Առաջադրվելու-չառաջադրվելու, հայտարարելու-չհայտարարելու «երիցուկի» հերթը այժմ հասել է ՀԱԿ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մինչեւ որ որոշումը չընդունվի, դիտումներ որսացող կայքերը, վկայակոչելով հավաստի աղբյուրները, օրը մեջ կամ գուցե օրը մի քանի անգամ գրելու են՝ «որոշել է առաջադրվել», «որոշել է չառաջադրվել»: Այնինչ այստեղ միակ հավաստի աղբյուրը Լեւոն Տեր-Պետրոսյանն է՝ ոչ մեկը նրա նույնիսկ ամենամոտիկ շրջապատից չի կարող հաղորդել որեւէ արժանահավատ լուր, եթե նույնիսկ արտահոսք է թույլ տալիս, ապա դա հաստատ իր, ոչ թե առաջին նախագահի նախաձեռնությունն է:
Նախագահ առաջադրվելը մեզ մոտ դարձել է զուտ անձնական գործ՝ վարսավիրանոց գնալու կամ մի պարկ կարտոֆիլ գնելու համար: Կուզեմ՝ այսօր կառնեմ, կուզեմ՝ մի շաբաթ հետո, կուզեմ՝ ընդհանրապես չեմ առնի՝ ոչ մեկին պարտավոր չեմ հաշվետվություն տալ: Բնականաբար, հարեւաններս ու բարեկամներս էլ «հարգանքով են վերաբերվում իմ դիրքորոշմանը»: Քաղաքական գործունեությունը, իմ ընկալմամբ, փոքր-ինչ այլ է՝ այստեղ դու պետք է հասարակությանը բացատրես քո քայլերի տրամաբանությունը: Եթե, իհարկե, դու հույսդ դրել ես հասարակության, քաղաքացիների, ոչ թե գաղտնի բանակցությունների, խարդավանքների եւ արտասահմանյան ազդակների վրա: Երբ իշխանությունն է այսպես վարվում, դա դեռ կարելի է հասկանալ՝ նա պատրաստվում է անցկացնել ավանդական ընտրություններ lights տարբերակով՝ առանց բռնությունների եւ սկանդալների: Ընդդիմության գլխավոր ռեսուրսը, որքան ես հասկանում եմ, պետք է լինի հասարակական աջակցությունը: Թե՞ ես սխալ եմ հասկանում, եւ նրա ռեսուրսը կարող են լինել իշխանության հետ ինչ-ինչ հակասություններ ունեցող օլիգարխի հնարավորությունները: