Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի աղջկա՝ Շուշանի հարցը՝ նախագահ Սարգսյանին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2018 14:59

Այսօր նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Նա կրթօջախի հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ շրջեց մասնաշենքերում, զրուցեց սաների հետ, հումորներ արեց, պարեց, ինչպես նաեւ պատասխանեց կրթահամալիրի սաների հարցերին:

Պարզվում է՝ կրթահամալիրի սաներից է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, որը, որպես ապագա լրագրող, հարց ուղղեց նախագահին՝ «դուք Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն եք եղել, ի՞նչ հաջողություն եք ունեցել այդ գործունեության մեջ»:

Նախագահը պատասխանեց. «Շատ սխալ կլինի, որ ես գնահատական տամ իմ աշխատանքին: Աշխատանքը եթե անում ես, չես անում նրա համար, որ ինքդ քեզ գնահատեն, անում ես նրա համար, որ ուրիշները գնահատեն: Եվ իհարկե, չես աշխատում նրա համար, որ մի օր քեզ շնորհակալություն հայտնեն: Ձեր կյանքում, ինչ աշխատանք էլ անեք, մի սպասեք, որ ձեզ շնորհակալություն ասեն, ժամանակը կգա՝ կասեն: Եթե ես մտածեի, որ մի օր պարոն Բլեյանը իր դպրոցը կառուցելիս՝ 1989-ին, 90-91-ին մի օր պիտի շնորհակալություն ասեն եւ եթե չեն ասում՝ մի օր պիտի կանգնել, մեծ սխալ կլիներ, որովհետեւ շնորհակալության համար չես անում»:

Նախագահն իր երկարամյա գործունեության տարիներից առանձին դրվագներ հիշեց ու պատմեց. «ՀՀ դեսպանությունը Մեծ Բրիտանիայում ՀՀ առաջին դեսպանությունն էր Եվրոպայում: Այնպես պատահեց, որ երբ ՀՀ նախագահն ինձ առաջարկեց այնտեղ դեսպանություն բացել, ես Քեմբրիջի եւ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր էի, ինձ թվաց դա ժամանց է՝ դասախոսություն կարդալու ընթացքում նաեւ դեսպանություն կբացեմ: Առաջին դասերը շատ կարեւոր էին, որովհետեւ դեսպանությունը բացվեց 2-3 ամսում ու ոչ թե ես բացեցի, այլ բացեցինք լոնդոնահայ համայնքի օգնությամբ ու բրիտանացիների բարի կամքով: Մենք առաջինն էինք, որ ԽՍՀՄ քանդվելուց հետո ցանկություն հայտնեցինք այնտեղ դեսպանություն բացել»:

Նա մի պատմական իրադարձություն հիշեց՝ «2015-ին մեզ հաջողվեց Եղեռնի օրը պատարագ կազմակերպել հստակ տաճարում, որը գտնվում էր պառլամենտի առջեւ: Բրիտանական քաղաքականության սիմվոլն էր դա ու այնտեղ մենք պատարագ ունեցանք՝ նվիրված Հայ մեծ եղեռնի զոհերին: Եղեռնի ճանաչման տարբեր ձեւեր կան, կա ձեւ, որ ԱԺ-ն քվեարկում ու ճանաչում է, կա, որ երկրի նախագահը ճառի մեջ ասում է ցեղասպանություն, բայց այն, ինչ մենք արեցինք՝ պատարագ տալով, որին ներկա էին բրիտանացի պաշտոնյաներ, մոտ 3000 հոգի, տաճարը լեփ-լեցուն էր, ներկա էր արքայազն Չարլզը, բարձրաստիճան եկեղեցականներ, դիվանագիտական կորպուսը, եւ ես, լինելով դեսպան, հրավիրեցի նույնիսկ Թուրքիայի դեսպանին, որ գա պատարագի: Մինչեւ վերջին պահը խոսք էր տալիս, որ կգա, բայց չեկավ: Հրավերն ուժի մեջ է: Դա Հայոց եղեռնի ճանաչման մեծ գործողություն էր…Այնպես որ, ինչպիսի հաջողությունների եմ հասել, չգիտեմ, թողնում եմ ձեզ եւ պատմությանը, որ գնահատեք, բայց կարծում եմ, այդ օրը ինձ համար շատ կարեւոր էր եւ հիշարժան»:

Արմեն Սարգսյանը պատմեց նաեւ իր՝ դեսպան աշխատելու տարիներին այլ հիշարժան օրերի մասին, թե ինչպես է բրիտանական արքունիքում հնչել մեր օրհներգը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախագահին ինչ հարցեր են տալիս Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները

Gepostet von Aravot am Montag, 3. September 2018

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Նկարում Բլէեանը նստել է սեղանի դէմը, բայց ուսապարկը մոռացել է ուսերից հանի 😊

    Էն որ կողքից իրեն ասել են «ուսապարկով լինելը cool է», հիմա, թէ՛ նստելիս, թէ հաւանաբար քնելիս ուսապարկը ուսից չի հանում։ 😊

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930