Կազատվե՞նք ռուսական բարդակից
Վասիլի Ակսյոնովի լավագույն՝ «Ղրիմ կղզին» վեպի սյուժեն հիմնված է ֆանտաստիկ ենթադրության վրա՝ ինչ կլիներ, եթե… Այդ թերակղզին իբր 1920 թվականին այդպես էլ չի միանում Խորհրդային Ռուսաստանին եւ զարգանում է կապիտալիստական ճանապարհով: Սակայն 80-ական թվականներին Ղրիմի բնակիչները հասկանում են, որ պետք է, այնուամենայնիվ, միանալ «մայրցամաքի» հետ, եւ այդ միացումը տեղի է ունենում սովետին բնորոշ հախուռն ու անտաղանդ ձեւով: Միանգամից սկսվում են իրարանցում, կարգուկանոնի խզում, հերթեր եւ այլն: Եվ ահա բենզալցակայանում խելոք հերթ կանգնած գլխավոր հերոսի ամերիկուհի կինը ցանկանում է լիցքավորել իր ավտոմեքենան, բայց տեղացիները խցկվում են առանց հերթի՝ ագրեսիվորեն բացատրելով կնոջը, թե իր երկրի հոռի բարքերի ժամանակն անցել է, որ հիմա ոչ մի հերթ էլ չի լինելու՝ ով ուժեղ է, նա՛ է առաջինը լիցքավորելու: Ընդ որում, այդ տեղացիները մի քանի տասնամյակ ապրել են քաղաքակիրթ երկրում, ենթարկվել են օրենքների: Բայց վերադարձավ այն դրվածքը, որին սովոր է նրանց գենետիկ հիշողությունը, եւ մարդիկ կրկին իրենց զգացին հարազատ տարերքում:
Մեր, ինչպես նաեւ նախկին կայսրության այլ ժողովուրդների հարազատ տարերքը ռուսական, ներեցեք կոպիտ բառի համար, բարդակն է, որտեղ կարելի է ապրել «տայգայի» օրենքներով՝ գողանալ իրարից եւ պետությունից, խաբել, «քցել», խցկվել առանց հերթի, անցնել կարմիր լույսի տակ, հպարտանալ սեփական օրինախախտ «շուստրիությամբ», նախանձել ուրիշների՝ ավելի մեծ «շուստրիությանը» եւ գումարած այդ ամենին՝ անընդհատ դժգոհել համընդհանուր բարդակից:










