Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի դերակատարությունն ավարտվել է. Մովսես Շահվերդյան

Հոկտեմբեր 17,2018 22:33

«Իսկ ո՞վ ասաց, որ ժողովրդի, հանրապետության ճակատագիրը առհասարակ, պետք է Նիկոլ Փաշինյանի կամ որեւէ մեկի անձով պայմանավորված լինի: Անձնապաշտությունը մեզ միշտ խնդիրների առաջ է կանգնեցրել անցյալում, այսօր էլ` նորից»,- Aravot.am-ի հարցին` հնարավո՞ր են առաջիկա 14 օրերի ընթացքում ֆորս-մաժորներ, քաղաքական ուժերը կպահե՞ն պայմանավորվածությունները եւ վարչապետի թեկնածու չեն առաջադրի, այսպես պատասխանեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը:

Մեր զրուցակիցը կարծում է, որ պետք է վերանալ ապրիլ-մայիսյան զգացմունքային մեկնություններից եւ գնահատականներից եւ ստեղծված իրավիճակին ավելի լուրջ վերաբերվել: Մովսես Շահվերդյանը հարցը այլ հարթություն է տեղափոխում`առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունները ի՞նչ խնդիրներ են լուծելու մեր պետության եւ ժողովրդի համար:

«Նիկոլ Փաշինյանը մի անձ է, որ ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ պոզիտիվ դեր կատարեց ժողովրդի համար այնքանով, որքանով, որ օժանդակեց կամ իրականացրեց ժողովրդի ցանկությունը`նախկին իշխանություններից ազատվելու եւ հնարավորություն ստեղծելու ժողովրդի կամքով նոր իշխանություն ձեւավորելու հարցում: Ավելին այս պայմաններում սպասել կամ պահանջել Նիկոլ Փաշինյանից, ինձ թվում է ճիշտ չէ, որովհետեւ յուրաքանչյուր անհատ, պատմական որոշակի ժամանակահատվածում եւ իրավիճակում կատարում է որոշակի դեր: Ես կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի դերակատարությունն այն էր, որ կարողացավ գլխավորել համաժողովրդական շարժումը»,- ասաց մեր զրուցակիցը` հիշեցնելով մեզ հետ զրույցներից մեկում իր կանխատեսումը, որ Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավարտից հետո ժողովուրդը ոտքի կկանգնի եւ երկրում կստեղծվի մի իրավիճակ, որը կբերի իշխանափոխության:

Պատմաբան Մովսես Շահվերդյանն, ի դեպ ապրիլ-մայիսին տեղի ունեցածը հեղափոխություն չի համարում  այն պարզ պատճառով, որ ըստ դասական սահմանման, հեղափոխություն է համարվում այն, երբ արդյունքում հասարակական-տնտեսական ֆորմացիա է փոխվում, կամ, առնվազն, համարժեք  արմատական փոփոխություններ են կատարվում: Մինչդեռ մեզ մոտ նման բան չի եղել:

«Միգուցե մենք շատ կուզենայինք, որ իրականում հեղափոխական փոփոխություններ լինեին, կամ որոշ մարդկանց միգուցե շատ է դուր գալիս հեղափոխականի կերպարը, բայց Հայաստանում ոչ միայն հեղափոխություն տեղի չի ունեցել, անգամ, ես ինձ թույլ եմ տալիս ասել, որ իշխանափոխություն էլ չի եղել: Այն, ինչ Հայաստանում կատարվել է, դա կոչվում է փոփոխություններ իշխանությունների մեջ. իշխանության գործադիր թեւն արմատական փոփոխությունների է ենթարկվել, օրենսդիր մարմինը մնացել է նույնը եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ դրանից բխող քայլերը, միտված են այդ փոփոխություններն ամբողջական դարձնելու»,- ասաց ՀԱՍԿ նախագահը` հավելելով, որ բնավ չի ընդունում տեսակետները, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների ելքն արդեն որոշված է. «Այս պահին այդ առումով կանխատեսելի ոչինչ չկա: Դեկտեմբերյան ընտրությունների արդյունքները կախված կլինի նրանից, թե ի՞նչ թիմեր կմասնակցեն, ի՞նչ գաղափարներ, ծրագրեր կառաջարկեն եւ, որ ամենակարեւորն է`ի՞նչ տեղեկատվական-քարոզչական աշխատանք կկատարվի  ընտրարշավի ժամանակ: Ի վերջո, ժողովուրդը մի օր պե՞տք է իմանա ճշմարտությունը, թե այս երկրում ի՞նչ է կատարվում, թե՞ անընդհատ մանիպուլյացիաներ պետք է լինեն»:

Ի՞նչ են տալու առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանին կամ ի՞նչ են տանելու Հայաստանից` տեսանյութում:

Մովսես Շահվերդյանը կարծում է, որ ընտրությունների ժամկետը`դեկտեմբերը, շատ սխալ է ընտրված. «Խորհրդարանական հանրապետությունում  կա մեկ համապետական ընտրություն, առաջնային մանդատ ունեցող մարմինն էլ խորհրդարանն է, որտեղ լուծվում են բոլոր խնդիրները`բյուջեի ընդունում եւ այլն, իսկ դեկտեմբերը տարեվերջ է: Նաեւ, դեկտեմբերի վերջերին խորհրդարանը գնում է արձակուրդ, իր աշխատանքները կսկսի փետրվարին: Այս հապճեպ ընտրությունը պետությանն ու ժողովրդին ոչինչ չեն տալու: Այս երկու ամիսը պետությունը պարալիզացվելու է: Կարծում եմ, եկող տարվա բյուջեն էլ չեն ընդունելու, որեւէ լուրջ օրինագիծ էլ չի ընդունվելու, այս ընտրությունից հետո, միեւնույն է, երկու ամիս խորհրդարանը չի աշխատելու: Իմ կարծիքով, ընտրությունների անցկացման ամենաարդյունավետ ժամկետն ապրիլի առաջին կեսն էր, երբ վարչապետի պաշտոնավարման մեկ տարին լրացած չէր լինի`դրա հետ կապված մտահոգություններով հանդերձ»:

Ինչ վերաբերվում է այն պատճառաբանություններին, որ բոլորը սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որպեսզի ներդրումներն առած վազեն Հայաստան, մեր զրուցակիցը զարմանում է`մի՞թե իշխանական շրջանակներում չկա գրագետ տնտեսագետներ, որոնք փորձեն բացատրել եւ ժողովրդին էլ չհասկացողի տեղ չդնեն. «Օտարերկրյա ներդրումները, ցանկացած ժամանակակից երկրի տնտեսության մեջ, ընդամենը տնտեսության վարման ձեւերից մեկն է: Ինչո՞ւ ենք մենք ամեն ինչ կապում օտարերկրյա ներդրողների հետ: Ներդրումներ կարող է լինեն, կարող է`չլինեն: Օտարերկրյա ներդրումներ ասենք չկան, մեր երկրի տնտեսությունը պետք է ոչնչանա՞: Բա պետության դերը ո՞րն է, ինչո՞ւ պետությունն իր վրա որեւէ խնդիր չի վերցնում եւ անընդհատ հույսերը կապում են օտարերկրյա ինչ-որ անհայտ ներդրողների հետ»:

Հետաքրքրվեցինք`չեք վախենո՞ւմ, որ Ձեզ հակահեղափոխական համարեն, որովհետեւ ՀՀԿ-ական գործիչներն էլ են խոսում ընտրություններն ապրիլին անցկացնելու եւ կյանքը օտարերկրյա ներդրումների հետ չկապելու մասին: «Նշանակում է, իմ կարծիքը ՀՀԿ-ականների մասին որոշ չափով պետք է փոխեմ: Եթե նրանք ավելի խելացի են սկսել մտածել, դա ինձ միայն ուրախացնում է: Ինչ վերաբերվում է հակահեղափոխությանը, քանի որ Հայաստանում հեղափոխություն չի եղել, բնականաբար, հակահեղափոխություն էլ չկա:

Ընդհանրապես, Հայաստանում տերմինների հետ շատ անզգույշ են վերաբերվում, պետք է ավելի զգույշ օգտագործել «հեղափոխություն, ժողովուրդ, լեգիտիմ իշխանություն» հասկացությունները: Պատմության ընթացքում ժողովուրդը երբեք իշխանության տեր չի եղել, ժողովուրդն ընդամենն իշխանություն է ձեւավորում կամ փոխում այն: «Ժողովրդի իշխանությունը» հռետորական, քարոզչական իմաստով օգտագործվում է, բայց քաղաքագիտական իմաստով նման բան չկա»:

ՀԱՍԿ-ը պատրաստվում է մասնակցություն ունենալ ընտրական գործընթացներում եւ լուրջ դերակատարում ստանձնել`համապատասխան թիմի առկայության դեպքում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031