Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր առաջին անգամ փորձարկվեց ուղղաթիռային զբոսաշրջությունը դեպի Գյումրի

Հոկտեմբեր 23,2018 21:12

«Տուրիզմ Արմենիա» հայաստանյան զբոսաշրջային ուղղությունը կառավարող ընկերությունների և ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանի (վերջինս Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծված «Կումայրի վերածնունդ» հիմնադրամի նախկին ղեկավարն է, հիմնադրամը ստեղծվել էր Գյումրի ներդրողներ բերելու ու պատմական հատվածը տուրիզմի գոտու վերածելու նպատակով, Ա․ Ն․)  ուղեկցությամբ այսօր Գյումրու պատմական շենքերն ու փողոցները, կոլորիտը, կենցաղը, հյուրասիրությունը նկարահանելու էին եկել ռուսական հանրահայտ մի հեռուստաալիքից։

Հեռուստաալիքի անունն այս պահին չենք հրապարակում իրենց խնդրանքով, շուտով, սակայն, կցուցադրեն Հայաստանի մասին ֆիլմը ու պարզ կդառնա, թե որ ալիքի մասին ենք խոսում։

Հետաքրքիրն այն է, որ նկարահանող խումբը Գյումրի էր եկել ուղղաթիռով։

«Գյումրին ունի օդանավակայան, ու մենք այսօր առաջին անգամ փորձարկեցինք ուղղաթիռով զբոսաշրջությունը։ Դա արդեն իրենով առանձին զբոսաշրջային արդյունք է, եթե նախկինում ասում էին՝ 2-3 ժամ է տևում, հեռու է, որ գնանք- գանք Գյումրի, հիմա արդեն 30 րոպեում հասնում են Գյումրի։ Գալիս, տեսնում են Գյումրու ավանդույթները և, ինչու չէ, դեպի Երևան հետադարձ ճանապարհը կարող են վերադառնալ գնացքով։ Զբոսաշրջիկները կփորձարկեն թե՛ ուղղաթիռի հնարավորությունները Հայաստանում, թե՛ գնացքով գեղեցիկ բնությունը կտեսնեն, կվայելեն Գյումրու գեղեցկությունը, կոլորիտը։

Գյումրին յուրահատուկ է իրենով և միանշանակ պատրաստի քաղաք է, որ մենք ներկայացնենք միջազգային հանրությանը։ Զբոսաշրջային այն արդյունքը, որ կա Գյումրիում, ձեզ հավաստիացնում եմ, որ Հայաստանի շատ քիչ քաղաքներում կա․ պատմամշակութային քաղաք է, միայն փողոցով քայլելիս՝ այնքան են ոգևորվում՝ տեսնելով 1823 թվականի կառույցները, շինությունները։ Այդ կառույցները, որոնք կարող ենք տեսնել Գյումրիում, ոչ մի տեղ Հայաստանում չեմ կարծում, որ կարելի է տեսել, և հետո՝ մարդկանց հումորը, որ այնքան հետաքրքրիր է։ Փողոցով քայլելիս հանդիպելով մարդկանց ու նրանց հետ շփվելով՝ տեսնում ես մի հարստություն, որը որ առանձնահատուկ է Գյումրիի համար», -ասաց Սյուզաննա Ազոյանը։

Գյումրին, ըստ մեր զրուցակցի, յուրահատուկ զբոսաշրջային ուղղություն է լինելու։

«Հնարավորություն կա գնացքով գալու, հնարավորություն կա օդանավակայանով գալու, եթե մենք երբևիցե խոսում ենք էժան ինքնաթիռների մասին, որոնք երբևիցե կտանեն հայկական շուկա, դա միանշանակ լինելու է Գյումրիից։ Եթե մենք կարողանանք անել հնարավորը, որի ուղղությամբ և աշխատում ենք, որպեսզի Գյումրին կապենք եվրոպական երկրների հետ էժան ինքնաթիռների միջոցով, պատկերացրեք, որ դա թիվ 1 ուղղություններից է լինելու։

Այս պահին Գյումրիում այնպիսի զարգացման ծրագրեր են իրականություն դառնում, ինչպիսին նույն «Թումոն» է, նույն դպրոցների բացումն է, որոնք այսօր քննարկման փուլում են, «Թումոյի» գրասենյակի միջոցով են իրականացվում, ինչպիսին շուկայի վերաբացումն է։ Ծրագիր կա, որ Գյումրիի շուկան պիտի վերականգնվի․ շուկայում կկարողանաս զրույցի բռնվել, շփվել գյումրեցիների հետ, կկարողանաս գյուղացու լոլիկը վերցնել, համտեսել, տեղում բրդուճ պատրաստել, այդ հնարավորությունները մեզ մոտ շատ քիչ են, և եթե այդ շուկան վերականգնվի, դա յուրահատուկ է լինելու իրենով, դրա համար ես ձեզ վստահեցնում եմ, որ հենց դրա համար մարդիկ կգան Գյումրի։ Բացի դրանից մենք շատ ենք խոսում բաղնիքի մասին՝ որպես զբոսաշրջային արդյունքի, մենք փորձում ենք Գյումրիում ցույց տալ զբոսաշրջային արդյունքի այն հնարավորությունը, որը որ այլ տեղ չկա։ Այսօր բաղնիքի մասին հայաստանյան ոչ մի ուրիշ քաղաքում չես խոսի, որովհետև դա յուրահատուկ է Գյումրիին։

Այսօր խոսակցություններ են գնում Գյումրիում մշակութային կոլորիտը վերականգնելու մասին, ես գիտեմ, որ արդեն հետաքրքրված են, որպեսզի Գյումրիում ստեղծեն արվեստի կենտրոն, որտեղ զբոսաշրջիկները կգան ու կտեսնեն, թե ինչպես են երիտասարդներն արվեստ սովորում, և իրենք էլ կմասնակցեն այդ միջոցառումներին։

Գյումրին իրենով թանգարան է, մի տեղ է, որ անցնում ես ու չես կարող քո հիացմունքը զսպել, ուզում ես մնալ։ Գիտեք, որ ես «Կումայրի վերածնունդ» ծրագիրն եմ ղեկավարել և  Գյումրին դարձել է իմ մասը։ Ես յուրաքանչյուր ծրագիր, որ անում եմ, եթե հնարավորություն ունեմ, բերում եմ Գյումրի, լինի զբոսաշրջային, լինի ներդրումային ծրագիր։

Դուք ունեք մի հարստություն, դուք պահպանել եք, որը, ցավոք սրտի, մենք՝ երևանցիներս, չենք կարողացել ժամանակին պահպանել։ Ուզում ենք, որ դուք նման ձևով  շարունակեք պահպանել, մենք էլ հնարավորության շրջանակում զբոսաշրջիկներին բերենք Գյումրի, ներկայացնենք Գյումրու հարստությունն ու ժառանգությունը, որը մնացել է»,-ասում է Սյուզաննա Ազոյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031