Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք փորձում էին գտնել հեռախոս, ու երբ չկար բաց պատուհան, մենք խնդիր էինք ունենում». Արծրուն Հովհաննիսյան

Օգոստոս 20,2018 11:49

ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել, որով ժամկետային պարտադիր զինծառայողներին թույլատրվում է բջջային հեռախոսներից օգտվել՝ որոշակի կանոնակարգերին ենթարկվելու պայմանով: Ըստ հրամանի` զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս:

Որոշ մասնագետներ, սակայն, վստահեցնում են, որ տեսալուսանկարահանման, ինտերնետ կապի հնարավորությունից զուրկ հեռախոսներ կան, բայց ձայնագրման հնարավորություն չունեցող հեռախոս գտնելը գրեթե անհնարին է, ներկայումս բոլոր հեռախոսներն ունեն ձայնագրման հնարավորություն:

Բայց անկախ հեռախոսի չափանիշներից, ՊՆ-ի այդ որոշման հետ կապված մեկնաբանությունները հակասական են, շատերը վտանգ են տեսնում՝ հաշվի առնելով, որ անհնար է վերահսկել զինվորերի խոսակցություններն իրենց հարազատների հետ: Այդ առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ավելի մեծ վտանգ ու ավելի մեծ անվերահսկելիության խնդիր կար, երբ ընդհանրապես արգելում ես ու փորձում ես վերահսկել, բայց ինքն, ամեն դեպքում, իմանալով, որ ոչ մի տեղ ու ոչ մի ժամ իրավունք չունի հեռախոսից օգտվելու, փորձում է գտնել այդ հեռախոսից օգտվելու տեղերն ու ժամը: Իսկ այս դեպքում, եթե դու օրվա մեջ իրեն տալիս ես ֆիքսված տեղեր ու ժամեր ու չես արգելում որոշակի տեսակներ, գոնե այդ սեգմենտը դուրս է գալիս: Վերահսկելիության խնդիր միշտ եղել է ու կա: 21-րդ դարում նորմալ չի, երբ մարդուն ընդհանրապես գիտության վերջին նվաճումից արգելում ես օգտվել»:

Հարցին՝ այսինքն, անկախ արգելքից, իրենք այլընտրանքային ճանապարհներ գտնո՞ւմ էին, դրա՞ համար թույլատրեցիք՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Կյանքը ցույց տվեց, որ մենք ունենում էինք խնդիր` իրենք փորձում էին գտնել, ու երբ ընդհանրապես բաց պատուհան չկար իրենց օգտվելու համար, ավելի վատ արդյունք էր լինում: Հիմա ե՛ւ թույլատրելով, ե՛ւ պատժի մեխանիզմն ավելի խորացնելով, իմ կարծիքով, ավելի լավ արդյունքների պիտի հասնենք»:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հեռախոսների վերահսկելիության խնդիր ամբողջ աշխարհում կա. «Չկա բանակ, որտեղ բջջային հեռախոսով խոսելու դեմ չեն պայքարում եւ չկա բանակ, որտեղ բջջային հեռախոսով խոսելուց արտահոսք չի լինում: Դա մշտական պայքար է»:

Այդ հրամանն ունենալով՝ ՊՆ-ն չի բացառում, որ որոշ զինվորներ, չգիտակցելով խնդրի կարեւորությունը, կփորձեն նորից խախտում անել եւ ձեռք բերել ինտերնետ հասանելիությամբ, տեսալուսանկարահանող հեռախոսներ. «Դրա դեմ պիտի լինի պայքար, ու պայքարը ոչ միայն պատժելու մեթոդոլոգիայով է լինելու, այլ նաեւ` այլ մեթոդոլոգիայով»:
Հարցին՝ նախկինում ինչո՞ւ էր ՊՆ-ն այս որոշումից ձեռնպահ մնում, մերժում էր ՀԿ-ների նման հորդորները՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ժողովուրդ, աշխարհն առաջ է գնում, նախկինում շատ բան էր ուրիշ ձեւ արվում, 19-րդ դարում լրիվ ուրիշ ձեւ են արել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031