, որ բացակայում էր մասնագիտական վարպետությունը: «Ընդհանուր վիճակի հետեւանք» որակեց սա, ասելով՝ այդպես է, քանի որ պարտադրված ենք ունենալ մեծ, մարտունակ բանակ, հսկայական միջոցներ ծախսել այս ամենի համար, եւ արդյունքում տարիներ շարունակ ոստիկանությունը ֆինանսավորել «մնացորդային սկզբունքով, եւ հենց պատճառն էլ, կարծում եմ, դա էր, որ օգտագործվեցին ժամկետանց միջոցներ (նկատի ունի հայտնի «Չերյոմուխա 7»-ի ժամկետանց լինելը- Մ. Ե.)»: Նաեւ հայտարարեց. «Եթե մարտի 1-ին կարգազանցների կողմից հրազեն չգործադրվեր, վստահ եմ, որ ոստիկանությունը հրազեն չէր գործադրի, ավելի քան վստահ եմ»: Սերժ Սարգսյանը չի կիսում կարծիքը, թե մեր երկրում կան ապօրինաբար ձերբակալվածներ: Համաներում անցկացնելու մասին ասաց. «Ես համոզված եմ, որ հանրապետության նախագահը պետք է իր իրավունքներն օգտագործի այն ժամանակ, երբ որ կավարտվի նաեւ դատաքննության փուլը: Չեմ բացառում, որ կարող է լինել համաներում, բայց ես չեմ տեսել մի իշխանություն, որը նախօրոք հայտարարի՝ մի քանի օր, մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս հետո համաներում է հայտարարելու: Կգա ժամանակը, կտեսնենք»: Նաեւ ասաց, որ պատրաստ է քննության առնել ներման մասին ցանկացած դիմում, բայց պատրաստ չէ միջամտել դատաքննության գործընթացին:
Հ. Գ. Ասուլիսում հնչեց 60 հարց եւ նույնքան պատասխան, ասուլիսը տեւեց 2 ժամ 40 րոպե: |
| |
| ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| Ե՞վս մի քաղբանտարկյալ |
| |
Այս անգամ «վիրավորողն» ու «դիմադրողը» նախկին ոստիկան է
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այսօրվա դրությամբ քաղբանտարկյալների թիվը եւս մեկով ավելացավ: ՀՀ ՔՕ 136 հոդվածի եւ 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, համապատասխանաբար՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» եւ «վիրավորանք», նախատեսված արարքներ կատարելու մեջ առայժմ միայն որպես կասկածյալ ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Կենտրոն բաժնի նախկին ոստիկան Աշոտ Թադեւոսյանը: Հիշեցնենք, որ 2008թ. հետընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ նա հրապարակայնորեն այրել էր ոստիկանի իր վկայականն ու միացել Համաժողովրդական շարժմանը: Նա եւ իր ընկերը՝ Մխիթար Հարությունյանը, ոստիկանության նույն բաժին բերման էին ենթարկվել ապրիլի 9-ին՝ Թումանյան փողոցից: Մ. Մխիթարյանը եւս կասկածվում է «վիրավորանք» հոդվածով, բայց նրան ազատ են արձակել՝ ՀՀ-ից չբացակայելու մասին ստորագրություն վերցնելուց հետո: Դատելով բերման ենթարկելիս Ա. Թադեւոսյանի նախկին գործընկեր ոստիկաններից մեկի բնորոշումից՝ «դավաճան», պետք է եզրակացնել, որ այս օրերին երեւանցիները այլեւս բաժանված են երկու մասի՝ «դավաճանների» ու ոստիկանների: Լ. Զուրաբյանի վկայությամբ, իսկ վերջինս, իր ասելով, ականատես է եղել, որ Ա. Թադեւոսյանին բերման ենթարկելիս ոստիկանները նրա նկատմամբ բռնություն են կիրառել, հարվածել են: Նույնը պնդել է ինքը՝ նախկին ոստիկանը, ասելով, որ հարվածներ է ստացել ծնոտին եւ մարմնի այլ հատվածներին, ու փոխարենը նախկին ոստիկանը հերքել է, թե ինքը վիրավորել կամ հարվածել է որեւէ իրավապահի: Ոստիկանությունում, սակայն, պնդում են, որ նա բացի ոստիկանին վիրավորելուց, նաեւ պատռել է նրանցից մեկի համազգեստը: Երեկ ձերբակալվածը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: 72 ժամվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով, Ա. Թադեւոսյանը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ նրան պետք է մեղադրանք առաջադրվի:
Լեւոն Զուրաբյանը անդրադարձել է Հյուսիսային պողոտայում վերջին երեք օրերին քաղաքացիների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից իրականացվող բռնություններին եւ դրանք որակել որպես հակասահմանադրական եւ ապօրինի: Նրա դիտարկմամբ, իշխանությունները գիտակցում եւ իրենց համար լրջագույն վտանգ են համարում ժողովրդի ընդվզման ալիքի ծավալումը: «Քանի որ իշխանությունները չեն վայելում ժողովրդի վստահությունը, նրանք փորձում են բոլոր հնարավոր ընդվզումները խեղդել հենց սաղմնային վիճակում»,- ասել է ՀԱԿ ներկայացուցիչը՝ հավելելով, թե՝ իշխանությունները չեն հասկանում, որ ծայրահեղ լարված վիճակից դուրս գալու համար պետք է դիմել ոչ թե բռնությունների, այլ երկխոսության գնալ ընդդիմության հետ, լեզու գտնել ժողովրդի հետ, որովհետեւ բռնություններով իրենք որեւէ հարց լուծել, մարդկանց ճնշել ու լռեցնել այլեւս չեն կարող: Հարցին, թե՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններում հաղթելու դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչպե՞ս է աշխատելու Սերժ Սարգսյանի նախագահության պայմաններում, Կոնգրեսի համակարգողն ասաց, թե այդ ու մի շարք այլ հարցերի կպատասխանի անձամբ Լ. Տեր-Պետրոսյանը: |
| |
| Ն. Մ. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| «ԿԵՂՏՈՏ» ՓՈՂԵՐԻ ՏՈԿՈՍԸ |
| |
Այս շաբաթ խորհրդարանի նիստում «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը մի տվյալ ներկայացրեց, թե վերջին 6 ամսում փողերի լվացման 15 հանցագործություն է բացահայտվել, եւ արդեն կան դատավճիռներ: Սա առիթ տվեց, որ վերհիշենք Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին առաջադրված նույն մեղադրանքը, որը նախ միացրին «Մարտի 1»-ի գործին, հետո էլի անջատեցին: «Առավոտի» հարցին, թե ի՞նչ փուլում է այս գործը՝ Մնացական Սարգսյանը պատասխանեց. «Նախաքննությունն ընթացքի մեջ է: Հարցում է ուղարկվել Ռուսաստանի դատախազություն, որպեսզի այնտեղ կատարվեն քննչական համապատասխան գործողություններ եւ մեզ տրամադրվեն: Առ այսօր մենք դրանք չենք ստացել, որպեսզի վերջնական գնահատական տանք»: Նկատեցինք, թե հարցումը շուրջ մեկ տարի առաջ է ուղարկվել, եւ գլխավոր դատախազի տեղակալն ասաց. «Մենք երկու անգամ հիշեցումներ ենք ուղարկել»: Հարցին, թե ինչպե՞ս է պատճառաբանում, որ ՌԴ դատախազությունն այս հարցում չի համագործակցում իր հայ գործընկերների հետ՝ Մնացական Սարգսյանը պատասխանեց. «Մենք պաշտոնապես կատարում ենք հարցումները եւ սպասում պաշտոնական պատասխանին: Թե ինչու ռուսական կողմը չի պատասխանում՝ ցավոք սրտի, չեմ կարող ձեզ ասել: Հաջողություն»:
|
| |
| Ա. Ի. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊՈՄԻԴՈՐՆ ԱՅՍՏԵՂ ՇՈՒԿԱ ՉԻ ԳՏՆԻ» |
| |
Համոզված է «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը
- Եթե հայ-թուրքական հարաբերությունների զարգացումները հանգեցնեն սահմանի բացմանը՝ ի՞նչ կտա դա մեզ:
- Քաղաքական տեսանկյունից անախրոնիզմ է, երբ պետությունը գտնվում է շրջափակման մեջ՝ իր հարեւանների կողմից: Ուրեմն բացումն, ինքնին, նշանակում է քաղաքական-դիվանագիտական հարաբերությունների առողջացում. դա շատ կարեւոր գործընթաց է: Տնտեսական առումով՝ գյուղատնտեսական ապրանքներով եւ էժան այլ ապրանքներով Թուրքիայի կողմից կարող է հեղեղվել Հայաստանը, որը վտանգ կառաջացնի մեր ազգային արդյունաբերության նկատմամբ՝ նման բան գոյություն չունի: Որովհետեւ շրջափակման տարիներին ձեւավորված մեր տնտեսությունը յուրահատկություններ ունի, որտեղ չի տեղադրվում թուրքական ապրանքը: Մեր գյուղացիության 70 տոկոսը սովորել է բնամթերքով ապրելու սկզբունքին՝ ինքն արտադրում է, կուտակում իր ընտանիքի համար եւ իր ընտանիքը պահում: Մնացած 30 տոկոսը, որը որ գյուղատնտեսական արտադրության մեջ շրջանառվում է՝ տոմատի մածուկներ, հյութեր, չիր եւ այլ ապրանքների արտադրության բնագավառում նույնպես վտանգավոր ախոյան չի ունենալու, որովհետեւ այդ արտադրատեսակներն իրենց որակական հատկանիշներով այնքան են տարբերվում, որ թուրքական պոմիդորը այստեղ պարզապես շուկա չի գտնի: Այն սննդամթերքները, որոնք ծավալներ են զբաղեցնում եւ կարող են տնտեսական միջավայրի վրա ազդեցություն թողնել, ասենք՝ խաղողը, ծիրանը, դեղձը, նույնպես աշխատող տարրեր չեն: Այսինքն՝ թուրքական սահմանի բացումը ոչինչ չի փոխելու գյուղատնտեսության բնագավառում: Արդյունաբերության բնագավառում՝ հեշտացնելու եւ էժանացնելու է ներկրումը, իջեցնելու է գները: Ինչ վերաբերում է հայրենական արտադրության ապրանքների տեղափոխման խնդիրներին, այստեղ մենք իսկապես շահելու ենք, որովհետեւ ուղիղ գծով Միջերկրական ծով, հարեւան երկրներ կարող ենք դուրս գալ: Վրացական միակ ճանապարհի վտանգներից խուսափելն արդեն մեծ հաղթանակ է: Չնայած ես հակված եմ այն մտքին, որ չպետք է հանգստանալ եւ պետք է ամեն ինչ անել՝ իրանական ճանապարհը բացելու համար: Իրանական երկաթգիծը վերջնականապես եւ մեկընդմիշտ կլուծի մեր մեկուսացման խնդիրը:
- Իսկ քաղաքական առումով արդյոք վտանգավոր չէ՞, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման «կնքահայրերը» Ռուսաստանի Դաշնությունը եւ ԱՄՆ-ն են: Արդյոք կորուստ չե՞նք ունենա ԼՂՀ հարցում:
- Երբ մենք խոսում ենք մեր քաղաքական, տնտեսական, դիվանագիտական հարաբերությունները մեր հարեւանների հետ բարելավելու մասին, մենք պետք է ելնենք մեր իսկ խնդիրներից եւ պահանջներից՝ միջնորդ օգտագործելով հնարավոր բոլոր երկրներին ու պարտնյորներին: Եթե այդ երկրներն այսօր ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն են, ապա թող լինեն նրանք: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ նրանք ուղղորդեն մեր դիվանագիտական կամ քաղաքականության ձեւավորման գործընթացները: Ուղղորդման խնդիրն, ի դեպ, չի վերաբերվում միայն այս հարցին: Ընդհանրապես, եթե մենք սահմանադրական պետություն ենք եւ ունենք մեր պետությունը կայուն, հզոր համակարգի վերածելու միտումներ ու ցանկություն, ապա մեզ մնում է մի բան՝ ամեն մի քայլը անելիս ելնել մեր շահերից՝ հաշվի առնելով մյուսների շահերը: Որեւէ խնդիր չկա, թե Թուրքիան, ՌԴ-ն կամ ԱՄՆ-ն ինչ են ուզում: Կարեւոր է, թե մենք՝ հայերս եւ հայոց իշխանությունն ինչ ենք ուզում: Եթե մենք որոշել ենք, որ պիտի տրվենք ինչ-որ մեկի քաղաքական խաղերին, ապա ոչ միայն այս հարցում, այլեւ, ընդհանրապես, կործանված ենք: Եթե մենք ունենք հաստատուն նշագծեր եւ գնում ենք դեպի դրանք՝ ապա մենք որեւէ խնդիր կամ որեւէ մեկից վախենալու հարց չունենք:
- Ի զորո՞ւ է ներկայիս իշխանությունը չտրվելու: Նման վարքագիծ տեսնո՞ւմ եք:
- Ի զորո՞ւ էինք մենք այդքան հզոր հակառակորդին, ինչպիսին Ադրբեջանն է, հաղթելու՝ այդքան փոքր ուժերով: Ի զորու էինք, որովհետեւ այդպես էինք ուզում ազգովին: Չկա այդպիսի խնդիր, որ մեր փոքր ազգը չկարողանա լուծել, եթե ազգովին ցանկանա: Եթե ազգովին որոշենք, որ պիտի կործանվենք՝ կկործանվենք: Բայց եթե այսօր որոշել ենք, որ պիտի գոյատեւենք՝ ցանկացած միջոց, դիվանագիտական մոտեցում, քաղաքականություն, երկրի կամ միջազգային կազմակերպության օժանդակություն հիմնավորված է եւ ճիշտ: |
| |
| ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| Երեւանում հաշվառվածներն ավելանում են |
| |
Նախապատրաստվում ենք Երեւանի ավագանու ընտրություններին
Որ մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններն առանց զանգվածային կեղծիքների չեն անցնելու՝ հասկանալի ու պարզ է թեկուզ նրանից, որ արդեն իսկ երեւանցի ընտրողների անձնագրային, հեռախոսահամարի ու ընտրատեղամասի մասին տվյալներ ու ստորագրություններ են հավաքվում: Թե ի՞նչ պետք է արվի այդ ցուցակների հետ, իհարկե, ենթադրություններ կային. այդ տվյալների հիման վրա կազմվելու են «լրացուցիչ» կոչվող ընտրացուցակներ, որոնցում եղած «լժե» ընտրողների թիվը հետո կհամապատասխանեցվի «կարուսելի» կամ լցոնման արդյունքում, օրինակ՝ ՀՀԿ-ին «կողմ» քվեարկածների թվի հետ: Բայց խնդիրն այն է, որ, ինչպես ՀԱԿ-ում էին կանխատեսել, իշխանությունները պիտի լայնամասշտաբ կեղծիքների գնան՝ իրենց համար ցանկալի թեկնածուի անցողիկությունն ապահովելու համար: Իսկ դրա համար նախ՝ պետք է ընտրացուցակներում ավելացվի ընտրողների քանակը, ինչին եւ, ենթադրաբար, առաջիկա օրերին լծված կլինեն հայրենի իշխանությունները:
Հայ ազգային կոնգրեսում արդեն այս պահին տվյալներ ունեն, որ փետրվարի 19-ի նախագահի ընտրությունների համեմատ մայիսի 31-ին Երեւանում ընտրացուցակներում 8000 մարդ ավելի է ընդգրկված: ՀԱԿ-ն արդեն դիմել է ԿԸՀ-ին եւ պահանջել իրենց տրամադրել մայիսի 31-ի ընտրություններին մասնակցողների պաշտոնական ցուցակը: Ու մինչ Կոնգրեսում հույս ունեն, թե կկարողանան այդ ցուցակը ճշտել ու հետեւել «հավելագրումներին»՝ հասկանալու համար, թե ինչ մասշտաբի ընտրակեղծիքների են պատրաստվում իշխանությունները, ԿԸՀ-ում, «ԳԽ-96. պատգամավորական ակումբի» նախագահ Ռուբեն Թորոսյանի համոզմամբ, այդ ուղղությամբ արդեն սկսել են գործնական քայլեր անել:
Այսպես, երեկ ԿԸՀ-ն հերթական նիստ էր գումարել՝ պաշտոնական պարզաբանումներ տալու համար ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 10-րդ հոդվածի 4-րդ կետի եւ 138.4-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների, ինչպես նաեւ 18-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով: Ի դեպ, պարզաբանման համար ԿԸՀ-ին դիմել էր հենց Ռուբեն Թորոսյանը: Առաջին երկու հոդվածները վերաբերում են քաղաքացիների ընտրելու եւ ընտրվելու իրավունքին: ԿԸՀ կողմից ներկայացված բոլոր պարզաբանումներում հղումներ էին արվել օրենսգրքի 2-րդ հոդվածին, որով սահմանվում է քաղաքացիների ընտրական իրավունքը՝ «1. Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նաեւ համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող եւ փաստացի բնակվող յուրաքանչյուր ոք: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սույն օրենսգրքով ՀՀ քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաեւ ՀՀ քաղաքացիություն չունեցող՝ ընտրական իրավունքով օժտված անձանց վրա»: Նկատի ունենալով ՏԻՄ նախորդ ընտրությունների փորձը՝ խոսքն այս դեպքում, ըստ ամենայնի, փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացիների մասին է:
Ռ. Թորոսյանը երեկ ԿԸՀ-ում փորձել էր, բացի գրավոր պարզաբանումից, նաեւ հավելյալ պարզաբանում ստանալ ԿԸՀ նախագահ Գ. Ազարյանից, թե՝ հիմա, գործող օրենքով ո՞վ իրավունք ունի մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին: Ի պատասխան՝ Գ. Ազարյանը ասել էր. «Երեւան քաղաքում մինչեւ մայիսի 30-ը հաշվառված յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել ընտրությանն ու քվեարկել»: Ռ. Թորոսյանը սրանից եզրակացրեց: Այն է՝ «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մայիսի 28-ին դուրս գալ գրանցումից, գալ ընտրական տեղամաս, ասել՝ ես հաշվառում չունեցող մարդ եմ, խնդրում եմ ինձ ներառել ընտրացուցակում: Այսինքն՝ մեկ տարվա հաշվառման մասին դրույթը շրջանցվեց: Հենց դրա համար է, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակացույցի 10-րդ կետում գրել են՝ «հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ հայտ կարող են ներկայացնել համայնքի ղեկավարին՝ քվեարկության օրվանից մինչեւ 21 օր առաջ»: ԿԸՀ-ն հենվել է ԸՕ-ի հատուկ մասի հոդված 138.4-ի՝ «Ընտրելու իրավունքը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ», 1-ին կետի վրա՝ «Երեւանի ավագանու անդամ կարող է ընտրվել քսանմեկ տարին լրացած, վերջին երեք տարում Երեւան քաղաքում մշտապես բնակվող եւ, սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք», որտեղ մեկ տարի հաշվառում ունենալու պարտադրանք չկա: Ռ. Թորոսյանի կարծիքով, այդ հոդվածը հենց այդ մասով էլ հակասում է նույն օրենսգրքի 2-րդ եւ վերը նշված հոդվածին, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, օրենքների հատուկ մասերի եւ ընդհանուր մասերի միջեւ հակասության դեպքում գործում է ընդհանուր մասի դրույթը, ասել է թե՝ ԸՕ 2-րդ հոդվածը, որով 1 տարվա հաշվառում ունենալը առաջիկա ընտրություններում քվեարկելու իրավունքի տեսանկյունից պարտադիր է: Իսկ ԿԸՀ-ում պնդել են, թե ոչ մի հակասություն էլ չկա: «Այդպիսի գրանցումներ (նկատի ունի Երեւանում հաշվառվելու եւ ընտրացուցակներում ընդգրկվելու- Ն. Մ.) արդեն իսկ սկսվել են»,- ասաց Ռ. Թորոսյանը: Այդ կետի օրինականությունը երեկ դատարանում վիճարկել են ԿԸՀ-ում ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Հայցը, բնականաբար, մերժվել էր: |
| |
| ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| ԱՐՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ... |
| |
Ինչպես են գիտության դոկտոր դառնում եւ դարձնում՝ Հայկական մանկավարժական համալսարանում
1995թ. Մանկավարժական համալսարանի ընդհանուր մանկավարժության ամբիոնի վարիչ Միքայել Մանուկյանը հաջողությամբ պաշտպանեց «Անձի ձեւավորման հիմնախնդիրը աշակերտական ինքնավարության համակարգում» վերնագրով դոկտորական ատենախոսությունը: Թե՛ համալսարանին առընթեր գործող գիտական աստիճաններ շնորհող ԲՈՀ-ի 020 մասնագիտական խորհրդի անդամները, փորձագետներն ու ընդդիմախոսները, թե՛ ԲՈՀ-ի աշխատակիցները չուզեցին նկատել հետեւյալ ժամանակավրեպ դրույթը. «Աշակերտական ինքնավարության գործունեության մեջ վերջին տարիներին տեղ գտած տեսական թերություններից են զուգահեռականությունը եւ կրկնօրինակումը կոմերիտական, պիոներական եւ աշակերտական այլ կազմակերպությունների եւ ակտիվի գործունեության միջեւ» (էջ 32): Մի՞թե այս դոկտորականին կանաչ ճանապարհ տվողները չգիտեին, որ 1995թ. դպրոցում վաղուց արդեն չկան պիոներական ու կոմերիտական կազմակերպությունները: Չէին ցանկացել նկատել, քանզի այդ դեպքում աշխատանքը կհամարվեր ոչ արդիական ու կվերադարձվեր:
Կարող են ասել, որ սա արդեն անցած- գնացած պատմություն է, եթե չլիներ այսպես դոկտոր դարձած Մնացական Մանուկյանի բուռն ձգտումը՝ իր դստերը եւս դարձնել գիտության դոկտոր, որից հետո՝ արդեն ամբիոնի վարիչ:
Եվ ահա, նրա դուստր Արմինե Մանուկյանը, 2007 թվականին պաշտպանության է ներկայացնում «Պրոբլեմային իրավիճակներում մանկավարժական խնդիրների լուծման տեխնոլոգիական համակարգերը» ատենախոսությունը: Նրա դոկտորական կոչվող ատենախոսության ներածության մեջ եղածն ամբողջությամբ արտագրված է 2001թ. Ռուզան Մուրադյանի «Ուսումնադաստիարակչական գործընթացի կառավարումը դպրոցի զարգացման պայմաններում» թեկնածուական ատենախոսության ներածությունից: Անհասկանալի է, թե ինչպես կարող է դոկտորի գիտական աստիճան հայցողն իրեն թույլ տալ արտագրել բոլորովին այլ թեմայով գրված թեկնածուական ատենախոսությունից:
Ա. Մանուկյանի ատենախոսության 1-ին գլուխը (էջ 15-30) ամբողջությամբ պատճենահանված է Ա. Բալյանի «Մանկավարժական վարպետության հիմունքները» (1988) գրքի 6-34-րդ էջերից, իսկ չորրորդ գլխի 156-165 էջերը՝ Մ. Մանուկյանի «Ուսուցչի անձնային եւ մասնագիտական որակների դրսեւորումը աշակերտական ինքնավարության պայմաններում» գրքից (1989թ. էջ 16-31, 51-56):
Ատենախոսության 217-220-րդ էջերում ներկայացված է Ա. Բալյանի «Խնդիր-առաջադրանքներ մանկավարժությունից» 1989թ. լույս տեսած աշխատության 3-6-րդ էջերի նյութն ամբողջությամբ՝ առանց տառ իսկ փոխելու, իսկ «Ուսուցչի աշխատանքի գիտական կազմակերպումը» ձեւակերպված ենթավերնագրի 225-226 էջերն արտագրված են Մ. Մանուկյանի հիշատակված աշխատության 58-59 էջերից:
Արտառոց է հատկապես հետեւյալը. որպես հետազոտության գիտական նորույթ է ներկայացված «Մանկավարժական աշխատանքի նորովի գիտական կազմակերպումը», որը բառացիորեն արտագրված է Մ. Մանուկյանի, այսինքն՝ իր հայրիկի՝ «Ուսուցչի անձնային եւ մասնագիտական որակների դրսեւորումը աշակերտական ինքնավարության պայմաններում» աշխատության 58-59-րդ էջերից: Բայց սա ինչ նորույթ է, երբ դեռեւս 1989թ. ներկայացրել է ուրիշ հեղինակ:
Երեւի հարկ է ներկայացնել նաեւ մեկ այլ փաստ: Վոլգոգրադ քաղաքում 2005 թ. հոկտեմբերի 6-7-ին կայացած կոնֆերանսի տպագրված նյութերի ցանկում կա նաեւ Ա. Մանուկյանի «Ուսուցչի գիտական աշխատանքի կազմակերպումը» հոդվածը (էջ 705-707), որը ամբողջությամբ դարձյալ արտագրված է Մ. Մանուկյանի «Ուսուցչի անձնային եւ մասնագիտական որակների դրսեւորումը աշակերտական ինքնավարության պայմաններում» (1989թ.) աշխատության 58-59-րդ էջերից: Այս նույն հոդվածը նույն ձեւով վերարտադրված է նույն քաղաքում 2006թ. ապրիլի 18-20-ը կայացած կոնֆերանսի տպագրված նյութերի ցանկում (էջ 83-84), նույն վերնագրով եւ նույն բովանդակությամբ՝ առանց տառ անգամ փոխելու:
1981թ. Երեւանում ռուսերեն լույս է տեսել Ա. Վարդանյանի եւ Ի. Լոգինովի «Մոդելավորումը որպես ուսուցման եւ մանկավարժական հետազոտության միջոց» գիրքը: Այս գրքի 13-րդ էջում ներկայացված են «մոդել» հասկացության սահմանումները՝ վերցված տարբեր աղբյուրներից: Եվ ահա «Մանկավարժական միտք» ամսագրի 2004 թվականի 1-2 համարի 9-րդ էջում լույս է տեսնում Մ. Մանուկյանի եւ Ա. Մանուկյանի «Ուսուցչի գործունեության մանկավարժական մոդելավորման էությունն ու առանձնահատկությունները» հոդվածը, որտեղ բառացիորեն վերարտադրված են այդ սահմանումները՝ որպես հայր եւ դուստր Մանուկյանների ստեղծածը:
Երբ Մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի հետ կապ չունեցող մասնագետները բացահայտեցին գրագողությունը, մերժվեց Ա. Մանուկյանի՝ իր դոկտորականը պաշտպանության ներկայացնելու հայցը: Սակայն, ինչպես հայտնի դարձավ, դրսից մեծ ճնշում է գործադրվում ռեկտորի վրա: Առայժմ նա դիմակայում է: Հիմա Ա. Մանուկյանը փորձում է ներկայացնել նորացված ատենախոսություն, այս անգամ արդեն՝ արտագրված այլ աղբյուրներից, որոնք մեզ հայտնի են, ուստի սպասում ենք գործերի ընթացքին: |
| |
| ՀՄՀ դասախոս (ինչպես հեղինակի տվյալները, այնպես էլ նրա ասածները հիմնավորող փաստերը խմբագրությունում են) |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| Դուռ բացող-փակող, պահակ, բերք հավաքող... |
| |
Սրանք անչափահասների աշխատանքի՝ ՀՀ-ում ամենատարածված ձեւերից են
Անչափահասների՝ որպես էժան աշխատուժի շահագործման խնդիրը կա աշխարհի բազում երկրներում: Այս առումով ամենաանմխիթար վիճակում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռումինիան, որտեղ խնդիրն ավելի ծավալվեց հատկապես գիշերօթիկ հաստատությունների փակումից հետո: Չնայած ՀՀ-ն այս պրոբլեմի տարածվածության առումով «նորելուկներից» է, բայց, ինչպես նշում են մասնագետները, անչափահասների աշխատանքի հիմնախնդիրը մեր երկրում էլ աննշան չէ: Վերջերս ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցներով՝ Սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից «Անչափահասների աշխատանքը ՀՀ-ում» թեմայով հետազոտություն կատարվեց, որի շրջանակներում ուսումնասիրություններ արվեցին ՀՀ տարբեր շրջաններում: Ուսումնասիրվել է 1066 ընտանիք, որից 65-ում հայտնաբերվել է առնվազն 1 աշխատող երեխա, իսկ այդ երեխաների ընդհանուր թիվը կազմել է 71: Ինչպես նշված է «Անչափահասների աշխատանքը ՀՀ-ում» զեկույցում, 1066 ընտանիքներում գտնվող 2032 երեխաների խմբում հետազոտման օրվան նախորդող շաբաթվա ընթացքում աշխատանք ունեցողների թիվը կազմել է 3.6%, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում աշխատանք է ունեցել բոլոր երեխաների 4.7%-ը: Աշխատող երեխաների ամենամեծ թիվը գրանցվել է Շիրակի մարզում՝ 15.6%, Արմավիրում, Սյունիքում, Արարատում, իսկ Երեւանում այդ թիվը կազմում է 3%:
Այս տվյալները մտածելու տեղիք են տալիս: Ուստի «Առավոտը» խնդրի լուծման ճանապարհների մասին զրուցեց «Երեխաների աջակցության կենտրոն-հիմնադրամի» գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Հայկ Խեմչյանի հետ: Մ. Անտոնյանը նշեց, որ անչափահասների աշխատանքի մասին կարծիքները մասնագիտական շրջանակներում աշխարհում բաժանվում են երկու ուղղության. «Պրոտեկցիոնիստները կարծում են, որ երեխայի աշխատանքը պիտի համարել նրա սոցիալականացման գործընթացի բաղադրիչ, իսկ աբոլիցիոնիստները մերժում են երեխաների աշխատանքը, քանի որ այն հակասում է նրա շահերին, կրթության հեռանկարներին»:
ՀՀ-ի մասնագետների կարծիքով՝ նշված խնդրին միանշանակ ասել այո, կամ՝ ոչ, ճիշտ չէ, պարզապես պիտի ստեղծել երեխաների աշխատանքի համար վերահսկվող, անվտանգ պայմաններ եւ կատարել այլ միջամտություններ: Շատ ընտանիքներում երեխան եկամտի միակ աղբյուրն է, այդ դեպքում ի՞նչ անել: Ըստ Մ. Անտոնյանի՝ պիտի գործեն փոխհատուցման մեխանիզմներ. «Սոցիալական աշխատողը, հոգեբանը պիտի աշխատեն այդ ընտանիքի հետ, դրան գոնե 6 ամիս տրամադրվի աջակցության փաթեթ, մինչեւ ընտանիքը վերականգնվի»: Շատ հաճախ երեխաների շահագործման մեջ մեղադրում են գործատուներին, թե անխղճորեն աշխատեցնում են երեխաներին՝ առանց պայմանագիր կնքելու եւ չնչին գումարներով: Մ. Անտոնյանի կարծիքով՝ հարցը միակողմանի չէ. «Գործատուների մի մասը մեզ հետ զրույցում ասում էր, որ տեսել է ընտանիքը սովամահ է լինում, դրա համար էլ երեխային աշխատանք է տվել: Մերկապարանոց ասել, որ բոլոր գործատուները շահագործողներ են, ճիշտ չէ: Հիմնականում անչափահասներն առանց պայմանագիր են աշխատում, որ գործատուն խնդիրներ չունենա աշխատանքի տեսչության, հարկայինի հետ»:
Մտահոգիչ է նաեւ այն, որ երեխաները հիմնականում աշխատում են այնպիսի պայմաններում, որոնք վնաս են նրանց առողջությանը: Մ. Անտոնյանն ու Հ. Խեմչյանը ներկայացրին այդպիսի մի քանի օրինակներ. «Արմավիրում կա մի մեքենա, որը հավաքում է ծնողներին ու երեխաներին, տանում բերքահավաքի՝ մինչեւ +40 աստիճան հասնող պայմաններում: Հսկայական տարածքում ծառ չկա, հայտնաբերել ենք դեպքեր, երբ երեխան արեւահարումից այրվածք է ստացել: Մայրը հիվանդ է, ուստի երեխան ստիպված էր աշխատել, որ դպրոցական համազգեստ գներ: Գյումրիում՝ օրը մեկ դույլ կարտոֆիլով աշխատում են կարտոֆիլի պլանտացիաներում՝ արեւի տակ կռացած: Ամենատարածվածները գյուղատնտեսական աշխատանքներն են, երթուղայինի՝ դուռ բացել-փակելը, նկուղային հարկերում գտնվող համակարգչային կենտրոններում պահակություն անելը, հողագործությամբ զբաղվելը, տարածված են նաեւ տնային աշխատանքի ձեւերը, օրինակ՝ փոքր քույր-եղբայրներին խնամելը եւ այլն»:
Այս հարցերի վերահսկմամբ շրջաններում զբաղվում են խնամակալական հանձնաժողովները, որոնք աշխատում են հասարակական հիմունքներով. «Որպեսզի համապատասխան մարդկային ռեսուրսներ ստեղծվեն, ֆինանսներ են պետք, որը մեր պետությունը չունի: Ուստի եթե հանձնաժողովներում կան նվիրյալներ, տվյալ շրջանում վիճակը բարենպաստ է, եթե չկան՝ ոչ»: Իսկ Հ. Խեմչյանի կարծիքով. «Խնդրին պիտի ընդհանուր չնայել, այլ մասնավոր տեսանկյունից՝ կոնկրետ դեպքերի վրա հիմնվելով: Այս խնդրի լուծման համար պետք է նաեւ կառավարական մակարդակով մոտեցում»: Նշենք, որ երեխաների աշխատելու հանգամանքը սպառնալիք է նաեւ նրանց կրթության հեռանկարին, ըստ ուսումնասիրության տվյալների՝ աշխատող երեխաների 41.4%-ը ընդհանրապես չի սովորում: |
| |
| ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| ՍԱԴՈՅԱՆԱԿԱՆ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ» |
| |
Հայ կոմպոզիտորը «հյուրընկալել» է ամերիկացիներին
Միջազգային նշանակության կամ հնչեղության մշակութային միջոցառումները գլխավորապես անց են կացվում միջպետական համաձայնագրերով: Բայց արվեստը ինքնին դիվանագիտություն է, բարեկամության կամուրջ, ուստի հաճախ մեզանում եւ տարբեր երկրներում ապրող արվեստագետներն իրենք են դառնում նախաձեռնությունների հեղինակ, ձեւավորում ավանդույթներ: Կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը 1990-ականներից ի վեր կազմակերպում եւ անց է կացնում յուրօրինակ երաժշտական ակցիաներ, որոնց նպատակն է Հայաստան բերել ոչ միայն այլ երկրներում ծնված երաժշտական ստեղծագործություններ, այլեւ ամեն ինչ անել մեր ազգային կոմպոզիտորական եւ կատարողական դպրոցները օտարներին ներկայացնելու համար:
«Երաժշտական կամուրջ» խորագրով համերգը, որ կկայանա «Ա. Խաչատրյան» համերգասրահում, ապրիլի 13-ին, ասվածի ապացույցն է: Ամերիկացի կոմպոզիտորներ Մերիլին Բլիսի, Էլիզաբեթ Բելլի, Հայկ Բոյաջյանի, Մեթյու Հ. Ֆիլդզի եւ հայաստանցի Էդուարդ Սադոյանի երկերը առաջին անգամ կներկայանան հայ ունկնդրին: Ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը: Երեկոյին ներկա կգտնվի միայն Մ. Բլիսը, որի հայաստանյան հեղինակային երեկոն կայացել է 2007թ.:
«Առավոտի» այն դիտարկմանը, որ պատկերացում ունի թե ամերիկահայ, թե հայ կոմպոզիտորների մասին, հետեւաբար կուզեինք լսել իր խոսքը նրանց տարբերությունների եւ նմանությունների մասին, Մ. Բլիսը պատասխանեց. «Կոմիտաս, Ալան Հովհաննես, Խաչատրյան... անուններ, որոնք հիացմունքով է ընդունում աշխարհը... Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտի երկրորդ մասը իմ չխամրող սերն է: Ինչ վերաբերում է ժամանակակից հայ հեղինակներին, ամերիկահայ Հայկ Բոյաջյանն իմ ոչ միայն գործընկերը, այլեւ ընկերն է, որի արվեստը գնահատում է ոչ միայն Ամերիկան: Հայաստանցի կոմպոզիտորներից ծանոթ եմ միայն Էդուարդ Սադոյանին, հատկապես տպավորված եմ նրա «Գրիգոր Լուսավորիչ» օպերայով: Կարճ ասած՝ ժամանակակիցներից Ամերիկայում ճանաչում եմ Բոյաջյան, Հայաստանում՝ Սադոյան: Իհարկե, իրարից անկախ, յուրահատուկ ձեռագիր ունեցող կոմպոզիտորներ են, իսկ նմանությունը նրանց հայկական տաքարյունության մեջ է»:
Հարցին՝ կոմպոզիտորն այս անգամ ի՞նչ ակնկալիքներ ունի հայ ունկնդրից, ինչպե՞ս կընդունվի Հայաստանում առաջին անգամ հնչող իր՝ սոպրանոյի եւ նվագախմբի համար գրված «Հուացու սարը» վոկալ շարքը, տիկին Բլիսն ասաց. «Հայաստանում հեղինակային երեկոյիս տեսագրությունը տանը ժամանակ առ ժամանակ դիտում եմ եւ ամեն անգամ հիանում հայ ռոմանտիկ, լավատես հանդիսականով: Ինձ համար նորություն չէ մաեստրո Ռուբեն Ասատրյանը, փոխարենը այս անգամ հայտնաբերեցի սոպրանո Գայանե Գեղամյանին...»:
Հետաքրքրվեցինք, թե Էդ. Սադոյանի նման կոմպոզիտորներ կա՞ն Ամերիկայում, որոնք նախաձեռնում են նման երաժշտական կամուրջներ՝ ընդգրկելով նաեւ հայերի, տիկին Բլիսն ասաց. «Անհատների անուններ այս պահին չեմ կարող մտաբերել, բայց 1990-ականներից գործում է Continuum ընկերությունը, որը անդրադառնում է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների արվեստագետներին, այդ թվում՝ հայերին, վրացիներին, ուկրաինացիներին: Ի վերջո, ունենք բոստոնաբնակ Հայկ Բոյաջյան, որի աննկարագրելի ջանքերի շնորհիվ պարբերաբար կազմակերպվում են հայ կոմպոզիտորների երկերից կազմված համերգներ...»: |
| |
| Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| Կնշենք Սուրբ Զատիկը |
| |
Ինչը մեկնաբանում է քահանան
Այս տարի ապրիլի 12-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկը: «Ես ավելի շատ սիրում եմ ասել Սուրբ Հարության տոն, թեեւ սխալ չէ եւ վատ չէ, երբ ասում ենք Սուրբ Զատիկ, որովհետեւ Զատիկը հին կտակարանյան ծագում ունի եւ այդտեղից եկող խորհուրդ է»,- ասում է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանը: Նրա խոսքերով. «Շատ կարեւոր է, որ հենց այս գիտակցությամբ օգտագործենք «զատիկ» բառը, քանի որ զատիկ նշանակում է զատվել, բաժանվել ստրկությունից»: Տեր Եսայու մեկնաբանությամբ, ըստ Հին կտակարանի, Մովսեսի առաջնորդությամբ Եղյա ժողովուրդը կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ Աստծո ընտրյալ ժողովուրդը դուրս եկավ Փարավոնի ստրկությունից եւ գնաց դեպի խոստացված երկիր եւ ժառանգեց այն. «Սա որպես մեծ տոնակատարություն եւ մեծ իրադարձություն՝ հրեաները նշեցին Զատիկ անունով: Մենք՝ Նոր կտակարանի կամ նոր ուխտի ընտրյալ ժողովուրդը լինելով, բոլոր քրիստոնյաներս Զատիկը նշում ենք ավելի հոգեւոր շեշտադրությամբ եւ բովանդակությամբ, որովհետեւ Քրիստոսի հարությամբ մենք զատվեցինք սատանայի իշխանությունից կամ չարի կապանքներից»:
Տեր Եսային ընդգծում է. «Եթե շատ պատկերավոր եւ մատչելի ասելու լինենք, Քրիստոսը, երբ խաչվեց եւ հարություն առավ, դրանից հետո իր կենդանի Աստվածությամբ իջավ դժոխք եւ քանդեց դժոխքը՝ այնտեղ գտնվող բոլոր հոգիներին ազատություն տալով: Իսկ մինչ այդ՝ դժոխքը մի իրականություն էր, որտեղ չկար Աստված, այսինքն՝ երբ հին աշխարհում մարդիկ ասում էին դժոխք, նկատի ունեին իրենց մտքում այնպիսի մի վայր, որտեղ գոյություն չունի Աստված: Քրիստոսի հարությամբ, երբ Քրիստոսը քավությունից հետո իջավ դժոխք, արդեն ինքն իր ներկայությամբ լցրեց դժոխքը աստվածային լույսով, եւ դժոխքն այդուհետ դադարեց դժոխք լինելուց»: Քահանան ասում է. «Սա ազատության մեկ դրսեւորում էր, որ բերեց մեզ Քրիստոսն իր հարությամբ: Մյուս ազատության դրսեւորումը երկրային կյանքի ընթացքում արժեքների վերադասավորումն էր, որը եղավ Քրիստոսի հարությամբ, երբ փորձեցինք հասկանալ՝ մենք ազատ ենք, Աստծո որդեկիր զավակներն ենք եւ ազատ ենք մեր ընտրության մեջ: Մեզ համար գոյություն չունի ճակատագիր, գոյություն չունի պարտադրված որեւէ սկզբունք եւ մենք Աստծո հետ ներդաշնակ եւ Աստծո հետ միացած լինելով հանդերձ ենք ազատ»: Մեր զրուցակցի խոսքով. «Հնում եւ այսօր էլ մարդիկ ասում են՝ դե մեղքը մարդու համար է. դա արդարացման մի դրսեւորում է, որը թյուրիմացաբար առկա է մեր կյանքում: Եթե մարդը մեղավոր է, բնականաբար՝ մենք արձանագրում ենք փաստը, որ, այո՛, մարդը մեղավոր է, բայց չի կարելի արդարացնել այս կերպով, որ եթե ես մարդ եմ, ուրեմն անպայման պետք է մեղք գործեմ: Ընդհակառակը, եթե մենք մարդ ենք, ուրեմն պետք է ապրենք Աստծո պատգամներով, Աստծո օրինակով, ինչպես որ մեզ սովորեցրեց Քրիստոսը»: Վերջում տեր Եսային շեշտեց. «Քրիստոսի Հարության տոնը մեզ համար մի տեսակ առիթ է վերաարժեւորելու, վերաիմաստավորելու մեր կյանքը, ապրելու այդ ուրախությունը, ապրելու քավության օրհնությունը, սրանք միայն խորհուրդներ չեն, այլ իրական երեւույթներ, քանի որ իրական քրիստոնյայի համար Քրիստոսը հարություն է առնում ամեն տարի եւ Քրիստոսի Հարության տոնը կրկնվում է յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար»: |
| |
| ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ |
| |

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք ութերորդ
Գլուխ երրորդ
ՀԻՆ ՕՐԵՐԻ ՉՍՐԲԱԳՐՎԱԾ ՔՐՈՆԻԿՈՆ
Եվ ես ժպտալով Մարտինին ասացի՝ «փաստորեն, սրբագրիչի գործը շատ լարված ու շատ վտանգավոր գործ ա», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «հազարից մեկ ա ըսենց չեպե պատահում», եւ ես հարցրի՝ «քո սմենի վախտ հեչ պատահել ա՞», եւ Մարտինն ասաց՝ «պատահել ա՝ սխալ ա գնացել, բայց ինձնից բացի՝ ոչ մեկը չի իմացել», եւ ես զարմացած հարցրի՝ «բա խմբագիրն իրա թերթը չի կարդո՞ւմ», եւ Մարտինն ասաց՝ «մինչեւ տպվելն ինչ կարդում՝ կարդում ա. տպվելուց հետո որ չեպե չի ըլնում՝ չի կարդում», եւ ես ասացի՝ «որ էս պատմությունը չըլներ, հրամանս մի ամսից կտային», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ափսոս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սկզբում խմբագիրը մտածել ա, որ խամ տղա ես ու էդ սխալը դու բաց թողած կըլնես, բայց գրաշարն ասել ա, որ դու մենակ չորրորդ էջն ես կարդացել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ուրեմն, էդ գրաշարը կարգին մարդ ա», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կարգինը կարգին ա, բայց պիտի մի քիչ ուշադիր ըլներ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ավելի լավ կըլներ՝ գրաշարն իմ վրա գցեր», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գիժ ե՞ս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ քո վրա գցեին, էլ կյանքում ոչ մի տեղ քեզ սրբագրիչի գործ չէին տա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ըսենց էլ չեն տա», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրանց մոտ հաստատ չեն տա, բայց մեր մոտ որ տեղ բացվի, կարող ա ստացվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «խմբագիրը ոչ մի անգամ խնդրանքս չի մերժել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ գիտի, որ ես արժանավոր մարդկանց համար եմ բարեխոսում», եւ ես ժպտալով հարցրի՝ «իմ համար կբարեխոսե՞ս», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «որ հերթդ հասնի՝ անպայման կբարեխոսեմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ հերթ», եւ Մարտինը ծիծաղելով ասաց՝ «Վանիկն ու Հակոբն էլ էդ գործի վրա աչք ունեն. իրանց էլ եմ խոստացել» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «որ քեզ լավ պահես՝ հերթդ Հակոբից առաջ կգցեմ», եւ ես հարցրի՝ «որպես ի՞նչ», եւ Մարտինը ծիծաղելով ասաց՝ «որպես անբախտ տղա», եւ ես հարցրի՝ «խի՞ եմ անբախտ», եւ Մարտինը ծիծաղելով ասաց՝ «անբախտը պոզովպոչով ա՞ ըլնում. փորձաշրջանիդ հենց սկզբում ըսենց չեպե ա տեղի ունեցել», եւ ես ասացի՝ «բայց իմ մեղքով չի էղել», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «դրա համար էլ անբախտ եմ ասում», եւ ես էջս ցույց տալով ասացի՝ «իմ չորրորդ էջը լրիվ մաքուր ա», եւ Մարտինը ծիծաղելով ասաց՝ «դրա համար էլ ուզում եմ հերթդ առաջ գցեմ», եւ ես հարցրի՝ «բա Հակո՞բը», եւ Մարտինը ծիծաղելով ասաց՝ «Հակոբն էդքան սպասել ա՝ մի քիչ էլ կսպասի», եւ ես ասացի՝ «ինձ արդեն լրիվ տրամադրել էի, որ «Սովետականում» սրբագրիչ եմ աշխատելու», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «ոչինչ. «Ավանգարդում» կաշխատես», եւ ես հարցրի՝ «խմբագիրը կհամաձայնվի՞», եւ Մարտինն ասաց՝ «ինքը իմ խնդրանքը ոչ մի անգամ չի մերժել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ ինքը քո բանաստեղծությունները շատ ա հավանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Վանիկի գրածներն էլ ա շատ հավանում», եւ ես ժպտալով ասացի՝ «իսկական անբախտություն էր», եւ Մարտինն ասաց՝ «ուշ լինի՝ նուշ լինի», եւ ես ասացի՝ «սրբագրիչի գործը շատ հարմար գործ ա», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի քանի իմաստներով ա հարմար», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստներով», եւ Մարտինն ասաց՝ «նախ՝ իրիկունն ա սկսվում ու հիմնական աշխատանքիդ չի խանգարում», եւ ես ասացի՝ «հա», եւ Մարտինը շարունակեց ու ասաց՝ «գիշերային աշխատանք ա համարվում, բայց պատահում ա՝ տասի կողմերն արդեն պրծած ենք ըլնում», եւ ես ասացի՝ «հա», եւ Մարտինը շարունակեց՝ «աշխատավարձն էլ ա բարձր. որ նոր ընդունվեցի՝ հարուր քառասուն էի ստանում, հիմի արդեն հարուր յոթանասուն ա», եւ ես ասացի՝ «չտեսնված ա», եւ Մարտինն ասաց՝ «չտեսնվածն էն ա, որ մեր էս գործը, փաստորեն, կես դրույք ա համարվում, բայց լրիվ դրույքից մի բան էլ ավել ենք ստանում, որովհետեւ գիշերային աշխատանք ա համարվում», եւ ես ասացի՝ «ի՞նչ կարեւոր ա՝ կես դրույք ա համարվում, թե՝ լրիվ», եւ Մարտինը խորիմաստ ժպտալով ասաց՝ «ամենակարեւորը հենց էդ ա», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչո՞վ ա կարեւոր», եւ Մարտինը ժպտալով հարցրեց՝ «չգիտե՞ս, որ սովետական քաղաքացին լրիվ դրույքով էրկու տեղ աշխատելու իրավունք չունի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «գիտեմ», եւ Մարտինը բացատրեց՝ «որ մեր էս սրբագրական աշխատանքը լրիվ դրույք համարվեր, իրավունք չէինք ունենա էրկու տեղ աշխատեինք, բայց որ կես դրույք ա համարվում, ցերեկներն էլ կարանք լրիվ դրույքով ուրիշ տեղ աշխատենք», եւ ես հարցրի՝ «ցերեկները գրականության ինստիտուտում ես, չէ՞», եւ Մարտինը պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեկը մյուսին հեչ չի խանգարում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ընենց որ՝ ցերեկները «Ծիծեռնակ» կգնաս, իրիկուններն «Ավանգարդ» կգաս», եւ ես ժպտալով ասացի՝ «ձենդ Աստված լսի», եւ ինքը ժպտալով ասաց՝ «կլսի», եւ ես ասացի՝ «Վանիկի հարցերը հորովմորով արա, որ հետո իմ հարցով զբաղվես», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր «Ավանգարդն» էդ «Սովետականից» հարմար ա», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ ա հարմար», եւ Մարտինն ասաց՝ «էդ «Սովետականը» Ցեկայում ամեն օր կարդում ու ամեն օր մեջը մի սխալ գտնում են», եւ ես ասացի՝ «բա ասում ես՝ հազարից մեկ ա սխալ գնում», եւ Մարտինն ասաց՝ «մենակ սրբագրական սխալները չեն. հոդվածների հաշվով համարյա ամեն օր բողոքներ են գնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ թերթը միկրոսկոպով են կարդում, որովհետեւ էդ թերթը Ցեկայի թերթն ա», եւ ես հարցրի՝ «ձերը Ցեկայինը չի՞», եւ Մարտինը պատասխանեց ու ասաց՝ «մերն էլ ա Ցեկայինը, բայց մերը կոմսոմոլի Ցեկայինն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «պատասխանատվության իմաստով մեր մոտ հազար անգամ հանգիստ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «երեւի խերն էս էր. ավելի լավ ա՝ ձեր մոտ ընդունվեմ», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «մինչեւ քեզ՝ Վանիկի հարցը կա», եւ ես ժպտալով ասացի՝ «համբերությամբ կսպասեմ» եւ համբերությամբ մի տարի սպասեցի՝ մինչեւ Մարտինն իմ գործը դասավորեց, բայց «Ավանգարդում» ընդամենը երկու ամիս սրբագրիչ աշխատեցի, որովհետեւ ութսուներկուսի օգոստոսին մեկնեցի Մոսկվա՝ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում սովորելու, եւ չնայած Մոսկվայում երկու տարի ապրելն ամուրիական ցանկություններիս ավելի էր համապատասխանում, այդուհանդերձ, ես որոշակի ափսոսանքով լքեցի «Ավանգարդի» սրբագրիչի իմ պաշտոնը, որովհետեւ ինձ համար էդ գործը խաղուպար էր, եւ, Մարտինի ասածի պես, աշխատավարձն էլ էր շատ հարմար, եւ էդ ընթացքում «Ծիծեռնակի» աշխատավարձս էլ էր զգալիորեն բարձրացել, եւ իմ փոխարեն մեկ ուրիշը երեւի իր տեղը ծանր կնստեր ու էդ երկու աշխատավարձերն իրար գումարելով՝ հանգիստ, որոշակի ու բախտավոր կապրեր, բայց մոսկովյան անորոշությունն ինձ ավելի էր ձգում, ու ես ներքին ձայնիս ապավինելով՝ վեր կացա ու մեկնեցի Մոսկվա, եւ հիմա էդ օրերը հիշելով ու էդ օրերի մասին գրելով՝ հանկարծ հիշեցի, որ ահագին ժամանակ է՝ բուն նյութիցս կտրվել ու ոչ մի կերպ բուն նյութիս չեմ վերադառնում, մինչդեռ, իբրեւ օրինապահ ու օրինակելի վիպասան, իմ կյանքի «Ապագա բժշկի» շրջանն ավարտելով՝ պարտավոր էի անմիջապես անցնել «Ծիծեռնակի» շրջանին ու նոր միայն անդրադառնայի Մարտինին, «Ավանգարդին» ու Մոսկվայի գրականության ինստիտուտին, եւ ինչքան էլ Հակոբյան Տիկոն Լիտինստիտուտի առումով ինձ շտապեցնի, ես նախքան Մոսկվա հասնելս ահագին անցնելիք ճանապարհ ունեմ եւ ինչքան էլ հիմա ինձ դեսուդեն գցեմ, պարտավոր եմ վերադառնալ ու կյանքս շարունակել «Ծիծեռնակ» ընդունվելուս պահից, եւ ինչքան էլ էս շարունակական վերադարձներս որոշ ընթերցողներիս համար անցանկալի լինեն, ես պարտավոր եմ վերադառնալ, որովհետեւ մարդ արարածն ի վիճակի է սրբագրել ամեն ինչ, բայց ոչ երբեք՝ մի անգամ արդեն ապրած իր կյանքը, բայց ահա Առաջինի ելույթը Ծաղկաձորի իմ էս ժամանակավոր աշխատանոցում վերընթերցելով ու վերլուծելով՝ մանրից սկսում եմ հասկանալ ու համոզվել, որ, ինչու չէ, լավ էլ հնարավոր է մի անգամ ապրածդ սրբագրել, ընդ որում՝ էնպես սրբագրել, որ սրբագրիչներին որեւէ անելիք չմնա, բայց ես էս պահին էդ հնարավորությունը չունեմ՝ ոչ միայն էն պատճառով, որ իմ ու ձեր ապրած էն երկարուձիգ լճացման տարիները սրբագրելու ցանկություն չունեմ, այլեւ էն պատճառով, որ հիմա՝ էս պահին էլ եմ լճացած պայմաններում ապրում. այսինքն, էստեղ՝ Ծաղկաձորի էս ստեղծագործական տանը, ուր էս պահին գտնվում եմ, մշտական լճացման ժամանակաշրջան է, որովհետեւ էստեղ տարվա բոլոր եղանակներին գրողների միության առնվազն տասը անդամներ են գոյատեւում ու ստեղծագործում, եւ հիմա՝ էս պահին էլ էստեղ տասից ավելի գրողներ կան, եւ կյանքն էս մի քանի տասնամյակների ընթացքում անձամբ ինձ միանգամայն համոզիչ կերպով ցույց է տվել, որ էն տեղերում, ուր տասից ավելի գրողների միության անդամներ են կուտակված, էդ վայրերում միանգամայն ապահովված են լճացումն ու ճահճացումը, եւ չնայած էս երեւույթը գրողների տարիքից որեւէ կախում չունի, այդուհանդերձ, լճացման կատարելության առումով գրողների վաթսունն անց լինելը միանգամայն ցանկալի է, եւ որպեսզի Շիրազի մասին հուշերն անպակաս լինեն, յոթանասունն անց գրողների ներկայությունն էլ է ցանկալի եւ նույնիսկ պարտադիր, որովհետեւ, չնայած Շիրազը ժամանակին ու ժամանակ առ ժամանակ լավ էլ տատանում էր լճացած ու ճահճացած օդն ու ու ջրերը, էսօրվա օրով Շիրազի մասին Լյուդվիգ Դուրյանի, Վարդան Վանատուրի ու Հովնաթանի հուշերն ունկնդիրներին լավագույնս են տեղափոխում լճացման ժամանակաշրջան, եւ իմ ու հեղափոխությունից մյուս փախածների բախտից՝ Լյուդվիգն էս պահին Ծաղկաձորում է, եւ վերակենդանացած Շիրազը Լյուդվիգի, Հովնաթանի ու մանավանդ Վարդանի միջոցով մյուս գրողներին ու գրագետներին վերստին Աղվես է անվանում, եւ բոլորս միանգամայն ուրախ ենք, եւ որպեսզի լճացումը կատարյալ լինի, բոլորս միահամուռ հռհռում ենք հատկապես Լյուդվիգի պատմած յուրաքանչյուր Շիրազապատումի վրա, եւ չնայած Լյուդվիգը նախաճաշից հետո պատմածը ճաշից հետո էլ է կրկնում, այդուհանդերձ, ունկնդիրներս հերթական անգամ միանգամայն ուշադիր լսում եւ վերստին համերաշխ ու միահամուռ հռհռում ենք, եւ որպեսզի լճացումն ավելի կատարյալ լինի, ես ու Ղուկասն ավելի բարձրաձայն ենք հռհռում, որովհետեւ իսկական երիտասարդների բացակայության պայմաններում՝ ես ու Ղուկասն ենք մեջների ջահելները, եւ ահա՝ երկու հազար յոթի էս աշնանային իրիկուն Ծաղկաձորի մեր էս ստեղծագործական տան ֆոյեում էս պահին ճիշտ յոթանասունականների «Սովետական գրող» հրատարակչության երկարուձիգ միջանցքի մթնոլորտն է, եւ չնայած էդ հրատարակչությունն այսօր միանգամայն այլ անվանում ունի՝ «Նաիրի», եւ չնայած Լյուդվիգը վաղուց էդ հրատարակչության ժամանակակից գրականության բաժնի վարիչը չի, այդուհանդերձ, վերստին բոլորիս իր շուրջ հավաքած՝ էլի Շիրազից է պատմում, ու էլի ամենաուժեղ հռհռացողները ես ու Ղուկասն ենք, եւ չնայած Ղուկասն ու ես էսօր արդեն երկրորդ անգամն ենք Լյուդվիգից լսում Շիրազի մասին էդ նույն հուշը, այդուհանդերձ, նույն ոգեւորությամբ ենք հռհռում, որովհետեւ չենք ուզում Լյուդվիգին հիշեցնել, որ ինքը վաղուց բաժնի վարիչ չի ու մենք էլ մեր ոտանավորների առաջին բրոշյուրները վաղուց տպել պրծել ենք, եւ քանի որ Լյուդվիգից հետո նույն էդ հրատարակչությունում ինքս բաժնի վարիչ ու գլխավոր խմբագիր դարձա, բոլորից լավ գիտեմ, որ իմ դեպքում դրանք արդեն պաշտոններ չէին՝ ոչ միայն էն պատճառով, որ ես ապաշնորհ պաշտոնյա էի, այլեւ էն պատճառով, որ իմ պաշտոնավարության ժամանակ Շարժումն արդեն սկսվել էր, եւ Սովետն արդեն հիմնավորապես էր կազմաքանդված, ու հիմա՝ էս պահին մյուսներից լավ եմ հասկանում, որ էս պահին Ծաղկաձորի մեր էս ստեղծագործական տանը հանգստացողներիցս հենց Լյուդվիգն է նախկինում ամենաերեւելի պաշտոնն ունեցել, ու էդ է պատճառը, որ էս պահին էստեղ հանգստացող ու ստեղծագործող տասնմեկ գրողներս հենց Լյուդվիգի շուրջ ենք հավաքվում՝ ինչպես որ ութսունականների կեսերին ու հատկապես վերջերին Կասկադի շրջակայքում իրիկունները ճեմող թոշակառու նախկին պաշտոնյաները Գեւորգ Արմենակովիչ Հայրյանի շուրջ էին հավաքվում, որովհետեւ Հայրյանի նախկինում զբաղեցրած պաշտոնները՝ Կենտկոմի բաժնի վարիչ, կինոյի ու կրթության նախարար, «Պրավդայի» հատուկ թղթակից եւ այլն, անհամեմատ երեւելի ու հնչեղ էին, քան՝ իր թոշակառու արբանյակների զբաղեցրածները, եւ չնայած Հայրյանը թե՛ անցյալում եւ թե՛ թոշակի տարիքում չէր սիրում ու ամեն առիթով ծաղրում էր քծնողներին, այդուհանդերձ, թողնում էր՝ որ քծնեն, որովհետեւ նույնիսկ քծնանքն ու քծնողներին չհանդուրժողներն են երբեմն քծնանքը հարգանքի տեղ ընդունում, եւ Հայրյանն էլ չէր կարող այլ կերպ ընդունել՝ մանավանդ իր թոշակի տարիքում, որովհետեւ հասկանում ու գիտակցում էր, որ մեծ ու չափազանց մեծ իր բոլոր պաշտոններն անցյալի մեջ են. այսինքն, էդ բանը գիտակցելով ու նաեւ հասկանալով, որ Կասկադի շրջակայքում ամեն իրիկուն իր շուրջ հավաքվողներն այլեւս իրենից որեւէ ուզելիք ու ակնկալիք չունեն, ճարահատյալ հավատում էր, որ ամեն իրիկուն Կասկադի մատույցներում իր շուրջ հավաքվողներն իրեն ոչ թե քծնում, այլ ընդամենը հարգում են, ու ինքն էդպես չմտածելու որեւէ հիմք ու պատճառ չուներ, ու ես էլ հակառակը մտածելու որեւէ հիմք ու պատճառ չունեմ, ու շատ հնարավոր է՝ ութսունականների կեսերին ու հատկապես վերջերին ամեն իրիկուն Կասկադի շրջակայքում Հայրյանի շուրջ հավաքվողները Գեւորգ Արմենակովիչին իր բնածին խելքի ու բնածին սրամտության համար էին հարգում, չնայած, այդուհանդերձ, պաշտոնի մոմենտն էլ երեւի կար, որովհետեւ, հատկապես էն թվերին, պաշտոն չունեցողներին ոնց որ թե արգելված էր խելք ու սրամտություն հանդես բերել, եւ քանի որ Գեւորգ Արմենակովիչ Հայրյանը թոշակառուների իր էդ ամենավերջին շրջապատի ամենաբարձրաստիճանն էր եղել, իր բնածին խելքն ու սրամտություններն աջուձախ սփռելու լիուլի իրավունք ու հնարավորություն ուներ, եւ իր արբանյակ թոշակառուներն իր ամեն մի ասածն ըմբոշխնում ու իր սրամտությունների ժամանակ քթների տակ վախվորած խնդմնդում էին. վախվորած, որովհետեւ հատկապես ութսունականների կեսերին Հայրյանի բնածին հումորի ու սրամտության գրեթե բոլոր նետերը կենտկոմականների դեմիրճյանական սերնդի ու անձամբ Կարեն Սերոբիչի դեմ էին ուղղված, քանի որ անձամբ Հայրյանն ու իր ամենավերջին շրջապատն էն կարծիքին էին, որ իրենց թոշակառու լինելու ու դառնալու հիմնական պատճառը ոչ թե իրենց տարիքն է, այլ՝ կոմունիստների նորագույն սերունդը, որովհետեւ կոմունիստ թոշակառուները միասնաբար էն կարծիքին էին, որ առաջին ու երկրորդ սերունդների կոմունիստներն անհամեմատ գաղափարական էին, քան՝ կոմունիստների վերջին սերունդը, եւ որ Գեւորգ Արմենակովիչ Հայրյանն ամենագաղափարականներից էր, դրանում անձամբ համոզվեցի ութսունականների վերջերին՝ երբ Շարժումն արդեն սկսվել էր, բայց Սովետը դեռեւս կար, ու դեռեւս կային նաեւ գրողական մեր վճարովի հանդիպումները՝ հիմնականում հանրապետության շրջաններում, եւ քանի որ Հայրյանի ամենավերջին պաշտոնը «Սովետական գրող» հրատարակչության տնօրենի պաշտոնն էր, ինքը վերջին տարիներին վերադարձավ գրականություն ու Խաչատուր Աբովյանի մասին ստվարածավալ մի վեպ գրեց, ինչպես նաեւ՝ իր շրջապատի խորհուրդով իր բանավոր սրամտությունները գրի առավ ու հրատարակեց եւ կյանքի վերջին շրջանում գրողի կերպարի մեջ հարմարավետ տեղավորվելով՝ մի անգամ էլ հետս Շամշադին՝ գրողական հանդիպման մեկնեց, եւ երբ Շամշադինի շրջկոմի առաջին քարտուղարի ուղարկած մեքենայով Հայրյանն ու ես հասանք Բերդ, առաջին քարտուղարի կաբինետում մի էնպիսի ճոխ սեղան էր գցված՝ որ էն ժամանակների համար հազվադեպ բան էր, եւ Գեւորգ Արմենակովիչ Հայրյանին մոտիկից տեսնելու համար տարբեր տարիքի լիքը կոմունիստներ էին հավաքվել, որովհետեւ, ինչպես հետո պարզվեց, առաջին քարտուղարին ու բոլոր էդ հավաքվածներին Հայրյանը մանկավարժականում, համալսարանում ու Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտում դաս էր տվել, իսկ առաջին քարտուղարի առաջին քարտուղար դառնալու հարցում էլ անձամբ էր դեր խաղացել, եւ հիմնականում էս վերջին հանգամանքն էր պատճառը, որ առաջին քարտուղարը Հայրյանի հանդեպ առանձնակի՛ հարգանք էր ցուցաբերում, եւ չնայած էն ժամանակներում գրողներին բոլոր շրջաններում էլ շատ կամ քիչ հարգում էին, այդուհանդերձ, չլսված ու չտեսնված բան էր՝ որ որեւէ շրջանի առաջին քարտուղարն անձամբ իր կաբինետում որեւէ գրողի էդ տեսակ պատիվ տար, ու էդ օրը Շամշադինի շրջանի ողջ կուսակցական ակտիվն էլ էր Հայրյանի հանդեպ չափազանց ջերմ ու չափազանց հարգալից՝ ոչ միայն առաջին քարտուղարի ու Հայրյանի անձնական մտերմության պատճառով, այլեւ էն պատճառով, որ Ղարաբաղյան շարժումն արդեն սկսվել էր, եւ շրջանի կուսակցականների ոտքերի տակի հողն ահա-ահա փախչում էր, եւ ահա շրջանի կուսակցականները մեկ առ մեկ մոտենում Հայրյանին ու մանկական անկեղծությամբ հարցնում էին՝ «Սովետի փլվելը հնարավոր համարո՞ւմ եք, Գեւորգ Արմենակովիչ», եւ, հիշում եմ, արդեն գինովցած Հայրյանը բոլորին մեկ առ մեկ պատասխանում ու ասում էր՝ «Սովետը վաղուց ա փլվել. ուղղակի՝ ձեր ռայոնը որ հեռու ա՝ խաբարը ձեզ չի հասել», եւ հարցնողները սարսափահար ու տագնապահար նայում էին Հայրյանին ու աղերսանքով ասում էին՝ «լա՜վ էլի, Գեւորգ Արմենակովիչ», եւ Հայրյանը ժպտալով ասում էր՝ «որ փլվել ա՝ ես ի՞նչ կարամ անեմ» եւ ծիծաղելով ավելացնում էր՝ «ես ինձնից կախված ամեն ինչ արեցի, որ չփլվի», եւ սարսափահարներն ավելի էին սարսափոտում, որովհետեւ, չնայած Սովետի փլվելու լուրը Շամշադին չէր հասել, ՀՀՇ-ն վաղուց հասել ու ուղնուծուծով Շամշադինում էր, եւ շրջանի կոմունիստներն էդ սեղանի շուրջ ի վիճակի չէին էդ թեմայով ավելի տարածվել ու խորանալ, որովհետեւ Շամշադինի ՀՀՇ-ի նախագահ Խոջոյան Արարատն իմ կողքին էր նստած, եւ չնայած պատերազմը դեռեւս չէր սկսվել, իմ համակուրսեցի Խոջոյան Արոն կամուֆլյաժով էր, եւ Արոյի ավտոմատն էլ առաջին քարտուղարի կաբինետի ամենաերեւացող մասում պատին էր հենած, որովհետեւ, չնայած պատերազմը դեռեւս չէր սկսվել, Շամշադինի սահմանների ակտիվ պաշտպանությունն արդեն սկսվել էր, եւ երբ Գեւորգ Արմենակովիչը երկրորդ անգամ ասաց՝ «Սովետը վաղուց ա փլվել», իմ համակուրսեցի Խոջոյան Արոն հիացմունքով նայեց Հայրյանին ու ասաց՝ «էս մարդիկ էշի ականջում քնած են, պարոն Հայրյան», եւ Հայրյանը ժպտալով նախ Արոյին նայեց, հետո նայեց ինձ ու հարցրեց՝ «պարոնն ընկերդ ա՞, Արմեն», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա. նույն կուրսում ենք սովորել», եւ Հայրյանը հարցրեց՝ «որտե՞ղ եք սովորել», եւ Արոն ասաց՝ «մանկավարժականի բանասիրականում», եւ Հայրյանն ասաց՝ «մանկավարժականի բանասիրականներին հիսունական թվերին եմ դաս տվել», եւ Արոն ասաց՝ «մենք յոթանասունականներին ենք սովորել», եւ Հայրյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «յոթանասունականներին համալսարանում էի դասավանդում», եւ կոմունիստներից մեկը Հայրյանին ժպտալով ասաց՝ «փաստորեն, ամբողջ Հայաստանին դաս եք տվել, ընկեր Հայրյան», եւ Հայրյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, հա՛մ կոմունիստներ եմ աճեցրել, հա՛մ հհշականներ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Վանոյին ու Լեւոնին էլ եմ դաս տվել», եւ Խոջոյան Արոն հիացմունքով նայեց Հայրյանին ու ասաց՝ «էդ էրկու աշակերտներդ իրանց լրիվ արդարացրել են, պարոն Հայրյան», եւ Հայրյանը ժպտալով Արոյին հարցրեց՝ «անունդ ի՞նչ ա, պարոն ջան», եւ Արոն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Արարատ», եւ Հայրյանը ժպտալով հարցրեց՝ «էդ չալպուտուրիկ շո՞րն ինչի ես հագել, Արարատ ջան», եւ Արոն միանգամից լրջանալով պատասխանեց ու ասաց՝ «սահմանի վրա վիճակը շատ լարված ա, պարոն Հայրյան», եւ Հայրյանը հարցրեց՝ «էն պատի տակի թվա՞նքն ումն ա», եւ Արոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «իմն ա, պարոն Հայրյան», եւ Հայրյանը ժպտալով հարցրեց՝ «զինվորական աստիճան ունե՞ս, պարոն Արարատ», եւ Արոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «բանակում մինչեւ սերժանտ հասել եմ», եւ Հայրյանը ժպտալով ասաց՝ «ես էլ մինչեւ գնդապետ եմ հասել» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «գիտե՞ս, որ սերժանտը պարտավոր ա գնդապետի հրամանը կատարել», եւ Արոն ժպտալով ասաց՝ «իհարկե գիտեմ, ընկեր գնդապետ», եւ Հայրյանը հրամայելով ասաց՝ «ուրեմն, գնա եւ ավտոմատդ վերցրու. զինվորն իր զենքը միշտ պիտի իր վրա պահի», եւ Արոն կտրուկ տեղից վեր կացավ, տեղում ձգվեց, պատվի առավ ու գոռաց՝ «ճիշտ այդպես, ընկեր գնդապետ», այնուհետեւ գնաց, զենքը պատի տակից վերցրեց, վերադարձավ, նորից Հայրյանի դիմաց պատվի առավ ու ժպտալով գոռաց՝ «ձեր հրամանը կատարված է, ընկեր գնդապետ», եւ Հայրյանը ժպտալով ասաց՝ «կարող եք նստել, ընկեր սերժանտ»: |
| |
| Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՐԿՐՈՐԴՆ Է |
| |
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը երեկ ավարտեց մրցելույթները Եվրոպայի առաջնությունում։
Մեր աղջիկներից վերջինը մրցահարթակ մտավ 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, որը իր եւ հավաքականի հաշվարկին բերեց երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Մրցակցության ամբողջ ընթացքում երկրորդը ճանաչվելու համար հիմնական պայքարն ընթանում էր Հռիփսիմեի եւ Իսպանիայի ներկայացուցիչ Լիդիա Վալենտինի միջեւ: Այստեղ մրցակցությունից դուրս էր ռուսաստանցի Լիդիա Զաբոլոտնայան:
Պոկում վարժությունը Խուրշուդյանն սկսեց 111 կգ-ից, այնուհետեւ իր կամքին ենթարկեց նաեւ 116 կիլոգրամը, սակայն վերջին մոտեցմամբ անհաջողության մատնվեց 120 կգ-ում: Դրա փոխարեն Զաբոլոտնայան եւ Վալենտինը բարձրացրին այդ կիլոգրամները: Եվ քանի որ ռուսաստանցին անձնական քաշով թեթեւ էր, նրան էլ շնորհվեց փոքր «ոսկին»:
Հրում մրցաձեւում Հռիփսիմեն միանշանակ ուժեղ էր Վալենտինից: Նրանց միջեւ առաջին վարժությունից հետո գոյացած չորս կիլոգրամի տարբերությունը հալվեց եւ 1 կգ-ի առավելության վերածվեց Խուրշուդյանի օգտին, որը իսպանուհու 132 կգ-ին պատասխանեց 137-ով: Իսկ «ոսկու» խնդիրն ընդամենը երկու մոտեցումով իր օգտին լուծեց Զաբոլոտնայան (140+145) եւ երկամարտի 265 կգ-ով Եվրոպայի փոխչեմպիոնուհի դարձած Հռիփսիմե Խուրշուդյանին գերազանցեց ամբողջ ութ կիլոգրամով: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| Լուրջ փորձություն՝ ապագայի համար |
| |
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում մինչեւ 85 կգ քաշային կարգում Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանում էին Գեւորիկ Պողոսյանը եւ Արամ Անդրիկյանը:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի բացակայությամբ, մարզիչները մեծահասակների մրցապայքարում իրենց կարողություններն ստուգելու իրավունք առաջին անգամ ընձեռել էին այս երիտասարդներին: Երկու ծանրորդներն էլ դրանից առաջ իրենց լավագույն կողմերով էին դրսեւորել պատանեկան եւ երիտասարդական պաշտոնական մրցումներում: Սակայն մեծահասակների միջեւ պայքարն էապես տարբերվում է թե իր մակարդակով, թե լարվածությամբ:
Ուղիղ հեռարձակմամբ հեռուստաեթերին հետեւող մարզասերները տեսան, թե նրանք ինչպիսի կռիվ տվեցին նախ եւ առաջ ծանրաձողի, ապա՝ փորձառու, հետեւաբար, ահեղ մրցակիցների հետ: Գեւորիկ Պողոսյանը պոկում վարժությունում ցույց տվեց 164 կգ արդյունք, իսկ Արամ Անդրիկյանը՝ 160: Երկրորդ մրցաձեւում Արամն սկսեց 193 կգ-ից ու հաջող կատարեց միայն իր ու մարզիչների ներկայացրած մեկնարկային պատվերը: Նույն սցենարով ընթացավ նաեւ Գեւորիկի մրցելույթը: Նա, սկզբում սանձելով 164 կգ ծանրաձողը, հաջորդ երկու մոտեցումներում ի վիճակի չեղավ հաղթահարել նախ՝ 198, ապա նաեւ՝ 199 կիլոգրամները:
Ի վերջո, երկամարտի արդյունքով Գեւորիկ Պողոսյանը 358 կիլոգրամով գրավեց 9-րդ, իսկ Արամ Անդրիկյանը (353 կգ)՝ 10-րդ հորիզոնականը: Դա լա՞վ է, թե՞... Վերջնական գնահատականը, Երեւան վերադառնալուց հետո, կտան հավաքականի մարզիչները եւ ֆեդերացիան: Իսկ մինչ այդ, տպավորությունը հետեւյալն է: Տղաները, գուցե, ի վիճակի էին ավելիին: Բայց որ պայքարեցին, կասկած չկա: Ու այդ պայքարն, իսկապես, անզիջում էր ոչ միայն ծանրաձողի, այլեւ՝ իրենք իրենց հետ: Մնում է հուսալ, որ ժամանակի ընթացքում, երբ նրանք ավելի կհասունանան եւ նման մակարդակի մրցումներում թրծված կդառնան, բոլորս էլ մեր ակնկալած արդյունքների ականատեսը կդառնանք: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| ԳԻՏԱԿՑՎԱԾ ԻՆՔՆԱԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆ |
| |
Սպորտը առողջության թիվ մեկ գրավականն է: Ու դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող: Մարդու մարմինը մշտապես պետք է շարժման մեջ լինի, աշխատի որոշակի լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ: Դա օրգանիզմի մշտապես լիցքավորման պահանջն է, որը նախանշված է ի վերուստ: Հակառակ դեպքում՝ ժամանակից շուտ վրա հասնող ծերությունն անխուսափելի է: Ասվածը սովորական մահկանացուների համար վերաբերում է առողջ ապրելակերպ վարելուն, ամենօրյա լիցքային վարժություններին եւ, վերջապես, առողջարարական ֆիզկուլտուրային:
Այլ բան է մեծ, այլ կերպ ասած՝ պրոֆեսիոնալ սպորտը, որը անհատից անմնացորդ կլանում է ամեն ինչ: Ու դեռ հայտնի չէ, թե վերջն ի՞նչ կլինի: Պրոֆեսիոնալ մարզիկը գիտի, թե ինչի՞ է գնում, ի՞նչ գնով եւ ի՞նչ անակնկալների կարող է դեմ առնել: Այն էլ՝ սարսափելի անակնկալների:
Խոսքը վնասվածքների մասին է, որոնք մարզական աստղերին հետապնդում են ամեն մի քայլափոխի: Դա լինի մարզմա՞ն ժամանակ, թե՞ պայքարի ամենապատասխանատու պահին, երբ որոշվում է ճակատագիրդ: Ցավոք, վերջինը նրանց երբեմն բռնեցնում է հենց այդ ժամանակ ու ամեն բան՝ տարիների չարչարանքներն ու զրկանքները մեկ ակնթարթում զրոյացնում: Այստեղ ամենադաժանն այն է, որ երբ «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ» օլիմպիական կարգախոսի այս երեք բաղադրիչներից որեւէ մեկում թեկուզ աննշան շեղում է լինում, մարզիկը կանգնում է ընդմիշտ հաշմանդամ դառնալու վտանգի առջեւ: Ու դա էլ երբեմն համարվում է որպես չարյաց փոքրագույն:
Մեծ սպորտում ծանր վնասվածքներն անխուսափելի են: Վիճակագրությունն էլ մարզաձեւերն ըստ այդմ դասդասել է: Ստորեւ բերվող լուսանկարները ծանրամարտից են, որտեղ, պատկերացրեք, վնասվածքներ, սովորաբար, հազվադեպ են լինում: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
| |
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, նշելով, որ որոշումը կայացվել է ֆեդերացիայի գործկոմի նիստում, որը նախագահել է ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Օրակարգում եղել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածության հարցի քննարկումը:
Ներկայացնելով խնդիրը՝ ՀՖՖ նախագահը պարզաբանել է 2010 թվականի աշխարհի գավաթի որակավորման փուլում մեր ընտրանու անհաջող ելույթների եւ գլխավոր մարզիչ Յան Պոուլսենին պաշտոնանկ անելու որոշման պատճառները, որից հետո առաջարկել է քննարկել մինչեւ ընտրական փուլի ավարտը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Իվո Շուշակի թեկնածությունը, որն այդպիսի աշխատանքի փորձ ունի եւ որի համար էլ նրան կարելի է այդ հնարավորությունն ընձեռել, իսկ հաջող աշխատանքի պարագայում հետագայում նրա հետ ավելի երկարաժամկետ պայմանագիր ստորագրել:
Խնդրի շուրջ բուռն քննարկումներ են ծավալվել, որոնցում հնչել են տարբեր տեսակետներ: Դրանցում գերիշխել է այն տեսակետը, որ ավելի նպատակահարմար է այս փուլում հնարավորություն տալ տեղի մասնագետին, տվյալ դեպքում՝ Վարդան Մինասյանին, որն ըստ էության ավելի լավ է ճանաչում հավաքականի թեկնածուներին եւ նրանց մեծ մասի հետ, փաստորեն, շփվում է ամեն օր: Իսկ արտասահմանցի մասնագետը, որի մասնագիտական մակարդակին ոչ ոք չի կասկածում, դեռ պետք է իրեն դրսեւորի երկրի ներքին առաջնությունում:
Կազմակերպված քվեարկությամբ ձայների մեծամասնությամբ անցել է Վարդան Մինասյանին՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակելու առաջարկը: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| ԱՊՐԻԼԻ 11 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հարազատները կաջակցեն ձեզ նոր գործեր սկսելու հարցում:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր զբաղվեք սպորտով, հետեւեք ձեր կազմվածքին:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Խուսափեք ավելորդ ծանրաբեռնվածությունից, հանգստյան օրերին մոռացեք աշխատանքի մասին:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Գնացեք քաղաքից դուրս՝ ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հնարավորություն կունենաք լիարժեք լիցքաթափվելու:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Վերջապես կազատվեք այն մարդկանցից, որոնք ամբողջ շաբաթ ձանձրացնում էին ձեզ:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր անսպասելի, բայց հաճելի հյուրեր կունենաք:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մտերիմների հետ շփվելիս՝ նրանց նկատմամբ ավելի ջերմ եղեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Եթե սիրո հարցում անհաջողություններ ունեք, մի տխրեք, հիշեք, որ առջեւում գարուն է:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Անսպասելի սիրո խոստովանությունը ձեզ մտածելու տեղիք կտա:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Այսօր ձեր ամենաերկար փայփայած երազանքն իրականություն կդառնա:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Այսօր օրը ձերն է, խենթացեք, զվարճացեք՝ որքան ուզում եք: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| ԿԹԱՆԿԱՑՆԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ |
| |
Ըստ ուղեւորափոխադրող ընկերությունների՝ մինչ Երեւանի քաղաքապետի ընտրությունները, քաղաքային իշխանությունները չեն թույլատրի բարձրացնել հասարակական տրանսպորտի ուղեվարձը:
Համաձայն 2001-ից գործող կարգի, հանրային տրանսպորտի որեւէ երթուղու մրցութային փաթեթում սահմանված սակագինը փոփոխելու համար երթուղին սպասարկող ընկերությունը պետք է հայտ ներկայացնի համապատասխան գերատեսչությանը՝ տնտեսապես հիմնավորելով սակագնի փոփոխության անհրաժեշտությունը:
Եթե Երեւան քաղաքում կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից մինչ օրս ոչ մի հայտ չի ներկայացվել Երեւանի քաղաքապետարան, ապա միջմարզային երթուղիները սպասարկող 18 ընկերություն արդեն իսկ ուղեվարձի փոփոխման հայտով դիմել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը՝ պահանջելով 35-40%-ով բարձրացնել ներկայիս ուղեվարձը: Հայտում ներկայացված հիմնավորումները պետք է ուսումնասիրվեն եւ 15-30 օրվա ընթացքում նախարարության մրցութային հանձնաժողովը պետք է կայացնի համապատասխան որոշում:
Նշենք, որ անցյալ օրերի ընթացքում որոշ միջմարզային երթուղիների վարորդներ կամայական ձեւով բարձրացրել էին ուղեվարձերը, բողոքելով, որ գծատերերը հաշվի չեն առել թանկացումները եւ չեն վերանայել իրենց վրա դրված օրավճարի պլանը, ուստի իրենք ստիպված են գնալ այդ քայլին՝ վնասով չաշխատելու համար: Նույն դժգոհությունն առկա է նաեւ մայրաքաղաքի երթուղիները սպասարկող վարորդների մոտ, մինչդեռ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ուղեվարձերի թանկացման մասին առայժմ խոսք չկա: Ավելին, ըստ նրա, Երեւանի որեւէ երթուղում չի գրանցվել ուղեվարձի կամայական թանկացման դեպք: Ուշագրավ է, որ նույն գնով գազ լիցքավորող միջմարզային երթուղիների համար առկա սակագինն այլեւս շահութաբեր չէ, իսկ Երեւանի երթուղիները սպասարկող ընկերություններն առայժմ շարունակում են աշխատել այդ սակագնով:
Ամենահավանական պատասխանն այն է, որ Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին՝ գործող քաղաքապետի կողմից մայրաքաղաքի հանրային տրանսպորտի ուղեվարձերի բարձրացումը բացասական արձագանք կառաջացնի հանրության շրջանում, ինչն էլ կանդրադառնա ընտրությունների պատկերի վրա: Հիշեցնենք, որ երբ նախորդ տարի Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հրամանով մայրաքաղաքի երթուղային տաքսիների սակագինը փոփոխվեց՝ 100 դրամից դառնալով 130 դրամ, դա առաջացրեց հանրության բուռն դժգոհություն եւ ընդամենը մի քանի օր անց քաղաքային իշխանությունները ստիպված եղան վերադառնալ հին սակագներին: Եվ եթե այն ժամանակ երեսուն դրամով թանկացումներն առաջացրին բողոքի ալիք, ապա ներկա լարված սոցիալ-տնտեսական իրավիճակում ուղեվարձի 50 դրամով թանկացումը կարող է սոցիալական բողոքի նոր ալիք առաջացնել, որը, բնականաբար, առաջին հերթին բացասաբար կանդրադառնա նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի «ռեյտինգի» վրա: Ուստի, քաղաքային իշխանություններն ամեն կերպ կփորձեն մինչեւ ընտրությունները անփոփոխ թողնել հանրային տրանսպորտի սակագները: Սակայն արդեն դրանից հետո, ըստ երթուղային տաքսիների գծատերերի, ուղեվարձերի բարձրացումն անխուսափելի է:
Եթե հանրային տրանսպորտի սակագների փոփոխությունը կախված է պետական ատյանների որոշումից, ապա տաքսի ծառայություններ իրականացնող ընկերությունները, որպես անկախ տնտեսվարող սուբյեկտներ, ազատ են փոփոխելու իրենց ծառայությունների սակագինը: Սակայն այստեղ եւս մինչ օրս գործում են նախկին սակագները, թեեւ գրեթե բոլոր տաքսի ծառայությունների ղեկավարները հայտարարում են, որ ներկայումս աշխատում են գրեթե զրոյական շահույթով: Ըստ «Տաքսի ծառայությունների ասոցիացիայի» նախագահ Էդուարդ Կիրակոսյանի, առայժմ տաքսի ծառայությունները չեն բարձրացնում իրենց սակագները, քանի որ ճգնաժամի արդյունքում արդեն իսկ զգալիորեն կրճատվել է տաքսի ծառայություններից օգտվողների թիվը: Եվ եթե հիմա տաքսիները, առաջ ընկնելով հասարակական տրանսպորտից, բարձրացնեն իրենց սակագները, ապա այդ դեպքում իրենց ծառայություններից օգտվողների թիվն էլ ավելի կկրճատվի: Հետեւաբար՝ իրենք ստիպված են առժամանակ սպասել, մինչեւ կհստակեցվի հանրային տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման հարցը:
Տեղեկացնենք, որ հնարավոր թանկացումների դեպքում առավել հավանական համարվում է երթուղային տաքսիների դեպքում՝ 150, իսկ տաքսի ծառայությունների դեպքում՝ 1կմ-ն 150 դրամ դարձնելու տարբերակը: |
| |
| ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| Չշահած ՀԴՄ կտրոնները եւս կշահեն |
| |
Տեսնելով, որ ՀԴՄ կտրոնների միջոցով վիճակահանություն կազմակերպելու գաղափարն այնքան էլ չի արդարացնում ակնկալվող սպասելիքները, քանի որ յուրաքանչյուր ամիս հազարավոր կտրոններից հատուկենտ շահումներ են գրանցվում, մեր կառավարությունը որոշել է այլ մեթոդի դիմել: Որպեսզի վիճակահանությունից հիասթափված քաղաքացիները գնումներ կատարելիս շարունակեն պահանջել ՀԴՄ կտրոնները, որոշվել է նրանց խրախուսել: Սկսած այս տարվա ապրիլի 1-ից, չշահած կտրոնները դեն նետելու փոխարեն պետք է խնամքով պահել, քանի որ դրանցով եւս կարելի է որոշ գումար «վաստակել»: Այսուհետեւ, երեք ամիսը մեկ անգամ, այսինքն առաջին փուլում ապրիլ-մայիս-հունիս ամիսներին, եթե հավաքած 50 եւ ավելի կտրոնների վրա ֆիքսված ընդհանուր գումարը գերազանցի 100 հազար դրամը, ապա պետությունը, որպես բոնուս, սպառողին կվերադարձնի այդ գումարի 2,5%-ը՝ 2500 դրամը: Սա շահում ստանալու համար սահմանված նվազագույն շեմն է, 99 հազար դրամ կամ քիչ առեւտուր կատարած քաղաքացիները այդ գումարից ոչ մի կոպեկ հետ չեն ստանա: 50 կտրոնով 200 հազար դրամ հավաքելու դեպքում, քաղաքացին կստանա 6 հազար դրամ, իսկ եթե նույն քանակի կտրոններով կատարած առեւտրի ծավալը անցնում է 300 հազար դրամից, ապա քաղաքացին կարող է ստանալ 10 հազար դրամ: Նույն կերպ 100 կտրոնով 200 հազար դրամ հավաքելու դեպքում՝ հետ կտրվի 5 հազար, 400 հազարի դեպքում՝ 12 հազար, իսկ 600 հազարի դեպքում՝ 20 հազար դրամ:
Կտրոնների քանակի եւ ֆիքսված առեւտրի ծավալների մեծացմանը զուգահեռ, մեծանում է նաեւ մրցանակային ֆոնդը. օրինակ՝ 3 ամսվա ընթացքում 1 000 կտրոն ունենալու դեպքում, որոնցով ֆիքսված առեւտրի ծավալը 6 մլն դրամ է, քաղաքացին կստանա 200 հազար դրամ:
Մեր քաղաքացիների մեծ մասը կարող է հավակնել միայն լավագույն դեպքում 50 կտրոնով 100 հազար դրամ հավաքելուն, իսկ նրանք, ովքեր 3 ամսվա ընթացքում կատարում են 6 միլիոն եւ ավելի դրամի առեւտուր, թերեւս այնքան էլ չտարվեն բոնուս ստանալու գաղափարով:
Պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, այս նորամուծության նպատակն այն է, որ կտրոն պահանջելու հարցում մեր քաղաքացիները ավելի շահագրգիռ լինեն, բացի այդ, հետեւեն, որպեսզի տրամադրվող կտրոնների վրա նշված լինի իրենց կատարած առեւտրի իրական գումարը. «Արդյունքում կմեծանա հարկային մարմիններին տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած շրջանառությունը, այդպիսով՝ նաեւ հարկերը»: |
| |
| Գ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| «ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԸ» ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՆՈՒՄ |
| |
Երեկ Գյումրիի Մուշ-2 թաղամասում բողոքի ակցիա են կազմակերպել մոտ 300 շինարարներ: Նրանք բողոքել են, որ «Գլենդել Հիլզ» շինկազմակերպությունը, որը աղետի գոտում բնակարանաշինություն է իրականացնելու, պատրաստվում է իրենց շատ ցածր վճարել՝ կատարվելիք աշխատանքների համար: Այս մասին տեղեկացնում է «7օր.am»-ը: Աղբյուրի փոխանցմամբ, ըստ շինարարների հաշվարկի, առաջարկվող գնային քաղաքականության պայմաններում իրենց աշխատավարձը կկազմի ընդամենը 50-60 հազար դրամ: Շինարարներից մեկն ասել է, որ ի պատասխան իրենց բողոքի, կազմակերպությունից պատասխանել են, որ ճգնաժամ է, եւ իրենք չեն կարող համապատասխան չափով վճարումներ կատարել: «Ուզում եք աշխատեք, չեք ուզում՝ մի աշխատեք, այլ ցանկացողներ շատ կլինեն»,- պատասխանել են բանվորներին:
Բանվորների խոսքերով, փորձ է արվում օգտվել Գյումրիում ստեղծված սոցիալական ծանր իրավիճակից. «Շատերը չեն մեկնել Ռուսաստան, մնացել են էստեղ, աշխատանքը՝ քիչ, աշխատել ցանկացողները՝ շատ: Հիմա սրանք օգտվում են էդ հանգամանքից ու ինչ գին ցանկանում՝ դնում են: Մարդ 50-60 հազար դրամով ո՞նց ընտանիք պահի»: Այս առնչությամբ «Գլենդել Հիլզ» շինկազմակերպության Գյումրու կառուցապատման պատասխանատու Միքայել Ներսիսյանն ասել է, որ, իրենց հաշվարկներով, շինարարը ամսական ստանալու է 150-170 հազար դրամ աշխատավարձ: Նրա խոսքերով, իրենք կառուցապատման 1քմ-ն գնահատել են 2 հազար դրամ. «Եթե ամսական 70-75 քառակուսի մետր գործ անեն՝ կստացվի իմ նշած թիվը»:
Շինարարները որոշել են երեքշաբթի օրը հավաքվել մարզպետարանի դիմաց՝ իրենց բողոքը ներկայացնելու մարզային իշխանություններին: Նշենք նաեւ, որ «Գլենդել Հիլզում» ներկայումս գրանցված է մոտ 1500 շինարար: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՈՂՋԱՄԻՏ ԼԻՆԵԼ |
| |
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների գծով տնօրեն Մասուդ Ահմեդը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տվել ողջամտություն ցուցաբերել եւ նախապատրաստվել շատ ավելի բացասական տնտեսական զարգացումների: Այս մասին Մ. Ահմեդը ասել է երեկ Երեւանում տեղի ունեցած «Գլոբալ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով քննարկման ժամանակ:
ԱՄՀ ներկայացուցիչն իր ասածը հիմնավորել է նրանով, որ Ռուսաստանի տնտեսական անկումը դեռեւս ամբողջապես չի անդրադարձել Հայաստանի վրա, հետեւապես, մինչեւ իրավիճակի կայունանալը, հնարավոր է տնտեսական վիճակի ավելի վատթարացում: Մ. Ահմեդի ներկայացմամբ, սկսած 2010 թվականից, տնտեսական վիճակը աշխարհում կսկսի կայունանալ. «Չնայած տնտեսական աճ գործնականում չի գրանցվի, սակայն կլինի իրավիճակի կայունացում»: ԱՄՀ ներկայացուցիչը նշել է, սակայն, որ եթե կոնկրետ քայլեր, մասնավորապես՝ կարիքավորների սոցիալական պաշտպանության ուղղությամբ, չձեռնարկվեն, ապա համաշխարհային տնտեսական վիճակն ավելի վատ կլինի, քան հիմա:
Քննարկմանը ներկա Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն իր ելույթում նշել է, որ չնայած մեր պետության բանկային համակարգը բավականին կապիտալիզացված է, սակայն 70%-անոց դոլարիզացիայի պայմաններում չեն կարողանում ակտիվորեն վարկավորում իրականացնել: Ըստ Վ. Գաբրիելյանի, շնորհիվ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության, նախորդ տարի ԱՊՀ երկրների շարքում ամենացածր գնաճը եղել է Հայաստանում: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| ԱԱՀ-Ն ԴԵՂՈԼՈՐՏԻՆ ՎՆԱՍՈՒՄ Է |
| |
Մի շարք գործարարներ վստահեցնում են, որ այսօր դեղի բիզնեսով զբաղվելը բավականին եկամտաբեր է, այդուհանդերձ, նրանց ներկայացմամբ, կան որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են դեղագործական ոլորտում բիզնես ծավալելուն:
Երեկ Մոսկվայի տանը կազմակերպված «Առողջություն եւ դեղագործություն, Էքսպո-2009» խորագիրը կրող միջազգային ցուցահանդեսի ժամանակ «Առավոտը» զրուցեց մի շարք դեղագործական ընկերությունների հետ, որոնք ներկայացրել էին իրենց արտադրանքը՝ դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ եւ բժշկական կլինիկաներ: Ցուցահանդեսին մասնակցում էր մոտ 50 տեղական եւ արտասահմանյան դեղագործական ընկերություն:
Դեղագործական ընկերությունները, ներկայացնելով իրենց ապրանքները, ծանոթանում էին նաեւ մրցակիցների տաղավարներին:
«Առավոտի» հետ զրույցում թեեւ մի շարք ընկերություններ վստահեցրին, որ ճիշտ է՝ նման ցուցահանդեսներ կազմակերպելը լավ է, սակայն ոլորտում անելիքներ շատ կան:
Մեզ հետ զրույցում Դեղարտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրեն Արմեն Աղայանցն ասաց, որ այսօր լուրջ խնդիր է դեղագործական բիզնեսում ավելացված արժեքի հարկ կիրառելը. «Պետք է ԱԱՀ-ի կիրառումն ամբողջ դեղագործական ոլորտի վրայից կամ վերացնեն կամ գոնե նվազեցնեն: Հարեւան պետություններում ոչ դեղահումքերի, ոչ դեղերի վրա ԱԱՀ չկա: Ստացվում է, որ հարեւան երկրների հետ անհավասար պայմաններով ենք մրցակցում եւ ընդհանրապես գնային իմաստով լրիվ մրցակցությունից դուրս ենք: Մեր շուկան փոքր է, եւ մենք մեծ ծավալի ապրանք չենք բերում, որպեսզի հենց սկզբից մեծ ծավալի դեպքում որոշ զեղչերով բերվի, ուստի ԱԱՀ-ն արդեն խնդիր է»: Պարոն Աղայանցի խոսքերով՝ խնդրի առնչությամբ դիմել են ՀՀ վարչապետին, առողջապահության նախարարություն. «Նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրեց եւ լուրջ փաստաթուղթ ներկայացրեց կառավարություն, որտեղ դեռ պետք է քննարկվի այդ փաստաթուղթը: Սակայն այսօրվա ճգնաժամի պայմաններում չեմ կարող ենթադրել, թե ի՞նչ ընթացք կստանա»: Ըստ Ա. Աղայանցի, ներմուծող ընկերությունների համար դեղ գրանցելն էլ բարդ գործընթաց է. «Շատ երկար է ժամկետը սահմանած կամ, ասենք, 10-օրյա ժամկետում արդեն պետք է գրանցված դեղի նոր պարտիան հաստատվի, էլի անիմաստ ձգձգվում է: Օրինակ՝ 10 օրվա ընթացքում ստուգում են, մեկ էլ փաստաթղթերից մեկը պակաս է կամ որեւէ կնիք, ստորագրություն չկա, այդ ընթացքում չեն ասում՝ տար կնիքը խփի բեր: Պարզապես չեն հաստատում, 10 օրից ասում են՝ սենց խնդիր կա, ստիպված այդ մարդիկ դեղի պարտիան հետ են ուղարկում, քանի որ 1 տարվա ժամկետից արդեն 3 կամ 10 օր պակաս է»: Ա. Աղայանցը նաեւ ասաց, որ համապատասխան մարմինների հետ բանակցում են, որպեսզի դեղի գրանցման գործընթացը պարզեցվի եւ հստակեցվի:
«Հայաստանը գտնվում է ներմուծվող դեղերի ազդեցության ներքո, քանի որ տեղական արտադրության դեղերը շուկայի ընդամենը 10%-ն են գրավում, այսինքն՝ 3500 գրանցված դեղերից 500-ը տեղական արտադրության նույնանման դեղեր են: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք իրենց կլինիկական եւ որակական ազդեցությամբ չեն զիջում արտասահմանյան արտադրությանը: Մրցակցությունը բացարձակ առավել է, տեղականն ավելի էժան է: Այդ դեղերի 40%-ը արտահանվում է ԱՊՀ երկրներ, իսկ վատ դեղն ուղղակի չես կարող արտահանել»,- ասաց Արմեն Աղայանցը:
Ցուցահանդեսին ներկա «Ինատեկ» ընկերության ներկայացուցիչ Նաիրա Դոլյանն էլ վստահեցրեց, որ ԱԱՀ-ն նպաստում է, որպեսզի հարեւան երկրներից անօրինական ճանապարհով դեղեր ներմուծվեն, քանի որ հարեւան երկրներում ԱԱՀ չի գործում. «Երեւի մաքսայինը դա կշտկի: Պարզապես շուկան շատ փոքր է, ԱԱՀ-ն էլ ձեռնտու չէ: Եթե Ռուսաստանում ամեն ինչ վաճառվում է եւ շահույթ է լինում, ապա Հայաստանում այդպես չէ: Ինչ վերաբերում է դեղի գրանցմանը, պետք է ասեմ, որ Դեղգործակալությունում գրանցումը երկար է տեւում: Իսկ այդ ընթացքում շուկայից այդ դեղը բացակայում է, սպառողները հասցնում են մոռանալ: Դա մեզ համար հավելյալ ծախսերի է բերում, քանի որ նորից գովազդ ենք անում, բժիշկների հետ ենք աշխատում»:
Ի տարբերություն մյուս ընկերությունների, «Արգո ֆարմ» ընկերության ներկայացուցիչը Հայաստանի դեղագործական ոլորտը գնահատեց գերազանց. «Եթե մեր երկրի բոլոր ոլորտներն այս մակարդակի վրա լինեին, ինչպիսին դեղագործությունն է, ապա մենք կլինենք ամենաառաջատար երկրներից մեկը»: «Մեդսիս» բուժվերականգնողական կենտրոնի տնօրեն Գարեգին Համբարձումյանի խոսքերով էլ, քանի որ կենտրոնը 6-7 ամիս է գործում եւ նոր ժամանակակից մեթոդներ են կիրառում, ուստի որոշել են ցուցահանդեսին մասնացել: Ինչ վերաբերում է ոլորտի խնդիրներին, պարոն Համբարձումյանը վստահեցրեց՝ ամեն ինչ կարգին է:
«Էկոլապ» ռուսական ընկերությունն էլ էր որոշել մասնակցել ցուցահանդեսին, որպեսզի ծանոթանա հայկական շուկային եւ օրենսդրությանը: Տատյանա Սոլովյովայի խոսքերով, չնայած դեռ առաջարկներ չեն ստացել, բայց շատ են հետաքրքրվում: Ցուցահանդեսում տաղավար ուներ նաեւ առողջապահության նախարարությունը: Ճիշտ է, դեղեր եւ սարքավորումներ չէին ներկայացվել, բայց նախարարությունը հպարտանում էր վերակառուցվող եւ նոր կառուցվող մի շարք կլինիկաների մակետներով: |
| |
| ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| Կողոպտել են բենզալցակայան |
| |
Ապրիլի 9-ին ոստիկանության Վայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել «Վայք-Գազ» ՍՊԸ բենզալիցքավորման կայանի լիցքավորող, 1966 թ. ծնված Հրաչիկ Բ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, 3 անհայտ անձինք զինված հարձակում են գործել Երեւան-Մեղրի ճանապարհին գտնվող նշված բենզալիցքավորման կայանի վրա, հրազենային վնասվածքներ հասցրել Հրաչիկ Բ.-ի ձախ ձեռքին եւ գլխին, հափշտակել մոտ 120 հազար դրամ եւ բջջային հեռախոս, ապա մուգ գույնի «ՎԱԶ-2108» կամ «ՎԱԶ-2109» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ Երեւանի ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| Տաքսու վարորդ են սպանել |
| |
Երեւանում կատարվել է տաքսու վարորդի դաժան սպանություն: Ինչպես հաղորդում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը, մարտի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1981 թ. ծնված Գարիկ Սարուխանյանը մարտի 29-ին, ժամը 22-ին, դուրս է եկել տնից եւ չի վերադարձել, իսկ մարտի 31-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցների կողմից նրան պատկանող՝ տաքսու պարբերանշանով, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում կանգնեցնելու փորձ կատարելու ժամանակ 2 ուղեւորն ու վարորդը, թողնելով այն, դիմել էին փախուստի: Ապրիլի 8-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, սպանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1989 թ. ծնված Մանուկ Ս.-ին եւ 1984 թ. ծնված Վարդան Վ.-ին: Վերջիններս խոստովանել են, որ մարտի 29-ին, ավազակային հարձակում կատարելու նպատակով, Հալաբյան փողոցում նստել են Գ. Սարուխանյանին պատկանող ավտոմեքենան: Հասնելով Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկ, Մանուկ Ս.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Գ. Սարուխանյանի պարանոցին եւ սպանել, որից հետո դիակը տեղափոխել են ամայի տարածք, ծածկել խճաքարերով եւ հափշտակել Գ. Սարուխանյանին պատկանող ավտոմեքենան, բջջային հեռախոսն ու թվային լուսանկարչական ապարատը: Դեպքի վայրում հայտնաբերվել է Գ. Սարուխանյանի դիակը: Մանուկ Ս.-ն եւ Վարդան Վ.-ն ձերբակալված են: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| Անմարդաբնակ տունը ջեռուցվե՞լ է |
| |
«Տեսուչը ապօրինաբար պարտքեր է գրել ինձ վրա, ինչի պատճառով էլ լույսս անջատել են, բայց ես այդ տանը չեմ բնակվում, մանավանդ ձմռան ամիսներին հարազատներիս մոտ եմ լինում, միայն օրվա ընթացքում գալիս եմ տեսնեմ՝ տունս ինչ վիճակում է եւ գնում եմ, ինչպե՞ս կարող է դատարկ տանը 18 հազար 800 դրամի լույս օգտագործվել: Հիմա օրերով լույս չունեմ»,- օրերս նման բողոքով «Առավոտին» էր դիմել Էջմիածնի Աթաբեկյան 1-ին փակուղու թիվ 1 տան բնակիչ՝ 80-ամյա Սարայի Մանուկյանը: Նրա խոսքերով, տեսուչ Օգսեն Մկրտչյանն իր դեմ լարված է եւ անձնական դրդապատճառներով է իրեն անլույս թողնում ու մեծ պարտքերի տակ գցում: Ս. Մանուկյանի ներկայացմամբ, ինքը միայնակ թոշակառու է, ի վիճակի չէ այդ գումարները վճարել, հենց այդ պատճառով էլ հարազատների տանն է բնակվում, որպեսզի էլեկտրաէներգիա չծախսի: Այս առնչությամբ «Հայէլցանցեր» ընկերության մամուլի քարտուղար Մարգարիտա Գրիգորյանը «Առավոտին» պարզաբանեց, որ իրենք կրկնակի ստուգման արդյունքում համոզվել են, որ կնոջ պարտքը կուտակվել է թերվճարումների արդյունքում. «Նա մեկ վճարել է, մեկ չի վճարել, կամ վճարել է կիսով չափ, դրա պատճառով էլ 51 հազար 775 դրամի պարտք է կուտակվել, որն անպատճառ ենթակա է վճարման: Մնացած հարցերով Ս. Մանուկյանը կարող է դիմել դատարան: Այս մասին մենք նրան տեղեկացրել ենք»:
Տիկին Սարայիի խոսքերով, ինքն էլ հենց այդ է ասում, որ իր հաշվին ավելի կիլովատներ են գրել. «Բողոքելուց հետո եկան ինձ հրավիրեցին մեր էլեկտրացանց, ու ինձ ցույց են տալիս իմ հաշվիչը, թե իբր տես՝ ամեն բան նորմալ է, բայց ես հո մասնագետ չեմ, որ հաշվիչին նայելով հասկանամ, որ ամեն բան նորմալ է, բա որ նորմալ է, ինչպես եղավ, որ ես, տանը չլինելով հանդերձ, այդքան հոսանք օգտագործեցի»:
|
| |
| Ա. Խ. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| Լիցենզիաներն ուժի մեջ են |
| |
«Առավոտ» օրաթերթի նախորդ համարում հրապարակված «Խաղատները լիցենզավորվեցին» նյութում մեջ նշել էինք, որ ֆինանսների նախարարությունը 12 խաղատան լիցենզիա է տրամադրել: Ֆիննախից հայտնեցին, որ նշյալ խաղատներին ոչ թե նոր լիցենզիաներ են տրամադրել, այլ ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ՝ ուժի մեջ են 116 շահումով խաղի, 12 խաղատան եւ 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ԹՈՌՆ՝ ԸՆԴԴԵՄ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՏՂԱՅԻ |
| |
Հայկաձորի վանքի արտերը մնացել են միայն ժողովրդի հիշողության մեջ
ՀՀ քաղաքացներ Միշա Ներսիսյան եւ Ասյա Հովհաննիսյան ամուսինները, սկսած ՀՀ անկախության առաջին օրերից, պայքարում են ծննդավայր՝ Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի ջրաղացին եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն երկրորդ կյանք տալու համար:
Եվ եկեղեցին, եւ ջրաղացը Արաքս գետի ափին են՝ սահմանամերձ հատվածում, եւ դրանց մոտենալու համար սահմանապահների հատուկ թույլտվությունն է պետք: Հայկաձորի գյուղական արխիվների համաձայն, ջրաղացը գործել է մինչեւ 1963 թվականը, եւ ոչ միայն հայկաձորցիք, այլեւ հարեւան գյուղերի բնակիչներն էլ են օգտվել այս ջրաղացից: Եկեղեցին վաղուց չի գործում: Միշա Ներսիսյանն էլ, որ հոգեւորականի թոռ է, որոշել է նորոգել ջրաղացը, շահագործել այն եւ ստացած եկամուտը ամբողջությամբ ուղղել եկեղեցու վերակառուցմանը: Անհրաժեշտ բոլոր ատյաններով անցնելուց եւ ջրաղացը վերանորոգելու եւ շահագործելու թույլտվություն ստանալուց հետո՝ 1993 թվականի ապրիլին Միշա Ներսիսյանը, մի «գեղեցիկ» օր, ջրաղացը քանդած է գտել: Քանդողը Ցոլակ Աբրահամյանն է, բայց քանի որ սահմանամերձ տարածք առանց գյուղապետի գիտության եւ թույլտվության ոչ ոք չէր կարող մտնել, Միշա Ներսիսյանը հակված է ենթադրել, որ ջրաղացը քանդվել է Հայկաձորի այն ժամանակվա գյուղապետ Պավել Գեւորգյանի կամոք: Ջրաղացի հետ միասին, ըստ Միշա Ներսիսյանի, քանդվել, թալանվել է հարեւան պոմպակայանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից Միշա Ներսիսյանին տեղեկացրել են, թե պոմպակայանը չի թալանվել, սակայն պարոն Ներսիսյանը առաջարկում է ստուգել իր հայտարարությունը: Դրանից հետո Հայկաձորում գյուղապետ են դարձել Գեւորգ Սարգսյանը, Արթուր Սարգսյանը: Հիմա գյուղապետը Պավել Գեւորգյանի որդին է՝ Ռուդիկ Գեւորգյանը:
Մեզ հետ զրույցում Միշա Ներսիսյանը Պավել Գեւորգյանի բացասական վերաբերմունքի մեկ վարկած ներկայացրեց: Գեւորգյանը ցանկացել է սեփական շահը ունենալ՝ մասնաբաժին ունենալ շահագործվելիք ջրաղացից, ինչին ինքը դեմ է եղել: Պավել Գեւորգյանն էլ որոշել է «պատժել» Միշա Ներսիսյանին: Բացի ջրաղացի հարցերը լուծելուց, հողի սեփականաշնորհման ժամանակ արդեն Երեւանի գրանցում ունեցող Միշա Ներսիսյանին հող չի տվել, թեեւ, համաձայն կառավարության որոշման, գյուղաբնակներին հողը տալուց հետո մնացած հողերը պետք է տրվեին գյուղի նախկին բնակիչներին: Հող չի մնացել, հայտարարել է գյուղապետը: Ի դեպ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին խորհրդային կարգերից առաջ հողեր է ունեցել, կան դրա վկայություն քարտեզներ, որոնց վրա «վանքի արտեր» անունով տարածքներ են պատկերված, բայց Պավել Գեւորգյանը եկեղեցուն էլ ոչ մի թիզ հող չի տվել:
Միշա Ներսիսյանը շարունակել է պայքարը: Հող է վարձակալել եւ մշակել: Բայց երբ այստեղ էլ են խոչընդոտներ «հայտնվել»՝ սահմանամերձ հողատարածք մտնելը պարբերաբար արգելվել է, հնձի եւ ջրելու ժամանակահատվածում տնից գողացել են հին եւ արժեքավոր ավետարանը եւ այլ գրքեր, Միշա Ներսիսյանը վաճառել է հայրական տունը եւ վերջնականապես հեռացել գյուղից: «Տղաս գնաց Ռուսաստան: Ասաց՝ պապ, եթե մեզ այստեղ չեն թողնում հող մշակել, ես ի՞նչ անեմ: Փաստորեն՝ տղայիս աքսորել են»,- նկատեց Միշա Ներսիսյանը:
Այս ամենից հետո Միշա Ներսիսյանը ընդամենը մի քանի հարց ուներ. «Վարձակալած հողը 13 տարի մշակել եմ եւ հարկերը վճարել եմ, Հայկաձորը ունի 2000 հեկտար հող: Սեփականատերերը ինձ նման պարտաճանաչ վճարո՞ւմ են հարկերը: Հնարավորություններիս սահմանում մասնակցել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքներին: Նախկին եւ գործող գյուղապետերը ինչքա՞ն գումար են փոխանցել այդ հիմնադրամին»:
Գործող գյուղապետ Ռուդիկ Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պոմպակայանը թալանելու, ջրաղացը քանդելու մասին հայտարարությունները անհիմն խոսակցություններ են՝ «պոմպակայանը մինչեւ հիմա գործում է, ես այնտեղից ջուր եմ հանում»: Միշա Ներսիսյանին հող չտալու մասին գյուղապետը ասաց. «Ես չգիտեմ այն ժամանակ ինչ է եղել, դրա համար էլ՝ չեն տվել»: Իսկ եկեղեցուն հող չտալու հարցին պատասխանելով, գյուղապետարանի գլխավոր մասնագետ Սաշա Եղոյանը ասաց. «1800 թվականներին ենք մենք դաշտեր ունեցել, որ «վանքի արտեր» են կոչվել: Ժողովրդի հիշողության մեջ որոշ բաներ մնացել են, բայց սովխոզի, կոլխոզի ժամանակ օգտագործվել է, հիմա էլ սեփականաշնորհվել է տարբեր մարդկանց, ուրիշ չկա»:
Նախկին գյուղապետ Պավել Գեւորգյանն էլ ասաց, թե Միշա Ներսիսյանի նշած պոմպակայանը ոչ թե թալանվել է, այլ կառուցողն ինքը շինարարությունը կիսատ է թողել ու պոմպերը տարել: Բայց գյուղը հիմա ունի աշխատող պոմպակայան: Պավել Գեւորգյանը ասաց, որ եթե ինչ-որ բան թալանվել է, ապա դա արել են Միշա Ներսիսյանի ազգական գյուղապետերը: |
| |
| ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| ՉՈՐՍ ԴԻՄՈՒՄ՝ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ |
| |
Հայաստանի համայնքների ասոցիացիան (ՀՀԱ) երեկ մի քանի հարցով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին:
Ինքնակամ շինարարության կանխարգելման եւ կասեցման ու հետեւանքների վերացման օրեսդրական անկատարությունը շտկելու գործում մասնակցություն ունենալու համար ՀՀԱ-ն Հովիկ Աբրահամյանին խնդրում է ձեւավորել ոլորտային օրենսդրություններում համապատասխան փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խումբ:
Երկրորդ դիմումով ՀՀԱ-ն առաջարկում է ձեւավորել «ՀՀ Ազգային ժողովի նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերով խորհուրդ»: Երրորդ՝ ՀՀԱ-ում կարծում են, որ ֆինանսական համահարթեցման մասին օրինագիծը «դեռեւս մեծ բանավեճերի տեղիք է տալիս կոնցեպտուալ եւ օրենսդրական լուծումների տեսանկյունից, պարունակում է մեծ թվով ռիսկեր։ Այն անցումային այս փուլում էականորեն ազդելու է համայնքների բյուջեի ձեւավորման վրա, կարիքների կամ ծախսերի տեսանկյունից հաշվի է առնում միայն մի քանի գործոններ, որոնք չեն կարող ամբողջական ու լիարժեք լինել բոլոր համայնքների համար»։ Ուստի ՀՀԱ-ն ՀՀ Ազգային ժողովին ու կառավարությանն առաջարկում է «ձեռնպահ մնալ օրենքի նախագծի ընդունումից՝ նախքան Եվրոպայի խորհրդի փորձագիտական եզրակացության ստանալը, եւ կազմակերպել լրացուցիչ քննարկումներ»։
Եվ վերջինը՝ «առաջարկում ենք որպես տեղական հարկի տեսակ սահմանել նաեւ ընդերքի օգտագործման հարկը»։ |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| ԿՐԿԻՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՐՁԱԿՈՒՄ |
| |
Հայաստանի համայնքների միությունը երեք տարեկան է եւ անցած երեք տարում միության կայքը երեք անգամ «կոտրել» են ադրբեջանցի հակերները: Վերջին անգամ՝ երկու օր առաջ: Այսօր կայքը տեսքի է բերված: Ինչպես տեղեկացանք ՀՀ համայնքների միությունից, երեք անգամ էլ կայքը «կոտրվել» է նույն ձեռագրով՝ հակերները տեղադրում են կախաղան բարձրացված մարդու, գետնին ընկած դիակի եւ նման այլ լուսանկարներ եւ «Հայերը Խոջալուում ցեղասպանություն են իրականացրել» թեմայով կարճ տեքստեր: Հարձակվողները նաեւ ստորագրություններ են թողել՝ բաքիողլու, ռամիզ, դոյչ:
Համայնքների միությունում կարծում են, որ ադրբեջանցիներն առավել հաճախ հարձակվում են այն կայքերի վրա, որոնց մշտական այցելուների մեջ քիչ չեն միջազգային կառույցները:
Նկատենք, որ հայկական կայքերի վրա հարձակումները վերջին տարիներին պարբերաբար կրկնվում են: Ադրբեջանի կողմից էլի չհայտարարված ու այս անգամ վիրտուալ պատերազմի թիրախ են դառնում ինչպես հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ու տեղեկատվական-վերլուծական, այնպես էլ պետական կառույցների կայքերը:
|
| |
| Ա. Զ. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| «Հնարամտությունը» կանխվել է |
| |
Խմբագրություն այցելած տիկինը խնդրեց անունը չնշել, պարզապես՝ Արմավիրի մարզի դպրոցականի ծնող եւ ասաց, թե Արմավիրի մարզի դպրոցների աշակերտներին պարտադրվում են օրագրեր, որոնց վրա հատուկ նշում կա՝ «Արմավիրի մարզի միջնակարգ դպրոցների համար»: Տիկինը ուներ նման օրագրի մի նմուշ: Հատուկ արմավիրցիների համար օրագիրը՝ ոչ թերթերի քանակով, ոչ բովանդակությամբ չի տարբերվում սովորական օրագրերից, իսկ բողոքավոր ծնողը պնդում էր, թե խանութում սովորական օրագիրը արժե մոտ 300 դրամ, իսկ այս հատուկը իրենց պարտադրվում է 450 դրամով: Որոշ ծնողներ արդեն գնել են դրանցից:
Տիկնոջ՝ գաղտնի մնալու համառ ցանկությունը տարօրինակ էր, սակայն, նկատի ունենալով նման մի նախադեպ, երբ նույն Արմավիրի մարզի դպրոցներին համազգեստ պարտադրելու փորձ էր արվում եւ որը կարվելու էր մարզպետի որդուն պատկանող ընկերությունում, որոշեցինք արձագանքել բողոքին եւ օրագրերի մասին պարզաբանումներ խնդրեցինք Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սարդարյանից:
Տիկին Սարդարյանն ասաց, որ օրագրերը պարտադրելու փորձը եղել է դեռեւս ուսումնական տարվա սկզբին՝ սեպտեմբերին, եւ արդեն հոկտեմբերին «մենք հնարավորինս արդեն կանխել ենք, այնպես որ, հիմա դա ավարտվել է, միանշանակ»: Տիկին Սարդարյանը չգիտեր, թե ով է նախաձեռնել նման ակցիա եւ էական չի համարում, թե նախաձեռնողը որքան գումար է պահանջել օրագրի համար: «Խնդիրը դա չէ, այլ՝ այն, որ բացի դասագրքերից, դպրոցում նման բաներ չպետք է վաճառվեն»:
Նախաձեռնության հեղինակներին մենք էլ չգտանք, քանի որ հատուկ արմավիրցիների համար օրագրի վերջին էջին կա տպագրող ընկերության անունը՝ «Զատիկ Նար», սակայն որեւէ հասցե կամ այլ կոորդինատ չկա: |
| |
| ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| Սյունեցիք կողմնորոշվել են |
| |
Սյունիքի մարզի 2000 շրջանավարտներից մոտ 1200-ը այս տարի կմասնակցի պետական ավարտական քննություններին, իսկ մնացած 800 տասներորդցիները ցանկություն են հայտնել մասնակցել բուհական կենտրոնական քննություններին: Մարտի 16-ին հայտագրումն ավարտվել է, հայտերը ներկայացվել են գնահատման եւ թեստավորման կենտրոն, իսկ այս օրերին մարզի ավարտական դասարանների աշակերտները նախնական հայտերում վերջին ճշգրտումներն ու փոփոխություններն անելու հնարավորություն ունեն մինչեւ ապրիլի 15-ը, որից հետո հայտերի վերջնական տարբերակները կուղարկվեն ԳԹԿ:
Միասնական քննությունների անցկացման համար մարզից երկու դպրոց է ընտրվել՝ Կապանի թիվ 9 եւ Գորիսի թիվ 3 կրթօջախները: Քննությունների ընթացքը հսկելու համար նախապես կընտրվի 35 խստապահանջ ուսուցիչ, բնականաբար՝ ոչ տվյալ մասնագիտության: Այս տարի կենտրոնացված բուհական քննությունները կանցկացվեն բոլոր առարկաներից: Միասնական եւ ավարտական քննությունները անցկացվելու են տարբեր օրեր:
|
| |
| Մ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| Մեկ հաղթող արդեն կա |
| |
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին Սյունիքից մասնակցում է 62 աշակերտ: Թեեւ հանրապետական փուլն այս օրերին շարունակվում է, մարզի դպրոցականների հաջողություններն արդեն երեւում են: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի կրթահամալիրի հենակետային վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Արփինե Թորոսյանը կենսաբանություն առարկայից առաջին կարգի դիպլոմ է շահել եւ հնարավորություն ստացել մասնակցելու Ճապոնիայում կայանալիք միջազգային օլիմպիադային: Արփինե Թորոսյանը այժմ նախապատրաստվում է մասնակցել միջազգային մրցույթին: Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում Սյունիքի մարզից երկու այլ դպրոցական շահել է երկրորդ կարգի դիպլոմ, չորս աշակերտ՝ երրորդ կարգի դիպլոմ, իսկ հինգ մասնակից արժանացել է գովասանագրի: Դեռեւս ոչ բոլոր առարկաներից է ավարտվել օլիմպիադան եւ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնում հաջողություններ եւ հաղթանակներ են սպասում նաեւ օտար լեզուների եւ պատմության առարկաների մասնակից դպրոցականներից:
|
| |
| ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| Նացիստները համառուսաստանյան ջարդ են նախապատրաստում |
| |
Ռուսաստանյան նացիստները պատրաստվում են մայիսի 5-ին համառուսաստանյան ջարդ կազմակերպել: Իրենց կայքերում տարածված հաղորդագրությունների համաձայն՝ այդ օրը նրանք պատրաստվում են ոչ միայն սպանել օտարազգիներին, այլեւ՝ այրել պետական շենքեր, ինչպես նաեւ՝ իշխող կուսակցության գրասենյակներ: «Սպանեք, պայթեցրեք, ոչնչացրեք, ջարդեք, ծեծեք, կոչեր գրեք պատերի վրա, արեք, ինչ ուզում եք, ինչ ճիշտ եք համարում, սակայն, հանուն ձեր զինակիցների, անգործության մի մատնվեք»՝ ըստ newsru.com-ի, այդպիսի կոչով է հանդես եկել ջարդերը նախաձեռնող «Ռուսկայա վոլյան»:
Անկարգությունների ամսաթիվը պատահաբար չի ընտրվել. մայիսի 5-ին լրանալու է այդ խմբի առաջնորդ Մաքսիմ Բազիլեւի մահվան 40 օրը: Բազիլեւը մահացել է Պետրովկայի մեկուսարանում՝ տարօրինակ հանգամանքներում: Բազիլեւի զինակիցները պատրաստվում են փողոց դուրս բերել բոլոր աջ ազգայնականներին, ֆուտբոլային ֆանատներին, կազակներին՝ այդպիսով բոլոր սպանված ընկերների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար: Նացիստները բռնության կոչեր են անում ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Ուկրաինայում, Բելառուսում եւ այլ «արիական հանրապետություններում»: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| Նարնջագույն հեղափոխությունը դարձավ կարմիր |
| |
Երեկ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի փողոցներ էին դուրս եկել հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում են գործող վարչապետ Աբխիսիտ Վեդչաչիվայի հրաժարականը: Հետաքրքիրն այն է, որ ընդամենը չորս ամիս առաջ դարձյալ զանգվածային ցույցերի արդյունքում հրաժարական էր տվել նախորդ վարչապետ Սոմչայ Վոնգսավատը: «Գազետա» թերթը նշում է, որ այդ ցույցերը հիշեցնում են նախորդ լայնամասշտաբ բողոքի ակցիան, որը կաթվածահար էր արել Թաիլանդի կառավարության աշխատանքը անցած տարվա օգոստոսից մինչեւ դեկտեմբեր: Բանգկոկի փողոցներում ցույց են անում մոտավորապես նույն քանակությամբ մարդիկ եւ առաջ են քաշում նույնատիպ պահանջներ: Սակայն այս անգամ ցուցարարների շապիկները ոչ թե նարնջագույն են, ինչպես չորս ամիս առաջ, այլ՝ կարմիր, իսկ դա նշանակում է, որ այս անգամ փողոց են դուրս եկել հակառակ քաղաքական ուժի կողմնակիցները: Ներկայիս վարչապետի հրաժարականն են պահանջում հանուն ժողովրդավարության, բռնապետության դեմ միասնական ճակատի հետեւորդները, որոնք սատարում են նախորդ վարչապետին: Վերջինս ազդեցիկ եւ հակասական լիբերալ քաղաքական գործիչ Տաքսին Չինավատի փեսան է: Միլիարդատեր Չինավատը ղեկավարում էր Թաիլանդի կառավարությունը 2001-2006թթ. եւ կարողացել էր էապես սահմանափակել բանակի եւ թագավորի ազդեցությունը: Չինավատը պաշտոնանկ էր եղել միապետական ուղղվածության կուսակցությունների կազմակերպած խոշորածավալ ցույցերի արդյունքում: Թագավորի կողմնակիցները կարողացել են պաշտոնանկ անել նաեւ նախորդ վարչապետին: Այժմ ցույցեր անելու հերթը հասել է ժողովրդավարներին:
|
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| Ամերիկացիները փորձում են ազատել նավապետին |
| |
Ամերիկյան զինված ուժերն ակտիվացնում են իրենց ներկայությունը Սոմալիի մոտակայքում ծովահենների կողմից առեւանգված ԱՄՆ քաղաքացի նավապետին ազատելու համար: Ամերիկյան նավերից մեկն արդեն իսկ գտնվում է այն նավակի կողքին, որտեղ ծովահենները պահում են Ռիչարդ Ֆիլիպսին: Այժմ բանակցություններ են վարվում նավապետին ազատելու ուղղությամբ: bbc.com-ը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ ծովահենները հարձակվել էին դանիական ընկերությանը պատկանող «Մայերսկ Ալաբամա» նավի վրա, որը մարդասիրական բեռ էր տանում Ուգանդայի եւ Սոմալիի համար: Նավի վրա էին գտնվում մոտ երկու տասնյակ ԱՄՆ քաղաքացիներ, որոնք կարողացան ետ մղել ծովահենների գրոհը: Վերջիններիս հաջողվեց միայն առեւանգել նավապետ Ֆիլիպսին: ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները գտնում են, որ պատանդի ազատման դիմաց ծովահենները կպահանջեն փրկագին, ինչպես նաեւ փոխհատուցում՝ փոխհրաձգության ժամանակ խորտակված նավակի համար: Այժմ այն փրկարար նավակի վրա, որտեղ գտնվում են Ֆիլիպսը եւ ծովահենները, կա ամեն ինչ՝ մեկ շաբաթ ծովում մնալու համար: Սակայն «Մայերսկ Ալաբամայի» սեփականատերը հայտարարել է, որ նավակը չունի վառելանյութ եւ այժմ ազատ նավարկության մեջ է:
|
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՄԵՐԺԵՑ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ |
| |
Երեկ Թբիլիսիում վերսկսվեցին ընդդիմության ցույցերը, որոնց պահանջն է Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլիի հրաժարականը: Նախորդ օրը ընդդիմադիրները Սահակաշվիլուն 24 ժամ ժամանակ էին տվել՝ իր հրաժարականը ներկայացնելու համար, սակայն Վրաստանի ղեկավարը հրաժարվել է կատարել վերջնագրի պահանջը, ասելով, որ ղեկավարելու է երկիրը մինչեւ 2013 թվականը: Նա ասել է նաեւ, որ պատրաստ է ընդդիմադիրների հետ քննարկել բոլոր խնդիրները՝ կապված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, երկրի անվտանգությունն ապահովելու եւ ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու հետ: Ըստ ընդդիմադիրների՝ նման պատասխանը Վրաստանի ներկայիս նախագահի ոչ ադեկվատ լինելու եւս մի ապացույցն է: Ըստ newsru.com-ի՝ ընդդիմությունը հայտնում է նաեւ, որ նախորդ գիշեր Ռուսթավելի պողոտայի մոտակայքում ռետինե մահակներով դաժանորեն ծեծվել է երիտասարդական շարժման ակտիվիստներից մեկը: Դիմակավորված հարձակվողները փախուստի են դիմել հանցագործության վայրից: Վրաստանի ընդդիմությունը կոչ է անում համընդհանուր քաղաքացիական անհնազանդության, եթե Սահակաշվիլին հրաժարվի ինքնակամ թողնել իր պաշտոնը: Բողոքի ցույցերի կազմակերպիչներից մեկի՝ Էկա Բեսելիայի խոսքերով՝ «2007 թվականին ընդդիմությունը նահանջել էր խաղաղությունը պահպանելու համար, բայց արդյունքում՝ Վրաստանի ժողովուրդը ստացավ 2008 թվականի օգոստոսը: Այժմ մենք սկսում ենք մեր վճռական մարտը եւ կոչ ենք անում ժողովրդին՝ չհանձնվել»:
|
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| «ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՀԵՏՔԸ» ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ |
| |
Ապստամբություն, պետական հեղաշրջում, անկարգություններ, հետընտրական պրոցեսներ՝ այդ որակումներն են տալիս մեկնաբանները այս շաբաթ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում տեղի ունեցած իրադարձություններին: «Վրեմյա նովոստեյ» թերթի կարծիքով, իրադարձություններն իսկապես բազմաշերտ էին, եւ այստեղ իր հատուկ տեղն ունի, այսպես կոչված, «ռումինական վարկածը»: Ըստ թերթի՝ Մոլդովայի գլխավոր դատախազը հայտարարել է հետեւյալը. «Հիմա մենք չենք կարող հրապարակել մեր կողմից քննվող գործի բոլոր մանրամասները, սակայն «ռումինական հետքը» հստակորեն նշմարելի է. դրա մասին են վկայում իրեղեն ապացույցները»: Երկրի հատուկ ծառայություններն այժմ շարունակում են հարյուրավոր ձերբակալված ցուցարարների հարցաքննությունը: Քիշնեւի պահանջով ձերբակալություններ են իրականացնում նաեւ Ուկրաինայի իշխանությունները. մասնավորապես, Օդեսայում կալանավորվել է 32-ամյա մոլդովացի մեծահարուստ Գաբրիել Ստատին: Ռումինական հետքի մասին է խոսել նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Կարգախոսները եւ դրոշները, որոնք նկատվում էին Քիշնեւում, մեզ խիստ անհանգստացրել են, դրանք միանշանակ կերպով ցույց էին տալիս, որ ցուցարարները, իսկ իրականում՝ ջարդարարները, տարված էին մոլդովական պետականությունը քանդելու գաղափարով,- հայտարարել է Լավրովը:- Մենք հույս ունենք, որ ԵՄ-ն եւ ռումինական ղեկավարությունը, որը հրապարակավ դատապարտել է բռնությունը, միջոցներ կձեռնարկեն, որպեսզի ռումինական դրոշներն ու կարգախոսները չօգտագործվեն այդ նպատակով»: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| ԲՈԼԻՎԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՍԿՍԵԼ |
| |
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը եւ իրեն սատարող արհմիութենական առաջնորդները հացադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի ընդդիմադիր խորհրդարանականների դեմ, որոնք ձգձգում են նոր նախընտրական օրենքի ընդունումը: Ըստ «Նոյյան տապանի», Բոլիվիայի նոր Սահմանադրության համաձայն, որն ուժի մեջ է մտել փետրվարի 7-ին՝ համաժողովրդական հանրաքվեով հավանության արժանանալուց հետո, դեկտեմբերի 6-ին երկրում պետք է կայանան համընդհանուր ընտրություններ, որոնց ընթացքում քաղաքացիները կընտրեն նախագահ, փոխնախագահ եւ խորհրդարանի անդամներ: Բոլիվիական ընդդիմությունը մտադիր է բոյկոտել ընտրությունները, քանի որ ընդդիմադիրները համաձայն չեն նոր նախընտրական օրենքի որոշ կետերի հետ: Ընդդիմադիրների կարծիքով, կառավարությունը ցանկանում է խաբել քաղաքացիներին եւ ընդունել «մթին եւ որոգայթներով լի» օրենք: Հացադուլ սկսելու մասին Մորալեսը եւ Բոլիվիայի արհմիութենական ղեկավարները հայտարարել են ապրիլի 9-ին հրապարակված փաստաթղթում:
|
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| ՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ |
| |
«Ողջո՜ւյն բարեմիտ ընթերցողին»
Մեր գործընկեր, լրագրող Արմեն Սարգսյանը ինձ՝ «Առավոտի» ընթերցողների խմբագրին, հետեւյալ նամակն է հասցեագրել, որը ներկայացնում եմ որոշ կրճատումներով եւ իմ մեկնաբանություններով:
«2009 թվականի մարտի 4-ի «Առավոտում» կարդացի մի լուր՝ «Կանաչ ակնոց՝ կովերի համար» վերնագրով։ Ըստ դրա՝ «Առավոտի» տեղեկություններով, Հայաստանի գյուղնախարարությունը մտադիր է զարկ տալ կանաչ ակնոցների արտադրությանը։ Մինչ արտադրությունը՝ այն «կիրառվել» է Սյունիքի մարզի գյուղերից մեկում»։ Կիրառողն էլ Սարգիս Սարգսյանն է եղել։ Էլի հետաքրքիր բաներ կան գրված։
Մասնագիտական եւ սպառողական հետաքրքրությունս բավարարելու համար, քանի օր է՝ փորձում եմ պարզել, թե ո՞ր գյուղում է ապրում Սարգիս Սարգսյանը, իրակա՞ն է, արդյոք, այդ խորհրդավոր նորարարը, կարելի՞ է հանդիպել նրան, կարելի՞ է տեսակցել նրա ակնոցավոր կովերին։ Իմ ու գործընկերոջս փնտրտուքների արդյունքը հետեւյալն է:
Պարզվեց, որ Ա.Հ. ստորագրված լուրը գրել է Ռուզան Մինասյանը (նամակում այստեղ եւ մնացած դեպքերում նամակագիրը՝ ընդգծելու համար իր տեղեկությունների հավաստիությունը, գրում է նաեւ անձանց հեռախոսահամարները: Մենք դրանք կրճատել ենք, զուտ էթիկական նկատառումներով - Մ. Հ.)։ Նա պատասխանեց, որ չի կարող տվյալներ տալ նորարարի մասին, որովհետեւ ինչ-որ խնդիրներ կան կապված նրա (նորարարի) հետ, որովհետեւ հիմա չարժի, որովհետեւ ինքը (Ռուզան Մինասյանը) արձագանքների է սպասում։ Խնդրեցինք ասել գոնե գյուղի անունը, բայց Ռուզան Մինասյանը մերժեց։
Սյունիքի մարզի գյուղատնտեսության զարգացման կենտրոնում չգիտեին այս մասին։ Երեք օր գրեթե գյուղ առ գյուղ փնտրել ենք Սարգիս Սարգսյանին, չենք գտել։
Սյունիքում գործող գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող թերթի խմբագիր Սուսաննան (խոսքը մեր մի այլ գործընկերոջ՝ «Բան ու գործ» թերթի խմբագիր Սուսաննա Շահնազարյանի մասին է - Մ. Հ.) մի օր փնտրելուց, հարցուփորձ անելուց հետո ասաց, որ այդպիսի բան չկա։
ՀՀ ընտրողների ռեգիստրից (կայքէջ՝ www.elections.am ) պարզեցի Սյունիքի մարզի Սարգիս Սարգսյաններին. ովքեր բնակվում են Խնածախ, Շինուհայր, Քարահունջ, Անգեղակոթ, Հարժիս, Լոր, Խոտ, Սպանդարյան, Եղվարդ (Սյունիքի մարզի) գյուղերում (ուրիշ գյուղերում չկան, եթե հավատանք 1 տարվա վաղեմություն ունեցող պետական տվյալներին)։ Զանգեցի կամ վերոնշյալ սարգսյաններից ոմանց, կամ նրանց համագյուղացիներին, եւ պարզվեց՝ ակնոցավոր կովեր չկան, չեն պահում։ Ճիշտ է, Ագարակը քաղաք է, բայց մի Սարգիս Սարգսյան էլ Ագարակում կա, նա էլ չի պահում։
Գյուղնախարարի օգնական Հայկ Հայկյանը ասաց, որ գյուղնախարարությունը զարկ չի տալիս կանաչ ակնոցների արտադրությանը։ Ասացի՝ թերթում գրված է, որ գյուղնախարարությունն իմանալով այդ մասին՝ մտադրվել է առաջավոր փորձը կյանքի կոչել, եւ հարցրի՝ կյանքի կոչե՞լ եք, ե՞րբ եք կոչելու, պատասխանեց, որ թերթում սուտ է գրված։
Եթե ես հաստատ իմանամ, որ «Առավոտը» ճշմարիտ է գրել, առաջիկա կիրակի կգնամ ակնոցավոր կով տեսնելու Սյունիքի մարզում։ Դրա համար թող թերթը վստահեցնի, որ, այո՛, այդպիսի բան եղել է։ Եթե եղել է, թող հաստատեն, որ անուն-ազգանունը ճիշտ է, որ ավելի մեծ եռանդով փնտրեմ։
Հարգանքով՝ Արմեն Սարգսյան լրագրող, «Առավոտի» 8 տարվա ընթերցող եւ բաժանորդ»:
Աշխարհում ընդունված էթիկական սկզբունք է՝ լրագրողը պետք է կատարի տեղեկատվության աղբյուրին տված իր խոստումները, այդ թվում՝ աղբյուրը չբացահայտելու վերաբերյալ: «Առավոտի» էթիկական կանոնագիրը ասում է. «Առավոտի» լրագրողները հարգում են զրուցակիցների խնդրանքը՝ չհրապարակել իրենց անունը, տեղեկատվության աղբյուրը կամ չհրապարակել մասնավոր զրույցում իրենց հայտնած տեղեկությունը» (կետ 7):
Հայաստանի ԶԼՄ-ների Վարքականոնը, որը ստորագրել է նաեւ «Առավոտը», այս խնդրի վերաբերյալ նշում է. «հնարավորինս խուսափել տեղեկատվության կոնֆիդենցիալ աղբյուրներ օգտագործելուց, լրատվության աղբյուրը գաղտնի պահելու խոստումից առաջ միշտ պարզել շարժառիթները, սակայն եթե տեղեկությունն այնուամենայնիվ տրվում է աղբյուրի գաղտնիության պայմանով, որեւէ պարագայում չբացահայտել այն»:
Երբ գաղտնապահության մասին խոսում ենք, շատերն ասում են, թե լրագրողները կարող են չարաշահել այն. գրել ինչ խելքներին փչի՝ հղում կատարելով բացահայտվել չցանկացող աղբյուրի վրա: Իհարկե, կա նման վտանգ, սակայն, կարծում եմ, նման բան կարող է անել միայն իր մասնագիտությունը չհարգողը: «Առավոտի» լրագրող Ռուզան Մինասյանն ինձ վստահեցրեց, որ Սարգիս Սարգսյանն իրական անձնավորություն է, սակայն ինքը տեղեկատվության աղբյուրին խոստացել է՝ առայժմ չբացահայտել նրա անձը, եւ դա է պատճառը, որ անգամ գյուղը չի նշում, քանի որ այդ դեպքում անձին բացահայտելը դժվարություն չի ներկայացնի: Ես ոչ մի պատճառ չունեմ Ռուզանին չհավատալու եւ կարծում եմ, որ տեղեկատվության աղբյուրներին տված խոստումները պետք է կատարել, ուստի լրագրողն այս դեպքում ճիշտ է:
Մյուս կողմից, ըստ նամակագրի՝ գյուղնախարարությունում այս փորձի մասին տեղյակ չեն, եւ դա է նաեւ նրա մոտ կասկածներ առաջացրել: Այս դեպքում էլ, կարծում եմ, նախարարությունը կարող էր ժամանակին հերքում ուղարկել, ինչը չի արել:
Ինձ համար, իբրեւ լրագրողի, հասկանալի է Արմեն Սարգսյանի հետաքրքրասիրությունը. ինքս այրվում եմ կանաչ ակնոցով կովեր տեսնելու ցանկությամբ, բայց ոչինչ չեմ կարող անել՝ Ռուզան Մինասյանը խոստացել է չբացահայտել աղբյուրը, համենայնդեպս՝ առայժմ: Եվ այստեղ ես էթիկական խնդիր չեմ տեսնում: |
| |
| ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ , «Առավոտի» ընթերցողների խմբագիր |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| «Իրանական առաջին դետեկտիվը» |
| |
Ֆրանսիական մամուլն այսպես որակեց Նաիրի Նահապետյանի՝ «Ո՞վ է սպանել այաթոլլահ Կանունիին» վեպը, որ լույս տեսավ այս տարվա սկզբին եւ գրավեց թե՛ քննադատների, թե՛ ընթերցողների ուշադրությունը:
Փարիզում ամեն տարի տեղի ունեցող «Գրքի սալոնի» կազմակերպիչները տպագրում եւ բաժանում են այն հեղինակների ստվար ցուցակը, ովքեր մեկ շաբաթվա ընթացքում, զանազան ստենդներում պիտի ստորագրեն իրենց գրքերը: Հայկական ազգանունները հինգն էին, որոնցից միայն մեկն էր ինձ անծանոթ՝ Նաիրի Նահապետյան: Ազգանունի ճիշտ տառադարձումը ֆրանսերեն (Nahapռtian եւ ոչ թե Nahabռdian, ինչպես սովորաբար արվում է ֆրանսալեզու երկրներում) եւ մանավանդ գրքի վերնագիրը հուշեցին, որ հեղինակը պարսկահայ է: Իսկ քիչ հետո երբ մոտեցա «Լիանա Լեւի» հրատարակչության ստենդին, ապա փաստեցի, որ Նաիրին երիտասարդ, նրբակազմ մի կին է, որի առջեւ ընթերցողների բազմություն էր հավաքվել՝ հեղինակի նվիրաբերումով արժեւորված գիրքը ձեռք բերելու:
Մի քանի հանգամանք է նպաստել Նաիրի Նահապետյանի հաջողությանը: Նախ սա գրական որոշակի վարպետությամբ գրված, լարված հետաքրքրությամբ ընթերցվող մի վեպ է, որը սեղմ, բայց սուր դիտողականությամբ կառուցված տեսարաններով ներկայացնում է այսօրվա Իրանի հասարակության որոշ շերտերի հավաստի պատկերը, այդ երկրի հասարակական-քաղաքական դիմագիծը՝ դիտված եռակի հայեցակետով. բնիկ իրանցի, ազգային փոքրամասնություն-քրիստոնյա-հայ, որ դարձել է ֆրանսիացի մտավորական: Այս ամենին ավելանում է արդի քաղաքական-տնտեսական եւ ռազմական-աշխարհաքաղաքական համատեքստը. Իրանն այսօր դարձել է Արեւմտյան աշխարհի (ԱՄՆ, Եվրոպա) եւ նրանց միացած Իսրայելի աչքի փուշը: Ուստի, բնական է, որ նման վեպը չէր կարող աննկատ անցնել:
Մամուլի անդրադարձը, ի դեպ, վկայում է այդ երկակի ուշադրությունը. հոդվածագիրները գործը գնահատում են ոչ միայն գրական արժանիքների, այլեւ քաղաքական հրատապության համար: Երեւույթ, որ մեզ լավ ծանոթ է դեռեւս խորհրդային տարիներից, երբ մշակույթն արժեւորվում էր իր քաղաքական կարեւորությամբ, մնալով, այնուհանդերձ, մշակույթ: Սակայն չշփոթենք սա հանձնառու, engagռ կամ ՈվչՈՋՌՐՏՉՈվվօռ գրականության հետ, երբ գրողը գիտակցաբար, երբեմն էլ համոզված, քաղաքական առաքելություն է կատարում կամ, ինչպես Վլադիմիր Իլյիչն էր գրում 1910 թ., դառնում է «կուսակցական գործի անտրոհելի մասնիկը»: Այս վեպն ավելի շատ կարոտախտի, քան քաղաքական հանձնառության արտահայտություն է:
«Մի փոքրիկ դրոշ ավելացավ քարտեզի վրա. Իրանը մտավ ոստիկանական վեպի համաշխարհային ատլաս»,- գրում է Ֆիլիպ Լըմերը «Լը Պարիզիեն»-ում: Նույն միտքը շարունակում եւ խորացնում է Ժերար Մյոդան «Լը Մոնդ»-ում. «Այս երեւույթը կարող ենք անվանել ոստիկանական վեպի մոնդիալիզացիա... Նաիրի Նահապետյանն առաջին անգամ Իրանը դնում է ոստիկանական վեպի համաշխարհային քարտեզի վրա»: Նույն կարծիքն են հայտնում մյուս թերթերը:
Փորձենք համառոտ ներկայացնել վեպի ֆաբուլան: Կես հայ, կես պարսիկ Նարեկ Ջամշիդը 2005թ. հունիսին, նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, Փարիզի «Էբդո» թերթի հանձնարարությամբ գալիս է իր ծննդավայր Թեհրան՝ լուսաբանելու այդ կարեւոր իրադարձությունը: Տեղ հասնելուն պես ծանոթանում է ֆեմինիստ Լեյլա Թահիբիին, որն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական մոտալուտ ընտրություններին: Այդ կնոջ հետ միասին, ակամայից, հայտնվում է Արդարադատության պալատում: Նախագահության թեկնածուն ժամադրություն ունի այնտեղ՝ այաթոլլահ Կանունիի հետ, մի անձնավորություն, որը համարվում է իսլամական հեղափոխության հերոսներից մեկը, միաժամանակ, հասարակական կարծիքը պնդում է, որ նրա ձեռքերն արյան մեջ են, որ հեղափոխության առաջին տարիներին, բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվել նրա մեղքով: Սակայն աննկուն դատավորի հետ չի հաջողվում հանդիպել. Լեյլա Թահիբին, իսկ քիչ ավելի ուշ Նարեկը, պիտի հայտնագործեն իր աշխատասենյակում սպանված Կանունիին:
Նշենք, որ Ն. Նահապետյանը ինը տարեկան է եղել, երբ Իսլամական հեղափոխությունից հետո, ծնողների հետ լքել է Իրանը: Ներկայումս աշխատում է «Alterntives ռconomiques» հանդեսի խմբագրությունում: |
| |
| ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ , Փարիզ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-04-11 |
| ԿՐԿԻՆ ՋԱՎԱԽՔԻ ՄԱՍԻՆ |
| |
Վահե Սարգսյանի «Ջավախքը 1988-2008 թթ.» գրքի առիթով
Երեկ Ազգային գրադարանում «Ջավախքը 1988-2008 թթ.» հայերեն եւ ռուսերեն գրքերի հրատարակման առթիվ կազմակերպվել էր «կլոր-սեղան», որի ժամանակ գրքի հեղինակ, «Միտք» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Վահե Սարգսյանը, գիտավերլուծական հաստատությունների ղեկավարները, գիտնականները քննարկեցին Ջավախքի հիմնախնդիրը, Վրաստանի ներքաղաքական իրավիճակը:
«Միտք» վերլուծական կենտրոնի կողմից լույս ընծայված «Ջավախքը 1988-2008 թթ.» գրքում ներկայացվում են Ջավախքի, ջավախահայության հետ կապված հիմնական խնդիրները: Գրքի հեղինակ Վահե Սարգսյանը նշեց. «Մինչեւ հիմա Ջավախքի մասին հայ հասարակության առջեւ դրված հայեցակարգ չկա, որի պատճառով տարբեր շրջանակներ փորձել են Ջավախքը շահարկել՝ ելնելով իրենց քաղաքական շահերից կամ նկատառումներից: Տարբեր շրջանակներ Ջավախքի նկատմամբ իրականացրել են ծրագրեր, որոնց մի մասը մենք կանվանենք դավաճանական, մի մասն էլ՝ հերոսական: Դեմ եմ, որ մեր հայրենակիցներից որեւէ մեկը դառնա դավաճան կամ հերոս՝ ինչ-որ իմաստով: Քանի դեռ չկա հայեցակարգ, հայ հասարակությունը մշուշոտ է պատկերացնում, թե Ջավախքի սահմանները ինչ աշխարհագրական վայրերում են տարածվում: Մենք չենք կարող հստակ ասել՝ Ջավախքին պետք է ինտեգրացիա՞, թե՞ հայկական ինքնավարություն: Երկու կողմերը բերում են իրենց փաստարկները եւ փորձում հիմնավորել, որ իրենք են արդարացի: Հայեցակարգը «հայելի» կդառնա, որտեղ կարտացոլվեն Ջավախքի հիմնախնդիրները եւ լուծման ուղիները, ինչպես նաեւ կընդգծվի՝ ովքեր են Ջավախքի շահերով լուրջ մտահոգվողները»:
«Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Էդուարդ Աբրահամյանն էլ նշեց. «Եթե Լեռնային Ղարաբաղը մեզ համար հանդիսանում է որոշակի «ողնաշար», ապա Ջավախքն էլ «թոքերն» է, իսկ այսօր Ջավախքը գտնվում է շատ բարդ իրավիճակում: «Ջավախքն այսօր ոչ միայն բնակեցված է հայերով, այլ նաեւ աշխարհագրորեն եւ պատմականորեն հայկական մի մաս է կազմում, որը Հայաստանի համար յուրաքանչյուր պահի կարող է բախտորոշ դեր խաղալ: Հայաստանը, Սփյուռքը պետք է ջանք չխնայեն տարածաշրջանը որպես հայկական ռեգիոն ամրապնդելու համար»:
Քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն էլ ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ չունենք հայեցակարգ, ինչո՞ւ պետք է մի երիտասարդ ինքնուրույնաբար զբաղվի այնպիսի խնդրով, որը պետության խնդիրն է, ո՞ւր են պետության ներկայացուցիչները, կա՞, օրինակ, ԱԳ նախարարությունից որեւէ ներկայացուցիչ, չկան: Մենք ուզում ենք պետության խնդիրները լուծել հասարակական ուժերի միջոցով եւ, բնականաբար, այդպես խնդիր չի լուծվում, այլ ընդամենը արծարծում ենք, ու այդպես մնում է...»:
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն «Առավոտին» ասաց. «Շատ խնդիրներ կան, որոնց լուծումը ես տեսնում եմ՝ նախ վրացական իշխանությունների կողմից բարի կամք ցուցաբերելու եւ հայ-վրացական բարձր մակարդակի շփումների միջոցով: Վրաստանը, ի վերջո, պետք է հասկանա, որ չի կարող տարածաշրջանում ազգային փոքրամասնությունների խնդիրները ոտնահարելով՝ միջազգային ատյաններում պահպանել իր հեղինակությունը»: |
| |
| ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել