 |
 |
|
| 14/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Իշխանության ներկայացուցիչների վերջին շրջանի սիրված թեմաներից է «ատելության մթնոլորտը», որը նրանց կարծիքով ստեղծվել է Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականություն վերադառնալուց հետո: Նախ՝ դժվար է պատկերացնել ընդդիմության հազարավոր կողմնակիցներին եւ պատահական անցորդներին, որոնց վրա մարտի 1-2-ին հարձակվել են ոստիկանական ուժերը, ծեծել-ջարդել, կրակել են, էլեկտրաշոկ կիրառել եւ այլն, առանց որեւէ հիմքի տարել են քաղմասներ, եւ այսքանից հետո այդ բոլոր քաղաքացիները պիտի անհուն սիրո՞վ լցված լինեն իշխանությունների նկատմամբ: Պակաս էական չէ նաեւ այն, որ «ատելության մթնոլորտի» անընդունելիության մասին կարող են խոսել նրանք, ովքեր 10 տարի շարունակ սիրո, հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտ են սփռել Հայաստանով մեկ: Երկրի ներկայիս իշխանավորները հաստատ նման մարդկանց շարքից չեն:
Դրանում համոզվելու համար բավական է վերհիշել, թե 1998-ից առայսօր ինչեր էր խոսել «Հայլուրը» (ամենազանգվածային լրատվամիջոցի մայր հաղորդումը) «նախկին իշխանությունների» մասին: Միայն պետական մտածողություն ունեցողը, այսինքն՝ նա, ով ցանկացած «նախորդ իշխանություն» ընկալում է իր պատմական կոնտեքստում եւ չի փորձում «նախկիններին» փնովելու հաշվին ինքնահաստատվել, միայն նման քաղաքական ուժը իրավունք ունի դիմացինից նույնպիսի մոտեցում պահանջել:
Անվիճելի է, որ ընդդիմությունը պետք է զուսպ եւ հանդուրժող լինի: Բայց նրանից հարյուրապատիկ լայնախոհ պետք է լինի իշխանությունը, քանի որ հենց նրա՛ ձեռքին են ուժային եւ վարչական լծակները: Մեզ մոտ, կարծես թե, հակառակն է: |
| |
| ԱՌԱՎՈՏ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՄԻՏՔ |
|
|
 |
|
 |
| 2008-05-20 19:59 |
| |
ՈՒՇԱՑԱԾ, ԲԱՅՑ ՀՐԱՏԱՊ ՔՆՆԱՐԿՈՒՄ
«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նամակով դիմել է Սերժ Սարգսյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանին, Արմեն Ռուստամյանին եւ Արթուր Բաղդասարյանին՝ հրավիրելով այսօր ՌԱՀՀԿ-ում «ուշացած, բայց դեռ հրատապ քննարկման»՝ ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված գործողությունների շուրջ: Ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ներկա է եղել Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը եւ ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության՝ իր ելույթում հայտնել է «հետայսու համագործակցության պատրաստակամություն»: Սերժ Սարգսյանը նշել է, թե աշխատանքային խմբի մշակած առաջարկները դոգմա չեն, եւ «Ժառանգության» առաջարկները կարող են քննարկման առարկա լինել. «Մեր այսօրվա ասածը, Ձեր ասածը երկխոսություն է: Ես այդպես եմ պատկերացնում երկխոսությունը: Սա է երկխոսությունը»:Կարդացեք նաեւ՝
ԱՄԵՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ Է «ԻՆՔՆԱԲԽՎԵԼ»
Խորհրդարանում երեկ քննարկվում էին «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ եւ ժողովներ անցկացնելու մասին» օրենքի հերթական փոփոխությունները, որի ամենավիճելի կետերից մեկը «ինքնաբուխ» հանրահավաքների անցկացման մասին հարցն էր: Այդ կետը դարձավ պատգամավորների քննարկման առարկա, եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ ցանկացած քաղաքացի կարող է ցանկություն ունենալ «ինքնաբխվելու»:Կարդացեք
ՊԱՐԶԱՊԵՍ ՊԱՀՈՒՄ ԵՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ
Մայիսի 1-ին ՔՊԻՎ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարացվել է՝ մինչեւ հուլիսի 1-ը, ու թեեւ նրա պաշտպան Սեդա Սաֆարյանը այդ որոշումները բողոքարկել է Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում, այդուհանդերձ, որեւէ առաջխաղացում չկա: Ըստ պաշտպանի, Մ. Սաղաթելյանի կալանքը երկարացվել է կամայականորեն. «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվում է, երբ քննչական գործողությունների անհրաժեշտություն կա, եւ քննիչը հիմնավորում է, որ ժամանակը չի հերիքել այդ քննությունը կատարելու համար: Բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ առ այսօր Մ. Սաղաթելյանի գործով ընդամենը մեկ քննչական գործողություն է կատարվել, եւ այս պահին այդպիսիք չեն էլ ընթանում»:Կարդացեք |
| |
|
| 2008-05-20 19:59 |
| |
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
«Ժառանգություն» կուսակցության վարչության մայիսի 17-ին տեղի ունեցած նիստում որոշում է ընդունվել հետաձգել մայիսի 30-ին նախատեսված համագումարը շուրջ մեկ ամսով: Մայիսի 30-ին տեղի կունենա կուսակցության խորհրդի ընդլայնված նիստ: «ԱրմԻնֆո»-ի տվյալներով՝ համագումարը հետաձգելու որոշումը պայմանավորված է հետեւյալ պատճառով՝ «Ժառանգությունը» ցանկանում է համագումար անցկացնել հիմնական քաղաքական ուժերի միջեւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հնարավոր խորհրդակցությունների ավարտից հետո:
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆ ԷԼԻ ԹՈՂԵՑ ԱՆՓՈՓՈԽ
Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Աբովյանի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանն «Առավոտին» հայտնեց, որ վերաքննիչ դատարանը երեկ անփոփոխ թողեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 4-ին կայացրած որոշումը՝ Ոսկերչյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ: «Ես նոր միջնորդություն եմ նախապատրաստում Հատուկ քննչական ծառայությանը՝ «Ժառանգության» պատգամավորների երաշխավորությամբ եւ շուրջ 150 քաղաքացիների ստորագրություններով Գրիգոր Ոսկերչյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ»,- հայտնեց Հրանտ Գեւորգյանը:
ՀՌԱԿ-Ի ԱՆՈՒՆԸ ԿՓՈԽՎԻ՞
ՀՌԱԿ-ին անդամագրման գործընթացում գտնվող Ալբերտ Բազեյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հայտնեց, որ խորհրդակցություններ են ընթանում որոշ կուսակցությունների եւ անհատ քաղաքական գործիչների հետ, որոնք նույնպես կարող է մաս կազմեն «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ»՝ արդեն լուծարված կուսակցություններով համալրված ՀՌԱԿ-ին: Սակայն չբացահայտեց հնարավոր նոր միավորվողների անունները: Ալբերտ Բազեյանը հայտնեց, որ ՀՌԱԿ անվանման առնչությամբ շարքերում կան վերապահումներ. «Առայժմ չեն կարողացել մարսել այդ անվանումը», ու չբացառեց, որ այն կարող է փոխվել: |
| |
|
| 2008-05-20 19:59 |
| |
Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ՝ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, Գայանե Կարախանյանի նախագահությամբ, դռնփակ նիստում եւս երկու ամսով երկարացրեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը: Դատարանը հիմք է ընդունել նախաքննական մարմնի այն «հիմնավորումը», թե Ա. Կարապետյանն ազատության մեջ մնալով՝ կխոչընդոտի նախաքննության հետագա ընթացքին: Ըստ ՆԺԿ ղեկավարի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանի, դատարանում հաշվի չի առնվել որեւէ բժշկական տեղեկանք եւ այն, որ իր պաշտպանյալն իրականում առողջության հետ կապված խնդիրներ ունի: Իսկ Արամ Կարապետյանին դատարան բերեցին եւ տարան բժշկի ուղեկցությամբ: Դատարանի շենքի մոտ հավաքված Արամ Կարապետյանի կուսակիցները եւ համակիրներն այս որոշումն ընդունեցին «Ամոթ» վանկարկումներով: Նրանք երկու ժամից ավելի կանգնած էին դատարանի շենքի մոտ՝ Ա. Կարապետյանի նկարներով եւ հայտնի կարգախոսների վանկարկումներով: ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը այս որոշումը որակում է «փոքրոգություն» եւ հայտարարում, որ իրենք շարունակելու են իրենց սկսած պայքարը՝ հացադուլը: «Դատավոր Կարախանյանը կատարեց այլոց հրամանը, որպես անկախ դատավոր նա գոյություն չունի: Ինքը կաշառակեր, անդեմ երեւույթ է»,- ասաց նա: Ի դեպ, հացադուլավորների թիվն արդեն հասել է 10-ի: 5-րդ օրն է, որ մարդիկ հացադուլի մեջ են, սակայն ՀՀ առողջապահական որեւէ հիմնարկ նրանցով չի հետաքրքրվել: Ավելին, նախնական պայմանավորվածության համաձայն, շաբաթ օրը հացադուլավորներին պիտի այցելեին Հայկական կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները: Նրանք այցելել են, սակայն «պարզվել» է, որ իրենք իրավասու չեն հացադուլավորների առողջական նկարագիրն արձանագրելու գործողություններ իրականացնել: Երեկ առավոտյան ժ. 11-ին հացադուլավորներին պետք է այցելեր նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը, սակայն մինչեւ երեկոյան 20-ը դեռ չէր այցելել: Իսկ դատարանի շենքի մոտ՝ բողոքի ակցիայի ընթացքում կտրուկ վատացավ հացադուլավորներից մեկի առողջական վիճակը. առաջին օգնությունը նրան շտապօգնությունը ցույց տվեց: Երեկ նաեւ հերթական միջադեպն է գրանցվել հացադուլավորների եւ ոստիկանների միջեւ. վերջիններս դարձյալ հացադուլավորներին չեն թույլատրել ոչ միայն վրաններ տեղադրել, այլեւ անգամ ներքնակներ դնել:
Ն. Գ.
ՉՈՐՍ ՆՈՐԸՆՏԻՐ՝ ՉՈՐՍՆ ԷԼ ՀՀԿ-ԻՑ
Մայիսի 18-ին Երեւանի 4 համայնքներում տեղի ունեցան թաղապետի ընտրություններ, ընդ որում՝ դրանցից երեքում՝ Ավանում, Մալաթիա-Սեբաստիայում եւ Դավիթաշենում ընտրություններն անցել են մեկ թեկնածուի պայմաններում՝ առանց այլընտրանքի: Ավանում թաղապետ է վերընտրվել Տարոն Մարգարյանը, Մալաթիա-Սեբաստիայում՝ թաղապետարանի առեւտրի եւ սպասարկման կանոնակարգման բաժնի պետ Դավիթ Օհանյանը, Դավիթաշենում՝ Արթուր Գեւորգյանը: Ընտրությունների արդյունքում Նորք-Մարաշում էլ է վերընտրվել գործող թաղապետը՝ Վարազդատ Մկրտչյանը, թեեւ երկու անկուսակցական մրցակիցներ ուներ: Հիշեցնենք, որ նորընտիր չորս թաղապետերն էլ ներկայացնում են ՀՀԿ-ն: Նրանք կպաշտոնավարեն եւս չորս տարի: |
| |
|
| 2008-05-20 19:59 |
| |
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ ՈՍՏԻԿԱՆԻ Է ԾԵԾԵԼ
«Առավոտի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, կիրակի օրը՝ մայիսի 18-ին, պատգամավորներից մեկի որդին ծեծի է ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակից, ինժեներ Դավիթ Ղազարյանին: Վերջինս, մեր տեղեկություններով, ստացած լուրջ վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Միջադեպի շարժառիթները հայտնի չեն, բայց հայտնի է, որ Նոր Նորքի ոստիկանության բաժնում այս փաստի առիթով քրգործ է հարուցվել: Մանրամասները ճշտվում են:
«ՍԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ»՝ ԱՐՇԱԼՈՒՅՍՈՒՄ
Մայիսի 26-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Արշալույսը պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հարազատ գյուղն է: Վերջինս նախագահական ընտրություններում սատարեց Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ հենց այդ պատճառով էլ հանրապետական մարզպետի «առաջարկով» հրաժարականի դիմում գրեց Արշալույսի գյուղապետը, եւ հիմա համայնքում արտահերթ ընտրություններ են: Կայանալիք ընտրություններում երկու թեկնածու է առաջադրված. գեներալի, այսպես ասած, մարդը՝ Գագիկ անունով մեկը, ով իր եղբոր աղջկա ամուսինն է: Երկրորդ թեկնածուն գեներալի մյուս եղբոր տղան է՝ Զարզանդ Գրիգորյանը: Հայտնի է «Զնդո» անունով:Վերջինս սերժական է. Մանվել Գրիգորյանի սերժական եղբորորդի, ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի «մարդը»: Հետաքրքիրն այն է, որ, ըստ համագյուղացիների, Մանվելի դեմ դուրս եկած եղբորորդիները հենց «Մանվելով են մարդ դարձել»:
ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ երեկոյան, Երեւանի «Կազիրոկ» կոչվող սրճարանում, հանկարծամահ է եղել հայտնի տնտեսագետ եւ քաղաքական գործիչ Էդուարդ Աղաջանովը: Նախնական տեղեկությունների համաձայն, մահվան պատճառը սրտի կաթվածն է: «Առավոտը» ցավակցում է Էդուարդ Աղաջանովի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին եւ զինակիցներին: |
| |
|
| 2008-05-20 19:58 |
| |
ԳՐԻՇԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ
Ըստ lragir.am-ի՝ ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը երեկ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիգորի Սարկիսովի տարածած այն հայտարարությանը, ըստ որի՝ նա մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպման ու իրականացման հետ առնչություն չի ունեցել, այլ ընդամենը ապահովել է Լ. Տեր-Պետրոսյանի անվտանգությունը: Ա. Մուսինյանի մատուցմամբ, զարմանալի կլիներ, որ Սարկիսովը խոստովաներ իր մասնակցությունը մարտի 1-ի ուժային օպերացիայի կազմակերպմանը: Խոսնակը հիշեցրել է, որ Քոչարյանի թիկնազորի պետը Լեւոն Տեր-Պետրոսյանին փաստացի զրկել է ազատությունից՝ նրան ձեռքերը ոլորած մեքենա նստեցնելով եւ պահելով տնային կալանքի տակ, արգելելով նրա մոտ ելումուտը՝ անգամ արտասահմանցի դիվանագետների. «Այնպես որ, Գրիշա Սարկիսովի պատասխանատվության հարցը կլուծի անկախ, հասարակության վստահությունը վայելող, մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հետաքննություն անցկացնող մարմինը»,- ասել է Արման Մուսինյանը՝ ի պատասխան լրագրողների հարցին՝ մանրամասնելով, որ դա «իշխանափոխությունից հետո»: Իսկ իշխանափոխություն, ըստ նրա, անպայման կլինի, որովհետեւ ներկայիս իշխանությունը չունի հերթական հինգ տարում իշխանությունը պահելու անհրաժեշտ ոչ մի ռեսուրս, սկսած ամենից կարեւորից՝ հանրային լեգիտիմությունից:
ԱԶԱՏԵ՛Ք ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
ԵԿՄ եւ «Ոգու փորձություն» կազմակերպությունների հիմնադիրներից մեկը՝ Ալբերտ Բազեյանը, երեկ «Ուրբաթ» ակումբում եւս մեկ անգամ վերահաստատեց. «Ես դեմ եմ եղել, որ այդ կազմակերպություններին ներքաշեն ներքաղաքական գործընթացների մեջ՝ նկատի ունեմ՝ ամբողջապես, եւ տարբեր քաղաքական ուժեր փորձեն նրանցից կորզել հայտարարություններ այս կամ այն քաղաքական գործչին կամ ուժին ընտրությունների գործընթացում պաշտպանելու առումով»:Այսուհանդերձ՝ «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով ազատամարտիկների կալանավորման փաստերին, պրն Բազեյանը ցավ հայտնեց, որ նրանք հայտնվել են այդ վիճակում. «Նրանք ցուցադրել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը՝ պաշտպանել են նախագահի թեկնածուներից ում որ կամեցել են, եւ դա նրանց քաղաքացիական իրավունքն է: Մասնակցել են հանրահավաքների, երթերի, ցույցերի՝ դա էլ նրանց սահմանադրական իրավունքն է»: Ըստ նրա՝ «այնքան էլ համոզիչ չեն» նրանց առաջադրված մեղադրանքները պետական իշխանությունը բռնազավթելու եւ այլնի վերաբերյալ: «Գտնում եմ, որ հաշվի առնելով նաեւ նրանց վաստակը մեր պետության սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրման գործում՝ գոնե առնվազն խափանման միջոցը պետք է փոխվեր,- ասաց պրն Բազեյանը:- Բայց նաեւ որոշակի հույսեր ունեմ, չնայած՝ քանի գնում, այդ հույսերը նվազում են, որ պետք է ի վերջո հայտարարվի համաներում: Ի վերջո՝ մայիսն է՝ հաղթանակների ամիսը, Սարդարապատի ճակատամարտի, առաջին հանրապետության հիմնադրման 90-ամյակը: Եվ ի վերջո՝ երկրում նոր ղեկավար է իշխում այսօր: Թող հայտարարվի համաներում, ու նրանք դուրս գան: Ես նաեւ համոզված ասում եմ, որ նրանք որեւէ ձեւով չեն կարող ու չեն խոչընդոտի քննության ընթացքին, եթե լինեն ազատության մեջ: Օգտագործելով այս առիթն ու հնարավորությունը՝ ինքս իմ մի շարք ընկեր ազատամարտիկների անունից դիմում եմ իշխանություններին՝ կոչ անելով ազատ արձակել ազատամարտիկներին, որոնց կապակցությամբ չկա հաստատված որեւէ փաստ, որ նրանք զենք են օգտագործել, ու միայն հայտնաբերվել են պատերազմի տարիներից հուշ մնացած կամ տրամաչափը չհամապատասխանող փամփուշտներ»:
Ա. Ի. |
| |
|
| 2008-05-20 19:58 |
| |
ՀԵՊԱՏԻՏԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է
ՀՀ-ում 1999-ին գրանցվել է հեպատիտի 3207 դեպք, իսկ 2007-ին՝ 1060: Երեկ այս մասին հայտնեցին հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության մասնագետները՝ Հեպատիտների իրազեկման համաշխարհային օրվա առթիվ կազմակերպած ասուլիսի ժամանակ: Տեսչության պետ Արտավազդ Վանյանի ներկայացմամբ, ամեն տարի աշխարհում հեպատիտ B (արյան եւ սեռական ճանապարհով փոխանցվող դեղնախտ) եւ C (ծանր դեղնախտ) վիրուսներով վարակված մոտ 1 մլն մարդ է մահանում: Իսկ հեպատիտ A-ի (բերանի միջոցով փոխանցվող դեղնախտ) դեպքում մահացություններն ավելի քիչ են: Ա. Վանյանի խոսքերով՝ հեպատիտ A-ն ամենատարածվածն է, եւ հիմնականում 0-14 տարեկանների մոտ է հանդիպում (մոտ 90%): Այս վիրուսը փոխանցվում է ոչ միայն սեռական եւ արյան միջոցով, այլեւ՝ գեղեցկության սրահների եւ ատամնաբուժական կլինիկաների ոչ հիգիենիկ սպասարկման հետեւանքով: Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի վստահեցմամբ էլ՝ ամսվա ընթացքում հեպատիտ B-ով իրենց ինֆեկցիոն հիվանդանոց կարող է ընդամենը մեկ հիվանդ դիմել:
Սեփ. լր.
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆ ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏՈՒՄ
Արաբկիր համայնքի ավագանու անդամ Արմեն Մաթեւոսյանը Ավետ Ավետիսյան 74, 76, 78 եւ 80 շենքերի հարեւանությամբ, բակի հաշվին օրերս սկսել է անօրինական ավտոտնակ կառուցել: Նա ամրացրել է ավտոտնակի մետաղաձողերն ու առանց թույլտվության շինարարությունը սկսել: Վերոնշյալ շենքերի բնակիչները դիմել են «Առավոտին»՝ հայտնելով, որ իրավասու մարմինները որեւէ կերպ չեն կարողանում կառուցապատողի դեմն առնել: Մինչ մեր այցելությունը, Արաբկիրի թաղապետարանի ապօրինի շինությունների բաժնի միջամտությամբ շինարարությունը դադարեցվել եւ ապամոնտաժվել էր, սակայն Ա. Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեկ է, ինչքան քանդեն՝ կրկին կառուցելու է: Բնակիչների խոսքերով, Ա. Մաթեւոսյանը շատ հանգիստ կարող է օգտվել իրենց շենքի տակ գտնվող ավտոտնակներից: Մեր հարցին Ա. Մաթեւոսյանն ասաց. «Դրանք փլվում են, համ էլ ես ավտոյի համար չեմ կառուցում, կառուցում եմ, որ պահեստ դառնա, ոչ մեկին էլ չեմ խանգարում»: Երեւանի քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության պետ Գագիկ Մկրտչյանը մեր ահազանգից հետո նախընտրեց խնդրին տեղում ծանոթանալ: Ըստ նրա՝ իրենք ուշադիր հետեւելու են, որ կառուցապատողը նորից չշարունակի կառուցել:
Ա. Խ. |
| |
|
| 2008-05-20 19:58 |
| |
ԿԱՐՏԱՔՍԵ՞Ն
Հունիսի 9-ին լրանում է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի բանտարկության վերջնաժամկետը: Նրա ընկերները ակնկալում էին, որ գոնե այդ օրը Ժիրայրը կազատվի եւ կվերադառնա իր բնականոն կյանքին եւ գործունեությանը: Սակայն, ըստ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի, «ստացվել են խիստ անհանգստացնող եւ ուղղակիորեն Ժիրայր Սեֆիլյանին հասցեագրված ազդանշաններ այն մասին, որ առաջիկա օրերին վարչախումբը պատրաստվում է հերթական ստորությունը գործել արցախյան պատերազմի հայտնի հրամանատարի նկատմամբ՝ արտաքսել հայրենիքից»:Զորակցության կոմիտեի համաձայն, «քայլը, բարոյական հանցանք լինելուց բացի, նաեւ ՀՀ օրենսդրությունը բազմաթիվ կետերում խախտող իրական քրեական հանցագործություն կլինի եւ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իշխող վարչախմբի հանցագործ հետեւողականության հերթական արտահայտությունը»:
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԽՆԴՐՈՎ
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքի, անցյալ շաբաթ լսվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի զեկույցը՝ կապված ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքների հետ: Ստուգվել են արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անձանց պահելու ռեժիմը, նրանց կենցաղային, սոցիալական իրավունքները: Գլխավոր դատախազի տեղակալի գնահատմամբ, այդ հարցերում կային «լուրջ բացթողումներ»: Մասնավորապես, նշվել է, որ խախտվել է բողոքարկման իրավունքը, վաղաժամկետ ազատելու խնդրով զբաղվող հանձնաժողովի որոշման մասին դատապարտյալներին տեղյակ չեն պահել, դատապարտյալն իրազեկված չի եղել նրանց որոշումները բողոքարկելու իրավունքի մասին («Կոշ», «Նուբարաշեն», «Էրեբունի»): Հաջորդ խնդիրն առնչվել է հարազատների հետ դատապարտյալների տեսակցությանը: «Արթիկ» ՔԿՀ-ում 7 անգամ տույժի ենթարկվածը անցյալ տարվա սեպտեմբերի 29-ից մինչեւ այս տարվա փետրվարի 6-ը ստացել է 5 անգամ երկարատեւ տեսակցության իրավունք: «Ամենատարօրինակը», ըստ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի՝ այն էր, որ դատապարտյալներն իրենց անվտանգությունն ապահովել են «քրեական հեղինակությունների» միջոցով, բնականաբար՝ փոխհատուցմամբ:
Ռ. Մ.
ԻՐԱՆՑՈՒ ՄԵՔԵՆԱՆ՝ ԳԵՏՈՒՄ
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին «ՎՈԼՎՈ» մակնիշի ՏՀՌ 8649516 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան շրջադարձի ժամանակ շրջվել է Արփա գետը: Ավտոմեքենան բեռնված է եղել լուծվող սոդայով: Ավտոմեքենան դուրս է բերվել գետից: Բեռնատարի ողջ պարունակությունը թափվել է Արփա գետը, ինչի հետեւանքով սատկել են մեծ քանակությամբ ձկներ: Իրանի Հանրապետության քաղաքացի վարորդը միջին ծանրության վիճակում տեղափոխվել է Վայք քաղաքի հիվանդանոց: |
| |
|
| 2008-05-20 19:58 |
| |
WWW.ANDRE.AM-Ը՝ ՆՈՐՈՎԻ
Շրջագայություն Անդրեի հետ www.andre.am ինտերնետային կայքում. այսպես է նկարագրում երգիչը իր ինտերնետային կայքէջը, որն օրերս նրան նվիրեցին «Ֆլյուգեր» դիզայներական ընկերությունը եւ «Բում» ամսագիրը: Սա Անդրեի երկրորդ կայքն է: Դեռեւս 2006 թ. «Եվրատեսիլի» պրոմոտուրերի ժամանակ Անդրեի կայքը «ջարդել» էին ադրբեջանցի հակերները: Նրանց զայրացրել էր այն, որ այնտեղ նշված էր, թե երգչի ծննդավայրը ԼՂՀ-ն է: Ինչպես նշեց Անդրեն, ադրբեջանցիները նաեւ կեղծ եւ ծիծաղելի տեղեկություններ էին տեղադրել իր կայքում: «Երբ 2006-ին 4 անգամ ադրբեջանցի հակերների կողմից ջախջախվեց իմ առաջին կայքը, բացի նոր կայք նախաձեռնելուց, ցանկություն եղավ ավելի աչք ծակող եւ, ամենակարեւորը, պաշտպանված կայք ստեղծել: Մինչ ես մտմտում էի այդ մասին, այդ գործին ձեռնամուխ եղան որոշ մարդիկ՝ ի դեմս Արմեն Մովսիսյանի»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Անդրեն: Այսօր արդեն երգիչը ունի նոր վեբ-կայք: «Խորագրերը՝ «Կենսագրություն», «Ֆոտոալբոմ», «Դիսկոգրաֆիա», պահպանվել են: Կայքում տեղադրված են իմ բոլոր երգերն ու տեսահոլովակները: Ավելացել է «Պրեսս» խորագիրը, որտեղ տեղ կգտնեն իմ բոլոր հարցազրույցները»,- հավելեց երգիչը: «Մեկ տարվա աշխատանքների արդյունքում ստացանք այս կայքը: Շատ աշխատատար պրոցես էր»,- նշեց միջոցառման կազմակերպիչ Արմեն Մովսիսյանը: Կայքում շուտով տեղ կգտնի նաեւ նոր՝ 30 րոպեանոց ֆիլմ-հոլովակը, որտեղ Անդրեն հանդես է գալիս որպես գլխավոր դերակատար: «Ֆիլմն ամբողջությամբ հոգու եւ մտքի մենախոսություն է, նկարահանվել է Շուշիում՝ անձրեւի ու կարկուտի տակ»,- ասաց Անդրեն:
Լ. ՇԱՀԲԱԶՅԱՆ
ՊԱՀՊԱՆՈ՞ՒՄ ԵՆ ՈՐՄՆԱՆԿԱՐԸ
Երեկ «Առավոտը» ահազանգ ստացավ այն մասին, որ «Գաֆեսճյան» արվեստի թանգարանում զմռսվում է Գրիգոր Խանջյանի հայտնի որմնանկարը, որպեսզի այդտեղ տեղադրվի չեխական ապակու հավաքածու: Այս մտահոգությունը «Առավոտը» փոխանցեց «Գաֆեսճյան» թանգարանի տնօրինությանը: Թանգարան-հիմնադրամի հանրային կապերի եւ մարքեթինգի գծով տնօրեն Աննա Դիրեյը պարզաբանեց. «Թանգարանում կա 3 սրահ՝ «Խանջյան», «Սասունցի Դավիթ», «Արծիվ»: Ներկայումս «Խանջյան» սրահում կատարվում են վերանորոգման աշխատանքներ: Որպեսզի դրանց պատճառով չվնասվի որմնանկարը, այն պատել ենք երկշերտ պաշտպանիչ պատով՝ գիպսակարդոնի եւ ապակյա բամբակի: Իսկ չեխական ապակու հավաքածուն տեղադրվելու է «Սասունցի Դավիթ» սրահում: Բացի այդ, մենք պարտավոր ենք ապահովել որմնանկարի անվտանգությունը, քանի որ, ինչպես շեշտում է թանգարանի տնօրենը՝ այն ոչ թե թանգարանի, այլ ՀՀ-ի սեփականությունն է: Այդ պարտականությունը թանգարանն իր վրա է վերցրել՝ ստորագրելով համապատասխան պայմանագիր»: Ա. Դիրեյի հավաստմամբ՝ թանգարանի մասնագետները պարբերաբար զննում են որմնանկարի վիճակը, իսկ շինարարական աշխատանքներից հետո այդ գործով կզբաղվեն նաեւ արտասահմանյան փորձագետներ:
Տ. Հ.
ԹԵՍՏԵՐԸ «ԹՌԱՆ» ԵՐԵՎԱՆ
Մայիսի 16-ի գիշերը Լոնդոնից Երեւան է «ժամանել» պետական միասնական քննության թեստերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 15000 թեստ, հիմնականում հայոց լեզու եւ գրականություն առարկաների: Այս մասին «Առավոտին» հայտնեց ԳԹԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Մանուկյանը: Թեստերի հաջորդ խմբաքանակները Հայաստան կտեղափոխվեն այսօր եւ վաղը: Արդեն ավարտվել է ճշգրտման եւ հայտագրման պրոցեսը, ըստ այդմ էլ որոշվել է, թե որ առարկայից քանի դիմորդ պետք է քննություն հանձնի: Պարզվել է, որ մաթեմատիկայից քննություն է հանձնելու 10056, անգլերենից՝ 7806, գերմաներենից՝ 563, իսպաներենից՝ 21, իտալերենից՝ 3, հայոց լեզու եւ գրականություն առարկայից՝ 13643, ռուսաց լեզվից՝ 1483, ֆրանսերենից՝ 514 դիմորդ-շրջանավարտ: Ըստ Գ. Մանուկյանի, «Հայինկասացիա» ծառայության ուղեկցությամբ թեստերը տեղափոխվել են «Արարատբանկի» Պուշկինի մասնաճյուղ եւ պահվում են տեղի պահոցում: Առաջիկայում կստեղծվի աշխատանքային հանձնախումբ՝ նաեւ լրագրողների մասնակցությամբ, կոմպլեկտավորման աշխատանքներն իրականացնելու համար: Ըստ քննական կենտրոնների, թեստերի փակ ծրարները կտեղափոխվեն արկղերի մեջ, դրանց հետ կդրվեն արձանագրությունների փաթեթը, քննական կարգը, ձեւաթղթերը: Քննություններից մեկ օր առաջ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ դրանք կտեղափոխվեն քննական կենտրոններ:
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ |
| |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել