Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են նոր նշանակված նախարարները, ինչով են հայտնի եւ ինչ ունեցվածք ունեն

Հոկտեմբեր 04,2018 23:23

Վարչապետի առաջարկությամբ այսօր տնտեսական բլոկի երկու նոր նախարար նշանակվեց: Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար նշանակվեց Գարեգին Բաղրամյանը, որը նույն նախարարությունում փոխնախարար էր նշանակվել այս տարվա հունիսի 11-ին: Բաղրամյանը դեռ 2002-ից սկսած՝ աշխատել է Հանրային ծառայությունները կարգավորող՝ այն ժամանակ Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովում, եղել է սակագնային քաղաքականության բաժնի մասնագետ, հետո՝ սակագնային քաղաքականության վարչության պետ: Ու պարոն Բաղրամյանին ավելի շատ հիշում են գազի սակագնի բարձրացումը հիմնավորելիս, էլեկտրաէներգիայի եւ ջրի թանկացումը արդարացնելիս:

Ուշագրավ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր էլեկտրաէներգիայի եւ գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խումբ ձեւավորել: Այդ խմբի նպատակն է ուսումնասիրել էլեկտրաէներգիայի եւ գազի սակագնի հավաստիությունը, ռիսկերի առկայությունը եւ արված հետազոտություններից հետո կոնկրետ գնահատական տալ: Նախկին նախարար Արթուր Գրիգորյանն այդ խմբի կազմում էր, իսկ հիմա, եթե նրան ավտոմատ կերպով փոխարինի Բաղրամյանը, լուրջ հարցեր են առաջ գալու, թե ինչպե՞ս կարող է նույն անձը սխալ հանել իր իսկ հիմնավորումները: Նկատենք, որ արդեն այդ աշխատանքային խմբի կազմում ընդգրկված փորձագետները ԶԼՄ-ներին կարծիք են հայտնել, որ հանձնաժողովը սխալ որոշումներ է կայացրած եղել եւ սակագները հնարավոր է իջեցնել: Ի դեպ, սոցցանցերում շրջանառվում է, որ Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն է:

Գարեգին Բաղրամյանը վերջին մոտ 2 տասնամյակում պետական պաշտոններ է զբաղեցրել: Իր ներկայացրած պաշտոնական հայտարարագրի համաձայն, նա ունի 2 բնակարան, 2 ավտոտնակ եւ մեկ Kia Sorento 3.5 մակնիշի ավտոմեքենա: Բացի այդ, նա ունի նաեւ 11.9 մլն դրամ եւ 200 հազար ռուսական ռուբլի փոխառություն եւ 5.8 մլն դրամի եւ 27 հազար դոլարի չափով դրամական միջոցներ: Փոխառություններից նա ստացել է 498 հազար դրամի չափով տոկոս: Բաղրամյանը նաեւ հայտարարագրել է 1 մլն 357 հազար դրամ՝ որպես «այլ եկամուտ»:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակված Հակոբ Արշակյանը հայտնի է որպես «Դեմ եմ» նախաձեռնության անդամ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ: Նա հեղափոխությունից հետո նշանակվել էր այդ նախարարությունում փոխնախարար: Նրա մասին մասնագիտական կարծիք հայտնելիս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Արմենպրեսին» նշել էր, որ Հակոբ Արշակյանը մեծ փորձ ունի բարձր տեխնոլոգիական ոլորտում թե՛ ինժեներական, թե՛ բիզնես զարգացման ուղղություններով եւ «շատ բարձր մակարդակի պրոֆեսիոնալ է»:

Հակոբ Արշակյանը ժամանակին ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ «Դեմ եմ» շարժման ցույցերից մեկից հետո՝ 2014-ին, ոստիկանությունը նրան բերման էր ենթարկել բաժին ու վարչական տուգանք կիրառել: Հետո ԴԱՀԿ-ն վարչական տույժի համար կալանքի տակ էր առել այն ժամանակ դեռ պաշտոն չզբաղեցնող ակտիվիստի ունեցվածքը՝ բանկային հաշիվները, տունը, մեքենան:

Թե հիմա ինչ ունեցվածքի տեր է նախարարը, ըստ իր ներկայացրած հայտարարագրի, բազմաբնակարան շենքում ունի 2 բնակարան, MERCEDES-BENZ 200 մակնիշի ավտոմեքենա, դեռ փոխնախարարի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 30 մլն դրամ դրամական միջոցներ, 1.6 մլն դրամի չափով էլ եկամուտ՝ աշխատավարձի տեսքով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Բաջանաղ չէ, ՔԵՆԱԿԱԼ:
    Աւտոմատ կերպով չէ, ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031