|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Հայաստանում Վրաստանի դեսպանության դեսպանորդ Գեորգի Սագանելիձեն հայ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Վրաստանը Հայաստանին կոչ է անում առավելագույնս կառուցողական լինել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի առաջիկա նիստին կայանալիք քվեարկության ժամանակ: Նշենք, որ Վրաստանի առաջարկով այնտեղ քվեարկության է դրված «Վրաց-աբխազական հակամարտության արդյունքում բռնի տեղահանված անձանց կարգավիճակի մասին» բանաձեւի նախագիծը: «Մենք մտավախություն ունենք, որ Աբխազիայի հարցում Հայաստանը կարող է կիսել Ռուսաստանի դիրքորոշումն ու դեմ քվեարկել բանաձեւին՝ այդպիսով դառնալով ագրեսորի միակ կողմնակիցը»,- ասաց Գեորգի Սագանելիձեն: Նրա խոսքերով, Վրաստանը ձգտում է գործընկերական-բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր բոլոր հարեւանների հետ, ընդ որում, նրանց չպարտադրելով որոշ հարցերում որդեգրել վրացական դիրքորոշումը:
Սագանելիձեի այս արձանագրումները միանգամայն հասկանալի վրդովմունք են առաջացրել Հայաստանի՝ առայժմ միայն քաղաքագիտական-լրագրողական շրջանակներում: Հիշեցնենք, որ տառացիորեն մի քանի շաբաթ առաջ, երբ միջազգային նույն ատյանում քվեարկվում էր Ադրբեջանի առաջարկած՝ ԼՂ-ին առնչվող հայտնի բանաձեւի նախագիծը, Վրաստանը դրան կողմ քվեարկած երկրների շարքում էր: ՀՀ-ում Վրաստանի դեսպանորդը հետեւյալ կերպ էր մեկնաբանել այդ հանգամանքը. «Վրաստանն իրավունք չունի պայքարել իր տարածքային ամբողջականության համար` չաջակցելով մյուս պետությունների տարածքային ամբողջականությանը»:
Այս ամենով հանդերձ, պետք է հուսալ, որ այստեղ առաջացած վրդովմունքը նշված շրջանակներից դուրս չի գա ու որեւէ կերպ չի ազդի երկու երկրների՝ Հայաստանի եւ Վրաստանի միջպետական հարաբերությունների վրա, որքան էլ որ այդօրինակ պահվածքը ոմանց հաճելի չլինի: Այս պարագայում, թերեւս, հարկ կա դարձյալ հիշեցնելու, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է, եւ «դուռակ-սամ դուռակ» մոտեցումը, գոնե Հայաստանի համար, շատ անցանկալի հետեւանքներ կարող է ունենալ: Իր նպատակներին հասնելու համար Վրաստանն անում է ամեն ինչ (այդ թվում՝ Հայաստանի համար անհաճո քվեարկությունը)՝ մնալով «հնարավորի արվեստ» սկզբունքի շրջանակում եւ, վստահաբար, չունենալով Հայաստանին վնասելու դիտավորություն: Արդյո՞ք տվյալ դեպքում Մոսկվայի հարկադրանքով Վրաստանի ներկայացրած նախագծին Հայաստանի դեմ քվեարկելը նույնպես կարող է դասվել «հնարավորի արվեստին»: Խիստ կասկածում եմ: |
| |
| ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
|
 |
|
 |
| 2008-05-08 19:58 |
| |
«ԱՆՀԱՋՈՂ ԿԱԴՐԸ»՝ ՀԱՋՈՂ ԿԱԴՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իր արտահերթ զեկույցում արձանագրել է, որ արտակարգ դրության պայմաններում ընդդիմությանը վարկաբեկող եւ վիրավորող, ագրեսիվ արտահայտությունների հրապարակումը թերթերում ու հեռուստաալիքներով որեւէ կերպ չէր սահմանափակվում. «Նման անընդունելի լուսաբանման ամենացնցուն օրինակը տալիս էր Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքը, որը ոչ միայն անտեսում էր ՀՀ նախագահի հրամանագրի դրույթը, այլեւ խախտում էր «Հեռուստատեսային եւ ռադիոյի մասին» օրենքի 28-րդ հոդվածի պահանջները, այն է՝ հանրային հեռուստաընկերություններում (...) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը (...) արգելվում է»:
Կարդացեք նաեւ՝
ՄՈՒՏՔԸ՝ ԵԼՔԻՑ
«Մշտապես ականատեսն ենք նախկին եւ ներկա իշխանությունների անհանդուրժողամիտ հակամարտության»,- գրում է Վլադիմիր Զադայանը իր հոդվածում՝ արձագանքելով Ռուբեն Հակոբյանի «Երկու քարի արանքում։ Ո՞րն է ելքը» հոդվածին: Կարդացեք
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ քաղաքացիները նախաձեռնել են ստորագրահավաք՝ ի պաշտպանություն «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կողմից արված հռետորական հարցադրումների: Ստորագրահավաքին միանալ ցանկացողները կարող են զանգահարել 23-13-00 եւ 23-25-05 հեռախոսահամարներով: Մանրամասները՝
ԳՈՐԾԸ ԴԵՌ «ՔՆՆՈՒՄ» ԵՆ
Հայրենի իրավապահները փետրվարի 19-ից մինչ օրս՝ արդեն մոտ երեք ամիս, դեռ քննում են փետրվարի 19-ին Կոտայքի մարզի թիվ 28/7 ընտրատեղամասում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Լարիսա Թորոսյանին ԱԺ պատգամավորներից մեկի թիկնապահի կողմից առեւանգվելու եւ ծեծի ենթարկվելու փաստը, կան փաստը հաստատող վկաների ցուցմունքներ: Մեր տեղեկություններով, օրերս առերեսում է եղել պատգամավորի թիկնապահի եւ տուժողի միջեւ: Բայց այդ ընթացքում ծեծողների կողմից ահաբեկվել է ցուցմունք տված վկաներից մեկը: Նրանից պահանջել են ցուցմունքը ետ վերցնել, ու միայն այն բանից հետո, երբ վկան դիմել է դատախազություն, նրան հանգիստ են թողել:Կարդացեք |
| |
|
| 2008-05-08 19:58 |
| |
ՄԻ՛ ՀԵՏԱՊՆԴԵՔ ՆԻԿՈԼԻՆ ԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ
«Հիմա» շարժումը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված հետեւյալ տեքստի ներքո. «Մենք՝ ներքոստորագրյալ ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք անմիջապես դադարեցնել քաղաքական անհիմն հետապնդումը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ»:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԳԻՏԻ՞ ԻՆՉ ԱՆԵԼ
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի հետ երեկվա հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն, ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության, անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ կոնգրեսում ունեցած ելույթին ու նշել. «Նրա ելույթն ակնհայտ դարձրեց, որ նա չգիտի, թե հետո ինչ է անելու: Ինչ վերաբերում է այլ հարցերին, ապա կարելի էր նկատել, որ գնահատականների որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել. նա մեղադրում է բոլորին՝ սկսած Հայաստանի իշխանություններից, վերջացրած եվրոպական կառույցներով, շարունակում է նենգափոխել ակնհայտ փաստերը եւ այլն»:
ՓՈՇԻ ԵՆՔ ՇՆՉՈՒՄ
«Այս տարվա մարտ ամսվա տվյալներով մայրաքաղաքում փոշին գերազանցում է թույլատրելի սահմանը՝ 1,5, իսկ ազոտի երկօքսիդը՝ 2,5 անգամ: Փոշու վերացման համար մայրաքաղաքում կլանիչներ տեղադրելու որոշ փորձեր են արվել, սակայն՝ ապարդյուն»,- երեկ «Ուրբաթ» ակումբում ասաց բնապահպանության նախարարության բնապահպանական միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սեյրան Մանասյանը: Նա նշեց, որ փոշին առկա է նաեւ Արարատում, Հրազդանում եւ Գյումրիում: Ըստ պարոն Մանասյանի, օդի աղտոտվածությունը ճիշտ կանխորոշելու համար լավ եւ հզոր տեխնիկա է անհրաժեշտ, օրինակ՝ Երեւանում պետք է լինի 14 դիտակետ, սակայն կա միայն 5-ը, Գյումրիում պահանջվում է 3-ը, կա՝ 1-ը, դիտակետ է պետք նաեւ Քաջարանում, որը չկա: Փոխտնօրենի հավաստմամբ՝ անցած եւ այս տարի մինչեւ մարտի 1-ը ուսումնասիրել են 48 գետ, 6 ջրամբար եւ լիճ, որի մեջ ներառվել է Սեւանա լիճը. «Ջրի որակը գնահատում ենք ըստ ջրօգտագործման նպատակի: Հրազդան գետում, Երեւան քաղաքից ներքեւ՝ Դարբնիկ գյուղի մոտ գրանցել ենք բիոգեն աղտոտիչներ, որի պատճառն այն է, որ այստեղ առանց մաքրման գետն են լցվում մայրաքաղաքի կոյուղաջրերը»:
Ա. Խ. |
| |
|
| 2008-05-08 19:57 |
| |
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԳԵՐԻՇԽՈ՞Ղ Է
Երեկ ինտերնետ ծառայություններ մատուցող «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունները դիմել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ հայտնելով, որ «ԱրմենՏել» ընկերության կողմից առկա են ինտերնետ հասանելիության ծառայությունների տրամադրման սահմանափակումներ: Համաձայն դիմումների, «ԱրմենՏելը» օգտագործում է հեռախոսային ցանցի մենաշնորհային կարգով իրեն պատկանող գծի ենթակառուցվածքները, որոնց օգտագործման հնարավորությունից զրկված են այլ ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունները: Ըստ «Վեբ» ընկերության ներկայացուցիչների, «ԱրմենՏելի» այս քայլերը ակնհայտորեն ուղղված են ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտում եւս մենաշնորհ ձեռք բերելուն: Ընկերությունները հանձնաժողովից խնդրել են քննարկել՝ «ԱրմենՏելին» որպես գերիշխող ճանաչելու հարցը: Հանձնաժողովից տեղեկացրին, որ խնդրի առնչությամբ հարուցվել է վարույթ:
Գ. Ս.
Հ. Գ.-Ն ՍԽԱԼ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ
«Առավոտում» (3.05.2008) տպագրված «Նաիրիտն» ու «Քիմպրոմը» վտանգավո՞ր են» հրապարակման առնչությամբ խմբագրություն էր դիմել բնապահպանության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Արծրուն Պեպանյանը, տեղեկացնելով, որ հոդվածի հետգրությունը ընթերցողների մոտ թյուրիմացություն է առաջացրել՝ կապված իր կողմից մեր թերթին տված պարզաբանման հետ: Նյութի հետգրությունում նշված «Նախարար Արամ Հարությունյանի հայտարարությունը չպետք է այդքան էլ լուրջ ընդունել ու գործարանատերերին մեղադրել» միտքը ոչ թե Ա. Պեպանյանի, այլ՝ թերթի մեկնաբանությունն է:
Սեփ. լր.
«ԶԱՄԲՅՈՒՂԸ» ԹԵԹԵՎԱՑԵԼ Է
Երեկ անդրադառնալով գազի գնի թանկացմանը, տնտեսագետ Թաթուլ Մանասարյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ դա իր հետ շղթայական ռեակցիա է բերում, որն արդեն երեւում է: Նրա կարծիքով՝ հիմա ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել ոչ թե նրան, թե «ինչու այսպես եղավ», այլ նրան, թե ինչպես պետք է փոխհատուցվի անվճարունակ խավը: Պարոն Մանասարյանի համոզմամբ՝ պետության թիվ մեկ խնդիրը պետք է լինի թույլ չտալ հարվածի տակ դնել անվճարունակ խավին. «Նրանց պետք է տրվի բավարար ու արդար փոխհատուցում, ոչ թե սիմվոլիկ: Սուբսիդիայի վերացման մասին պետք է իշխանությունները վաղօրոք տեղեկացնեին, որ հասարակությունը հանկարծակիի չգար»: Տնտեսագետը սխալ է համարում համատարած սուբսիդավորման փաստը. «Դրանից օգտվում էին նաեւ սուբսիդավորման կարիք չունեցողները: Սուբսիդիան պետք է նպատակային օգտագործվի: Պետք է հասնենք նրան, որ սոցիալապես անապահով խավը ստանա փոխհատուցում, որպեսզի ցնցումներ չլինեն եւ դրանից չօգտվեն վճարունակները»: Տնտեսագետը նաեւ ասաց, որ կենսապահովման նվազագույն զամբյուղը վերահաշվարկման կարիք ունի. «Այդ ցուցանիշը, ՄԱԿ-ի հաշվարկներով, 2200 կիլոկալորիա է, դրա գինը նախորդ տարի հրապարակվեց 31.677 դրամ: Գիտակցում ենք, որ այդ ժամանակվանից թանկացումները բերել են նրան, որ առնվազն 20-25%-ով բարձրացել է այդ գինը: Կենսապահովման նվազագույն զամբյուղը պետք է դրվի աշխատավարձի, կենսաթոշակների հաշվարկի հիմքում»:
Ա. Խ. |
| |
|
| 2008-05-08 19:57 |
| |
3 ՄԱՀ՝ ՀՐԴԵՀԻՑ
Երեկ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում այրվել էր Լ. Մկրտչյանին պատկանող տունը: Ստացված այրվածքներից զոհվել էին բնակիչները՝ 54-ամյա Լարիսա, 16-ամյա Սերոբ եւ 12-ամյա Արտակ Մկրտչյանները, իսկ տանը գտնվող 42-ամյա Էլմոն Գեւինյանը, 27-ամյա Իրինա եւ 6-ամյա Լենա Մարաբյանները ստացել են ծխահարում եւ տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը միջին ծանրության է:
ԶՈՀՎԵԼ ԷՐ
Ըստ ՀՀ փրկարար ծառայության, մայիսի 5-ին Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած տրանսպորտային պատահարի հետեւանքով՝ Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկնելու արդյունքում զոհվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, Սպիտակի բնակիչ՝ 22-ամյա Ռոման Հակոբյանը, իսկ վարորդը, Սպիտակի բնակիչ՝ 24-ամյա Էդիկ Սուքիասյանը երեկ դեռ ծանր վիճակում էր:
ՄՈՒՏՔԱԳՐՎԵԼ է
Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի, մայիսի 6-ին Երեւանի քրեական դատարան է մուտքագրվել Գեւորգ Ղազարյանի գործը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Գ. Ղազարյանը «տաք հագուստներ բերելու նպատակով», Վահագն Հարեյանի հետ, վերջինիս ավտոմեքենայով, մեկնել են Էրեբունի համայնքի Ջրաշեն թաղամաս: Վերադարձի ճանապարհին շինարարական աղբի միջից վերցրել է մետաղյա մի քանի ձող, տեղափոխել Երեւանի Գր. Լուսավորչի փողոցում գտնվող՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածք, որտեղ «բեռնախցիկից հանել եւ զանգվածային անկարգությունների մասնակիցներին է բաժանել մետաղյա ձողերը, որոնցով բռնություն են կիրառել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ»: |
| |
|
| 2008-05-08 19:57 |
| |
ԱԶԵՐԻՆԵՐԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐԻՑ
Թբիլիսիի «Marriott Courtyard» հյուրանոցում մայիսի 5-ին անցկացվեց «Հասարակությունն ու արդարադատությունը» թեմայով միջազգային կոնֆերանս, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի դատավորները, փաստաբաններն ու լրագրողները: Քննարկման ժամանակ մի ադրբեջանցի փաստաբան դիմեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի նախագահ Արման Մկրտումյանին, որպեսզի վերջինս ներկայացնի Հայաստանում մարտի 1-ին ստեղծված իրավիճակը:Մեր դատավորն ասաց. «Նախ, կոռեկտ չէ ձեր հարցը: Դուք դուրս մի եկեք օրակարգում դրված հարցերի շրջանակից: Կոնֆերանսի մասնակիցների ցուցակում նշված է, որ ես վճռաբեկ դատարանի պալատի նախագահն եմ, ոչ թե՝ դատախազության աշխատակից»: Ազերիները հրապարակավ ներողություն խնդրեցին Արման Մկրտումյանից: Դատական համակարգի «կովկասյան» նորամուծությունների, «մինչդատական մանկապարտեզի», կոնֆերանսի մասին կարդացեք մայիսի 17-ին՝ «Առավոտի» իրավական հավելվածում:
ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ ԿԴԱՌՆԱ
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Ալվինա Զաքարյանը երեկ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ վարչության գործառույթները կընդլայնվեն, վարչությունը կդառնա դեպարտամենտ: Մասնավորապես, նշեց, թե նախատեսվում է, որ անձնագրային հսկողության կետերում՝ սահմանն անցնելիս սահմանապահների օգնության կարիքն այլեւս չի զգացվի, եւ ողջ աշխատանքը կկատարեն ոստիկանները. «Միգրացիայի հարցերին առնչվող հիմնական աշխատանքը նույնպես կատարելու ենք մենք, այլ ոչ թե միգրացիայի համապատասխան վարչությունը»: |
| |
|
| 2008-05-08 19:57 |
| |
Ռադիոյի խնդիրները
Ռադիոյի օրվա առթիվ երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին «Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը եւ Հանրային ռադիոյի հաղորդավար, ՀՀ վաստակավոր լրագրող Վարուժան Օլքինյանը: «Ռադիոյի գոյության գաղտնիքը ձայնն է: Թեկուզ հեռախոսներով կամ սառնարաններով հեռուստաալիքներ «բռնեն», միեւնույն է՝ ձայնը միշտ իր տեղը կունենա: Այն կարող է բուժել եւ սպանել»,- ասաց Շ. Արեւշատյանը: Լրագրողներից մեկին հետաքրքրեց, թե ռադիոընկերությունները որքանո՞վ կարողացան վերջին շրջանում խոսքն օգտագործել այնպես, որ այն բժշկի, ոչ թե՝ սպանի: Շ. Արեւշատյանը պատասխանեց. «Երբ արտակարգ իրավիճակ էր, մենք նախընտրեցինք լռել. միգուցե ինչ-որ անզգույշ խոսք վնասեր իրավիճակին: FM ռադիոկայաններն ունեն բազում խնդիրներ, որոնք ոչ միշտ են կատարում: Հատկապես վերջին շրջանը լակմուսի թղթի նման մի բան էր, քանի որ երկրում կատարված համապատասխան իրադարձությունները ցույց տվեցին, թե ով ինչ դեր է կատարում: FM ռադիոընկերությունները պիտի օբյեկտիվ ինֆորմացիա տան, լինեն կրթադաստիարակչական»: Իսկ Վ. Օլքինյանը պնդեց. «Հանրայինը պահպանել է հավասարակշռությունը: Եթե մեկը կասկածում է, կարող է գալ՝ լսել, բոլոր հաղորդումները ձայնագրված են»: ՀՀ-ում այսօր գործում է 12 FM ռադիոկայան: Երեկ խոսեցին նաեւ դրանց եւ Հանրայինի ֆինանսավորման մասին: «Եթե Հանրային ռադիոն ապավիներ միայն պետական ֆինանսավորմանը, մեր աշխատավարձը 25 հազարից ավելի չէր լինի: Հանրային ռադիոն այնքան էլ նախանձելի վիճակում չէ, մասնավոր հեռուստաընկերությունները մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձ են տալիս»,-նշեց Վ.Օլքինյանը: Իսկ Շ. Արեւշատյանը պարզաբանեց, որ իրենք գոյատեւում են միայն գովազդի հաշվին. «Լավ կլիներ, որ Հանրային ռադիոն օգտվեր միայն բյուջետային ֆինանսավորումից, քանի որ այն չպիտի ունենա գովազդ, այլ պիտի հանրությանը ծառայի: Թող գովազդի եթերաժամի հաշվին ավելանան մանկական, լրատվական ծրագրերը: Այնինչ, այսօր Հանրային հեռուստաընկերությունը ամենաշատ գովազդ եւ ամենաերկար գովազդային բլոկ ունեցող հեռուստաընկերությունն է»: Հետո էլ «Ռադիո Վանի» ղեկավարը խոսեց FM ռադիոկայանների վրա «դրված» հարկային բեռից. «Այս տարի ֆինանսական վիճակը ծանր է, քանի որ ԶԼՄ-ները վճարում են սուպերմարկետներին հավասար հարկեր: Բացի այդ, ՀՀ-ում գովազդային շուկան փոքր է. գովազդի արժեքը մեզ մոտ 5 անգամ ցածր է, քան, օրինակ, Թբիլիսիում»: «Առավոտի» դիտարկմանը, թե կա կարծիք, որ FM-ները պրոֆեսիոնալիզմի առումով զիջում են Հանրայինին, 4 միջազգային «Գրան պրի» շահած ռադիոկայանի տնօրեն Շ. Արեւշատյանը պատասխանեց. «Հանրային ռադիոն արդեն ժամանակից դուրս կատեգորիա է: Այն մի տեսակ դասական վիճակի մեջ է, որը բոլորիս հետ կապ չունի: Հանրային ռադիոն մեր տեմպին, ներքին աշխարհին չի կարող համահունչ հնչել, դա կարող է անել միայն FM ռադիոկայանը»:
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՌԱԴԻՈ ՀԱՅԸ»՝ ՍԴ-ՈՒՄ
Մայիսի 13-ին ՀՀ սահմանադրական դատարանը լսելու է «Ռադիո Հայի» դիմումը, որով ռադիոկայանը վիճարկում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ սահմանադրության մի շարք հոդվածներին: Նշված օրենքի հոդվածն ասում է, որ «հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար արտոնագրատերը (ռադիո եւ հեռուստաընկերությունները) մուծում է եթերավճար, որի չափը հաշվարկվում է՝ ելնելով միայն հաճախության համար անհրաժեշտ ծախսերից»: Օրենքի նշված մասի հակասությունը Սահմանադրության հետ ի հայտ է եկել նրա կիրառման պրակտիկայի արդյունքում, երբ ՀՀ կառավարությունը իր 2006թ. հուլիսի 6-ի թիվ 946-Ն որոշմամբ՝ հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար տարեկան եթերավճարի չափի հաշվարկման եւ հաստատման լիազորությունը վերապահեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը, որն էլ իր հերթին հանձնարարեց իր ենթակայության տակ գտնվող «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ իրականացնել վարձավճարների գանձումը:«Ռադիո Հայն» իր վեց գործընկեր ռադիոկայանների հետ մեկտեղ անցյալ տարվա ընթացքում բոլոր դատական ատյաններում փորձել է ապացուցել, որ կառավարությունը եւ վերջինիս որոշման հիման վրա՝ ՀՀ կապի նախարարը իրավասու չէին սահմանելու հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար տարեկան եթերավճարի չափը: ՀՀ տնտեսական դատարանը մերժել էր ռադիոընկերությունների դիմումը, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը՝ վերադարձրել ռադիոկայանների բողոքը: «Ռադիո Հայը» 2007թ. դեկտեմբերին դիմել է ՍԴ:
Ե. Հ. |
| |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +32 | +16 |
| Շիրակ | +22 | +6 |
| Արարատ | +33 | +15 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել