Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեպարի մանկապարտեզի գործը ՝ ոստիկանությունում

Մայիս 16,2013 13:14

Նախկինում անդրադարձել ենք  Տավուշի մարզի սահմանամերձ  Ոսկեպարի մանկապարտեզի անավարտ շինարարության խնդրին: Ոսկեպարի  գյուղապետարանի եւ  «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ի միջեւ 2012թ. հունիսի 19-ին կնքված  պայմանագրով « Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ն  պարտավորվել է Ոսկեպար համայնքի մանկապարտեզի համար նախատեսված տարածքի  վերանորոգման աշխատանքներն ավարտել մինչեւ 2012թ. օգոստոսի 30-ը:  Ոսկեպար համայնքն իր ներդրումն է ունեցել  այդ  ծրագրում:  Ոսկեպարի գյուղապետարանը կատարված աշխատանքների համար  «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ին փոխանցել է 1 միլիոն 900 հազար դրամ:  Ծրագիրն իրականացվել է 2012թ. պետական  հրատապ 2-րդ  ծրագրի  շրջանակներում, այդ նպատակով պետբյուջեից  տրամադրվել է 11 միլիոն 435 հազար դրամ: Չնայած շինարարական աշխատանքները կիսատ են մնացել, ծրագրի դիմաց  Տավուշի մարզպետարանի ինտերնետային  կայքում գրված է` «ավարտված»:  Նշենք, որ «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ն գրանցված է Իջեւան քաղաքի Ասլանյան-174 հասցեում:

Տեղեկացանք, որ Ոսկեպարի  գյուղապետ  Երվանդ Եգանյանն օրերս եղել է Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունում եւ հետաքրքվել, թե ինչո՞ւ է կիսավարտ շինարարությունը համարվում ավարտված : Նրան մարզպետարանում հայտնել են, թե շինարարության հանձնման-ընդունման ակտի տակ ստորագրել է Ոսկեպարի նախկին, երկարամյա գյուղապետ Հրուշ Աղբալյանը: Մեր տեղեկություններով ՝ Ոսկեպարի գյուղապետարանը  ըստ պայմանագրի դեռեւս  մոտ 500 հազար դրամ պետք է փոխանցի շինարարական կազմակերպությանը եւ դա պետք է կատարի շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո:

Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ դատախազը Ոսկեպարի մանկապարտեզի կիսատ-պռատ շինարարության մասին մեր հրապարակումն ուղարկել է   ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ՝ քննության: Ոստիկանությունը նյութեր նախապատրաստելուց հետո  կպարզի՝ այս գործում  հանցակազմ կա՞, թե՞ ոչ:  Հավելենք, որ  Ոսկեպարի մանկապարտեզի համար նախատեսված տարածքում  շինարարական աշխատանքները  կատարվել են անորակ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031