30/07/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ

Դիտել գովազդային հոլովակը (~2.3MB)
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Շինդլերի ցուցակը
 

Գաղտնիք չէ, որ բարիքն ու չարիքը, արդարությունն ու անարդարությունը մեր կողմից ընկալվում են խիստ սուբյեկտիվորեն՝ այն տեսանկյունից, թե որքանով է դա մեզ համար բարի եւ արդար, ոչ թե՝ ընդհանրապես: Նույն ընկալումը գոյություն ունի նաեւ քաղաքական ուժերի մոտ: Օրինակ, դաշնակցականները կամ ԱԺՄ-ականները գտնում են, որ երբ 90-ականներին իրենք էին հեղափոխություն անում Տեր-Պետրոսյանի դեմ՝ դա ճիշտ էր, անհրաժեշտ էր, քանի որ իրենք մարմնավորում էին բոլոր առաքինություններն ու մարդկության լավագույն ձգտումները, եւ, հետեւաբար, իրենց գործն արդար էր: Բայց հիմա, երբ Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են հեղափոխություն անում իրենց դեմ, նույն մարդիկ (օրինակ, արտգործնախարարի նորաթուխ տեղակալ Շավարշ Քոչարյանը կամ նախկինում կախաղանների կոչ անող նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը) վստահ են, որ հեղափոխությունն անընդունելի է, վտանգավոր է, ծառայում է դրսի մութ ուժերին եւ այլն: Նույնն, իհարկե, կարելի է ասել հակառակ կողմից. առաջին նախագահի կողմնակիցները համոզված են, որ 90-ականների՝ իրենց դեմ կազմակերպված հեղափոխական շարժումը մի խումբ «աբիժնիկների» արկածախնդրություն էր, իսկ ահա իրենց այսօրվա հեղափոխությունը մաքուր է եւ զուլալ ու միտված է ազգի փրկությանը:

Այդպիսով, ոչ ոք չի ընդունում, որ հեղափոխությունն ընդհանրապես վատ, սխալ, դատապարտելի երեւույթ է՝ անկախ նրանից, թե ով, ինչու եւ ում դեմ է այն իրագործում: Իսկ վատ է, մասնավորապես, այն պատճառով, որ հասարակությունը բաժանում է երկու մասի՝ «ով մեզ հետ չէ՝ նա մեր դեմ է» հայտնի սկզբունքով՝ ներգրավելով այդ պրոցեսի մեջ, նախեւառաջ, երիտասարդությանը: Հիշենք, օրինակ, թե ինչպես էր իշխանությունն իր «խունվեյբիններին» ուղարկել «Զվարթնոց» օդանավակայան եւ «հասարակական պարսավանքի» ենթարկել նույն Շավարշ Քոչարյանին՝ Ստրասբուրգում «ոչ հայրենասիրական» ելույթի համար: Կամ՝ ինչպես էին «Կայունություն» հասարակական շարժում» կոչվող Սերժ Սարգսյանի «խունվեյբինները» եկել Մամուլի շենքի մոտ, հայտարարում, որ ես հայ չեմ, թուրք եմ, եւ պահանջում էին, որ ես գնամ Թուրքիա:

Այժմ առավել ակտիվ են ընդդիմության «խունվեյբինները», որոնց մի մասը կրում է «Հիմա» նախաձեռնության անվանումը: Եվ ահա նրանք որոշել են կազմել Համաժողովրդական շարժման գաղափարները չկիսող մարդկանց, այսպես ասած, «Շինդլերի ցուցակը» եւ այդ ձեւով արտահայտել իրենց «հասարակական պարսավանքը»: Ըստ «Հիմա»-ի, մասնավորապես, Ռոբերտ Ամիրխանյանը, Հրանտ Թոխատյանը, Արմեն Մազմանյանը, Արա Երնջակյանը եւ այլք «չհայ» են, այսինքն՝ հայ չեն: Ասեմ, որ ինձ էլ հաճախ դուր չեն գալիս այդ գործիչների հրապարակային ելույթները, բայց համաձայն չլինելը մի բան է, իսկ ազգային հողի վրա «բաժանումներ» կատարելը՝ բոլորովին այլ: Ոչ մի անհատ կամ կազմակերպություն չի կարող նման հարցերում դատավոր լինել:

Առաջներում դաշնակցականներն էին ասում՝ «ով դաշնակ չի՝ հայ չի»: Դաշնակներից պրծանք (նրանք իշխանություն դարձան), հիմա էլ նրանց դերը «Հիմա»-ն է ստանձնել:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՄԻՏՔ
 
 
ԾԱՌԻ ԿՈՂՔԻՆ ԿԱՆԳՆԱ՞Ծ ԷՐ - Aravot.am ԹԻՎ ՄԵԿ ՄԵՂԱՎՈՐԸ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ Է - Aravot.am «ՀՐԱՄԱՆԸ ՏՎԵԼ ԵՄ ԵՍ» - Aravot.am Պաշտպանը զանգվածային խախտումներ չի հայտնաբերում - Aravot.am ԳՈՒԼՈՒԶԱԴԵ. «ԲՐԱՅԶԱՆ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԴՈՒՐՍ ՏԱԼԻՍ» - Aravot.am «ԻՄ ՌԵՅՏԻՆԳԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է» - Aravot.am Ուզածը մի պարկ ալյուր է - Aravot.am «Երիտասարդությունը բեւեռացված չէ» - Aravot.am ՀԱՆՑԱԳՈ՞ՐԾ ԷԻՆ ՓՆՏՐՈՒՄ - Aravot.am Գերատեսչական մրցույթները մաքուր չեն - Aravot.am ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ - Aravot.am ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵՐՈՒՄ ԵՆ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԸ - Aravot.am Գոշավանքը փրկում ենք - Aravot.am
Քաղաքականություն
ԾԱՌԻ ԿՈՂՔԻՆ ԿԱՆԳՆԱ՞Ծ ԷՐ
 

«Ամբողջ Թատերական հրապարակի երկաթյա նստարանները եւ Կարապի լճի մոտի փայտի աթոռներն այդ ընթացքում, այսինքն՝ առավոտյան, բոլորը պոկված էր, եւ ցուցարարների դիմացի մասով կառուցված էր արգելափակոց, բարիկադ»,- երեկ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում պատմեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, որը հայտնեց, թե ինքն էր պատասխանատուն մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում հասարակական կարգի ապահովման համար: Հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Արտյուշ Շահբազյանի հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակում մեկուսացվե՞լ է, պրն Աֆյանը պատասխանեց, թե ինքը տեսել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնած էր: Մի հատ ծառ ունենք ըտեղ՝ պուլպուլակներից մի քիչ էս կողմի վրա, հանգիստ ձեւով կանգնած էր ըտեղ»: Լուսանկարից կարելի է եզրակացնել, թե որքանով են արժանահավատ փոխոստիկանապետի այս եւ ըստ այդմ՝ մնացած պնդումները:
Կարդացեք նաեւ՝

 

ԹԻՎ ՄԵԿ ՄԵՂԱՎՈՐԸ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ Է
 

Անվտանգության ծառայության պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանը մարտի 1-ի դեպքերի համար մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին:

Նախկինում ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ, ազգային անվտանգության պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Մարտի 1»-ի ողբերգական իրադարձություններին, հայտարարեց, որ առնվազն 10 զոհերի համար պատասխանատուն երկրի նախկին եւ ներկա նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են: Պաշտոնաթող գնդապետի ասելով, իշխանություններն ու պատկան մարմինները փորձում են այդ դեպքերի համար պատժել մի երկու ոստիկանի. «Հիմարություն է խոսել եւ ակնարկել ընդամենը երկու ոստիկանի մեղավորության մասին: Եթե կա մեկը, որը պետք է պատժվի այդ ողբերգության համար, ապա դա պետք է լինի Ռոբերտ Քոչարյանը»:

ՀՀ գործող իշխանությունները մեկ անգամ չէ, որ մարտիմեկյան իրենց գործողությունները փորձել են արդարացնել տեղի ունեցած խանութների կողոպուտով, ավտոմեքենաների հրկիզումներով եւ այլնով: Անգամ վկայակոչվում էին եվրոպական երկրներում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների ժամանակ «հատուկ միջոցների» կիրառման օրինակներ: Գ. Եղիազարյանը հակադարձեց՝ հիշեցնելով Ֆրանսիայում շուրջ մեկ ամիս տեւած խժդժությունները, որոնք սկսվել էին սեւամորթ մի երիտասարդի՝ ոստիկանությունից խույս տալիս պատահաբար էլեկտրահարվելու արդյունքում. «Այդ մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ մեքենաներ այրվեցին, խանութներ ջարդվեցին ու թալանվեցին, բայց զոհեր չեղան»:

ԱԱՊՎ պետի նախկին տեղակալը անդրադարձավ մարտի 1-ին «հատուկ միջոցների» կիրառմանը: Գ. Եղիազարյանը նկատեց, որ իշխանությունը կամ գլխավոր դատախազությունը երբ ասում են, թե՝ կիրառվել է «չերյոմուխա», պետք է մասնավորեցնեն՝ հատկապես ո՞ր տիպի, որովհետեւ, նրա փոխանցմամբ, այդ հատուկ միջոցն էլ տարատեսակներ ունի, որոնցից երեքն անգամ ՌԴ-ում ուղղակի արգելված է օգտագործել: «Իշխանությունները չեն ասում, թե այդ հատուկ միջոցի ո՞ր համարն են օգտագործել»,- փաստեց Գ. Եղիազարյանը՝ հիշեցնելով Ռ. Քոչարյանի հայտարարությունը, թե՝ հատուկ միջոցները հին էին, եւ երեք զոհ ունեցանք: «Ես չեմ կարծում, թե նա հասկացել է՝ ինչի մասին է խոսում: Ի՞նչ է նշանակում հատուկ միջոցը հին էր, եւ մարդիկ զոհվեցին: Դա ստահակի խոսակցություն է: Դա նույնն է, թե վիրաբույժն ասի, որ իր լանցետը ժանգոտ էր՝ հիվանդը մահացավ: Չէ՞ որ հատուկ միջոցը կիրառելուց առաջ կիրառողը, որպես կանոն, պարբերաբար ստուգարք է հանձնում: Ի՞նչ է նշանակում այդ արտահայտությունը: «Չերյոմուխայի» կիրառման արդյունքում բոլոր զոհվածները վիրավորվել են դեմքին ստացած վերքից: Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Դատախազությունում անմիջապես ասում են՝ դա եղել է «չերյոմուխա-ռիկաշետի» արդյունքում: Ի՞նչ ռիկաշետի մասին է խոսքն ընդհանրապես: «Չերյոմուխան» ընդամենը արցունքաբեր գազ է, որը գցվում է մարդու ոտքերի տակ, եւ նրա կիրառությունը գազ արձակելն է, ո՞նց կարող է այդ գազի կիրառումը ռիկաշետով կպնել մարդկանց դեմքին: Այդ հեքիաթներին ո՞նց կարելի է հավատալ: Ո՞նց պատահեց, որ այդ «ռիկաշետը» կպավ բոլոր երեք զոհերի հենց գլխին»,- կասկածի տակ դնելով մարդկանց՝ պատահաբար մահացու վնասվածք հասցնելու հանգամանքը, հայտարարեց Գ. Եղիազարյանը: Նա նաեւ ենթադրեց, թե ինչու էին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հրաժարվում տուժող ճանաչել մարտիմեկյան զոհերի իրավահաջորդներին: «Չէ՞ որ նրանք կարող էին դիահերձման ժամանակ ներկայացնել իրենց մասնագետներին եւ տեսնեին, որ, իբր, այդ «չերյոմուխայի ռիկաշետից» ստացած վերքերի մեջ ո՛չ տուֆի ֆրագմենտներ կան, ո՛չ էլ ասֆալտի, եւ ռիկաշետի վարկածը իսպառ բացառվեր: Վաղը-մյուս օրը եթե նման կասկածները փորձ արվեն փարատել, դիակները նեխած կլինեն, իրականությունը պարզել չենք կարողանա»,- նկատեց նա: Մեր զրուցակիցը տարակուսանք հայտնեց նաեւ «Մարտի 1»-ի դեպքերի հետաքննության, իրեղեն ապացույցների, «դեպքի վայրերի զննության» կապակցությամբ: ՀՀ ՀՔԾ քննչական խմբի քննիչ Վահագն Հարությունյանի հայտարարության մասին, թե՝ Մյասնիկ Մալխասյանին վերագրվող ձողը մատնադրոշմային փորձաքննության չի ենթարկվել, որովհետեւ դրա վրա արդեն շատերի մատնահետքն է եղել, Գ. Եղիազարյանն ակնարկեց, որ այդ «բացթողումները» միտումնավոր են արվել՝ իշխանությունների կատարած հանցանքը կոծկելու նպատակով. «Եթե կա դիակ, ուրեմն պետք է պահպանվեր «դեպքի վայրը», լինեին նկարահանումներ եւ մանրամասն արձանագրություն: Բայց մինչեւ այսօր չգիտենք, թե զոհերից ով՝ որտեղ է ընկած եղել: Կա միայն նկարագրություն, թե դիակը որտեղից են վերցրել, այդքանը: Ունենք վկայություններ, որ պատմում են, թե մարդու ոտքից քարշ էին տալիս, հետո ջրցան մեքենայով լվանում էին ասֆալտը: Ուրեմն՝ հանցագործություն են կատարել, որը փորձել են կոծկել այնպես, որ իրականությունը պարզել չհաջողվի»:

ԱԱՊՎ պետի նախկին տեղակալը Ռ. Քոչարյանին վկայակոչելու էլի առիթ ունեցավ: Նա հիշեցրեց վերջինիս հայտարարությունը՝ ոստիկանությունը հրամանի չի սպասում, կարող է որոշումներ ընդունել՝ ելնելով իրավիճակից: «Ոստիկանության մասին օրենքը բացառում է զենքի կիրառումն այն դեպքերում, եթե դա կարող է կողմնակի մարդկանց համար սպառնալիք լինել: Նման իրավիճակում զենքի կիրառումն օրենքով պետք է բացառված լիներ: Ոստիկանները չէին կարող հարյուր հազարավոր մարդկանց ուղղությամբ հրազեն կիրառել, եթե չլիներ հրաման: Նրանցից ոչ մեկը ինքնակամ, հանուն ղարաբաղյան երկվորյակի, զենք չէր կիրառի»,- վստահեցրեց Գ. Եղիազարյանը: Նա հույս հայտնեց, որ մարտի 1-ի դեպքերը, որոնց ընթացքում օգտագործվել են ոչ միայն հատուկ միջոցներ, այլեւ՝ հրազեն, մի օր կբացահայտվեն, չմոռանալով նշել, որ մարտի 1-ին բանակային զորքեր, ծանր հրետանի օգտագործելը ակնհայտ հանցագործություն է եղել: «Այդ զորքերը զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործվելու նշանակություն չունեն: Հանցագործություն է եղել այդ զորքերի օգտագործումը: Դա աննորմալ երեւույթ է, նման հրաման տված մարդը մի օր պատասխան է տալու»,- հույս հայտնեց մեր զրուցակիցը:

 

«ՀՐԱՄԱՆԸ ՏՎԵԼ ԵՄ ԵՍ»
 

Մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած գործողությունների պատասխանատվությունը երեկ ստանձնեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը:

Մարտի 1-2-ի դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկ հրավիրել էր ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Ալեքսանդր Աֆյանին, որը պարզաբանումներ տվեց մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունների վերաբերյալ: Նա նախ նշեց, որ որպես տեղակալ, ինքն է պատասխանատու հասարակական կարգի ապահովման համար. «Այդ պարտականությունները դրված են եղել ինձ վրա՝ հասարակական կարգի ապահովում Թատերական հրապարակում»: Նշենք նաեւ, որ ավելի ուշ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հարցին, թե արդյոք նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ եղե՞լ է, նրան նախապես զեկուցե՞լ են իրենց ունեցած տեղեկությունները՝ փոխոստիկանապետը պատասխանեց. «Այո, բա իհարկե: Տեղյակ պահվել է»:

Ալեքսանդր Աֆյանը հանձնաժողովի նիստում պնդեց պաշտոնական վարկածը, թե մարտի 1-ի առավոտյան նպատակ չունեին ցուցարարներին ցրելու եւ ժամը 7-ին հրապարակ էին գնացել զուտ տեղազննություն կատարելու համար՝ ստուգելու ստացված օպերատիվ տեղեկատվությունը, թե այնտեղ առկա է հրազեն եւ այլն: «Մոտեցել ենք, մի շարք անգամ բարձրախոսով հայտարարվել է, որ եկել ենք տեղազննություն կատարելու, եւ որպեսզի չխոչընդոտեն իրենց օրինական գործողությունները կատարելուն, բայց, ցավոք, դա տեղի չի ունեցել»,- ասաց փոխոստիկանապետը: Սակայն պարզվեց, որ անգամ այս հանձնաժողովին փոխանցված տեսաերիզում պատկերված է միայն այն, ինչ արդեն իսկ ցուցադրվել է հեռուստատեսությամբ՝ ոստիկանների եւ ցուցարարների ընդհարման պահը: Բայց տեսագրություն, որը կապացուցեր, թե իրոք արվել են նախազգուշացումներ՝ ներկայացված չէ: Այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Հանձնաժողովի անդամները հետո փորձեցին պարզել՝ կա՞ նման տեսագրություն ընդհանրապես, ո՞րն է ապացույցը, թե ինչպես է սկսվել օպերացիան: Այս հարցը տվեց Արամ Հարությունյանը. «Եթե այդքան կարեւոր օպերացիայի էիք գնում՝ պիտի հասկանայիք, որ կարող են անկանխատեսելի, վատ հետեւանքներ լինել, ու, իմ կարծիքով, պիտի ապահովագրեիք ձեզ տեսագրությամբ»: Աֆյանի պատասխանն էր. «Կարծում եմ, մեր օպերատիվ ծառայություններն իրենց հետ պետք է ունենային տեսագրող հարմարանքներ: Հիմա չեմ կարող ասել՝ ձայնագրվել, տեսագրվե՞լ է, թե՞ ոչ»: Երկրորդ անգամ այս կապակցությամբ հնչած հարցին ի պատասխան՝ նաեւ ասաց. «Կարող է ընթացքում օպերատորը եղել է այս կողմ կանգնած, որովհետեւ ընե՜նց մեծ արձագանք էր ստացվել, մեծ խժդժոց էր ընդեղ, որ հնարավոր ա՝ մի հատված նկարված լինի, մի հատված նկարված չլինի: Դա ես չեմ բացառում»:

Հայտնեց, թե այդ ժամանակ հրապարակում շուրջ 1000 ցուցարար կար, վրաններում ոչ ոք չկար. «Բոլորը նախօրոք զգուշացված էին» ու սպասում էին զինված, պատրաստ. «Զինված՝ ես հասկանում եմ մահակներով, քարերով եւ այլն»: Փոխոստիկանապետը պնդեց, որ երբ նախ 100-130 հոգանոց օպերատիվ խումբն է մոտեցել հրապարակին՝ «Եղել ենք առանց զենքի, անզեն եւ առանց հատուկ միջոցների»: Բայց երբ մոտեցել են՝ տարբեր խմբերից վրանների մոտ կանգնած անձանցից «կոչեր են հնչում, որ չենթարկվեք ոստիկաններին, թույլ չտաք ոչ մի զննություն եւ թույլ չտաք ոչ մի գործողություն կատարել: Սա փաստ է: Ինձ թվում է՝ սրա նկարները կան, տեսագրված, ինձ թվում է, կա, պետք է լինի: Եվ սկսում է ոստիկանների նկատմամբ սպառնալիքներ տեղալ, ոստիկանների մասին հայհոյանքներ, քարեր նետել, էդ երկաթից ձողերով՝ մետրուկես, 1,20 երկարությամբ արմատուրաների ձողերով եւ փայտի մահակներով սկսում են հարվածել անզեն օպերատիվ խմբի վրա»: Ըստ նրա՝ ցուցարարների դիմադրությունից հետո օժանդակ ուժերին, որոնք տեղակայված էին Մաշտոցի պողոտայում եւ Սայաթ-Նովա փողոցում «ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու, հասարակական կարգն ապահովելու հրահանգ է տրվել», եւ ընթացքում է որոշում կայացվել «այլ գործողություններ անել»: Հստակեցրեց. «Ոստիկանության աշխատակիցները հրաման են ստացել Թատերական հրապարակն ազատելու, որպեսզի խոչընդոտ չհանդիսանա՝ օպերատիվ ծառայություններն իրենց գործողությունները կատարեն»:

Արծվիկ Մինասյանի հարցին, թե ո՞վ է ղեկավարել այս գործողությունը, եղե՞լ է օպերատիվ շտաբ, քանի՞ ստորաբաժանում է մասնակցել օպերացիային, պրն Աֆյանը պատասխանեց, թե մոտ 600 հոգի են ներգրավվել, ընդ որում՝ կտրականապես հերքեց, թե ԼՂ-ից որեւէ ստորաբաժանում է մասնակցել գործողությանը. «Օպերատիվ շտաբ, այո, եղել է: Դրա ղեկավարումը առավոտյան դրված է եղել ինձ վրա: Այդ միջադեպից հետո հրամանը տվել եմ ես»: Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե Գրիգորի Սարգիսյանը ներգրավված եղե՞լ է այդ շտաբում, եւ փոխոստիկանապետը բացասաբար պատասխանեց: Այդ դեպքում ի՞նչ էր նա անում առավոտյան հրապարակում: «Դա պետք է երեւի թե իրեն հարցնել,- ասաց պրն Աֆյանը:- Այսինքն՝ նախկին նախագահի անվտանգության պատասխանատուն, վարչության պետն ինքն էր, եւ ինքն էր պատասխանը տալու»:

Հանձնաժողովում ԱԺՄ ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանը հետաքրքրվեց, թե դեպքերի ավարտից 50-60 րոպե հետո՝ 8.30 սկսված, տեղազննության ժամանակ ինչո՞ւ չեն օգտագործել հատուկ միջոցներ. «Այսինքն՝ սովորական ձեռքով մետաղե ձողը, ատրճանակն ինչո՞ւ են վերցրել»: Փոխոստիկանապետը պատասխանեց. «Հարցը ճիշտ եք տալիս: Երեւի էդ էլ է շահարկվում, որ զենքերի վրա մատնահետքեր չկան... Ես չեմ խուսափում հարցին պատասխանելուց, բայց ես կխնդրեմ՝ այդ հարցը տվեք օպերատիվ ծառայություններին, որ իրենք պատասխանեն»: Սակայն նիստում ամենացնցող պատասխանը հնչեց ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի հարցին, որ եթե տեղազննության էին գնացել՝ ընթերականեր կայի՞ն, թե՞ ոչ: Եվ Ալեքսանդր Աֆյանը պատասխանեց «Բոլոր ցուցարարներն ինքնըստինքյան վկա էին, էլի»:

Հ. Գ. «Ես համակարգի 30 տարվա աշխատող եմ: Եվ կոմունիստների ժամանակ եմ աշխատել, եւ ՀՀՇ-ի ժամանակ, եւ հիմա եմ աշխատում»,- Աֆյանի այս խոսքերը հիմք ընդունելով՝ հանձնաժողովում ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց, թե նման միջոցառումների դեպքերում ինչպե՞ս էր նախապատրաստվում ՀՀՇ-ն: «Ես չեմ կարող համեմատել մեկը մյուսի հետ: Ոնց կուզեք հասկացեք»,- պատասխանեց փոխոստիկանապետը:

 

Պաշտպանը զանգվածային խախտումներ չի հայտնաբերում
 

Հյուսիսային պողոտայից բերման ենթարկելու բոլոր դեպքերը խախտում համարելու առաջարկի պատասխանն այս է:

Այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հունիսի 25-ին հրապարակեց, թե իրավունքների խախտում է տեսնում Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանին մարտի 26-ին Հյուսիսային պողոտայից բերման ենթարկելու եւ ոստիկանությունում 3,5 ժամ պահելու ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Կենտրոնի բաժնի եւ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների գործողություններում, ինքը՝ Կարեն Հեքիմյանը, եւ այդ կուսակցության կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղար Թաթուլ Մկրտչյանը դժգոհություն հայտնեցին այս որոշումից: Պաշտպանին հուլիսի 3-ին ուղարկված նամակում Կարեն Հեքիմյանը մասնավորապես խնդրել էր պարզաբանել. «Կարո՞ղ է արդյոք Ձեր որոշումը որպես նախադեպ կիրառվել հարյուրավոր այն քաղաքացիների նկատմամբ, որոնք նույնպես բազմաթիվ համանման օրինախախտումներով ենթարկվել են հետապնդումների»:

Թաթուլ Մկրտչյանը նույնպես մարտի 26-ին Հյուսիսային պողոտայից բերման էր ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն, այնտեղ պահվել 3 ժամից ավելի ու մարտի 27-ին Կարեն Հեքիմյանի հետ միասին դիմել էր Պաշտպանին՝ հայտնելով, որ խախտվել են իր իրավունքները: Սակայն մայիսի 26-ին պատասխան էր ստացել, թե որոշվել է դադարեցնել իր բողոքի քննարկումը: Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղարը հուլիսի 3-ին դիմել էր Արմեն Հարությունյանին, եւ նշելով, որ Հյուսիսային պողոտայից իրեն ու Կարեն Հեքիմյանին ոստիկանություն են տարել միաժամանակ ու նույն մեքենայով՝ հարցրել էր. «Արդյոք ՄԻՊ-ը կոչված է պաշտպանելու միայն Կարեն Հեքիմյանի՞ իրավունքները, իսկ իմը՝ ո՞չ», ու նաեւ՝ «Ինչո՞ւ Կարեն Հեքիմյանի բողոքի վերաբերյալ Ձեր 25.06. 2008 թ. որոշումը որպես նախադեպ չկիրառեք ինչպես իմ, այնպես էլ բազմաթիվ այն քաղաքացիների նկատմամբ, որոնց իրավունքները խախտվել են հետընտրական շրջանում»:

Արմեն Հարությունյանն այս առնչությամբ մեր զրույցում պարզաբանեց. «Մենք երկու տարբեր մոտեցում չենք ցուցաբերել: Մեզ սկզբնական շրջանում նույն դիմումով էին դիմել եւ ստացել նույն պատասխանը: Հետո նրանցից մեկը՝ Կարեն Հեքիմյանն առանձին՝ երկրորդ դիմումն է բերել, որտեղ ավելի որոշակիացումներ են եղել: Եվ դրանք հնարավորություն են տվել, որ ավելի որոշակի զբաղվենք այդ դեպքով, ավելի հեռուն գնանք եւ հայտնաբերենք խախտում: Բայց դրա հետ մեկտեղ՝ մենք զանգվածային խախտում հայտնաբերելու հնարավորություն չունենք. մենք ամեն մի որոշակի դեպքով կարող ենք որոշում ընդունել: Չի կարելի նմանության պատճառով 300 դեպքում խախտում գտնել, քանի որ անգամ շատ նման առանձին դեպքերի մեջ լինում են շատ առանձնահատկություններ: Իրավաբանության մեջ ամեն մի փոքրիկ դետալը կարող է իրավիճակ փոխել: Իսկ ընդհանուր երեւույթի նկատմամբ մեր մտահոգությունը մենք ներկայացրել ենք հատուկ զեկույցում, որը նույնպես պարտադիր է պատասխանի համար: Այն, որ պետական մարմինները չեն պատասխանում՝ տվյալ դեպքում, անգործություն են դրսեւորում, Պաշտպանը չի կարող փոխհատուցել՝ իրեն լրացուցիչ լիազորություններ վերագրելով: Ընդհանրապես՝ ամբողջ համակարգի տրամաբանությունը հետեւյալն է. պաշտպանը որպես ընդդիմախոս է հանդես գալիս իշխանությանը, ինչ-որ բաներ տեսնում է, ներկայացնում, նրանք էլ արձագանքում են, ներքին հետաքննություն անում կամ էլ հիմնավորված պատասխանում, թե խախտում չի եղել: Բայց երբ ոչինչ չեն անում՝ ինչպես տվյալ զեկույցի դեպքում է, պաշտպանը որեւէ կերպ չի կարող դա փոխհատուցել, քանի որ տեսության տեսակետից այստեղ որեւէ լուծում չկա»:

 

ԳՈՒԼՈՒԶԱԴԵ. «ԲՐԱՅԶԱՆ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԴՈՒՐՍ ՏԱԼԻՍ»
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել Ադրբեջանում: Հիշեցնենք, որ ամերիկացի դիվանագետը մի քանի օր առաջ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ լրատվամիջոցներին ասել էր, թե Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրենք պետք է որոշեն մարզի կարգավիճակը: «Կանցկացվի հանրաքվե, որի ժամանակ ղարաբաղցիները կարտահայտեն իրենց կամքը, իհարկե՝ բոլոր փախստականների վերադարձից հետո»,- մանրամասնել էր Բրայզան:

«Որեւէ հանրաքվեի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ այդ քայլը կհանգեցնի Ղարաբաղի կորստին»,- ըստ PanARMENIAN.Net տեղեկատվական կայքի, այս մասին նախօրեին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն՝ մեկնաբանելով Բրայզայի վերոհիշյալ արձանագրումը: Քաղաքագետի խոսքերով, չարժե ուշադրություն դարձնել Մեթյու Բրայզայի հայտարարությունների վրա: «Նա երբեմն այնպիսի հիմարություններ է դուրս տալիս, որ սկսում ես կասկածել՝ արդյո՞ք բարձրագույն կրթություն է ստացել, թե՞ նրան պարզապես նստեցրել են Պետդեպարտամենտում ինչ-որ բանի մասին խոսելու համար,- պատկերավորել է Գուլուզադեն՝ շարունակելով:- ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկում է Ադրբեջանի ղեկավարությանը ճանաչել տարածքների կորստի փաստն ու գնալ բացահայտ զիջումների, որոնցից մեկը հանդիսանում է համաձայնագրի ստորագրումը՝ Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու մասին: Այդպիսով, նրանք բոլորը ցանկանում են մի բան. անջատել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից հենց Ադրբեջանի ձեռքերով, քանի որ չկա այլ տարբերակ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու համար»: Գուլուզադեի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնարք է մշակվել: Ըստ այդմ, առաջարկվում է հանրաքվեի անցկացում ոչ թե Լեռնային Ղարաբաղին կից «օկուպացված տարածքները» Ադրբեջանին վերադարձնելուց անմիջապես հետո, այլ, ասենք, մի 10-15 տարի անց: «Ցավոք, մեր կառավարության ներկայացուցիչներն էլ են խոսում 15 տարի անց կայանալիք հանրաքվեի մասին: Բայց դա կնշանակի Ադրբեջանի մի մասի ավտոմատ անջատումը, ինչն անընդունելի է: Սահմանադրությամբ՝ Ադրբեջանն ունիտար է, իսկ հիմնական օրենքի փոփոխությունը հնարավոր է երկրում հանրաքվե անցկացնելու միջոցով: Այս ամենը խաբեություն է ադրբեջանական հանրության նկատմամբ, իսկ ԼՂ-ի կարգավիճակը կարող է միայն մեկը լինել՝ Ադրբեջանի անբաժան մաս»,- ընդգծել է ադրբեջանցի քաղաքագետը:

 

«ԻՄ ՌԵՅՏԻՆԳԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է»
 

Անկախ այն բանից, որ աշտարակցիները քաղաքապետից դժգոհում են, նա վստահ է, որ վերընտրվելու է

Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը քաղաքում կատարվող ցանկացած բարի գործ իրեն է վերագրում: Այն, որ կառավարության հատկացրած գումարով քաղաքում երաժշտական դպրոց է կառուցվում, այն, որ Վեհափառի օժանդակությամբ եւ պետբյուջեից տրամադրված գումարներով Ներսես Աշտարակեցու արձանն է տեղադրվում, այն, որ Աշտարակի մայրուղիները գրեթե ամբողջովին լուսավորվել են ու քաղաքի համար կարեւորություն ներկայացնող նման տասնյակ գործեր քաղաքապետը ներկայացնում է այնպես, որ այսօր փոքրից մինչեւ մեծ, բոլոր աշտարակցիները կարծում են, թե Գ. Թամազյանը սեփական գրպանի հաշվին է քաղաքի համար «բարերարություններ» անում: Այս մասին վկայում են աշտարակցիները:

Ըստ ազատամարտիկ Երվանդ Արամյանի, Գ. Թամազյանը ապօրինի գործարքները օրինական է դարձնում, իսկ օրինական գործարքները՝ մերժում ու «բանի տեղ չի դնում»: Ե. Արամյանի ներկայացմամբ, քաղաքապետի «թեթեւ ձեռքով» ինքը զրկվել է իր ընտանիքի համար կենսական նշանակություն ունեցող 3 հա հողատարածքից, որին տիրապետել է ավելի քան 15 տարի: Ե. Արամյանի պատմելով, իր հայրենասիրության եւ մարտի դաշտում ցուցաբերած խիզախության համար դեռեւս 1990-ին, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ, իրեն անժամկետ, անվճար եւ առհավետ օգտագործման իրավունքով տրվել է 3 հա հողատարածք: Ե. Արամյանն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ երբ ինքը 1992-ին կռվելիս է եղել Ղարաչինարում, այն ժամանակվա գործկոմի նախագահը իր հողատարածքը՝ որպես տնամերձ, առանց անշարժ գույքի վկայականների, պարզապես կտրոններով բաժանել է 22 հոգու: Սակայն, բնակչի ներկայացմամբ, այդ 22 հոգին էլ շատ լավ գիտակցելով, որ հողատարածքի մասնատումը ձեւական է եւ այն իրենց չի կարող պատկանել, քանի որ արդեն տեր ունի, այդտեղ երբեւիցե որեւէ գյուղատնտեսական աշխատանք չեն իրականացրել: Ըստ Ե. Արամյանի, ինքը հողի մշակման եւ պարարտացման վրա մեծ գումարներ է ծախսել, տարիներ շարունակ այդ հողատարածքում գարի, ձմերուկ, ծխախոտ եւ այլ մշակաբույսեր է աճեցրել ու իրեն երբեւիցե ոչ ոք չի խանգարել, իսկ հողի ոչ մի նոր սեփականատեր այդ տարիների ընթացքում չի հայտնվել: Իսկ երբ 2006-ին, ըստ պահանջվող կարգի, անշարժ գույքի հին վկայականը նորով փոխարինելու համար Ե. Արամյանը դիմել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, այնտեղ նրան տեղեկացրել են, որ նոր վկայական ստանալու համար պետք է քաղաքապետից գրություն ներկայացնել այն մասին, որ տվյալ հողատարածքը անհատույց պատկանում է իրեն: Սակայն, ըստ Ե. Արամյանի, քաղաքապետը, հաշվի չառնելով ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը եւ իր անշարժ գույքի վկայականը, հիմք է ընդունել գործկոմի նախագահի կողմից արված ապօրինի գործարքն ու մերժել է նրան տրամադրել տեղեկանք՝ պատճառաբանելով, որ այդ հողատարածքը վաղուց նրան չի պատկանում: Ե. Արամյանի խոսքերով. «Նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներն այս հարցը պարզելու համար ստուգում են իրականացրել եւ բացահայտել, որ, իրոք, քաղաքապետարանում պարոն Թամազյանի գլխավորությամբ անօրինականություն է կատարվել: Սակայն նրանք, կոռուպցիան կանխելու փոխարեն, ինձ խորհուրդ են տալիս դիմել դատարան»: Ե. Արամյանը համոզված է, որ քաղաքապետը, շահադիտական նկատառումներով կադաստրի հետ համաձայնության գալով, իրեն պատկանող հողատարածքը որպես տնամերձ բաժանել է Աշտարակի քաղաքացիներին:

Այս առնչությամբ Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ինքն այս հարցում ոչ մի մեղք չունի. «90 թվականին Արամյանն ունեցել է կոոպերատիվ, որին էլ Մինիստրների խորհրդի որոշմամբ տրվել է 3 հա հողատարածք՝ «Վառոյի ձորակ» կոչվող տարածքում: Դրանից հետո, 93-ին, երբ դեռ քաղաքապետերն իրավունք ունեին տնամերձեր բաժանելու, հաշվի չեն առել այդ մարդու իրավունքները եւ հողամասի բավականին մեծ մասը նախատեսել են մանկապարտեզի շինարարության եւ տնամերձերի համար: Արամյանը 2006-ին եկել է ինձ մոտ եւ ասում է, թե իմ հողը տվեք ինձ: Ես էլ բացատրել եմ, որ ինձանից 15 տարի առաջ այդ հողատարածքը բաժանվել է: Մարդիկ էլ 15 տարի այդ հողին տիրապետել են, ու քանի որ անշարժ գույքի վկայական են ունեցել՝ առուծախ են արել, այդ հողի վրա տներ են սարքել: Ես այստեղ ի՞նչ մեղք ունեմ»: Պարոն Թամազյանի տեղեկացմամբ, 2 անգամ նախագահի վերահսկողական ծառայությունից եւ 1 անգամ էլ վարչապետի հանձնարարականով են եկել Արամյանի գրածների ճշմարտացիությունը ստուգելու. «Եթե դա ինձ հետ կապ ունենար՝ ինձ արդեն բռնել-տարել էին, ու ես հիմա նստած էի: 1996-ից հետո ոչ մի քաղաքապետ տնամերձ հողամաս բաժանելու իրավասություն չունի: Ես նրան խորհուրդ եմ տվել դիմել դատարան: Թող դատարանը վճիռ կայացնի, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»: Ինչ վերաբերում է նրան, որ Աշտարակում արվող ցանկացած լավ գործ քաղաքապետն իրեն է վերագրում, է ապա Գ. Թամազյանը հավաստիացրեց, որ բոլորն էլ տեղյակ են, թե ինչն է արվում իր եւ ինչը՝ պետության ջանքերով. «Օրինակ, Ներսես Աշտարակեցու մոնումենտի համար 10 միլիոն դրամ տրամադրվել է պետբյուջեից, իսկ 20 միլիոն՝ մեր միջոցներից»: Ե. Արամյանը «Առավոտին» տեղեկացրեց նաեւ, որ հոկտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրությունների պատճառով Գ. Թամազյանը «ոտ ու ձեռ ընկած» ուզում է հարցին շուտափույթ լուծում տալ. «Երբ առաջ ընդհանրապես ոչ մի քայլ չէին ձեռնարկում, հիմա արդեն ինձ տարբերակներ են առաջարկում: Ասում են, որ պատրաստ են քաղաքի տարբեր հատվածներից մաս-մաս իմ 3 հեկտարն ինձ վերադարձնել, բայց ես չեմ համաձայնում: Ես իմ արյան գնով հող եմ վաստակել, ներդրումներ եմ արել ու այդ հողն եմ պահանջում»: Քաղաքապետի առաջիկա ընտրությունների վերաբերյալ «Առավոտի» հարցին Գ. Թամազյանը պատասխանեց. «Ես ոչ թե դնելու եմ իմ թեկնածությունը, այլ այն չեմ հանելու: Իմ ռեյտինգն այսօր շատ բարձր է, եւ ես շարունակելու եմ աշխատել»:

 

Ուզածը մի պարկ ալյուր է
 

Այն էլ՝ գյուղապետը չի տալիս

Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ Ասյա Ասրյանն ընդամենը մեկ պարկ ալյուրի համար արդեն քանի ամիս է՝ մարզպետարանի ու գյուղապետարանի դռներն է ընկած: Կնոջ պատմելով, գյուղապետն ուղարկում է մարզպետի մոտ, մարզպետարանից էլ խորհուրդ են տալիս գյուղապետին դիմել: Ու մինչ մարզի բնակիչների համար պատասխանատու մարզպետն ու գյուղապետը Ա. Ասրյանին օգնելու հարցը միմյանց վրա են գցում, կինը երեխաների օրվա հացը մուրացկանությամբ է վաստակում:

«Երեք անչափահաս երեխա ունեմ: Մեզ մոտ աշխատանք չկա, որ գոնե աշխատեմ՝ երեխաներիս պահեմ: Ամուսինս Սեւանի հոգեբուժարանում է, ես էլ ոչ մի օգնող ձեռք չունեմ: Պետությունից ընդամենը 26 հազար դրամ նպաստ եմ ստանում, դրանով ինչպե՞ս ծայրը ծայրին հասցնեմ, ինչպե՞ս 3 երեխա պահեմ: Ինչքան ժամանակ է՝ գյուղապետին խնդրում եմ գոնե մի պարկ ալյուրով օգնի, որ մի 20-25 օր հաց թխեմ, ընտանիքս յոլա գնա՝ մերժում է»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Ա. Ասրյանը: Վերջերս էլ, կնոջ դիմումներին ի պատասխան, Արմավիրի մարզպետարանից հայտնել են, որ իրենք զգուշացրել են Բաղրամյանի գյուղապետ Մասիս Կիրակոսյանին, որպեսզի զբաղվի կնոջ խնդրով. «Ինձ ասում են գնա՝ գյուղապետը քեզ կօգնի, սակայն երբ դիմում եմ մեր գյուղապետ Մասիս Կիրակոսյանին, հրաժարվում է՝ սպառնալով, որ եթե մի անգամ էլ դիմեմ մարզպետարան՝ ինձ համար շատ վատ կլինի: Էս ամենից արդեն հոգնել եմ, էլ բան չի մնացել անելու, երեխաներիս հավաքելու եմ՝ գնամ կառավարության շենքի առաջ հացադուլի նստեմ»: Ա. Ասրյանի խոսքերով, Բաղրամյանի ներկայիս գյուղապետը դեռեւս ընտրությունների ժամանակ է խոստացել, որ եթե իրեն ընտրեմ՝ ինձ աշխատանք կտա. «Ընտրվեց ու խոստումների մասին մոռացավ: Ոչ միայն աշխատանք, այլեւ օգնություն չի տալիս»:

Մեր հարցին, թե գյուղապետարանի բյուջեն բնակիչներին օգնություն տրամադրելու որեւէ գումար չի՞ նախատեսում, Բաղրամյանի գյուղապետ Մասիս Կիրակոսյանը պարզաբանեց. «Ես այդ ընտանիքին շատ եմ օգնել: Անգամ ինձ շնորհակալագրեր է գրել: Բայց հիմա ժամանակն է, որ այդ մարդիկ վերջապես սովորեն աշխատել: Էդուարդո Էռնեկյանը մեզ մոտ մեծ հող է առել, բոլորն այնտեղ աշխատում են, ինչո՞ւ նա չի գնում աշխատի, իմ տղան էլ է այդ հողում աշխատում: Նրանք սովոր են մուրացկանությամբ ապրուստ վաստակել, գալիս են Երեւանի մետրոներում փող են հավաքում:

Ինչ վերաբերում է մեկ պարկ ալյուրին, ասեմ, որ նա իմ բակում դրված, իմ սեփական ալյուրից է ուզում: Նա կարծում է, թե դա պետությունն է ինձ տվել, բայց դա իմ բերքն է, ես եմ ցանել, ես էլ հնձել»:

 

«Երիտասարդությունը բեւեռացված չէ»
 

Կարծում է ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը

«Արցախ» ակումբի երեկվա հյուրը ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանն էր, որն անդրադարձավ ներքաղաքական կյանքում երիտասարդության դերին: Ա. Զաքարյանի ձեւակերպմամբ, ոչ միայն ՀՀ-ում, այլեւ ամբողջ աշխարհում երիտասարդությունը քաղաքական դաշտում միշտ ունեցել եւ պահպանել է իր ուրույն դերակատարությունը, հանդես գալով իբրեւ հասարակական-քաղաքական համակարգի հիմնական շարժիչ ուժ: Ըստ Ա. Զաքարյանի, թե ինչպիսի գաղափարական հոսանքների են հարում երիտասարդները՝ ամբողջական պատասխան տալ հնարավոր չէ. «Ցավոք, մեզանում քաղաքական կուսակցությունները գաղափարական ուղենիշների առումով տարբեր վարքաբանություն են դրսեւորում ու շատ դժվար է տարանջատել կուսակցությունների այս կամ այն քաղաքական հոսքում լինելը: Առաջին՝ կուսակցությունները փորձում են երիտասարդական դաշտում իրականացնել գաղափարական քարոզչական աշխատանքներ, երիտասարդներին ներգրավել կուսակցական գործընթացներում եւ դրանով հանդերձ ապահովել երիտասարդության այս կամ այն խմբի հետաքրքրությունները, շահերը, գաղափարներն ու նորամուծությունները: Երկրորդ ուղին էլ երիտասարդներին հասարակական-քաղաքական գործընթացներին ներգրավելու համար՝ երիտասարդական հասարակական կազմակերպություններն են, որոնց թիվը ՀՀ-ում 1000-ից ավելի է, որոնք էլ ոլորտային առումով զբաղեցնում են ամենալայն հատվածը, այսինքն՝ զբաղվում են սոցիալական, կրթական, իրավունքների պաշտպանության եւ այլ խնդիրներով: Երրորդն էլ ուսանողական ինքնակառավարման մարմիններն են, որոնք Հայաստանում բավականին կայացած են»:

Ըստ Ա. Զաքարյանի, այսօր կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, որ ընդդիմության հետընտրական ակտիվացումներում երիտասարդության դաշտում բեւեռացումներ են կատարվում. «Դա, ըստ էության, մակերեսային դիտարկումների արդյունքում է այդպես, որովհետեւ երիտասարդության հետաքրքրությունները կարող են լինել բազմազան, եւ դա չի նշանակում, որ երիտասարդությունը իր ուղիղ հայացքով կամ ինքնորոշման ճանապարհով կարող է հարել այս կամ այն քաղաքական հոսանքին»: Նրա ձեւակերպմամբ, որպեսզի կարողանանք գնահատել կուսակցությունների կողմից երիտասարդության դաշտում կատարած աշխատանքներն ու հաջողությունները, բնականաբար, պետք է կարողանանք նաեւ չափել ու համեմատելի դարձնել տարբեր կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների ակտիվությունն ու դրանց մասնակցության աստիճանը քաղաքական գործընթացներում: Ա. Զաքարյանի խոսքերով, երիտասարդության քաղաքականացված լինելը չափից շատ ու ամենեւին էլ վտանգավոր չէ. «Ընդհանրապես, ցանկացած հասարակության մեջ առավելագույն քաղաքականացվածության չափը, որպես կանոն, մինչեւ 10 տոկոս է կազմում: Դրա մեջ մտնում են նաեւ երիտասարդները: Կան տարբեր քաղաքական գործընթացներ, որտեղ մասնակցություն կամ դերակատարություն ունենալը դեռ չի նշանակում քաղաքականացված լինել: Ես չեմ կարծում, թե մեզ մոտ երիտասարդության աննախադեպ քաղաքականացվածության աճ է արձանագրվում»: Նա անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, նշեց, որ մեր երկրում քաղաքական ճգնաժամ չկա, որովհետեւ քաղաքական համակարգի բոլոր ինստիտուտները իրականացնում են բնականոն գործունեություն, իսկ երիտասարդությունն էլ, որպես ամենաակտիվ ու ամենակազմակերպված հատված, պետք է կարողանա վերահսկողություն իրականացնել պետական, ոչ պետական եւ քաղաքական կազմակերպությունների գործունեությունների նկատմամբ: Խոսելով Համաժողովրդական շարժման գործունեության մասին, Ա. Զաքարյանը նշեց. «Այդ շարժումը փորձելով իր համակիրների կամ համախոհների շրջանակն ընդլայնել, բնական է, որ պետք է առաջին հերթին փորձեր երիտասարդության հետ կապել իր ակտիվության ապահովման խնդիրները, բայց չեմ կարծում, թե այսօր երիտասարդությունը տարված է այդ շարժմամբ կամ նրանց գաղափարներով: Պարզապես, կա երիտասարդության մի հատված, որ հեշտությամբ տրվում է տարբեր տեխնոլոգիական, քարոզչական հնարքների»:

 

ՀԱՆՑԱԳՈ՞ՐԾ ԷԻՆ ՓՆՏՐՈՒՄ
 

Գյումրեցիներին այդպես էլ անհայտ մնացին իրավապահների կողմից շաբաթ օրը Գյումրիի կենտրոնական շուկայում կազմակերպված ծեծուջարդի իրական պատճառները:

Արդեն չորրորդ օրն է՝ Գյումրիում շրջանառության դրված միակ թեման «Լաչինի միջանցք» կոչվող շուկայի հատվածում տեղի ունեցած դեպքն է: Գյումրիի պատմության մեջ առաջին անգամ է, երբ օրը ցերեկով «քացու» տակ են գցում շուկայում կանգնած «բիրժեւիկներին» ու նրանց «թասիբին» կանգնողներին, ընդ որում, ըստ ականատեսների, 10 ոստիկանով խփում էին մեկին: Շուկայում այդ պահին գտնվողների ներկայացմամբ, մայրաքաղաքի ոստիկանները առավոտյան ժամը 10-ին սկսել են «կանդալել» տարադրամի առեւտրով զբաղվողներին, իսկ նրանց, ովքեր փորձել են բացատրություն պահանջել՝ ջարդուփշուր են արել: Մենք դեպքի վայրում եղանք այն պահին, երբ առեւտրականները հավաքում էին կրպակներից մեկի կոտրված ապակիները: Ականատեսների վկայմամբ, «բիրժեւիկներից» մեկը դիմադրել է ոստիկաններին, վերջիններս էլ ոչ ավել, ոչ պակաս՝ նրա գլուխը խփել են ապակուն: «Ով ոստիկաններին ռաստ եկավ՝ դրին ծեծին, իսկական գենոցիդ, սիմիշկա ծախողին անգամ չխնային, օրենքի մա՞րդն էլ ծեծով հարց լուծի, եթե տղամարդը ապրելու հնար ունենա՝ բիրժա կկանգնի՞»,- հուզված հարցնում էին գյումրեցիները: Ոստիկանները շատերին լցրել են մեքենաներն ու տարել մայրաքաղաք: Աղմկոտ այս դեպքից երեք-չորս ժամ հետո Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը նոր միայն հարկ համարեցին բացատրություն տալ գյումրեցիներին: Շուկայում կանգնողներին պարզ դարձավ, որ շրջապատին ահաբեկելով, աջ ու ձախ «քացի տալով»՝ մայրաքաղաքի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ու իրավապահները Գյումրիի շուկայում փնտրել են իրենց տեղացի գործընկերներին՝ շուկան «վերահսկող» ոստիկաններին ու Գյումրիի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի մասնագետ Գեւորգ Հակոբյանին, ովքեր վաղուց ի վեր զբաղվել են դրամաշորթությամբ՝ անօրինական «հախեր» հավաքելով շուկայի ժողովրդից: Ըստ պաշտոնական տեղեկատվության. «ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայաքարի գլխավոր վարչության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու փաստի մեջ մերկացվել է ոստիկանության Գյումրիի բաժնի պրոֆիլակտիկ բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր Սեյրան Պետրոսյանը: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ վերջինս ոստիկանության նույն բաժնի պարեկապահակային ծառայության ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ Սարգիս Պարսամյանի, պարեկապահակային ծառայության բաժնի ոստիկաններ Հովհաննես Գրիգորյանի եւ Գրիգոր Հայրապետյանի միջոցով Գյումրիի կենտրոնական շուկայի տարածքում ապրանքներ վաճառող եւ տարադրամի ապօրինի առքուվաճառքով զբաղվող քաղաքացիներից պարբերաբար շորթել է խոշոր չափերի հասնող կաշառք: Նախապատրաստված նյութերով Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քրգործ է հարուցվել Քրօրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասով: Ոստիկանության աշխատակիցներ Սեյրան Պետրոսյանը, Սարգիս Պարսամյանը եւ Հովհաննես Գրիգորյանը ձերբակալված են»: Միջոցառումն իրականացնողները շուկայի տարածքում տեղակայված այս անձանց հենակետ-տնակում զննությամբ հայտնաբերել են նաեւ տարբեր անձանց վերաբերյալ գրառումներ, օրինակ՝ երեք տետր, որոնցում 2007թ. ի վեր մուտքագրվել են ապրանք վաճառողների տվյալները, որտեղ, ըստ օրերի, նրանց անվան դիմաց դրվել են «պլուս» կամ «մինուս» ու պայմանականորեն երեւացել են գումար տվողները կամ չտվողները: Իրավապահներն այդ նույն տարածքում հայտնաբերել են նաեւ տարադրամի ապօրինի փոխանակմամբ զբաղվող Գյումրիի մի խումբ բնակիչների՝ Աշոտ Անտոնյանին, Նորայր Սահակյանին, Ռուբիկ Խաչատրյանին, Ռոբերտ Փոլադյանին, Արա Գրիգորյանին, Վարդան Յաղուբյանին եւ Աշոտ Խուրշուդյանին, որոնք օպերատիվնիկների պահանջով ներկայացրել են փոխանակման համար իրենց մոտ գտնվող գումարները՝ 3.967.000 դրամ, 3807 ԱՄՆ դոլար, 1.995 եվրո եւ 183.050 ՌԴ ռուբլի: Ի դեպ, արդեն մի քանի օր է՝ «բիրժեւիկները» վախենում են շուկայի տարածքում հայտնվել: Ինչպես պատմում են շուկայում կանգնողները, նրանք «շահով» փող էին վերցնում՝ գումար «ֆռռացնելու», համար, մինչդեռ մայրաքաղաքի ոստիկանները «բիրժեւիկներին» բերման ենթարկելով ու Երեւան տանելով՝ բռնագրավել են նրանց մոտ եղած գումարը՝ Գյումրի վերադառնալու համար անգամ դրամ չթողնելով: Հիշեցնենք, որ 2 տարի առաջ մայրաքաղաքի ոստիկանները բռնի մեթոդներով դարձյալ առգրավեցին գյումրեցի «բիրժեւիկների» մոտ եղած փողերը՝ վերջնականապես սնանկացնելով շատերին: «Բիրժեւիկներն» այդ ժամանակ մեղադրում էին ՀՀ կենտրոնական բանկին՝ վստահեցնելով, որ այս քայլով բանկը նպատակ ունի արհեստականորեն արժեւորել դրամը, եւ քանի որ արտասահմանից դոլար կամ եվրո ստացող ՀՀ քաղաքացիներն այլեւս այլընտրանք չեն ունենա, չեն կարողանա դոլարը կամ եվրոն ավելի թանկ գնով արտարժութային շուկայում փոխանակել, ուստիեւ ստիպված կլինեն էժան գնով այն փոխանակել հենց բանկերում: Այնպես որ, Գյումրիում իրականացրած միջոցառումը նպատակ ուներ ցրել նաեւ Գյումրիի կենտրոնական բիրժան: Նույն այդ ժամանակ «հախ» հավաքողները՝ մասնավորապես քաղաքապետարանի, իրենց գործը շարունակում են:

 

Գերատեսչական մրցույթները մաքուր չեն
 

Հակակոռուպցիոն խորհրդակցության օրը ձերբակալվեցին

Վայոց ձորում ընթացած «Կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման, բացահայտման եւ քննության առանձնահատկությունները» թեմայով շրջիկ խորհրդակցության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, որ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ոստիկանության Գյումրիի բաժնի պրոֆիլակտիկ բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր Սեյրան Պետրոսյանը: ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը հայտնեց նաեւ, որ ձերբակալվել են եւս 5-ը, մասնավորապես՝ մեկը քաղաքապետարանի աշխատակից, ոստիկաններ եւ տարադրամի փոխանակման կետի աշխատակիցներ: Պարզվել էր, որ ոստիկանության մայոր Պետրոսյանը պարեկապահակային ծառայության ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ Սարգիս Պարսամյանի, վաշտի ոստիկաններ Հովհաննես Գրիգորյանի եւ Գրիգոր Հայրապետյանի միջոցով Գյումրիի կենտրոնական շուկայի տարածքում ապրանքներ վաճառող ու տարադրամի ապօրինի առքուվաճառքով զբաղվող քաղաքացիներից պարբերաբար շորթել է խոշոր չափերի հասնող կաշառք:

Խորհրդակցությանը հրավեր էին ստացել, սակայն չմասնակցեցին ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը եւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանը: Իր զեկույցում ԱԱԾ տնտեսական անվտանգության բաժնի պետ Սուրեն Բաղդասարյանը մասնավորապես անդրադարձավ բյուջետային միջոցների հավաքագրման գործընթացին եւ ասաց. «Չարաշահումներն իրականացվում են պետբյուջեի եկամտային մասն ապահովող ՀՀ հարկային պետական ծառայության, ՀՀ մաքսային պետական կոմիտեի եւ ստուգումների իրավասություններով օժտված մարմինների՝ ՀՀ ֆինանսների նախարարության աուդիտի գնահատման եւ վերահսկողության վարչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ որակի տեսչության, ՀՀ բնապահպանության պետական տեսչության, ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության, ՀՀ քաղաքաշինության նախարարության պետական տեսչության, ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի տեսչության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության կողմից»: Ասել է թե՝ հստակ էին կոռուպցիոն դրսեւորումների հասցեատերերը, որի համար ԱԱԾ ներկայացուցիչն առաջարկեց միջոցների նկատմամբ վերահսկողություն, մասնավորապես՝ թե ինչպես են այս կամ այն գործարքներին մասնակցում, ԱԱԾ ձեւակերպմամբ՝ «դնովի կազմակերպությունները»:

Սուրեն Բաղդասարյանի տեղեկացմամբ, ԱԱԾ-ում ստացված օպերատիվ տվյալների վերլուծությունից հետեւում է, որ մաքուր չեն նաեւ գերատեսչություններում իրականացվող մրցույթները. «Նմանատիպ իրավիճակ է նաեւ միջազգային վարկային միջոցների բաշխման գործընթացում, որտեղ պետգնումների գործակալության գործառույթները իրականացնում են ԾԻԳ-երը՝ ծրագրերի իրականացման գրասենյակները»: Ի դեպ, ըստ Ս. Բաղդասարյանի, անմխիթար է նաեւ վիճակը պետբյուջե գումարների մուտքագրման հետ կապված. «Չմուտքագրման գերակշռող մասը կրում է կազմակերպված բնույթ եւ փոխշահավետ է սուբյեկտ-մաքսավոր փոխհարաբերություններում: Ապրանքները ձեւակերպվում են ոչ ճիշտ անվամբ կամ ծագման երկրի փոփոխմամբ, ինչը հնարավորություն է ստեղծում մաքսազերծումն իրականացնել ցածր գներով»: Անմասն չմնացին նաեւ Հարկային պետական ծառայության աշխատակիցները, որոնց ձեւական ստուգայցերը ավարտվում են նրանով, որ թաքցնում են սուբյեկտի իրական շրջանառությունը, ինչի հետեւանքով պետբյուջե գանձվում են ոչ իրատեսական գումարներ: Հետաքրքիր ինֆորմացիա էր պարունակում նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային ծառայության պետի տեղակալ, ԳՐԵԿՈ-ում (Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբ) ՀՀ պատվիրակության ղեկավար Արթուր Օսիկյանի զեկույցը:

Ըստ զեկուցողի, ԳՐԵԿՈ-ի վերջին՝ 38-րդ լիագումար նիստում Հայաստանին ուղղված 12 առաջարկությունները համարվել են կատարված, ինը՝ մասնակի կատարված, երեքը՝ չկատարված: Առաջարկվել էին սահմանել իրավական դրույթներ, որոնք թույլ կտան իրականացնել երրորդ անձի տիրապետման տակ գտնվող գույքի արդյունավետ բռնագրավում, պարզեցնել եւ արագացնել խուզարկության թույլտվության ընթացակարգը անմիջական անհետաձգելիության դեպքերում, ընդունել ոստիկանության ծառայողների, դատախազների ու դատավորների կոռուպցիայի եւ փողերի լվացման հարցերին նվիրված վերապատրաստման մոդել, նվազեցնել քրեական հետապնդումից անձեռնմխելի անձանց կատեգորիաները, վերացնել հատկապես պատգամավորության թեկնածուների, ընտրական հանձնաժողովների անդամների, մարզային համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի անձեռնմխելիությունը: ԳՐԵԿՈ-ն նշել էր, որ այդ առաջարկներում «քրեական հետապնդումից անձեռնմխելի անձանց կատեգորիաները չեն նվազել»: Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ մարզերի դատախազներ, ԱԱԾ եւ ոստիկանության պաշտոնյաներ:

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
 

ՄԱՔՍԱՆԵՆԳՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ Է

Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի, վնասազերծվել է մաքսանենգությամբ զբաղվող կայուն հանցավոր խումբ:

Հանցավոր խումբը ղեկավարել է «Գվարզին» ՍՊԸ տնօրեն, Նոյեմբերյանի շրջանի Պտղավան գյուղի բնակիչ Յուրա Նարիմանի Հարությունյանը, որը անհատ ձեռներեց «Էդիկ Էվինյան» կազմակերպության միջոցով զբաղվել է Թուրքիայից Հայաստան ապրանքների ներկրմամբ: Բեռնատարներով ապրանքը, ըստ նախնական վարկածի, հասցվել է մինչեւ ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Դեղձավան գյուղի հարակից վրացական տարածք, որտեղից այն վերաբարձվել է բարձր անցողականություն ունեցող մի քանի փոքր բեռնատարների մեջ եւ գիշերվա ժամերին, շրջանցիկ ճանապարհներով մաքսանենգորեն տեղափոխվել է Հայաստանի տարածք:

Յու. Հարությունյանի եւ նրա խմբի կողմից թաքցվել է ներմուծվող բեռի իրական քանակը եւ ուղեկցող փաստաթղթերի կեղծման միջոցով ցույց է տրվել եւ ձեւակերպվել ներկրված ապրանքի մի մասը:

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, միայն վերջին 6 ամիսների ընթացքում հանցավոր խմբի կողմից, առանց մաքսային հսկողության, հանրապետություն է ներկրվել 895 տոննա ապրանք՝ զգալի վնաս հասցնելով ՀՀ տնտեսությանը:

Յու. Հարությունյանի կողմից ղեկավարած հանցավոր խմբի կազմում ընդգրկված են եղել ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի տարածաշրջանի, ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցներ (ապահովում էին բեռի «անվտանգ» տեղափոխումը), ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի աշխատակիցներ (իրականացնում էին բեռի ձեւակերպումը կեղծ փաստաթղթերով): Հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն իսկ կալանավորվել է 5 անձ:

Ի ՀԱՎԵԼՈՒՄՆ

«Առավոտի» «Օրինական շինո ւթյունը քանդում են» (30.07.2008թ.) հրապարակման մեջ անդրադարձել էինք Ջրաշատի 54/1 հասցեում գտնվող ինքնակամ կառույցի քանդման պատմությանը:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2007թ. մայիսին կայացրած որոշման կապակցությամբ՝ պատասխանող Վահան Տեր-Հովակիմյանի (հայցվոր՝ Արմեն Տեր-Հովակիմյան) փաստաբան Արթուր Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում ասել էր, թե դատարանը չէր կոնկրետացրել վիճարկվող տարածքում գտնվող ո՞ր կառույցը պետք է քանդվեր ու բերվեր նախկին տեսքի: Դատական ակտերի հարկադիր կատարողներին պարզաբանելուց հետո՝ քանդվել էր ձեղնահարկը: «Դատավոր Նոյեմ Հովսեփյանն ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները՝ էական վնաս հասցնելով քաղաքացուն»,- ասել էր փաստաբանը, նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի հաջորդ որոշումը: Ի հավելումն ասվածի՝ տեղեկացնենք, որ այս տարվա հունիսի 24-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննության է առել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երեւանի քաղաքային բաժնի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Գ. Հարությունյանի դիմումը՝ վերոհիշյալ գործով կատարողական թերթի պարզաբանման մասին: Դատարանը՝ Ն. Հովսեփյան, Է. Մուրադյան, Վ. Թորոսյան կազմով հղում էր արել իր նախորդ որոշմանը. «Հայցը բավարարել, պարտավորեցնել Վահան Տեր-Հովակիմյանին՝ քանդել Երեւանի Ջրաշատ 54/1 հասցեում իրականացված ինքնակամ կառույցները եւ տարածքը բերել նախկին տեսքի»: Նաեւ արձանագրել էր, որ վճիռը մտել է օրինական ուժի մեջ: ՀՀ վերաքննիչ դատարանը իր նոր որոշման պատճառաբանական մասում փաստել էր. «Գործի նյութերից երեւում է, որ վեճը վերաբերում է ոչ թե ինքնակամ կառույցին, այլ ինքնակամ կառույցներին, այդ թվում՝ ձեղնահարկին, ինչի քանդման հետեւանքով տարածքը պետք է բերել նախկին տեսքին: Այդ հանգամանքը նկատի ունենալով՝ կատարողական թերթը պետք է պարզաբանել հետեւյալ կերպ. քանդել ինքնակամ կառույցները՝ ավելացված հարկը, ներառյալ՝ ձեղնահարկը»:

 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵՐՈՒՄ ԵՆ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԸ
 

Եվ ցանկանում են այն հանձնել իրենց շարմական ընկերներին ու մոսկվաներում բալագանային հումոր տարածող իրենց եղբայրներին:

Շուրջ 7 ամիս Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնն անորոշ խաղերի մեջ ներքաշելուց, այստեղ ապօրինություններ գործելուց, մշակույթի նախարարությունն իբր այստեղ հարցերը լուծել-ավարտելուց հետո՝ «վերջապես» իր ավերիչ ու ապազգային ծրագրերը նաեւ Սունդուկյանի անվան թատրոն տարավ՝ առիթ գտնելով թափելու որոշ ապաթատրոնական չինովնիկների հոգիներում կուտակված մաղձն ու թույնը, տգիտությունն ու վրեժի ծարավը: Այն, ինչ կատարվեց Սունդուկյանի անվան թատրոնում՝ չափազանց սխալ կլիներ միայն ու միայն անձնավորված պայքար համարել Վահե Շահվերդյանի դեմ, չնայած ե՛ւ անձնավորումն է առկա, եւ՛ քաղաքական հետապնդումը, ե՛ւ անհատականությանը ոչնչացնելու մոլուցքը... 1977-ին մի խումբ սունդուկյանցիների գործիք դարձնելով՝ բոլշեւիկյան իշխանությունները սպանեցին Վարդան Աճեմյանին, հետո արդեն մեր օրերում մահվան դատապարտեցին Տիգրան Լեւոնյանին, Օհան Դուրյանին դուրս մղեցին մեր երաժշտական կյանքից, հիմա էլ հերթը Վահե Շահվերդյանինն էր, որովհետեւ հատկապես մշակույթը կառավարողները չեն սիրում սեփական դիմագիծ ու կարծիք ունեցողներին, նրանք ամբոխավարության ու միջակության ջատագովներ են, որոնց հեշտ է իշխել, հպատակեցնել, նրանց ձեռքերով ապազգային ծրագրեր իրականացնել...

Վահե Շահվերդյանի խնդրին մենք, իհարկե, կանդրադառնանք, սակայն առավել կարեւոր հարց կա, որն այս օրերին վարպետորեն սքողվում է, շատերն անգիտաբար սեւեռվում են միայն մի խնդրի՝ չհասկանալով, որ տեղի է ունեցել ազգային դրամատիկական թատրոնը ոչնչացնելու առաջին եւ գլխավոր փորձը... Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ իշխանության կուլիսներում վաղուց ի վեր քննարկվում էր պետական դրամատիկական թատրոնները ապապետականացնելու, թատրոնների փոխարեն նախախորհրդային շրջանի «անգաժեմենտային» ծրագրերն առաջ մղելու, պետությանը թատրոնի հանդեպ պարտականությունից ազատելու մոդելը, որն իր հովանավորներն ու նախանձախնդիրներն ունի՝ ի դեմս հայաստանյան շոու-բազարի մի շարք առաջադեմ «գործիչների», ի դեմս նախկին վարչապետ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատում հայտնված որոշ «խորհրդականների», որոնք ցանկանում են հայաստանյան նշանավոր դահլիճները հանձնել իրենց շարմական ընկերներին ու մոսկվաներում բալագանային հումոր տարածող իրենց հարազատ եղբայրներին... Դեռեւս անցած տարի Ծաղկաձորում տեղի ունեցած քննարկումների ժամանակ իշխանությունները ցանկանում էին հող նախապատրաստել թատրոնների լուծարման համար՝ իբրեւ ծխածածկույթ ներկայացնելով գեղարվեստական ղեկավարների խնդիրը: Արդեն տեւական ժամանակ առանց գեղարվեստական ղեկավարի են գործում Կամերային երաժշտական եւ Երիտասարդական փորձարարական թատրոնները. մենք կորցրել ենք ժանրային եւ ստեղծագործական առանձնահատկություններ ունեցող թատրոններ, մենք կորցրել ենք այնպիսի բեմեր, որոնք հենց երիտասարդ արվեստագետների համար հրաշալի փորձարաններ պիտի դառնային, պիտի նպաստեին ազգային երաժշտական թատրոնի նոր տեսակի ձեւավորմանը, ժանրային նորարարությանը: Իշխանությունների նպատակն էր ցույց տալ, որ կարելի է աշխատել առանց գեղարվեստական առաջնորդի եւ գեղարվեստական ծրագրի, ուրեմն՝ կարելի է ապրել նաեւ առանց թատրոնի:

Սեփական շենք չունեցող Երիտասարդական փորձարարական եւ խղճուկ շենքային պայմաններում շվարած Կամերային երաժշտական թատրոնները, բնականաբար, «շոու բազարի» գործիչների քիմքով չէին, դրանք չեն կարող ապահովել անհրաժեշտ եկամուտները, դրանք չեն կարող գայթակղել ազգային երգարվեստի՝ ֆոնոգրամայի տակ անգամ «ֆալցետներով» երգող աստղերին ու արտասահմանյան կատարողներին, հետեւաբար նրանց թիրախը Սունդուկյանի եւ Պարոնյանի անվան թատրոններն են: Հատկապես՝ Սունդուկյանի անվան, որն ունի հրաշալի բեմային եւ դահլիճային պայմաններ, փորձասենյակներ, գիշերային բար-սրճարանների ստեղծման լայն հնարավորություններ, որի ամեն մի հարկը կարելի է վարձակալության տալ ինչպես պրոդյուսերական կազմակերպությունների եւ անգամ կոմերցիոն գրասենյակների եւ ահռելի եկամուտներ ստանալ: Առաջին ու գլխավոր պատճառներից մեկը՝ Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցածի, հենց սա է: Եվ «ազատ բեմ» գավառային ֆրազը, որ շրջանառության մեջ են դրել իշխանությունները, հենց սա է նշանակում, ինչը մատնեց իր ասուլիսում մշակույթի նախարարը՝ մերթ խոսելով «ազատ բեմի», մերթ էլ՝ նոր գեղարվեստական ղեկավարի ընտրության մասին... Եթե ազատ բեմ է՝ ստեղծագործական ազատության ու փորձարարության հանգրվան՝ ի՞նչ մրցակցություն եւ ի՞նչ նոր ընտրություն, երբ ընդամենը այստեղ անհրաժեշտ պիտի լինի ունենալ քիչ թե շատ գրագետ ու կազմակերպչական ընդունակություններ ունեցող տնօրեն՝ թեկուզ նախկին ոստիկան եւ թվերն իրար գումարող մի հաշվապահ... «Ազատ բեմի» բլեֆը բոլորիս համար էլ հասկանալի եւ ընկալելի է, չէ՞ որ «ազատ բեմում» նաեւ կարելի է համերգային շոուներ բեմադրել, կրկեսային ներկայացումներ ցուցադրել, պոդիում եւ կասկածելի մրցույթներ կազմակերպել՝ համեմված երգերով, պարերով, անգամ բալագանային հումորով, որը մեզանում շատ հաճախ դրամատիկական արվեստի չափորոշիչ է համարվում... Կարծում եմ, «ազատ բեմում» պիտի գործեն առաջին հերթին այն տաղանդավոր մարդիկ, ովքեր արդեն լուրջ հայտեր են ներկայացրել, ովքեր հետաքրքիր գեղագիտական հայտնություններով են ճանաչելի դարձել, ովքեր մասնավորաբար ակադեմիզմի մեջ հասել են նոր դրսեւորումների, քանի որ գործ ունենք ակադեմիական թատրոնի հետ, իսկ ակադեմիականը միայն կոչում չէ, այլ նաեւ գեղարվեստական-գեղագիտական սկզբունք, արտահայտչաձեւ, մեկնաբանությունների ուրույն մեթոդաբանություն... Աշխարհի ոչ մի երկրում ազգային թատրոնները, որոնք ժողովրդի մեծագույն հարստությունն են, չեն ոչնչացվում, չեն ավերվում. մի՞թե կարելի է պատկերացնել, որ «Կոմեդի ֆրանսեզը», Մոսկվայի Գեղարվեստականը, իտալական «Պիկկոլոն» կամ Ստրադֆորդ օն Էյվոնի Մեմորիալ թատրոնը մի օր կարող են «ազատ բեմ» հռչակվել: Դրանք ժողովուրդների սեփականությունն են, թատերական արվեստի բարձր ըմբռնումների հանգրվաններն են, այն դպրոցներն են, որոնք պահպանում են ակադեմիականության սկզբունքները՝ ուշագրավ համադրություն ստեղծելով փորձարարական, կոնցեպտուալ, ավանգարդիստական թատրոնների հետ, որոնք իրենց գեղագիտությունն ունեն, որոնք իրենց հարմար շենքերն ունեն, որոնց ճարտարապետությունն անգամ բխում է թատրոնի ձեւից ու մտածողությունից: Այսօր այս ամենը չիմացող-չհասկացող մի խումբ տգետ իշխանավորներ հայտարարություններ են անում, արդարացնում իրենց՝ հավանաբար կարծելով, թե անգամ թատերական աշխարհում մեծ թիվ են կազմում այն անգրագետները, ովքեր այս տարրական ճշմարտությունները չգիտեն:

Գալով Վահե Շահվերդյանին՝ պետք է ասել, որ Սունդուկյանի անվան թատրոնում մի խումբ դերասան-դերասանուհիների կողմից արհեստականորեն հրահրված դժգոհությունը չի բխում հենց Շահվերդյանի գործոնից, քանզի, բացառությամբ մեկ-երկու հոգու, մյուս «ընդդիմադիրները» հենց Շահվերդյանի ստեղծագործական համախոհներն են, նրա գրեթե բոլոր բեմադրությունների գլխավոր դերակատարները, Շահվերդյանի ջանքերով պետական պարգեւների եւ ճանաչման արժանացած մարդիկ: Հետեւաբար, սուտը եւ կազմակերպվածությունը չափազանց նկատելի են... Եվ այն մեղադրանքները, որոնք այսօր ներկայացվել են Շահվերդյանին, ժամանակին ներկայացվել են Արմեն Գուլակյանին, Վարդան Աճեմյանին, Հրաչյա Ղափլանյանին, Խորեն Աբրահամյանին: Բոլորը՝ Սունդուկյանի անվան թատրոնում: Հետեւաբար, արդեն մաշված են մեղադրանքներն ու քննադատությունները: Սունդուկյանի անվան թատրոնը, որպես ազգային ակադեմիական թատրոն, երբեք իրավունք չունի դիմելու ծայրահեղ փորձարարությանը, քանզի սա նաեւ թատրոն-դպրոց է, այստեղ պիտի ներկայանա արդեն բյուրեղացածը, բոլորի համար ուսանելին եւ ընդունելին... Մայր թատրոնը չի կարող եւ իրավունք չունի կտրվելու իր արմատներից եւ բոլորովին նոր թատրոն դառնալու, որովհետեւ կտրուկ շրջադարձերը միշտ էլ վտանգավոր ու աղետալի են...

 

Գոշավանքը փրկում ենք
 

Ի պատասխան «Առավոտում» (26.07.08) տպագրված «Գոշավանքը պղծում են» հոդվածի:

Չէի ուզենա երբեւիցե գրիչ վերցնել ձեռքս եւ պարապ գործով զբաղվել: Շուրջ 30 տարի առաջ մեկնել եմ Հայաստանից Ուկրաինա՝ սովորելու: Այնպես ստացվեց, որ բուհն ավարտելուց հետո ամուսնացա ու աշխատանքի անցա Կիեւում: Երկար ժամանակ Հայաստանում չէի եղել: Երբ մի քանի տարի առաջ ժամանեցի Հայաստան՝ քրոջս ամուսնու հետ ընտանիքներով շրջագայություններ կատարեցինք Հայաստանի պատմամշակութային վայրերով: Հատկապես տպավորիչ էր «Ոսկե շղթա» (Դիլիջան-Վանաձոր-Օձուն-Հաղպատ-Սանահին-Մակարավանք-Իջեւան) կոչվող երթուղին: Ուղղակի տպավորված էինք Սեւանվանք-Հայրիվանք-Նորադուս-Սելիմ-Խնձորեսկ-Տաթեւ-Նորավանք-Քարահունջ երթուղուց: Իսկ իմ հարազատ քաղաքը՝ Դիլիջանը, իր շրջակայքով, ուղղակի հիասքանչ է: Չես կարող չտպավորվել Հաղարծին եւ Գոշավանք այցելություններից: Երբ տարիների բացակայությունից հետո այցելեցի իմ հայրենիք, հատկապես՝ Գոշավանք, հասկացա, որ հայրենիքը միայն հեռվից չեն սիրում ու հիանում: Շատ ենք սիրում կենացներ խմել ու պարծենալ, թե հազարամյակների ազգ ենք: Իսկ որեւէ մեկս ինչ-որ բան անո՞ւմ ենք հայրենիքի զարգացմանը մեր ներդրումը ունենալու համար: Գոշավանքի կողքին տեսա մի քայքայված տուն, որը ամեն րոպե կարող էր քանդվել՝ վնաս պատճառելով այնտեղ գտնվող զբոսաշրջիկներին: Գյուղապետի հետ հանդիպման ժամանակ նա էլ նշեց, որ թե՛ պաշտոնատար անձինք, թե՛ զբոսաշրջիկները, թե՛ զբոսավարները բազմիցս հարցրել են, թե ինչու այդ շենքը չի վերանորոգվում: Ես ասացի, որ պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ այդ շենքի վերանորոգման հարցում, իմ ուժերի սահմաններում ամեն ինչ անել, որ պատմաճարտարապետական հրաշք կառույց Գոշավանքը իր շրջակայքով ըստ արժանվույն ներկայանա աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հյուրերին: Իմ ոգեւորությունը ուղղակի սահման չուներ: Հատկապես մեծ էր գյուղապետի ոգեւորությունը: Սեփականատիրոջից գնելով շինությունը՝ իմ առաջին քայլը եղավ այն, որ այցելեցի Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն՝ խորհրդատվություն ստանալու, թե ինչի՞ց է անհրաժեշտ սկսել, ի՞նչ կարելի է եւ ի՞նչ չի կարելի անել այդ տարածքում: Այնտեղ մեզ շատ սիրալիր ընդունեց Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանը: Մանրամասն քննարկեցինք բոլոր խնդիրները, եւ որոշվեց, որ ապագա նախագիծը պետք է քննարկվի ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում: Եվ քննարկվեց: Նիստը կայացել է 2008թ. հուլիսի 8-ին: Նիստը նախագահել է ՀՀ մշակույթի փոխնախարար Գ. Գյուրջյանը: Ներկա են եղել նախագծող ճարտարապետը եւ իմ լիազորված անձը:

Հնագետ Գագիկ Սարգսյանը եւ ճարտարապետ Էդուարդ Գրիգորյանը, որոնք տպագրել են «Գոշավանքը պղծում են» հոդվածը, հավանաբար այս տեղեկատվությանը չէին տիրապետում, այլապես որպես մշակույթը ներկայացնող անձինք՝ իրենց թույլ չէին տա նմանատիպ հոդված տպագրելու: Եվ եթե նրանք մտահոգված էին պատմաճարտարապետական կառույցի ճակատագրով, ինչո՞ւ չէին հանդիպել կառուցապատողին, նրա լիազորված անձին կամ գոնե ճարտարապետին:

Հարգելիներս, ես հասկանում եմ ձեր մտահոգությունը: Եթե այն արտահայտվում է ընդամենը հոդված գրելով, իմ մտահոգությունը ես արտահայտում եմ կոնկրետ գործով եւ ներդրումներով: Նշեմ նաեւ, որ շինարարության ավարտից հետո, նախնական պայմանավորվածության համաձայն, այստեղ կտեղափոխվի ՀՀ մշակույթի նախարարությանը պատկանող՝ ներկայումս փայտե խղճուկ տնակում տեղակայված թանգարանը, այստեղ գործելու է հայ մեծ մտածող Մխիթար Գոշի կյանքն ու գործունեությունը լուսաբանող թանգարանը: Արդեն հիմնադրել ենք «Միջնադարյան արհեստի կենտրոն» հիմնադրամը, որի նպատակն է աջակցել միջնադարյան արհեստագործության եւ զբոսաշրջության զարգացմանը: Իրականացնելու ենք տնտեսական եւ մշակութային բազմաթիվ ծրագրեր: Հնագետ Գագիկ Սարգսյան, ճարտարապետ Էդուարդ Գրիգորյան, եթե ունեք առաջարկություններ՝ կապված շինության ապագա տեսքի հետ, ես պատրաստ եմ լսել եւ հաշվի առնել, ինչու ոչ, նաեւ ձեր կարծիքը:

 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+36+18 
 Շիրակ+27+10 
 Արարատ+36+18
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

Աշխատանքի հրավեր

Հրավիրում ենք 30-40 տարեկան տղամարդկանց՝ աշխատելու Սաուդյան Արաբիայում որպես տնօրենի օգնական: Պահանջվում է արաբերեն լեզվի գերազանց իմացություն, ցանկալի է նաեւ անգլերեն լեզվին տիրապետելը: Աշխատանքային փորձը պարտադիր է:
Հեռ: 093-43-74-10:
71@mail.ru

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ