15/03/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Սխալ կողմից են մոտեցել
 

Եթե իրականություն դառնան ԵԽԽՎ 1609 բանաձեւի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության բոլոր առաջարկները (ինչը գործնականում բացառված է), ապա ցանկացած քաղաքական ուժ պարզապես կերազի խորհրդարանում փոքրամասնություն կազմել: ԱԺ փոխնախագահ, խորհրդարանական մշտական հանձնաժողովների 4 նախագահներ, Մարդու իրավունքների պաշտպան, գլխավոր դատախազ, Վերահսկիչ պալատի նախագահ, «Ալիկ Հարությունյան», «Ամալյան»՝ այդ բոլոր «քվոտաները», ըստ «Ժառանգության» նախագծի, պետք է պարտադիր ամրագրվեն ընդդիմության ներկայացուցիչների համար: (Գուցե «գաիշնիկնե՞րն» էլ ընդդիմությունից լինեն, որպեսզի վարորդներից կաշառք չվերցնեն): Այդ դեպքում քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների ժամանակ պետք է ձգտեն հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը, բայց հնարավորինս քիչ տեղեր ունենան ԱԺ-ում՝ իշխանություն չլինելու համար:

Առաջարկների հակասականության պատճառը նախեւառաջ այն է, որ հստակ չէ, թե ինչ ասել է «ընդդիմություն»: Մասնավորապես, այսօր հասարակության կողմից որպես ընդդիմություն է ընկալվում միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թիմով, որոնք գրեթե ներկայացված չեն խորհրդարանում: Բայց կան այլ ուժեր, ասենք` Գեղամյանը կամ ռամկավարները, որոնք իրենց նույնպես ընդդիմություն են համարում եւ նույնպես չկան ԱԺ-ում: Հետեւաբար, պետք է ինչ-որ ֆորմալ հիմք լինի, ըստ որի` այս կամ այն քաղաքական ուժը դասվի ընդդիմադիրների շարքին: Այդ տրամաբանությամբ ձեւակերպումը կարող է հետեւյալը լինել. «Ընդդիմադիր է մարդկանց այն խումբը, որը անցել է խորհրդարան, բայց պաշտոններ չի ստացել»: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հենց այդ մարդկանց պաշտոններ տան, նրանք կդադարեն ընդդիմություն լինելուց: Եթե դատախազությունը տալիս եք նրանց, ապա էլ ի՞նչ ընդդիմություն: Ի դեպ, «Ժառանգության» առաջարկներից ամենատարակուսելին հենց այս կետն է: Ըստ դասական եվրոպական պատկերացումների (եւ ՀՀ օրենքների), դատախազը չպիտի լինի ոչ իշխանությունից, ոչ էլ ընդդիմությունից. դա քաղաքակիրթ երկրներում ապաքաղաքական պրոֆեսիոնալ է, որի միակ առաքելությունը պետք է լինի հանցագործություններ բացահայտելը: Ուրիշ հարց, որ Հայաստանում ոստիկանությունը, դատախազությունը եւ դատարանները իշխանության քաղաքական գործիքն են: Բայց արդյոք իրավիճակը կշտկվի՞, եթե նրանք դառնան ընդդիմության քաղաքական գործիք:

«Ժառանգության» առաջարկներում, անշուշտ, կան նաեւ արժեքավոր կետեր: Դրանք վերաբերում են, մասնավորապես, ընտրական գործընթացի բարելավմանը եւ մամուլի ազատությանը: Հավանաբար, բարեփոխումներին պետք է մոտենալ հենց այդ տեսանկյունից. ոչ թե ընդդիմադիրներին պաշտոններ տալ, այլ՝ իշխանությունը դարձնել լեգիտիմ եւ վերահսկելի: Բայց դա այսօրվա իշխանություններին «չի սպառնում»:

 
ԱՌԱՎՈՏ
 
 
ՄԻՏՔ
 
 
Քաղաքականություն
ՍՊԱՍՈՒՄ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆԸ
 

«Ես անհամբերությամբ սպասում եմ հետընտրական շրջանի եւ մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ կալանավորված անձանց ազատ արձակման մասին լավ լուրերի»,- այդ մասին ե՛ւ «ԱրմԻնֆո»-ին, ե՛ւ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցներում ասել է Եվրոպայի  խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բոյեր-Բուքիքիոն: Հավելել է. «Ինձ համար այն հանգամանքը, որ այդ մարդկանց ներկայացվել են քրեական մեղադրանքներ՝ նրանց ազատ արձակելու համար խոչընդոտ լինել չի կարող»: ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը նաեւ ասել է, թե Հայաստանի իշխանությունների, երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նաեւ հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորվածների կանանց հետ կայացած քննարկումներից «բավական հավասարակշռված» պատկերացում է ստացել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ. «Ես պարզեցի այն փաստը, որ Հայաստանի իշխանություններն անհրաժեշտ լրացուցիչ միջոցներ նախաձեռնելու պատրաստակամություն են ցուցաբերում, ինչը խիստ կարեւոր է ԵԽԽՎ պահանջներին համապատասխանելու համար: Սակայն պետք է ավելին անել, մասնավորապես՝ կալանավորվածների հարցի առնչությամբ»:

 

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԻ Է, ԲԱՅՑ ԲՌՆՎԱԾ ՉԷ
 

Բռնված չէ, թերեւս, այն պատճառով, որ ոչ միայն ԱԺ պատգամավորի որդի է, այլեւ՝ դատախազ

Երեկ «Առավոտը» «Պատգամավորի որդին ոստիկանի է ծեծել» վերտառությամբ տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ ԱԺ պատգամավորներից մեկի որդին մայիսի 18-ին ծեծի է ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժնի սպա Դավիթ Ղազարյանին: Մեզ հաջողվեց հավելյալ մանրամասներ ճշտել այս միջադեպի առնչությամբ, նաեւ արդեն հրապարակված տեղեկատվության որոշ ճշգրտումներ անել: Մեր լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, երբ Նոր Նորքի ոստիկանության կապիտան եւ հիշյալ բաժնի միակ կրիմինալիստ Դ. Ղազարյանը իր անձնական «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայով աշխատանքից տուն՝ դեպի Կենտրոն վերադառնալիս է եղել: Մյասնիկյանի պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի հանդիպակաց փողոցում, Դ. Ղազարյանը փորձել է իրենից առաջ ընթացող մեքենային՝ ինչ-որ ջիփի, վազանց կատարել: Ջիփի վարորդը թույլ չի տվել՝ իր վարած մեքենայով կտրուկ փակելով «ՎԱԶ 2108»-ի ճանապարհը: Ստեղծվել է վթարային իրավիճակ: Ոստիկանության աշխատակիցը բախումից խույս տալիս հարվածել է ճանապարհի եզրաքարին, որի հետեւանքով մեքենայի անվադողը պայթել է եւ հարվածի թափից մեքենան առաջամասով բախվել է ջիփի դիմացից ընթացող «S» դասի պատկանող՝ 01 300 պետհամարանիշի մեկ այլ ավտոմեքենայի: Ջիփն ու «S» դասի ավտոմեքենաները կանգնել են, իջել են մեքենայի վարորդն ու ջիփում եղած մի 5 հաղթանդամ «կոստոլոմներ»: Նկատի ունենալով, որ «S» դասի մեքենայի ղեկին եղել է ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին, նույն ինքը՝ Կոտայքի դատախազության ավագ դատախազ Կարո Գուլոյանը, ճշգրտորեն կարելի է նկարագրել այն, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո: Իսկ հետո, մեր աղբյուրի մատուցմամբ, Կ. Գուլոյանն ու նրա թիկնապահները՝ չթողնելով անգամ, որ ոստիկանության սպան մեքենայից դուրս գա, հե՛նց մեքենայի մեջ սկսել են նրան ինչով պատահի՝ ձեռքով, ոտքով, անխնա ծեծել, ապա չբավարարվելով՝ նրան ծեծելով դուրս են բերել մեքենայից եւ նույնը շարունակել արդեն ճանապարհի վրա, եւ այն աստիճանի, որ ջարդել են Դ. Ղազարյանի ծնոտը, հասցրել են ուղեղի ցնցումի: Ծեծողների բրիգադը ջարդել է նաեւ սպային պատկանող ավտոմեքենայի ապակիները: Այդ պրոցեսին հընթացս ավելացել են Կարոյի նոր յուրայինները, որոնք իրենց պարտքն են համարել մի հարված էլ իրենց կողմից հասցնել Դ. Ղազարյանին, առավել եւս, երբ ծեծողներից մեկը՝ «Առինջի Գառնո» անունով հայտնի Գառնիկ Մուրադյանը, ի դեմս ծեծվողի՝ ճանաչել է ժամանակին՝ 1997թ.-ին իրեն ապօրինի զենք ունենալու համար ոստիկանություն բերման ենթարկած ոստիկանին: Ավելին, ծեծողները մեքենայից հանել ու պատռել են նաեւ Դ. Ղազարյանի ոստիկանական համազգեստը, որը մինչեւ երեկ էլ չէր գտնվել:

Այս պրոցեսին պատահաբար ականատես է դարձել ոստիկանության աշխատակցի ծանոթներից մեկը, որը ճանապարհով անցնելիս ճանաչել է Դ. Ղազարյանի ավտոմեքենան ու կանգնել է՝ փորձելով օգնել սպային, բայց՝ ապարդյուն: Ջահել դատախազ եւ «թափով» պապայի որդի Կարոյի ու նրա թիկնապահների ձեռքից հնարավոր է եղել դուրս պրծնել միայն այն բանից հետո, երբ հանցագործների մեքենան այդ ընթացքում բախվել է պողոտայով անցնող պատահական մի այլ մեքենայի: Երբ մի պահ նրանց ուշադրությունը շեղվել է դեպի նոր «ռազբորկայի» օջախը, Դ. Ղազարյանը հասցրել է փախչել, ահազանգել հարազատներին, որոնք էլ նրան գտել եւ ապա տեղափոխել են «Արմենիա» հիվանդանոցի դիմածնոտային բաժանմունք, որտեղ եւ սպան ստացիոնար բուժում է անցնում:

Զարմանալին այն է, սակայն, որ թեեւ «թասիբի» ընկած ոստիկանները՝ կոնկրետ Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, երկուշաբթի օրը ցերեկով մտել են Առինջ գյուղ հանցագործներին բռնելու, սակայն բաժին են վերադարձել ձեռնունայն: Սա այն դեպքում, երբ ում՝ ում, բայց ոստիկաններին պիտի որ հայտնի լիներ, թե ում կարելի էր դիմել Կարոյին եւ նրա խմբին հայտնաբերելու համար: Ոստիկաններին, թերեւս, ԱԺ պատգամավորի դուռը թակելու համարձակությունը չի հերիքել: Համենայնդեպս, դեպքից երկու-երեք օր է անցել, իսկ հանցագործները դեռեւս հայտնաբերված եւ ձերբակալված չեն: Ասում են՝ նրանք փախուստի մեջ են: Հայտնի է, որ Կենտրոնի ոստիկանության քննչական բաժնում կատարված փաստի առիթով քրգործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն, թեեւ Դ. Ղազարյանը դեռ դատաբժշկական փորձաքննության էլ չի ենթարկվել:

Հ. Գ. Խնդրում ենք վարչապետ Տիգրան Սարգսյանին այս հրապարակման հետ կապված «ծառայողական քննություն» չնշանակել: Հանցագործությունը կոծկելու «ավանդական միջոցները» միանգամայն բավարար են:

 

ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
 

«Առավոտի» հարցազրույցը նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի հետ

- Պարոն Աբրահամյան, ձեր գլխավորությամբ գործող աշխատանքային խումբը երկրի նախագահին է ներկայացրել ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների իրականացման գործընթացների ժամանակացույցը: Սակայն, ընդդիմության գնահատմամբ, այն, ինչ անում են իշխանությունները, ընդամենը իմիտացիա է եվրոպացիների աչքին թոզ փչելու եւ ժամանակ ձգելու համար:

- Խորհրդարանի այս քառօրյայի օրակարգում ներառված է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքի լրամշակումը, որը կատարվել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ միասին, խորհրդարանում առաջիկայում ստեղծվելու է մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ժամանակավոր հանձնաժողով, մշակվել են գործուն մեխանիզմներ խորհրդարանական ընդդիմության առավել երաշխավորված գործունեության համար, ԱԺ-ում արդեն իսկ գործում է ընտրական գործընթացների բարելավմանն ուղղված աշխատանքային խումբ, որի աշխատանքներին մասնակցելու առաջարկ եղել է նաեւ արմատական ընդդիմությանը, իշխանության կողմից բազմիցս ու նաեւ այժմ օրակարգում է առանց նախապայմանների երկխոսության առաջարկը: ԵԽԽՎ բանաձեւի բոլոր դրույթների վերաբերյալ կան մշակված հստակ առաջարկներ եւ եթե այդ ամենն ընդդիմությունը համարում է իմիտացիա, ապա եզրակացությունը մեկը կարող է լինել՝ ընդդիմությունն ինքը պատրաստ չէ կառուցողական երկխոսության եւ իրավիճակի լիցքաթափումը չի մտնում ընդդիմության եւ նրա որոշ լիդերների ծրագրերի մեջ:

- Ընդդիմությունն ասում է՝ ազատ արձակեք քաղաքական բանտարկյալներին եւ իրենք պատրաստ են երկխոսության: Ի դեպ, ԵԽԽՎ հայտնի բանաձեւում եւս պայման կա՝ անհապաղ ազատ արձակել ենթադրյալ քաղաքական հայացքների համար կալանվածներին: Ինչո՞ւ ազատ չեք արձակում:

- Նախ, ես խորհուրդ կտայի որեւէ մեկին իր վրա դատարանի գործառույթ չվերցնել եւ նման կանխակալ հայտարարություններ չանել՝ կալանվածներին հռչակելով քաղբանտարկյալներ։ Տեղի է ունեցել ողբերգություն, կան զոհեր, կատարվել են զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվել են թալանով, հրկիզումներով եւ այլ օրինազանցություններով: Ցուցարարների մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք: Այդ ամենի կազմակերպիչները, դրդիչները, մեղավորներն ու կատարողները պե՞տք է պատժվեն, թե՞ ոչ: Ահա այդ ամենը պարզելու համար էլ ընթանում է նախաքննություն, որը կտա բոլոր հարցերի պատասխանը: Այո, Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ, բայց եւ չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց կատարած քրեական հանցագործությունը կփորձեն քողարկել «ենթադրյալ» քաղաքական հայացքների տակ: Ընթանում է նախաքննություն, եւ պետք չէ տարբեր քաղաքական հայտարարություններով ու սադրանքներով փորձել խանգարել գործի քննությանը: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ արդեն իսկ ընդդիմության ոչ քիչ թվով գործիչների հանդեպ խափանման միջոցը փոխվել է եւ նրանք մեկուսարանից բաց են թողնվել: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ 1609 բանաձեւին, ապա ընդդիմությանը խորհուրդ կտայի նույնքան հետեւողական լինել բանաձեւի մնացած դրույթների կատարման հարցում եւս. մասնավորապես, որ արմատական ընդդիմությունը պետք է ընդունի ՍԴ որոշումը՝ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Այլապես, բանաձեւը ընտրովի եւ սեփական հայեցողությամբ մեկնաբանելը չեմ կարծում, թե արդյունավետ հնարք է:

- Որպես իրավիճակի լիցքաթափման տարբերակ, ընդդիմությունն առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նման առաջարկ իշխանությունը պատրա՞ստ է քննարկել:

- 2007-ի մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները բարձր գնահատականի են արժանացել միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, համարվելով վերջին տարիների լավագույն ընտրությունները: Բացի դա, ընդդիմությունը ճիշտ կաներ եւս մեկ անգամ թերթեր Սահմանադրությունը, որտեղ հստակ նշված է, թե ո՞ր դեպքերում կարող է խորհրդարանը լուծարվել: Իսկ եթե արմատական ընդդիմությանն անհանգստացնում է իր բացակայությունը խորհրդարանում, ապա որեւէ մեկը չէր խանգարում, մասնավորապես՝ արմատական ընդդիմության հիմնական քաղաքական հենարան ՀՀՇ֊ին, մասնակցել այդ ընտրություններին: Հատկապես որ՝ ՀՀՇ-ի որոշ պատասխանատուներ մինչեւ ընտրությունը հայտարարում էին, թե առնվազն 15 տոկոս ձայն ունեն: Մինչդեռ, ՀՀՇ-ն ընդհանրապես չմասնակցեց ԱԺ ընտրություններին, իսկ նրա լիդերի շուրջ ներկայումս համախմբված կուսակցությունները չկարողացան հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը։ Եվ միայն այն բանի համար, որ նրանք չեն ընդունում այն խորհրդարանը, որտեղ իրենք չկան, ընդունեք, որ դրա համար խորհրդարան չեն լուծարում:

֊ Ձեր խմբի աշխատանքներին չի մասնակցում ԵԽԽՎ պատվիրակության ընդդիմադիր անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչո՞ւ:

- Նախագահի առաջարկությամբ ստեղծված աշխատանքային խմբում, այո, նաեւ ԵԽԽՎ պատվիրակության անդամներն են, ես ինքս անձամբ զրուցել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, սակայն նա պատճառաբանել է, թե չի կարող մասնակցել խմբի աշխատանքներին, քանզի այդ օրերին քաղաքում չի լինելու եւ առաջարկել է իրեն փոխարինել «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ անդամով: Մեր կողմից եղել է պատասխան առաջարկ, որ աշխատանքային խմբում պաշտոնապես գրվի իր անունը, սակայն խմբի աշխատանքներին կարող է մասնակցել Հովհաննիսյանի գործընկերը, ինչը «Ժառանգության» ղեկավարի կողմից մերժվել է: Այդուհանդերձ, մեր երեկվա նիստին Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա եղել է, ինչն ինքնին շատ ողջունելի է:

- Ի՞նչ է սպասվում Հայաստանին ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում:

- Ես չեմ կարող կանխատեսել նստաշրջանի ընթացքը, բայց որպես իշխանության ներկայացուցիչ, կարող եմ վստահ ասել, որ Հայաստանի իշխանությունները ԵԽԽՎ բանաձեւի բոլոր հարցադրումների վերաբերյալ ունեն հստակ մշակված առաջարկներ եւ, որ ամենակարեւորն է, քաղաքական կամք՝ այդ ամենը իրագործելու համար: Մենք կարեւորում ենք ԵԽ-ին մեր երկրի անդամակցությունը եւ ես վստահ եմ, որ հունիսյան նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը կկարողանա պատշաճ ներկայացնել այն քայլերը, որոնք իշխանությունների կողմից կատարվել են բանաձեւի կատարման համատեքստում: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ դեռ մինչեւ 1609 ապրիլյան բանաձեւը, մարտին ստորագրված կոալիցիոն հուշագրում արդեն իսկ արձանագրված էին երկրի ժողովրդավարացմանն ուղղված խնդիրները՝ ընտրական համակարգի հանդեպ վստահության մեծացումը, քաղաքական ընդդիմության գործունեության ընդլայնումը, ազատ եւ պատասխանատու մամուլ եւ այլն: Այնպես որ, ԵԽԽՎ բանաձետւմ ամրագրված մի շարք առանցքային դրույթներ արդեն իսկ ներառված են եղել իշխանության քաղաքական օրակարգում եւ մենք ինքներս ենք շահագրգիռ դրանց լուծման համար:

- Անդրադառնանք նաեւ ՀՀԿ-ին առնչվող խնդիրներին։ Նախագահական ընտրություններից հետո բազմաթիվ են լուրերը, որ կուսակցության ներսում լուրջ խմորումներ կան, եւ որ երկրի նախագահն իր համար նոր քաղաքական հենարան է փնտրում:

- Ինձ միշտ զարմացրել է, թե ինչ օպերատիվությամբ են մեզանում տարածվում ամենաանհեթեթ եւ իրականությանը չհամապատասխանող լուրերն ու ասեկոսեները։ Ես, որպես ՀՀԿ ակունքներում կանգնած անձնավորություն, որպես մարդ, որ գլխավորել է կուսակցության նախընտրական շտաբը համապետական ընտրություններում, կարող եմ ամենայն պատասխանատվությամբ փաստել, որ կուսակցությունը միասնական է եւ մարտունակ՝ իր առաջնորդի գլխավորությամբ: Ավելին, ինչո՞ւ պիտի իրար հետեւից երկու համապետական ընտրություն հաղթած կուսակցության ներսում պառակտում կամ խմորումներ լինեն, առավել եւս այն պարագայում, որ կուսակցության առաջնորդն ընտրվել է երկրի նախագահ: Այս պայմաններում խոսել, թե հանրապետության նախագահն այլ քաղաքական հենարան է փնտրում՝ ուղղակի անհեթեթ է: Ավելին, այսօր ՀՀԿ-ի հետ քաղաքական դաշինքի մեջ են նաեւ եւ ըստ էության նախագահի քաղաքական հենարան են կազմում երկրի երեք ազդեցիկ քաղաքական ուժեր եւս, որոնք, պարբերաբար հաջողություններ արձանագրելով վերջին տարիների համապետական ընտրություններում, հանրապետության նախագահի գլխավորությամբ կազմել են քաղաքական կոալիցիա: Նման կարգի լուրեր շրջանառության մեջ դնողները նախ թող փորձեն տալ այս պարզագույն հարցերի պատասխանը, եթե, իհարկե, կկարողանան որեւէ տրամաբանված պատասխան գտնել: Այդ կարգի անհեթեթությունների հովանավորներին ուղղակի խորհուրդ կտայի առավել օգտավետ գործով զբաղվել, քանզի քաղաքական ֆանտաստիկայի ոլորտը մեզանում առանձնապես զարգացած ժանր չէ: Հանրապետական կուսակցությունը առավել քան ամուր է եւ ես վստահ եմ, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մենք դեռ բազմաթիվ նոր հաղթանակներ եւ բարձունքներ ենք նվաճելու:

 

Գրիգոր Ոսկերչյանը դիմել է Արմեն Հարությունյանին
 

«Ոտքի վրա» առաջադրված հերթական մեղադրանքի եւ ըստ դրա «գործ սարքելու» դեպքերի մասին:

«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղկալանավոր Գրիգոր Ոսկերչյանը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը եւ Աբովյանի տարածաշրջանի շտաբի պետն էր, մոտ տասն օր առաջ նամակ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Երեկ նամակի մի օրինակը Գ. Ոսկերչյանի հարազատները փոխանցեցին «Առավոտին»: «Իմ քրեական գործի շրջանակներում, ինձ հասած տեղեկություններով, տուժում են բազմաթիվ անձինք: Պարբերաբար ԱԱԾ Աբովյանի բաժանմունք եւ ՀՀ գլխավոր դատախազություն բերման ենթարկվածները հարցաքննվում են օրենքի կոպիտ խախտումներով՝ հայհոյանքներ, սպառնալիքներ, մարդու արժանապատվության եւ ինքնության վիրավորում, ստորացում, առանձին դեպքերում նաեւ ֆիզիկական բռնություն եւ «գործ սարքելու» սպառնալիքներ: Վերոհիշյալ անձինք նրանք են, ում հետ ես առնչվել եմ նախագահական ընտրությունների ընթացքում՝ իմ միանգամայն օրինական գործունեության կապակցությամբ: Նախաքննական մարմինը համոզվելով, որ նախաքննությունն օրինական մեթոդներով տանելու դեպքում հնարավոր չի լինելու որեւէ խելամիտ փաստարկ ներկայացնել՝ բացատրելու համար իմ ապօրինի ազատազրկման շարունակումը, փորձում են սպառնալիքների եւ ֆիզիկական ճնշումների միջոցով կեղծ ցուցմունքներ կորզել կրկնական հարցաքննությունների ժամանակ»,- մասնավորապես ասված է նամակում: Նա ակնկալում է Պաշտպանի «գործուն միջամտությունը վերոհիշյալ անձանց իրավունքների պաշտպանության եւ ապօրինությունների կանխման հարցում»: Հիշեցնենք, որ Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանը ազատազրկման մեջ է գտնվում մարտի 8-ից: Մարտի 11-ին նրա նկատմամբ առաջադրվել է հայտնի մեղադրանքը՝ ՀՀ քրօրի 225 հոդվածի առաջին մասով, եւ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Գ. Ոսկերչյանը նաեւ հայտարարում է, որ իրեն եւ իր ընկերներին մեղսագրվող հոդվածներն ունեն զուտ քաղաքական դրդապատճառներ: «Հատուկ քննչական ծառայությունում ինձ ձերբակալելու որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ պնդեցի, որ տեղի ունեցած ողբերգության պատասխանատուն իշխանություններն են եւ այդ բոլոր դեպքերը ընտրությունների կեղծման հետեւանք են: Ընդ որում, նախապես ցանկություն ունեին ինձ Քրօրի 225 հոդվածի երկրորդ մասով մեղադրանք առաջադրել՝ բռնի ուժով իշխանության տապալում: Սակայն պարզելով, որ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում չեմ եղել, իսկ երեկոյան Ֆրանսիական դեսպանատան մոտ տեղի ունեցածի ժամանակ որեւէ կերպ չեմ առնչվել ոստիկանների հետ՝ հարմար գտան մեղադրանք առաջադրել Քրօրի 225 հոդվածի առաջին մասով՝ կազմակերպում»,- ասված է քաղկալանավորի նամակում:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ստացե՞լ են, արդյոք, հիշյալ նամակը եւ ի՞նչ ընթացք է տրվել դրանում բարձրացված հարցերին: Գրասենյակի մամուլի պատասխանատու Գրիգորի Գրիգորյանը պարզաբանեց, որ նամակը նոր են ստացել եւ մակագրված է համապատասխան բաժնին, սակայն իրենք փաստացի մերժելու են նամակը, քանի որ նրանում առկա չեն կոնկրետ տվյալներ, ինչի հիման վրա իրենք կկարողանան համապատասխան գործողություններ ձեռնարկել: Միակ բանը, որ կարող են անել՝ «մերժողական» պատասխանում պետք է խնդրեն, որ մարդիկ՝ ովքեր հարցաքննվել են, սպառնալիքների ենթարկվել, խոշտանգվել եւ այլն՝ անձամբ ներկայանան Պաշտպանի գրասենյակ:

Նկատենք, որ դեպքերի մեծամասնության առիթով մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել:

 

ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ԿԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
 

ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի տիկնոջ՝ Մելիսա Բրաունի կողմից համակարգվող քաղբանտարկյալների կանանց տարերայնորեն սկսված շարժումը առաջիկայում ավելի կազմակերպված տեսք կստանա ու կվերածվի մի նոր եւ բացառապես կանանց քաղաքացիական շարժման: Այդ շարժումն իր առջեւ խնդիր է դնելու պայքարել այն բանի համար, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն: Երեկ այս մասին հայտարարվեց քաղբանտարկյալների կանանց երկրորդ ասուլիսում: Շարժմանն այսօր մաս են կազմում ոչ միայն քաղբանտարկյալների կանայք, այլեւ կանայք, ովքեր քաղբանտարկյալ ամուսիններ, հայրեր եւ հարազատներ չունեն, բայց ուզում են Հայաստանը տեսնել առանց քաղբանտարկյալների եւ ժողովրդավարական: Շարժման ակտիվ մասնակիցներից մեկը՝ հայտնի դիրիժոր Օհան Դուրյանի կինը՝ տիկին Ալիսը, երեկ սփյուռքահայ կանանց կոչ արեց միանալ հայաստանցի կանանց պայքարին՝ «Հայրենիքը ազատ եւ ժողովրդավար տեսնելու համար»: Մելիսա Բրաունը փոխանցեց, որ մայիսի 19-ին իրենք առաջին անգամ հանդիպել են Երեւանում գտնվող Եվրոպայի Խորհրդի քարտուղարի տեղակալ Բուքիքիոյի հետ, ինչը, նրանց համոզմամբ, իրենց գործունեության առաջընթացի մասին է խոսում: Տիկին Բրաունի մատուցմամբ, ԵԽ քարտուղարի տեղակալը իրենց «լավ էր հասկացել». «Մեր զրույցն իր համար չի համապատասխանում այն հեքիաթին, որ պատմել են «Հայլուրով» եւ մյուս հեռուստաալիքներով: Ինքը մեզ հավատաց, ու ինձ թվում է, որ իրենք կպահանջեն կատարվածի միջազգային անկախ հետաքննություն»:Քաղբանտարկյալների կանայք հերթական բաց նամակն են հղել միջազգային կառույցներին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանում առկա վիճակի մասին նրանց դիրքորոշման, հատկապես ԵՄ մարդու իրավունքի հարցերի հանձնակատար Համմարբերգի զեկույցի համար, ինչը Մելիսա Բրաունի ասելով, վկայում է, որ միջազգային հանրության մոտեցումը Հայաստանի հանդեպ ավելի պատասխանատու է դարձել: Բայց միաժամանակ արձանագրեցին, որ միջազգային կառույցների այդ դիրքորոշումները ՀՀ իշխանության վրա բավարար ազդեցություն չեն ունենում: Նա կոչով դիմեց հայաստանցի կանանց` ում համար, իր ասելով, թանկ է իրենց ամուսինների, հարազատների ազատությունն ու անվտանգությունը, միանալ իրենց շարժմանը:

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՐԿՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆ Է
 

Երեկ խորհրդարանական հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ երկրում մարտին կատարված դեպքերի համար պատասխանատուն երկրի երկրորդ նախագահն է՝ Ռոբերտ Քոչարյանը:

Հասարակությունը պետք է պատասխանատվության կանչի նրան. «Մինչ այսօր հասարակությունը չի ստացել պատասխանը, թե ովքեր են այդպիսի խոշոր գործողությունների (որոնք հիմնականում ոստիկանության կողմից էին իրականացվում եւ համեմատելի են միայն արտաքին թշնամու հանդեպ կատարվող գործողություններին) հանցավոր հրամաններ տվողները, որոնցով հասցվել է շատ անգամ ուղղակի անդառնալի վնաս քաղաքացիներին եւ ծառայողներին: ՀՀ սահմանադրությամբ մարդու իրավունքների, ազատությունների եւ օրինականության պահպանման երաշխավոր է հանդես գալիս հենց երկրի նախագահը, եւ հենց երկրի նախագահն է այսօր պատասխանատու այդ բոլոր հանցագործությունների եւ մարդու իրավունքների ոտնահարումների համար: Եվ մինչ այն պահը, երբ ոստիկանությունը, օրինապահ մարմինները, հետաքննչական մարմինները, դատարանները հանդես չեն եկել հասարակության առջեւ կոնկրետ անուններով, մինչ այդ պահը գլխավոր եւ հիմնական պատասխանատուն լինելու է երկրի երկրորդ նախագահը: Այսօրվա գործողությունները, որ իրականացվում են ոստիկանության կողմից, տպավորություն են թողնում, որ նույն ոճը, նույն ձեռագիրը շարունակվում է եւ ոտնահարվում են մարդու տարրական իրավունքները: Ես ուզում եմ հայտարարել, որ հասարակությունը եւ իրավաբանական համայնքը հետամուտ պետք է լինեն պատասխանատվության կանչել երկրի երկրորդ նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին»:

ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը հայտարարեց, որ «ՀՀ կառավարության ծրագրի հռչակած ուղենիշները կյանքի կոչելու դեպքում կարող են լինել իրական հաջողություններ: Այո, գիտելիքի եւ տեղեկատվության վրա կառուցված տնտեսությունը եւ հասարակությունը այլընտրանք չունեն, տեղեկացված եւ քիչ թե շատ բարեկեցիկ ապրող մարդն է ժողովրդավարական զարգացման երաշխիքը»:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «Տեղյակ եմ պահում նախագահ պարոն Սարգսյանին, որ նախորդ տարվա երեք քաղբանտարկյալներին ավելացել են տասնյակները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը: Մեր երկրի միջազգային համարումը բազմաթիվ քաղբանտարկյալների եւ կասկածելի ու շինծու դատավարությունների հետեւանքով խստագույնս տուժել է: Որպեսզի 2008 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ սպասվող զեկույցում Հայաստանը չմտնի որպես քաղբանտարկյալներ ունեցող երկիր, պարոն նախագահ, Դուք պարտավոր եք անհապաղ, ուղղակի միջամտել իրավիճակին, ազատել քաղաքական հետապնդվողներին՝ ԵԽ բանաձեւում նշված հանգուցալուծումն ապահովեու համար: Խորհուրդ կտամ անձամբ ներկա գտնվել 1-2 դատավարության՝ համոզվելու համար քաղաքական հետապնդումների շինծու եւ անհիմն լինելու մեջ»:

 

Ծննդաբերությունն ան-վը-ճար է
 

Հղիները կստանան մայրության սերտիֆիկատ

Չնայած մեր երկրում ծննդաբերությունն ու հղի կանանց կոնսուլտացիան անվճար են, սակայն երեխայի ծնունդը յուրաքանչյուր ընտանիքի վրա թանկ է նստում: Ամենահամեստ հաշվարկներով՝ հղիությունից մինչեւ երեխայի ծնունդ ընտանիքը վճարում է 150-200 հազար դրամ: Անկախ նրանից, թե առողջապահության նախարարությունը կլինիկաներին յուրաքանչյուր ծննդկանի համար որքան գումար է պետական բյուջեից հատկացնում, բժիշկներն իրենց մաղարիչը, միեւնույն է, պահանջում են: Նկատենք, որ շատ հղիներ անգամ տեղյակ էլ չեն, որ կարող են հանրապետության ցանկացած ծննդատանը ծննդաբերել: Անգամ մասնավոր հիվանդանոցներում ծննդաբերելու պարագայում պետությունը այդ բուժհիմնարկներին փոխանցում է գումարը: Սակայն ըստ մասնագետների, մասնավոր բուժհիմնարկների տնօրինությանն այնքան էլ ձեռնտու չէ անվճար ծնունդ ընդունելը, քանի որ պետության տրամադրած գումարը իրենց կլինիկայում սահմանած գումարի ընդամենը մի մասն է:

Մինչ ոլորտի պատասխանատուները կփորձեն պայքարել կոռուպցիայի դեմ, յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք ամուսնության օրվանից երեխայի ծննդի համար սկսում է գումար հավաքել: Մինչդեռ առողջապահության ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ ծննդաբերությունը պետբյուջեի հաշվին է: Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանով եւ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ պետբյուջեից այս տարի 1 միլիարդ դրամ է տրամադրվել ծննդօգնության համար. ներկայիս ամեն հղիին տրամադրվող 57 հազարը հուլիսի 1-ից կրկնապատկվելու է: Եվ որպեսզի այդ գումարները նպատակին ծառայեն, նախարարությունը հղիներին մայրության հավաստագիր է տրամադրելու: Այսինքն՝ հղիներն այսուհետեւ կարող են հանրապետության ցանկացած ծննդատանը անվճար սպասարկվել: Հղին կարող է սերտիֆիկատը ստանալ այն բուժհիմնարկից, որտեղ հաշվառված է: Նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանի կարծիքով՝ այս ծրագրով պաշտպանված կլինեն թե բժիշկների եւ թե հղիների իրավունքները, եւ լիարժեք կգործի անվճար ծննդօգնության մասին օրենքը. «Հղին բուժհիմնարկ ներկայացնելուց հետո, տվյալ հիմնարկը մեզ է ներկայացնելու այդ հավաստագիրը, ինչից հետո մենք անմիջապես գումարը փոխանցելու ենք: Ընդ որում, անկախ նրանից, թե ծննդկանը 2, թե 10 օր կմնա տվյալ հիվանդանոցում, ամբողջ ծախսերը հոգում է պետությունը: Եվ այսուհետ ծննդկանի հարազատը չպիտի մտածի, որ գնալու է հիվանդանոց ու անպայման փող է տալու բժշկին, բուժքրոջը կամ սանիտարկային, քանի որ այդ փոխանցված գումարով նաեւ սահմանվում է, թե որքան գումար է հատկացվելու բժշկին, բուժքրոջը եւ այլն: Սակայն բոլորը պետք է իմանան, որ ծննդօգնության համար ոչ մի կոպեկ չպետք է ծախսեն, իրենց փոխարեն դա անում է պետությունը»:

Նախարարության պաշտոնյայի հավաստմամբ՝ այդ գումարը պատահական չի որոշվել. «Ամենաթանկ ծննդատունը մոտ 110 հազար դրամ է, իսկ պետության կողմից հատկացված գումարը լիարժեք փակում է այդ ծախսերը: Եթե ծննդկանից կամ հղիից թեկուզ 1000 դրամ էլ ուզեն, սերտիֆիկատի վրա կա թեժ գծի հեռախոսահամարը, կարող է անմիջապես զանգել ու տեղյակ պահել»:

 

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՅԱԼ ՉԿԱՅԱՑԱՎ
 

Հրավիրյալներից ոչ մեկը չարձագանքեց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերին՝ քննարկել ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված գործողությունները:

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը (լուսանկարում) երեկ իզուր էր սպասում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի նախասրահում, որտեղ պիտի դիմավորեր Լեւոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Արմեն Ռուստամյանին եւ Արթուր Բաղդասարյանին: Այս գործիչներին նախօրեին ՌԱՀՀԿ էր հրավիրել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, թե երկխոսության մասին խոսում են բոլորը, «սակայն խոսքը գործի չի վերածվում»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն այս առնչությամբ հրապարակել էր նրա խոսնակը՝ երկխոսություն սկսելու համար առաջադրված նախապայմաններից ոչ մեկը չի կատարվել: Եվ եթե դրանցից անգամ որեւէ մեկը կատարված լիներ, ասենք՝ քաղբանտարկյալներն ազատված լինեին, ըստ Արման Մուսինյանի՝ իրենք կմասնակցեին քննարկումներին: ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները «Ժառանգության» ղեկավարի հրավերի առնչությամբ նշել էին, թե նամակներով խոսելու գործելաոճն անընդունելի է: Համանման էր նաեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի արձագանքը, որը լրագրողներին ասել էր. «Չեմ կարծում, որ հանրապետությունում ամենաքիչ զբաղված մարդիկ են նրանք, ում դիմել է պրն Հովհաննիսյանը, որովհետեւ ամեն մեկն իր օրակարգն ունի ու ծանրաբեռնվածությունը: Նախ միջնորդը պետք է հոգ տանի, որ նախնական համաձայնություններ լինեն, ոչ թե նամակի միջոցով փաստի առաջ կանգնեցնի»:

Վարդան Խաչատրյանն «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն պատճառաբանություններին, որոնցով կողմերը հրաժարվեցին մասնակցել հանդիպմանը՝ պատասխանեց. «Նախ եւ առաջ կցանկանայի նշել մեր խորը մտահոգությունը հանրապետությունում ստեղծված իրավիճակով: Եվ մեր ու հնչեցված ընկալումների միջեւ կան արմատական տարբերություններ: Ես մանրամասնորեն դեռ տեղյակ չեմ այս առումով Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնորոշմանը: Բայց մնացած կարծիքներն ինձ իրոք խորը մտահոգեցին: Մենք գտնում ենք, որ գործում ենք ներքին եւ արտաքին հասարակական ու միջազգային սպառնալիքների ներքո, իսկ մեր գործընկերների մոտեցումներում նկատելի է, թե դրանք համարում են ընդամենը թեթեւակի մարտահրավերներ: Մենք չենք գտնում, թե ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ կարելի է ձեւայնացման խնդիրների շուրջ եւս քննարկումներ անցկացնել՝ հրապարակա՞վ է առաջարկ արվել, թե՞ SMS-ներով: Ուղղակի հայտնեմ, որ հրապարակավ էլ է առաջարկ արվել՝ նախագահի նստավայրում խորհրդակցության ընթացքում: Ու չգիտեմ, թե ինչու շեշտը դրվեց նամակի վրա, որն իր մեջ ներառում էր օրակարգը՝ հնարավոր շրջանակն այն հարցերի, որոնցից պիտի սկսվեր քննարկումը»:

Արմեն Ռուստամյանը նաեւ ասել էր. «Դեռ ամենագլխավոր հարցի պատասխանը չի տրված. պարոն Հովհաննիսյանը հանդես է գալիս որպես միջնո՞րդ, թե՞ կողմ: Դրանք բոլորովին տարբեր կարգավիճակներ են: Եթե հանդես է գալիս որպես միջնորդ, ապա կարծում եմ՝ կազմակերպելու ձեւը ճիշտ չի ընտրված, որովհետեւ նա պետք է նախապես տեղյակ պահի նման նախաձեռնության մասին»: Եվ կարծիք էր հայտնել, թե Րաֆֆի Հովհաննիսյանն այս դեպքում հանդես է գալիս որպես կողմ, քանի որ պաշտպանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Համանման տեսակետ ժամանակին արտահայտել էր նաեւ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը. «Ինձ համար մի փոքր անհասկանալի է, թե ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես գալիս որպես միջնորդ, չէ՞ որ ինքը պաշտպանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Ուրեմն թող ի՛նքը գնա երկխոսության»։ Նաեւ տարակուսանք էր հայտնել. «Եթե կա իրական ցանկություն, որ երկու անձ իրար հետ խոսեն, միջնորդս ո՞րն է»։ Մեր խնդրանքով անդրադառնալով այս հակափաստարկներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ես հարգարժան գործիչների խոսքերը չեմ ուզում մեկնաբանել: Մեր քայլը ոչ միայն քաղաքացիական, քաղաքական մեր պարտքի իրացումն է, այլեւ հասարակական պահանջ: Եվ ուրախ կլինենք, որ ցանկացա՛ծն այս քայլը կատարի եւ առանց պայմանականությունների, զգայնությունների: Հիմա պահն է, որ սեղանի շուրջ նստենք՝ մեր ժողովուրդը դա՛ է պահանջում: Մնացածն այն բացատրություններն են, արդարացումները, որոնք շարունակելու դեպքում Հայաստանը կմնա փակուղում»:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը, որին ներկա էր եղել նաեւ ինքը՝ ասաց, որ թեեւ այն կարեւոր նախաձեռնություն էր, բայց չի կարող փոխարինել հանրային երկխոսության հրամայականին. «Եվ անհրաժեշտ է, որ բովանդակային առաջարկները, որ կան սեղանի վրա՝ համեմատվեն ու քննարկվեն»: Համեմատելով աշխատանքային խմբի եւ իրենց ներկայացրած առաջարկները՝ ասաց. «Կարծում եմ, որ կան առանձին կառուցողական քայլեր իշխանական տարբերակում: Բայց «Ժառանգությունը» ներկայացրել է, իմ կարծիքով, համազգային ճգնաժամի հանգուցալուծման համալիր ծրագիր: Տարբերություններն, իմ կարծիքով, թե՛ բովանդակային են, թե՛ որակական: Եվ իմ կարծիքով, իշխանական առաջարկներում կան կիսաքայլեր»:

 

«ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱՔՅԱԼԸ ՉԷ»
 

Նրան արդարացնում է գրող Հովհաննես Գրիգորյանը, իսկ Արեւշատ Ավագյանը, ընդհակառակը՝ գոհ չէ Տիգրան Սարգսյանից:

Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, գրող, հրապարակախոս Արեւշատ Ավագյանը եւ գրող Հովհաննես Գրիգորյանը: Նրանք խոսեցին օրեր առաջ ԵՊՀ դասախոս Կարլեն Մատինյանի՝ դրամաշորթության մեղադրանքով ձերբակալության եւ մշակութային խնդիրների մասին: Հյուրերը ողջունեցին այն փաստը, որ իշխանությունները սկսել են գործնական քայլերով պայքարել կաշառակերության դեմ: Սակայն նրանց մոտ մի շարք «ինչուներ» են առաջացել: «Ինչո՞ւ հենց ԵՊՀ-ում դա տեղի ունեցավ, երբ ավելի հայտնի կաշառակերները այդպես էլ չեն բացահայտվում: Ինչո՞ւ անպայման ավելի փոքր մակարդակի կաշառակերը պիտի առաջին հերթին պատժվեր, երբ կաշառակերությամբ «հագեցած» է արդարադատության բնագավառը: Ինչո՞ւ կաշառք վերցնելիս չի բռնվում որեւէ դատախազ, կաշառակեր դատավոր, մաքսավոր, հարկահավաք»,- նկատեց Ա. Ավագյանը: Իսկ Հ. Գրիգորյանի համոզմամբ՝ կաշառակերությունը կա եւ կլինի. «Այն ռոմանտիզմի վրա, որ խոսքով, քննադատելով կարելի է ինչ-որ բան փոխել, 20-րդ դարի սկզբին սառը ջուր լցվեց, երբ համաշխարհային պատերազմը սկսվեց եւ բոլոր գրողները, նկարիչները, որոնք պայքարում էին պատերազմի դեմ, հասկացան, որ իրենց արածը որեւէ կոպեկի արժեք չունի: Երբ ժողովրդի բարեկեցությունն ընկնում է, նրա բոլոր տեսակի թերությունները ջրի երես են դուրս գալիս: Եթե անգամ աստվածաշնչյան խոսքը մեզանում չի կատարվում, ի՞նչ կարող է անել մամուլի, ամենատաղանդավոր գրողի խոսքը»: Այն հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք «կաշառակերների որսի» գործընթացի շարունակականությանը, Հ. Գրիգորյանը պատասխանեց՝ գովելով վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Այո, քանի որ մեր կառավարության ղեկավար է ընտրվել սկզբունքային մարդ, որի համար շատ ուրախ եմ: Արդեն սկսվել են հարկայինի, մաքսայինի մաքրումները: Չեմ կարծում, որ վարչապետին կամ այլ պաշտոնյաների ձեռնտու է կաշառակերությունը»:

Լրագրողներից մեկը գրողին հիշեցրեց այն, որ Տ. Սարգսյանը տառացիորեն վերջերս արդարացրել է Սյունիքի մարզպետին, որը համարյա մահվան դուռն էր հասցրել երեխային: «Իսկ մինչեւ վարչապետը՝ դատավոր, դատախազ չկա՞ր: Եկեք ոչ մեկս մեզ դատախազի տեղ չդնենք,- արձագանքեց Հ. Գրիգորյանը եւ հավելեց,- հավատը սար ու լեռ է շրջում, հավատանք՝ եւ կլինի: Բացի այդ, ես չասացի, թե Տիգրան Սարգսյանը Քրիստոսի առաքյալներից է: Անթերի մարդիկ չկան, երեւի նա էլ թերություններ կունենա»:

Այս կապակցությամբ Ա. Ավագյանը հիշեց Տ. Սարգսյանի «անցյալից» մի դրվագ. «Տիգրան Սարգսյանի ժամանակ չէ՞ր, որ ազգային բանկի ոսկիները վաճառվեցին, ինչը մինչեւ օրս չի բացահայտվել: Առաջին հերթին ինքը պիտի պատասխան տար դրա համար, հետո վարչապետ նշանակվեր: Պետք է համակարգված ազգային ծրագիր ունենանք, առաջնորդվենք ազգային գաղափարաբանությամբ եւ այդ հարցերը միանգամից կլուծվեն: Ցավոք, ունենք լավ մտավորականներ, որոնց ճանապարհը փակված է արդարության առաջ»: Հ. Գրիգորյանը շտապեց պաշտպանել վարչապետին. «Այդ ոսկիների համար պատասխանատու է ամբողջ կառավարությունը: Բանկի կառավարիչն ընդամենը կատարող մարդ էր: Բայց երբ արդեն ինքն է հրամայող, դա ուրիշ: Մենք ուրիշի համար սարքելու, ծառայելու, ենթարկվելու մեծ վարպետ ենք: Բայց սեփական ղեկավարի, գործընկերոջ հետ աշխատելու սովորություն չունենք... Ինչո՞ւ Միկոյանը կարող էր ղեկավարել մի ահռելի թագավորություն, իսկ Տիգրան Սարգսյանը կամ Սերժ Սարգսյանը չեն կարող ղեկավարել Մոսկվայի մի թաղամասի չափ երկիր»:

Ա. Ավագյանն էլ իր հերթին նշեց. «Տիգրան Սարգսյանի թշնամին չեմ: Ուրախ եմ, որ այժմ փոփոխություններ են կատարվում: Բայց կուզեի, որ նա առաջին անգամ ցուցահանդեսի ժամանակ մեծ-մեծ չխոսեր Վալմարի արվեստի մասին, քանի որ մինչեւ նրան հասնելը՝ շատ ավելի տաղանդավոր նկարիչներ, երաժիշտներ ունենք, որոնք կարիք ունեն օգնության, ցուցահանդես բացելու: Որեւէ արվեստագետի բռնել եւ վարկաբեկելու աստիճան նրան բարձրացնել՝ մյուսների շահերը հաշվի չառնելով, միայն կասկածանք է առաջացնում»:

 

Լիբանանի կառավարությունում ՀՅԴ-ն տեղ չունի
 

Ուստի դարձել է ընդդիմություն

Այսօր տեղի է ունենալու Հայ Հեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի բացումը, ուր որոշվելու է աշխարհասփյուռ դաշնակցականների առաջիկա 4 տարիների ռազմավարությունը: Այս առիթով Հայաստան են ժամանել նաեւ Լիբանանի ՀՅԴ կենտրոնի ներկայացուցիչ Հովիկ Մխիթարյանը եւ Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Վերջիններս երեկ «Հայելի» ակումբում հանդիպեցին լրագրողներին:

Հ. Մխիթարյանը նախ անդրադարձավ վերջին 3 տարիներին Լիբանանում ծավալվող քաղաքական իրադարձություններին, տեղի հայերի մասնակցությանը դրանց եւ Լիբանանի ներկայիս վիճակին. «Այսօրվա կացությամբ երկիրը բնականոն վիճակի մեջ է եւ ապահով է, թեեւ դեռ ընտրված նախագահ չունի: Ցանկալի է, որ նախագահ դառնա բանակի հրամանատարը: Լիբանանն ունի ընդամենը նախարարների խորհուրդ, որի իրավացիությունը, դժբախտաբար, ընդդիմությունը հարցականի տակ է դրել: Կարեւոր է նաեւ ընտրական օրինագծի ընդունումը, որը դեռ չկա: Ղեկավարության մեջ էլ ներկայացված են ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը»: Ըստ բանախոսի, Լիբանանի այն շրջաններում, ուր այժմ ապրում են հայերը, վիճակը համեմատաբար կայուն է, որոնց ապահովության համար խորհրդակցել են Լիբանանի հայ-ազգային 3 կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՍԴՀԿ-ն եւ ՌԱԿ-ը: Հ. Մխիթարյանը հայտնեց, որ լիբանանահայ դաշնակցությունն իր կենսագրության մեջ առաջին անգամ դարձել է ընդդիմադիր, իսկ մյուս երկու կուսակցությունները իշխանամետ ուժերին են հարում. «Սակայն մի բան հաստատ կարելի է ասել, որ 3 կուսակցություններն էլ լիբանանահայության միասնականության հարցում սկզբունքային դիրքորոշումներ են որդեգրել»: Հ. Մխիթարյանի այս գնահատականին Շ. Գանտահարյանն ավելացրեց. «Տարբեր կարծիքներ կարող են լինել, բայց երբ հայ ժողովրդի անվտանգության եւ ճգնաժամային խնդիրներ են լինում, մենք հավաքական ենք դառնում: 3 կուսակցություններն էլ ճգնաժամի հանգրվաններում գիտեն, որ պետք է վեր դասել համայնքի անվտանգության շահերը, չնայած տարբեր քաղաքական հայացքներին»:

«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կարելի է հիմնավորել ՀՅԴ-ի ներկայիս ընդդիմադիր կեցվածքը Լիբանանում, Հ. Մխիթարյանը պատասխանեց. «Կա խնդիր, որը կապված է կառավարության առաջին կարգի պաշտոնյաների նշանակման հետ: Կառավարությունում ՀՅԴ-ն մերժվեց իշխանությունների կողմից: Այդ վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ մենք կարող ենք ընդդիմության մաս կազմել, եթե լինենք կառավարության կազմում: Մի տեսակ անվստահություն կա մեր հանդեպ: Ընդհանուր առմամբ ընդդիմադիր լինելու պատճառը հայ համայնքի իրավունքների սահմանափակումն է»:

«Առավոտը» հետաքրքրվեց նաեւ, թե լիբանանահայությունն ինչպե՞ս արձագանքեց Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումներին եւ մարտի 1-ի վայրագություններին, Շ. Գանտահարյանը սահմանափակվեց այսքանով. «Լիբանանահայությունը հետեւեց իրադարձություններին, քաղաքական գնահատականներին ու մեկնաբանություններին եւ հատկապես մարտի 1-ի դեպքերից մտահոգ էր: Բարեբախտաբար, հիմա վիճակն ավելի նորմալ է»: Իսկ մեկ այլ լրագրողի հարցին, թե հավանո՞ւմ են Հայաստանի դաշնակցության գործունեությունը, Շ. Գանտահարյանը պատասխանեց. «Կարող են լինել որոշ մտահոգություններ, որոնք կարելի է ժողովրդավարության սահմաններում քննարկել»: Վերջինս իրազեկեց նաեւ, որ վերջին տարիներին լիբանանահայերի մեծ արտագաղթ չի գրանցվել՝ չբացառելով, որ քաղաքական հնարավոր լարվածության ու ցնցումների դեպքում՝ արտագաղթը, հատկապես երիտասարդության շրջանում, մեծ թափ կստանա: Ըստ հյուրերի, այսօր Լիբանանում հայ համայնքի մոտավոր թվաքանակը 140000 է:

 

Դատախազությունն արհամարհո՞ւմ է դիմումը
 

Մաքսիմ Գաբրիելյանի բազմաթիվ դիմումները՝ կապված սեփականությունը կորցնելու հետ, պետական մարմիններում մատնվել են անուշադրության:

Նախկին Շահումյանի անվան կոլտնտեսության ակումբի մի մասը, որը ծառայել է որպես արհեստանոց, 25.10.1992թ. երկու տարի ժամկետով վարձակալական իրավունքով տրվել է Մաքսիմ Գաբրիելյանին: Այնուհետեւ Երեւան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն 05.10.95թ. որոշմամբ բավարարել է վարձակալ Մաքսիմ Գաբրիելյանի խնդրանքը եւ արհեստանոցը սեփականաշնորհել է նրան, որը հաստատվում է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երեւանի Աջափնյակ-Դավիթաշեն տարածքային մարմնի ղեկավարի գրությամբ:

Սեփականաշնորհման որոշումից հետո Մ. Գաբրիելյանը դիմել է պետական կառավարման համապատասխան մարմնին՝ անշարժ գույքի նկատմամբ իր իրավունքը գրանցելու համար: Նա կատարել է անհրաժեշտ վճարումները: Սակայն, ինչպես պարզվում է, պետական գրանցումը չի իրականացվել, քանի որ արհեստանոցը քանդված է եղել: Դեռեւս 1997 թվականին Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Վ. Զատիկյանը «Ագրոմիավորում» ՓԲ տնօրեն Սողոմոնյանին ուղարկված գրության մեջ նշել էր. «1991 թ. Շահումյանի անվան կոլտնտեսության լուծարումից հետո ակումբը հանձնվել է Շահումյանի շրջանի գործկոմին, իսկ նրան կից արհեստանոցը սեփականաշնորհվել է Մաքսիմ Գաբրիելյանին: Այդ երկու կառույցները ձեր կողմից քանդվել են եւ մնում են ավերված վիճակում առայսօր: Խնդրում եմ վերականգնեք շինությունը, ինչպես եղել է»:

2001թ. Մ. Գաբրիելյանը նորից քայլեր է ձեռնարկել, որպեսզի գրանցի անշարժ գույքի նկատմամբ իր իրավունքները: Այս անգամ էլ պարզվել է, որ այդ տարածքն արդեն իսկ սեփականաշնորհվել է որպես անավարտ շինություն եւ այն հանդիսանում է «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ի սեփականությունը (տարբեր անուններով նշված «Ագրոմիավորումն» ու «Ագրոսերվիսը» նույն կազմակերպություններն են):

Մ. Գաբրիելյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ինքը քաղաքից բացակայում էր, երբ տեղեկացել է, որ «Ագրոսերվիսի» նախկին տնօրեն Վանիկ Սողոմոնյանքանդել է արհեստանոցը եւ թալանվել են արհեստանոցի բոլոր սարքավորումները. «Սողոմոնյանին զգուշացրել եմ, որ իր քանդածը վերականգնի՝ վկայական ստանամ: Խոստացավ նույն թվի սեպտեմբերին վերանորոգած արհեստանոցն ինձ հանձնել, բայց խաբելով՝ մինչեւ օրս վկայական չեմ ստացել: Դիմել եմ հանրապետության նախագահին, ԱԺ նախագահին, գլխավոր դատախազին, վարչապետին եւ այդպես էլ ոչ մի արդյունքի չեմ հասել: Տարածքը Սողոմոնյանին սեփականաշնորհելը խաբեություն է եղել, քանի որ կեղծ փաստաթղթերով ու որոշումով է կադաստրին դիմել: Բոլորին թյուրիմացության մեջ է գցել, թե դա իր տարածքն է»: 72-ամյա Մ. Գաբրիելյանը երկրորդ կարգի հաշմանդամ է: Նա դժգոհեց, որ մեր երկրում օրենքները չեն գործում եւ չկա արդարություն: «Ես այլ ելք չունեմ, եթե ձեր թերթի միջոցով էլ արդյունքի չհասնեմ, կթողնեմ այդ տարածքը Սողոմոնյանը վայելի»,- ավելացրեց նա:

 

ԽՆԱՄԻԱԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
 

ԵՊՀ-ում դրան նորմալ են վերաբերվում

Շուտով կլրանա ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարման 2 տարին: Մի խումբ համալսարանականներ «Առավոտին» դժգոհեցին, որ այդ ընթացքում բազմաթիվ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից՝ թոշակի անցնելու պատրվակով, աշխատանքի են ընդունվել ուսանող-աշխատակիցները, որոնք ամեն ինչ հարմարեցնում են իրենց անձնական գրաֆիկներին: «Երեւանի պետական համալսարանն այսօր վերածվել է ընտանեկան, խնամիաբարեկամական համալսարանի»,- նեղսրտեց մի համալսարանական եւ ասածը հաստատեց կոնկրետ օրինակներով: Օրինակ, հետբուհական կրթության վարչությունում Ժասմինա Աղասյանի ենթակայությամբ աշխատում է քույրը՝ Ասյան, ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյանի կինը՝ Հասմիկ Մովսիսյանը: Հ. Ժամհարյանի վարչությունում են ավագ տեսուչ Զառա Առաքելյանը եւ ավագ դիսպետչեր Նառա Գրիգորյանը: Ընդ որում, Զառան փոխարինում է եղբոր կնոջը եւ տեսչություն է անում փիլիսոփայության ֆակուլտետում, որտեղ են իր հայրն ու մորաքրոջ ամուսինը: Ստացվում է, որ նա վերահսկում է իր հարազատներին:

Ինչ վերաբերում է Նառային, նա մինչեւ վերջերս բարձրագույն կրթություն չուներ եւ նոր-նոր ընդունվել է բանասիրական ֆակուլտետի հեռակա բաժինը: ԵՊՀ ուսումնական վարչությունում աշխատում են եղբայրներ Արմեն եւ Կարեն Սանթրոսյանները, որոնց հայրը՝ Սարգիս Սանթրոսյանը ֆիզկուլտ ամբիոնի դասախոս է: Ըստ մեր աղբյուրի, այս եռյակը մեծ դեր է ունեցել նախընտրական գործողությունների ժամանակ՝ հօգուտ ՀՀԿ-ի ու նրա լիդերի: ԵՊՀ-ում են աշխատում արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի դեկան Լեոնարդ Շեկյանը, նրա խնամին՝ հասարակագիտության ամբիոնի վարիչ Կամո Աթայանը: Կ. Աթայանի կինը հասարակագիտության ամբիոնի, իսկ նրանց ասպիրանտ որդին՝ Արան, ուսումնական վարչության աշխատակիցներ են: Կենտրոնական մասնաշենքի պարետ Մասիսը կնոջ եւ դստեր հետ է աշխատում ԵՊՀ-ում: Բուհի գիտական բաժնի պետ Հայկազ Հովհաննիսյանի դուստրը ԵՊՀ թանգարանում է աշխատում, պատմության ֆակուլտետի փոխդեկան Էդիկ Մինասյանի եղբոր աղջիկը՝ նույնպես: Կարճ ասած՝ ԵՊՀ-ում բոլորն իրար բարեկամ են: Եվ այս ցանկը դեռ կարելի է շարունակել...

ԵՊՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը «Առավոտին» հայտնեց, որ կամայականորեն որեւէ մեկին աշխատանքից չեն ազատել. «Ազատվել է 70-ից բարձր տարիքի ուսումնաօժանդակ անձնակազմի մոտ 60 ներկայացուցիչ: Ռեկտորը իր ասուլիսում էլ է անդրադարձել այդ խնդրին, ասելով, որ մենք, խրախուսելով երիտասարդ կադրերի առաջխաղացումը եւ գիտությամբ զբաղվելը, նրանց միշտ էլ տեղ ենք տալիս: Երիտասարդը մինչ դասախոսական աշխատանքի անցնելը՝ պիտի լինի լաբորանտ, կես դրույքով աշխատող եւ այլն, իսկ եթե որեւէ ամբիոնում կան մարդիկ, որոնք առավոտից երեկո սուրճ են խմում եւ մեզ անհայտ, ոչ ամբիոնի գործերով զբաղվում, իհարկե պիտի ազատվեն աշխատանքից, նրանց էլ փոխարինեն երիտասարդները»: Դառնալով վաստակաշատ դասախոսների դասերի ընթացքն ու հաճախելությունը վերահսկող նորաթուխ ուսանող աշխատակցին, Կ. Գրիգորյանն ասաց. «Ինչ անենք, մարդ է, որը հսկողություն է իրականացնում...հո դոկտոր-պրոֆեսո՞րը չի վերահսկի: Զարմանում եմ, որ մարդիկ նման հարցերով փոխանակ արհկոմին դիմելու, թերթերին են դիմում»: ԵՊՀ-ում տիրող խնամիաբարեկամական մթնոլորտի մասին էլ ասաց, որ 3,500-4000 մարդ է աշխատում, ու ինքը չգիտի, թե ով ում բարեկամն է. «Մյուս կողմից էլ, եթե կան դեպքեր, երբ ամուսինն ու կինը, կամ հայրն ու դուստրը, կամ մեկ ուրիշ հարազատը աշխատում են համալսարանում, նույն կամ տարբեր ամբիոններում, եւ գործը չի տուժում, շահերի բախում տեղի չի ունենում, ուրեմն դրա մեջ ոչ մի վատ բան չկա»:

 

ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ ԱՆՑԵԼ
 

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լսվեց Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի գործը: Վկաների ցուցմունքներն անելանելի կացության մեջ դրեցին քաղաքական պատվեր իրականացնողներին: Բոլոր վկաները միաբերան պնդեցին, որ նախաքննական ցուցմունքները «ծայրից ծայր» թելադրված են կամ քննիչների ձեռքով գրված: Նրանցից մեկը՝ Գյումրիի թիվ 41 դպրոցի ուսուցիչ Լյուքսեն Մելիքյանը հայտարարեց, որ ցուցմունքում տեղ գտած բառերը չեն համապատասխանում իր «լեքսիկոնին», եւ քանի որ ինքը չի սիրում, երբ իրեն թելադրում են, ուստիեւ քննիչին «զզված» խորհուրդ է տվել անձամբ գրել, ինքն էլ ստորագրել է. «Ես այնքան վրդովված էի ինձ թելադրություն տալուց, որ մտածում էի շուտ դուրս գալ դատախազությունից, եւ եթե անգամ այդ պահին ստորագրել տային մեկի մահախոսականը, հնարավոր է, որ ստորագրեի»: Նա դատախազության շենքը համեմատեց Գյումրիի «Ֆեզեի»՝ ռուս անբարո կանանց հատկացված հանրակացարանի շենքի հետ՝ հասկացնել տալով, որ Գյումրիում այդ երկու կառույցներ մտնելը խայտառակություն է համարվում: Հաջորդ վկան՝ Ճարտարագիտական համալսարանի դոցենտ Հովհաննես Կիրակոսյանը հայտարարեց, որ ինքը տվյալ տեղամասում գրեթե չի մնացել. «Ինձ քննիչը հորդորեց ցուցմունք տալ, որպեսզի գործը փակվի գնա: Ես ստորագրել եմ, բայց խոստովանում եմ՝ ոչինչ չեմ տեսել: Ինչ իմանայի, որ դա անում էին գործ սարքելու համար: Երբ վերջերս իմացա այդ մասին, ուզում էի գնալ դատախազություն՝ քննիչից պատիվ պահանջել, շրջապատս չթողեց»,- ասաց նա՝ ներողություն խնդրելով ամբաստանյալներից: Նույնը պնդեցին նաեւ մյուս վկաները: Փաստաբան Գրիշա Մանուկյանը միջնորդություն ներկայացրեց գործը կարճելու՝ ասելով, որ այն ապօրինի է: Դատավարությունն ընդմիջվեց ժողովրդի ճնշման ներքո: Դատը կշարունակվի այսօր:

 

 

Հայ արդի երաժշտության խնդիրներն ու զարգացումները
 

Այս թեման էր ճանաչված արվեստագետների մտահոգության առանցքում

«Առավոտը» տեղեկացրել էր ապրիլի 17-ին մեկնարկած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական չորրորդ փառատոնի մասին, որը կշարունակվի մինչեւ հունիսի 15-ը: Մեզանում անցկացվող նման միջոցառումների պրակտիկայում առաջին անգամ այս փառատոնի կազմակերպիչները երեկ հրավիրել էին կլոր սեղան-քննարկում՝ «Հայ արդի երաժշտության խնդիրներն ու զարգացումները» թեմայով, որին մասնակցում էին կոմպոզիտորներ, երաժշտագետներ եւ երաժիշտներ: Ներկա էին Հայկական երաժշտական համաժողովի (ՀԵՀ) նախագահ, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը եւ իր ղեկավարած կազմակերպության անդամներ, երաժշտագետ Մարգարիտ Ռուխկյանը, կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երկանյանը, ՀՀ երաժշտագետների եւ կոմպոզիտորների միությունից՝ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Արամ Սաթյանը, Էդվարդ Սադոյանն ու Վարդան Աճեմյանը, բացակայում էր միության նախագահ Ռ. Ամիրխանյանը: «Ազգային պատկերասրահի» հիմնադիրներ Մարիամ Շահինյանն ու Գարիկ Նազարյանը հայտնեցին, որ փառատոնի առաջին օրերից իրենց կողքին է Հայկական երաժշտական համաժողովը:

Բանավեճի հիմնական թեման պետական երաժշտական կոլեկտիվների կողմից ժամանակակից կոմպոզիտորների երկերին նվազ անդրադարձն էր: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է 1994թ. հիմնված ՀԵՀ-ը վերջին տարիներին պասիվացել եւ կգա՞ մի ժամանակ, երբ այն երկխոսության մեջ կմտնի Կոմպոզիտորների միության հետ, ՀԵՀ նախագահ Լ. Չաուշյանը պատասխանեց. «Սկսած 1995թ., վարել ենք համերգային բուռն գործունեություն եւ մինչեւ 2000 թ. կազմակերպել 54 համերգ: Վերջին տարիներին մեր կազմակերպությունը զբաղված է հրատարակչական աշխատանքներով, որը հնարավորություն է տալիս ժամանակակից կոլեգաներիս ներկայացնել արտերկրում: Այս պահին ընթանում են համաժողովի անդամ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրման աշխատանքները, ինչը մոտ ապագայում կստանա CD-ի տեսք: Ինչ վերաբերում է Կոմպոզիտորների միության հետ Համաժողովի համագործակցությանը, սպասում ենք միության կողմից հրավիրվելիք հերթական համագումարին»: Կոմպոզիտորների միության վերջին համագումարը կայացել է 2004թ.: Անդրադառնալով «Ազգային պատկերասրահ» փառատոնին, պարոն Չաուշյանը կարծիք հայտնեց, որ «Բաբաջանյան» համերգասրահը, որը ժամանակին տրվել է քաղաքապետարանին, ճիշտ կլիներ դարձնել փառատոնային դահլիճ. «Ոչինչ չունեմ հակառակը ասելու, թե ինչու ժամանակին մշակույթի նախարարությունից փոքր դահլիճը փոխանցվեց քաղաքապետարանին: Հիմա էլ թող նրա ենթակայության տակ լինի, բայց «Բաբաջանյանում» կազմակերպված միջոցառումների գծով՝ ինձ եւ համախոհներիս չի բավարարում այնտեղ տարվող համերգային քաղաքականությունը»:

Պետական երաժշտական կոլեկտիվների կողմից ժամանակակից կոմպոզիտորների երկերին չանդրադառնալու մասով թավջութակահար Ա. Թալալյանը ասաց. «Կոլեկտիվները պետք է ունենան պետական քվոտա եւ չկատարեն միայն իրենց մտերիմների գործերը»: Ջութակահար Վիկտոր Խաչատրյանն էլ նկատեց, որ այսօր ծնվող ոչ բոլոր ստեղծագործություններն են բարձր մակարդակի եւ նշեց, որ կյանքի պետք է կոչվեն միայն բարձրակարգ երկերը. «Այստեղ մեծ է երաժշտագետների դերը: Նրանք պետք է հանրությանը ուղղորդեն դեպի բարձրակարգ արվեստ»: Կոմպոզիտոր Մ. Վարդազարյանն էլ հայտնեց. «Յուրաքանչյուր ստեղծագործության ճանապարհը՝ դեպի կյանք, երկար է եւ դա է պատճառը, որ ոչ բոլորն են հասնում ֆինալին»:

Կոմպոզիտոր Ա. Սաթյանն էլ համոզված է, որ նախարարությունը պետք է ստանձնի գլխավոր մենեջերի դեր. «Օրինակ, «Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակներում կուզեի, որ հրավիրվեին նաեւ պրոդյուսերներ, հրատարակիչներ եւ շփվեին մեր երաժիշտների ու ստեղծագործողների հետ...»:

 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

 Armenian Medical Network -Health news