30/07/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ

Դիտել գովազդային հոլովակը (~2.3MB)
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Շինդլերի ցուցակը
 

Գաղտնիք չէ, որ բարիքն ու չարիքը, արդարությունն ու անարդարությունը մեր կողմից ընկալվում են խիստ սուբյեկտիվորեն՝ այն տեսանկյունից, թե որքանով է դա մեզ համար բարի եւ արդար, ոչ թե՝ ընդհանրապես: Նույն ընկալումը գոյություն ունի նաեւ քաղաքական ուժերի մոտ: Օրինակ, դաշնակցականները կամ ԱԺՄ-ականները գտնում են, որ երբ 90-ականներին իրենք էին հեղափոխություն անում Տեր-Պետրոսյանի դեմ՝ դա ճիշտ էր, անհրաժեշտ էր, քանի որ իրենք մարմնավորում էին բոլոր առաքինություններն ու մարդկության լավագույն ձգտումները, եւ, հետեւաբար, իրենց գործն արդար էր: Բայց հիմա, երբ Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են հեղափոխություն անում իրենց դեմ, նույն մարդիկ (օրինակ, արտգործնախարարի նորաթուխ տեղակալ Շավարշ Քոչարյանը կամ նախկինում կախաղանների կոչ անող նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը) վստահ են, որ հեղափոխությունն անընդունելի է, վտանգավոր է, ծառայում է դրսի մութ ուժերին եւ այլն: Նույնն, իհարկե, կարելի է ասել հակառակ կողմից. առաջին նախագահի կողմնակիցները համոզված են, որ 90-ականների՝ իրենց դեմ կազմակերպված հեղափոխական շարժումը մի խումբ «աբիժնիկների» արկածախնդրություն էր, իսկ ահա իրենց այսօրվա հեղափոխությունը մաքուր է եւ զուլալ ու միտված է ազգի փրկությանը:

Այդպիսով, ոչ ոք չի ընդունում, որ հեղափոխությունն ընդհանրապես վատ, սխալ, դատապարտելի երեւույթ է՝ անկախ նրանից, թե ով, ինչու եւ ում դեմ է այն իրագործում: Իսկ վատ է, մասնավորապես, այն պատճառով, որ հասարակությունը բաժանում է երկու մասի՝ «ով մեզ հետ չէ՝ նա մեր դեմ է» հայտնի սկզբունքով՝ ներգրավելով այդ պրոցեսի մեջ, նախեւառաջ, երիտասարդությանը: Հիշենք, օրինակ, թե ինչպես էր իշխանությունն իր «խունվեյբիններին» ուղարկել «Զվարթնոց» օդանավակայան եւ «հասարակական պարսավանքի» ենթարկել նույն Շավարշ Քոչարյանին՝ Ստրասբուրգում «ոչ հայրենասիրական» ելույթի համար: Կամ՝ ինչպես էին «Կայունություն» հասարակական շարժում» կոչվող Սերժ Սարգսյանի «խունվեյբինները» եկել Մամուլի շենքի մոտ, հայտարարում, որ ես հայ չեմ, թուրք եմ, եւ պահանջում էին, որ ես գնամ Թուրքիա:

Այժմ առավել ակտիվ են ընդդիմության «խունվեյբինները», որոնց մի մասը կրում է «Հիմա» նախաձեռնության անվանումը: Եվ ահա նրանք որոշել են կազմել Համաժողովրդական շարժման գաղափարները չկիսող մարդկանց, այսպես ասած, «Շինդլերի ցուցակը» եւ այդ ձեւով արտահայտել իրենց «հասարակական պարսավանքը»: Ըստ «Հիմա»-ի, մասնավորապես, Ռոբերտ Ամիրխանյանը, Հրանտ Թոխատյանը, Արմեն Մազմանյանը, Արա Երնջակյանը եւ այլք «չհայ» են, այսինքն՝ հայ չեն: Ասեմ, որ ինձ էլ հաճախ դուր չեն գալիս այդ գործիչների հրապարակային ելույթները, բայց համաձայն չլինելը մի բան է, իսկ ազգային հողի վրա «բաժանումներ» կատարելը՝ բոլորովին այլ: Ոչ մի անհատ կամ կազմակերպություն չի կարող նման հարցերում դատավոր լինել:

Առաջներում դաշնակցականներն էին ասում՝ «ով դաշնակ չի՝ հայ չի»: Դաշնակներից պրծանք (նրանք իշխանություն դարձան), հիմա էլ նրանց դերը «Հիմա»-ն է ստանձնել:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՄԻՏՔ
 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008-08-06 19:25
 

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԼՌԵՔ

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը բարդույթների հետեւանք էր համարել այն, որ ՀՅԴ-ն քննադատում է բարեփոխումների ընթացքը, եւ նկատել, թե ավելի ճիշտ կլիներ, որ ընտրություններում պարտվելուց հետո ՀՅԴ-ն դառնար ընդդիմություն: Անդրադառնալով այս գնահատականին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց. «Կարծում եմ, հասկանալով այս արտահայտությունների անհիմն լինելը՝ հենց նույն կուսակցության մեկ այլ անդամ շտկել է դրանք: Այնուամենայնիվ, կարող եմ պատասխանել, որ բարդույթներ ընդհանրապես ունենում են թերարժեքությամբ տառապող մարդիկ: Մեր կուսակցությունը նման խնդիր չունի, մենք բացարձակապես ոչ մի բարդույթ չունենք: Մենք միայն մտավախություններ ունենք: Իսկ պարտությունների եւ հաղթանակների մասին խոսելու, կարծում եմ, ճիշտ ժամանակը չի, քանի որ դրանց մասին շատ ավելի պայծառ հռետորական ոճով խոսում են ուրիշները: Կարծում եմ, լավ կլիներ այդ մասին հիմա լռեին»:Վահան Հովհաննիսյանի հարցազրույցը՝ վաղվա համարում:

ԱՐԴՅՈՔ ՄԱՔՐԵ՞Լ ԵՆ ԲՈԼՈՐ ՀԵՏՔԵՐԸ

ՀՀ Ազգային անվտանգության պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանը «Առավոտի» հետ զրույցում կասկածում է, թե մարտի 1-ին ծավալված իրադարձությունների եւ ուժայինների լայնածավալ գործողությունների արդյունքում եղել է ընդամենը 10 զոհ: Գ. Եղիազարյանը որպես փաստարկ հիշեցրեց ողբերգությունից անմիջապես հետո պետական տարբեր գերատեսչությունների կողմից վիրավորների թվի մասին իրարամերժ եւ պարբերաբար փոփոխվող թվերի մասին հայտարարությունները, նաեւ՝ Գլխավոր դատախազության կողմից հրազենի կիրառման փաստը կտրականապես հերքելու անհաջող փորձերը: Պաշտոնաթող գնդապետը հեգնանքով նկատեց, թե` իշխանություններին թվում է, որ իրենք հասցրել են մաքրել բոլոր հետքերը: Կարդացեք 

ԿՈՄԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը 3 օր առաջ տեղեկացրել էր, որ ոստիկանության պարեկապահպանության ծառայության բաժնի ոստիկան Գրիգոր Հայրապետյանը մայրաքաղաքի իրավապահների կողմից ձերբակալման ժամանակ ընկել է կոմայի մեջ ու տեղափոխվել Նոր Նորքի հանրապետական հիվանդանոց: Երեկ տեղեկացանք, որ նա դուրս է եկել կոմայից: Մանրամասները կարդացեք 

ՄԱԼ ԽԱՍՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հանձնարարություն է տվել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետին՝ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի բժշկական զննումն անհրաժեշտության դեպքում քաղաքացիական մասնագիտացված բուժհիմնարկում ապահովելու վերաբերյալ: Հուլիսի 30-ին դատապարտյալների հիվանդանոցում եւ հուլիսի 31-ին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում կատարված բժշկական հետազոտությունների եզրակացությունների համաձայն՝ Մյասնիկ Մալխասյանը տառապում է մի շարք հիվանդություններով:

 

2008-08-06 19:25
 

ԱՄՆ-ՈՒՄ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՆՀԱՋՈՂ ԿԱԴՐ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է, որ ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով օգնական Դեյվիդ Կրամերը հուլիսի 29-ին Վաշինգտոնում ելույթ ունենալով ԵԱՀԿ առջեւ Հայաստանի վերաբերյալ՝ հայտարարել է նաեւ հետեւյալը. «Որպես դրական երեւույթ ես բացահայտեցի, որ օմբուդսմենը կարեւոր դերակատարություն ունի՝ երկրում ժողովրդավարական բարեփոխումների գործում»:

ԷԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՕԵԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԿԸՀ-ն երեկվա նիստում ԱԺ պատգամավոր գրանցեց «Օրինաց երկիր» կուսակցության ընտրացուցակի 13-րդ համարին՝ Ստեփան Ասլանյանին, որը «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միություն» հասարակական կազմակերպության նախագահն է: Նա փոխարինեց Արտաշես Ավոյանին, որի լիազորությունները դադարել են, քանի որ հուլիսի 22-ին նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար:

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌՎԵՑ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԱՆԴԵՊ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ շարունակվում էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի գործով դատաքննությունը, հենց դատարանի դահլիճում բռնության ենթարկվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը: Դատարանի դահլիճի փոքր լինելու պարագայում, ինչպես նախորդ անգամները, երեկ էլ դահլիճը մոտ կիսով չափ լցված էր ոստիկանության Կենտրոնի բաժնի քաղաքացիական հագուստով ոստիկաններով, ինչը Գ. Շամշյանը լուսանկարում էր: Դրան հետեւեց դատավոր Գագիկ Ավետիսյանի՝ դատական կարգադրիչներին ուղղված հրահանգը՝ ֆոտոթղթակցին դուրս բերել դատարանի դահլիճից: Դատարանում իրարանցում սկսվեց:

Գագիկ Շամշյանին մեկուսացնելուց հետո կարգադրիչներն ու ոստիկանները շուրջ 1 ժամ նրան պահեցին դատարանի շենքի առաջին հարկում՝ աստիճանների տակ, որից հետո առանց որեւէ հիմքի տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ եւս մեկ ժամ պահելուց եւ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 206’ հոդվածի հատկանիշներով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք) մեղադրանք առաջադրելուց հետո ազատ արձակեցին:

Ի դեպ, նույն պահին ոստիկանությունն ու կարգադրիչները սահմանափակել էին դատարանի շենքում գտնվող մյուս լրագրողների, նաեւ իրավապաշտպանների ազատ տեղաշարժի իրավունքը: Իսկ Սմբատ Այվազյանի դատաքննությունը հետաձգվեց մինչեւ այսօր:

 

2008-08-06 19:25
 

ԲԱՆՏԸ՝ ԻԲՐԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ

«Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն այսուհետ հանդիպելու է միայն այն կալանավորներին, որոնք կդիմեն իրենց. այս մասին երեկ նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Ըստ ամենայնի, սա արձագանքն էր մի շարք քաղբանտարկյալների հայտարարության, թե հրաժարվում են այս հանձնաժողովի հետ շփումներից: Սակայն հայտարարությունը ստորագրած Սուրեն Սիրունյանը հանձնաժողովականների հետ հանդիպման ժամանակ խնդրել էր ուշադրություն դարձնել իր եղբորը: Եվ երեկ պատգամավորները պատմեցին Արմեն Սիրունյանի գործի մասին, որին մեղադրում են, թե առնչություն ունի ԱԱԾ-ից տեղեկատվության արտահոսքին, որը փոխանցվել է հանրահավաքի ղեկավարներին:

Ժամանակավոր հանձնաժողովի անդամներն իրենց նախաձեռնությամբ հանդիպել են նաեւ Ալեքսանդր Արզումանյանին, որին Սամվել Նիկոյանն անվանեց «ամենաքաղաքականացված քաղբանտարկյալը»՝ մասնավորապես հաշվի առնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ լինելու նրա զբաղեցրած դիրքը: Հանդիպումն, ըստ հանձնաժողովի նախագահի՝ «փոքր-ինչ սառն էր, պաշտոնական էր՝ առաջին վայրկյանները, րոպեները: Բայց կարծում եմ, մենք բաժանվել ենք բավական ջերմ՝ անկեղծ մթնոլորտում քննարկելով մեր մոտեցումները ու ջերմ մարդկային հարաբերությունների շրջանակում»: Ինչպես եւ Արարատ Զուրաբյանը՝ Ալեքսանդր Արզումանյանն էլ է հրաժարվել իր առողջական վիճակի մասին խոսելուց, եւ նրա հետ էլ են զրուցել առկա ներքաղաքական իրավիճակից, հնարավոր ելքերից:

Սամվել Նիկոյանը նաեւ հայտնեց, որ երեկ առավոտյան խոսել է գլխավոր դատախազի հետ եւ կարծիք հայտնել, որ շատ անհրաժեշտ ու կարեւոր է, «եւ ավելի արդյունավետ կլինի, եթե մենք ներկա գտնվենք քննչական գործողություններին՝ քրեական գործի վերաբերյալ համակողմանի պատկերացում կազմելու համար»:

Ա. Ի.

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ՝ ՀԱՆՈՒՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ

ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Իրանի հայկական եկեղեցիներն ու մատուռները համաշխարհային ցուցակներում գրանցելու կապակցությամբ ուղերձ է հղել: Ըստ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի ուղարկած հաղորդագրության, ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սրբավայրերի, այդ թվում՝ Չողազանբիլի, Թախթե Սոլեյմանի, Նաղշե Ջահան հրապարակի համալիրի, որից՝ Իմամի մզկիթի եւ Շեյխ Լոթֆոլլահ մզկիթի, Արեւելյան ու Արեւմտյան Ատրպատականի նահանգներում հայկական եկեղեցիների համալիրների պահպանումը, վերանորոգումն ու համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցելու նպատակով ներկայացնելը ամբողջությամբ վկայում են Իսլամական Հանրապետության վարչակարգի ջանքերի մասին՝ կրոնների եւ Իրանի տարբեր ազգությունների նկատմամբ հարգանքի ցուցաբերման ուղղությամբ։ Ուստի Իրանի ողջ ժողովրդին, մասնավորապես սիրելի հայ հայրենակիցներին շնորհավորելով Իրանի հայկական եկեղեցիների ու մատուռների համալիրները համաշխարհային ցուցակում գրանցելու ուրախալի առիթի կապակցությամբ, հարկ եմ համարում Իրանի վեհ ժողովրդի անունից երախտագիտություն եւ շնորհակալություն հայտնել այս գործին մասնակից բոլոր սիրելիներին, մշակութային ժառանգության, ձեռարվեստի նմուշների եւ զբոսաշրջության գործակալության հարգարժան տնօրինությանը, համապատասխան փորձագետներին ու մասնագետներին եւ բոլոր նրանց, ովքեր դերակատար են եղել այս հաջողության ձեռքբերման հարցում»։

 

2008-08-06 19:25
 

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ 5 ՄԻԼԻԱՐԴ «ԳՑԵԼ» ԵՆ

Այս տարվա առաջին կիսամյակում Հարկային պետական ծառայությունը մոտ 7 հազար ստուգում է իրականացրել, ինչի արդյունքում հարյուրավոր տնտեսվարողներ ենթարկվել են նյութական պատասխանատվության, իսկ պետությանը առավել մեծ չափի վնասներ պատճառած տնտեսվարողների հանդեպ քրեական գործեր են հարուցվել: Երեկ ասուլիսում այս մասին ասաց Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Նրա տեղեկացմամբ, հարկայինը 45 միջնորդություն է ներկայացրել դատարան՝ որոշ տնտեսվարողների հանդեպ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու: Այդ միջնորդություններից 41-ը բավարարվել է, իսկ 24 տնտեսվարող ներկայումս գտնվում է հետախուզման մեջ: Արթուր Օսիկյանի ներկայացմամբ, առավել հաճախ հանդիպող իրավախախտումները պատահում են հաշվապահական հաշվառումը ոչ ճիշտ վարելու դեպքերում, երբ տնտեսվարողը հարկային մարմին է ներկայացնում խեղաթյուրված տեղեկատվություն: Ա. Օսիկյանի տեղեկացմամբ, այս տարի 350 միլիոն դրամով վերականգնվել է պետությանը պատճառած վնասը, սակայն նշենք, որ ընդհանուր առմամբ, հարկային իրավախախտումների հետեւանքով, պետությունը կրել է մոտ 5 միլիարդ դրամի վնաս:

Շուտով հարկայինում կներդրվի նոր մեխանիզմ, որի շնորհիվ ցանկացած մարդ, անգամ առանց բացահայտելու իր ինքնությունը, կարող է հարկային մարմիններին տեղյակ պահել այս կամ այն տնտեսվարողի իրավախախտման կամ հարկեր վճարելուց խուսափելու մասին: Ա. Օսիկյանի հավաստմամբ, բոլոր այն սուպերմարկետները, որոնց գործունեությունը 5-10 օր ժամկետով օրերս դադարեցվեց, կգտնվեն անընդհատ վերահսկողության տակ, իսկ իրավախախտումը եւս մեկ անգամ կրկնելու դեպքում նրանք կենթարկվեն քրեական պատասխանատվության:

Գ. Ս.

ՋՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԻՆ ՎԵՐՋ ՉԿԱ

«Օրական ընդամենը մեկ ժամ ենք ջուր ունենում: Արդեն 1 շաբաթից ավելի է՝ այս օրի ենք, այնքան բարակ է հոսում, որ այդ մեկ ժամվա ընթացքում չենք հասցնում անգամ մի քանի դույլ ջուր լցնել: Զանգում ենք՝ մեր բողոքները փոխանցելու «Երեւան ջրի» Նոր Նորքի մասնաճյուղ, սակայն օպերատորն ասում է, թե համարը ժամանակավորապես անջատված է: Զանգում ենք 1-85, այստեղ էլ ասում են՝ բողոքը կփոխանցենք ձեր տարածքային կենտրոն»,- օրերս նման բողոքով մեզ էին դիմել Նոր Նորքի 6-րդ զանգվածի 4-րդ շենքի բնակիչները: Նրանց խոսքերով՝ իրենք ամեն օր զբաղված են ջուր կրելով. «Կրում ենք, որ գոնե մի կերակուր կարողանանք պատրաստել: Բայց էդ մարդիկ էլ չեն կարող մեզ անվերջ ջուր տալ, չէ՞ որ այն վճարովի է: Վերեւի հարկի բնակիչների համար շատ դժվար է, քանի որ շենքի վերելակն էլ չի աշխատում: Մենք մեր օգտագործած ջրի համար ժամանակին վճարում ենք, այդ դեպքում ինչո՞ւ պիտի կանգնենք այսպիսի պրոբլեմների առաջ: Մի ամիս առաջ պատճառաբանում էին, որ պոմպից է մեր ջրամատակարարումը վատացել, սակայն դա էլ վերջերս փոխեցին, բայց նորից վատ է»:

Ա. Խ.

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

ՀՀ ոստիկանության ՏՎ-ից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ նյութեր են ստացվել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության արարողակարգի պատասխանատու Ալիսա Կ.-ի մասին: Նա ԱՄՆ եւ Իսպանիա պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկվելու, մուտքի վիզա տալու, հյուրանոցային ու սննդի ծախսերը հոգալու համար քաղաքացիներից գումարներ է վերցրել ու դիմել է փախուստի: Նրա նկատմամբ հարուցվել է քրգործ, հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանքը:

 

2008-08-06 19:25
 

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ 29 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում է գտնվել կոռուպցիոն բնույթի 29 քրեական գործ: Այդ մասին հայտնեց Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը՝ նախօրեին Եղեգնաձորում կայացած իրավապահ մարմինների փնջային խորհրդակցության ընթացքում: Ա. Միրզոյանի տեղեկացմամբ, 19 անձի նկատմամբ (որոնցից 14-ը պաշտոնատար անձինք են) հարուցված 13 քրեական գործերն ուղարկվել են դատարան: Կարճվել է 3 քրեական գործ. 2-ը՝ հանցակազմի բացակայության, իսկ 1-ը՝ ապացույցների անբավարարության պատճառով: 4 քրգործ կասեցվել է: Անավարտ է մնացել 7 քրեական գործ:

ՎԵՐԱԴԱՐՁԸ

Նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանի Երասխավան-Սադարակ սահմանահատվածում հայազգի չորս գերիներ հանձնվեցին Հայաստանին: Հիշեցնենք, որ ապրիլին Խաչիկ գյուղում տեղակայված զինավանում նրանք այցելել էին իրենց զինծառայող ընկերոջը, վեճի մեջ մտել զորամասում:

Նույն զորամասի գումարտակի հրամանատարի կողմից, նրանց հանդարտեցելու նպատակով, կատարված նախազգուշական կրակոցից խուճապահար՝ դիմել էին փախուստի եւ առանց կողմնորոշվելու հայտնվել Նախիջեւանի տարածքում: Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել էր քրեական գործ:

ԻՐԱՎԱԲԱՆ ՆԿԱՐՉՈՒՀԻՆ

Օրերս «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվեց Նարինե Վաղարշակյանի կոլաժների եւ գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Մեր կենտրոնը, բացի լուրջ, անվանի նկարիչների գործերից, ներկայացնում է նաեւ ոչ պակաս տաղանդավոր երիտասարդ սերնդի գործերը: Ցանկանում ենք, որ երիտասարդների գործերն էլ հանրության ուշադրության կենտրոնում լինեն»: Նարինեն մասնագիտությամբ իրավաբան է, դասախոսում է Մոսկվայի բիզնեսի եւ իրավունքի ինստիտուտում:

Տիկին Շառոյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս ծնվեց «Հայ-Արտի» եւ Ն. Վաղարշակյանի համագործակցությունը: «Շատ պատահական: Նարինեն, որպես կերպարվեստ սիրող, միշտ մեր ցուցահանդեսների բացմանը գալիս, հաճույքով նայում էր նկարները: Հետո էլ առաջարկեց, որ իր անհատական ցուցադրությունն էլ լինի, իսկ ես, բնականաբար, սիրով համաձայնեցի»,- հնչեց պատասխանը:

Նշենք, որ «Հայ-Արտը» բավական օրիգինալ է ցուցադրությունների բացման արարողությունները կազմակերպելիս: Այս անգամ էլ բացումը սկսվեց «Միհր» պարային պլաստիկայի թատրոնի ինքնատիպ համարով:

ՄԻՔԱՅԵԼ ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+36+18 
 Շիրակ+27+10 
 Արարատ+36+18
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

Աշխատանքի հրավեր

Հրավիրում ենք 30-40 տարեկան տղամարդկանց՝ աշխատելու Սաուդյան Արաբիայում որպես տնօրենի օգնական: Պահանջվում է արաբերեն լեզվի գերազանց իմացություն, ցանկալի է նաեւ անգլերեն լեզվին տիրապետելը: Աշխատանքային փորձը պարտադիր է:
Հեռ: 093-43-74-10:
71@mail.ru

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

 Armenian Medical Network -Health news