Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք». Վարչապետի կոշտ պատասխանը՝ խորհրդարանական որոշ ուժերին

Սեպտեմբեր 19,2018 21:33

«Ասում են՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չենք ուզում, թե նպատակահարմար չէ, այսինքն, ուզում էիք ասել՝ նպատակահարմա՞ր էիք գտնում ինձ վարչապետ ընտրել, դրա համար էլ ընտրեցի՞ք: Այսինքն, ուզում եք ասել դո՞ւք եք որոշում: Դուք չե՞ք հասկացել ինչ է կատարվում: Նպատակահարմար է՛ս մարդիկ պիտի համարեն, ժողովո՛ւրդը պիտի համարի: Դուք, կներեք, ո՞վ եք, որ նպատակահարմար համարեք ախր»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա բորբոքված էր այն քաղաքական ուժերի արձագանքից, որոնք ասել էին,թ ե ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը գուցե դեմ լինեն. «Ընենց ասում են՝ մենք արտահերթ ընտրությունները երեւի որոշենք, որ չլինի, այսինքն, իրենք ուզում են ասել, որ իրե՞նք են որոշել, որ ես վարչապետ ընտրվեմ: Դարդն այդ չի, հիմա այս պրոցեսը շարունակվում է, ու խորհրդարանում գտնվող այլ քաղաքական ուժեր ասում են՝ դե երեւի մենք էլ դեմ լինենք, որ արտահերթ ընտրություններ լինեն: Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք: Սա ի՞նչ մտածողության ձեւ է, չե՞ն հասկացել Հայաստանում ինչ է կատարվում: Ինձ ասում են՝ ա՛յ, մտածեք, որ այն ուժերը, որ օգնել են ձեզ, հիմա այլեւս ձեզ չեն օգնի: Այդպիսի մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից ՀՀ-ում կարա քաղաքական իրավիճակը փոխվի, դա ժողովուրդն է, ուրիշ այդպիսի ուժ չեմ տեսնում, չկա՛ այդպիսի ուժ ՀՀ-ում:

Սա ես ուզում եմ ճիշտ հասկանանք, ոչ թե արհամարհանք է, սա ոչ թե սպառնալիք է, սա պարզ քաղաքական իրողության արձանագրում է: Էդ մարդիկ ասում են՝ մենք հեղափոխություն ենք արել, բայց մինչեւ հիմա չեն հասկացել՝ էդ ի՞նչ հեղափոխություն էր, դուք սկի գլխի չեք ընկել, թե ինչ է նշանակում հեղափոխություն, ո՞նց կարաք դուք հեղափոխություն արած լինեք: Որն է այս հեղափոխության առանցքային իմաստը. սա այն է, որ մենք ի կատար ենք ածում ժողովրդի կայացրած որոշումը: Այն ժամանակ էլ, երբ նոր վարչապետ էի ընտրվել, թեզեր էին շրջանառության մեջ դնում, ՀՀԿ-ականները իրար էին զանգում, ասում էին՝ մի 3 ամիս սպասեք, ոգեւորությունը անցնի, ռեյտինգները կզրոյանան, մի քիչ համբերեք; Հիմա էլ հարցումներ են անում, տեսնում են, որ իրենց կանխատեսումները ոչ միայն չեն իրականանում, այլեւ 4 ամսվա գործունեության արդյունքում այսօր ՀՀ կառավարության վարկանիշը բարձր է, քան մինչեւ հիմա եղած որեւէ ժամանակաշրջանում»:

Փաշինյանն անդրադարձավ իրենց հասցեին մինչեւ այժմ հնչող նաեւ այլ քննադատություններին. «Անընդհատ ժամանակ առ ժամանակ ասում են, որ անփորձ են, անփորձ կադրեր են, ժողովուրդ ջան, այն, ինչ մենք հիմա ՀՀ-ում անում ենք, աշխարհում չկա այնպիսի մարդ, որ դրա փորձն ունենա: Այս հեղափոխությունը, որ անում ենք, ինձ ասում էին՝ ախր հեղափոխութունը տենց չեն անում, եթե դու ուզում ես հեղափոխություն անես, լավ խորհրդատուներ կային էլի, որ թաքուն տեղերից իբր պադերժկա էին անում, թե դու պիտի գնաս սրա հետ, նրա հետ պայմանավորվես, ԱԱԾ-ի հետ պայմանավորվես, ոստիկանության հետ, ես ասում էի՝ էդ չեղավ հեղափոխություն, մենք մի սուբյեկտ կա, որի հետ պիտի պայմանավորվենք, դա ՀՀ քաղաքացին է, ինձ ասում էին՝ տենց բան չի լինի, տեսա՞ք ոնց եղավ»:

Վարչապետը հայտարարեց՝ Հայաստանն այսօր գտնվում է ժողովրդավարության աննախադեպ բարձր մակարդակի վրա. «ՀՀ-ում ժողովրդավարության այսպիսի մակարդակ երբեք գոյություն չի ունեցել եւ ես սա ասում եմ՝ որպես մի մարդ, որը Երրորդ հանրապետության հիմնադրման առաջին օրերից լուսաբանում է որպես լրագրող ՀՀ քաղաքական կյանքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930