10/03/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Ժամանակավոր «ընդվզում»
 

Ամփոփելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է. «Ծափահարելու առանձնապես պատճառներ չկան: Կարծում եմ, որ այս մեկ տարվա մեջ կարելի էր շատ ավելին անել, քան հաջողվել է», եւ ավելացրել. «Գաղտնիք չէ, որ տարբեր քաղաքական ուժեր ժողովրդավարության տակ տարբեր բաներ են հասկանում: Բնական է, որ այս տարաձայնությունները՝ ժողովրդավարության էության եւ զարգացման ուղիների մասին, կան նաեւ կոալիցիայի մեջ»: Մանրամասն պարզաբանումներ տրված չեն, բայց համատեքստից կարելի է հասկանալ, որ կոալիցիայի որոշ կուսակցություններ գտնում են, ասենք, որ մարդկանց կարելի է հետապնդել քաղաքական հայացքների համար, իսկ որոշները՝ ոչ, կամ, օրինակ, մի մասը կարծում է, որ հեռուստաընկերությունները պետք է ղեկավարել նախագահական նստավայրից, իսկ մյուս մասը վստահ է, որ չի կարելի: Եվ այլն:

Կոալիցիոն կուսակցությունների այդ «ընդվզումները» արդեն ոչ մեկին չեն զարմացնում. դրանք պարբերաբար «բռնկվում են» ամեն մի ընտրական գործընթացից առաջ եւ «մարում են» ընտրություններից հետո, երբ պետք է «համախմբվել» իշխանության թեկնածուի շուրջ: Կարճատեւ «ընդվզման» նպատակը հասկանալի է. ընտրարշավի ժամանակ «մաքրել փետուրները»՝ ընտրազանգվածի առաջ քիչ թե շատ «ճշմարտախոսի» տեսք ձեռք բերելով: Սակայն նման քննադատության անկեղծության վերաբերյալ կան խորը կասկածներ:

Խնդիրն այն է, որ կոալիցիոն կուսակցությունները (այդ թվում, իհարկե, Դաշնակցությունը), անշուշտ, ունենալով իրենց շարքերում պարկեշտ, գաղափարական մարդկանց, այնուամենայնիվ, ստիպված են որոշակի վարքագիծ որդեգրել: Այդ վարքագիծը պայմանավորված է նրանով, որ, մաս կազմելով իշխանության, այդ կուսակցությունները մխրճվել են համակարգի մեջ՝ քաղելով դրանից շոշափելի նյութական օգուտներ: Խոսքը, նախեւառաջ, «յուղոտ» (ոչ միայն նախարարի) պետական պաշտոններում հիշյալ կուսակցությունների ներկայացուցիչների «ազգանվեր աշխատանքի» մասին է, ինչպես նաեւ կուսակցականների համար՝ բիզնեսում հնարավորությունների ստեղծման մասին: Հրաժարվել այդ ամենից եւ դառնալ իրական՝ ոչ իմիտացիոն ընդդիմություն, թեկուզեւ մայրաքաղաքի մակարդակով՝ նման «սխրանքի» կոալիցիոն ուժերի ղեկավարները, ինչպես երեւում է, պատրաստ չեն: Սովոր են արդեն փափուկ եւ բարեկեցիկ կյանքին:

Արդեն իսկ ակնհայտ է, որ կոալիցիայի կուսակցություններն այս ընտրարշավի ժամանակ նույնպես թեթեւակի ընդդիմադիր խաղեր կտան, սակայն ավագանու անդամ դառնալուց հետո կրկին «կբռունցքվեն պետականամետ պլատֆորմի վրա» եւ «հանուն Երեւանի ներքին կայունության» քաղաքապետ կընտրեն ում որ պետքն է: Ուրիշ ճար չունեն:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՄԻՏՔ
 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-04-14 21:43
 

ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

ՍԴՀԿ կենտրոնական վարչության քաղաքական խորհրդատու Գուրգեն Եղիազարյանը պատասխանելով «Առավոտի» հարցին՝ «Դուք ժամանակին հայտարարեցիք, որ «ՀՀՇ-ն մարդասպանների կուսակցություն է»: Այսօր ինչպե՞ս եք համագործակցում այդ կուսակցության հետ, անհարմարության զգացողություն չունե՞ք», խոստովանեց. «Այո, ես դա ասել եմ: Ցանկացած մարդ ունենում է մի պոռթկում, որտեղ ինչ-որ մի բան է ասում: Այսօր ես ասում եմ, որ ՀՀՇ-ում պանծալի տղաներ կան, որոնց հետ եղել եմ բանտախցում: Ես լրիվ վերանայել եմ իմ դիրքորոշումը: Դա մի նախադասություն էր, որը ասվել է պահի տակ»: Հարցազրույցը՝ 

 

2009-04-14 21:42
 

ՈՉԻՆՉ ԱՎԵԼԻ ՎԱՏ ՉԳԻՏԵՆՔ, ՈՐՔԱՆ ՕՐԵՆՔԸ

«Ոչինչ մենք այնքան վատ չգիտենք, որքան որ պարտավոր ենք իմանալ. դա օրենքն է եւ օրենքի իմացությունը եւ պատասխանատվությունը օրենքի հանդեպ, հասարակության հանդեպ, դա յուրաքանչյուրիս պարտքն է՝ անկախ զբաղեցրած դիրքից, իսկ մյուս կողմից՝ ոստիկանությունը ունի որոշակի պարտավորություններ, եւ, այո, կարեւոր է, որ նախագահի ուղերձը, կոչը նաեւ ազդակ լինի եւ հետեւողականորեն կիրառվի այս մարմինների կողմից»,- ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արծվիկ Մինասյանը: Խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների կարգազանց զավակների վերաբերյալ ՀՀ նախագահի կոշտ արտահայտությունների մասին է: Կարդացեք

 

2009-04-14 21:41
 

ՍԻՐԱԽԱՂ

«Թուրքիա-Հայաստան սիրախաղ». այսպես է բնորոշել Թուրքիայի կեցվածքը Հայաստանի հանդեպ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը. «Թուրքիայի սիրախաղը պայմանավորված է Եվրամիության ու այդ երկրի միջեւ առկա վատ հարաբերություններով, նաեւ՝ ԱՄՆ կողմից Ցեղասպանության հնարավոր ճանաչման հետ: Մենք հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում ավելի շատ մեր կենսական շահերը հաշվի առնելու խնդիր ունենք, քան Արեւմուտքի կամ Հյուսիսի աչքին լավը երեւալու խնդիր»։ Կարդացեք

 

2009-04-14 21:41
 

ՀԱԿ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԶԲՈՍՆԵԼ

Երեկ Հայ ազգային կոնգրեսը դիմել է երեւանցիներին հետեւյալ կոչով. «Ահա քանի օր է, ինչ Երեւանի փողոցներում տեղի են ունենում բացահայտ ապօրինություններ։ Քաղաքի կենտրոնում ոստիկանական ստորաբաժանումները կոպտորեն խախտում են մարդկանց ազատ տեղաշարժվելու եւ Հյուսիսային պողոտայում զբոսնելու իրավունքը։ Երեկոյան ժամը 18-ից եկեք մեզ հետ զբոսնելու Հյուսիսային պողոտայում, եթե չեք ուզում, որ ամեն մի երեւանցու մարդկային արժանապատվությունը վիրավորող այս «կարգուկանոնը» հաստատվի նաեւ ձեր փողոցում եւ ամբողջ քաղաքում»։

 

2009-04-14 21:40
 

ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, ավտովթար է տեղի ունեցել Արտաշատի Օգոստոսի 23-ի եւ Աթաբեկյան փողոցների խաչմերուկում: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 16 ՕՍ 040 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու, այնուհետեւ բախվել միջին ճնշման գազատարին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք: Վարորդը՝ Արտաշատի 32-ամյա բնակիչ Հայկ Սարգսյանը, տեղում մահացել է, իսկ նույն քաղաքի բնակիչներ՝ 44-ամյա Մաքսիմ Ղուկասյանը, 53-ամյա Նազիկ Գալստյանը եւ Բուրաստան գյուղի բնակչուհի՝ 76-ամյա Օֆիկ Գալստյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Տուժածները Արտաշատի հիվանդանոցում են:

 

2009-04-14 21:40
 

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴԻՏՈՐԴՆԵՐ

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանն անհասկանալի է համարում Երեւանի ավագանու ընտրություններին ԵԱՀԿ-ի մասնագիտացած կառույցներին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր չուղարկելու՝ ԿԸՀ-ի որոշումը. «Եթե իշխանությունները հայտարարում են, որ ցանկանում են ազատ եւ արդար ընտրություններ անել, իրենք առաջին հերթին պետք է շահագրգռված լինեն, որպեսզի հնարավորինս մեծ քանակով դիտորդներ լինեն եւ հնարավորինս ճշգրիտ եւ համապատասխան գնահատական տրվի ընտրություններին: Այդ առումով ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ իշխանությունները այդ ընտրություններին հրավեր չեն հղում ամենապրոֆեսիոնալ դիտարկումը իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է պարոն Կարապետյանը:

 

2009-04-14 21:40
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Խուզարկություն

Թուրքիայի ոստիկանությունը կառավարության դեմ նախապատրաստվող հեղաշրջման կասկածանքով խուզարկել է Kanal B հեռուստաընկերության գրասենյակը:

Վերահաշվարկ

Մոլդովայի Սահմանադրական դատարանը 9 օր ժամանակ է տվել երկրի իշխանություններին, որպեսզի նրանք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկ կատարեն:

Այց

Մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն։

 

2009-04-14 21:39
 

ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է

Ապրիլի 11-12-ին եւ այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Հորադիզ, Կուրոպատկինո, Չեյլի, Էթյեմազլի, Կարմիրավան եւ Սեյսուլան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Ի դեպ, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ համաձայն 2009 թ. բանակային տարվա պատրաստության պլանի, այսօր՝ ապրիլի 13-ին Պաշտպանության բանակում մեկնարկել է օպերատիվ-մարտավարական զորավարժություն:

 

2009-04-14 21:38
 

ԽՈՒԶԱՐԿՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Շաբաթ առավոտյան Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկել են «Մարտի 1»-ի գործով հետախուզման մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ընկերոջ՝ Արամազդ Ղալամքարյանի բնակարանը: «Առավոտյան 8.30-ին դուռը թակեցին, ներկայացան, որ ոստիկանությունից են, դուռը բացեցի, եկան 6-7 հոգի: Խուզարկության իրավունք ունեին, դատարանի որոշում կար, ներկայացրեցին, կարդացի, նորմալ էր: Խուզարկություն կատարեցին, առգրավեցին, ժամանակավորապես տարան համակարգիչս, տեսախցիկը, լուսանկարչական ապարատը, սկավառակներ, տարբեր տեսակի ինֆորմացիոն կրիչներ եւ թղթեր»,- «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Ղալամքարյանը: Ըստ նրա, իր միջոցով Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները փորձում են գտնել Փաշինյանին: Ղալամքարյանին տարել են Հատուկ քննչական ծառայություն, բանավոր խոսակցությունից հետո ծանուցագիր են տվել, որպեսզի ամսի 17-ին նա ներկայանա հարցաքննության: Վերջինս տեղեկացրել է, որ հարցաքննության ներկայանալու է փաստաբանի հետ:

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից ստացված տեղեկության համաձայն, Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել նաեւ Կարո Սիմիդյանի բնակարանում, ում որդին Փաշինյանի ընկերն է: Սիմիդյանի համակարգիչը եւս առգրավվել է:

 

2009-04-14 21:37
 

Այգիներում խարույկ վառեք

Հանրապետությունում սպասվող ցրտահարության վտանգը մեղմելու եւ կանխելու նպատակով, հողագործներին խորհուրդ է տրվում պտղատու այգետարածքներում վառել տորֆի հետ խառնած թաց բուսական մնացորդներով խարույկներ, որոնց ծուխը ցրտահարությունից հնարավորինս կպաշտպանի նոր ծաղկած ծառերն ու մշակաբույսերը: Այս մասին «Արմենպրեսին» ասել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը: Աղբյուրի փոխանցմամբ, մինչեւ այսօր ցերեկը կլինի -2 -4 աստիճան ցուրտ, որն էական ազդեցություն կունենա պտղատուների աճման հետագա ընթացքի եւ հյութաշարժության վրա: Ըստ օդերեւութաբանների, սա գարնան ամենացուրտ շաբաթն է:

 

2009-04-14 21:36
 

ՀՈՐԸ ԹՄՐԱՆՅՈՒԹ ԷՐ ՏԱՐԵԼ

ԱՆ քրեակատարողական հիմնարկների մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի տեղեկացմամբ, նախորդ շաբաթ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ անվտանգության ապահովման եւ օպերատիվ բաժինների աշխատակիցները, ոստիկանության կենտրոնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հետ համատեղ, Գրիգոր Լուսավորչի փողոցի 3-րդ շենքի բակից՝ թմրամիջոցներ իրացնելու եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրանյութ նետելու կասկածանքով, բերման են ենթարկել «Այգեձոր» տաքսի ծառայությանը պատկանող ՎԱԶ 2107 մեքենայի վարորդ Վարդան Ս.-ին եւ նույն մեքենայի 15-ամյա ուղեւոր Մանուկ Ս.-ին, ով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Անրի Ս.-ի որդին է: Մեքենայի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 1 հատ սպիտակ դեղահաբ՝ B8 գրառմամբ:

 

2009-04-14 21:34
 

ՈՐ ՉԽԶՎԻ ԿԱՊԸ

Քանաքեռ-Զեյթուն համայնքի կենտրոնացված գրադարանային համալիրը (ԿԳՀ, տնօրեն՝ Գ. Ստեփանյան) արձագանքելով հանրապետությունում անցկացվող «Մանկական գրքի շաբաթին», կազմակերպել էր միջոցառում՝ «Գիրքը գիտելիքներ ամբարելու հիմնական աղբյուրն է» խորագրով: ԿԳՀ-ի կողմից կազմակերպվող միջոցառումները, հանդիպումներն անվանի մարդկանց հետ, ուսումնասիրություններն ընթերցողների նախասիրությունների, նրանց մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ, անշուշտ, նպաստում են կրթահամալիրների ուսումնադաստիարակչական աշխատանքների բարելավմանը:

Քանաքեռ-Զեյթուն համայնքի ԿԳՀ-ն ջանում է, որ չխզվի կապը գրադարանի եւ ընթերցողի միջեւ: Օրերս ԿԳՀ-ն Երեւանի լսողության խանգարումներ ունեցող հատուկ կրթահամալիրում (տնօրեն՝ Ա. Ավետիսյան) հանդիպում էր կազմակերպել արձակագիր, մանկագիր, թատերագիր ու բեմադրիչ Ռ. Մարուխյանի հետ: Իսկ Հ. Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների (դասվար՝ Ս. Վարդանյան) եւ ԿԳՀ-ի 2-րդ մասնաճյուղի համատեղ ուժերով էլ անցկացվեց Թումանյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում:

Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2009-04-14 21:33
 

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

Ապրիլի 15-17-ը «Մոսկվա» կինոթատրոնի Փոքր դահլիճում կկայանա «Արվեստանոց խաչմերուկում» հարավկովկասյան ուսանողական ֆիլմերի փառատոնը: Ցուցադրումների սկիզբը ժամը 17:00-ին, հաղորդում է «Եվրասիա» հիմնադրամի երեւանյան գրասենյակը: Այս փառատոնը Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքն է եւ «Արվեստանոց խաչմերուկում» նախագծի մի մասը: Նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակության եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի շնորհիվ: Նախագծի հեղինակները նպատակ էին դրել մասնագիտական շփումների հնարավորություն ստեղծել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի բուհերի լրագրության եւ ռեժիսուրայի ֆակուլտետների ուսանողների համար: Մեկ տարվա ընթացքում սկսնակ մասնագետները վավերագրական կինոյի արտադրության դասընթացներ են անցել, ապա աշխատել իրենց սեփական ֆիլմերի վրա: Յուրաքանչյուր ստեղծագործական խմբում ընդգրկվել են 2 տարբեր երկրներ ներկայացնող ուսանողներ:

Նախագծի իրականացմանը մասնակցել են երեք երկրների 72 ուսանողներ, ստեղծվել է 42 համատեղ ֆիլմ: Նախագծի շրջանակներում ստեղծված ֆիլմերը ցուցադրվում են Հայաստանի, Վրաստանի եւ Սդրբեջանի հեռուստաալիքներով:

 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+15+7 
 Շիրակ+7-1 
 Արարատ+16+5
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news