Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Էլբակյանի ծննդյան 50-ամյակին

Փետրվար 16,2011 00:00

Յուրաքանչյուր բեմավիճակի համար  նա պատրաստի տասնյակ լուծումներ ուներ

Սովետ կոչված դեֆիցիտային հասարակարգում հաճախ էինք Արթուր Էլբակյանին դիմում: Կբացեր ծոցատետրը, կգտներ պետքական հեռախոսահամարը, կզանգեր, կպայմանավորվեր ու ժպտալով, մեծ բավականությամբ կասեր՝ էսինչ ժամին, էսինչ տեղում, հարցերը լուծված են: Հետո, որոշ ժամանակ անց, երբ այցելեցի նրա բնակարանն ու տեսա նրա ապրելատեղը, ապշեցի, որ բոլորին օգնության հասնող, բոլորի ցավերը հոգացող, անլուծելի հարցեր լուծողն ապրում է նման սուղ պայմաններում: Ու մի տեսակ ամաչեցի բոլորիս փոխարեն, որ նա սեփական խնդիրները թողած, զբաղված էր մեզնով: Տարիներ անց հասկացա, որ ամաչելս զուր է, քանզի դա նրա ապրելաձեւն է, եւ անմասն այդ ամենից՝ նա չի լինելու: Դժվար, անլուծելի, փակուղու առջեւ կանգնած բոլոր հարցերը կարծես նրանն են, եւ այդ կծիկը հանդարտությամբ, անվրդով քանդելիս ստանում է նույն բավականությունը, ինչ նկարիչը կամ երաժիշտը՝ հերթական ստեղծագործությունն ավարտելիս: Իսկ այն, որ նա նկարիչ է, երաժիշտ, բեմադրիչ, դերասան, մի խոսքով՝ տաղանդավոր արվեստագետ, համոզվել եմ բազմիցս ու զարմացել նրա արվեստի մոտեցման ձեւին: Նրա համար արվեստում գոյություն չունեն փակուղիներ, ըստ ստեղծված իրավիճակի՝ կարող է փոխել բեմադրության ընթացքը, յուրաքանչյուր բեմավիճակի համար պատրաստ ունենալով տասնյակ լուծումներ, նրա հետ աշխատելիս բացառվում են սուր անկյունները, ամեն ինչ ծառայում է դերասան-ռեժիսոր համագործակցությանը, նա երբեք չի տառապում մի մտքի գերազդեցության տակ, քանզի նրա մտքերն անսպառ են ու կարողանում է հեշտությամբ, վարպետ ֆուտբոլիստի գեղեցիկ ոտնահարվածով, առանց ափսոսանքի նշույլի անգամ, զամբյուղ նետել յուրաքանչյուր միտք ու դրվագ, եթե այն չի տեղադրվում ներկա հանգամանքներում: «Չառլեի մորաքույրը» ներկայացման մեջ նա ուներ մտածված մի գեղեցիկ տեսարան՝ Չառլեի իսկական մորաքրոջ հետ կապված: Չգտնելով հարմար դերասանուհի, նա հեշտությամբ փոխեց տեսարանն ու այն խաղացվեց առանց իսկական՝ Բրազիլիայից ժամանած Դոննա Ռոզայի: Հետո շատ շատերը նշեցին նման անսովոր ու հետաքրքիր ֆինալային լուծումը, ամենեւին գլխի չընկնելով, որ դա նրա հերթական փակուղային իրադրության լուծումն էր… Մեր անձնական մտերմության մեջ մի փոքր դադար եղավ, երբ վորոնեժյան հյուրախաղերից հետո ես տեղափոխվեցի Մոսկվա եւ անընդհատ փոփոխվող հասցեների ու կոմունիկացիաների բացակայության հետեւանքով կորցրինք միմյանց, բայց մի հետաքրքիր դիպված, որի մասին արժե պատմել՝ նորից մեր հանդիպումը կազմակերպեց: Թիֆլիսում, իմ կարճատեւ այցելության ժամանակ, առավոտ կանուխ հեռախոսազանգն ինձ արթնացրեց: Հայկական դեսպանատնից էր զանգը, Երեւանից հյուր ունեի՝ Արթուրն էր: Պարզվեց, որ ֆուտբոլի ընկերական հանդիպում էր կայանալու Վրաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ, նա ժամանել էր Թիֆլիս՝ խաղը տեսագրելու, մյուս օրը հայկական հեռուստաալիքով ցուցադրելու համար: Ես ժամանակին լինելով ֆուտբոլի երկրպագու, Երեւանի «Արարատ» եւ Թբիլիսիի «Դինամո» խաղերին մարզադաշտ չէի գնում, քանզի նյարդային համակարգս անզոր էր դիմադրել յոթանասուն հազարանոց վրաց բացականչություններին, ինձ հերիք էին վրացի հարեւաններիս ու ընկերներիս հետ անվերջանալի բանավեճերն ու լեզվակռիվները: Բայց դե հիմա կարծես ուրիշ էր ու համաձայնելով Արթուրի առաջարկին, մյուս օրը, նրա եւ օպերատոր Վարդանի հետ միասին, նստած էինք մարզադաշտում, կենտրոնական տրիբունայում, վրաց ֆուտբոլասերներով շրջապատված:

«Տղաներ, քանի որ նկարահանում ենք հայկական հեռուստաալիքի համար եւ ամեն ձայն ու բացականչություն գրվելու է, ռուսերեն չհայհոյել, իսկ վրացերեն՝ խնդրեմ, քանի որ Հայաստանում չգիտեն վրացերեն»,- դիմեց Արթուրը վրաց երկրպագուներին: Ամբողջ խաղի ընթացքում նրանք ոչ ռուսերեն եւ ոչ էլ վրացերեն՝ ոչ միայն անցենզուր, նույնիսկ վիրավորական բառ չասացին: Խաղը սկսվեց: Ի զարմանք ինձ, Արթուրը չգիտես որտեղից հանեց միկրոֆոնը, ապա ինձ աչքով անելով սկսեց մեկնաբանել խաղը, ավելացնելով, որ այն վարելու ենք երկուսով: Խոսքն արդեն հնչել էր եթերում ու հրաժարվելն արդեն անիմաստ էր, ես նրան բռունցք ցույց տվի ու անցա համատեղ խաղի մեկնաբանմանը, չիմանալով ոչ մի ֆուտբոլիստի անուն՝ թե մեկ եւ թե մյուս հավաքականից: Ինչ մեղքս թաքցնեմ, լինելով մոլի ֆուտբոլի երկրպագու եւ ունենալով թատերական կրթություն, բազմիցս երազել, պատկերացրել էի ինձ որպես ֆուտբոլի մեկնաբան: Բախտը նվիրեց ինձ այդ հնարավորությունն ու իմ առաջին եւ վերջին ֆուտբոլային մեկնաբանությունն ավարտվեց իմ թիմի խոշոր պարտությամբ: Խաղից հետո մեզ հետ հարցազրույցի ժամանակ վրաց մարզիչ Դավիդ Ղիփիանին փորձեց հանգստացնել մեզ, որ սա դեռ ոչինչ չի նշանակում, որ մենք լավ թիմ ունենք: Նրան մոտեցան երկու հոգի, շնորհավորեցին հաղթանակն ու ավելացրին վրացերեն, որ մենք չհասկանանք:

– Դաթո,- ասացին նրանք,- բարեկամների հետ այդպես չեն վարվում:

– Պարտվում ենք՝ վատ է, հաղթում ենք՝ նույնպես,- դիմադրեց Ղիփիանին:

– Դու շատ լավ հասկանում ես, թե ինչը նկատի ունենք:

Նրանք ակնարկում էին խոշոր ու չոր՝ 7:0 հաշիվը…

Հետո ինձ բախտը նորից շպրտեց ուրիշ քաղաք… Կորանք՝ նորից գտնելու համար, ու ամեն անգամ, երբ գտնում ենք իրար, նա ինձ համար անսպասելի ու իմ ուղեղում չտեղավորվող գործունեությամբ է զբաղված, որովհետեւ նա գործարար մարդ է, իսկ թե ինչ է պտտվում գործարար մարդու ուղեղում՝ կարող է ընկալել միայն նրա տեսակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել