Դեմքով դեպի քաղաքացին
Կա մեկ լավ լուր եւ մեկ վատ: Վաղվանից օրերը տաքանալու են, իսկ երկուշաբթի օրվանից սկսվելու է նախընտրական քարոզչությունը: Մխիթարական է, սակայն, որ քարոզչությունը տեւելու է ընդամենը մեկ ամիս, իսկ գարնան գալը, ինչպես ասում են, անկասելի է եւ հաղթանակը՝ անխուսափելի: Այս օպտիմիստական ֆոնի վրա ոչ մի այլ բան չի մնում, քան թեթեւ տանել նախընտրական PR եւ հակա-PR քայլերը, մանավանդ, որ դրանք այս անգամ դրսեւորվելու են առանց սովորական ագրեսիվության: Այսինքն՝ ընտրություններին չեն մասնակցելու ոչ նրանք, ովքեր սպառնում են նախագահին գցել Չաուշեսկուի կամ Քադաֆիի օրը, ոչ նրանք, ովքեր անարգանքի սյունին են գամելու իրավիճակը ապակայունացնողներին եւ նավակը ճոճողներին:
Այդ հանդարտ իրավիճակը թույլ է տալիս նախ՝ ավելի ուշադիր լսել այն առաջարկները, որոնցով հանդես են գալիս նախագահի թեկնածուները (առայժմ առավել ուշագրավ են, իմ կարծիքով, Հրանտ Բագրատյանի առաջարկները), երկրորդ՝ մղել մեր քաղաքական ուժերին, այսպես ասած, «դեմքով շուռ գալ» դեպի հասարակական խնդիրները:


















