14/03/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Առայժմ՝ թղթե շերեփ
 

  «Եթե դու հանկարծ «ցեղասպանություն» բառն արտասանես, ես քեզնից ռազմական հրթիռ, ինքնաթիռ եւ ուղղաթիռ չեմ առնի, ինչպես նաեւ չեմ աջակցի Իրանում եւ Աֆղանստանում քո օպերացիաներին»: Ահա այդպես պարզ եւ միանշանակ է, ըստ թուրքական մամուլի, նախազգուշացնում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ նախօրոք «գրաքննելով» վերջինիս՝ ապրիլի 24-ին արտասանվելիք ճառը: Ես, օրինակ, Օբամայի տեղը լինեի, նման բացահայտ շանտաժից կվիրավորվեի. «Այս ո՞ւմ ես դու սպառնում, սիրելի Ահմեդ,- կասեի,- հիմա հենց քեզ ինադու «ցեղասպանություն» կասեմ, իսկ ինքնաթիռ-ուղղաթիռներիս համար ուրիշ մուշտարի կճարեմ, տարածաշրջանում էլ առանց քո օժանդակության իմ պատերազմները կվարեմ»: Բայց դա, իհարկե, լուրջ քաղաքական մոտեցում չէ: Եթե իմ ուշքն ու միտքը զենք ծախելն է ու այլ պետություններ «հպատակեցնելը», ապա ես չպիտի նեղվեմ, երբ իմ բիզնես (կամ, որը նույնն է՝ «ռազմավարական») գործընկերը ինձնից պահանջում է իր մութ անցյալի առավել ամոթալի էջերը չհիշել: Մի կողմից՝ «նաղդ» փող է եւ «նաղդ» շահեր, մյուս կողմից՝ 95 տարի առաջ տեղի ունեցած ցավալի մի պատմություն, որի մասին հիշելը զուտ բարոյական նշանակություն ունի (կարծում եմ՝ ամերիկացիներին այդպես է թվում): Ավելին՝ եթե ես հանուն իմ «ռազմավարական շահերի» տարբեր երկրներում մարդ եմ սպանում, ապա ինչո՞ւ պետք է ես «ըմբռնումով» չմոտենամ երիտթուրքերի իրականացրած ցեղասպանությանը: Ի՞նչ տարբերություն՝ վերոհիշյալ շահերը քանի մարդու սպանություն են պահանջում՝ հազա՞ր, թե՞ միլիոն: Միացյալ Նահանգները Շվեդիա չէ: Վերջինս կարող է իրեն «շքեղություն» թույլ տալ՝ ղեկավարվել ինչ-ինչ արժեքներով եւ ճանաչել Ցեղասպանությունը (ինչը եւ արեց երեկ), որովհետեւ խնդիր չունի ոչ Թուրքիային ինքնաթիռ վաճառելու, ոչ էլ այս տարածաշրջանում ռազմական օպերացիաներ իրականացնելու:

Մեր հարեւանների՝ Վաշինգտոնին ներկայացրած կոշտ, շանտաժային պահանջները վկայում են մի քանի բանի մասին. 1/ նրանք որեւէ մտադրություն չունեն թեկուզ թեթեւակի քննադատական հայացք գցել իրենց անցյալի վրա, 2/ նրանք բավականաչափ ռեսուրսներ ունեն՝ դիմակայելու ԱՄՆ-ի ցանկացած ճնշմանը, եւ դեռ մի բան էլ իրենք են կարող ամերիկացիներին ճնշել, 3/ նրանք շատ լավ էլ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել 95 տարի առաջ, եւ ավելորդ են համարում բովանդակային փաստարկներ բերելը, այլ պարզապես ձգտում են «ուժային եղանակներով» կանխել «ցեղասպանություն» բառը:

Մենք՝ հայերս, կարող ենք միայն կոչեր անել՝ պատմական արդարության, համամարդկային արժեքները հարգելու եւ այլն: Առաջին հայացքից թվում է, որ մեր ձեռքին եղածը դասական «թղթե շերեփ» է՝ ինքնաթիռ-հրթիռների հետ համեմատած: Սակայն ես վստահ եմ, որ մեր այդ «բարոյական» խաղաքարտերը կարող են ավելի զորեղ լինել: Դրա համար անհրաժեշտ է ապացուցել, որ մենք ի վիճակի ենք պետություն ստեղծել, որը առաջնորդվում է այդ նույն արդարությամբ եւ նույն արժեքներով: Այդ պահը, մեղմ ասած, հեռու է:

 

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՄԻՏՔ
 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010-03-12 18:50
 

ԴԵՌ ՉԵՆ ՄՈՌԱՑԵԼ, ԹԵ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՆՉՊԵՍ ԷՐ 10 ՏԱՐԻ ԽԱԲՈՒՄ

Երեկ ասուլիսում անդրադառնալով այն փաստին, որ Ռոբերտ Քոչարյանը մարտի 9-ին Փարիզում հանդիպել է Ժակ Շիրակին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Որքան էլ թաքցվի կամ հերքվի այն փաստը, որ նրա կողմից փորձ է արվում վերադառնալ քաղաքականություն՝ միեւնույն է, դա իրականությունը չէ: Ռոբերտ Քոչարյանն ունի այդպիսի ցանկություն: Բայց ես գրեթե վստահ եմ, որ նրան դա չի հաջողվի: Նա ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին լուրջ աջակցություն չի ունենա այդ գործընթացում: Աշխարհը չի մոռացել, թե ինչպես է նա 10 տարի խաբելով ման եկել, խոստումներ տվել եւ ոչինչ չի կատարել: Աշխարհը հիշում է, թե նա ինչպես հանձնեց իշխանությունը»: Ըստ նրա՝ սրանք ոչ թե իր գնահատականներն են, այլ արտերկրի շատ հեղինակավոր անձանց, որոնց անունները չհրապարակեց:

Կարդացեք նաեւ՝

 

2010-03-12 18:49
 

ՍԱԴԱԹ, ՌԱԲԻՆ... Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ

«Արդեն իսկ կա մանրամասն լուծում (Ղարաբաղի հարցի –խմբ.), շատ-շատ մեծ անելիքներ չեն մնացել, եւ ավելի շատ խնդիրը քաղաքական մակարդակի է: Պետք է հասկանալ, որ լուծումը կարեւոր է, եւ պետք է լինել պատրաստ ներպետական սպասվող բանավեճին: Մենք գիտենք նմանատիպ այլ գործընթացներից, որ երբեմն, թերեւս, շատ փոքր ինչ-որ խմբեր կարող են շատ կատաղի պայքարել լուծման դեմ ելնելով՝ տարբեր դրդապատճառներից, եւ ծայրահեղացնեն: Հիշենք՝ ինչ տեղի ունեցավ Ռաբինի հետ, երբ Իսրայելը եւ Եգիպտոսն էին խաղաղության գործընթաց նախաձեռնել, եւ գիտեք նախագահ Սադաթի հետ ինչ պատահեց: Սա պետք է հասկանալ, նախագահները երբեմն այս հարցի մասին մտածում են»,- երեկ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի «Ռոուզ Ռոութ» սեմինարի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ-ում Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող Գորան Լենմարկերը:

Կարդացեք

 

2010-03-12 18:49
 

ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵ՞Զ

ԱՄՆ-ը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճանապարհային քարտեզ է մշակում: Այդ մասին «ԱրմԻնֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքական «Արդարություն եւ զարգացում» կառավարող կուսակցության անդամ Սուաթ Քինիքլիօղլուն: «Ինչպես գիտեք, Թուրքիան Ղարաբաղի հետ կապված պայմաններ է առաջ քաշել, եւ մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ի կողմից ներկայացվելիք ճանապարհային քարտեզը կյանքի կկոչվի: Այդ դեպքում, համոզված եմ, ճանապարհային քարտեզը, որին սատարել են Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները, թույլ կտա թուրքական կողմին առաջ շարժվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- նշել է թուրք խորհրդարանականը:

 

2010-03-12 18:49
 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵՑ

Մարտի 11-ին ՀՀ կառավարությունը մերժել է ՀՅԴ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը՝ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի ասելով, օրինագծում ներկայացված էր երեք մոտեցում՝ անվավեր ճանաչել միջազգային պայմանագիրը, քանի դեռ այն ուժի մեջ չի մտել, ԱԺ-ին օժտել իր վերապահումները արձանագրել միջազգային պայմանագրում արձանագրելու լիազորությամբ, եւ մինչեւ այն ուժի մեջ մտնելը՝ դադարեցնել ստորագրման ընթացակարգը, եւ սահմանել այն դեպքերն ու հիմնավորումները, որոնց հիման վրա կարելի լինի դադարեցնել ստորագրման ընթացակարգը կամ կիրառել վերապահումներ:

 

2010-03-12 18:49
 

ՄԵՐԺԵՑ՝ ԱՌԱՆՑ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

Երեկ ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագծերի փաթեթը, որը վերաբերել է ՀՀ քրեական եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելուն: Դրանցով առաջարկվում էր դատական սանկցիաներ կիրառել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու եւ այլնի համար: Գործադիրը փաթեթի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի մատնանշել:

 

2010-03-12 18:47
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Փառատոն Սլովենիայում

Սլովենիայում անցկացվում է «Հայաստան. մոտիկ եւ հեռու...» մշակութային փառատոնը: Փառատոնը բացվել է Սլովենիայի նախագահի, առաջին տիկնոջ եւ մշակույթի նախարարի ներկայությամբ:

Ֆիլմ Բեռլինում

Բեռլինի «Գերմանիայի պատմական թանգարանի» կինոդահլիճում տեղի է ունեցել «Մոխիրն ու փյունիկը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը:

Զեկույց Նիկոսիայում

Մարտի 13-ին Նիկոսիայի Հայոց առաջնորդարանում Հայկ Դեմոյանը կներկայացնի «Ցեղասպանության թանգարանը եւ հայ-թուրքական արձանագրությունները» խորագրով զեկույցը:

 

2010-03-12 18:47
 

ՄԱՍԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԵՑ

ՀՀ կառավարությունը երեկ մասամբ ընդունելի է համարել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների՝ ՀՀ քաղաքացիական, ՀՀ քրեական, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու առաջարկ պարունակող օրինագծերի փաթեթը: Դրա ընդունումը, փաստաթղթի հեղինակների համոզմամբ, նպատակ ունի կարգավորել խոսքի ազատության չարաշահման հետ կապված հասարակական հարաբերությունները: Այս առնչությամբ կառավարությունը մի շարք առաջարկություններ է ներկայացրել, որոնց ընդունման դեպքում օրենքի նախագծերը ընդունելի կհամարի:

 

2010-03-12 18:47
 

ՍՈՒՐԽՈՒԴՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական բաժնում դադարեցվել է բնապահպան Մարիամ Սուրխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը: Մարիամը, որը մեղադրվում է թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լ. Ավագյանի բարի համբավը արատավորող տեղեկություններ տարածելու համար, փաստորեն, ճիշտ դուրս եկավ: Նախաքննական մարմինը հարուցել է քրեական գործ Լ. Ավագյանի նկատմամբ՝ անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար:

 

2010-03-12 18:47
 

ՈՒՐԲԱԹՕՐՅԱ ԵՐԹ

Այսօր ՀԱԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչները հերթական ուրբաթօրյա բողոքի երթ են անցկացնելու ավանդական՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: «2010թ. մարտի 9-ին ՀՀ վերաքննիչ դատարանը կատարեց իշխանությունների հերթական պատվերը՝ Նիկոլ Փաշինյանին դատապարտեց երեքուկես տարվա ազատազրկման: Նիկոլի, ինչպես եւ մյուս քաղբանտարկյալների նկատմամբ շարունակվող այս քաղաքականությամբ իշխանություններն ապացուցում են իրենց խուճապի մեջ գտնվելու փաստը, փորձում ճորտացնել մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս»,- երեկ այսպիսի հայտարարություն են տարածել ՀԱԿ-ի երիտասարդները՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին միանալ «հանուն ազատության, հանուն Հայաստանի» իրենց պայքարին:

 

2010-03-12 18:46
 

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ  ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԱԿ գրասենյակներում ամբողջ թափով ընթանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից գազի սակագնի բարձրացման դեմ դատարան դիմելու հայցին քաղաքացիների միանալու գործընթացը: Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը news.am-ի հետ զրույցում նշել է, որ Կոնգրեսն իր առջեւ որպես նշաձող դրել է մոտ հազար համահայցվորներով դատարան դիմելու նպատակ, սակայն ցանկացողները շատ ավելին են: Մուսինյանը նշել է, որ համահայցվորների ստորագրահավաքը շարունակվում է, ու առաջիկա օրերին պարզ կլինի, թե որքան մարդ է միացել Կոնգրեսի պահանջին:

 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news