Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ռոբերտ Քոչարյանն այդքան ազդեցիկ անձնավորություն է, նա այդ ազդեցությունը կօգտագործի նաեւ կալանքի վայրից». Խոսրով Հարությունյան

Օգոստոս 08,2018 18:11

Դատախազությունն այսօր մերժել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու պատգամավորների միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ «Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զորու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»:

Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացրած պատգամավորներից է ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե դատախազության այս մերժմանն ինչպես է վերաբերվում: Նա պատասխանեց. «Այդ մտավախությունները, որ խափանման միջոցը փոխելու պարագայում երկրորդ նախագահը կփորձի օգտագործել իր հեղինակությունը, կապերը եւ հնարավորինս կխոչընդոտի հետաքննության իրականացմանը, ճիշտն ասած, այդ հիմնավորումներն ինձ համար համոզիչ չեն հնչում: Նախ, բոլոր նրանք, ովքեր դրել են իրենց ստորագրությունը խափանման միջոցը փոխելու միջնորդության տակ, նրանք առաջնորդվում են մի պարզ թեզով՝ որեւէ նախագահ, նույնիսկ եթե նրա արարքների նկատմամբ քրեորեն հետապնդելի զանցանքներ են տեսնում, ես գտնում եմ, որ նա չի կարող լինել կալանքում: Նրա համար խափանման տարբեր միջոցներ գոյություն ունեն: Մեր միջնորդության նպատակը ոչ թե ձախողելն է հետաքննության ընթացքը, ոչ թե դա դրսեւորվում էր նրանով, որ մենք շահագրգռված չենք Մարտի 1-ի բացահայտմամբ, մեկը ես շատ շահագրգռված եմ, վերջապես այդ թմբիրից պետք է ազատվենք, այդ խարանից մենք պետք է ձերբազատվենք, դա պե՛տք է լինի, բայց խոսքը գնում է նրա մասին՝ արդյոք հետաքննություն իրականացնելու համար կալանքը միակ անփոխարինելի տարբերա՞կն էր: Մենք այստեղ ունենք տարաձայնություն թե՛ ՀՔԾ-ի տված մեկնաբանության, թե՛ գլխավոր դատախազության հետ»:

Խոսրով Հարությունյանի մեկնաբանությամբ՝ «Եթե իրականում Ռոբերտ Քոչարյանն այդքան ազդեցիկ անձնավորություն է, ապա նա այդ ազդեցությունը կօգտագործի նաեւ կալանքի վայրից: Սա աներկբա է: Կհանդիպի իր փաստաբանների հետ, դուք չեք կարող մերժել, որ նա հանդիպի իր վստահորդների հետ եւ իր փաստաբանների միջոցով կդնի շրջանառության մեջ բոլոր հնարավոր տարբերակները: Այսինքն, ենթադրենք, որ այդ կերպ մենք կանխում ենք նրա հնարավոր ազդեցության տարածումը, ես այդ կարծիքին չեմ: Փոխարենը, վերջիվերջո նախագահ է հանրապետության, որեւէ նախագահ պետության սիմվոլ է եւ նրա նկատմամբ պետք է վերաբերվել շատ հարգալից: Խնդրեմ՝ կիրառեք տնային կալանք, ստորագրություն՝ չբացակայելու վերաբերյալ, հազար ու մի այլ եղանակ»:

Մեր դիտարկմանը, որ ՀՔԾ պետն ասում էր Արմեն Գեւորգյանի հետ կապված, թե ինչպես է Քոչարյանը միջնորդավորված փորձել ազդեցություն թողնել ՍԴ անդամների վրա, գուցե ՀՔԾ-ն ունի փաստեր, որ նա իր լծակները կօգտագործի նաեւ այս դեպքում, եթե այդ փաստերը հաստատվեն…՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Եթե հաստատվեն: Նույն Սասուն Խաչատրյանը, ես որքան լսեցի, ասում էր՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն է…հասկանում եք, տպավորություններով չի կարելի մեղադրանք առաջադրել, փաստերով են առաջադրում: Դրա համար իմ պատկերացմամբ, ճիշտ կլիներ, արդարադատությունն ու հանրային կարծիքը շատ ավելի առողջ կձեւավորվեր, եթե մեր միջնորդությանն ընդառաջեին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Հանեցե՛ք ձեր դիմակները,
    Ճանաչեցե՛ք ինքներդ ձեզ
    Վերջի՜ն անգամ,
    Վերջի՜ց առաջ…

    Պարն ավարտվել,
    Ու խաղն արդեն վերջանում է:
    Հանեցե՛ք ձեր դիմակները:

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031