Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է ՊՆ-ն արձագանքում Սուրիկ Խաչատրյանի որդու՝ բանակում ծառայելու դիմումին

Օգոստոս 06,2018 23:02

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի փաստաբան Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանին։

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ

Պաշտպանության կողմը գտնում է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նշված պարզաբանումը միջամտություն է արդարադատությանը:

ՀՀ Դատական օրենսգրքում արձանագրված է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ նախաքննության և դատական գործընթացը: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գնահատակաները չպետք է լինեն միանշանակ և այնպիսի շեշտադրմամբ, որ Ս.Խաչատրյանի որդիները կատարել են տվյալ հանցագործությունը. դա անմեղության կանխավարկածի խախտում է:

Բացի այդ նրանց տեղեկատվությունում կան վիճելի ու սխալ փաստարկներ, օրինակ իրականում հիվանդ լինելու, կամ չլինելու մասին/ ինչ է իրենք բժիշկ-հոգեբույժ մասնագետներ են/: Կամ 18 տարեկան տղան ինչ փաստաթղթեր կարող էր կեղծել. «Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից»:

2017թ.-ին օրենքով սահմանված կարգով, Տիգրան Խաչատրյանը ազատվել է զինվորական ծառայությունից, քանի որ ուներ երկու երեխա՝ Սուրիկ Տիգրանի Խաչատրյան ՝ծնված 27 հոկտեմբերի 2016թ.-ին, և Կատրանիդե Տիգրանի Խաչատրյան՝ ծնված 06 դեկտեմբերի 2017թ.-ին: ՀՀ ոստիկանության նշված գնահատականները լսելի են նաև քննիչի, դատավորի և լայն հասարակայնության համար: Այդ տեղեկատվությունը հերթական փորձն է՝ Ս. Խաչատրյանի որդիների հանդեպ քաղաքական հետապնդումն արդարացնելու՝ սխալը ճշտի տեղ անցկացնելու համար: Չմոռանանք նաև վաղեմության մասին:

ՀՀ ոստիկանությունը նախաքննություն իրականացնելու իրավունք չունի: Դրա համար կան քննչական մարմիններ, որոնք ՀՀ ոստիկանության համակարգից դուրս են: Ժամանակին ՀՀ օրենսդիր մարմինը, խուսափելով մեկ՝ «սուպեր» լիազորություններով մարմին ունենալու վտանգից, ոստիկանության համակարգից հանել է քննչական գլխավոր վարչությունը, որպեսզի միևնույն պետական մարմինը իրավունք չունենա և հանցագործին բռնելու, բացահայտելու, նյութեր հավաքելու և հետապնդում, նախաքննություն իրականացնելու լիազորությունները: Ձեռք բերված նյութերի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից 18.07.2018թ.-ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը:

ՀՀ ոստիկանությունը ընդամենը նյութեր է հավաքել (և դեռ հայտնի չէ՝ որքան հիմնավոր և օրինական) և ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և դրանով ավարտել է իր աշխատանքները: ՀՀ Ոստիկանությունը չգիտի և չի կարող իմանալ, թե քրեական գործ հարուցելուց հետո քննիչն ինչ քննչական գործողություններ է կատարում, ինչն է հիմնավոր, ինչը ոչ, սակայն խախտելով գործող օրենքը և առաջ անցնելով նախաքննության մարմնից` նշում է, որ «Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից»:

Եթե իրականում ամեն ինչ շատ պարզ լիներ, ապա նախաքննական մարմինը դատահոգեբուժական ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն չէր նշանակի: Սա ինչ աշխատանքի ձև է, դրանով ոստիկանությունն իր լիազորությունները սահմանազանցում է:

Այստեղ իրենց խոսքը պետք է ասեն և ՀՀ քննչական կոմիտեն,Զինվորական քննչական գլխավոր վարչությունը, ՀՀ ոստիկանությունը, և իհարկե Մարդու իրավունքների պաշտպանը: Նախաքննության գաղտնիությունը,և անմեղության կանխավարկածը պետք է պահպանվի բոլորի կողմից:

Մենք հասկանում ենք, որ շատ փաստեր, հանգամանքներ, կապված Ս.Խաչատրյանի հետ, օրենքով սահմանված կարգով պետք է ստուգվեն: Սակայն այդ ընտանիքի վրա «կրակե անձրև» է թափվում՝ Հանրապետությունում գործող համարյա բոլոր պատկան, իրավապահ մարմինները սկսած դատարանից, դատախազությունից, հարկային մարմիններից, ոստիկանությունից, հսկողություն իրականացնող մարմիններից մինչև Սյունիքի մարզպետարանը, մարզի քաղաքապետարանները նյութեր են հավաքում, բացատրություն և ցուցմունքներ վերցնում, տվյալներ պահանջում, հսկում, ստուգում, քննում, զննում, տեսագրում, ձայնագրում…:

Հիշեցնենք, որ վերջին 10 տարիներին Սուրիկ Խաչատրյանը եղել է Հայաստանի ամենահայտնի, ամենաթափանցիկ պաշտոնատար անձը՝ նրա մասին մամուլում, համացանցում ամեն ինչ հայտնվել է, ամեն ինչ ամենայն մանրամասնությամբ քննարկվել:

Տեղեկացնենք, որ Սուրիկ Խաչատրյանը, Սյունիքի մարզպետի պաշտոնից, ազատվել է դեռևս 2016թ.-ին, և առողջության վատթարացման պատճառով վիրահատություններ, բուժումներ և այլ միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և արտերկրի տարբեր բժշկական կենտրոններում: Ով է խանգարում, որ մարզպետի պաշտոնից նրա ազատվելուց հետո, Սյունիքի մարզում, Գորիս քաղաքում վերափոխումներ կատարեն (եթե ցանկանում ու կարողանում են), այլ ոչ թե շահարկեն նրա անունը:

Տեսեք` ինչ է կատարվում, ինչ խայտառակ, անառողջ,պայթունավտանգ վիճակ է Գորիսի պետական համալսարանում, որի խորհրդի նախագահը ժամանակին եղել է Սուրիկ Խաչատրյանը: Թող կարգավորեն՝ ով է խանգարում նրանց: Սակայն, համալսարանում նույնպես, անհարկի շահարկվում է նրա անունը: Շատ հեշտ ձև են գտել ՝ սեփական անկարողությունը, անհաջողությունը թաքցնելու նպատակով փորձում են մեղավորներ փնտրել այլ տեղ, իրենցից դուրս:

Նոր Հայաստանում արդարադատությունն որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ։ Այս մոտեցումը մեր հայտարարության տրամաբանության համատեքստում է։ Այս քրեական գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ՝ օբյեկտիվ, անաչառ և համակողմանի քննությամբ, այդ իրադարձություններին առնչված անխտիր բոլոր կողմերի ներգրավմամբ և ոչ թե միայն մի կողմի։ Այս առումով ՀՀ ոստիկանության և մի շարք պաշտոնատար և այլ անձանց, լրատվության միջոցներով, կամ այլ ձևով արտահայտված մեղադրանքները, և ընտրված միջոցները, թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն։ Եվ սա խիստ մտահոգիչ է։ Խնդիրը միայն Տրդատ Խաչատրյանի և մյուսների մեղավոր կամ անմեղ լինելը չէ։ Օրենքի առաջ բոլորն են հավասար։ Եվ մեղավորությունն ապացուցվելու դեպքում բոլորը պետք է պատժվեն, բայց նոր Հայաստանում արդարադատությունն որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ։

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին դիմում-խնդրանքով դիմել է նաեւ անձամբ Տրդատ Խաչատրյանը։ Պաշտպանության նախարարին ուղղված նամակում Տ․ Խաչատրյանը գրում է․

Ես՝ Տրդատ Սուրիկի Խաչատրյանն եմ՝ ծնված 23.07.1996թ.: Բոլոր պաշտոնական փաստաթղթերում, այդ թվում նաև թիվ 90100518 քրեական գործում, ինձ ներկայացնում են որպես՝ ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդի:

2014թ.-ի ձմեռային զորակոչին կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ «նևրասթենիա չափավոր արտահայտված» ախտորոշմամբ, ստացել եմ 3 տարի ժամկետով տարկետում:

2017թ.-ին ձմեռային զորակոչին ճանաչվել եմ զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Իրականում ես ստացել եմ այդ հիվանդությունը հետևյալ դեպքերի կապակցությամբ: 2013թ.-ին Գորիսի, մեր տան բակում, տեղի ունեցած զարհուրելի իրադարձության, փոխադարձ կրակոցների արդյունքում մահացել է Ավետիք Բուդաղյանը, մարմնական ծանր վնասվածք են ստացել Նիկոլայ Աբրահամյանը, Արտակ Բուդաղյանը:

Նշված դեպքին ես մասնակից եմ եղել եւ վիրավորներին օգնել։ Իմ ձեռքի մեջ է մահացել Ավետիք Բուդաղյանը, և ես տղաների օգնությամբ իմ ձեռքերով դրել եմ վիրավորներին ավտոմեքենայի մեջ, և տեղափոխել Գորիսի հիվանդանոց: Այս երևույթը ինձ վրա ծանր ազդեցություն է գործել: Եվ ահա նշված դեպքից մեկ տարի հետո բժիշկներն ախտորոշել են «նևրասթենիա չափավոր արտահայտված» և այդ պատճառով ստացել եմ տարկետում, թեև այն ժամանակ էլ ցանկացել եմ զորակոչվել:

2017-2018թթ.-ին ես, իմ ծնողների օգնությամբ ձեռնարկել ենք տարբեր տիպի բժշկական,առողջական,հոգեբանական միջոցներ (դիմելով տարբեր բժիշկների, մասնագետների, տարբեր բժշկական կենտրոնների, այդ թվում նաև արտերկրում գտնվող բժշկական հիմնարկների), որոնք, ինչ խոսք, դրական ազդեցություն են գործել, և ես նախկինի համեմատ ինձ ավելի լավ եմ զգում: Ներկայումս քննիչի կողմից նշանակվել է դատա-հոգեբուժական ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն, որը սկսվելու է իրականացվել 30 հուլիսի 2018թ.-ից:

Անկախ փորձաքննության եզրակացությունից Ձեզ ՝ որպես ՀՀ Պաշտպանության նախարարի, հայտնում եմ, որ պատրաստ եմ ծառայել Հայաստանի զինված ուժերում: Իմ միակ խնդրանքն ու ցանկությունն է՝ ինձ հնարավորություն տալ կատարել իմ պարտքը հայրենիքիս նկատմամբ:

News.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս առիթով պարզաբանել է. «Տրդատ Խաչատրյանն այժմ փորձաքննություն է անցնում, հետեւաբար իր հայտարարության հիման վրա չի կարող բանակ զորակոչվել: Եթե փորձաքննությամբ պարզվի, որ Տրդատ Խաչատրյանն առողջական խնդիրներ չունի, ապա կզորակոչվի բանակ: Այսինքն, այս փուլում պետք է բժիշկներն աշխատեն ու մեզ հստակ գնահատական տան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031