Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը մի շատ դիպուկ միտք էր արտահայտել. եթե դու կարող ես օրինական դաշտում (ոչ սամիզդատի մակարդակով) գործող լրատվամիջոցով տվյալ վարչակարգն անվանել «ռեժիմ», ապա իրականում ոչ մի ռեժիմ էլ գոյություն չունի: Իհարկե, խոսքը բռնապետության մասին է, որը անկախ Հայաստանի 20 տարվա պատմության մեջ չկար եւ, հուսով եմ, չի էլ լինելու: Առավել եւս՝ հիմա, երբ հայաստանյան եթերում կան երկու կուսակցությունների դիրքորոշումն արտահայտող հեռուստաընկերություններ, իսկ այդ կուսակցությունները՝ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, ընտրարշավի ժամանակ եւ ընտրությունների օրը դրսեւորում էին միանգամայն ընդդիմադիր կեցվածք: Եթե նույնիսկ հաշվի չառնենք կայքերն ու սոցցանցերը, որոնք համեմատաբար նոր երեւույթ են, եւ թերթերը (ընդդիմադիր թերթեր միշտ էլ եղել են), ապա կարելի է արձանագրել, որ իրավիճակը լրատվական դաշտի առումով միանգամայն նոր է: Ընդդիմադիր հեռուստաընկերություններ Հայաստանի եթերում չեն եղել. կար «Ա1+»-ը, որը անկախ էր, եւ որը եթերազրկվեց 2002 թվականին, մնացածը, մինչեւ 2012-ի ապրիլը, «ազատ էին, բայց պատասխանատու»:
Մնում է, որ՝ 1/ այն երկու հեռուստաընկերությունների «սեփականատեր» քաղաքական ուժերը պահպանեն իրենց հարաբերական ինքնուրույնությունը, 2/ այդ լրատվամիջոցները չլինեն չափից դուրս կուսակցականացված եւ հնարավորություն տան արտահայտվելու թե այլ ընդդիմադիրներին՝ ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը», թե իշխանության ներկայացուցիչներին եւ թե ստեղծված համակարգից դուրս գտնվող մարդկանց, 3/ առաջին երկու պայմանների դեպքում իշխանությունն այնքան խոհեմություն դրսեւորի, որ չհետապնդի այս երկու հեռուստաընկերություններին: (Ի դեպ, հետաքրքիր է, թե ինչու մեզ գրեթե ցույց չեն տալիս ընտրակեղծիքների մասին հավաստող տեսանյութեր):