Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Բեգլարյանի «Ղարաբաղյան օրագիր» գրքի շնորհանդեսը Մոսկվայում

Հունիս 01,2015 10:52

Մայիսի 31-ին Մոսկվայում «Ժամ» ամսագիրը կազմակերպեց Աշոտ Բեգլարյանի «Ղարաբաղյան օրագիր» ժողովածուի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, ռուսաստանյան հասարակական գործիչներ, գրողներ, լրագրողներ, փորձագետներ, ղարաբաղյան պատերազմի վետերաններ։

Արցախցի գրող և լրագրող, պատերազմի մասնակից Աշոտ Բեգլարյանի գրքում ընդգրկված են ակնարկներ, հոդվածներ, հարցազրույցներ և էսքիզներ, գրված Լեռնային Ղարաբաղի և  Ադրբեջանի միջև ընթացող պատերազմի տարիներին /1992-1994թթ/, ինչպես նաև նյութեր,  նվիրված հետպատերազմյան տարիների  նշանավոր իրադարձություններին  և հրատապ  հիմնախնդիրներին։ Հեղինակը բարձրացնում է  ոչ մարդկային պայմաններում մարդկայինի պահպանման հարցը, շոշափում է սիրո, ընկերության  թեման, մարդկանց խաղաղության ձգտումը։

Շնորհանդեսի ժամանակ գիրքը ներկայացրեցին հեղինակը և գրքի խմբագիր Աննա Գիվարգիզյանը։ Աշոտ Բեգլարյանի գործընկերները և մարտական ընկերները պատմեցին նրա ստեղծագործական և մարտական ուղու մասին։

IMG_0396

Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց նաև մամլո ասուլիս Ռուս-հայկական «Ռռւսարմինֆո» լրատվական գործակալությունում, որի ընթացքում Աշոտ Բեգլարյանը   պատասխանել է ռուսաստանյան լրագրողների բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես հեղինակի գրական գործունեությանը, այնպես էլ ԼՂՀ-ում տիրող իրադրությանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին։

Աշոտ Բեգլարյանը պարգևատրվեց ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից հուշամեդալով և պատվոգրով։

Աշոտ էռնեստի Բեգլարյանը ԼՂՀ նախագահի օգնական է, գրող, լրագրող ԼՂՀ և ՀՀ  գրողների միության անդամ։ Ծնվել և ապրում է Ստեփանակերտում։ Նա մասնակցել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը, ծանր վիրավորվել է․ պատահական չէ, որ  պատերազմի  թեման այդքան մոտ է նրան։ Տպագրվում է 19 տարեկանից։ Նրա հոդվածները, պատմվածքները  և ակնարկները  հրատարակվել  են տարբեր  հայկական և  արտասահմանյան  գրական, հասարակական-քաղաքական հանդեսներում և ինտերնետ-կայքերում։ Պատմվածքների և վիպակների 5 հավաքածուների հեղինակ է։ «Տուն, որը կրակում էր» պատմվածքի մոտիվներով նկարահանվել է կարճամետրաժ գեղարվեստական կինոնկար։ Բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր է։  «Великий странник – молодым» միջազգային հիմնադրամի մագիստրոս է։ Ունի կառավարական պարգևներ։ 3 երեխաների հայր է։

«Ղարաբաղյան օրագիրը» «Ժամ» ամսագրի գրական մատենաշարի առաջին ժողովածուն է։

«Ղարաբաղյան օրագիր» ժողովածուն լույս է տեսել մոսկովյան «Տպարան» հրատարակչությունում «Ժամ» ամսագրի պատվերով։

Գիրքը հագեցած է պատկերազարդումներով, որոնց հեղինակն է երևանցի նկարիչ Գագիկ Սիրավյանը։

«Ղարաբաղյան օրագիր» ժողովածուն վավերագրական-գեղարվեստական հրատարակություն է, նախատեսված ընթերցողների լայն շրջանակների համար, որոնք հետաքրքրվում են  Հայաստանի և Արցախի պատմությամբ և մշակույթով։

 

Մամլո հաղորդագրություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930