15/03/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Հայկական թեստ
 

Պե՞տք է, արդյոք, բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, թե՞ ոչ, այս հարցում, կարծում եմ, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը համակարծիք է: Այո, պետք է: Բանավեճը, ըստ էության, հետեւյալ խնդրի մասին է. ի՞նչ զիջումների է հնարավոր գնալ՝ այդ բարի նպատակին հասնելու համար: Այդ հարցի պատասխանը մեր ԱԳ նախարարությունը չի տալիս, եւ նման պայմաններում պարարտ հող է ստեղծվում թե՛ անկեղծ մտահոգությունների եւ թե՛ շահարկումների համար: Իմ անձնական տպավորությամբ, սակայն, գլխավոր խնդիրը ոչ թե մեր չափից դուրս զիջողական լինելու մեջ է (թե որքանով ենք մենք «փափուկ» կամ «կարծր», հայտնի չէ՝ «դիվանագիտական գաղտնիք» է), այլ՝ թուրքերի անզիջողականության մեջ: Եթե Էրդողանը 4 անգամ հայտարարում է, որ մեր հարաբերությունները կկարգավորվեն միայն Ղարաբաղի հարցի լուծումից հետո, ապա ես (ընդունելով, որ շատ հեռու եմ դիվանագիտությունից) կարծում եմ, որ դրանով խոսակցությունն ավարտված է: Այսինքն՝ ի՞նչ իմաստ ունի բանակցել մի խնդրի շուրջ, որի լուծումն ամբողջությամբ պայմանավորված է մեկ այլ խնդրով: Ենթադրենք, հայ-թուրքական պայմանագրում կամ դրան նախորդող «ճանապարհային քարտեզում» խիստ հայանպաստ դրույթներ են գրված, բայց չէ՞ որ այդ դրույթները, ըստ թուրքական կողմի, միեւնույն է, կյանքի չեն կոչվի մինչեւ ղարաբաղյան խնդրի լուծումը: Էլ ինչի՞ համար ենք մենք քննարկում այդ (մեզ համար անհայտ, ենթադրական) դրույթների «հայանպաստ» կամ «թուրքանպաստ» լինելը, եթե դրանք անիրագործելի են: Իսկ եթե իրագործելի են, ուրեմն մեր իշխանությունները անկեղծ չեն՝ օրը 20 անգամ կրկնելով «առանց նախապայմանների» հանգերգը:

Այս իմաստով Դաշնակցության դժգոհության մեջ տրամաբանություն կա: Այս վերջին զարգացումներից հետո, մնալով իշխող կոալիցիայի մեջ, այդ քաղաքական ուժը կկորցներ իր վերջին անկեղծ կողմնակիցներին՝ պահպանելով, բնականաբար, «կերակրատաշտին» ձգտող պատեհապաշտներին: «Դարավոր ոսոխի» եւ «արյան ծովի» գաղափարախոսությունը դավանող կուսակցությունը չէր կարող մնալ մի իշխանության մեջ, որի գործողությունները տագնապ են առաջացնում նույնիսկ ոչ ազգայնական շրջանակներում: Ոմանք ասում են, որ ՀՅԴ-ն, դուրս գալով կոալիցիայից, դարձյալ շարունակում է իր իշխանական խաղերը: Բացառված չէ: Այդ ամենը պարզ կդառնա մոտակա ամիսներին, եւ որոշիչը ոչ միայն Երեւանի ավագանու ընտրություններն են լինելու: Հայաստանում շատ ավելի էական «թեստեր» կան: Եթե մոտ ժամանակներս սկսեն «խորացած կերպով» ստուգել «դաշնակցականամերձ» գործարարների հարկային պարտավորությունները, կամ եթե Ամալյանի հանձնաժողովը «Երկիր մեդիայում» հայտնաբերի «լուրջ խախտումներ», ուրեմն ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալը խաղ չէ: Հակառակ դեպքում՝ խաղ է:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՄԻՏՔ
 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-04-28 22:30
 

ԿՈԱԼԻՑԻՈՆ ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԻՐԱՐ ՄԱՍԻՆ

ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ հայտարարեց, թե ՀՅԴ-ի համար «Հայ-թուրքական հարաբերություններն ավելի շատ առիթ են, քան սկզբունքային պատճառ»: Նաեւ նշեց, թե ուզում է փարատել նրանց մտահոգությունները՝ Թուրքիայի հետ հարաբերություններում իրենք չեն կրկնելու 20-րդ դարասկզբի ՀՅԴ-ի եւ թուրքական կառավարող կուսակցության միջեւ համագործակցության սխալները: Այս ամենին ի պատասխան՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երեկ եթերից վիրավորանքներ հնչեցրեց Աշոտյանի հասցեին: Վերջինս «Առավոտին» ասաց. «Մինչ այժմ հայ քաղաքական գործիչների գնահատականներին վիրավորանքներով պատասխանելը առավել հատուկ էր Հայաստանի հետ թշնամական հարաբերություններ ունեցող երկրների գործիչներին: Եթե չիմանայի, որ այս գնահատականները տվել է մտավորականի կերպ կերտած Վահան Հովհաննիսյանը՝ կմտածեի, թե պատասխանում է ինձ շատ ատող անձ: Մակարդակի եւ տգիտության հետ կապված գնահատականները թողնում եմ ԱԺ իմ գործընկերոջ խղճին եւ բարեկրթությանը»:Կարդացեք նաեւ՝

 

2009-04-28 22:30
 

ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ԻՐԱԶԵԿՄԱՆԸ

Երեկ ՀՀ ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ի՝ նախընտրական քարոզչության շրջանակներում երեւանցիների հետ նախատեսված հանդիպումների մասին իրազեկող թռուցիկների բաժանմանը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը տեղի ունեցածը որակեց որպես իշխանությունների կողմից հրահանգված հերթական ապօրինություն:

 

2009-04-28 22:29
 

ՔԼԻՆԹՈՆԸ ՉԳԻՏԻ՝ ԱՍՏՎԱԾ ԳԻՏԻ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ Երեւանում, համանախագահների տարածաշրջանային այցի ավարտին հրավիրած ասուլիսում մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման ժամկետների վերաբերյալ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, նշեց. «Իմ ղեկավարը ասել է, թե կարգավորմանը կարելի է հասնել առաջիկա ամիսների ընթացքում, եւ դա լիովին հնարավոր է։ Կամ Աստված գիտե, կամ նախագահները, կամ էլ ժողովուրդները, բայց մենք չենք կարող կանխատեսել, քանի որ չգիտենք։ Բայց կարգավորումը մի քանի ամսվա ընթացքում՝ իրատեսական է»։ Համանախագահները նաեւ հաստատեցին, որ նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-ին Պրահայում:

 

2009-04-28 22:29
 

ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԽԱ՞Ղ Է

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ ԱԺ-ում լրագրողներին ասել է. «Եթե այսքան ժամանակ ճանապարհը փակ է եղել ու հիմա առանց նախապայմանների հնարավոր է, որ ճանապարհը բացվի, ուրեմն մենք պետք է համաձայնենք: Բայց ես ձեզ ասում եմ՝ սա խաղ է, լրիվ ճանապարհը Թուրքիան չի բացելու»: Հարցին՝ «Եթե ասում եք, որ սա խաղ է, ինչո՞ւ է Հայաստանը ներքաշվում այդ խաղի մեջ», պրն Ծառուկյանն այսպես է արձագանքել. «Սա ի օգուտ մեզ է. եթե մենք այդ հարցին անդրադառնանք առանց նախապայմանների, ապա մենք ոչինչ չենք կորցնում»:

 

2009-04-28 22:29
 

ԱԺ-Ն ԿՔՆՆԱՐԿԻ՞ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ

Երեկ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգը քննարկելիս «Ժառանգության» պատգամավորները հրատապ համարելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա զարգացումների վերաբերյալ քննարկումների անհրաժեշտությունը՝ դիմեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որ այդ հարցը ներառվի օրակարգում: Հովիկ Աբրահամյանն առաջարկեց հարցը քննարկել խմբակցությունների հետ եւ որոշել դրան անդրադառնալու օրն ու ձեւը. «Անպայման առիթը բաց չեմ թողնելու, որ այդ կարեւոր առիթը մեր երկրի, պետության, ժողովրդի համար մենք բոլորս միասին քննարկենք եւ մեր առաջարկությունները, տեսակետները հայտնենք: Ոչ մեկը չդրսեւորի, թե ինքը ավելի շատ է Հայաստանի, ժողովրդի, պետության մասին մտածում, քան թե յուրաքանչյուր պատգամավոր կամ թե յուրաքանչյուր քաղաքացի»:

 

2009-04-28 22:29
 

ԴԵՍՊԱՆԻ ԱՆՈՒՆՆ Է՞Լ Է ՀԱՅՏՆԻ

«Tert.am»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazeteport թերթը, փոխանցում է, որ արդեն հայտնի է դարձել այն դիվանագետի անունը, որը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո դառնալու է պատմության մեջ Հայաստանում Թուրքիայի հավատարմագրված առաջին դեսպանը: Դա, ըստ աղբյուրի, լինելու է Էրթան Թեզգորը, որը համատեղելու է Վրաստանում եւ Հայաստանում Թուրքիայի դեսպանի պաշտոնը:

 

2009-04-28 22:29
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Ռազմական ներկայություն

Յուրի Մերզլյակովը հերքել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված՝ ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայությունը դադարեցնելու վերաբերյալ կարծիքը:

Ստորագրահավաք

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի ծննդավայր Կեսարիայում հավաքվել է մոտ 250 հազար ստորագրություն՝ ընդդեմ հայ-թուրքական սահմանի բացման:

Նամակ

Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչները վարչապետ Գորդոն Բրաունին են փոխանցել Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջով նամակ:

 

2009-04-28 22:28
 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ

Ապրիլի 28-30-ը Լեհաստան կմեկնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Ըստ ՕԵԿ մամուլի ծառայության, քրիստոնեա-ժողովրդավարական ինտերնացիոնալի նախագահ Պիեր Ֆերդինանդո Կազինիի հրավերով ինտերնացիոնալի անդամ ՕԵԿ պատվիրակությունը մասնակցելու է միության նիստին: Պատվիրակությունը մասնակցելու է նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) Կոնգրեսին: Նախատեսվում են հանդիպումներ Լեհաստանի եւ եվրոպական տարբեր երկրների ժողովրդական կուսակցությունների ղեկավարների հետ: Արթուր Բաղդասարյանը կհանդիպի նաեւ Լեհաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Շիգլոյի հետ:

 

2009-04-28 22:28
 

ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է

«Քաղաքականությունը չունի կոմպլեքսներ։ Ելնելով քաղաքական իրավիճակից՝ քաղաքական ուժերը կարող են միավորվել եւ անջատվել»,- երեկ «Հայելի» ակումբում ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ չբացառելով իր ղեկավարած կուսակցության եւ ՀՅԴ-ի համագործակցությունը: Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին՝ Կարապետյանը կարծիք հայտնեց, որ «Հանրապետականը կհաղթի, իսկ երկրորդ տեղի համար ԲՀԿ-ն պայքար կմղի ՀԱԿ-ի դեմ»: Բանախոսը կարծում է, որ նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի էլեկտորատը նվազել է՝ «եթե ոչ 10, ապա 5 անգամ»: Բացի այդ, նրա կարծիքով, կոալիցիայից դուրս գալուց հետո հնարավոր է, որ ՀԱԿ-ի համակիրների մի մասը անցնի Դաշնակցության կողմը:

 

2009-04-28 22:28
 

ԱՎԱՆԴԱԿԱՆՆԵՐԸ՝ ԱՎԱՆԴԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

Ռամկավար-Ազատական կուսակցության նախագահ Հարություն Առաքելյանը «7 օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալու որոշումը՝ ասել է. «Ողջունելի է, որ Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք ունակ են քաղաքական որոշումներ կայացնելու։ Որպես ավանդական կուսակցություն՝ այս քայլը լրիվ համապատասխանում է իրենց ոճին, իրենց պատմությանը։ Եթե կուսակցությունը իշխանության մեջ չէ, ինքնըստինքյան ընդդիմություն է: Դաշնակցությունն այդ առումով խնդիր չունի որեւէ մեկին միանալու»: Իսկ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այս առիթով ասել է. «Ես ցավ կապրեի, եթե ավանդական կուսակցությունն այս պահին սկզբունքային դիրքորոշում չունենար: Շատ ուրախ եմ, որ ՀՅԴ-ն փրկում է իր դեմքը»: ՀԱԿ-ի հետ հնարավոր համագործակցությունները չբացառելով՝ տիկին Սարգսյանն, այնուհանդերձ, կարծում է, որ՝ «ՀՅԴ-ն առանձին ընդդիմություն կփորձի դառնալ»:

 

2009-04-28 22:27
 

ԱՌԵՎՏՐԻ ԱՌԱՐԿԱ ՉԷ

«Ես չեմ ուզում, որ մենք կասկածենք, որ Հայաստանի կառավարությունը անկեղծ էր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մեջ: Բայց այդ կամքի դրսեւորումից մինչ օրս իրավիճակն այնքան է փոխվել, այնքան շատ նախապայմաններ են առաջ քաշվել, որ ամբողջ գործընթացը անորոշության մեջ է: Սրա ամենաթարմ դրսեւորումը ցեղասպանության տարելիցից ընդամենը երկու օր առաջ երկու երկրների արտգործնախարարությունների համատեղ հայտարարությունն էր: Եթե ապրիլի 24-ի նախօրեին նման հայտարարությունը պարզապես պատահականություն է, ապա սա վկայում է, որ մեր իշխանություններն անտարբեր են մեր համընդհանուր զգացմունքների հանդեպ: Սա անհասկանալի է: Բայց եթե սա արվել է միտումնավոր, ինչ-որ մեկի առաջարկով կամ գուցե պնդմամբ, դրա փոխարեն ինչ-որ բանի ակնկալիքով, դա նշանակում է, որ մենք ցեղասպանության ճանաչման խնդիրն առեւտրի առարկա ենք դարձրել: Սա արդեն ոչ թե անհասկանալի է, այլ անընդունելի»,- ապրիլի 24-ին ելույթ ունենալով Բեյրութում՝ հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

 

2009-04-28 22:27
 

ՀԵՌԱՑԵՔ «ԲԻՐԻՔՈՎ»

«Սերժ Սարգսյանը պետք է հեռացվի իշխանությունից՝ նախքան թուրքերի հետ «հաշտվելու» նրա մոլագարությունը կհատի անդառնալիի սահմանը: Նրա հետ միասին քաղաքական դաշտից պետք է սրբվեն հհշ-ածին եւ հհշ-ամետ բոլոր գործիչներն ու ուժերը»,- երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնության նախկին քարտուղար Արմեն Աղայանը՝ ավելացնելով. «Թրքամետության առումով Սերժ Սարգսյանը իր ուսուցիչ Տեր-Պետրոսյանի արժանի աշակերտն է եւ առանձին դեպքերում նույնիսկ գերազանցում է նրան: Մյուս կողմից՝ նախկին նախագահը անպիտան գործիք է հհշ-ական վարչախմբի ներկայիս ղեկավարի դեմ: Ավելին, պարզ տրամաբանությունը հուշում է, որ նա կնախընտրի սպասել, մինչեւ Սերժ Սարգսյանը ավարտի իր սեւ գործը, կամ էլ, եթե ստիպված լինի ստանձնել իշխանությունը, ինքը կավարտի այն՝ մեղքը գցելով նախկինում թույլ տրված սխալների վրա: Ուստի Սերժ Սարգսյանը պետք է հեռացվի իշխանությունից, սակայն զուգահեռաբար կամ անմիջապես դրանից հետո պետք է կանխվի նաեւ Տեր-Պետրոսյանի՝ իշխանությանը տիրանալը»:

 

2009-04-28 22:26
 

ԱՂՔԱՏՆԵՐԻ ԼԻՄԻՏԸ ԿԱՎԵԼԱՑՆԵՆ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) որոշել է աշխարհի ամենաաղքատ երկրների համար կրկնապատկել փոխառությունների լիմիտը: Այդ աղքատ երկրների շարքին են դասվում ԱՊՀ պետությունները:

Ըստ ԱՄՀ-ի, այս որոշումը կնպաստի, որպեսզի աղքատ երկրները հնարավորինս հաղթահարեն ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները: Հիմնադրամից կօգտվեն այն երկրները, որոնք, ըստ ԱՄՀ կանոնների, իրավունք ունեն մասնակցել չքավորության դեմ պայքարի եւ հաստատուն տնտեսական աճի համար պայմանների ստեղծման ծրագրերին: ԱՄՀ-ի տեղեկացմամբ, նախորդ տարվա օգոստոսի դրությամբ, նման իրավունք ուներ 78 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը:

 

2009-04-28 22:25
 

5-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՆ ԿՈՐԵԼ Է

Ապրիլի 24-ի երեկոյան Կոտայքի մարզի Սարալանջ գյուղին հարակից հանդամասում կորել է 5-ամյա Ռոմիկ Հակոբյանը: Երեխան չի հայտնաբերվել:

 

2009-04-28 22:25
 

ԱՐՎԵՍՏԱՆՈՑԻ ԴԵՄ

ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ տեղեկացրին, որ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրգործ՝ «Գուգարք արվեստանոց» ՓԲԸ նախկին տնօրենի դեմ: Այս տարվա փետրվարի 12-ին ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության կողմից ստուգումների արդյունքում 32 մլն դրամի պակասորդ է հայտնաբերվել:

 

2009-04-28 22:25
 

ՄԱՀԱՑԵԼ Է

Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, Երեւանի Եղբայրության թիվ 16 հասցեում բնակելի շենքի շինարարություն իրականացնող «Ինտերկապալ» ՍՊԸ-ի ինժեներ Ա. Սեդրակյանից ահազանգ է ստացվել, որ բանվորներից մեկն ընկել է փոսը: Դեպքի վայր մեկնած փրկարարները փոսից դուրս են բերել Կոտայքի մարզի Չարենցավանի բնակիչ՝ 30-ամյա Կարեն Պողոսյանի դին:

 

2009-04-28 22:25
 

ՀՐԴԵՀ՝ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

2 օր առաջ հրդեհ էր բռնկվել Երեւանի Սվաճյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Մալաթիա» տոնավաճառի հարեւանությամբ՝ առեւտրի կրպակում: Այրվել է Գ. Բադալյանին պատկանող կրպակը՝ իր գույքով;

 

2009-04-28 22:24
 

ԶՈՀՎԵԼ ԵՆ

Դեռեւս չպարզված հանգամանքներում, «Բիոն» տաքսի ծառայությանը պատկանող «Ֆոլքսվագեն-Ջետտա» մակնիշի Տ6203 պ/հ ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհից դուրս է եկել հանդիպակաց գոտի, մտել դաշտամիջյան հատված ու շրջվել: Ուղեւորներից մեկը՝ Տաշիրի Պուշկինի փողոցի թիվ 10 տան բնակչուհի՝ 58-ամյա Վալենտինա Գլազովան տեղում զոհվել է: Վարորդը՝ 31-ամյա Ա. Թովմասյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի հիվանդանոց, մյուս ուղեւորը՝ Վ. Գլազովը, հրաժարվել է բուժօգնությունից:

Դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 63ՕՕ091 պ/հ եւ «ՎԱԶ-2109» մակնիշի 13ՍԼ581 պ/հ ավտոմեքենաները: Դրա հետեւանքով «ՎԱԶ-2109» ավտոմեքենայի վարորդ Սասուն Սարգսյանը տեղում զոհվել է, իսկ ավտոմեքենաներում գտնվող 4 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի հիվանդանոց:

 

2009-04-28 22:24
 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԱՅՐՎԵԼ Է

Երեկ, ժամը 00.11-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Խանջյան փողոցի սկզբնամասում:

Այրվել է Մ. Վարժապետյանին պատկանող «ԳԱԶ 3110» մակնիշի 26 ԼՕ 422 պ/հ ավտոմեքենայի առաջամասը եւ սրահը՝ ամբողջությամբ:

 

2009-04-28 22:24
 

Ո՞Վ Է ՌՈՒԴՈԼՖԸ

Երեկ «Առավոտին» են դիմել մայրաքաղաքի, Աբովյանի, Գյումրիի եւ Վանաձորի ազատազրկման վայրերի կալանավորները, ովքեր հնարավորություն ունեն դիտելու «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» հեռուստասերիալը: Նրանք խնդրում են արագորեն բացահայտել «սերիալային քրեական հեղինակության»՝ Ռուդոլֆի ինքնությունը, քանի որ մտահոգված են, թե առաջիկայում խցերում հնարավոր խուզարկությունների արդյունքում կհավաքվեն իրենց հեռուստացույցները, եւ իրենք կզրկվեն սերիալը դիտելուց: Տեղեկացանք նաեւ, որ Ռուդոլֆի՝ ով լինելու կապակցությամբ կալանավորները գրազ են եկել հեռախոսի լիցքավորման քարտերի վրա:

Ա. Գ.

 

2009-04-28 22:24
 

ՔՆՆԻՉՆ ԱՅՑԵԼԵԼ Է

Երեկ «Առավոտն» ահազանգ ստացավ, որ ապրիլի 17-ին Մյասնիկյան փողոցում (Կենդանաբանական այգու մոտ) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով 4 տուժածներ հայտնվել են հիվանդանոցում, եւ նրանց քննիչը չի այցելել: Ի դեպ, ոստիկանության պաշտոնական ամփոփագրում այդ պատահարի մասին ոչինչ չկար: Մեր որոնումների արդյունքում պարզվեց, որ նշված օրը, ժ. 22.40-ի սահմաններում, Կարեն Մկրտչյանի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային է բախվել անհայտ մի մեքենա: Վերջինիս վարորդը դիմել է փախուստի, իսկ վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց են տեղափոխվել Կարենի կինը՝ Մարիան, նրա երեխաները՝ 4-ամյա Գարիկը, 8-ամյա Արմենը, 10-ամյա Ակիմը:

ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից երեկ տեղեկացրին, որ նախաքննություն է ընթանում: Քննիչ Աշոտ Ասատուրյանն այցելել է Կարենին: Պատահարի առաջին օրը Մարիան եւ երեխաներն ի վիճակի չեն եղել հայտարարություն տալու:

Ռ. Մ.

 

2009-04-28 22:24
 

ԿԱՎՃՈՒՏԸ՝ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԵՋ

«Առավոտը» տեղեկացրել է, որ ապրիլի 22-ին, Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Ողջի գետի Գեղի վտակի հորդացման եւ միաժամանակ Գեղի գյուղական համայնքի տարածքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ջրահեռացման թունելում տեղի ունեցած վթարի հետեւանքով՝ ջրի մեծ հոսք էր առաջացել եւ փլվել էր Լեռնաձոր գյուղական համայնքում գտնվող Կավճուտ բնակավայրի անմխիթար եւ վթարային վիճակում գտնվող երկու կամուրջ: Ջրի տակ են մնացել նաեւ հողատարածքներ, գյուղացիների մշակած այգիներն ու բանջարանոցները:

Կավճուտը առայսօր զրկված է արտաքին աշխարհի հետ կապից: Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանի խոսքով, կոմբինատը կվերականգնի պատճառած վնասը ու նաեւ ամենասեղմ ժամանակահատվածում կկառուցվի նոր կամուրջ: Իսկ մինչ այդ, 157 բնակիչ ունեցող Կավճուտը այսօր մեկուսացած է արտաքին աշխարհից: Գյուղապետը ասաց, որ բացի փլված կամուրջներից, իրենք աշխարհին կապող մի կամուրջ էլ ունեին, որը քանդվել է 2007 թվականին:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

2009-04-28 22:23
 

ԱՆՁՐԵՎԸ «ՋՐԵՑ» ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ

Ապրիլը Տավուշում մարզպետ Արմեն Ղուլարյանի կողմից սանիտարական մաքրության միամսյակ էր հայտարարված: Ապրիլի 25-ին էլ համամարզային շաբաթօրյակ էր լինելու: Սակայն անքննելի են բնության գործերը: Այդ օրը տեղացած հորդ անձրեւը ի չիք դարձրեց շաբաթօրյակը: Միգուցե հաջորդ անգամ շաբաթօրյակ հայտարարելուց առաջ խորհրդակցեն հիդրոօդերեւութաբանների հետ:

 

2009-04-28 22:23
 

ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐՈՎ՝ ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Սկսած ապրիլի 22-ից, հանրապետությունում պետավտոտեսուչները վրացական համարներով մեքենաները ոստիկանության տուգանային հրապարակներ են տանում: Այս գործը հատկապես մեծ թափ է ստացել Տավուշի մարզում, քանի որ Վրաստանին սահմանակից մարզում վրացական պետհամարանիշներով, այսինքն՝ չմաքսազերծված մարդատար ավտոմեքենաները մեծ թիվ են կազմում: Տավուշի մարզի վարորդները դժգոհում են, որ պետավտոտեսուչները մեքենաները տուգանային հրապարակ տանելիս որեւէ պարզաբանում չեն ներկայացնում:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2009-04-28 22:23
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ

Երեկ խմբագրություն զանգեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասանուհի Իսկուհի Մանասյանը եւ ասաց, որ պատրաստվում է դատի տալ գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին: Դերասանուհու փոխանցմամբ, թատրոնի գեղարվեստական ղեկավարը այլեւս չի ցանկանում իր հետ աշխատել, պատճառաբանելով, որ Իսկուհին հայկական արտաքին ունի եւ հարմար չէ ռուսական թատրոնի համար. «Չորս տարի սովորել եմ Ալեքսանդր Գրիգորյանի կուրսում, չորս տարի էլ աշխատել թատրոնում: Ինչ է՝ ութ տարի՞ էր հարկավոր ճշտելու՝ հարմար եմ, թե ոչ»: Մանրամասները՝ առաջիկայում:

Գ. Հ.

 

2009-04-28 22:23
 

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ՝ ԿՐԵՏԵՈՒՄ

Ապրիլի 27-30-ը Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքության նախաձեռնությամբ Հունաստանի Կրետե կղզում գտնվող Իերապետրա վանքում տեղի կունենա Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների ոչ պաշտոնական հավաք` Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի 13-րդ համագումարին (Լիոն, հուլիսի 15-21, 2009թ.) նախապատրաստվելու համար:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցելու է Իտալիայի Հայոց հոգեւոր հովիվ տ. Առեն վարդապետ Շահինյանը:

 

2009-04-28 22:22
 

ՎՐԻՊԱԿ

«Առավոտի» «Բիտովը՝ Սլավոնականում» (18.04.2009) լուրում վրիպակ է սպրդել. գրողի «Ապրելու մտադրություն» գրքի վերնագրի փոխարեն, թերթում տպագրվել է նրա մեկ այլ գրքի՝ «Հայաստանի դասեր»-ի վերնագիրը: Հայցում ենք ընթերցողների ու «Ապրելու մտադրություն» գրքի թարգմանիչ Անահիտ Խաչատրյանի ներողամտությունը:

 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

 Armenian Medical Network -Health news