09/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Ստվերի դեմ պայքարի ստվերոտ կողմը
 

Տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրման՝ իշխանության նախաձեռնությունը այլ պայմաններում գուցեեւ շատ նորմալ ընդունվեր: Եթե մի պահ վերանանք հայաստանյան իրականությունից ու հարցին մոտենանք զուտ քաղաքակիրթ առեւտրի տրամաբանության դիրքերից, ապա տոնավաճառների առեւտրականների բողոքն առնվազն տարօրինակ պետք է թվար: Իսկ մի՞թե տարօրինակ չէ, երբ մարդը զբաղվում է բիզնեսով, տվյալ դեպքում՝ առեւտրով, ու ոչ միայն չի ցանկանում հարկեր վճարել իր շահույթից ու եկամտից, այլեւ ազնիվ զայրույթով ընդվզում է պետության օրինական պահանջի դեմ՝ հրաժարվելով սահմանված մասհանումներ կատարել հօգուտ համապետական զանազան կարիքների:

Անշուշտ դա, ինչպես արդեն նշեցինք, նորմալ երեւույթ չէ: Սակայն վերադառնալով մեր իրականություն՝ տեսնում ենք, որ ՀԴՄ-ներից վախեցող այդ մարդիկ բոլորովին էլ հարկերից չարամտորեն խուսափող ու բացառապես ստվերում աշխատելու մոլուցք ունեցող հանցագործներ չեն: Բավականին չարքաշ աշխատանքով իրենց հանապազօրյա հացի խնդիրը լուծող այդ առեւտրականների ուզածը միայն մեկն է. անել այնպես, որ աշխատելուց ու բոլոր պահանջվող վճարները կատարելուց հետո, ինչպես ասում են, տակը մի բան էլ իրենց մնա: Նրանց համար, տվյալ դեպքում, էական չէ՝ ՀԴՄ-ո՞վ կանեն այդ վճարները (թեեւ, պետք է խոստովանենք, որ ճիշտ ու քաղաքակիրթ ձեւը հենց դա է), թե՞ որեւէ այլ տարբերակով, միայն թե չվերանա առեւտրային բիզնեսով զբաղվելու բուն տրամաբանությունը, այսինքն՝ իրենց գործից խելամիտ արդյունք ունենան: Շատ առեւտրականներ այսօր պարզ հաշվարկներով ապացուցում են, որ առաջիկայում իրենց մեծացած ծախսերը լիովին անիմաստ են դարձնելու աշխատելը:

Ահա այս նրբությունն է, որ իշխանությունները կարծես թե չնկատելու են տալիս ու խնդրի համատեքստում վկայաբերում են միայն իրավաբանորեն բավականին ճշգրիտ ձեւակերպված ինչ-որ հակափաստարկներ: Մինչդեռ, հարցին առավել սթափ մոտեցում ցուցաբերելու պարագայում, մինչ տոնավաճառներում ՀԴՄ-ների համակարգի տեղադրումը, նրանք գուցե պետք է զուգահեռաբար մի քանի այլ խնդիրներ լուծեին: Ասենք՝ փորձեին ինչ-որ ձեւով կարգավորել վաճառատեղերի համար վճարվող գումարներն առավել մատչելի դարձնելու հարցը, կամ էլ գուցե վերանայեին հարկային դրույքաչափերը եւ այլն: Մի խոսքով, անեին այնպես, որ ՀԴՄ-ով առեւտուր անող մարդը եթե չշահեր, ապա գոնե չկորցներ: Ու, ի վերջո՝ չկորցներ նաեւ իր երկրում առեւտրով զբաղվելու բուն մոտիվացիան:

Անշուշտ, իշխանություններն այս ամենը, գոնե ըստ իրենց հավաստիացումների, անում են տնտեսության ստվերը նվազեցնելու համար: Սակայն պետք է նկատենք, որ նրանք այդպես էլ համառորեն չեն մոտենում իսկական ստվերին: Այն ստվերին, որը անհամեմատ ավելի մեծ է, եւ որի տեղը հրաշալի գիտեն բոլորը:

 
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008-08-22 18:55
 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ԽԱԽՏԵՑ ՕՐԵՆՔԸ

Պետրոս Մակեյանի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանն այն կապակցությամբ, որ Վերաքննիչ քրեական դատարանը այդ գործով վերաքննիչ բողոքը քննեց՝ ամբաստանյալներին նախապես հեռացնելով դահլիճից, հիշատակեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը, որն արդար դատաքննության իրավունքի խախտում համարեց 2002-ին Վճռաբեկ դատարանում «Նոյյան տապանի» շահերի ներկայացուցիչ փաստաբանին մինչ քննություն սկսելը դահլիճից հեռացնելը: Ըստ Տիգրան Տեր-Եսայանի՝ «Եթե անգամ փաստաբանին հեռացնելը եվրոպական դատարանը համարեց իրավունքի խախտում, առավել եւս՝ կալանավորվածին դատարանի դահլիճից հեռացնելն ու դատավճիռ կարդալը կրկնակի խախտում է»:Կարդացեք նաեւ՝ 2

ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ «ԼԻՑԵՆԶԻԱ» ՈՒՆԵ՞Ս

«Կենտրոն-Երեւան» ՔԿՀ-ում շուրջ 6 ամիս կալանքի տակ գտնվող ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի նախնական կալանքի ժամկետը լրանում է մոտ 10 օրից: Նրանք երկուսն էլ առողջական լուրջ խնդիրներ ունեն: Վերջիններիս պաշտպան Մելանյա Առուստամյանը երեկ մտավախություն է հայտնել, որ նրանց կալանքի ժամկետները հերթական անգամ կարող են երկարաձգվել, որովհետեւ գործերը դատարան ուղարկելու համար առ այսօր հիմնավոր փաստեր չկան: Պատգամավորները հայտարարում են, որ իրենք անմեղ են, իրենց դեմ հարուցված քրգործերը շինծու են եւ անհիմն: «Նրանց առ այսօր հասկանալի չէ իրենց առաջադրված մեղադրանքը, դրա համար չեն կարողանում պաշտպանվել»,- երեկ հայտարարել է պատգամավորների պաշտպանը՝ հավելելով, որ նրանք կալանավորված են սեփական կարծիք ունենալու համար:Կարդացեք 3:

 

2008-08-22 18:55
 

ԱՊԱԿԵ ՏԱՐԱՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

«Մենք հպարտ ենք մեր գործունեությամբ, արտահանմանն ուղղված եւ ներմուծմանը փոխարինող արտադրանքի ստեղծմամբ եւ հույսով սպասում ենք նշելու «Սարանիստի» հետագա տասնամյակները, իսկ մեր ժողովուրդը թող որ «Սարանիստի» հարյուրամյակները նշի»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում մաղթեց «Սարանիստ» ապակե տարաների գործարանի գլխավոր տնօրեն Վարդան Մանուկյանը: Կարդացեք նաեւ

ՆԻՆՈՆ ՄԻՇՈՅԻՑ «ՅԱՆ ՏՎԵՑ»

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի կարծիքով, Միխեիլ Սահակաշվիլին այժմ կորցնում է Վրաստանի աջակցությունը: Ուստի նա մտադիր է շուտով ստեղծել սեփական քաղաքական կուսակցությունը, որը ընդդիմադիր կլինի ներկայիս վարչակարգին: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Բուրջանաձեն այդ մասին ասել է ճապոնական «Նոմիուրի սիմբուն» թերթին տված հարցազրույցում: «Ես ամուր քաղաքական բազա ունեմ: Եվ այժմ մտածում եմ՝ ինչպես դուրս բերել երկիրը ներկայիս ճգնաժամից»,- նշել է Բուրջանաձեն՝ հավելելով, որ խորհրդակցություններ է անցկացնում, մասնավորապես, «Միավորված ընդդիմություն» դաշինքի առաջնորդ Լեւան Գաչեչիլաձեի հետ: Նոր կուսակցությունը, ըստ Բուրջանաձեի, կշարունակի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղեգիծը եւ կվարի «եվրոպամետ, ամերիկամետ քաղաքականություն»: «Սակայն մեզ անհրաժեշտ է նորմալացնել հարաբերությունները նաեւ ՌԴ-ի հետ»,- ասել է նա:

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ»

Ռուսաստանը մտադիր է 500 զինծառայող պահել Հարավային Օսիան շրջապատող «անվտանգության գոտում»: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, նա մանրամասնել է, որ Ռուսաստանի կողմից այսօր «8 հսկիչ անցակետեր են հաստատվելու անվտանգության գոտում»: Վրաստանի տարածքում գտնվող ռուսական զորքերի մնացած մասը, արտգործնախարարի հավաստմամբ, վերադառնալու է Հարավային Օսիա կամ Ռուսաստան: Լավրովը չի հստակեցրել, թե Ռուսաստանը ինչ թվաքանակով զորք է նախատեսում պահել Հարավային Օսիայում: Միջազգային հանրությունը պաշտոնական Մոսկվային քննադատում է Վրաստանից իր զորքերի դուրսբերումը ձգձգելու համար: Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի շտաբից փոխանցել էին, որ զորքերը հետ են քաշվելու Հարավային Օսիան շրջապատող «բուֆերային գոտի»:

ԷՐԴՈՂԱՆԸ ԵՎՍ ԴԺԳՈՀ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՑ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում նախօրեին ունեցած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ինչպես փոխանցում է «Նոյան տապանը», Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ երկու երկրների միջեւ կապերը զարգանում են արագ տեմպերով: Թուրք վարչապետն իր հերթին նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքորոշումը՝ Հարավային Կովկասում խաղաղության ապահովման տեսանկյունից, նույնն է: «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, միջազգային իրավական նորմերի հիման վրա: Մինսկի խմբի գործունեությունը արդյունք չի տալիս ահա արդեն 16 տարի շարունակ, եւ դա մեզ ստիպում է մտածել: Կովկասում խաղաղության եւ համագործակցության պլատֆորմը կարող է ներդրում հանդիսանալ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման գործում»,- ասել է Էրդողանը:

 

2008-08-22 18:55
 

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԿՐՔԵՐ

Նկատի ունենալով սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականների խաղին թուրք ֆուտբոլասերների ժամանման հնարավորությունը, կառավարությունը երեկ հանձնարարել է ՀՀ ոստիկանության պետին եւ ԱԱԾ տնօրենին՝ սեպտեմբերի 1-11-ը կազմակերպել ուժեղացված ծառայություն եւ միջոցներ ձեռնարկել հասարակական կարգի պահպանման ուղղությամբ: Երեւանի քաղաքապետին հանձնարարվել է մասնավորապես անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ֆուտբոլասերներին կենցաղային ժամանակավոր պայմաններով ապահովելու համար: Թերեւս հաշվի առնելով, որ քաղաքապետարանն արտոնում է անխտիր բոլոր հանրահավաքները՝ կառավարությունը քաղաքապետին հանձնարարել է այս անգամ «զանգվածային հրապարակային միջոցառումների վերաբերյալ իրազեկումները քննարկելիս հաշվի առնել նշված ժամանակահատվածի ընթացքում կայանալիք խաղի նկատմամբ աննախադեպ հետաքրքրությամբ պայմանավորված հասարակական կարգի առավել խիստ պահպանության անհրաժեշտությունը»: Ֆուտբոլային այս խաղը թերեւս ընկալվում է իբրեւ տարերային աղետ, քանի որ կառավարությունը նաեւ հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ «սեպտեմբերի 1-11-ը ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իրենց ղեկավարման ոլորտներում չնախատեսված հնարավոր իրավիճակները կանխելու» համար:

Խորհրդի նիստը

Երեկ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Քննարկվեցին ռազմաքաղաքական մի շարք հրատապ խնդիրներ: Ռուսական կողմը ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներին մանրամասն տեղեկատվություն է փոխանցել վրաց-օսեթական կոնֆլիկտի ողբերգական հետեւանքների եւ ներկայիս իրադրության վերաբերյալ:

Խորհրդի նիստից հետո Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պաշտպանության նախարարները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին: «Ինչպե՞ս եք վերաբերվում Վրաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու մասին որոշմանը» հարցն ուղղված էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ս. Օհանյանը պատասխանեց, որ ԱՊՀ-ից դուրս գալու որոշումը պատկանում է Վրաստանին եւ պատեհ առիթ չէ այն քննարկելու, իսկ Ն. Բորդյուժայի գնահատմամբ՝ յուրաքանչյուր երկիր ունի իր դիրքորոշումը այդ հարցում:

Գ. ՄԿՐՏՉՅԱՆ

Վթար՝ խաչմերուկում

Երեկ, ժամը 9.40-ի սահմաններում, Երեւանի Իտալական եւ Խորենացու փողոցների խաչմերուկում, «Կոնգրես» հյուրանոցի մոտ շրջվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի արդյունքում վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: «Առավոտի» տեղեկություններով, մեքենայի վարորդը հանդիսանում է Կողբացի փ. 1-ին շենքի 47 բնակարանի բնակիչ՝ 1933թ. ծնված Սուրեն Հմայակի Սմբատյանը: Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում կատարվում է քննություն:

ԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց, թե Արաբկիրի համայնքապետի թեկնածու «Երիցյան եւ որդիներ» ընկերության տնօրեն Ալբերտ Երիցյանի վստահված անձը ընտրակաշառք է խոստացել թոշակառուներին. «Այդ ամենը փաստարկվել է: Եվ այդ ամեն ինչի տակ, ըստ էության, ստորագրել է այդ անձնավորությունը»: «Առավոտի» հարցին, թե ընտրախախտումներն առավել Ալբերտ Երիցյանի՞ կողմից են իրականացվում, թե՞ Հովհաննես Շահինյանի՝ «Ժառանգության» պատգամավորը պատասխանեց. «Ավելի շատն ու քիչը չեմ ցանկանում այս պահին շեշտել: Բայց այս որոշակի փաստն արդեն իսկ արձանագրվել է, եւ իրավապահ մարմիններն ու ԿԸՀ-ն պետք է համապատասխան հետեւություններ անեն»:

 

2008-08-22 18:54
 

ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԷՐ

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն այսպես է մեկնաբանել հարկային ծառայության պետին աշխատանքից ազատելու մասին իր որոշումը եւ մաքսային ու հարկային ծառայությունների վերամիավորումը: Ըստ նախագահի լրատվական ծառայության՝ նախագահ Սերժ Սարգսյանը նորաստեղծ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր նորաստեղծ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին: Վահրամ Բարսեղյանին պաշտոնից ազատելու մասին իր որոշմանն անդրադառնալով՝ Ս. Սարգսյանը հիշեցրել է, որ դեռեւս օգոստոսի 1-ին հարկային ծառայության ղեկավար կազմի հետ հանդիպմանը զգուշացրել էր, որ եթե այս ամսվա ընթացքում ծառայության աշխատանքում չլինեն էական տեղաշարժեր, ապա երկուստեք հետեւություններ պետք է արվեն: Ըստ Սերժ Սարգսյանի, անցած քսան օրերի ընթացքում ոչ միայն էական փոփոխություններ չգրանցվեցին, այլեւ չերեւաց, որ հարկային ծառայության ղեկավարությունն ունի փոփոխություններ կատարելու ցանկություն եւ գիտակցում է դրանց կարեւորությունը. «Չտեսա, որ հարկային ծառայության ղեկավար կազմը գիտակցում է, թե որ համակարգում է աշխատում եւ ինչի համար: Չտեսա, որ նրանք աշխատանքի են ներկայանում պետությանն ու բիզնեսին ծառայություն մատուցելու համար, չտեսա աշխատելու ցանկություն, ջանք, եռանդ: Ավելին, աշխատանքը շարունակվում է նույն տեմպով, մի բան էլ՝ ավելի վատ»: Նաեւ հավելել է. «Սա այն դեպքն է, երբ վիրահատական միջամտությունը դառնում է անխուսափելի»:

Նորաստեղծ Պետական եկամուտների կոմիտեի մասին խոսելով, Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հարկային եւ մաքսային համակարգերը կարող են արդյունավետ աշխատել միասնական ղեկավարության ներքո, բայց՝ որոշակի փոփոխություններով: Հայտնելով, որ հարկավոր է անհապաղ գործի անցնել եւ անհրաժեշտություն կա ոլորտում ստեղծված իրավիճակն էապես շտկել, Ս. Սարգսյանն ասել է. «Ով ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները, բավարարել ներկայացվող պահանջները, պետք է տեղը զիջի»:

ԱՊԱՑՈՒՑԵՆՔ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանի կարծիքով, վրաց-օսական լարվածությունից մենք պետք է հետեւություններ անենք եւ Արցախի հարցում լինենք միասնական՝ «պետք է բոլորս շեշտենք, որ ԼՂ ժողովրդի ազատ ապրելու, սեփական կամքով իր ճակատագիրը որոշելու իրավունքը այլընտրանք չունի»: ՀՅԴ Բյուրոյի անդամը համոզված է, որ ԼՂՀ սահմանները պաշտպանող զինվորները ոչ միայն Արցախն են պաշտպանում, այլեւ Հայաստանը Ա. Վարդանյանին լրագրողները հարցրեցին, թե որտե՞ղ է դիտել նախօրեին կայացած ՀՀ-Թուրքիա երիտասարդական ֆուտբոլային խաղը: Պարոն Վարդանյանն ասաց. «Խաղին հետեւել եմ հեռուստատեսությամբ, բայց տղաս է մասնակցել: Ես լսել եմ երկու վանկարկում՝ «Հայաստան» եւ «Հայեր, հայեր», «Արարատ հուպ տուր» չեմ լսել: Իսկապես շատ տպավորիչ էր, Հայաստանը կարողացավ հաղթել, եւ այն ցնծությունը, որ կար Երեւանի փողոցներում, հասկանալի է: Եթե ես մարզադաշտում լինեի, «Հայաստան» կգոռայի»: Դաշնակցական գործիչը հարկ համարեց հայտարարելու, որ վերջին շրջանում միտում կա հայ-թուրքական հակազդեցությունը վերագրել միայն ՀՅԴ-ին. «1965-ից սկսած՝ առնվազն հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված մեր ողջ ժողովուրդը միասնական է եղել, եւ ժողովուրդը չի փոխվել, նույն ժողովուրդն է, եւ ՀՅԴ-ն ժողովրդի մի մասն է»:

Մ. Ե.

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԸՆԴԱՌԱՋԵՆ

Կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, որով առաջարկվում է երկարաձգել փախստականների կողմից՝ հիշյալ բնակարանները սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմում ներկայացնելու ժամկետները, 2005թ. հունիսի 30-ի փոխարեն՝ մինչեւ 2009թ. հունվարի 1-ը, եւ 2006թ. հունիսի 30-ի փոխարեն՝ մինչեւ 2010թ. հունիսի 30-ը:

«ԻՐԱՑՎԱԾՆԵՐԸ» ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Երեկ կառավարության շենքի դիմաց իրացման գոտու բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել: «Մեզ նման կառավարություն պետք չէ, նման վարչապետ ու քաղաքապետ պետք չեն»,- բացականչում էին ցուցարարները: Մի քանի ժամ տեւած ցույցի ընթացքում կառավարության անդամներից որեւէ մեկը նրանց չհանդիպեց: Ըստ ցույցի մասնակիցների, մոտ 25 օր առաջ վարչապետը խոստացել էր հատուկ հանձնաժողով ստեղծել, որը մանրամասն կուսումնասիրի իրենց խնդիրները: «Ո՞ւր կորավ վարչապետի խոստումը: Ինչքա՞ն կարելի է սուտ խոստումներով մեզ տանել-բերել»,- դժգոհում էին ցուցարարները:

 

2008-08-22 18:54
 

ԵՎ ԵԹԵ...

Եվ եթե լինի այնպես, որ կռվի մեջ մտնես, պետք է զենքդ ճիշտ ընտրես, քանի որ սխալ ընտրված զենքը տանում է սխալ կռվի, այսինքն թե՝ կռիվդ էլ անարդար է: Եվ եթե որոշել ես կուլ տալ քեզանից փոքրին, մի մոռացիր, որ դու այլեւս չես լինի դու, որովհետեւ քո ներսում կսկսի ապրել ուրիշի արյունը, ուրիշի բնույթը, որը քոնը չէ. եւ շարունակ կդիմադրի, քանի որ օտար է քեզ, այսինքն թե՝ դու կորցնում ես դեմքդ, տեսակդ, առաքելությունդ, ինչի համար որ հայտնվել էիր աշխարհում այս, եւ մի օր կերեւա քեզանից մեծը, որը վաղուց արդեն հայտնվել է՝ կուլ կտա քեզ: Եվ եթե լինի այնպես, որ սեփական երկրի ներսում դրոշի նման փողփողես ազատություն բառը եւ մոռանաս խիղճը, դու կկորցնես քո իսկ ազատությունը, որովհետեւ փոքրից ազատվել հնարավոր չէ, որովհետեւ քո միջով հոսող նրա արյունը վրեժ կլուծի քեզանից ու կտանի քեզ ավելի մեծ անազատության, քանզի դարձյալ կհայտնվի օտար մեծը, որը չափ կդնի քո՝ արդեն խաթարված ազատությանը, ու դու կդառնաս իր գերին. դու ուզում ես հասնել ազատության՝ փոքրին ոչնչացնելու ճանապարհով՝ մոռանալով, որ առաջին հայացքից թվացյալ փոքրը քեզ համար մահն է, որն ապրում է քո ցանկությունների սրտում եւ քո կամքից անկախ իշխում եւ տնօրինում է քեզ ու քո կյանքը: Քանի որ ինչպես մարդը, այդպես էլ ազգերը չեն կարող ազատ լինել՝ ուրիշի ազատությունների հաշվին...

Եվ եթե լիներ այնպես, որ ժամանակը եւ պատմությունը պետականություն ունեցող ժողովուրդներին կարողանար զրկել պետություն ունենալու իրավունքից՝ պետական կյանքով ապրելու իրենց անընդունակության պատճառով, ապա թերեւս կչափավորվեր մեծերի մեծ իրավունքները, ուր անձի ազատության հետ միասին ժողովուրդները կունենային ինքնորոշման, ինքնուրույն ապրելու պարզ իրավունք: Եվ իմաստուն հեռատեսությամբ կվերադարձնեին ազգերին այն, ինչը պատկանում է իրենց եւ, թույլ չտալով ապստամբել եւ ուժով խլել, քանի որ լավ պետությունը այն է, որ չի ստեղծում թշնամի ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում, եւ ճիշտ է այն հրամանատարը, որ շրջանցում է պատերազմը...

Եվ եթե լիներ այնպես, իսկ կարծես թե մոտենում են այդ ժամանակները, որ ուղղվեին ի սկզբանե ծուռ դրված հայելիները, եւ ամեն մի ցեղ տեսներ իր դեմքը՝ մաքուր, ամբողջական, եւ չտեսներ իր թիկունքում որեւէ մեծի, այլ տեսներ երկինքը բաց ու լույսի հետ ծփացող, անհայտ հավերժությունից մեզ նայող Աստծո կանաչ աչքերը... Եվ եթե:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը Ժուռնալիստիկայի հայկական դպրոցում մագիստրոսական ծրագրով սովորելու համար ուսանողներին առաջարկում է միջազգային չափանիշներին համապատասխանող երկամյա ծրագրով ուսումնասիրել եւ գործնական աշխատանքի միջոցով ամրապնդել ժամանակակից ժուռնալիստիկայի եւ մեդիա մենեջմենթի հիմունքներն ու նրբությունները: Մասնագիտական առարկաները կդասավանդեն միջազգային վերապատրաստում անցած ոչ միայն հայ մասնագետներ, այլեւ ԱՄՆ-ից եւ Եվրոպայից հրավիրված փորձառու դասախոսներ: Դպրոցի ուսումնական ծրագրերը մշակված են Ժուռնալիստների միջազգայյին կենտրոնի՝ ICFJ-ի (Վաշինգտոն, ԱՄՆ) կողմից: Դպրոցը համագործակցում է Քենթի (ԱՄՆ), Լուիզիանայի (ԱՄՆ) պետական համալսարանների, Ժուռնալիստիկայի եւ մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոցի (Թբիլիսի) եւ Փարիզի լրագրողների պատրաստման եւ վերապատրաստման դպրոցի հետ: Դպրոցում սովորելու համար մրցութային կարգով ընտրվելու է 10-12 ուսանող, որոնց հնարավորություն կընձեռվի նաեւ հրատարակել «ՊատՈՒհան» ուսանողական թերթը՝ տպագիր եւ էլեկտրոնային տարբերակներով:

Շրջանավարտներին կտրվի ինչպես ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի դիպլոմ, այնպես էլ Ժուռնալիստիկայի միջազգային կենտրոնի կողմից տրված՝ միջազգային ճանաչում ունեցող սերտիֆիկատ: Նշենք, որ ընդունելության համար պարտադիր պահանջներից մեկը ոչ ժուռնալիստական կրթություն ունենալն է:

Ե. Հ.

 

2008-08-22 18:54
 

ԻՐԱՆԱՀԱՅԸ՝ ԱՆԳԼԻԱՅԻ ՄԲԵԸ ԱՆԴԱՄ

Իրանահայ անվանի գրող-թարգմանիչ Վարանդը վերջերս ընտրվել եւ պաշտոնապես գրանցվել է որպես Անգլիայի Միջազգային բանաստեղծների ու երգահանների ընկերակցության անդամ (ՄԲԵԸ), որին անդամակցելը պահանջում է ստեղծագործական որոշակի որակ, մասնագիտություն, վավերականություն ու փորձառություն: Ըստ «Ալիք» օրաթերթի, Արվեստակցական կենտրոնի նախագահ Քարոլ Է. Ջոնզը բարի գալուստ մաղթելով իրանահայ երգասան-բանաստեղծին՝ առաջարկել է իրենց աջակցությունն ու հովանավորումը՝ նոր երկերի արտադրման հարցում: Ըստ «Նոյյան տապան» գործակալության, Գրողների համահայկական համագումարի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության կողմից շքանշանով պարգեւատրվելուց բացի, Շուշիում կայացած գրական հանդիպման ընթացքում Ղարաբաղի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը հայտարարել է, որ իրենց վարչությունը որոշում է ընդունել ԼՂՀ-ի գրողների միության Եղիշեի անվան տարեկան մրցանակը հանձնել բանաստեղծ Վարանդին:

ԱՄԵՆԱՏԱՐԵՑԸ ՎԱԽՃԱՆՎԵՑ

Ըստ «Նոյյան տապանի», 138 տարեկան հասակում Հնդկաստանում վախճանվել է աշխարհի ամենատարեց մարդը: Նա մահացել է Ռաջաստան նահանգում գտնվող իր տանը՝ հիվանդության պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ժամանակագրությունների համաձայն, Հաբիբ Միանինդիասը ծնվել է 1870 թվականի մայիսի 28-ին:

ԿՏՐԱՄԱԴՐԻ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

2008-2009 ուստարվա մեկնարկի կապակցությամբ ԼՂՀ կառավարությունը որոշում է կայացրել ԼՂՀ պաշտպանության եւ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների մինչեւ 18 տարեկան յուրաքանչյուր աշակերտի եւ ուսանողի 30 հազար դրամ հատկացնել: Ըստ «Մեդիամաքս» գործակալության, 27 մլն դրամ ընդհանուր ծավալի միանվագ օգնություն կտրամադրվի 900 երեխայի, իսկ 20 հազարական դրամ կհատկացվի այն ընտանիքներին, որոնցում այս տարի դպրոց կգնա առաջին երեխան:

Սեպտեմբերի 2-ին, ԼՂՀ անկախության հռչակագրի 17-ամյակի կապակցությամբ, Մեծ հայրենական պատերազմի հաշմանդամներին եւ նրանց հավասարեցված անձանց կվճարվի 16 հազարական դրամ, Մեծ հայրենական պատերազմի ռազմական գործողությունների մասնակիցներին եւ նրանց հավասարեցված անձանց՝ համապատասխանաբար 13 եւ 11 հազարական դրամ, այդ պատերազմում զոհվածների այրիներին՝ 11 հազարական դրամ, միայնակ գործազուրկ թոշակառուներին՝ 5 հազարական դրամ: Ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքներին միանվագ օգնություն կտրամադրվի 16 հազարական դրամի, իսկ ԼՂՀ-ում ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց՝ 10 հազարական դրամի չափով: ԼՂՀ պետբյուջեից հատկացվել է 89 մլն 842 հազ. դրամ:

 

2008-08-22 18:54
 

ԳՈՒՄԱՐ՝ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐՆԵՐԻՑ

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ Շիրակի մարզում բացահայտվել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կատարված հերթական հանցագործությունը: Շիրակի մարզի դատախազությունում քաղաքացիներից ստացված դիմումների ստուգմամբ պարզվել է, որ Գյումրիի քաղաքապետարանի բնակչության կոմունալ սպասարկման եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի ավագ մասնագետ Հ. Քյոլուխյանը, ապօրինի վարձատրություն ստանալու նպատակով, նախնական համաձայնության գալով իր ընկեր Գ. Սողոյանի հետ, 2008թ. հուլիսին Գյումրիի թիվ 2 գերեզմանատան գերեզմանափորներ Ա. Գրիգորյանից, Ս. Ավագյանից, Գ. Վարդանյանից, Ա. Հովսեփյանից, Հ. Գալոյանից, Ե. Կուրղինյանից, Պ. Ավագյանից եւ Խ. Վարդանյանից շորթման եղանակով՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով, պահանջել եւ ապօրինի ստացել են 80.000 դրամ գումար: Օգոստոսի 19-ին Հ. Քյոլուխյանը եւ Գ. Սողոյանը դարձյալ փորձել են ստանալ օգոստոս ամսվա համար 120.000 դրամ ապօրինի վարձատրություն: Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազ Դ. Սարգսյանի հանձնարարությամբ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Գ. Սողոյանը ձերբակալված է, ձեռնարկվում են միջոցներ Հ. Քյոլուխյանին հայտնաբերելու ուղղությամբ:

ԿՈՒԺԵՂԱՑՆԵ՞Ն

«Առավոտի» տեղեկություններով, Երկրապահ միությունը առաջիկայում մտադիր է հրավիրել արտահերթ ժողով: Ըստ մեր աղբյուրի, օրակարգում դրվելու է ԵԿՄ նախագահի պաշտոնանկության հարցը: Շրջանառության մեջ դրված լուրերի համաձայն, Մանվել Գրիգորյանի տեղը կզբաղեցնի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

153 ԶՈՀ՝ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԱՎԻԱԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

153 մարդ է զոհվել Իսպանիայում երեկ տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով, երբ Spanair ավիաընկերության օդանավը կործանվել է Մադրիդի օդանավակայանից թռիչքի ժամանակ: Օդանավի ուղեւորներից 19-ը փրկվել են:

Կանարյան կղզիներ՝ Լաս Պալմաս մեկնող օդանավը, ըստ ականատեսների, հենց նոր էր թռիչքուղուց պոկվել, երբ շեղվել է աջ եւ, վայր ընկնելով մի դաշտում, բոցավառվել է: Իսպանիայի վարչապետ Ժոզե Լուիս Ռոդրիգես Սապատերոն պատահարի կապակցությամբ ընդհատել է արձակուրդը եւ այցելել դեպքի վայր: Նա վստահեցրել է, որ կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի աղետից տուժածների ընտանիքներին սատարելու համար: Ավիաաղետի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել:

 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+36+18 
 Շիրակ+30+9 
 Արարատ+36+16
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ

Գլուխ քսանյոթերորդ

 Armenian Medical Network -Health news