Անցած գիշեր Թամանյանի արձանի դիմաց, «Սանտա ֆե» սրճարանի մոտ, հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել: Ծեծուջարդը տեւել է մինչեւ գիշերվա 4-ը: Սակայն ոստիկանությունում այդ դեպքը չի գրանցվել, ինչը տարօրինակ է (ավելի ճիշտ՝ տարօրինակ կլիներ նորմալ երկրի համար). շրջակայքի բնակիչները լսել են թեժ կռվի ձայներ, իսկ առավոտյան նկատել են արյան հետքեր, եւ այդ ամենը կատարվում էր ոչ թե, ասենք, «Տեցի կրուգում», այլ մայրաքաղաքի ամենակենտրոնում՝ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա Թատերական հրապարակից, որն օրուգիշեր աչալրջորեն հսկում են մեր պանծալի իրավապահները՝ այնտեղ հանրահավաք թույլ չտալու նպատակով: Ստացվում է, որ ոստիկանության դերը ոչ թե ընդհանրապես կարգուկանոն ապահովելն ու քաղաքացիների անդորրը պահպանելն է, այլ միմիայն ընդդիմության ակտիվությունը կասեցնելը:
Դատելով իրավապահների արձագանքի բացակայությունից՝ «իրար փոր թափող» երիտասարդները ունեն հզոր «պապաներ», «հոպարներ» եւ այլ բարեկամներ, որոնք ամեն ինչ կանեն, որ միջադեպը «աննկատ անցնի» իրավապահների համար: Անցած շաբաթ, օրինակ, Արմավիրի մարզպետի եղբոր որդին վրաերթի է ենթարկել մայթում կանգնած երեք աղջիկների, որոնցից մեկը, հավանաբար, հաշմանդամ կմնա: Վստահաբար կարելի է ասել, որ այդ երիտասարդը, եթե նույնիսկ դատապարտվի, ապա մի խորհրդանշական ժամկետով, եւ դժվար թե ազատազրկման վայրում գեթ մեկ օր նստի: Ինչո՞ւ պիտի վրաերթը ավելի խիստ պատժվի, քան դիտավորյալ սպանությունը, որի համար Նոր Հաճընի նախկին քաղաքապետը երկու տարի էլ չնստեց: Նույնը՝ Սյունիքի մարզպետը, պատգամավորի դատախազ որդին, Գյումրիի քաղաքապետի որդին եւ այլն:
Վարչապետն ասում է, որ այսուհետ անզիջում պայքար կմղվի լկտի եւ զոռբա պաշտոնյաների դեմ: Որ պարոն Սարգսյանը նման ցանկություն ունի՝ իրավունք չունենք չհավատալու. սովորաբար ավելի գերադասելի է աշխատել պարկեշտ եւ համեստ ստորադասների հետ: Բայց նման ձգտումը հակասության մեջ է մտնում 17 տարվա ընթացքում ձեւավորված «պետական ավանդույթների» հետ: Մարդիկ ձգտում են պաշտոնների ոչ միայն կաշառք վերցնելու, բիզնեսներին տանիք կանգնելու եւ դղյակներ կառուցելու համար: Պաշտոնները լայն հնարավորություն են տալիս դրանց տերերին եւ վերջիններիս ազգականներին անպատիժ կատարել մի շարք այլ հանցագործություններ՝ սկսած մանր խուլիգանությունից, վերջացրած սպանություններով: Առանց այդ անպատժելիության մարդիկ չեն կարող վայելել պաշտոնի ողջ քաղցրությունը:
Էլ ո՞ւմ է պետք պաշտոնը կամ պատգամավորական մանդատը, եթե պաշտոնատիրոջ որդին հնարավորություն չունի, խախտելով երթեւեկության բոլոր կանոնները, քշել շքեղ ջիպը, որի գինը համարժեք է իր հոր հարյուր տարվա աշխատավարձին:
ԱՌԱՎՈՏ
Քննարկելու համար դուք պետք է գրանցված լինեք. ՄուտքԳրանցվել
Կիրակի օրը՝ մայիսի 25-ին, Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում, որի արդյունքում, ի դեպ, պաշտոնապես հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, ընտրախախտումները եզակի դեպքեր չէին: Օրինակ, ընտրատեղամասերից մեկի հե՛նց մուտքի մոտ կանգնած մի տղամարդ իր պարտքն էր համարում քվեարկության եկած մեծահասակների անձնագրերի մեջ փող դնել եւ հուշել, որ ընտրեն առաջին համարին՝ Ա. Դանիելյանին: Այդ մարդը անհետացավ, երբ հասկացավ, որ մեր լուսանկարչական ապարատը նրան ֆիքսել է:Կարդացեք :
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ ՉԿԱ
Փաստաբան Վարդան Զուռնաչյանը գտնում է, որ «Մարտի 1-ի» առիթով հարուցված քրեական գործն ամբողջական պետք է քննվեր եւ ոչ թե մասնատվեր, որպեսզի պարզ լիներ կոնկրետ անձանց գործողություններն ինչպիսին են եղել, իրադարձություններն ինչպիսին են եղել: «Մասնատված մասերով ամբողջական պատկերացում չենք կարողանում ստանալ ժողովրդի եւ ոստիկանների գործողությունների օրինականության կամ անօրինականության մասին»,- ասում է փաստաբանը: Իր պաշտպանյալներ Հովհաննես Հարությունյանի եւ Հուսիկ Բաղդասարյանի դեպքում էլ ասում է, որ հիմքեր բացարձակ չկան, եւ ակնհայտ է, որ մարդկանց պատժի են ենթարկում զուտ քաղաքական հայացքների համար: Կարդացեք նաեւ՝
ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
«Լուրջ մտավախություն ունեմ, որ եթե քաղաքական դաշտում այսօր իրար ոչնչացնող ատելությամբ համակված ուժերի պայքարը այսպես շարունակվի, որը դժվար է քաղաքական պայքար անվանել, ապա այն մեր ժողովրդին նորանոր փորձությունների առջեւ կկանգնեցնի»,- «Առավոտին» տված իր հարցազրույցում ասում է ՀՀ ԳԽ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։ Կարդացեք վաղվա համարում։
ՆՈՐԱԹՈՒԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԲՀԿ-ՈՒՄ
Երեկ ԿԸՀ-ն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից պատգամավոր գրանցեց Ռուբիկ Հարությունյանին: Որոշման հիմքը կուսակցության ցուցակից ընտրված Վահե Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունների դադարեցման մասին ԱԺ-ի արձանագրությունն էր, ինչպես նաեւ ԲՀԿ-ի ցուցակից Օֆելյա Պետրոսյանի եւ Գագիկ Սանթրոսյանի ինքնաբացարկի մասին դիմումները:
ՊԱՇՏՈՆԻ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՀՀԿ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԸ
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ է նշանակվել նախկինում տարածքային կառավարման փոխնախարար Հովհաննես Հովսեփյանը: Այս անունը նախկինում չի շոշափվել քաղաքական-տնտեսական սկանդալների մեջ, ասում են՝ ունի կրթական բարձր ցենզ (կենսագրության մեջ գրված է, որ ավարտել է ՌԴ նախագահին կից պետական ծառայության ակադեմիան): Հովհաննես Հովսեփյանը ՀՀԿ խորհրդի անդամ է։
2008-05-27 20:09
«ՍԵՐԺԱԿԱՆԸ» ՀԱՂԹԵՑ
Անցած կիրակի Արմավիրի մարզի Արշալույս գյուղում տեղի ունեցած գյուղապետի ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել Զարզանդ Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի հարազատների «սերժական» թեւի ներկայացուցիչը: Նրան այժմ հովանավորում է Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը:
ՄԵՀՄԵԴ ՇԻՄՇԵՔ. «ՄԵՆՔ ՀԱՅԵՐԻ ԿԱՐԻՔԸ ՉԵՆՔ ԶԳՈՒՄ»
«Հայաստանի հետ երկխոսության բացակայության պատճառը հենց իրենից՝ Հայաստանից բխող խնդիրներն են: Եվ քանի դեռ անլուծելի է մնում Ադրբեջանի հետ կապված հարցը, ինչպես նաեւ որեւէ զարգացում տեղի չի ունենում Թուրքիայի նկատմամբ առկա գործելաոճում ու վերաբերմունքում, Հայաստանի հետ սահմանի բացումը ներկայումս հնարավոր չէ»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը»՝ հղում անելով «Ջիհան» գործակալությանը, Իգդիրում հայտարարել է Թուրքիայի պետնախարար Մեհմեդ Շիմշեքը: Ընդգծելով, թե Թուրքիան ձգտում է լավ հարաբերություններ հաստատել իր բոլոր հարեւանների հետ, թուրք պետնախարարը նշել է, որ ոչ թե Թուրքիան Հայաստանի, այլ Հայաստանն է Թուրքիայի կարիքը զգում: «Մենք 950 միլիարդ գնողունակություն ունեցող պետություն ենք եւ հայերի կարիքը չենք զգում: Նրանք (հայերը- խմբ.) այս փաստը տեսնելով՝ պետք է քայլ անեն: Իսկ մենք էլ մեր կողմից ընդառաջ քայլ կանենք: Չէ՞ որ տարածաշրջանի ամենահզոր պետությունը մենք ենք»,- շարունակել է Մեհմեդ Շիմշեքը: Նա անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության հարցին եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին, նշելով. «Մեր վարչապետը Հայաստանին առաջարկել է ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով, սակայն, ցավոք, մինչ օրս այդ առաջարկի հետ կապված հստակ եւ հավասարակշռված պատասխան չենք ստացել: Ի հակառակ այս ամենին, աշխարհը, քաղաքական մի շարք ազդեցությունների ներքո, դեռեւս շարունակում է հանդես գալ անիմաստ նախաձեռնություններով»:
ՎԵՐՋՆԱԿԱՆ ԲՈՅԿՈՏ
Վրաստանի ընդդիմության հազարավոր կողմնակիցներ երեկ բողոքի ցույց են արել, որի ժամանակ ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ մայիսի 21-ին անցկացված խորհրդարանի ընտրություններն ու հետեւաբար՝ խորհրդարանի նոր կազմը «ճանաչում են ոչ լեգիտիմ եւ պահանջում են նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: Այս մասին, ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, ասվում է Վրաստանի Միավորված ընդդիմության եւ Լեյբորիստական կուսակցության ստորագրած համատեղ հուշագրում: Այդ փաստաթուղթը բաց է նաեւ ընդդիմադիր այլ ուժերի, այդ թվում՝ Քրիստոնեա-դեմոկրատական շարժման համար, որը նույնպես հաղթահարել է ընտրական արգելքը՝ հավաքելով ձայների 8%-ը:
ԼԱՐԻՋԱՆԻՆ՝ ՄԵՋԼԻՍԻ ՆՈՐ ԽՈՍՆԱԿ
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Ալի Լարիջանին մայիսի 25-ին ընտրվել է ԻԻՀ 8-րդ գումարման խորհրդարանի խոսնակի պաշտոնում: Քվեարկությունն անցկացվել է պահպանողականների ներկայացուցիչների նիստում, որը մեծամասնություն է ստացել նոր գումարման խորհրդարանում: Մեջլիսի խոսնակի պաշտոնի համար պայքարում էին երկրի օրենսդիր մարմնի ներկայիս նախագահ Ղոլամալի Խադդադ Ադելը եւ Ալի Լարիջանին:
2008-05-27 20:08
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽՎԵՑ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցը երեկ փոխվել է՝ հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությամբ: Նա երեկ դեռ «Էրեբունի» բժշկական կենտրոնում էր: Այսօր պարզ կլինի՝ կշարունակի՞ մնալ հիվանդանոցում, թե՞ կտեղափոխվի տուն: «Առավոտի» հետ զրույցում Արամ Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանն իր եւ իր պաշտպանյալի անունից հայտարարեց, որ համատեղ ուժերով շարունակելու են պայքարը՝ մնացյալ քաղկալանավորների ազատ արձակման համար: Հիշեցնենք, որ Արամ Կարապետյանը մայիսի 16-ի գիշերը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ նրա մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն՝ պրոգրեսիվ անկայուն ստենոկարդիա, արյան շրջանառության անբավարարության ֆունկցիոնալ դաս՝ 3-4, զարկերակային հիպերտենզիա, երկրորդ կարգի հիպերտոնիկ կրիզ: Բժիշկների կոնսիլիումը առաջարկել է հիվանդի նկատմամբ կոնսերվատիվ թերապիան շարունակել: Տեղեկացնենք, մայիսի 22-ին Արամ Կարապետյանն անձամբ էր դիմում գրել գլխավոր դատախազություն՝ իր հանդեպ խափանման միջոցը փոխելու խնդրանքով:
Ն. Գ.
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ
Մայիսի 25-ին Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը եւ Արման Մուսինյանը հանդիպել են Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆին, Ալլիսոն Շվարցին եւ Ուեյն Գիլքրեստին: Կոնգրեսականների խնդրանքով նրանք ներկայացրել են Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները՝ ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հարցում: Առանձնակի ուշադրություն է դարձվել քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման, մարտիմեկյան ոճրագործության անկախ հետաքննության եւ երկրում ժողովրդավարական ազատությունների վերականգնման խնդիրներին:
ՎՈՎԱՆ ՉԻ՝ ԱԼԻԿՆ Է
Ռազմական ոստիկանապետ Վովա Գասպարյանի՝ ՀՀ ոստիկանապետ դառնալու հավանականությունը գրեթե զրո է: «Առավոտի» աղբյուրների հավաստմամբ, մոտ օրերս ՀՀ ոստիկանապետի աթոռը կզբաղեցնի Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը: Նախքան մարզպետ լինելը, պարոն Սարգսյանն աշխատել է ոստիկանության Արարատի տարածաշրջանային վարչության պետ: Նախկին պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի թափուր տեղն էլ, մեր տեղեկություններով, բաժին կհասնի ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին: Երեկ «Առավոտը» Ալիկ Սարգսյանից փորձեց հետաքրքրվել, սակայն մինչ հարցը կլսեր, պարոն Սարգսյանն ասաց. «Ինձ պաշտոնապես որեւէ մեկը, որեւէ բան չի ասել»: Մեր հարցին, իսկ ոչ պաշտոնապես ինքը լսե՞լ է, որ ՀՀ ոստիկանապետի պաշտոնի համար իր անունն է շրջանառվում, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Բոլորն էդ մասին են խոսում»: Ի դեպ, ՀՀ ոստիկանապետի պաշտոնի թեկնածուներից մեկն էլ, ըստ լուրերի, նախկին նախագահ Ռ. Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովն է:
Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ
2008-05-27 20:08
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ԴԺԳՈՀ Է
«Ես այստեղ չեմ եղել, իմ տանը կպած ավտոտնակի պատը ծակել են՝ եղած-չեղածը տարել: Բացի այդ՝ նկուղն էլ են թալանել: Էդ ամենի պատճառը մեր կիսաքանդված տանիքն է, որ մեր տարածքի սեփականատերերը սխալմամբ քանդեցին: Իմ տունը դեռ չէր մտնում էդ իրացվող տարածքի մեջ, սակայն իրենց տեխնիկան տունս քանդեց»,- «Առավոտին» դժգոհեց Տերյան փողոցի 13/10 տան սեփականատեր Վլադիմիր Մնացականյանը: Նա նաեւ պատշգամբ ունի, որը մոտավորապես 15 քմ է, դրա համար նա տարիներ առաջ դիմել է Կադաստրի պետական կոմիտե, որտեղից եկել չափումներ են արել, սակայն չեն հաշվառել: «Եթե նրանք իմ պատշգամբը չեն ներառել մինչեւ 2000 թվականը, դա իմ ի՞նչ մեղքն է, որ հիմա իմ սեփական տարածքը իրացվող է ու պատշգամբս ներառած չէ, բացի դրանից, իրացնողները չեն ներառել նաեւ պատերի հաստությունը, որոնք մոտ 2 մետր են: Այդպիսի կոպիտ հաշվարկներով ես տուժում եմ ու մոտավորապես 30 քմ տարածքի փոխհատուցում չեմ ստանում»,- ասաց Վ. Մնացականյանը: Նրա խոսքերով՝ իրեն արժանի փոխհատուցում չեն տալիս, ինքը բազմիցս դիմել է տարածքն իրացնող «Դվին հոլդինգին», որպեսզի այս հարցի շուրջ համաձայնության գան. «Տալիս են ընդամենը 14,8 միլիոն դրամ, որով ես անգամ մեկ սենյականոց չեմ կարող գնել: Գոնե 40 միլիոն տան, մի կերպ տուն կգտնեմ»: Վ. Մնացականյանին խիստ անհանգստացնում է նաեւ այն, որ եթե պայմանագիր կնքի «Դվին հոլդինգի» հետ ու համաձայնի կառուցվելիք շենքում տարածք վերցնել իր տան փոխարեն, չի կարող համոզված լինել, որ այդ տարածքն իրոք իրեն է տրամադրվելու, կամ այն, ասենք, 7-րդ հարկի որ մասում է լինելու. «Հնարավոր է, որ կառուցեն- վերջացնեն, հետո տան մեկ ուրիշի: Ի՞նչ երաշխիք կա, որ նորակառույց շենքում ես իմ տան հարմարություններին համապատասխան բնակարան կունենամ»:
Ա. Խ.
ԱՐԴԱՐԱՑՎԵՑ ՀԱՅԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ծափերի ներքո կայացրեց Հայկ Իսրայելյանի արդարացման դատավճիռը: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2007 թ. դեկտեմբերի 28-ի դատավճռով Հայկ Իսրայելյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով («Սպանություն») եւ 235-րդ հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահելու) նախատեսված հանցանքներ կատարելու մեջ եւ դատապարտվել ազատազրկման՝ 11 տարի ժամանակով: Հիշեցնենք, որ խոսքը «Կիրովականցի Գոգա»՝ Գոգա Առաքելյանի եւ Հարկային պետական տեսչության օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանությունների մասին էր:Հ. Իսրայելյանի պաշտպան Կարո Աղաջանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա Վերաքննիչ քր. դատարանը որոշեց սպանության մեղադրանքը չհաստատել եւ Հայկ Իսրայելյանին ճանաչել անմեղ: Փաստորեն Հ. Իսրայելյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով եւ դատապարտվեց ազատազրկման՝ 1 տարի ժամկետով, բայց քանի որ վերջինս կալանքի տակ է գտնվում 1 տարի, արդեն պատիժը կրել է, ուստի նրան անհապաղ ազատ արձակեցին դատական նիստերի դահլիճից: Մեկ այլ քրեական գործի մասին էլ, որը լսվում էր կից դահլիճում ու ընդհատվում էր Իսրայելյանի արդարացման դատավճռի հրապարակմանը զուգընթաց, կարդացեք վաղվա «Առավոտում»:
2008-05-27 20:08
«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ» ՕՐԸ
Դպրոցականների «վերջին զանգի» օրը՝ մայիսի 24-ին, ՀՀ ոստիկանության գրանցած պատահարների ժամանակ եղել է 1 զոհ (անչափահաս), 22 վիրավոր: 16 տրանսպորտային միջոց վարել են անչափահասները, իսկ 68 տրանսպորտային միջոց ենթարկվել է արգելանքի: 52 վարորդ, որ չունեին պատշաճ փաստաթղթեր, վարել են մեքենաները՝ անչափահասներին պատուհաններից դուրս եկած վիճակում:
ՎԱՐՈՐԴԸ ԶՈՀՎԵԼ Է
Մայիսի 24-ին Արմավիրի մարզի Նորապատ-Հայկավան ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ-24» մակնիշի 62 ԼՍ 346 եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 08 ՕՍ 337 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի ուղեւորը՝ 47-ամյա Աշոտ Ավետիսյանը տեղում զոհվել է, իսկ վարորդը, երկու ուղեւորները, ինչպես նաեւ «ԳԱԶ-24»-ի վարորդը եւ երկու ուղեւորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ՝ տուժածների վիճակը միջին ծանրության է:
ԴԱՐՁՅԱԼ ԶՈՀ
Մայիսի 25-ին Սյունիքի մարզի Որոտան-Բանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար: «ՎԱԶ-2121» մակնիշի 440 ՏՍ 51 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել էր հարակից բետոնե հենապատին, ինչի հետեւանքով վարորդ՝ 28-ամյա Արարատ Գեւորգյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւոր, 28-ամյա Հովհաննես Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց:
ԳՏՆՎԵԼ Է ԴԻԱԿԸ
Երեկ, ժամը 01.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 16 շենքի 52-րդ բնակարանում հայտնաբերվել էր 54-ամյա Ռոզա Գալստյանի դիակը:
ԱԽ-Ի ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ արդարադատության խորհրդի անդամներ են նշանակվել իրավաբանական գիտությունների դոկտոր Տարիել Բարսեղյանը եւ իրավաբանական գիտությունների թեկնածու Հովսեփ Փանոսյանը:
2008-05-27 20:07
ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ գործիչների ՀՀ շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրելու մասին: «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով եւ «Անանիա Շիրակացի» մեդալով պարգեւատրվել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գլխավոր վիրաբույժ Հակոբ (Հրայր) Հովակիմյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, «Մխիթար Հերացի» մեդալով՝ Գյումրիի ուռուցքաբանության դիսպանսերի ուռուցքաբան Ալեքսան Գրիգորյանը եւ ուրիշներ: «Մովսես Խորենացի» մեդալ է շնորհվել Հայաստանի հանրային ռադիոյի Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի դուդուկահար Սերյոժա Կարապետյանին եւ այլոց:
2008-05-27 20:06
ՌԵԿՏՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԱՐՏԱԳՐԵ՞Լ
«Առավոտի» 22. 05. 2008 համարում տպագրված «Ռեկտորն ու պրոֆեսորը՝ գրագող» հոդվածում տեղեկացրել էինք, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանի եւ ՀՊՄՀ գունանկարի ամբիոնի վարիչ Լ. Ներսիսյանի համահեղինակությամբ տպագրված «Մանկավարժական գիտությունների գծով ատենախոսություններին ներկայացվող պահանջները» (Գիտամեթոդական հանձնարարականներ), (Երեւան, 2007թ.) 51 էջանոց ձեռնարկը՝ ծայրից ծայր արտագրված ակադեմիկոս Վ. Ս. Լեդնյովի "ՁՐպոՏՉՈվՌ
2008-05-27 20:06
ԵՎՍ ԵՐԵՔ ՎԱՐԿԱՆԻՇ
Սերբիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի եվրոպական գոտու վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականը Պեկինի իր ուղեգրերի քանակն ավելացրեց եւս երեքով: 60 կիլոգրամ քաշային կարգում օլիմպիական վարկանիշ նվաճեց Կարեն Մնացականյանը, 74 կգ-ում՝ Արսեն Ջուլֆալակյանը եւ 84-ում՝ Դենիս Ֆորովը: Այսպիսով, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի սաներից օգոստոսին Չինաստանում մեր երկրի մարզական դրոշի պատիվը կպաշտպանի վեց ըմբիշ: Հիշեցնենք, որ ավելի վաղ օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք նվաճել էին Ռոման Ամոյանը՝ 55 կգ քաշային կարգ, Արման Ադիկյանը՝ 66 եւ Յուրի Պատրիկեեւը՝ 120 կգ:
ԱՅԼԵՎՍ ՀՈՒՅՍ ՉԿԱ
Հայաստանում անցկացվող ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարի երկրորդ տուրում մեր հավաքականը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը՝ 0:1 նվազագույն հաշվով զիջելով Ուկրաինային: Եվ անկախ այսօր կայանալիք իսպանացիների հետ հանդիպման արդյունքից, զրկվեց հաջորդ փուլ անցնելու բոլոր հնարավորություններից: Տուրի մյուս խաղում Իսպանիան երեք անպատասխան գնդակ անցկացրեց Թուրքիայի դարպասը:Եզրափակիչ տուրից առաջ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:1. Իսպանիա 2 2 0 0 6-1 62. Ուկրաինա 2 1 0 1 2-3 33. Թուրքիա 2 1 0 1 2-4 34. Հայաստան 2 0 0 2 1-3 0
Հրավիրում ենք 30-40 տարեկան տղամարդկանց՝ աշխատելու Սաուդյան Արաբիայում որպես տնօրենի օգնական: Պահանջվում է արաբերեն լեզվի գերազանց իմացություն, ցանկալի է նաեւ անգլերեն լեզվին տիրապետելը: Աշխատանքային փորձը պարտադիր է:
Հեռ: 093-43-74-10:
71@mail.ru
Մուտք Գրանցվել