Լրահոս
Օրվա լրահոսը

«Ըստ ասեկոսեների՝ Տեփանոսյանին սպանել են, քանի որ հրաժարվել է ժողովրդի հանդեպ բռնություն կիրառել». Վարուժան Ավետիսյան

Հոկտեմբեր 15,2018 13:50

«Նախ, տեխնիկական առումով բացառվում է, որ գնդի տարածքից հնարավոր լիներ սպանել մեքենայի մեջ նստած Յուրի Տեփանոսյանին, դա հնարավոր չէ, որովհետեւ տարածքը չի դիտարկվել՝ տեսանելի չի եղել գնդի տարածքից: Ինքներդ կարող եք համոզվել դրանում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկաններից Յուրի Տեփանոսյանի հոր  հայտարարությանը, որ որդուն ՊՊԾ գունդը գրավածները չեն սպանել, այլ ոստիկանները, ասաց «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ, գործով մեղադրյալներից Վարուժան Ավետիսյանը, որը վերջերս է ազատվել կալանքից: Հետաքրքրվեցինք, թե իրեն ինչ է հայտնի Տեփանոսյանի զոհվելու հանգամանքների մասին:

Վարուժան Ավետիսյանը նշեց. «Խոսակցություններ՝ ասեկոսներ կան, որ Յուրի Տեփանոսյանին սպանել են, որովհետեւ հրաժարվել է կատարել ժողովրդի հանդեպ բռնություն գործադրելու հրամանը եւ ծառայակիցների շրջանում տարածել է տեսակետ, որ պետք չէ մարդկանց հանդեպ բռնություն կիրառել: Տեփանոսյանի հայրը եւս այդ մասին հայտարարեց, բայց ես մինչեւ նրա հայտարարությունն էի լսել այդ մասին: Ակնհայտ է, որ միայն իրենք դա կարող էին անել: Դա արվեց ոչ պատահական ժամանակ: Փորձում էին գրոհել մեր վրա, իսկ գրոհը պետք է «մոտիվացիա» ունենար: Բոլորս գիտենք, որ ոստիկանները մոտիվացված չեն ռեժիմի համար իրենց կյանքը վտանգի ենթարկելու: Հասկանալի է, որ նրանց մեծամասնությունն այլ աշխատանք չգտնելու կամ այլ պատճառներով են ընդունվել ոստիկանություն, այդ պատճառով մոտիվացված չէին, եւ միայն իրենց ընկերոջ սպանությունը կարող էր նրանց մոտ ինչ-որ չափով մոտիվացիա առաջացնել»:

Վարուժան Ավետիսյանի խոսքով. «Հրամայելով սպանել Յուրի Տեփանոսյանին՝ Սերժ Սարգսյանը երկու խնդիր էր փորձում լուծել: Առաջինը՝ փորձել ստեղծել այնպիսի տպավորություն եւ ընկալում, որ «Սասնա ծռերը» հրեշներ են ու անմեղ տղայի են սպանել հենց այնպես, ուստի իրենց հանդեպ գործողությունները՝ գրոհը, արդարացված են… Երկրորդ՝ գրոհող ոստիկաններն էլ պետք է ասեին ծառայակիցներին, թե տեսեք՝ ի՜նչ հրեշներ են ձեր դիմաց, որոնք սպանեցին ձեր ընկերոջը: Այլ կերպ ասած՝ Տեփանոսյանին «մատաղ» արեցին նրա համար, որ պահպանեն իրենց իշխանությունը»:

Մեր հարցին ի պատասխան, թե ի՞նչ ասել է «հրաժարվել բռնություն գործադրել ժողովրդի հանդեպ», Վարուժան Ավետիսյանն ասաց, որ նկատի ունի ցուցարարների հանդեպ բռնությունը. «Ասում են՝ Տեփանոսյանը ոչ միայն հրաժարվել է դա անել, այլեւ ծառայակիցների շրջանում փորձել է ստեղծել տրամադրություններ, թե մեր ժողովուրդն է, պետք չէ… Լսել եմ, որ նա հեղինակություն ուներ ծառայակիցների շրջանում եւ կարող էր տրամադրություններ փոխել, ու, հավանաբար, փոխել է, ինչի պատճառով նրան թիրախավորեցին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031