10/03/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
«Վատ քայլերի» պատրվակը
 

«Կովկասում, մասնավորապես՝ Ադրբեջանում եւ որոշ առումով նաեւ Հայաստանում, լուրջ անելիքներ ունենք, որպեսզի այդ երկրները ինչ-որ չափով համապատասխանեն ժողովրդավարության այն չափանիշներին, որոնց ժամանակին հավատարիմ են եղել»: Ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը, երկուշաբթի օրը, դիմելով «Խաղաղության կորպուս» կազմակերպության ղեկավարներին, այսպիսի մտահոգություն է արտահայտել ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Նա կարծիք է հայտնել, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի զարգացմանը խոչընդոտող գլխավոր գործոնը Lեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: «Lեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված կացության պատճառով քաղաքական առաջնորդները երբեմն ոչ այնքան դրական, «վատ քայլերի» են դիմում եւ այդ հակամարտության առկայությամբ էլ արդարացնում են իրենց քայլերը: Ես հաճախ եմ ասում նրանց, որ եթե Lեռնային Ղարաբաղի հարցը չլուծվի, ապա այդ պետություններն ավելի ու ավելի հետ կմնան hարեւաններից, քանի որ տարածաշրջանը շարունակում է զարգանալ»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Կասկած չկա, որ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի այս հայտարարությունը լրջորեն կվրդովի Ադրբեջանի եւ Հայաստանի «ազգակենտրոն» մտածողությամբ համակված շրջանակներին: Այդ շրջանակները, որոնք, որպես կանոն, արտահայտում են իշխող վարչակարգերի դիրքորոշումները (վերջիններիս ազատելով պաշտոնական խողովակներով հակազդելու հետ կապված բազում անհարմարություններից), անմիջապես շրջանառության մեջ կդնեն «Վաշինգթոնի հերթական ինտերվենցիայի», «ամերիկյան տիպի ժողովրդավարության արտահանման» եւ «մեր ինքնության նկատմամբ կատարվող կոպիտ ոտնձգության» մասին շատ հայտնի պոստուլատներ: Պետք է խոստովանենք, սակայն, որ դրանից Քոնդոլիզա Ռայսի վերոհիշյալ հայտարարության արդիականությունն ամենեւին էլ չի նվազի:

Ավելին, կարելի է ասել, որ ԱՄՆ պետքարտուղարն այս անգամ ճիշտ նշանակետին է խփել: Ռայսը ղարաբաղյան խնդրին մոտեցել է ոչ թե աշխարհաքաղաքական ինչ-ինչ, երբեմն՝ դժվար ըմբռնելի չափանիշներով, այլ տվել է շատ պարզ, սովորական մարդկանց համար հոգեհարազատ գնահատական: Պրոբլեմի հիմքում նա դրել է մարդու իրավունքների խնդիրը:

Ադրբեջանում եւ Հայաստանում ընդունված պրակտիկա է. ընտրությունների կեղծումների եւ առհասարակ՝ իշխանությունների կամայականությունների դեմ ընդվզողներին անմիջապես մեղադրում են «թշնամու ջրաղացին ջուր լցնելու», «անկայունություն հրահրելու» եւ «դավաճանության» մեջ: Հենց այդպիսի մեղադրանքներին էլ, ինչպես հայտնի է, հետեւում են Ռայսի նշած «վատ քայլերը»:

 
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
 
 
ՄԻՏՔ
 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008-05-01 20:03
 

«ԳԵՆԵՐԱՑՎԱԾ ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Երեկ ԱԺ-ում ներկայացնելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը կառավարության ծրագրի վերաբերյալ՝ Վարդան Բոստանջյանն անդրադարձավ ծրագրով հռչակված համազգային նախագծերին, ըստ որոնց՝ Հայաստանը պիտի դառնա բիզնես միջավայրի «գերազանցության կենտրոն» կամ «ֆինանսական կենտրոն», եւ ասաց, թե դրանք «սարսափելի լավ անուններ» են. «Սրանք, ըստ էության, կարող են ներկայանալ որպես, ասենք, մոլորակը կառավարող ազգի կողմից միամիտների համար գեներացված բառակապակցություններ: Բայց չհասկանալով հանդերձ՝ լավ է, ինչո՞ւ չլինենք բիզնես կենտրոն որ: Բայց՝ ո՞նց: Ինչո՞ւ չլինենք ֆինանսական կենտրոն, հա, ուզում եմ հասկանալ՝ ո՞նց, ֆինանս չունենալով: Ինչեւիցե, «Բարգավաճ Հայաստանը» երկու ձեռքով (այստեղ դահլիճը պայթեց ծիծաղից ու հնչեցին ծափեր.- խմբ.) կողմ է կառավարության ծրագրին»:
Կարդացեք նաեւ՝

ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԾԽԱԽՈՏԻ ԲԻԶՆԵՍԻՑ

«Սիլ» կոնցեռնի մամուլի գրասենյակից «Առավոտին» հայտնեցին, որ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել «Պարես Արմենիա» ընկերության՝ Սուքիասյաններին պատկանող մասնաբաժինը «Սովրանո» ընկերությանը վաճառելու վերաբերյալ:

ՄԵՐԺՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԱԿ-ԻՆ

Երեւանի քաղաքապետարանը երեկ մերժել է Հայաստանի առաջադիմական կուսակցության՝ մայիսի 8-ին եւ 12-ին բողոքի ակցիաներ կազմակերպելու հայտը՝ հետեւյալ պատճառաբանությամբ. «ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության 25.04.2008թ. թ. 39/992 պաշտոնական եզրակացության համաձայն՝ ՀՀ ԱԱԾ հավաստի, ստուգված տվյալները վկայում են այն մասին, որ նշված զանգվածային միջոցառման անցկացումը թույլատրելը կհանգեցնի պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության եւ բարոյականության խաթարմանը, սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը, անկարգությունների ու հանցագործությունների հանգեցնելու դեպքերի»:Կարդացեք վաղվա համարում:

 

2008-05-01 20:02
 

ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության երեկվա հաղորդագրության՝ Երջանիկ Աբգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը (լրանում էր մայիսի 3-ին) երկարացնելու մասին միջնորդությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը չի բավարարել՝ հաշվի առնելով Աբգարյանի առողջական վատ վիճակը: ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը պարտավորվել է չխուսափել նախաքննությունից եւ չխոչընդոտել քննությանը: Նախաքննական մարմինը 30.04.08-ին նրա նկատմամբ ընտրել է նոր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԷՐ ՆԱԵՎ ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻ

Ապրիլի 30-ի դրությամբ հիվանդանոցում չկա մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ վիրավորված որեւէ անձ: Ինչպես «ՆՏ»-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, նախօրեին «Էրեբունի» բժշկական կենտրոնից դուրս է գրվել ԱՄՆ-ի քաղաքացի Հովհաննես Ասատրյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել հետույքի եւ որովայնի շրջանում հրազենային վնասվածքներով եւ ենթարկվել վիրահատության: Ըստ նախարարի, ներկայումս Ասատրյանի վիճակը գնահատվում է նորմալ:

ՃԻ՞ՇՏ ՈՐՈՇՈՒՄ ԷՐ ԼՂՀ-Ն ՉՃԱՆԱՉԵԼԸ

Երեկ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի հարցին, թե ճի՞շտ վարվեց խորհրդարանը, որ քվեարկությամբ մերժեց օրակարգ մտցնել «ԼՂՀ-ն ճանաչելու մասին» օրինագիծը՝ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն ասաց. «Չեմ կարծում, որ ԱԳ նախարարի կողմից կոռեկտ է գնահատական տալ ԱԺ որոշումներին: Կարծում եմ, որ ընդունված որոշումը պետք է հարգել: Եվ այսօրվա պայմաններում, երբ ընթանում են բանակցություններ Մինսկի խմբի շրջանակներում, որոնք մենք բարձր ենք գնահատում՝ միգուցե դա ճիշտ որոշում էր»:

 

2008-05-01 20:02
 

301-Ը ՓՈԽԵՑԻ՞Ն

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը նախօրեին ընդունել է երկրի Քրեական օրենսգրքի հայտնի 301-րդ հոդվածը փոփոխությունների ենթարկելու օրինագիծը: Ինչպես փոխանցում է «Նոյյան տապանը», վկայակոչելով թուրքական «Սաբահ» օրաթերթը, օրինագիծն ընդունվել է 250 կողմ եւ 65 դեմ ձայներով: 301-րդ հոդվածում տեղ գտած «թուրքական ինքնություն» արտահայտությունը փոխարինվել է «թուրք ազգ» արտահայտությամբ: Փոփոխության ենթարկված տարբերակը 6 ամսից մինչեւ 2 տարվա ազատազրկում (նախկին 3 տարվա փոխարեն) է նախատեսում թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, Թուրքիայի Հանրապետության կառավարությանը եւ պետության դատական մարմիններին, ինչպես նաեւ զինվորական եւ անվտանգության կազմակերպություններին հրապարակավ վիրավորելու համար: Նշվում է նաեւ, որ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով գործ հարուցելու համար հետայսու պահանջվելու է Թուրքիայի արդարադատության նախարարի թույլտվությունը: Ժամանակին Թուրքիայի ՔՕ վերոհիշյալ հոդվածով հետապնդվել են «Ակոս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը, Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքը եւ մի շարք այլ թուրք մտավորականներ:

ՕԲԱՄԱՆ ՀԵՏԱՄՈՒՏ Է ՀԱՅԵՐԻՆ ՏՎԱԾ ԽՈՍՏՄԱՆԸ

ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու, Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Բարաք Օբաման խոստացել է շարունակել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: «Հրամայական է, որպեսզի մենք ճանաչենք հայ ժողովրդի դեմ իրականացված ահավոր գործողությունները՝ որպես ցեղասպանություն»,- ասված է Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ երկուշաբթի օրը Օբամայի՝ Կոնգրեսին հղած հայտարարությունում: «Անցյալ շաբաթ մենք ոգեկոչեցինք 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մոտ երկու միլիոն հայեր տեղահանվել են, տեղահանվածներից շուրջ մեկուկես միլիոնը՝ սպանվել»,- ասված է հայտարարությունում, որը տարածել են Վաշինգթոնի Հայ դատի գրասենյակից: Ընդգծելով, որ Հայոց ցեղասպանությունը փաստաթղթերով եւ պատմական բազմաթիվ ապացույցներով հաստատված փաստ է, Օբաման շարունակում է. «Ես խորապես անհանգստացած էի երկու տարի առաջ, երբ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը հետ կանչվեց հայերի զանգվածային կոտորածը նկարագրելիս «ցեղասպանություն» տերմինը օգտագործելու համար: Ես պետքարտուղար Ռայսին կոչ արեցի մանրամասն ուսումնասիրել Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշումը, որը ես անհիմն եմ համարում: Ես շարունակելու եմ հանդես գալ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին եւ հայ ժողովրդին հայտնում եմ իմ ցավակցությունները»:

 

2008-05-01 20:01
 

ՎՆԱՍՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՆՅՈՒԹԱՊԵՍ

Երեկ ՆԺԿ լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Արաբկիրի թաղապետարանը յուրօրինակ «դաստիարակչական աշխատանք» է սկսել կուսակցության վարչության անդամ Սամվել Խաչատրյանի նկատմամբ: «Բավական չէ, որ ԱԱԾ աշխատակիցները նրա բնակարանում փետրվարի 24-ին անցկացրած խուզարկության արդյունքում վարկաբեկիչ ոչինչ չգտնելով՝ առգրավել են համակարգիչն ու բջջային հեռախոսը եւ մինչ օրս չեն վերադարձրել դրանք, երեկ էլ Արաբկիրի թաղապետարանից այցելել էին պարոն Խաչատրյանին եւ հայտնել, որ հնգօրյա ժամկետում նա պետք է քանդի իր ավտոտնակը, որը, ի դեպ, օրինական է (Երեւանի քաղաքապետի որոշում՝ թիվ 1474-Ա, 01.04.08թ.): Արաբկիրի թաղապետարանի ներկայացուցիչները սպառնացել են, որ հակառակ դեպքում իրենք կքանդեն ավտոտնակը, եւ որ իրենց ոչ մի որոշում չի հետաքրքրում»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Արամ Կարապետյանի ձերբակալության օրը՝ փետրվարի 24-ին, ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ խուզարկելով կուսակցության կենտրոնական գրասենյակը եւ ոչինչ չգտնելով ՆԺԿ նախագահի դեմ, իրենց հետ տարել էին գրասենյակի բոլոր համակարգիչները՝ խոստանալով վերադարձնել մի քանի օրից: Սակայն մինչ օրս նրանք չեն կատարել իրենց խոստումը:

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԱՇՆԱԿՑԻՆԵՐԸ

Ըստ «Ա1+»-ի, երեկ կեսօրին Աշնակ գյուղի մոտ տեղի բնակիչները «Ազատություն քաղբանտարկյալներին», «Սերժիկ, հեռացիր», «Միացում» կոչերով դիմավորեցին Երեւանից ժամանած կանանց: Նրանք, մի մեծ խումբ կազմելով, երթով շարժվեցին դեպի Թալին: Ի պաշտպանություն մարտի 1-ին ձերբակալված քաղաքական գործիչների եւ ազատամարտիկների՝ կանայք իրենց հերթական ակցիան այսօր անցկացրին Թալինում: Կալանավորվածներից 6-ն այս բնակավայրից են՝ Հովհաննես Ղազարյան, Ժորա եւ Մկրտիչ Սափեյաններ, Հայկ Գեւորգյան, Արմեն Ավագյան, Լենդրուշ Տոնոյան: Տիգրան Բաղդասարյանն էլ փախուստի մեջ է:

ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԲԱՆՏՈՒՄ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ, երեկ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Ժառանգություն» խմբակցության 6 անդամների երաշխավորագրով «Այլընտրանքի» անդամ Վարդգես Գասպարիին ազատ արձակելու միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելու: Դատարանը որոշումը կհրապարակի մայիսի 14-ին նշանակված նիստում: Մինչ այդ ամբաստանյալը հայտարարեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքը սառը զենքով հարձակման է ենթարկվել, դեպքի առթիվ դիմել է հիմնարկի վարչակազմին, ինչի արդյունքում իրեն տրվել է անստորագիր եւ չկնքված մի թուղթ քրգործի հարուցումը մերժելու մասին: Դատարանի որոշմամբ, հաջորդ նիստում կհրապարակվի ՔԿՀ կատարած հարցման պատասխանը՝ արդյոք այդ հիմնարկում դեպքի առթիվ նյութեր նախապատրաստվե՞լ են: Վարդգես Գասպարին մեղադրվում է ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով՝ մարտի 1-ին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ առողջության կամ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:

Ըստ «ՆՏ»-ի

 

2008-05-01 20:01
 

ԿԱՐԱԳԸ ԿԵՂԾԵ՞Լ ԵՆ

Որոշ տնտեսվարողներ, ֆիննական սերուցքային կարագի անվան տակ, մայրաքաղաքի խանութներում իրացնում են այլ երկրի արտադրության անհայտ ծագման կարագ: Այս մասին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տեղեկացրել է Հայաստանում ֆիննական արտադրության կարագ ներմուծող «Մառնիկ» ընկերությունը եւ հանձնաժողովից խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ երեւույթը կանխելու համար: Մայրաքաղաքի խանութներում «Մառնիկ» ընկերության դիմումի հիման վրա հանձնաժողովը վարույթ է սկսել: Նշենք, որ «Մառնիկ» ընկերությունը գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող է եւ Հայաստանում կարագի իրացման ծավալներով զբաղեցնում է շուկայի 34,9%-ը:

Գ. Ս.

ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է

էլեկտրամատակարարման պայմանագրերի վերակնքման ժամկետը երկարացվել է մինչեւ այս տարվա նոյեմբերի 1-ը: Երեկ նման որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Նշենք, որ այդ պայմանագիրը պետք է կնքվի ՀՀ քաղաքացիների եւ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» միջեւ: Հանձնաժողովի որոշմամբ՝ «Հայէլցանցերի» ներկայացուցիչները պարտավոր են այցելել բնակիչներին եւ սույն պայմանագրերը կնքել:

ՄԻՐԳ ԿՈՒՆԵՆԱՆՔ

«Այս տարի պայմանները շատ նպաստավոր են կորիզավոր մրգերի եւ խաղողի համար, ոչ մի բարդ ցրտահարություններ չունենք, բացառությամբ վաղահաս դեղձի, ինչը հունվար ամսի երկարատեւ ցրտերի հետեւանք է»,- երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հարցերին ի պատասխան՝ հավաստիացրեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Նրա խոսքերով՝ ցրտահարվել են խաղողի այն այգիները, որոնք ժամանակին չեն թաղվել: Այն հիշեցմանը, թե՝ օդերեւութաբանները երաշտ են կանխատեսել, պարոն Գալստյանը պատասխանեց. «Մինչեւ այսօր եղանակային պայմաններն իդեալական են եղել: Այս տարի ջերմաստիճանն անցյալ տարիների համեմատ մի քանի աստիճանով բարձր է ու եթե առաջիկա օրերին լեռնային շրջաններում անձրեւ չգա, ապա շատ հնարավոր է, որ երաշտ լինի, սակայն այդ խնդիրը վերացնելու համար մենք ունենք ջրային պաշարներ»: Փոխնախարարի կանխատեսումներով՝ այս տարի, նախորդի համեմատ, 10-15%-ով ավելի միրգ ենք ունենալու: Ս. Գալստյանի տվյալներով՝ այս տարի աշնանը կատարվել է 103 հազար հա հացահատիկային բույսերի աշնանացան, իսկ գարնանացանը կգերազանցի 8-10 հազար հեկտարը. «Մենք կունենանք շուրջ 200-210 հա հացահատիկային մշակաբույսեր: Պետք է նշել նաեւ, որ հացահատիկային բերքի կորուստները հիմնականում գրանցվել են անորակ սերմերի պատճառով»: Նա նշեց, որ այժմ Վրաստանից մեր երկիր է ներկրվում մոտ 100 հազար տոննա եգիպտացորենի սերմ, որով կերակրվում են թռչուններն ու խոզերը:

Ա. Խ.

 

2008-05-01 20:01
 

ՑՈՒՅՑ «ACP»-Ի ԴԵՄ

Երեկ ԱԺ-ի շենքի առջեւ մի շարք հ/կ-ներ եւ բնապահպանության խնդիրներով մտահոգված քաղաքացիներ «Շահույթը՝ անհատներին, ավիրված բնությունը՝ ժողովրդին», «Պահպանել բնությունը, նշանակում է պահպանել հայրենիքը» ցուցապաստառներով բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով կասեցնել Լոռու մարզում գտնվող Թեղուտի հանքավայրի շահագործումը: Ցուցարարների խոսքերով՝ մեր կառավարությունը, առանց լրջորեն ուսումնասիրելու հանքի շահագործման ծրագիրը, հավանություն է տվել դրան՝ խախտելով 77 միջազգային եւ տեղական կոնվենցիաներ: Երեկ ցուցարարների հետ հանդիպեցին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ Թեղուտի հանքը շահագործող «ACP» ընկերության ղեկավար Գագիկ Արզումանյանը: Նախարարը ցուցարարներին «ցրելու» համար հավաստիացրեց, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է կատարվում եւ հորդորեց պատասխաններ ստանալ Գ. Արզումանյանից: Վերջինս էլ ասաց, որ իրենք ոչ մի օրենք չեն խախտել եւ նրանց կոչ արեց խնդրի շուրջ համաձայնության գալ: Նշենք, որ «ACP»-ի տվյալներով՝ ներկայումս ընթանում են պղնձամոլիբդենային կոմբինատի կառուցման աշխատանքները, իսկ բուն հանքը կշահագործվի 3-4 տարի հետո:

Ն. Բ.

ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՎՍՏԱՀ Է

Երեկ հայտարարությամբ հանդես եկած Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն անդրադարձել է «Հետմարտիմեկյան ձերբակալություններին եւ դատապարտումներին»: Ըստ հայտարարության հեղինակների, դրանց քաղաքական բնույթը ակնհայտ է: «Հանցագործ վարչախմբին կցորդ քաղաքական գործիչները փորձում են կասկածի տակ դնել այս փաստը, առաջարկելով «վաղաժամ հայտարարություններ չանել եւ սպասել դատավարությունների ավարտին»: Այս ծանոթ խոսքերը հնչում էին նաեւ «Հայ կամավորականների համախմբման» նախաձեռնողներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի նախաքննության օրերին: Նրանք ձերբակալվել էին այն բանի համար, որ «Հայ կամավորականների համախմբման» հավաքում պատրաստակամություն էին հայտնել ստանձնել 2007թ. ԱԺ ընտրությունների օրինականությունը խստորեն վերահսկելու պատասխանատվությունը»,- ասում է զորակցության կոմիտեն: Նրանք վստահ են, որ ժողովուրդը «կցուցաբերի անկոտրում կամք, կհաստատի խաթարված սահմանադրական կարգը»:

ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ արգելանքի տակ գտնվող գույքը այլ անձի անվամբ գրանցելու եւ ըստ այդմ պետությանը 16.095.000 դրամի հասնող էական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Պարզվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչության ու «Մակու» ՍՊԸ-ի միջեւ 1997թ. հուլիսի 17-ին կնքված Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի 10-րդ շենքի հասցեում գտնվող շինության սեփականաշնորհման թիվ 4730 պայմանագրով նախատեսված տարաժամկետ վճարումների գումարից նշված ընկերության կողմից 16.095.000 դրամը չմարելու, պետությանը պարտք մնալու պայմաններում ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային ստորաբաժանման հարկադիր կատարող Սամվել Սարգսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերին: Այն է՝ «Մակու» ՍՊԸ-ի անվամբ դեռեւս չսեփականաշնորհված շինությունը, կրկնաճուրդը չկայանալու հիմքով, հանձնել է քաղաքացի Կարեն Աղաջանյանին՝ ընկերության տնօրեն Արթուր Գզողյանի անձնական 1953 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Չարենցավանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Երեմ Գասոյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ դրսեւորելով անբարեխիղճ, անփույթ վերաբերմունք եւ ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունները, արգելանքի տակ գտնվող շինությունը գրանցել է Կարեն Աղաջանյանի անվամբ:

Սեփ. լր.

 

2008-05-01 20:00
 

ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆ

«Ծանոթացե՞լ եք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ապրիլի 25-ի հրապարակային արտահերթ զեկույցին, ուր, մասնավորապես, խոսք է գնում մարտի 1-ի դեպքերի ժամանակ ոստիկանության գործողությունների անիրավաչափության, ՀՀ ոստիկանության եւ գլխավոր դատախազության հաղորդագրությունների հակասությունների մասին» ՝ «Առավոտի» այս հարցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը պատասխանեց. «Ծանոթանում ենք: Կուսումնասիրենք եւ առաջիկայում անպայման կարձագանքենք»:

ԴՊՐՈՑ ՉԵՆ ԳՆԱ

Մայիսմեկյան տոնի կապակցությամբ, մայիսի 1-3-ը ներառյալ, Հայաստանի դպրոցներում եւ բուհերում պարապմունքներ չեն անցկացվի: Ինչպես «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել է ՀՀ ԿԳՆ մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը, բաց թողնված պարապմունքները կանցկացվեն կիրակի օրը, քանի որ մայիսի 4-ը հանրապետությունում աշխատանքային օր կլինի:

130 ԴՊՐՈՑ «ԹԵՍՏԱՎՈՐՎԵՑ»

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ապրիլի 29-ին հանրապետության 130 դպրոցներում «Թիմս-2008» միջազգային ստուգատեսի շրջանակներում՝ իրականացվել է թեստավորում մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաներից: Յուրաքանչյուր ընտրված դպրոցից 2-ական դասարան է «թեստավորվել»: Գ. Մանուկյանի փոխանցմամբ, «Հետազոտությունը նպատակ ունի պարզելու Հայաստանում նշված առարկաների դասավանդման ինչպես դրական կողմերը, այնպես էլ բացթողումները, աշակերտների առաջադիմության ցուցանիշները, առաջադիմության տվյալ մակարդակը պայմանավորող գործոնները եւ այլն»:

 

2008-05-01 20:00
 

ԱԿԱԴԵՄԻԿՈՍԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Երեկ ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ անվանի գիտնական եւ հասարակական գործիչ, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություն: Շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահը, ակադեմիկոսներ, ՀՀ առողջապահության փոխնախարար, ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչը եւ այլք: Նշենք, որ Վ. Հակոբյանը անդամակցում է մի շարք հայտնի միջազգային ընկերությունների՝ Անոթաբանների միջազգային քոլեջ (Նյու Յորք), Դեղագետների միջազգային ֆեդերացիա (FIP, Հագյու, Նիդեռլանդներ), Ֆարմակոլոգիայի միջազգային գիտական ընկերություն (IUPHAR, Բրյուսել), Ուղեղային արյունահոսքի եւ նյութափոխանակության միջազգային ընկերություն (ISCBFM, Բեռլին) եւ այլն: Ակադեմիկոս Վ. Հակոբյանի գիտամանկավարժական գործունեությունն արտացոլված է նրա ավելի քան 270 աշխատություններում: Վ. Հակոբյանը պարգեւատրվել է հանրապետության բարձրագույն պարգեւներով՝ «Մխիթար Հերացի», «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով, արժանացել ՀՀ նախագահի մրցանակին, «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչմանը:

Ե. Հ.

Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀԵՐԻ

Անցյալ տարի Հայոց եղեռնի օրը իսպանահայերը Մադրիդում անցկացրին միացյալ մեկ երթ: Այս տարի երթերը կայացան Մադրիդում, Բարսելոնում, Կարթագենում եւ Վալենսիայում: Կոնկրետ Վալենսիայում «Արարատ» միությունը անցկացրեց եռօրյա միջոցառումների շարք: Ապրիլի 24-ին ցուցադրվեց «Արմին Վեգներ. Ցեղասպանության լուսանկարիչը» փաստագրական ֆիլմը, այնուհետեւ կայացավ մշակութային երեկո, իսկ կիրակի օրը՝ խաղաղ երթ Վալենսիայի կենտրոնական փողոցներով: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Վալենսիա

ՊԱՏՐԱՍՏԻ ՓՈՐՁԱՆՔ

Թե քանիսն են գիշերով այս ու նման փոսերում, ավելի ճիշտ՝ դիտահորերում, ոտք ու ձեռք կոտրել կամ քանի մեքենա է ջարդվել, դժվար է ասել: Ինձ, օրինակ, հաջողվեց կես ժամում նկատել 2 մեքենայի պատուհասած ձախորդություն... Կադրեր եմ արել Պուշկինի փողոցի միջնամասում, ավելին՝ Հայաստանի փրկարար ծառայության շենքի առջեւ: Շատերը հավանաբար հիշեցին փոսի ու հիվանդանոցի հայտնի անեկդոտը (շտապօգնության մեքենաները փոսն ընկած տուժածներին իրար հետեւից հիվանդանոց են հասցնում, մեկը թե՝ եկեք փոսի կողքին հիվանդանոց սարքենք, մյուն էլ թե՝ ավելի լավ է սա փակենք ու հիվանդանոցի կողքը նոր փոս բացենք): Մեզանում արդեն ավանդույթ է դարձել՝ մի ամսում հսկայական շենք կարող են բարձրացնել՝ այն էլ էլիտար, բայց ամիսներ են պետք մի դիտահոր կամ փոս ծածկելու համար: Ի դեպ, չարաբաստիկ դիտահորի պռնկի թեքության պատճառով այն մինչեւ վերջին պահն աննկատ է մնում Մաշտոցի պողոտայից եկող մեքենաների վարորդների համար՝ ի տարբերություն հակառակ ուղղությամբ երթեւեկողների: Եվ սա միակ բաց հորը չէ, դրանից 25-30 մ հեռավորության վրա՝ Պուշկինի ու Հյուսիսային պողոտայի խաչմերուկում էլ մյուսն է:

ԱՆՈՒՇ ԱՆԱՆՅԱՆ

 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+15+7 
 Շիրակ+7-1 
 Արարատ+16+5
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news